ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԱՎԴ/0002/01/14
Գործ թիվ ԱՎԴ/0002/01/14 2015 թ.
Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան
Դատավորներ` Գ. Ավետիսյան
Կ. Ղազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Հ. Պետրոսյանի
2015 թվականի փետրվարի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Վոլոդյայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով հարուցված թիվ 13800813 քրեական գործի նյութերով 2013 թվականի հոկտեմբերի 4-ին հարուցվել է թիվ 13112813 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և առանձնացվել առանձին վարույթում:
Նախաքննության մարմնի` 2013 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ Վարդան Վոլոդյայի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2013 թվականի հոկտեմբերի 7-ին Վ. Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության մարմնի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Վ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
2013 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 30-ի դատավճռով Վ. Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ պատժի կրման ընթացքում Վ. Ղազարյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում թմրամոլության դեմ:
Վ. Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքում ճանաչվել է անպարտ և արդարացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Վ. Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Մեղադրող Մ. Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը:
Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վ. Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վ. Ղազարյանը, 2013 թվականի ընթացքում կանեփի թփեր աճեցնելու համար արհեստականորեն ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն կանեփի թփի աճեցմանը, այն է` ապահովվել է լուսային, ջերմային և օդափոխության համար բոլոր պայմանները և իր տանը կից շինություններում հողով լի ծաղկամաններում, ինչպես նաև տան հողամասում աճեցրել ու մշակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր թվով 191 հատ մշակումն արգելված թմրանյութ պարունակող կանեփի` «Canabis» խմբի բույսեր» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 255-261):
6. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում Վ.Ղազարյանին արդարացնելով, պատճառաբանել է.»[ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը] բլանկետային է և օրենսդիրը նախատեսել է, որ հանցակազմ կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե մեկ այլ իրավական ակտով` տվյալ դեպքում օրենքով, պետք է արգելված լինի որոշակի բույսեր ցանել կամ աճեցնելը, կամ էլ օրենքով հատուկ կարգ պետք է սահմանված լինի դրանց մշակման համար, որի խախտումը նոր միայն կառաջացնի քրեական պատասխանատվություն:
Փաստորեն նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրելիս, մեղադրանքի հիմքում դրել է ՀՀ քր.օր-ին կից թիվ 5-րդ հավելվածի 5-րդ կետը: 5-րդ հավելվածի վերնագիրն է «Մշակումն արգելված` թմրամիջոցներ հոգեմետ /հոգեներգործուն/, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը»: Վերնագրից ակնհայտ է դառնում, որ մշակումն արգելված պետք է լինի այդ հավելվածում` որոնց թվում 5-րդ կետում, նշված բույսերը, որոնք իրենց մեջ պարունակում են թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր: Այսինքն հավելվածն է պահանջում որպեսզի մեկ այլ օրենքով կամ իրավական ակտով արգելված լինեն այդ բույսերը, (...) քանի որ չկա որևէ իրավական ակտ, որը կարգավորի, սահմանափակի կամ արգելի վերը նշված բույսերի ցանելը կամ աճեցնելը, ուստի Վարդան Ղազարյանի կամ այլ անձի կողմից կանեփ տեսակի բույսի աճեցումը չի կարող դիտվել հանցագործություն և անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության ու քանի որ բացակայում է հանցադեպը, ապա Վարդան Ղազարյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով, ուստի և նա պետք է անպարտ ճանաչվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցադեպի բացակայության հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 84-92):
7. Անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանը ևս իր դատական ակտում նշել է, որ. «ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը բլանկետային է, այսինքն պետք է քրեորեն պատժելի համարվի մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործող, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, իսկ ՀՀ-ում բացակայում է որևէ իրավական ակտ կամ օրենքով սահմանված հատուկ կարգ դրանց մշակումն արգելելու համար, ուստի տվյալ դեպքում կանեփ տեսակի բույսի աճեցնելը չի կարող քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 153-158):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Մասնավորապես, բողոք բերած անձը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի բաղկացուցիչ մաս հանդիսացող թիվ 5 հավելվածը, սահմանելով մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը, դրանով իսկ միաժամանակ սահմանում է նաև այդ ցանկում թվարկված բույսերի մշակման արգելք, ինչը բավարար պայման է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի կիրառման համար: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 5 հավելվածն ինքնին արգելում է դրանում թվարկված բույսերի մշակումը: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի քրեաիրավական նորմը և այն չդիտարկելով ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 5 հավելվածի արգելող կանոնի հետ միասնության մեջ, թույլ է տվել դատական սխալ, այն է` քրեական օրենքի սխալ կիրառում, որի արդյունքում հանցանք կատարած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից: Ըստ բողոքաբերի` քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի արդարացումը խախտում է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը` բողոքաբերը նշել է, որ այն նույնպես անհիմն է և չպատճառաբանված, քանի որ բառացիորեն վկայակոչում է ստորադաս դատարանի դիրքորոշումն առանց որևէ այլ հիմնավորման:
9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ` թիվ ԵԿԴ/0013/01/13 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունվարի 17-ի դատավճռում այդ նորմին տրված մեկնաբանությանը: Մասնավորապես, նշված դատավճռում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը և թիվ 5 հավելվածը, հանգել է եզրակացության, որ օրենսդրի կողմից քրեորեն պատժելի արարք է համարվում խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, այսինքն` մշակելը, ինչն արգելված է: Իսկ կանեփի թուփը պարունակում է թմրանյութ, հետևաբար դրա մշակումն արգելված է: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նման եզրահանգման է եկել` գտնելով, որ «մշակումն արգելված» բառակապակցությունը (ինչը նշանակում է ցանել, ջրել, աճեցնել, քաղհանել և այլն) չի կարող վերաբերել թմրանյութերին, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութերին, որոնց ստացումը, ստեղծումն ու արտադրությունը կապված է այլ գործողությունների հետ, այլ այն վերաբերում է թմրանյութեր, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի մշակմանը, ինչն օրենքով արգելված է:
Բողոքաբերի պնդմամբ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է նաև նույնանման փաստական հանգամանքներով թիվ ԱՎԴ/0101/01/13 և թիվ ԱՎԴ2/0054/01/13 գործերով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխանաբար 2013 թվականի դեկտեմբերի 17-ի և 2014 թվականի հունվարի 24-ի, թիվ ԵԱՆԴ/0087/01/13 գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի, թիվ ԿԴ3/0048/01/13 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունվարի 24-ի, թիվ ԱՐԱԴ1/0032/01/13, թիվ ԱՐԱԴ1/0033/01/13 և թիվ ԱՐԱԴ1/0028/01/13 գործերով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխանաբար 2014 թվականի փետրվարի 3-ի, 2014 փետրվարի 7-ի և 2014 թվականի ապրիլի 10-ի մեղադրական դատավճիռներում այդ նորմին տրված մեկնաբանությանը:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացումն է, քանի որ տարբեր գործերով ստորադաս դատարանների դատական ակտերում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը (մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը) կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու հանցակազմի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վ.Ղազարյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր առանձնապես խոշոր չափերով ապօրինի ցանելը կամ աճեցնելը) որակելու անհնարինության մասին ստորադաս դատարանների հետևությունը:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան ձևակերպված է հետևյալ բովանդակությամբ. «Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով»:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը պատասխանատվություն է սահմանում համապատասխան բույսերն առանձնապես խոշոր չափերով ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար:
Մեջբերված հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից երևում է, որ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առկա է, երբ նա ապօրինի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափով ցանում կամ աճեցնում է մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր: Այլ խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
ա) անձը ցանել կամ աճեցրել է մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով,
բ) (ա) կետում նշված չափերով համապատասխան բույսերը անձը ցանել կամ աճեցրել է ապօրինի:
Վերոնշյալ (ա) կետում շարադրված պայմանը կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքին կից թիվ 5 հավելվածով (այսուհետ նաև` Հավելված 5), որը սահմանում է մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը: Ինչ վերաբերում է (բ) կետում նշված պայմանին, այն է` համապատասխան բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, ապա կոնկրետ դեպքում «ապօրինի» եզրույթը ենթադրում է, որ պետք է առկա լինի քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողություններն իրականացնելու (ցանելու կամ աճեցնելու)` նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգ, իսկ իրավակիրառողը այդ կարգի հաշվառմամբ պետք է քննություն իրականացնի և գնահատման ենթարկի այդ բույսերը ցանելու կամ աճեցնելու օրինականությունը:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի ձևակերպումից հետևում է, որ այն նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով. քրեական պատասխանատվություն նախատեսելով կոնկրետ չափերով համապատասխան բույսեր ապօրինի, այսինքն` օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար` այն չի սահմանում այդ պահանջները և, ըստ այդմ, ենթադրում է հղում նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի), որը պետք է ամրագրի դրանք: Դրանից հետևում է, որ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու օրինականության պահանջների վերաբերյալ կարգավորումները բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել նորմատիվ իրավական այլ ակտերի օգնությանը:
Այսպես` թմրանյութերի և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքն է (այսուհետ նաև` Օրենք): Սակայն այս ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումներ պարունակում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը: Բացի այդ, առկա են թմրամիջոցների շրջանառությանն առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշումներ:
15. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառություն ասելով` պետք է հասկանալ նշված նյութերի մշակումը, արտադրությունը, պատրաստումը, վերամշակումը, մեծածախ առևտուրը, տեղափոխումը, պահումը, բացթողումը, իրացումը, ձեռքբերումը, օգտագործումը, առաքումը, բաշխումը, արտահանումը, ներմուծումը և ոչնչացումը: Ըստ այդմ էլ Օրենքում տրված առանձին կարգավորումները վերաբերում են թմրամիջոցների շրջանառության` բացառապես նշված ձևերի հետ կապված իրավահարաբերություններին: Վերոշարադրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով և այս կամ այն չափով կանոնակարգելով թմրամիջոցների (ընդ որում, Օրենքում տեղ գտած հիմնական հասկացությունները սահմանող 3-րդ հոդվածի համաձայն` թմրամիջոցներ ասելով` պետք է հասկանալ նաև այդպիսիք պարունակող բույսերը) շրջանառության ձևերը, դրանց շարքում, սակայն, չի ներառում թմրանյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը և, ըստ այդմ, որևէ օրենսդրական կարգավորում չի պարունակում նշված գործողությունների կատարման կարգի վերաբերյալ: Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի դրույթ այն մասին, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների հիմնական լիազորություններն են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի վեգետացիոն շրջանի ժամկետների և այդ կապակցությամբ վերահսկման ենթակա տարածքների սահմանագծերի հաստատումը:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման վերլուծությունից հետևում է, որ թմրանյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը չի կլանվում նաև «թմրամիջոցների մշակում» հասկացության ներքո:
Մասնավորապես, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» մասին ՀՀ օրենքի` «Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը» վերտառությամբ 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բժշկական նպատակներով օգտագործվող նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն իրականացվում է միայն պետական պատվերներին համապատասխան և հանձնարարվում է գիտահետազոտական կազմակերպություններին: Իսկ թմրամիջոցների շրջանառության, այդ թվում` մշակման կարգը սահմանող ՀՀ կառավարության վերոգրյալ որոշումը պարունակում է մշակման վերաբերյալ միայն մեկ դրույթ` նույն որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ կետը, համաձայն որի` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակման, արտադրության, պատրաստման համար անհրաժեշտ են ասիստենտական սենյակ, փաթեթավորման սենյակ` լվացարանով, ամանեղենի մանրէազերծման սենյակ, պահեստ, շշերի պահպանման սենյակ, դեղափոշիների պահպանման սենյակ, տնտեսական ապրանքների պահպանման սենյակ, սանհանգույց` լվացարանով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «մշակում» եզրույթը ներպետական օրենսդրության իմաստով ենթադրում է ոչ թե համապատասխան բույսերի սերմեր ցանելը և (կամ) դրանք աճեցնելը, այլ թմրամիջոցների` լաբորատոր պայմաններում ստացման գործընթացը:
15.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 18-ի թիվ 281-Ն որոշման վերլուծությունից հետևում է, որ ի տարբերություն թմրամիջոցների (կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների) արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանը և մեծածախ առևտրին` թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու գործունեության լիցենզավորման կարգ նույնպես սահմանված չէ:
16. Այսպիսով, մի կողմից նախատեսված է քրեական պատասխանատվություն օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված կարգի խախտմամբ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու համար, մյուս կողմից որևէ կարգ նախատեսված չէ: Նախատեսելով քրեական պատասխանատվություն թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար` օրենսդիրը նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ նշված գործողություններն իրականացնելն իրավաչափորեն դիտարկել է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության ձև, սակայն չնախատեսելով համապատասխան կարգ` ըստ էության հետևողական չի եղել խնդրի համապարփակ օրենսդրական կարգավորման հարցում:
17. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի, այսինքն` նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, սակայն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված չէ նշված բույսերը ցանելու կամ աճեցնելու որևէ կարգ:
18. Այս առումով անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «(...) Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: (...)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: (...)»:
19. Նախորդ կետում նշված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ. «(...) [Ա]նձին հանցագործություն (հանցագործություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործության (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համարվելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով:
(...) «[Չ]կա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 13-րդ կետը):
