ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0780/02/09
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0780/02/09
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Հայկ Սահակյանի հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հայկ Սահակյանը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, բռնագանձել 1.318.300 ՀՀ դրամ` որպես պատճառված նյութական վնաս, և 15.400 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Հայկ Սահակյանի բռնագանձվել է 215.100 ՀՀ դրամ, որից 118.300 ՀՀ դրամը` որպես վնաս, իսկ 96.800 ՀՀ դրամը` որպես բաց թողնված օգուտ, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2009 թվականի որոշմամբ Հայկ Սահակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.09.2009 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է. Հայկ Սահակյանի հայցի` բարոյական վնասի հատուցման պահանջի մասով գործի վարույթը կարճվել է, իսկ 118.300 ՀՀ դրամ վնասի հատուցման պահանջի մասով` մերժվել: Մնացած մասով Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Հայկ Սահակյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձվել է 3.549 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից Վերաքննիչ դատարանում նախապես վճարված պետական տուրք, ինչպես նաև Հայկ Սահակյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 178.660 ՀՀ դրամ` որպես Դատարանում հայցադիմում ներկայացնելու համար նախատեսված, բայց չբռնագանձված պետական տուրք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Սահակյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ դատարանի 27.01.2010 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի 08.09.2010 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը լուծելու համար ՀՀ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելը:
ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասն այնքանով, որքանով չի սահմանում այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր:
Վճռաբեկ դատարանի 24.01.2011 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/0780/02/09 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Դատարանը Հայկ Սահակյանի կողմից 118.300 ՀՀ դրամի պահանջին անդրադառնալիս չի պարզել այդ ծախսերի անհրաժեշտ և ողջամիտ լինելը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայկ Սահակյանի կողմից ներկայացված իր եղբոր` Արմեն Սահակյանի գրություն-հաշվարկը և որպես վկա Դատարանում տված ցուցմունքը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության 24.02.2009 թվականի գրությունը վերաբերելի և անհրաժեշտ ապացույցներ են անհիմն կալանքի տակ գտնված հայցվորի կրած վնասի հաստատման համար: Այն, որ հանձնուքները եղել են սննդամթերք և հագուստ, ակնհայտ է, քանի որ կալանքի տակ գտնված անձանց սնվելու և հագնվելու պարագաներ են պետք, իսկ դրանք ընդունելիս մանրամասն զննման են ենթարկվում, և չթույլատրված առարկաները չեն ընդունվում:
Դատարանը մերժել է Հայկ Սահակյանի հայցը բարոյական վնասի փոխհատուցման պահանջի մասով` այդ ինստիտուտը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ, իսկ Վերաքննիչ դատարանը գործի վարույթն այդ մասով կարճել է` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բարոյական վնասի փոխհատուցում չի նախատեսել, սակայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) սահմանում է բարոյական վնասի հատուցում: Մասնավորապես` Թահիր Էլսին և մյուսներն ընդդեմ Թուրքիայի (գործ թիվ 23145/93 և 25091/04), 13.11.2003 թվականի Սուլեյման Յիլդիրիմն ընդդեմ Թուրքիայի (գործ թիվ 40518/98) 29.06.2004 թվականի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) վճիռներով նախադեպ է ստեղծվել պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու վերաբերյալ, ինչն էլ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով պարտադիր է դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշել է Հայկ Սահակյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 178.660 ՀՀ դրամ` որպես Դատարանում հայցադիմում ներկայացնելու համար նախատեսված, բայց չբռնագանձված պետական տուրք այն դեպքում, երբ հենց նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը Հայկ Սահակյանի կողմից ներկայացված բարոյական վնասի պահանջը չի բավարարել` պատճառաբանելով, որ այն ոչ գույքային պահանջ է, իսկ ՀՀ օրենսդրությամբ դրա համար հատուցում նախատեսված չէ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ծանրաբեռնելով պետական տուրք մուծելու հսկայական գումարներով Հայկ Սահակյանին, որը 44 օր գտնվել է անհիմն կալանքի տակ, դրել է մի իրավիճակի մեջ, որը խոչընդոտում է նրան իրեն պատճառված վնասի մասով ներկայացնելու իր արդարացի պահանջը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Հայկ Սահակյանի օգտին բռնագանձել 15.400 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում, 118.300 ՀՀ դրամ` որպես պատճառված գույքային վնաս, ինչպես նաև բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2009 թվականի որոշման` Դատարանում հայցադիմում ներկայացնելու համար որպես պետական տուրք 178.660 ՀՀ դրամ բռնագանձելու մասը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Հռիփսիմե Գինոսյանի հայտարարության հիման վրա` 07.08.2007 թվականին Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի Արցախի փողոցի 12-րդ շենքի թիվ 28 բնակարանի բնակիչ Հռիփսիմե Գինոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ (հատոր 1-ին, գ. թ. 20):
2. 30.08.2007 թվականին Հայկ Սահակյանը ձերբակալվել է, իսկ 31.08.2007 թվականի որոշմամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը (հատոր 1-ին, գ. թ. 20):
3. Նախաքննության ընթացքում դատարանի 28.09.2007 թվականի որոշմամբ Հայկ Սահակյանը գրավով ազատվել է կալանքից, սակայն քրեական հետապնդման մարմինը 04.10.2007 թվականի որոշմամբ վերացրել է գրավի ձևով ընտրված խափանման միջոցը և Հայկ Սահակյանը կրկին կալանավորվել է, իսկ 22.10.2007 թվականի որոշմամբ դատարանը, բավարարելով պաշտպանական բողոքը, վերացրել է քննիչի 04.10.2007 թվականի գրավի ձևով ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը` ուժի մեջ թողնելով դատարանի` 28.09.2007 թվականին ընտրված կալանավորում խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին որոշումը, և Հայկ Սահակյանին անհապաղ ազատ է արձակել կալանքից (հատոր 1-ին, գ. թ. 19):
4. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.12.2007 թվականի դատավճռով Հայկ Սահակյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել է (հատոր 1-ին, գ. թ. 17-18):
5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 28.03.2008 թվականի որոշմամբ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշման մեջ արձանագրվել է, որ «Հ. Սահակյանն անազատության մեջ է եղել 2007 թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 28-ը և նույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 19-ը» (հատոր 1-ին, գ. թ. 20):
6. Ըստ գործում առկա հանձնուքների վերաբերյալ ցուցակի` հայցվորին քրեակատարողական հիմնարկ տարվել է 16 անվանում սննդամթերք` 41.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, և 14 անվանում հագուստ ու անհրաժեշտ այլ պարագաներ` ընդհանուր 76.800 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև կատարվել է տրանսպորտային ծախս` 2.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ. թ. 11-12):
7. Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության 24.02.2009 թվականի գրության` Հայկ Սամվելի Սահակյանի անձնական գործում գտնվող տեսակցությունների, հանձնուքների, փաթեթների և ծանրոցների հաշվառման քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 30.08.2007թ.-ից մինչև 28.09.2007 թ. և 04.10.2007 թ-ից մինչև 19.10.2007 թվականը գտնվելու ընթացքում իր եղբոր` Արմեն Սահակյանի կողմից ստացել է հանձնուք 7 (յոթ) անգամ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 107 կգ: Նշված ժամանակահատվածում գործող կարգի համաձայն` հանձնուքներ ընդունելու դիմումների պահպանման ժամկետը եղել է մեկ տարի, ուստի հնարավոր չէ հայտնել տվյալներ ընդունված հանձնուքների տեսականու մասին: Հանձնուքների արժեքների մասին գրանցումներ չեն կատարվում» (հատոր 1-ին, գ.թ. 13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը, որոշելու համար վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը, բողոքի սահմաններում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին`
. ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու դեպքում վնասի հատուցման կանոններին,
. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բարոյական վնասի հատուցման վերաբերյալ դիրքորոշման պարտադիրությանը ՀՀ դատարանների համար բարոյական վնասի հատուցման հարցը լուծելիս,
. սույն գործով պետական տուրքի լուծման հարցերին:
1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու դեպքում վնասի հատուցման կանոնները:
ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Վերոնշյալ նորմերից հետևում է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու դեպքում վնասի հատուցման իրավունքը սահմանադրական սկզբունք է, որն ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերով:
