ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6713/05/19
դատարանի որոշում 2021 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6713/05/19
Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2021 թվականի հոկտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտակ Ասատրյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Ալեքսեյ Սարքիս Դավթյանի, «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյանի փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ասատրյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտակ Ասատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 02.05.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ըստ 11.09.2012 թվականին շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյանի փողոցի 30-րդ շենքի թիվ 42/1 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 11.09.2012 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 02.09.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 02.09.2019 թվականի որոշմամբ Ալեքսեյ Սարքիս Դավթյանը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Դատարանի 15.01.2020 թվականի որոշմամբ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ Արտակ Ասատրյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է և որոշվել է սույն գործով հայցապահանջը կարդալ հետևյալ բովանդակությամբ. «Անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյանի փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ»:
Դատարանի 24.06.2020 թվականի որոշմամբ Արտակ Ասատրյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.08.2020 թվականի որոշմամբ Արտակ Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 24.06.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ասատրյանը (ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը և 2-րդ կետը, 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շենքի մուտքի անմիջապես դիմաց տեղադրված ծածկի առկայության պայմաններում հայցվորը ողջամտորեն չէր կարող ենթադրել, որ այդ հողամասն օրինականացվել ու ստացել է պետական գրանցում:
Վերաքննիչ Դատարանն իր որոշմամբ հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստ, որը չի բխում հայցվորի կողմից գրավոր ներկայացված դիրքորոշումներից և դատական նիստերի ընթացքում հայտնած տեղեկություններից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն վարչական գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ 2015 թվականին վեճի առարկա 2.20 քմ և 6.3 քմ հողամասի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ:
Վերաքննիչ դատարանի ենթադրությունները չեն բխում որևէ ապացույցից կամ հիմնավորումից, Վերաքննիչ դատարանն անտեսել է հայցվորի դիրքորոշումը, հաստատել է փաստաթղթի իսկություն, որի հաստատումը պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ և դրա իսկության պարզման վերաբերյալ վարվող դատական քննություն, Վերաքննիչ դատարանը հայցվորին զրկել է դատարանի մատչելիության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի որոշումը, և կայացնել նոր դատական ակտ` բեկանել ՀՀ վարչական դատարանի 24.06.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով 15.07.2015 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք վարչական վարույթի մասնակից չդարձված անձը պարտավոր է իր իրավունքներին միջամտող սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան իր գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պահից երկամսյա ժամկետում, եթե ողջամտորեն հնարավորություն չի ունեցել իմանալու իր իրավունքները ենթադրաբար խախտող վարչական ակտի գոյության մասին:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
i
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ավելին` Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ, 60-րդ հոդվածների և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցադիմումը դատավարական ժամկետների պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը հնարավոր է անսխալ որոշել միայն այն դեպքում, երբ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվա մասին փաստն անվիճելի է:
Ցանկացած այլ դեպքում, երբ դատական պաշտպանություն հայցող անձը վիճարկում է վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը և դատարանին տեղեկություն հայտնում իր իրազեկման օրվա մասին, որը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ըստ էության, դատարանին հայտնի միակ տեղեկությունն է լինում, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, որպես իրազեկման օր, դատարանը պետք է հիմք ընդունի նշված օրը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետների հաշվարկն էլ պետք է կատարվի այդ օրվանը հաջորդող օրվանից և, եթե այդ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց չի թողնվել, այն վերականգնելու միջնորդությունը դառնում է առարկայազուրկ, որի պատճառով միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանն ի հավելումն նշել, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել և գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետև այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումները լրացուցիչ երաշխիք են հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը չսահմանափակելու իրավաչափ նպատակի իրագործման համար, քանի որ դատավարական նորմերի ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում գործնականում ապահովվում է դատավարական ժամկետները բաց չթողնելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները քննարկելու և համապատասխան եզրահանգում կատարելու օբյեկտիվ հնարավորություն:
i
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև 72-րդ հոդվածը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված` վերը նշված հիմնարար իրավունքների և ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ըստ էության, բացառված չեն այն դեպքերը, երբ անձն իր խախտված իրավունքների մասին կարող է չիմանալ անփութության, ոչ հետևողական լինելու կամ անզգուշության հետևանքով: Նման իրավիճակներում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վաղեմության ժամկետի սկիզբն անհրաժեշտ է հաշվարկել այն պահից, երբ իրավազոր անձը ողջամտորեն պետք է իմանար իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին: Այսինքն, եթե գործում առկա ապացույցներով հաստատվի, որ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք հայցվորին պարտավորեցնում էին իմանալ իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին ավելի վաղ, և հայցվորը չի ներկայացրել ողջամիտ ու բավարար ապացույցներ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելիության վերաբերյալ, ապա այդ միջնորդությունը ենթակա է մերժման:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 30 շենքի 42-րդ տարածքի նկատմամբ 30.06.2011 թվականի անհատույց հանձնման պայմանագրի հիման վրա 07.07.2011 թվականին գրանցվել է Ալեքսեյ Սարքիսի Դավթյանի սեփականության իրավունքը (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2696330 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 21-24):
15.10.2012 թվականին անհատույց հանձնման պայմանագրի, շինարարության թույլտվության, ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինության շահագործման փաստագրման ակտի և ճարտարապետաշինարարական նախագծի հիման վրա նույն տարածքի նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում Ալեքսեյ Սարքիս Դավթյանի անվամբ (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15102012-01-1433 վկայական) (հատոր 1-ին, գ. թ. 25-26):
03.08.2017 թվականին անհատույց հանձնման պայմանագրի, շինարարության թույլտվության, ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինության շահագործման փաստագրման ակտի, ճարտարապետաշինարարական նախագծի և Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա Երևան քաղաքի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42/1 տարածքի նկատմամբ Ալեքսեյ Սարքիս Դավթյանի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03082017-01-0161 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 27-29):
23.09.2015 թվականին Երևան քաղաքի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 18.09.2015 թվականի թիվ 6856 առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23092015-01-0030 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 30-31):
Կադաստրի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 22.07.2019 թվականի թիվ ԱՏ-18/07/2019-2-0415 տեղեկանքով Արտակ Ասատրյանի ներկայացուցիչ Շուշանիկ Թադևոսյանի 18/07/2019-2-0415 դիմումին ի պատասխան` վերջինիս տրամադրվել են Երևանի Կենտրոն Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 տարածքի կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենները (հատոր 1-ին, գ.թ. 16):
Կադաստրի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 06.08.2019 թվականի թիվ ԱՏ-06082019-01-0321 տեղեկանքով Արտակ Ասատրյանի ներկայացուցիչ Շուշանիկ Թադևոսյանի 02/08/2019-2-0011 դիմումին ի պատասխան` վերջինիս հայտնել են, որ համաձայն էլեկտրոնային արխիվի տվյալների` Երևանի Կենտրոն Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 տարածք հասցեի 22.02.2012 թվականի հատակագծում և շինությունների բնութագրում ինքնակամ շինություն առկա չէ, իսկ դիմողի կողմից նշված ինքնակամ շինությունները նախագծային վերակառուցման արդյունքում վերակառուցվել են և գրանցվել են որպես օրինական:
Արտակ Ասատրյանի ներկայացուցիչները 23.08.2019 թվականին (ստացվել է 26.08.2019 թվականին) հայցադիմում են ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյանի փողոցի 30-րդ շենքի թիվ 42/1 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 3-11):
Միաժամանակ Արտակ Ասատրյանի ներկայացուցիչները հայցադիմումին կից ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել են, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Ալեքսեյ Սարքիս Դավթյանի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին հայցվորն իմացել է 22.07.2019 թվականին, երբ Կադաստրից ստացել է համապատասխան փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 12-14):
Դատարանի 02.09.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, Դատարանը չի քննարկել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը` գտնելով, որ այն առարկայազուրկ է քանի որ հայցվորը նշել է, որ վիճարկվող որոշման մասին տեղեկացել է 22.07.2019 թվականին, հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 26.08.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 38-39):
Դատարանը 24.06.2020 թվականի որոշմամբ Արտակ Ասատրյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 23.09.2015 թվականին, երրորդ անձ Ալեքսեյ Սարքիս Դավթյանի սեփականության իրավունքը գրանցվել է 23.09.2015 թվականից ավելի վաղ, իսկ շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականից, որից հետո արդեն կառուցված տարածքի նկատմամբ գրանցվել է Ալեքսեյ Սարքիս Դավթյանի սեփականության իրավունքը: Մինչև 23.09.2015 թվականը Արտակ Ասատրյանի իրավանախորդը տեղյակ է եղել կատարված շինարարական աշխատանքների մասին, չի դիմել դատական պաշտպանության:
Այնուհետև, Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 18.09.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որից հետևում է, որ Արտակ Ասատրյանը դեռևս 18.09.2015 թվականից տեղյակ է եղել կատարված շինարարության մասին և այդ օրվանից պետք է ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը: Հայցվորն առնվազն 18.09.2015 թվականից տեղյակ է եղել շինարարական աշխատանքների մասին, այդ փաստը անգամ ընդունում է հայցվոր կողմը, սակայն դրսևորել է անգործություն, հետևողական չի եղել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությանը, չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ իր իրավունքների պաշտպանությունն (այդ թվում` դատական կարգով) իրականացնելու ուղղությամբ, հետևաբար` հիմնավոր չէ հայցվորի փաստարկն առ այն, որ վիճարկվող որոշման մասին տեղյակ է եղել 22.07.2019 թվականին, առավել ևս, որ հայցվորի կողմից իր բնակարանի մասով առուվաճառքի պայմանագիր կնքելիս արդեն իսկ շինարարական աշխատանքներ կատարված են եղել:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Արտակ Ասատրյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի դիրքորոշումն այն մասին, որ «Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 18.09.2015թ. կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որից հետևում է, որ Արտակ Ասատրյանը դեռևս 18.09.2015 թվականից տեղյակ է եղել կատարված շինարարության մասին և այդ օրվանից պետք է ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը», իրավաչափ է:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ շինարարական աշխատանքներ ասելով` Դատարանը նկատի է ունեցել ոչ թե այն, որ տվյալ պահին պետք է շինարարական աշխատանքներ ընթանային, այլ այն, որ խոսքը վերաբերել է ինքնակամ շինությունների իրականացմանը, որոնք հետագայում ստացել են պետական գրանցում: Այսինքն` հայցվորի կողմից գույքի ձեռքբերման ժամանակ տվյալ շինությունների նկատմամբ առկա են եղել պետական գրանցումներ և հայցվորը պարտավոր էր տեղեկացված լինել, որ նշված շինությունների նկատմամբ առկա են սեփականության իրավունքի պետական գրանցումներ: Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ անձը բազմաբնակարան շենքում գույք ձեռք բերելիս «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շինության սպասարկման համար օգտագործվող ընդհանուր տարածքներից օգտվելու լիարժեք իրավունք է ձեռք բերում, ուստի հայցվորը 2015 թվականին գույք ձեռք բերելիս պետք է պարզեր, թե շենքի որ հատվածն է հանդիսանում շինության սպասարկման համար օգտագործվող ընդհանուր տարածք:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը, գնահատելով սույն գործի փաստերը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի և Դատարանի այն պատճառաբանությունները, որ հայցվորի կողմից գույքի ձեռքբերման ժամանակ տվյալ շինությունների նկատմամբ առկա են եղել պետական գրանցումներ և հայցվորը պարտավոր էր տեղեկացված լինել, որ նշված շինությունների նկատմամբ առկա են սեփականության իրավունքի պետական գրանցումներ, Արտակ Ասատրյանը դեռևս 18.09.2015 թվականից տեղյակ է եղել կատարված շինարարության մասին և այդ օրվանից պետք է ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը, հիմնավոր չէ և չի բխում սույն գործում առկա ապացույցներից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի պնդմամբ վերջինս վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացել է ի պատասխան իր ներկայացուցիչ Շուշանիկ Թադևոսյանի 18/07/2019-2-0415 դիմումի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 22.07.2019 թվականի թիվ ԱՏ-18/07/2019-2-0415 տեղեկանքով, որով վերջինիս տրամադրվել են Երևանի Կենտրոն համայնքի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 տարածքի կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենները: Այսինքն` ըստ հայցվորի վերջինս վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացել է վերոնշյալ տեղեկանքով տրամադրված կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճենների ուսումնասիրությունից: Մյուս կողմից սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվում, որ հայցվորը վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին իմացել է ավելի վաղ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի հայտնած տվյալը` վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին իր իրազեկման ժամանակի վերաբերյալ, պետք է համարել հավաստի:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ հայցվորը 18.09.2015 թվականից պետք է ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հանգամանքով պայմանավորված, «օբյեկտիվ ենթադրություն է» և չի հիմնավորվում սույն գործում առկա որևէ վերաբերելի ապացույցով: Տվյալ դեպքում վիճարկվում են սեփականության իրավունքի պետական գրանցումներ, որոնք չեն հանդիսանում կատարում ենթադրող վարչական ակտեր և հետևաբար չունեն ուղղակի ազդեցություն որևէ անձի իրավունքների խախտման փաստի վրա: Վերոնշյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պետք է պայմանավորել այն պահով, երբ հայցվորին որևէ եղանակով տեսանելի կամ ընկալելի է դարձել վարչական ակտի գոյությունը, որպիսի հանգամանքը պետք է բխի վերջինիս կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին տեղեկանալու կամ տեղեկանալու ողջամիտ հնարավորության փաստը հաստատող ապացույցներից:
Նման պայմաններում մերժելով Դատարանի 24.06.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ասատրյանի բերած վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը, սահմանափակել է Դատարանի մատչելիության իրավունքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև:
Այսպիսով, գործում առկա չեն ապացույցներ մինչև 22.07.2019 թվականը վիճելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ հայցվորի տեղեկացվածության մասին, ուստի տվյալ դեպքում առկա է Արտակ Ասատրյանի կողմից դատավարական ժամկետը բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, իսկ դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու փաստը վիճելի մնալու դեպքում հայցվորին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում: Նման պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա չէր մերժման, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
i
Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վիճարկման հայցադիմումը դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված լինելու փաստը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով կարող էր հաստատվել գործի քննության ընթացքում, որպիսի հանգամանքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով կարող էր հիմք հանդիսանալ գործի վարույթը կարճելու համար: Իսկ մինչ այդ հանգամանքի պարզումը և հաստատումը Դատարանը պարտավոր է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը տրամադրել Արտակ Ասատրյանին` ստեղծելով անհրաժեշտ պայմաններ անձի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
i
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.06.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
22.10.2021 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/6713/05/19 վարչական գործով 22.10.2021 թվականին
կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 22.10.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտակ Ասատրյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Ալեքսեյ Սարքիս Դավթյանի, «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ասատրյանի (ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյան) վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.06.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն` Արտակ Ասատրյանի ներկայացուցիչները 23.08.2019 թվականին փոստային ծառայության միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան (դատարանում մուտք է եղել 26.08.2019 թվականին)` պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 02.05.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ըստ 11.09.2012 թվականին շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42/1 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 11.09.2012 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, որը հետագայում` Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 55-57) հայցադիմումում առկա վրիպակն ուղղելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարելու արդյունքում ձևակերպվել է հետևյալ կերպ.
«Անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30 շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Թումանյան փողոց 30 շենք թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ»:
Միաժամանակ Արտակ Ասատրյանի ներկայացուցիչները հայցադիմումին կից ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել են, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Ալեքսեյ Սարքիս Դավթյանի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին հայցվորն իմացել է 22.07.2019 թվականին, երբ Կադաստրից ստացել է համապատասխան փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 12-14):
Դատարանի 02.09.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, Դատարանը չի քննարկել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը` գտնելով, որ այն առարկայազուրկ է քանի որ հայցվորը նշել է, որ վիճարկվող որոշման մասին տեղեկացել է 22.07.2019 թվականին, իսկ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 26.08.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 38-39):
Դատարանը 24.06.2020 թվականի որոշմամբ Արտակ Ասատրյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 23.09.2015 թվականին, երրորդ անձ Ալեքսեյ Սարքիս Դավթյանի սեփականության իրավունքը գրանցվել է 23.09.2015 թվականից ավելի վաղ, իսկ շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականից, որից հետո արդեն կառուցված տարածքի նկատմամբ գրանցվել է Ալեքսեյ Սարքիս Դավթյանի սեփականության իրավունքը: Մինչև 23.09.2015 թվականը Արտակ Ասատրյանի իրավանախորդը տեղյակ է եղել կատարված շինարարական աշխատանքների մասին, չի դիմել դատական պաշտպանության: Այնուհետև, Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 18.09.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որից հետևում է, որ Արտակ Ասատրյանը դեռևս 18.09.2015 թվականից տեղյակ է եղել կատարված շինարարության մասին և այդ օրվանից պետք է ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը: Հայցվորն առնվազն 18.09.2015 թվականից տեղյակ է եղել շինարարական աշխատանքների մասին, այդ փաստը անգամ ընդունում է հայցվոր կողմը, սակայն դրսևորել է անգործություն, հետևողական չի եղել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությանը, չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ իր իրավունքների պաշտպանությունն (այդ թվում` դատական կարգով) իրականացնելու ուղղությամբ, հետևաբար` հիմնավոր չէ հայցվորի փաստարկն առ այն, որ վիճարկվող որոշման մասին տեղյակ է եղել 22.07.2019 թվականին, առավել ևս, որ հայցվորի կողմից իր բնակարանի մասով առուվաճառքի պայմանագիր կնքելիս արդեն իսկ շինարարական աշխատանքներ կատարված են եղել (հատոր 2-րդ, գ.թ. 94-99):
Վերաքննիչ դատարանը, մերժելով Արտակ Ասատրյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի դիրքորոշումն այն մասին, որ «Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 18.09.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որից հետևում է, որ Արտակ Ասատրյանը դեռևս 18.09.2015 թվականից տեղյակ է եղել կատարված շինարարության մասին և այդ օրվանից պետք է ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը», իրավաչափ է:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ շինարարական աշխատանքներ ասելով` Դատարանը նկատի է ունեցել ոչ թե այն, որ տվյալ պահին պետք է շինարարական աշխատանքներ ընթանային, այլ այն, որ խոսքը վերաբերել է ինքնակամ շինությունների իրականացմանը, որոնք հետագայում ստացել են պետական գրանցում: Այսինքն` հայցվորի կողմից գույքի ձեռքբերման ժամանակ տվյալ շինությունների նկատմամբ առկա են եղել պետական գրանցումներ և հայցվորը պարտավոր էր տեղեկացված լինել, որ նշված շինությունների նկատմամբ առկա են սեփականության իրավունքի պետական գրանցումներ: Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ անձը բազմաբնակարան շենքում գույք ձեռք բերելիս «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շինության սպասարկման համար օգտագործվող ընդհանուր տարածքներից օգտվելու լիարժեք իրավունք է ձեռք բերում, ուստի հայցվորը 2015 թվականին գույք ձեռք բերելիս պետք է պարզեր, թե շենքի որ հատվածն է հանդիսանում շինության սպասարկման համար օգտագործվող ընդհանուր տարածք:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 24.06.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը:
i
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով 22.10.1996 թվականի վճռով` 51-րդ և 55-րդ կետեր, արտահայտած իրավական դիրքորոշումները` եզրահանգելով, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
i
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանը և գտնելով, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերի, ինչպես նաև անձանց կողմից իրենց դատական պաշտպանության իրավունքն օրենքով սահմանված ժամկետներում իրացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրել հետևյալը.