19.1. Դ.Սիմիդյանի գործի շրջանակներում զարգացնելով Վ. Ավետիսյանի գործով արտահայտված վերոհիշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը նշել է. «(...) միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (...): Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (...): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (...): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (...):
(...) օրենքի` իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է` օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը` ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին:
(...) ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Հետևաբար նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է:
(...) դատական մեկնաբանման շրջանակները սահմանափակված են օրինականության սկզբունքով: Այդպիսի մեկնաբանումը հնարավոր է այն դեպքում, երբ իրականացվում է օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորման շրջանակներում, բխում է դրա էությունից և բացառում քրեական օրենքի տարածական մեկնաբանումը կամ անալոգիայով կիրառումը: Վերոգրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: Նման դեպքերում օրենքը չի համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման» (տե՛ս Դավիթ Սիմիդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԵԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը):
20. Վերահաստատելով և զարգացնելով 19-19.1. կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմի որոշակի լինելու պահանջը հատուկ նշանակություն ունի քրեական օրենքի համար` հաշվի առնելով այն իրավական հետևանքների առանձնահատուկ բնույթը, որոնք առաջանում են քրեաիրավական նորմի պահանջների խախտման պարագայում: Այս պահանջի խախտումը արժեզրկում է ոչ միայն օրինականության, այլ նաև քրեական իրավունքի մյուս սկզբունքները: Քրեաիրավական նորմը պետք է պարունակի հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ), հակառակ պարագայում այդ նորմի հասցեատերը զրկվում է իր վարքագիծը դրա պահանջներին համապատասխանեցնելու և համապատասխան իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից: Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը նման դեպքում հանգեցնում է նաև օբյեկտիվ մեղսայնացման` խախտելով ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը:
21. Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի դիսպոզիցիան նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով` վերոհիշյալ նորմը պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել համապատասխան ճյուղային օրենսդրության նորմերի հետ ունեցած համակարգային կապերի լույսի ներքո: ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը, պատասխանատվություն նախատեսելով թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի, այլ կերպ` նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, ինքնին համապատասխան գործողությունների իրականացման կարգ չի սահմանում` թողնելով դա այլ իրավական ակտերի կարգավորմանը: Մինչդեռ թմրանյութերի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրորեն կանոնակարգված չէ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու կարգը: Այսպիսով, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման կարգը: Իսկ նման պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքում անձի գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստի և նրա արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ. Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս կանեփի թփեր աճեցնելու համար արհեստականորեն ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են կանեփի թփի աճեցմանը, այն է` ապահովել է լուսային, ջերմային և օդափոխության համար բոլոր պայմանները և իր տանը կից շինություններում հողով լի ծաղկամաններում, ինչպես նաև տան հողամասում աճեցրել ու մշակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր թվով 191 հատ մշակումն արգելված թմրանյութ պարունակող կանեփի` «Canabis» խմբի բույսեր (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները գտել են, որ նախաքննության մարմինը Վ. Ղազարյանի կողմից կանեփի բույսեր աճեցնելու գործողություններին տվել է ոչ ճիշտ իրավական գնահատական: Վերոհիշյալ դիրքորոշումը ստորադաս դատարանները հիմնավորել են նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը բլանկետային է, այսինքն` քրեորեն պատժելի է համարվում մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, մինչդեռ առկա չէ որևէ նորմատիվ իրավական ակտ, որը կսահմաներ այդպիսի բույսեր ցանելու կամ աճեցնելու կարգը: Արդյունքում դատարանները եզրահանգել են, որ Վ. Ղազարյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել կանեփի բույսեր աճեցնելու համար, քանի որ վերջինիս արարքում բացակայում է հանցագործության դեպքը (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):
23. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով 14-21-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վ. Ղազարյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որակելու անհնարինության մասին ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր է:
24. Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՈՒստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը` Վարդան Վոլոդյայի Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով արդարացնելու մասին, թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան