040.1301.160911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1301-Ն
i
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Աշոտ Չիլինգարյանին (անձնագիր` AH 0565859, տրված` 012-ի կողմից, 2008 թվականի ապրիլի 11-ին):
5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում`
i
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
2) ապահովել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես հիմնադրի կողմից գույքային ներդրում սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու, գույքի կազմը հաստատելու և հանձնման-ընդունման գործընթացը.
3) բանակցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ հիմնադրամի, ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև համագործակցության պայմանագրի կնքման վերաբերյալ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և ներկայացնել պետական գրանցման` պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
7. Սահմանել, որ`
1) հիմնադրամի պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 665 600 000 դրամ գումարի չափով.
2) «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հիմնադրամին է տրամադրվում անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1301-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի որոշման հիման վրա հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
i
2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-Ն որոշման` հիմնադրամը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 98 որոշմամբ ստեղծված «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:
3. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ստեղծվել է «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ձեռնարկության (գրանցված ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 1994 թվականի օգոստոսի 19-ին, գրանցման N 271.140.00080, վկայական N 01Ա001977) վերակազմավորման ճանապարհով` հանդիսանալով նրա իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:
4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք), «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
5. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
6. Հիմնադրամի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` ԱԱԳԼ հիմնադրամ.
3) ռուսերեն լրիվ` «Ֆօնդ Նացիօնալնայա նաուչնայա լաբօռատօրիյա իմենի Ա. Ի. Ալիխանյանա (Երեվանսկիյ ֆիզիչեսկիյ ինստիտուտ)».
4) ռուսերեն կրճատ` Ֆօնդ ՆՆԼԱ.
5) անգլերեն լրիվ` «A. I. Alikhanyan National Science Laboratory (Yerevan Physics Institute)» Foundation.
6) անգլերեն կրճատ` Foundation AANL:
7. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Ալիխանյան եղբայրների փող. 2:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
8. Հիմնադրամն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:
9. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և նրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
11. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
12. Հիմնադրամի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:
13. Հիմնադրամն իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը:
i
14. Հիմնադրամն ունի ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
(14-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1002-Ն որոշում)
15. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՆՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
16. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրի կողմից հիմնադրամին որպես սկզբնական միջոց հանձնված գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հիմնադրամի սեփականությունն են: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
17. Հիմնադրամի ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
18. Հիմնադրամի տնօրինման, օգտագործման, տիրապետման տակ գտնվող անշարժ գույքը, այդ թվում` հողամասը, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրական նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գիտական, փորձարարական (գիտական ենթակառուցվածք) գույքը կարող է վաճառվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
19. Հիմնադրամի կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված գույքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները հիմնադրամի սեփականությունն են:
20. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
21. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը.
2) գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության իրականացումը.
3) բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական (ներառյալ մագիստրական և ասպիրանտական) կադրերի պատրաստման գործունեության իրականացումը:
22. Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի, տեսական ֆիզիկայի, տիեզերական եղանակի և մթնոլորտային երևույթների և այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումն է, ինչպես նաև այս բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումն է:
23. Հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնական ուղղություններն են`
1) հիմնարար գիտական հետազոտություններ հետևյալ բնագավառներում`
ա. միջուկային ֆիզիկա,
բ. տեսական ֆիզիկա,
գ. տարրական մասնիկների ֆիզիկա,
դ. տիեզերական ճառագայթների ֆիզիկա և աստղաֆիզիկա,
ե. արագացուցչային ֆիզիկա և տեխնիկա,
զ. կոնդենսացված վիճակի ֆիզիկա,
է. կենսաֆիզիկա,
ը. հարակից բնական գիտություններում միջուկային ֆիզիկայի տեխնոլոգիաների կիրառում,
թ. և այլ բնագավառներում.
2) գիտատեխնիկական և տեխնոլոգիական մշակումներ.
3) գիտական, ճարտարագիտական և տեխնիկական մասնագետների պատրաստում.
4) տեղեկատվական տեխնոլոգիաներ և գիտական հետազոտությունների ավտոմատացում.
5) հիմնադրամի գործունեության բնագավառներում գիտական և գիտատեխնիկական այլ ուղղություններ:
24. Իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար հիմնադրամը զբաղվում է գործունեության հետևյալ հիմնական տեսակներով`
1) հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացում և գիտատեխնիկական ու տեխնոլոգիական մշակումների ստեղծում: Հետազոտություններ և մշակումներ բնական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում, գիտատեխնիկական փորձաքննության իրականացում.
2) գիտական և գիտատեխնիկական նախագծերի իրականացում Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման համար օրենքով նախատեսված պետական ֆինանսական միջոցներով, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, օտարերկրյա կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ֆինանսական օժանդակությամբ.
3) գիտատար ուղղություններում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար ենթակառույցների ստեղծում, բարձր տեխնոլոգիական մշակումների զարգացում, նրանց ուղղորդումը դեպի շուկա և արդյունաբերության ոլորտ.
4) հիմնադրամի ենթակառուցվածքների, փորձարարական և արտադրատեխնիկական բազայի զարգացման և արդյունավետ շահագործման ապահովում.
5) տեխնոլոգիական սարքավորումների, նյութերի արտադրություն.
6) փորձաքննությունների իրականացում միջուկային անվտանգության, քիմիայի, կենսաբանության, բնապահպանության և այլ հարցերով.
7) հիմնարար ֆիզիկայի, հարակից տեխնոլոգիաների, ազգային գիտական լաբորատորիայի հիմնական ուղղությունների գծով ուսուցման կազմակերպում.
8) միջազգային կազմակերպությունների հետ գիտական և գիտատեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացում.
9) համակարգչային-տեղեկատվական ծառայությունների մատուցում.
10) տեղաբաշխված հաշվողական ցանցի (ԳՐԻԴ) գիտատեղեկատվական համակարգի զարգացում և գործունեության ապահովում.
11) չափագիտության (գիտական և արդյունաբերական չափագիտության) ծառայությունների մատուցում.
12) լրատվական, արտոնագրային և հրատարակչական տպագրական գործունեություն.
13) հիմնադրամի հիմնական միջոցների վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև կապիտալ շինարարության իրականացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
25. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
26. Հիմնադրամն իրականացնում է գիտական և գիտատեխնոլոգիական ու կրթական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական, ծառայությունների մատուցման և սպասարկման (արագացուցիչների օգտագործումը տնտեսության մեջ, միջուկային արդյունաբերություն, հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրություն, համակարգչային-տեղեկատվական ծառայություններ, լրատվական և հրատարակչական գործունեություն, հանգստի կազմակերպում) ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
27. Հիմնադրամի շահառուները գիտական, կրթական, նորարարության և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28. Հիմնադրամը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
3) ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ.
4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.
5) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:
29. Հիմնադրամը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.
2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.
6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
30. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`
1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
2) հիմնադրամի տնօրենը:
31. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին կից գործում է միջազգային գիտական խորհուրդ:
32. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ): Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 7 կամ 9 անդամներից: Հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
33. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:
34. Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
35. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) առաջարկություններ ներկայացնելու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
36. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`
1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:
37. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի գործունեության տարեկան և երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրերի հաստատումը.
2) հիմնադրամի գործունեության տարեկան և երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացման հաշվետվությունների հաստատումը.
3) հիմնադրամի գիտաթեմատիկ նախագծերի հաստատումը և դրանց առաջնահերթությունների սահմանումը.
4) հիմնադրամի գիտաթեմատիկ նախագծերի իրականացման հաշվետվությունների հաստատումը.
5) խոշոր գիտական ծրագրերում, նախագծերում և համագործակցության այլ ձևաչափերում հիմնադրամի մասնակցության և արդյունքների հաշվետվության հաստատումը.
6) գիտական խորհրդակցությունների անցկացման և դրանց մասնակցության տարեկան ծրագրի հաստատումը.
7) միջազգային գիտական խորհրդի լիազորությունների շրջանակի և գործունեության կարգի սահմանումը.
8) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
9) հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
10) տնօրենի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների և ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչելը.
11) հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունների, գործունեության վերստուգման արդյունքների, տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
12) հիմնադրամի գույքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
13) օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
38. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:
39. Հոգաբարձուների խորհրդի նախագահի իրավասությունները`
1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրությամբ նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և սույն կանոնադրությամբ նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքով նախատեսված դեպքերում.
5) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:
40. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
41. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը (այսուհետ` տնօրեն): Տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը: Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Տնօրենի տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է տնօրենը` հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
42. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:
43. Տնօրենի իրավասությունները`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) հիմնադրամի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) նշանակում է տնօրենի տեղակալներ, նրանց հետ աշխատանքային պայմանագրեր է կնքում.
6) ձևավորում է տնօրենին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում է դրանց կազմն ու լիազորությունները.
7) կնքում է պայմանագրեր մինչև 10 000 000 դրամ կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման հոգաբարձուների խորհրդի կողմից.
8) իրականացնում է գործադիր-կարգադրիչ ֆունկցիաներ.
9) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.
10) իրականացնում է ամենօրյա աշխատանքներ հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարման ուղղությամբ.
11) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
12) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին և աշխատողներին: Կնքում է աշխատանքային պայմանագրեր.
13) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
14) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
44. Տնօրենի պաշտոնին կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:
45. Տնօրեն չի կարող ընտրվել այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
2) որին օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
3) ով նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:
46. Տնօրեն ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե`
1) նա դիմում է դրա մասին.
2) լրացել է նրա 65 տարին.
3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) առաջ են եկել 45-րդ կետով նախատեսված հանգամանքները.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
47. Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
48. Միջազգային գիտական խորհուրդը հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Միջազգային գիտական խորհուրդը բաղկացած է 5-9 անդամներից: Միջազգային գիտական խորհրդի նախագահը և անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
49. Միջազգային գիտական խորհրդի իրավասություններն են`
1) հիմնադրամի գիտական գործունեության և գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների քննարկումն ու հաստատումը և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին առաջարկների ներկայացումը.
2) գիտական թեմաներով կատարվող աշխատանքների համակարգումը.
3) գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերի քննարկումը.
4) գիտական և գիտատեխնոլոգիական գործունեությանն առնչվող այլ հարցերի քննարկումը, ինչպես նաև սույն կանոնադրության 37-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված լիազորությունների իրականացման համար առաջարկությունների ներկայացումը հոգաբարձուների խորհրդին:
IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
i
50. Հիմնադրամի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ)` հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է, որի անդամների նշանակման և գործունեության կարգը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:
(50-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1002-Ն որոշում)
51. Գիտական խորհուրդը բաղկացած է 15-25 անդամից: Գիտական խորհրդի ի պաշտոնե անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:
52. Գիտական խորհրդի ոչ ի պաշտոնե անդամներն առաջադրվում են հիմնադրամի առաջատար գիտնականներից, տնօրենի ներկայացմամբ, ինչպես նաև գիտական անձնակազմի առաջադրմամբ: Գիտական խորհրդի կազմում ընտրվում են գիտական անձնակազմի ընդհանուր ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ` ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: Հիմնադրամում չաշխատող մասնագետները գիտական խորհրդի անդամ են ընտրվում տնօրենի ներկայացմամբ` բաց քվեարկությամբ: Ի պաշտոնե և հրավիրված անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ երրորդը:
53. Գիտական խորհրդի անդամներն առաջադրվում և ընտրվում են սույն կանոնադրության 52-րդ կետով նախատեսված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ հոգաբարձուների խորհրդի կողմից:
54. Գիտական խորհրդի նախագահն ու քարտուղարն ընտրվում են գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: Գիտական խորհուրդն իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստին մասնակցում են նրա անդամների առնվազն երկու երրորդը:
55. Գիտական խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների կեսից ավելին: Որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդը որոշում չի ընդունում փակ գաղտնի քվեարկություն կատարելու մասին:
56. Հիմնադրամի գիտական խորհուրդը`
1) քննարկում և տնօրենին ու հոգաբարձուների խորհրդին առաջարկներ է ներկայացնում հիմնադրամի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի ու ծրագրերի, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերի վերաբերյալ.
2) քննարկում և հրատարակության է երաշխավորում հիմնադրամի աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ կազմակերպություններում աշխատող այլ հեղինակների մենագրությունները, ժողովածուները և այլն.
3) քննարկում է գիտության զարգացման հրատապ հիմնահարցերը, լսում գիտական հաղորդումներ:
X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
i
57. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել հիմնադրամի հիմնադիրը:
(57-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1002-Ն որոշում)
XI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
58. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:
59. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:
60. Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:
61. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:
XII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
62. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
63. Հիմնադրամի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում հիմնադրամի խորհրդի կողմից:
64. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել`
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:
XIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
65. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
66. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
67. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
68. Հիմնադրամի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:
69. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
70. Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:
71. Պարտատերերի կողմից պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: