Սեղմել Esc փակելու համար:
Ո՞Ր ՊԱՀԻՑ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ո՞Ր ՊԱՀԻՑ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԳՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՄԴ/1252/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1252/02/16   2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Մկրտչյան

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նարինե Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների ընդդեմ Նարինե Ասատրյանի, երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի, Արտակ Մարտիրոսյանի` 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով կնքված, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով չկնքված համարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` 12.03.2011 թվականին Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության խառը պայմանագիրը կնքված է համարվել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարվել է չկնքված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Նարինե Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Երեմյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 337-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով արդեն իսկ հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք նախադատելի են սույն գործի համար և դրանց հակառակ փաստեր չէին կարող ապացուցվել:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռով հաստատված փաստերը նախադատելի չէին կարող լինել սույն գործի համար, քանի որ նախկինում քննված թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով արդեն իսկ հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները ստացել են փոխառության գումարը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել հայցային վաղեմության ժամկետները կարգավորող իրավանորմերը և այդ ժամկետի հաշվարկը սկսելով թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել են ավելի վաղ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը կատարել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ճիշտ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրությունը: Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են և պատճառաբանված, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման` գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող` Երևանի Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` «փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը (...)» (հատոր 1-ին, գ.թ. 20-21).

2) թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Արտակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.03.2011 թվականին Շենգավիթի նոտարական գրասենյակում միջնորդել է Վալերի, Անդրանիկ, Կարինե և Էդուարդ Երեմյաններին գրավի (հիպոթեքի) փոխառության պայմանագիր կնքել Նարինե Ասատրյանի հետ, որով գրավադրվել է Երեմյաններին պատկանող Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 50/1 շենքի 41-րդ բնակարանը, որից հետո պայմանագրով նախատեսված և Նարինե Ասատրյանի կողմից տրված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Երեմյանին, իսկ մնացած 7.700 ԱՄՆ դոլարը խաբեությամբ և Ա. Երեմյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանից` վերջինիս պատճառել 2.871.484 ՀՀ դրամի գույքային վնաս: Նշված դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հատոր 1-ին, գ.թ. 32-34).

3) սույն գործով հայցադիմումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 28.04.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-6).

4) Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին պայմանագիրը կնքելիս, բացի այդ, արդեն իսկ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում վերջիններս ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը (հատոր 1-ին, գ.թ. 65-67):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածների, 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից պետք է սկսվի փոխառության պայմանագիրը գումարը չստանալու կամ ավելի պակաս չափով ստանալու հիմքով վիճարկելու համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբն այն պարագայում, երբ փոխառության պայմանագրով կողմերը հաստատել են գումարը տալու և ստանալու փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն` ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով (...): Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե՛ս, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագիրը կարող է կնքված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու վերաբերյալ գրավոր ապացույցներ: Այսինքն` օրենսդիրը փոխառության պայմանագրի կնքվածությունն անմիջականորեն կախվածության մեջ է դրել փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու փաստից, ինչը ենթադրում է, որ նշված դրամը կամ գույքը ստացված չլինելու հանգամանքը ողջամտորեն պետք է հայտնի լինի փոխառուին անմիջապես այն պահին, երբ վերջինս հավաստում է դրամը կամ գույքը ստանալու փաստը: Այսպես, բոլոր այն դեպքերում, երբ փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը ստանալու մասին փոխառության պայմանագրում կատարվում է հատուկ նշում, ապա պայմանագիրը ստորագրելու փաստով փոխառուն հաստատում է դրամը կամ գույքը ստանալու հանգամանքը: ՈՒստի, եթե դրամը կամ գույքը ստանալու մասին հատուկ նշում պարունակող փոխառության պայմանագիրը ստորագրելու պահին փոխառուն չի ստանում դրանում նշված գումարը կամ գույքը, ապա այդ պահից սկսած վերջինիս հայտնի է դառնում իր իրավունքների խախտման մասին, հետևաբար իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով դատական պաշտպանության փոխառուն պետք է դիմի օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի ընթացքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել փոխառությամբ սահմանված դրամը կամ գույքը փոխառուին հանձնելու փաստը որևէ եղանակով ամրագրելու պահին հաջորդող օրվանից:

Սույն գործի փաստերի համաձայն` Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման` գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող` Երևանի Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` «փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը (...)»:

Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին պայմանագիրը կնքելիս, բացի այդ, արդեն իսկ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում վերջիններս ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Դիմելով դատարան` Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված:

Դատարանը, հայցը բավարարելով, նշել է, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված և 16.05.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները, այն է` «(...) անշարժ գույքի գրավի դիմաց կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, և որպես փոխառությամբ վերցված գումարի վերադարձնելիության երաշխիք Երևանի Մոլդովական փողոցի 50/1 շենքի թիվ 41 բնակարանը համասեփականատերերի կողմից գրավ է դրվել, ինչի հիման վրա էլ Նարինե Ասատրյանը հայցվորներին հանձնել է 5.475.000 դրամ` Պայմանագրի 1.2 կետի համաձայն` «Փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը»», «(...) ինչ վերաբերվում է հայցվորների այն պնդմանը, որ ստացել են միմիայն 3.300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը Նարինե Ասատրյանը խոստացել է իրենց հանձնել որոշ ժամանակ անց, դատարանը գտավ, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորները դատարանին չեն ներկայացրել որևէ ապացույց վերը նշվածի կապակցությամբ», ինչպես նաև թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն ունեն սույն գործի համար: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հիմնավորվում է այն փաստը, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանները Նարինե Ասատրյանից ստացել են 1.200.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, իսկ պայմանագրով նախատեսված մնացած` 4.300.000 ՀՀ դրամը, չեն ստացել, ուստի այդ մասով պայմանագիրը պետք է համարվի չկնքված: Բացի այդ, Դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հայցը մերժելու մասին Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված միջնորդությանը, գտել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված դատավճռից, որի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` 08.08.2014 թվականից պետք է հաշվարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրի 1.2-րդ կետով հավաստել են փոխառության գումարը ստանալու փաստը` արձանագրելով, որ փոխառուն փոխատուից վերցրեց 5.475.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել:

