Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ ԵՎ 7 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/2612/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2612/02/17     2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի փետրվարի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռաֆիկ Ղազարյանի ներկայացուցիչ Դիանա Շախրամանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆիկ Ղազարյանի ընդդեմ «ԴԵԼՏԱ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` տեղեկություն տրամադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռաֆիկ Ղազարյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել իրեն հայտնել` արդյոք 2017 թվականի մայիսի 26-ին ժամը 16:00-ին հրավիրված արտահերթ ընդհանուր ժողովը կայացել է, թե` ոչ, և տրամադրել 2017 թվականի մայիսի 26-ի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրության քաղվածքը և, առկայության դեպքում, ժողովի արդյունքում կայացված որոշման պատճենը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 20.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է և Ընկերությունից հօգուտ Ռաֆիկ Ղազարյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 20.12.2017 թվականի վճիռը մասնակի` փաստաբանի խելամիտ վարձատրության մասով, բեկանվել է և այդ մասով դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Ղազարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն անհիմն է, քանի որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման միատեսակ կանոններ է նախատեսել բոլոր տեսակի դատական ծախսերի համար: Հետևաբար, եթե Վերաքննիչ դատարանը գտել է, որ պետական տուրքի գանձումը պատասխանողից կատարվել է օրինաչափորեն, ապա նույն մոտեցումը պետք է դրսևորեր նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի մասով:

Ավելին, «բավարարված հայցապահանջ» արտահայտությունը պետք է մեկնաբանել ոչ միայն որպես վճռի եզրափակիչ մասում «բավարարել» բառի նշումով հայցապահանջ, այլ որպես այնպիսի հայցապահանջ, որը դատարանի կողմից դիտարկվել է որպես իրավաչափ և բավարարման ենթակա, սակայն դատական ակտով չի բավարարվել զուտ այն պատճառաբանությամբ, որ հայցվորի պահանջը գործի քննության ընթացքում արդեն իսկ կատարվել է պատասխանողի կողմից: Միայն այդպիսի մեկնաբանությունն է համապատասխանում իրավաբանական օգնություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքն ապահովելու նպատակին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` փաստաբանի վարձատրության մասով օրինական ուժ տալ Դատարանի 20.12.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 20.12.2017 թվականի վճռով Ռաֆիկ Ղազարյանի հայցն` Ընկերությանը տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել է այն պատճառաբանությամբ, որ Ռաֆիկ Ղազարյանի պահանջը պատասխանողի կողմից կատարվել է գործի` դատարանում քննության ժամանակ (գ.թ. 47-50):

2) Դատարանի 20.12.2017 թվականի վճիռն Ընկերության կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է միայն դատական ծախսերի` փաստաբանի խելամիտ վարձատրության բռնագանձման ենթակա լինելու իրավական հնարավորության մասով (գ.թ. 62-64):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փաստաբանի վարձատրության` որպես դատական ծախսի բաշխման հարցին այն դեպքերում, երբ հայցը մերժվել է գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջի ամբողջությամբ կատարման հիմքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը: Նույն հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիադատավարական նորմերով սահմանել էր ինչպես դատական ծախսերի կազմը, այնպես էլ այդ ծախսերի` գործին մասնակցող անձանց միջև բաշխման կանոնները: Ընդհանուր կանոնի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև պետք է բաշխվեին բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Օրենսդրական այս ձևակերպման հիմքում ընկած էր մեղավոր անձի վրա պատասխանատվություն դնելու ընդհանուր իրավական սկզբունքը, որին համապատասխան էլ դատական ծախսերը կրելու կամ հատուցելու պարտականությունը պետք է կրեր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած դատավարության մասնակիցը: Հետևաբար դատական ծախսերի բաշխումն ուղղակիորեն հարաբերակցվում էր հայցվորի ներկայացրած պահանջի իրավաչափության և հիմնավորվածության հետ: Ընդհանուր այս կանոնից օրենսդիրը սահմանել էր մեկ բացառություն այն դեպքի համար, երբ գործին մասնակցող անձինք համաձայնություն էին կայացրել դատական ծախսերի բաշխման մասին. այս դեպքում դատարանը վճիռ կայացնելիս պետք է հիմք ընդուներ այդ համաձայնությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված` «բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն» արտահայտության տառացի մեկնաբանման դեպքում դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնի կիրառությունն անմիջականորեն պայմանավորված էր գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասում հայցը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու դատարանի եզրակացությամբ: Մինչդեռ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության ընթացքում դատական պրակտիկայում ի հայտ եկան այնպիսի դեպքեր, երբ նման մեկնաբանությամբ դատական ծախսերի բաշխումը կարող էր հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խաթարմանը, որի տարրերից է նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Մասնավորապես, առանձին դեպքերում հայցապահանջները մերժվում էին գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հիմքով: Նման իրավիճակներում գործում էր այն իրավաչափ կանխավարկածը, որ հայցվորը ներկայացրել է օրինական և հիմնավոր պահանջ, որը պատասխանողի կողմից փաստացի ընդունվել է և կամավոր կատարվել է: Այսինքն` հայցվորի կողմից ներկայացվել էր այնպիսի հայցապահանջ, որը ենթակա կլիներ բավարարման, եթե պատասխանողի կողմից պահանջը չկատարվեր գործի քննության ընթացքում: Քննարկվող դեպքում հայցի մերժումն ունի առանձնահատկություն, այսինքն` մերժումը պայմանավորված չէ հայցի անհիմն լինելով, այլ պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում պահանջի կատարման հետևանք է: Մինչդեռ այս պարագայում, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված` «բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն» արտահայտության տառացի մեկնաբանությունը, ստացվում էր, որ գործն ըստ էության լուծող դատական ակտով առկա չէ բավարարված հայցապահանջ, հետևաբար հայցվորի կատարած կամ կատարվելիք դատական ծախսերը ենթակա չէին հատուցման: Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ, սակայն, նման մոտեցումը կարող էր հանգեցնել անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խաթարմանը: Մասնավորապես, շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար դատարան դիմելիս կատարում է կամ պետք է կատարի որոշակի ծախսեր և եթե վեճը լուծվում է պատասխանողի կողմից հայցվորի պահանջը կամավոր կատարելու հիմքով հայցվորն իրավաչափ ակնկալիք ունի նաև այդ ծախսերի հատուցման մասով, քանի որ վերջինս դրանք չէր կատարի, եթե պատասխանողի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման արդյունքում դատարան դիմելու անհրաժեշտություն չծագեր: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված` «բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն» արտահայտությունը ենթակա է մեկնաբանման անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների արդյունավետ իրացման տեսանկյունից և «բավարարված հայցապահանջներ» արտահայտության ներքո պետք է դիտարկվեն նաև այն դեպքերը, երբ հայցվորի պահանջը գործի քննության ընթացքում փաստացի կատարվել է` բավարարվել է պատասխանողի կողմից, այսինքն` վեճն սպառվել է պատասխանողի գործողությունների արդյունքում, որպիսի պարագայում ևս դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող է դրվել պատասխանողի վրա:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նշված իրավական խնդիրն առանձնահատուկ կարգավորում է ստացել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է փաստաբանի խելամիտ վարձատրությանը` որպես դատական ծախս լինելու հանգամանքին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: ՈՒստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս, թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը 20.12.2017 թվականի վճռով Ռաֆիկ Ղազարյանի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «գործի դատաքննության փուլում պատասխանող ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է ապացույց առ այն, որ 26.05.2017 թվականին կայացած ընկերության արտահերթ ժողովի արձանագրությունն ուղարկվել է պատասխանողին, որը ստացվել է վերջինիս կողմից»: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հայցապահանջն առարկայազուրկ է, քանի որ փաստացի կատարվել է դատարանում գործի քննության ժամանակ, և վճռել է, որ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրությունը պետք է գանձվի Ընկերությունից:

Դատարանի 20.12.2017 թվականի վճիռն Ընկերության կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է միայն դատական ծախսերի` փաստաբանի խելամիտ վարձատրության բռնագանձման ենթակա լինելու իրավական հնարավորության մասով: Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքի բավարարման և Դատարանի 20.12.2017 թվականի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ փաստաբանի խելամիտ վարձատրությունը պետք է դիտել որպես դատական ծախս, և այն պետք է բաշխել կողմերի միջև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով, այսինքն` բավարարված պահանջներին համամասնորեն, որպիսին սույն գործով առկա չէ:

Մինչդեռ հիմք ընդունելով սույն որոշմամբ արված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող դատավարական կանոնների համատեքստում ևս դատական ծախսերը` ներառյալ փաստաբանի խելամիտ վարձատրությունը, ենթակա էին գանձման պատասխանողից նաև այն դեպքում, երբ հայցը մերժվել էր պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում հայցապահանջի կատարման հիմքով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում փաստաբանի վարձատրությունը պետք է գանձվեր Ընկերությունից, քանի որ հայցը մերժվել էր վերջինիս կողմից գործի քննության ընթացքում հայցապահանջը կատարելու արդյունքում, իսկ հայցվորը նշված դատական ծախսը կրել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել էր Դատարանը, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ է տալիս միայն փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման մասով` առանց անդրադառնալու վարձատրության չափի խելամտությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, համապատասխանաբար նաև վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն փաստաբանի խելամիտ վարձատրության բռնագանձման ենթակա լինելու իրավական հնարավորության հիմքով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 20.12.2017 թվականի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 31.05.2018 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի բաշխման իրավաչափության մասով, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների բողոքի համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2018 թվականի որոշման` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2017 թվականի վճիռը մասնակի` փաստաբանի խելամիտ վարձատրության մասով բեկանելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2017 թվականի վճռին:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.02.2019
N ԵԱՔԴ/2612/02/17
Որոշում