Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 143-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                     Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                     ԵԿԴ/3468/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3468/02/08                        2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Խաչատուրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի ընդդեմ Կարինե Խաչատուրյանի` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7 քմ մակերեսով բնակելի տունն օտարել անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Դիմելով դատարան` Հայկ Բեգլարյանը պահանջել է պարզաբանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2009 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է` պարզաբանվել է, որ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշման եզրափակիչ մասում նշված «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2009 թվականի վճիռը, սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշմամբ, թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ» նշանակում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ «4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» մասում նշված Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ միայն եզրափակիչ մասով և Դատարանի պատճառաբանություններն անհիմն են (ըստ որոշման առարկայազուրկ) համարվել Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշման «4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» մասում նշված պատճառաբանություններով»:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Խաչատուրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Բեգլարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 94-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարզաբանվել կարող է վճիռը, որպիսի իրավասությունը վերապահված է բացառապես վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանին, այսինքն` Վերաքննիչ դատարանն իրավասու չէ պարզաբանելու իր որոշումը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, որոշման պարզաբանմամբ նույնացնելով «առարկայազուրկ» և «անհիմն» եզրույթները, էապես փոխել է որոշումը: Մինչդեռ «առարկայազուրկ» եզրույթը նշանակում է, որ բացակայում է քննության ենթակա հայցի առարկան և հետևապես դրա հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները ևս առարկայազուրկ են, իսկ երբ խոսքը գնում է դատարանի պատճառաբանությունների «անհիմն» լինելու մասին, ենթադրվում է, որ քննության առարկան գոյություն ունի, սակայն ի հիմնավորումն կամ ի հերքումն դրա` դատարանի պատճառաբանություններն անհիմն են:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը չի նախատեսում վճիռը պարզաբանելու հարցը լուծելու համար դատական նիստի հրավիրում և դատավարության մասնակիցների ներկայության ապահովում, այդուհանդերձ Կարինե Խաչատուրյանն իրավունք ուներ ներկայացնելու իր դիրքորոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը նախքան բողոքարկվող որոշումը կայացնելը պետք է հնարավորություն տար վերջինիս ծանոթանալու որոշումը պարզաբանելու դիմումին և դրա վերաբերյալ հայտնելու իր դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշումը և այն փոփոխել` դիմումը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածում օրենսդիրը «վճիռ» հասկացության տակ նկատի է ունեցել վերջնական դատական ակտերը, իսկ տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշումը վերջնական դատական ակտ է և դրա պարզաբանման իրավունք ունի միայն այն կայացրած դատարանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Վերաքննիչ դատարանը 12.11.2009 թվականի որոշմամբ պարզաբանել է նույն դատարանի 20.10.2009 թվականի որոշումը (հ. 3, գ.թ. 152):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցը, թե արդյո՞ք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր դատական ակտը պարզաբանելու լիազորություն ունի, թե ոչ:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարաններն իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ընդ որում` օրենքով սահմանված է, որ Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում միջանկյալ դատական ակտերը վերանայող դատարան է, իսկ վճիռը պարզաբանելու իրավասությունը վերապահված է բացառապես վճիռը կայացրած առաջին ատյանի դատարանին:

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը 12.11.2009 թվականի որոշմամբ պարզաբանել է նույն դատարանի 20.10.2009 թվականի որոշումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պարզաբանելու լիազորություն չունի: Այսինքն` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների սահմաններից:

Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը պարզաբանելու լիազորություն չունենալու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

Հիմք ընդունելով սույն որոշման պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պարզաբանելու հարցը ենթակա չէ Վերաքննիչ դատարանում քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2009 թվականի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի թիվ 3468/02/08 որոշումը պարզաբանելու մասին» որոշումը և գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.04.2010
N ԵԿԴ/3468/02/08
Որոշում