«(...) բացառված չեն այն դեպքերը, երբ անձն իր խախտված իրավունքների մասին կարող է չիմանալ անփութության, ոչ հետևողական լինելու կամ անզգուշության հետևանքով: Նման իրավիճակներում (...) վաղեմության ժամկետի սկիզբն անհրաժեշտ է հաշվարկել այն պահից, երբ իրավազոր անձը ողջամտորեն պետք է իմանար իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին: Այսինքն, եթե գործում առկա ապացույցներով հաստատվի, որ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք հայցվորին պարտավորեցնում էին իմանալ իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին ավելի վաղ, և հայցվորը չի ներկայացրել ողջամիտ ու բավարար ապացույցներ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելիության վերաբերյալ, ապա այդ միջնորդությունը ենթակա է մերժման:
(...) հայցվորի պնդմամբ վերջինս վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացել է ի պատասխան իր ներկայացուցիչ Շուշանիկ Թադևոսյանի 18/07/2019-2-0415 դիմումի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 22.07.2019 թվականի թիվ ԱՏ-18/07/2019-2-0415 տեղեկանքով, որով վերջինիս տրամադրվել են Երևանի Կենտրոն համայնքի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 42 տարածքի կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենները: Այսինքն` ըստ հայցվորի վերջինս վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացել է վերոնշյալ տեղեկանքով տրամադրված կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճենների ուսումնասիրությունից: Մյուս կողմից սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվում, որ հայցվորը վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին իմացել է ավելի վաղ: (...) հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի հայտնած տվյալը` վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին իր իրազեկման ժամանակի վերաբերյալ, պետք է համարել հավաստի:
(...) տվյալ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պետք է պայմանավորել այն պահով, երբ հայցվորին որևէ եղանակով տեսանելի կամ ընկալելի է դարձել վարչական ակտի գոյությունը, որպիսի հանգամանքը պետք է բխի վերջինիս կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին տեղեկանալու կամ տեղեկանալու ողջամիտ հնարավորության փաստը հաստատող ապացույցներից:
Նման պայմաններում մերժելով Դատարանի 24.06.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ասատրյանի բերած վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը, սահմանափակել է Դատարանի մատչելիության իրավունքը, որը (...) համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև:
Այսպիսով, գործում առկա չեն ապացույցներ մինչև 22.07.2019 թվականը վիճելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ հայցվորի տեղեկացվածության մասին, ուստի տվյալ դեպքում առկա է Արտակ Ասատրյանի կողմից դատավարական ժամկետը բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, իսկ դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու փաստը վիճելի մնալու դեպքում հայցվորին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում: Նման պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա չէր մերժման, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ավելին, (...) վիճարկման հայցադիմումը դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված լինելու փաստը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով կարող էր հաստատվել գործի քննության ընթացքում, որպիսի հանգամանքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով կարող էր հիմք հանդիսանալ գործի վարույթը կարճելու համար: Իսկ մինչ այդ հանգամանքի պարզումը և հաստատումը Դատարանը պարտավոր է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը տրամադրել Արտակ Ասատրյանին` ստեղծելով անհրաժեշտ պայմաններ անձի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար»:
Նախ` հարկ ենք համարում արձանագրել, որ ի կատարումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով 15.07.2015 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Գտնում ենք, որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը չի հակասում և չի կարող հակասել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով 15.07.2015 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես. թիվ ՎԴ/7268/05/14 գործով վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել վիճարկվող վարչական ակտի հասցեատեր Հովհաննես Չամսարյանը` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 31.12.2013 թվականի թիվ ԱԷ 643088 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որպիսի պարագայում դատավարական ժամկետները հաշվելու առումով որոշիչ է եղել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների կանոնակարգումներին համապատասխան վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու և դրանով պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետները հաշվելու անհնարինությունը: Ըստ այդմ վկայակոչված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) այն դեպքերում, երբ անձը վիճարկում է վարչական ակտն առձեռն ստորագրությամբ ստանալու փաստը, ինչի պարզումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտական գիտելիքների օգնությամբ, մասնավորապես` փորձաքննության կատարմամբ, վերը նշված իրավակարգավորումները(1) կիրառելի չեն»:
________________________
1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր
Մինչդեռ սույն գործով վիճարկման հայց է ներկայացրել վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող Արտակ Ասատրյանը` պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30 շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Թումանյան փողոց 30 շենք թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ: Հետևաբար, թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով արտահայտված իրավական դիրքորոշումները չեն կարող կիրառելի լինել սույն գործի փաստերի նկատմամբ:
Բացի այդ վկայակոչված թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Ընդ որում, սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը նույնպես չի պարունակում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ որևէ մեկնաբանություն: Ավելին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի պարունակում նաև սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը:
Այսպես. թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով կայացված որոշման մեջ, ինչպես և սույն գործով կայացված որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչել է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և արձանագրել, որ նշված իրավանորմը, ինչպես նաև 72-րդ հոդվածը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների և ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
Սույն գործով Վերաքննիչ դատարանն իր իրավական դիրքորոշումներն ամբողջությամբ կառուցել է ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների և Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, մասնավորապես վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները և այդ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Արտակ Ասատրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 18.09.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որից հետևում է, որ Արտակ Ասատրյանը դեռևս 18.09.2015 թվականից տեղյակ է եղել կատարված շինարարության մասին և այդ օրվանից պետք է ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը:
Երկրորդ` հարկ ենք համարում ընդգծել, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետները հայցվորի կողմից բաց թողնված լինելու կամ չլինելու հարցին անդրադառնալուց առաջ անհրաժեշտ էր անդրադառնալ այն հարցին, թե արդյոք հայցադիմումը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող անձը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով 10.09.2021 թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը կարող է վերականգնվել այն պարագայում, երբ հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից արձանագրել է.
«(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված` հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը:
(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջ է հանդիսանում նաև հայցադիմումը դատավարական ժամկետներում ներկայացնելը:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը` ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
(...) օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
(...) օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի իմաստով.
ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.
բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտը բնորոշող հատկանիշներից արտաքին ներգործությունը կարող է վերաբերելի լինել միայն այն անձանց, ովքեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ վարչական վարույթի մասնակիցներ: Մասնավորապես, վարչական ակտը կարող է առնչվել միայն վարչական ակտի հասցեատիրոջը և/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող այն անձանց, ովքեր վարչական ակտի ընդունման պահին ունեն որոշակի իրավունքներ կամ օրինական շահեր, որոնք կարող են շոշափվել այդ վարչական ակտով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարությունն իրականացնելիս վարչական մարմինները պարտավոր են գործել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները ոչ իրավաչափ վարչական ակտով չխախտելու, այդ իրավունքների ու ազատությունների իրականացման համար խոչընդոտներ չհարուցելու, դրանց իրականացման համար Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով անհրաժեշտ պայմաններ ապահովելու և նրանց վրա ոչ իրավաչափորեն որևէ պարտականություն չդնելու հաշվառմամբ: Ընդ որում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները պետք է առկա լինեն վարչական ակտն ընդունելու պահի դրությամբ, քանի որ օբյեկտիվորեն հնարավոր չէ կանխատեսել ապագայում ձեռք բերվող իրավունքների ու օրինական շահերի վրա այդ ակտի արտաքին ներգործություն ունենալու հանգամանքը: Նշվածը հիմնավորվում է նաև նրանով, որ վարչական մարմինը ոչ միայն պարտավորություն ունի վարչական վարույթում ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, այլ նաև` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում վարչական մարմինը պարտավոր է հանձնել վարույթի մասնակիցներին, հետևաբար այդ ակտը չի կարող հանձնվել այնպիսի անձի, ով վարչական ակտն ընդունելու պահին չունի վարչական ակտով շոշափվող իրավունքներ կամ օրինական շահեր:
Այսպիսով, (...) վարչական ակտը որևէ ձևով չի կարող առնչվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չհանդիսացող անձանց, ուստիև վարչական ակտի ուժի մեջ մտնելու կանոնը վերաբերելի չի կարող լինել վարչական ակտի հասցեատեր կամ վարչական ակտի ընդունման պահին որոշակի իրավունքներ կամ օրինական շահեր չունեցող անձանց:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չհանդիսացող անձանց կողմից վիճարկման հայց ներկայացնելու պարագայում դատավարական ժամկետների հաշվարկման, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու իրավական հնարավորությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից հետևում է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Այսինքն` դատավարական գործողությունները պետք է կատարվեն դատավարական ժամկետների ընթացքում, իսկ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով ենթակա է մերժման, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում:
(...) վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հարցին հնարավոր է անդրադառնալ միայն այն պարագայում, եթե անվիճելի է, որ հայցադիմումը ներկայացվել է «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտի կողմից:
(...) վարչական ակտի արտաքին ներգործությունը կարող է տարածվել միայն վարչական ակտի հասցեատիրոջ և/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող այն անձանց վրա, ովքեր վարչական ակտի ընդունման պահին ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ, որոնք խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել այդ վարչական ակտով: Ըստ այդմ, վերջիններս էլ հանդիսանում են վիճարկման հայց հարուցելու «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ և անհիմն ծանրաբեռնվածության և դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն: Այսինքն` սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու` չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն և հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):
(...) վիճարկման հայց հարուցելու «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտներ են վարչական ակտի հասցեատեր հանդիսացող և/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող, սակայն վարչական ակտի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ ունեցող անձինք, իսկ նշված պայմաններին չբավարարող սուբյեկտները չեն հանդիսանում իրենց համար ներգործող ազդեցություն չունեցող վարչական ակտը վիճարկելու իրավունք ունեցող «շահագրգիռ անձինք»: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի ընդունումից հետո միայն որոշակի իրավունքներ ձեռք բերած սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու իրավունք չունենալը չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ է, անմիջապես աչքի է զարնում, առաջին իսկ դիտարկման պահին երևում, աչքի է ընկնում և ոչ մի կերպ չի կարող վրիպել ու կասկած հարուցել, քանի որ վիճարկվող վարչական ակտով այն ընդունող վարչական մարմինը որևէ կերպ չէր կարող խախտել վարչական ակտի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձի իրավունքները, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով նման անձի կողմից ներկայացված վիճարկման հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման, որպես այն ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված, որպիսի պարագայում դատավարական ժամկետների հարցն այլևս ենթակա չէ քննարկման»:
Գտնում ենք, որ թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով 10.09.2021 թվականին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումներն ամբողջությամբ կիրառելի են սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ: Ըստ այդմ այդ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով վիճարկվող գրանցումը կատարվել է 15.10.2012 թվականին, այնինչ` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը հայցվորը ձեռք է բերել միայն 23.09.2015 թվականին: Այսինքն` 15.10.2012 թվականին կատարված իրավունքների պետական գրանցմամբ Կադաստրը որևէ կերպ չէր կարող խախտել գրեթե 3 տարի անց սեփականության իրավունք ձեռք բերած անձի իրավունքները: Այլ կերպ ասած, սույն գործով վիճարկվող վարչական ակտը արտաքին ներգործություն չունի դրա ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձանց վրա, հետևաբար Կադաստրի 15.10.2012 թվականի գրանցումը վիճարկելու իրավունք հայցվորն ակնհայտորեն չունի, ինչն ակներև է, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է եղել մերժման, որպիսի պարագայում դատավարական ժամկետների հարցն այլևս ենթակա չի եղել քննարկման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Անդրադառնալով հայցվորի պահանջի ձևակերպմանը հարկ ենք համարում նշել հետևյալը.
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի հիմքերին և առարկային, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքը, ըստ էության, իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Արսեն Եսայանի թիվ ՎԴ1/0223/05/13 վարչական գործով 22.07.2016 թվականի որոշմամբ ընդգծել է, որ հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է թե՛ քաղաքացիական դատավարության և թե՛ վարչական դատավարության կանոններով ներկայացված հայցերի նկատմամբ:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
Տվյալ դեպքում դատարան ներկայացրած վիճարկման հայցով հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Ալեքսեյ Սարքիս Դավթյանի անվամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30 շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Թումանյան փողոց 30 շենք թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ:
Այսինքն, սույն գործով հայցի առարկան, որպես հայցվորի կողմից պատասխանող Կադաստրի դեմ ուղղված նյութաիրավական պահանջ, որի վերաբերյալ դատարանը պետք է որոշում կայացնի, Ալեքսեյ Սարքիս Դավթյանի անվամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30 շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ 15.10.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափության վիճարկումն է: Ընդ որում, որևէ նշանակություն չունի հայցվորի պահանջի ձևակերպումը, համաձայն որի` Կադաստրի կողմից 15.10.2012 թվականին (ըստ թիվ 15102012-01-1433 վկայականի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի` 02.05.2012 թվականին) կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկվում է ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, իսկ որպես անվավերության հետևանք` պահանջվում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Թումանյան փողոց 30 շենք թիվ 42 հասցեի վերաբերյալ Կադաստրի կողմից 03.08.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի 2.20 քմ և 6.3 քմ տարածքների նկատմամբ, քանի որ այդուհանդերձ հիմնական պահանջով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է, այսինքն` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 30 շենքի թիվ 42 հասցեի վերաբերյալ Ալեքսեյ Սարքիս Դավթյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է 15.10.2012 թվականին:
Ինչ վերաբերում է նրան, թե այդ գրանցումն ըստ ինչի է վիճարկվում, մասնավորապես ըստ 24.07.2017 թվականի շինությունների հատակագծի, ապա այդ հանգամանքն ինքնին չի փոխում վիճարկվող վարչական ակտի ընդունման օրը, հետևաբար անկախ այդ հանգամանքից տվյալ դեպքում էականն այն է, որ վիճարկվող վարչական ակտը, այն է` իրավունքի պետական գրանցումը կատարվել է 15.10.2012 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 30-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ հայցվորը դեռևս ձեռք չէր բերել սեփականության իրավունք, հետևաբար այդ գրանցումը չի կարող արտաքին ներգործություն ունենա դրա ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձի վրա:
Նման պայմաններում գտնում ենք, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հարց չի կարող քննարկվել, առավել ևս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածին 2-րդ մասի կիրառմամբ վերականգնվել, քանի որ հայցադիմումը ներկայացրել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, անտեսելով վերոգրյալ հանգամանքը, քննարկման առարկա է դարձրել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հարցը` եզրահանգելով, որ սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվում, որ հայցվորը վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին իմացել է ավելի վաղ, եզրահանգել է, որ հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի հայտնած տվյալը` վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին իր իրազեկման ժամանակի վերաբերյալ, պետք է համարել հավաստի, ուստի տվյալ դեպքում առկա է Արտակ Ասատրյանի կողմից դատավարական ժամկետը բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, իսկ դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու փաստը վիճելի մնալու դեպքում հայցվորին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում:
Միևնույն ժամանակ մեր անհամաձայնությունն ենք հայտնում Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տեղ գտած այն դիրքորոշման հետ, ըստ որի` «բացառված չեն այն դեպքերը, երբ անձն իր խախտված իրավունքների մասին կարող է չիմանալ անփութության, ոչ հետևողական լինելու կամ անզգուշության հետևանքով: Նման իրավիճակներում (...) վաղեմության ժամկետի սկիզբն անհրաժեշտ է հաշվարկել այն պահից, երբ իրավազոր անձը ողջամտորեն պետք է իմանար իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին»:
Նախ` տվյալ դեպքում տեղին չէ օգտագործել «վաղեմության ժամկետ» եզրույթը, որը բնորոշ է քաղաքացիական դատավարությանը: Վարչական դատավարությունում կիրառելի են դատավարական ժամկետները և քննարկվում են ոչ թե վաղեմության ժամկետները, այլ` բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու հարցերը: Երկրորդ` անձի` իր խախտված իրավունքների մասին անփութության, ոչ հետևողական լինելու կամ անզգուշության հետևանքով չիմանալը որևէ նշանակություն չի կարող ունենալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, քանի որ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների հոսքն օրենսդիրը պայմանավորել է վարչական ակտի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկվելու հանգամանքով, այլ ոչ թե այն հանգամանքով, թե երբ «իրավազոր անձը ողջամտորեն պետք է իմանար իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին»: Այսօրինակ դիրքորոշման պարագայում անձինք կարող են վիճարկել երկար տարիներ առաջ ընդունված վարչական ակտեր` ներկայացնելով հիմնավորումներ առ այն, որ իրենց իրավունքների խախտման մասին իրենք ողջամտորեն իմացել են բոլորովին վերջերս, ինչը չի կարող համատեղելի լինել իրավական որոշակիության սահմանադրական հիմնարար սկզբունքի հետ, քանի որ վիճարկման առարկա կարող են դառնալ հեռավոր անցյալում ընդունված այնպիսի վարչական ակտեր, որոնք մտել են ուժի մեջ և դրա հասցեատերը, վստահելով այդ ակտի գոյությանը, իրացրել է դրանով իրեն տրամադրված իրավունքը:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը պետք է թողնել անփոփոխ` սույն հատուկ կարծիքի պատճառաբանություններով:
Դատավոր Դատավոր
Ռ. Հակոբյան Հ. Բեդևյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 հոկտեմբերի 2021 թվական: