Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ, 72-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ2/0359/05/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0359/05/10

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կոճղասար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել նշված ստուգման ակտով առաջադրված 900.000 ՀՀ դրամ հաստատագրված վճարի գծով լրացուցիչ հարկային պարտավորության գումարը:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 29.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է` առ ոչինչ է ճանաչվել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտը, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 29.12.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ, 72-րդ հոդվածները, 117.12-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում Տեսչությունը չի փաստարկել այն հանգամանքը, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից` քննության առնելով այնպիսի հանգամանք, որն արտացոլված չէ վերաքննիչ բողոքում` դրանով իսկ դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճռի ներածական մասում Դատարանն արձանագրել է, որ քննում է «ստուգման ակտն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու մասին» գործ, ինչից հետևում է, որ պարզապես առկա է գործի ելքի վրա ազդեցություն չունեցող գրավրիպակ և անկախ նրանից, թե ներկայացվել է ակտի անվավերության, թե դրա առ ոչինչ լինելու պահանջ, միևնույն է Դատարանը հայցի առարկայից դուրս չի եկել:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 62-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից բոլոր ապացույցների ուսումնասիրության արդյունքում պարզվել է վիճարկվող ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.12.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 23.07.2010 թվականի թիվ 2321549 հանձնարարագրի համաձայն` հանձնարարվել է Ընկերությունում կատարել հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում (գ.թ. 18):

2) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 27.07.2010 թվականի թիվ 2321549 ակտում, որի համաձայն` Ընկերությանն առաջադրվել է հաստատագրված վճարի գծով 900.000 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն (գ.թ. 19-20):

3) Սույն գործով Ընկերությունը ներկայացրել է Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտն առ ոչինչ լինելու, անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմում, Դատարանը 11.11.2010 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը, իսկ 20.12.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Ընկերությունը խնդրել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտը (գ.թ. 1-5, 39, 62, 85):

4) Սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Տեսչությունը չի նշել այն հանգամանքը, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից` քննելով Ընկերության հայցադիմումի հիման վրա չհարուցված գործ (գ.թ. 110-115):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ տվյալ դեպքում հայցադիմումի բովանդակած պահանջը վերաբերում է ստուգման ակտն անվավեր ճանաչելուն, իսկ Դատարանի 11.11.2010 թվականի որոշմամբ հարուցվել և քննվել է մեկ այլ գործ` նույն ստուգման ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, գտել է, որ Դատարանը չի քննել այն գործը, որը ենթակա էր քննության Ընկերության ներկայացրած հայցադիմումի հիման վրա և ի սկզբանե` հայցադիմումը վարույթ ընդունելու փուլից սկսած, դուրս է եկել հայցի շրջանակներից:

Մինչդեռ, սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Տեսչությունը չի փաստարկել այն հանգամանքը, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից` քննելով Ընկերության հայցադիմումի հիման վրա չհարուցված գործ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անդրադառնալով վերաքննիչ բողոքում չբարձրացված հարցի քննարկմանը` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից` չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ չնայած այն հանգամանքին, որ Դատարանը վարույթ է ընդունել ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին հայցադիմում, սակայն Ընկերությունը ներկայացրել է նշված ստուգման ակտն առ ոչինչ լինելու, անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմում, իսկ գործի քննության ընթացքում խնդրել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել այդ ստուգման ակտը, հետևաբար Դատարանը, վիճարկվող ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելով, սույն գործով հայցի շրջանակներից դուրս չի եկել:

 

2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է Վերաքննիչ դատարանում նոր քննության, քանի որ բավարարելով վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության` Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ՎԴ2/0359/05/10
Որոշում