Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ, «ԼԻՑԵՆԶԱՎՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/0282/05/11

    դատարանի որոշում                                                2012թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0282/05/11

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տեսչության ընդդեմ «Հասմիկ-Ա» ՍՊԸ-ի տնօրեն Մարուսյա Զալինյանի (այսուհետ` Ընկերության տնօրեն)` 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Ընկերության տնօրենի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 12.11.2010 թվականի թիվ 9 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել վճարման կարգադրություն Ընկերության տնօրենից 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 14.01.2011 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերության տնօրենը պահանջել է վերացնել Տեսչության 12.11.2010 թվականի թիվ 9 որոշումը:

Դատարանի 31.01.2011 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:

Դատարանի 11.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2012 թվականի որոշմամբ Ընկերության տնօրենի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 11.07.2011 թվականի վճիռը, և հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն, այն է` անվավեր է ճանաչվել Տեսչության 12.11.2010 թվականի թիվ 9 որոշման 2-րդ կետը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Ընկերության տնօրենը կառուցապատող է, որի իրականացրած շինարարական աշխատանքների համար պահանջվում է շինարարության թույլտվություն: Իսկ շինարարության թույլտվության համաձայն կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ շինարարական աշխատանքներն իրականացնողի մոտ առկա լինի համապատասխան լիցենզիա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.07.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 13.10.2010 թվականի թիվ Տ1-301 ստուգման հանձնարարագրով քաղաքաշինական պետական տեսուչ Արտաշես Սարգսյանին հանձնարարվել է 13.10.2010 թվականից մինչև 26.10.2010 թվականը ստուգել Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի թիվ 747/1 խանութի վերակառուցումը (հատոր 1-ին, գ.թ. 6):

2. 20.10.2010 թվականի թիվ S1-301/01/01 արձանագրության համաձայն` «Կառուցապատող Մ. Զալինյանն առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել է լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ», որպիսի խախտումները բնորոշվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7 -րդ և 154-րդ հոդվածներով (հատոր 1-ին, գ.թ. 8):

3. 20.10.2010 թվականի թիվ S1-301/01 ստուգման ակտով արձանագրվել է, որ «Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 17-րդ կետի` կառուցապատող Մ. Զալինյանի կողմից կատարված քանդման աշխատանքները համարվում են լիցենզավորման ենթակա գործունեություն: Կառուցապատող Մ. Զալինյանն առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել է լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ: Վերոհիշյալ շինարարական աշխատանքները համարվում են ինքնակամ» (հատոր 1-ին, գ.թ. 7):

4. Տեսչության 12.11.2010 թվականի թիվ 9 որոշման 1-ին կետով Երևանի քաղաքապետին առաջարկվել է օրենքով սահմանված կարգով կազմակերպել Նոր Նորքի 5-րդ միկրոշրջանի Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի թիվ 747/1 խանութի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքների կասեցումը և հետևանքների վերացումը, իսկ 2-րդ կետով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածի հիմքով Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 300.000 ՀՀ դրամ տուգանք (հատոր 1-ին, գ.թ. 4-5):

5. Երևանի քաղաքապետի 03.11.2010 թվականի թիվ Վ-39/7 որոշմամբ Ընկերության տնօրենի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի հիմքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամ տուգանք: Նույն որոշմամբ շինարարական աշխատանքներ իրականացրած Արտակ Ղազարյանի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճվել է` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի հիմքով իրավախախտող կարող է համարվել տարածքը սեփականության իրավունքով տիրապետող անձը, որպիսին Արտակ Ղազարյանը չի հանդիսացել (հատոր 1-ին, գ.թ. 17-18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (այսուհետ` կառուցապատող): ... Կառուցապատողները պարտավոր են` ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա ...:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: ... Շինարարության թույլտվություն չի պահանջվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է նույն հոդվածի աղյուսակում: Նույն հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` քաղաքաշինության բնագավառ, 17-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` շինարարության իրականացումը, բացառությամբ` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, ենթակա է լիցենզավորման:

i

ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 91 որոշման 1.1 կետի բ) ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկը, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում` համաձայն թիվ 2 հավելվածի: Նշված հավելվածի 6-րդ և 7-րդ` «Լուսամուտներ, դռներ ու դարպասներ», «Սանդուղքներ և սանդղամուտքեր», կետերով դռների և պատուհանների բացվածքների, ինչպես նաև հարթակի և աստիճանների իրականացման շինարարական աշխատանքներն ընդգրկված չեն շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքաշինական գործունեություն իրականացնող սեփականատերը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի ուժով հանդիսանում է կառուցապատող: Կառուցապատողի կողմից կառուցապատման աշխատանքները պետք է իրականացվեն շինարարության թույլտվության հիման վրա, բացառությամբ այն շինարարական աշխատանքների, որոնց իրականացման համար ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ շինարարության թույլտվություն չի պահանջվում: Ընդ որում, շինարարության թույլտվություն պահանջող կառուցապատման աշխատանքներն իրականացվում են բացառապես համապատասխան լիցենզիայի առկայությամբ, այսինքն` ենթակա են լիզենզավորման:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածի համաձայն` կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Դատարանը հայցը բավարարելիս և հակընդդեմ հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 36 շենքի առաջին հարկում Ընկերությանը պատկանող թիվ 747/1 խանութի տարածքը պարփակող քար» պատերում իրականացվել են թվով մեկ դռան և հինգ պատուհանների բացվածքների, ինչպես նաև մուտքի կազմակերպման շինարարական աշխատանքներ: Տվյալ դեպքում տարածքի սեփականատեր Ընկերությունը հանդիսացել է որպես կառուցապատող, շինարարական աշխատանքներն իրականացվել են ինքնակամ` առանց նման աշխատանքներ կատարելու համար տրված շինարարության թույլտվության և առանց նման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար տրված լիցենզիայի` առանց նման լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով»: Միաժամանակ Դատարանը նշել է, որ հակընդդեմ հայցով վիճարկվող որոշումն իր բովանդակությամբ համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, իսկ դրա ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացվել է նույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ, և բացակայում են վարչական ակտն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց` պայմանագիր կամ այլ փաստաթուղթ, որով կհաստատվեր, թե Ընկերության տնօրենի կողմից կատարված աշխատանքները նախ` լիցենզավորման ենթակա աշխատանքներ են, և երկրորդ` դրանք կատարվել են առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով: Դրանից էլ կարելի է ենթադրել, որ Ընկերության տնօրենն ինքնուրույն է իրականացրել շինարարական աշխատանքները, որպիսի պայմաններում լիցենզիա հարկավոր չէ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածն Ընկերության տնօրենի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ հոդվածով հստակ նշված է, որ կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպքում են ենթարկվում վարչական պատասխանատվության:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Ընկերությունը, որն իր գործառույթները «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն իրականացնում է գործադիր մարմնի (գլխավոր տնօրեն, նախագահ և այլք) միջոցով, որպես կառուցապատող Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 36 շենքի առաջին հարկում սեփականության իրավունքով իրեն պատկանող թիվ 747/1 խանութի տարածքը պարփակող քար» պատերում իրականացրել է թվով մեկ դռան և հինգ պատուհանների բացվածքների, ինչպես նաև մուտքի կազմակերպման ինքնակամ` առանց շինարարության թույլտվության, շինարարական աշխատանքներ: Նշված շինարարական աշխատանքներն իրականացրել է Արտակ Ղազարյանը, որպիսի հանգամանքն էլ հաստատված է Երևանի քաղաքապետի 03.11.2010 թվականի թիվ Վ-39/7 որոշմամբ: Այսինքն` Ընկերության տնօրենն առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձի միջոցով իրականացրել է լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ, որպիսի արարքն առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ:

i

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցով վիճարկվող որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջներին հապատասխան, ուստի բացակայում են վարչական ակտն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության հայցը ենթակա է բավարարման, իսկ Ընկերության տնօրենի հակընդդեմ հայցը` մերժման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 11.07.2011 թվականի վճռին:

2. «Հասմիկ-Ա» ՍՊԸ-ի տնօրեն Մարուսյա Զալինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2012
N ՎԴ/0282/05/11
Որոշում