Դատարանը հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հայցը մերժելու մասին Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել է` գտնելով, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված դատավճռից, որի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` 08.08.2014 թվականից պետք է հաշվարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը, ինչը հիմնավոր է համարել նաև Վերաքննիչ դատարանը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված պատճառաբանությանը, հարկ է համարում նշել, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրով հավաստել են գումարը ստանալու փաստը` արձանագրելով, որ փոխառուն փոխատուից վերցրեց 5.475.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել: Այսինքն` նշված փաստի արձանագրման պահին, եթե իրականում փոխառուն ստացել է պայմանագրով նշված փոխառության գումարից ավելի պակաս գումար, ապա փոխառուն իր իրավունքի խախտման մասին իմացել է հենց այդ ժամանակ: Ավելին, թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, ինչի հետևանքով էլ վերջինս այդ քրեական գործով ճանաչվել է տուժող: Այսինքն` նշված դատավճիռը վերաբերել է Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելուն, այլ ոչ Նարինե Ասատրյանի կողմից հանձնվող գույքին, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելու փաստը հաստատված լինելն ինքնին վկայում է այն մասին, որ հանցագործությամբ վնասը պատճառվել է հենց Կարինե Երեմյանին, իսկ դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափի, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայության կամ բացակայության մասով դատավճիռը սույն գործով նախադատելի չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը դրանում նշված գումարը հայցվորների կողմից ստանալու փաստը հաստատող ուղղակի ապացույց է հանդիսանում, որի 1.2-րդ կետի համաձայն` «փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը (...)», իսկ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պայմանագրում նշված գումարը հայցվորների կողմից ստանալու փաստը հաստատող անուղղակի ապացույց է, քանի որ դրանից ակնհայտ է դառնում, որ Արտակ Մարտիրոսյանը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել Կարինե Ասատրյանին` հափշտակելով Նարինե Ասատրյանի կողմից 12.03.2011 թվականի պայմանագրով տրված գումարի մի մասը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե 12.03.2011 թվականի պայմանագիրը ստորագրելու պահին հայցվորներն իսկապես չեն ստացել դրանում նշված գումարն ամբողջությամբ, ապա այդ պահից սկսած նրանց հայտնի է դարձել գումարի մի մասը ստացած չլինելու մասին:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, որը կարող է պայմանավորված լինել այս կամ այն իրադարձության վրա հասնելու հետ: Տվյալ պարագայում պայմանագրի կողմերի կողմից գումարը ստանալու փաստի ամրագրումը գրավոր եղանակով կարող է դիտարկվել գումարը հանձնելու իրադարձություն, որով էլ օրենսդիրը պայմանավորել է փոխառության պայմանագրի կնքված լինելու հանգամանքը, և դրա հաջորդ օրվանից պետք է հաշվարկվի փոխառուի կողմից փոխառության պայմանագրի` անփողության հիմքով վիճարկման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանները և Նարինե Ասատրյանը, 12.03.2011 թվականին կնքելով բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը, դրանում ամրագրել են նաև գումարը հանձնելու և ստանալու իրողությունը, որի հաջորդ օրվանից` 13.03.2011 թվականից, պետք է հաշվարկվի փոխառուի` անփողության հիմքով փոխառության պայմանագիրը վիճարկելու նկատմամբ հայցային վաղեմության եռամյա ժամկետի սկիզբը: Այսինքն` տվյալ պարագայում հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացել է 13.03.2014 թվականին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների կողմից հայցադիմումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 28.04.2016 թվականին, այսինքն` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, ինչն արդեն բավարար հիմք է հայցը մերժելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հայցը ենթակա է մերժման` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Վերաքննիչ դատարանի կողմից գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չիրականացնելու և թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով (որը սույն գործից բացակայում է) արդեն իսկ հաստատված նախադատելի հանգամանքներն անտեսելու վճռաբեկ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի, Էդուարդ Երեմյաններից համապարտության կարգով հօգուտ Նարինե Ասատրյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

2. Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյաններից համապարտության կարգով հօգուտ Նարինե Ասատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ռ. Հակոբյան

Զեկուցող` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՄԴ/1252/02/16 քաղաքացիական գործով 29.03.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Նարինե Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների ընդդեմ Նարինե Ասատրյանի, երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի, Արտակ Մարտիրոսյանի` 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով կնքված, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով չկնքված համարելու պահանջների մասին, 2019 թվականի մարտի 29-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել: Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյաններից համապարտության կարգով հօգուտ Նարինե Ասատրյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ս. Անտոնյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 29.03.2019 թվականին թիվ ԵՄԴ/1252/02/16 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական մասի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս նույն որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` 12.03.2011 թվականին Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության խառը պայմանագիրը կնքված է համարվել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարվել է չկնքված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Նարինե Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Երեմյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 337-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով արդեն իսկ հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք նախադատելի են սույն գործի համար և դրանց հակառակ փաստեր չէին կարող ապացուցվել:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռով հաստատված փաստերը նախադատելի չէին կարող լինել սույն գործի համար, քանի որ նախկինում քննված թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով արդեն իսկ հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները ստացել են փոխառության գումարը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել հայցային վաղեմության ժամկետները կարգավորող իրավանորմերը և այդ ժամկետի հաշվարկը սկսելով թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել են ավելի վաղ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը կատարել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ճիշտ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրությունը: Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են և պատճառաբանված, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման` գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող` Երևանի Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` «փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը...» (հատոր 1-ին, գ.թ. 20-21).

2) Թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Արտակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.03.2011 թվականին Շենգավիթի նոտարական գրասենյակում միջնորդել է Վալերի, Անդրանիկ, Կարինե և Էդուարդ Երեմյաններին գրավի (հիպոթեքի) փոխառության պայմանագիր կնքել Նարինե Ասատրյանի հետ, որով գրավադրվել է Երեմյաններին պատկանող Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 50/1 շենքի 41-րդ բնակարանը, որից հետո պայմանագրով նախատեսված և Նարինե Ասատրյանի կողմից տրված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Երեմյանին, իսկ մնացած 7.700 ԱՄՆ դոլարը խաբեությամբ և Ա. Երեմյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանից` վերջինիս պատճառել 2.871.484 ՀՀ դրամի գույքային վնաս: Նշված դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հատոր 1-ին, գ.թ. 32-34).

3) Սույն գործով հայցադիմումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 28.04.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-6).

4) Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին պայմանագիրը կնքելիս, բացի այդ` արդեն իսկ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում վերջիններս ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը (հատոր 1-ին, գ.թ. 65-67):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածների, 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից պետք է սկսվի փոխառության պայմանագիրը գումարը չստանալու կամ ավելի պակաս չափով ստանալու հիմքով վիճարկելու համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբն այն պարագայում, երբ փոխառության պայմանագրով կողմերը հաստատել են գումարը տալու և ստանալու փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն` ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով...: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե՛ս, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փոխառության պայմանագիրը կարող է կնքված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու վերաբերյալ գրավոր ապացույցներ: Այսինքն` օրենսդիրը փոխառության պայմանագրի կնքվածությունն անմիջականորեն կախվածության մեջ է դրել փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու փաստից, ինչը ենթադրում է, որ նշված դրամը կամ գույքը ստացված չլինելու հանգամանքը ողջամտորեն պետք է հայտնի լինի փոխառուին անմիջապես այն պահին, երբ վերջինս հավաստում է դրամը կամ գույքը ստանալու փաստը: Այսպես, բոլոր այն դեպքերում, երբ փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը ստանալու մասին փոխառության պայմանագրում կատարվում է հատուկ նշում, ապա պայմանագիրը ստորագրելու փաստով փոխառուն հաստատում է դրամը կամ գույքը ստանալու հանգամանքը: ՈՒստի, եթե դրամը կամ գույքը ստանալու մասին հատուկ նշում պարունակող փոխառության պայմանագիրը ստորագրելու պահին փոխառուն չի ստանում դրանում նշված գումարը կամ գույքը, ապա այդ պահից սկսած վերջինիս հայտնի է դառնում իր իրավունքների խախտման մասին, հետևաբար իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով դատական պաշտպանության փոխառուն պետք է դիմի օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի ընթացքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել փոխառությամբ սահմանված դրամը կամ գույքը փոխառուին հանձնելու փաստը որևէ եղանակով ամրագրելու պահին հաջորդող օրվանից:

Սույն գործի փաստերի համաձայն` Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման` գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող` Երևանի Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը:

Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին պայմանագիրը կնքելիս, բացի այդ` արդեն իսկ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում վերջիններս ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Դիմելով դատարան` Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված:

Դատարանը, հայցը բավարարելով, նշել է, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված և 16.05.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները, այն է` «...անշարժ գույքի գրավի դիմաց կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, և որպես փոխառությամբ վերցված գումարի վերադարձնելիության երաշխիք Երևանի Մոլդովական փողոցի 50/1 շենքի թիվ 41 բնակարանը համասեփականատերերի կողմից գրավ է դրվել, ինչի հիման վրա էլ Նարինե Ասատրյանը հայցվորներին հանձնել է 5.475.000 դրամ` Պայմանագրի 1.2 կետի համաձայն` «Փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը»», «..ինչ վերաբերվում է հայցվորների այն պնդմանը, որ ստացել են միմիայն 3.300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը Նարինե Ասատրյանը խոստացել է իրենց հանձնել որոշ ժամանակ անց, դատարանը գտավ, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորները դատարանին չեն ներկայացրել որևէ ապացույց վերը նշվածի կապակցությամբ», ինչպես նաև թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն ունեն սույն գործի համար: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հիմնավորվում է այն փաստը, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանները Նարինե Ասատրյանից ստացել են 1.200.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, իսկ պայմանագրով նախատեսված մնացած` 4.300.000 ՀՀ դրամը, չեն ստացել, ուստի այդ մասով պայմանագիրը պետք է համարվի չկնքված: Բացի այդ, Դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հայցը մերժելու մասին Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված միջնորդությանը, գտել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված դատավճռից, որի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` 08.08.2014 թվականից պետք է հաշվարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրի 1.2-րդ կետով հավաստել են փոխառության գումարը ստանալու փաստը` արձանագրելով, որ փոխառուն փոխատուից վերցրեց 5.475.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել:

Դատարանը հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հայցը մերժելու մասին Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել է` գտնելով, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված դատավճռից, որի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` 08.08.2014 թվականից պետք է հաշվարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը, ինչը հիմնավոր է համարել նաև Վերաքննիչ դատարանը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված պատճառաբանությանը, հարկ է համարել նշել, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրով հավաստել են գումարը ստանալու փաստը` արձանագրելով, որ փոխառուն փոխատուից վերցրեց 5.475.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել: Այսինքն` նշված փաստի արձանագրման պահին, եթե իրականում փոխառուն ստացել է պայմանագրով նշված փոխառության գումարից ավելի պակաս գումար, ապա փոխառուն իր իրավունքի խախտման մասին իմացել է հենց այդ ժամանակ: Ավելին, թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, ինչի հետևանքով էլ վերջինս այդ քրեական գործով ճանաչվել է տուժող: Այսինքն` նշված դատավճիռը վերաբերել է Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելուն, այլ ոչ Նարինե Ասատրյանի կողմից հանձնվող գույքին, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելու փաստը հաստատված լինելն ինքնին վկայում է այն մասին, որ հանցագործությամբ վնասը պատճառվել է հենց Կարինե Երեմյանին, իսկ դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափի, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայության կամ բացակայության մասով դատավճիռը սույն գործով նախադատելի չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը դրանում նշված գումարը հայցվորների կողմից ստանալու փաստը հաստատող ուղղակի ապացույց է հանդիսանում, որի 1.2-րդ կետի համաձայն` «փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը», իսկ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պայմանագրում նշված գումարը հայցվորների կողմից ստանալու փաստը հաստատող անուղղակի ապացույց է, քանի որ դրանից ակնհայտ է դառնում, որ Արտակ Մարտիրոսյանը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել Կարինե Ասատրյանին` հափշտակելով Նարինե Ասատրյանի կողմից 12.03.2011 թվականի պայմանագրով տրված գումարի մի մասը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե 12.03.2011 թվականի պայմանագիրը ստորագրելու պահին հայցվորներն իսկապես չեն ստացել դրանում նշված գումարն ամբողջությամբ, ապա այդ պահից սկսած նրանց հայտնի է դարձել գումարի մի մասը ստացած չլինելու մասին:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, որը կարող է պայմանավորված լինել այս կամ այն իրադարձության վրա հասնելու հետ: Տվյալ պարագայում պայմանագրի կողմերի կողմից գումարը ստանալու փաստի ամրագրումը գրավոր եղանակով կարող է դիտարկվել գումարը հանձնելու իրադարձություն, որով էլ օրենսդիրը պայմանավորել է փոխառության պայմանագրի կնքված լինելու հանգամանքը, և դրա հաջորդ օրվանից պետք է հաշվարկվի փոխառուի կողմից փոխառության պայմանագրի` անփողության հիմքով վիճարկման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետը:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանները և Նարինե Ասատրյանը, 12.03.2011 թվականին կնքելով բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը, դրանում ամրագրել են նաև գումարը հանձնելու և ստանալու իրողությունը, որի հաջորդ օրվանից` 13.03.2011 թվականից, պետք է հաշվարկվի փոխառուի` անփողության հիմքով փոխառության պայմանագիրը վիճարկելու նկատմամբ հայցային վաղեմության եռամյա ժամկետի սկիզբը: Այսինքն` տվյալ պարագայում հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացել է 13.03.2014 թվականին: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների կողմից հայցադիմումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 28.04.2016 թվականին, այսինքն` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, ինչն արդեն բավարար հիմք է հայցը մերժելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հայցը ենթակա է մերժման` Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վերաքննիչ դատարանի կողմից գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չիրականացնելու և թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով (որը սույն գործից բացակայում է) արդեն իսկ հաստատված նախադատելի հանգամանքներն անտեսելու վճռաբեկ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Գտնում եմ որ բողոքը ենթակա էր բավարարման բացառապես հայցն անհիմն լինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ.

Հարցը կայանում է նրանում, որ փոխառության պայմանագիրը կարող է վիճարկվել և անփողության հիմքով և որպես վիճահարույց գործարք: Կախված այն հանգամանքից, թե ինչ իրավական հիմքով է իրականացվում փոխառության պայմանագրի վիճարկումը, հնարավոր են տարբեր իրավական հետևանքներ:

Այսպես, փոխառության պայմանագրի վիճարկումը որպես վիճահարույց գործարք կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերության և անվավերության հետևանքների կիրառման:

Մինչդեռ փոխառության պայմանագիրը անփողության հիմքով վիճարկելու դեպքում պայմանագիրը ոչ թե անվավեր է ճանաչվում, այլ համարվում է չկնքված` հիմք հանդիսանալով փոխատուի կողմից փոխառության պարտավորության կատարման պահանջը մերժելու համար:

Հատկանշական է, որ անփողության հիմքով պայմանագրի վիճարկումը բացառում է փոխառության պայմանագրի անվավերության պահանջի քննարկումը և հետևաբար անվավերության հետևանքների կիրառումը: Դրա հետ մեկտեղ չպետք է անտեսել նաև ապացուցման ենթակա փաստերի շրջանակի էական տարբերությունը: Եթե գործարքի անվավերության համար էական է գործարքի` օրենքների և իրավական ակտերի հետ անհամապատասխանությունը, ապա փոխառության անփողության հիմքով վիճարկման դեպքում միակ փաստը, որը ենթակա է ապացուցման, դա պայմանագրով կամ պարտքային փաստաթղթով նշված գումարն իրականում ստացած չլինելու հանգամանքն է:

Այս առանձնահատկությունն էլ հաշվի առնելով պետք է տարբերակել հայցային վաղեմության հոսքի սկիզբը որոշելու պահը` փոխառության պայմանագիրը վիճարկելու տարբեր հիմքերի դեպքում:

Հայցային վաղեմության կիրառման համար առանցքային է խախտված իրավունքի առկայությունը և դրա սկիզբը որոշելը: Այս առումով անփողության հիմքով փոխառության պայմանագրի վիճարկման դեպքում, երբ այդպիսի վիճարկման արդյունքը պայմանագիրը չկնքված համարելն է և պարտավորության կատարման պահանջի մերժումը, խախտված իրավունքի պահ կարող է դիտվել փոխատուի կողմից դրամ կամ գույք չհանձնելու պայմաններում փոխառության պայմանագրով (ստացականով կամ այլ պարտքային փաստաթղթով) պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ ներկայացնելը:

Այսինքն` չկնքված պայմանագրի դեպքում, երբ պահանջ չի ներկայացվել կատարելու փոխառության իրավահարաբերություններից բխող պարտավորություններ, չի կարելի խոսել իրավունքի հնարավոր խախտման մասին, եթե իհարկե պայմանագրի կնքումը հայցի առարկան չէ:

Ինչ վերաբերվում է այն դիրքորոշմանը, որ հայցային վաղեմության հոսքը պետք է հաշվել փոխառության պայմանագրով գումարի ստացումը հաստատող ապացույցի տրման պահից, ապա այդ մոտեցումը ընդունելի չէ, քանի որ անփողության հիմքով փոխառության վիճարկումն ուղղված է հենց փոխառության պայմանագրում կամ պարտքային փաստաթղթում նշված գումարը չստանալու կամ պակաս ստանալու փաստը հերքելուն:

Կարծում եմ, որ հայցը ենթակա է մերժման անհիմն լինելու հիմքով, քանի որ սույն գործի փաստերից հետևում է, որ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` հաստատված է համարվել Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանի` խոշոր չափերի` 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարը հափշտակելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերոգրյալ քրեական գործով կայացված դատավճիռը նախադատելի նշանակություն ունի միայն հանցագործության օբյեկտիվ կողմի մասով, այսինքն` տեղի է ունեցել Կարինե Երեմյանից հափշտակություն 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարի չափով` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ինչպես նաև հանցագործության սուբյեկտի մասով, այն է` հանցագործությունը կատարվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից: Այսինքն` հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է միայն հանցագործության օբյեկտիվ կողմի և հանցագործության սուբյեկտի մասով հաստատված փաստերի շրջանակներում, իսկ այդ շրջանակներից դուրս պրեյուդիցիալ կապ գոյություն ունենալ չի կարող: Ուստի ստորադաս դատարանները, հղում կատարելով թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին, չէին կարող կատեգորիկ հետևություններ անել Կարինե Երեմյանի կողմից փոխառությամբ ստացված գումարի հստակ չափի վերաբերյալ, քանի որ դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայությունը կամ բացակայությունը նախադատելի չէ, և այդ հարցը ենթակա է ապացուցման ընդհանուր հիմունքներով, որպիսի հանգամանքը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Ավելին` թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը վերաբերել է Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելուն, այլ ոչ Նարինե Ասատրյանի կողմից հանձնվող գույքին, որպիսի փաստը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Բացի այդ, թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի բովանդակությունից հետևում է, որ հափշտակությունը տեղի է ունեցել 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարի չափով, այնինչ սույն քաղաքացիական գործով վեճը վերաբերում է 4.300.000 ՀՀ դրամի մասով փոխառության գումարը հանձնված չլինելուն, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ հանձնված գումարների չափը ենթակա էր ապացուցման այլ թույլատրելի և վերաբերելի ապացույցների միջոցով, իսկ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով դատավճռից հստակ հետևություններ անել ենթադրաբար հանձնված գումարի հստակ չափի մասին, հնարավոր չէ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Փոխառության պայմանագրի անփողության ապացուցումը դա փոխառուի պարտականությունն է, որը պետք է իրականացվի օրենքով թույլատրված ապացույցներով:

Սույն գործով ներկայացված դատավճռով այդ հանգամանքը չի հիմնավորվում, հետևաբար հայցը ենթակա է մերժման անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

    Դատավոր`                     Ս. Անտոնյան

 

Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՄԴ/1252/02/16 քաղաքացիական գործով 29.03.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Նարինե Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների ընդդեմ Նարինե Ասատրյանի, երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի, Արտակ Մարտիրոսյանի` 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով կնքված, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով չկնքված համարելու պահանջների մասին, 2019 թվականի մարտի 29-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել: Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյաններից համապարտության կարգով հօգուտ Նարինե Ասատրյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ե. Խունդկարյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 29.03.2019 թվականին թիվ ԵՄԴ/1252/02/16 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` 12.03.2011 թվականին Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև կնքված բնակարանի գրավի /հիփոթեքի/ և փոխառության խառը պայմանագիրը կնքված է համարվել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարվել է չկնքված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Նարինե Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Երեմյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով արդեն իսկ հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք նախադատելի են սույն գործի համար և դրանց հակառակ փաստեր չէին կարող ապացուցվել: Մասնավորապես` նախկինում քննված թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով արդեն իսկ հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները ստացել են փոխառության գումարը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռով հաստատված փաստերն ամբողջությամբ նախադատելի չէին կարող լինել սույն գործի համար, քանի որ նշված գործով նախադատելի կարող էին լինել բացառապես հանցագործության օբյեկտիվ կողմի և այն կատարած անձի վերաբերյալ հաստատված փաստերը:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 337-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել հայցային վաղեմության ժամկետները կարգավորող իրավանորմերը և այդ ժամկետի հաշվարկը սկսելով թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել են ավելի վաղ` պայմանագիրը կնքելիս: Ավելին, հայցվորները դեռևս 2011 թվականին թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում արդեն իսկ հանդես են եկել իրենց իրավունքների պաշտպանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը կատարել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ճիշտ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրությունը: Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են և պատճառաբանված, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման` գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող` ք. Երևան, Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2 կետի համաձայն` փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 20-21).

2) Թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` հաստատված է համարվել Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանի` խոշոր չափերի` 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարը հափշտակելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հատոր 1-ին, գ.թ. 29-31).

3) Սույն գործով հայցադիմումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 28.04.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-6).

4) Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին պայմանագիրը կնքելիս (հատոր 1-ին, գ.թ. 65-67).

5) Թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռի վերաբերյալ վկայակոչվել է թե՛ Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում, թե՛ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների կողմից ներկայացված հայցի հիմքի լրացումում (հատոր 1-ին, գ.թ. 65-67, 86-89).

6) Սույն գործում առկա ապացույցների կազմից բացակայում է թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականի վճռի օրինակը:

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցապահանջների դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածների, 337-րդ հոդվածի 1-ին կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում հարկ է անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կարող են ներմուծվել ապագայում կայացվելիք դատական ակտի բովանդակություն, եթե գործում առկա չեն նախադատելի համարվող վճիռը և դրա` օրինական ուժի մեջ մտած լինելը հավաստող ապացույցներ,

- ո՞ր փաստական հանգամանքների մասով է օրինական մեջ մտած դատավճիռը նախադատելի հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար,

- ո՞ր պահից պետք է հաշվարկել փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը:

ա) Վճռաբեկ բողոքի առաջին հիմքի վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թեԲ գործին մասնակցող անձանց, թեԲ դատարանի վրա: Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով: Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը (տե՛ս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համատեքստում հարկ է նշել, որ դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստական հանգամանքներին: Այսինքն` գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի համար նախադատելի են միայն այն հանգամանքները, որոնք հաստատվել են նույն անձանց միջև նախկինում քննված գործով կայացված դատական ակտով: Ընդ որում, որպեսզի արձանագրվի այս կամ այն դատական ակտի նախադատելիությունը, անհրաժեշտ է, որպեսզի նախկինում քննված գործով դատարանի կողմից կայացված դատական ակտը ստացած լինի օրինական ուժ` հաշվի առնելով, որ միայն այդ դեպքում է, որ դատական ակտը դառնում է վերջնական, իսկ դրանով հաստատված փաստերը չեն կարող դրվել կասկածի տակ: Այլ կերպ ասած` եթե դատական ակտը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, կամ օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված հիմքերով բողոքարկվել և բեկանվել է, ապա դրանով հաստատված փաստերը չեն կարող դիտարկվել որպես նախադատելի նշանակություն ունեցող հանգամանքներ:

Բացի այդ, նախադատելի համարվող վճռով հաստատված փաստերի ներմուծումն ապագայում կայացվելիք դատական ակտի բովանդակություն իրենից ենթադրում է այդ ակտի բովանդակության ուսումնասիրություն, ըստ այդմ, նախադատելիության օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմանների որոշում, որից հետո միայն ներմուծում ապագայում կայացվելիք դատական ակտի բովանդակություն: Այլ կերպ ասած` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքներն ինքնաբերաբար չեն ներմուծվում ապագայում կայացվելիք դատական ակտի բովանդակություն, այլ գործում պետք է առկա լինի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որպիսի պայմաններում միայն դատարանը, հաշվի առնելով նախադատելիության ինստիտուտի կիրառման սահմանները, ապագայում կայացվելիք դատական ակտ իրավասու է ներմուծել նման հանգամանքները:

Վերոգրյալից հետևում է, որ դատավարության մասնակիցները, ազատված լինելով նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները կրկին ապացուցելու պարտականությունից, ազատված չեն համապատասխան ապացույցներ ներկայացնել նախկինում քննված քաղաքացիական գործով կայացված վճռի և դրա` օրինական ուժի մեջ մտած լինելու հանգամանքի վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռի վերաբերյալ վկայակոչվել է թե՛ Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում, թե՛ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների կողմից ներկայացված հայցի հիմքի լրացումով, որոնցով յուրաքանչյուրն իր դիրքորոշման տեսանկյունից նշել է, որ այդ քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով արդեն իսկ հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք նախադատելի են սույն գործի համար և դրանց հակառակ փաստեր չէին կարող ապացուցվել:

Դատարանը, հայցը բավարարելով, նշել է, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված և 16.05.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները, այն է` «...անշարժ գույքի գրավի դիմաց կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, և որպես փոխառությամբ վերցված գումարի վերադարձնելիության երաշխիք Երևանի Մոլդովական փողոցի 50/1 շենքի թիվ 41 բնակարանը համասեփականատերերի կողմից գրավ է դրվել, ինչի հիման վրա էլ Նարինե Ասատրյանը հայցվորներին հանձնել է 5.475.000 դրամ` Պայմանագրի 1.2 կետի համաձայն` «Փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը»», «..ինչ վերաբերվում է հայցվորների այն պնդմանը, որ ստացել են միմիայն 3.300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը Նարինե Ասատրյանը խոստացել է իրենց հանձնել որոշ ժամանակ անց, դատարանը գտավ, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորները դատարանին չեն ներկայացրել որևէ ապացույց վերը նշվածի կապակցությամբ», սույն գործի համար ունեն նախադատելի նշանակություն և ներառել է սույն գործով կայացված վճռի բովանդակության մեջ:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է նշել, որ ստորադաս դատարանները, նախադատելի համարելով թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով հաստատված հանգամանքները, հաշվի չեն առել, որ նշված դատական ակտը, ինչպես նաև դրա` օրինական ուժի մեջ մտնելու վերաբերյալ ապացույցներ սույն քաղաքացիական գործում առկա չեն: Մասնավորապես` դատավարության մասնակիցները, իրենց դիրքորոշումներում վկայակոչելով նշված դատական ակտը, կատարել են հղում այդ ակտի բովանդակությանը, սակայն նրանցից որևէ մեկը դատարան չի ներկայացրել վկայակոչվող դատական ակտը և ապացույց դրա` օրինական ուժի մեջ մտնելու վերաբերյալ: Ինչպես արդեն իսկ նշվել է` դատավարության մասնակիցները, ազատված լինելով կրկին ապացուցել նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև մեկ այլ գործ քննելու ընթացքում, ազատված չեն ապացույցներ ներկայացնել նախկինում քննված քաղաքացիական գործով կայացված վճռի, ինչպես նաև դրա` օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ: Հետևաբար սույն պարագայում պետք է Դատարան ներկայացվեին համապատասխան ապացույցներ վճռի և դրա` օրինական ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում միայն Դատարանն իրավասու կլիներ ապագայում կայացվելիք դատական ակտի բովանդակության մեջ ներառել նախադատելի համարվող փաստական հանգամանքները` նախադատելիության սահմանների որոշմամբ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ավելին` ստորադաս դատարաններն անտեսել են նաև այն հանգամանքը, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռի բովանդակության ուսումնասիրության արդյունքում կարող էր հաստատապես հիմնավորվել հայցային վաղեմության ժամկետի սկիզբը, որին անդրադարձ կկատարվի ստորև շարադրվելիք պատճառաբանություններում:

բ) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար` հետևյալ շրջանակներում.

1. կատարվե՞լ են արդյոք որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),

2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից:

Այլ հարցերով դատավճիռը քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով պարտադիր չէ: Օրինակ` դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայությունը կամ բացակայությունը նախադատելի չէ, և այդ հարցը ենթակա է ապացուցման ընդհանուր հիմունքներով, չնայած որ դրանք հաստատված են դատավճռով (տե՛ս, Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Այլ կերպ ասած` հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է միայն հանցագործության օբյեկտիվ կողմի և հանցագործության սուբյեկտի մասով հաստատված փաստերի շրջանակներում, իսկ այդ շրջանակներից դուրս պրեյուդիցիալ կապ գոյություն ունենալ չի կարող:

Սույն գործի փաստերի համաձայն` Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման` գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող` ք. Երևան, Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2 կետի համաձայն` փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը:

Թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` հաստատված է համարվել Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանի` խոշոր չափերի` 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարը հափշտակելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, ի թիվս այլնի նշել է, որ «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0092/01/12 օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք, այն է` կատարվել է հանցագործություն, նշված արարքը կատարել է Արտակ Մարտիրոսյանը, Նարինե Ասատրյանի կողմից տրվել է 11.000 ԱՄՆ դոլար, այդ գումարից 3.300 ԱՄՆ դոլար գումարն է Արտակ Մարտիրոսյանը տվել Անդրանիկ Երեմյանին, իսկ մնացած 7.700 ԱՄՆ դոլարը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել», արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերը նշված օրինական ուժի մեջ մտած դատավճռով սույն վեճի լուծման համար արդեն իսկ հաստատվել են հանգամանքներ, որոնք այլևս կրկին ապացուցման ենթակա չեն, հետևաբար «նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի կողմից 12.03.2011 թվականի փոխառության պայմանագիրը 4.300.000 ՀՀ դրամ գումարի չափով չկնքված համարելու եզրահանգումը»:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` հարկ է նշել, որ սույն գործի փաստերից հետևում է, որ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` հաստատված է համարվել Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանի` խոշոր չափերի` 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարը հափշտակելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերոգրյալ քրեական գործով կայացված դատավճիռը նախադատելի նշանակություն ունի միայն հանցագործության օբյեկտիվ կողմի մասով, այսինքն` տեղի է ունեցել Կարինե Երեմյանից հափշտակություն 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարի չափով` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ինչպես նաև հանցագործության սուբյեկտի մասով, այն է` հանցագործությունը կատարվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից: Այսինքն` հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է միայն հանցագործության օբյեկտիվ կողմի և հանցագործության սուբյեկտի մասով հաստատված փաստերի շրջանակներում, իսկ այդ շրջանակներից դուրս պրեյուդիցիալ կապ գոյություն ունենալ չի կարող: ՈՒստի ստորադաս դատարանները, հղում կատարելով թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին, չէին կարող կատեգորիկ հետևություններ անել Կարինե Երեմյանի կողմից փոխառությամբ ստացված գումարի հստակ չափի վերաբերյալ, քանի որ դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայությունը կամ բացակայությունը նախադատելի չէ, և այդ հարցը ենթակա է ապացուցման ընդհանուր հիմունքներով, որպիսի հանգամանքը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Ավելին` թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը վերաբերել է Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելուն, այլ ոչ Նարինե Ասատրյանի կողմից հանձնվող գույքին, որպիսի փաստը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Բացի այդ, թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի բովանդակությունից հետևում է, որ հափշտակությունը տեղի է ունեցել 2.871.484 ՀՀ դրամին համարժեք 7.700 ԱՄՆ դոլարի չափով, այնինչ սույն քաղաքացիական գործով վեճը վերաբերում է 4.300.000 ՀՀ դրամի մասով փոխառության գումարը հանձնված չլինելուն, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ հանձնված գումարների չափը ենթակա էր ապացուցման այլ թույլատրելի և վերաբերելի ապացույցների միջոցով, իսկ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով դատավճռից հստակ հետևություններ անել ենթադրաբար հանձնված գումարի հստակ չափի մասին, հնարավոր չէ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

գ) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքի վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե փոխառության պայմանագիրը նույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերոգրյալ նորմերի վերլուծությանը, նշել է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկել փոխառության պայմանագիրն այն դեպքում, երբ նա ապացուցում է, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Այսպիսով փոխառության պայմանագիրը կարող է վիճարկվել, ի թիվս այլնի, անփողության հիմքով, որպիսի փաստը հաստատվելու պարագայում փոխառության պայմանագիրը կհամարվի չկնքված, կամ այն պարագայում, երբ կհիմնավորվի, որ պայմանագրում նշվածից ավելի պակաս չափով գումար կամ գույք է ստացվել, ապա պայմանագիրը կնքված կհամարվի ստացված գումարի չափով կամ գույքի մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն` ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա հարկ է արձանագրել, որ փոխառության պայմանագիրը կարող է կնքված համարվել միայն այն դեպքում, երբ հիմնավորվում է պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու փաստը: Միաժամանակ պետք է հավելել, որ անփողության հանգամանքը ողջամտորեն կարող է հայտնի լինել փոխառուին պայմանագիրը ստորագրելիս, որում առկա է նշում փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը ստանալու մասին կամ այն փաստաթուղթը կազմելիս, երբ կողմերը փոխադարձաբար ամրագրում են փոխառությամբ սահմանված դրամը կամ գույքը փոխառուին հանձնելու փաստը: ՈՒստի փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցապահանջի նկատմամբ կիրառման ենթակա հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել փոխառությամբ սահմանված դրամը կամ գույքը փոխառուին հանձնելու փաստը որևէ եղանակով ամրագրելու պահին հաջորդող օրվանից: Նման դատողությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մի կողմից օրենսդիրը փոխառության պայմանագրի կնքվածությունն անմիջականորեն կախվածության մեջ է դրել փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու փաստից, իսկ մյուս կողմից հայցային վաղեմության ժամկետների հոսքի սկիզբն օրենսդիրը պայմանավորել է այնպիսի հանգամանքների ուժով, որպիսի պայմաններում անձը հաստատապես իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին: Վերոգրյալից հետևում է, որ պայմանագրում նշված դրամը կամ գույքը ստացված չլինելու հանգամանքը ողջամտորեն պետք է հայտնի լինի փոխառուին անմիջապես այն դեպքում, երբ վերջինս հավաստում է դրամը կամ գույքը ստանալու փաստը: Տվյալ պարագայում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորվում է փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու փաստն ամրագրելու (գրավոր ձևակերպելու) իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից:

Սույն գործով 28.04.2016 թվականին դիմելով դատարան` Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված: Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին փոխառության պայմանագիրը կնքելիս:

Դատարանը, հայցը բավարարելով, ի թիվս այլնի, նշել է, որ «հայցվորներն իրենց իրավունքի խախտման մասին իմացել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 2014 թվականի մարտի 31-ին կայացված դատավճռից, որն ուժի մեջ է մտել 08.08.2014 թվականին, հետևաբար հայցվորների համար սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը դատարան ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվել է այդ օրվանից, այսինքն` 08.08.2014 թվականից, ուստի հայցադիմումը կարող էր ներկայացվել մինչև 08.08.2017 թվականը, հետևաբար այն ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի ընթացքում»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` հարկ է արձանագրել հետևյալը.

Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրի 1.2 կետով հավաստել են փոխառության գումարը ստանալու փաստը` արձանագրելով, որ փոխառուն փոխատուից վերցրեց 5.475.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել: Եվս մեկ անգամ անհրաժեշտ է ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, որը կարող է պայմանավորված լինել այս կամ այն իրադարձության վրա հասնելու հետ: Այսինքն` օրենսդիրն իրավունքի խախտման մասին անձի տեղեկացված լինելը պայմանավորել է տվյալ անձի կողմից այդ մասին հաստատապես իմանալու հանգամանքով կամ որոշակի հիմքերի առկայության դեպքում այդ մասին ողջամտորեն տեղեկացված լինելու կանխավարկածով: Ընդ որում, եթե առաջին դեպքում շահագրգիռ անձի իրազեկվածության փաստը կարող է հաստատվել ուղղակի ապացույց(ներ)ով, ապա մյուս դեպքում նման հետևությունը կարող է բխեցվել նաև գործի հանգամանքներից: Տվյալ պարագայում պայմանագրի կողմերի կողմից գումարը ստանալու փաստի ամրագրումը գրավոր եղանակով կարող է դիտարկվել գումարը հանձնելու իրադարձություն, որով էլ օրենսդիրը պայմանավորել է փոխառության պայմանագրի կնքված լինելու հանգամանքը, և դրա հաջորդ օրվանից հնարավոր է հաշվարկվի փոխառուի կողմից փոխառության պայմանագրի` անփողության հիմքով վիճարկման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետը: Այսինքն` նշված փաստի արձանագրման պահին, եթե փոխառուն փաստացի ստացել է պայմանագրով նշված փոխառության գումարից ավելի պակաս գումար, ողջամտորեն պետք է իմանար իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին: Սույն դեպքում Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանները և Նարինե Ասատրյանը, 12.03.2011 թվականին կնքելով բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը, դրանում ամրագրել են նաև գումարը հանձնելու և ստանալու իրողությունը, որի հաջորդ օրվանից` 13.03.2011 թվականից, ողջամտորեն ենթադրվում է, որ հայցվորները պետք է իմանային նաև իրենց իրավունքների խախտման փաստի վերաբերյալ:

Միաժամանակ, ըստ բողոքաբերի փաստարկների` Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանները ձեռնամուխ են եղել իրենց ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությանը դեռևս 2011 թվականին թիվ ԵՄԴ/0722/02/011 քաղաքացիական գործի շրջանակներում` դատարանից պահանջելով անվավեր ճանաչել իրենց և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը: Վերոգրյալ փաստարկից հետևում է, որ սույն գործով հայցվորների կողմից իրենց իրավունքների խախտման փաստի իրազեկվածությունը կարող է հիմնավորվել ոչ միայն ողջամտորեն հիմնավորվող կանխավարկածով, այլև ուղղակի ապացույցով` թիվ ԵՄԴ/0722/02/011 քաղաքացիական գործով կայացված վճռով, որով կարող է հաստատապես հիմնավորվել հայցային վաղեմության ժամկետի սկիզբը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է սակայն, որ նշված վճիռն առկա չէ սույն գործում, այն դեպքում, երբ կողմերը փաստարկել են դրա գոյությունը, ինչն այդուհանդերձ անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն նշված վճռի առկայության և հետազոտման պայմաններում է հնարավոր պարզել` արդյոք սույն գործով և նախկինում քննված գործով հայցվորները միևնույն անձինք են, ինչ փաստական և իրավական հիմքերով է հայցը հարուցվել և ինչ պահանջ է ներկայացվել նախկինում քննված գործի շրջանակներում: Վերը նշված հանգամանքների բացահայտումն էական նշանակություն կարող է ունենալ սույն գործով հայցվորների կողմից իրենց իրավունքների ենթադրյալ խախտման փաստի իրազեկվածությունը հաստատապես պարզելու և գնահատելու համար:

Նման պայմաններում սույն գործով առկա էր նոր քննության անհրաժեշտություն` վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո հայցային վաղեմության ժամկետի սկիզբը հաստատապես որոշելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Հատուկ կարծիքը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում գործը պետք է ուղարկվեր նոր քննության, այդ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէր անդրադառնալ գործի քննության ներկա փուլում:

Վերոգրյալ պատճառաբանություններից ելնելով` գտնում եմ, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման, այն է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը պետք է բեկանվեր և գործն ուղարկվեր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, իսկ դատական ծախսերի բաշխման հարցին պետք էր անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

    Դատավոր`                     Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.03.2019
N ԵՄԴ/1252/02/16
Որոշում