Բացի այդ, Միավորված Ազգերի Կազմակերպության 09.12.1988 թվականի «Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի» (հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 09.12.1988 թվականի 43/173 բանաձևով) 35-րդ սկզբունքով սահմանվել է դիրքորոշում այն մասին, որ պետական պաշտոնատար անձի գործողությունների կամ զանցառությունների հետևանքով պատճառված վնասը` ի խախտումն սույն սկզբունքների բովանդակած իրավունքների, ենթակա է հատուցման`պատասխանատվության կիրառվող նորմերի համաձայն, որոնք նախատեսված են ներքին օրենսդրությամբ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքի կենսագործումը պետք է դիտարկել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների սկզբունքի լույսի ներքո հատկապես այն դեպքում, երբ անձը վնաս է կրել պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հիմնավորվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորվել է այն դիրքորոշումը, որ ազատությունից անօրինական զրկված անձի փոխհատուցման իրավունքը պետք է ապահովված լինի որոշակիության բավարար աստիճանով (տես Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի (Reհbօck v. Slօvenia) գործով Եվրոպական դատարանի 11.11.2000 թվականի վճիռը, կետ 92): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի է այն փոխհատուցումների նկատմամբ, որոնք կապված են 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի խախտման հետևանքով ազատությունից զրկելու հետ (տես Վասսինկն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 27.09.1990 թվականի վճիռը, կետ 38, Wassink v. tհe Netհerlands, jսdgment of 27 September 1990, Series A nօ. 185-A, p. 14» 38): Փոխհատուցման իրավունքը, որը նախատեսված է 5-րդ հոդվածի 5-րդ կետով, ենթադրում է, որ Կոնվենցիայի վերոնշյալ կետերից մեկի խախտումը հաստատվել է կամ ներպետական մարմինների կամ Կոնվենցիոն ինստիտուտների կողմից
(տես Ն. Սին ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 18.12.2002 թվականի վճիռը, կետ 49, N.C. v. ITALY, Applicatiօn nօ. 24952/94, p. 49): Մարդու
իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում այն դեպքում, երբ օրենսդրությունը սահմանում է փոխհատուցման իրավունքը, սակայն պրակտիկայում անձը չի ստանում փոխհատուցում, այսինքն` այդ իրավունքը բավականաչափ հստակ չէ (տես Սակիկը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 26.11.1997 թվականի վճիռը, կետեր 55-61):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ նորմերի ապահովման նպատակով օրենսդրությունը բավարար որոշակիությամբ սահմանում է ազատությունից ապօրինի զրկման դեպքում պատճառված վնասի հատուցման հիմքերը և կարգը:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով հնարավոր բաց թողնված օգուտները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ` աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից: Քաղաքացուն հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063-րդ հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ելնելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններից, վերջինիս իրավական և փաստական վիճակի վերականգնման անհրաժեշտությունից և սահմանադրական և միջազգային իրավական դրույթներից, օրենսդիրը սահմանել է ապօրինի կերպով ազատությունից զրկված արդարացվածին հասցված վնասների ամբողջ ծավալով հատուցման կանոնը: Ընդ որում, հատուցվում են այն վնասները, որոնք ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու հետևանք են:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը սահմանում է այն վնասները, որոնք պետք է հատուցվեն:
Մասնավորապես, վերոնշյալ նորմերի համադրումը ցույց է տալիս, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու հատուցելու`
աշխատավարձը
թոշակը
նպաստները
վճարված դատական ծախսերը
փաստաբանին վճարված գումարները
հնարավոր բաց թողնված օգուտները
այլ եկամուտ, որից անձը զրկվել է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացվածի վնասի հատուցման առկայության և չափի նկատմամբ տարածվում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վնասի հատուցման կանոնները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ նմանատիպ գործերով վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Փաստորեն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը (տես «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵՔԴ/0086/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):
Ըստ գործում առկա հանձնուքների վերաբերյալ ցուցակի` հայցվորին քրեակատարողական հիմնարկ է տարվել 16 անվանում սննդամթերք` 41.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, և 14 անվանում հագուստ ու անհրաժեշտ այլ պարագաներ` 76.800 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ հատուցման ենթակա չէ 118.300 ՀՀ դրամի պահանջը և այդ մասով բեկանել է Դատարանի վճիռը, քանի որ հանձնուքները Հայկ Սահակյանին փոխանցվել են վերջինիս ցանկությամբ և համաձայնությամբ, իսկ գործում որևէ ապացույց առկա չէ, որով կհիմնավորվեր նման քանակության և արժողության ապրանքների և սննդի ստացման անհրաժեշտությունն ու ողջամտությունը:
Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով գործում առկա հանձնուքների վերաբերյալ ցուցակը, գտնում է, որ դրանում նշված սննդամթերքի, ինչպես նաև հագուստի հետ կապված ծախսերի և վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ, քանզի դրանք մարդու գոյությունն ապահովող այն բնական անհրաժեշտությունն են, որ յուրաքանչյուր ոք հարկադրված է ձեռք բերել` անկախ նրանից կալանավայրում է գտնվում, թե` իր բնակարանում: Այլ կլիներ իրավիճակը, եթե կատարված ծախսերի անհրաժեշտությունն ուղղակիորեն առաջանար վնաս պատճառած անձի ոչ իրավաչափ գործողության հետևանքով, ինչպես օրինակ` առողջությանը պատճառված վնասի հետևանքով հատուկ սննդակարգով սնվելու, դեղերի, վիրահատության կամ վնասված գույքը նախկին տեսքի բերելու հետ կապված ծախսերը և նմանատիպ այլ ծախսեր, որի անհրաժեշտությունը չէր առաջանա սովորական պայմաններում` վնաս պատճառած անձի ոչ օրինաչափ գործողության բացակայության դեպքում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկ Սահակյանի հաշվին կատարված հիշյալ ծախսերը չեն կարող համարվել ապօրինի կալանավորման հետևանքով պատճառված վնաս, քանի որ դրանք ուղղակիորեն չեն առաջացել ոչ օրինաչափ գործողության արդյունքում, այլ դրանց կատարումը պայմանավորված է մարդու գոյատևելու բնական անհրաժեշտությամբ:
2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բարոյական վնասի հատուցման վերաբերյալ դիրքորոշման պարտադիրությունը ՀՀ դատարանների համար բարոյական վնասի հատուցման հարցը լուծելիս:
Անդրադառնալով Հայկ Սահակյանի վճռաբեկ բողոքի` բարոյական վնասի բռնագանձման պահանջի հիմնավորումներին, մասնավորապես այն փաստարկին, որ Եվրոպական դատարանի վճիռներով նախադեպ է ստեղծվել պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու վերաբերյալ, ինչն էլ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով պարտադիր է դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
Բողոք բերող անձի կողմից վկայակոչված` Սուլեյման Յալդիրիմն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը, արձանագրելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (կետ 33), գտել է, որ հայցվորին առանց իրավական միջամտության 10 օրով ոստիկանությունում պահելու համար որպես ոչ նյութական վնաս պետք է փոխհատուցվի 3.500 եվրո (կետ 44):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Եվրոպական դատարանը պատճառված բարոյական վնասը փոխհատուցում է համապատասխան լիազորության առկայության շրջանակում, այսինքն` բարոյական վնասի փոխհատուցում սահմանելը դատարանի լիազորությունն է, և հենց այդ դատարանն էլ իրավասու է կիրառել այն: Մինչդեռ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է ոչ թե Եվրոպական դատարանի այս կամ այն լիազորությունները ներպետական ատյաններում կիրառելու, այլ նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ դատական ակտի հիմնավորումների (այդ թվում` օրենքի մեկնաբանությունների) պարտադիր լինելու պահանջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջի մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի կարգով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության:
3. Սույն գործով պետական տուրքի լուծման հարցերը:
Ինչ վերաբերում է սույն գործով Հայկ Սահակյանի կողմից հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք գանձելու հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը պետք է համարել լուծված հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասն այնքանով, որքանով չի սահմանում այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր:
Վերաքննիչ դատարանը, ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարելով, որոշել է Հայկ Սահակյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 3.549 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից Վերաքննիչ դատարանում նախապես վճարված պետական տուրք, ինչպես նաև Հայկ Սահակյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 178.660 ՀՀ դրամ` որպես Դատարանում հայցադիմում ներկայացնելու համար նախատեսված, բայց չբռնագանձված պետական տուրք:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշումը, գտնում է, որ պետական տուրքի բռնագանձման մասով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել:
Այսպիսով, պետական տուրքի գանձման մասով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման` Հայկ Սահակյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության 3.549 ՀՀ դրամ և ՀՀ պետական բյուջեի 178.660 ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասը և այն փոփոխել. պետական տուրքի հարցը համարել լուծված: Մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան