Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ԵՎ 5 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0095/02/08

    դատարանի որոշում                                                2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0095/02/08

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ցողիկ Գալստյանի, Թամարա և Իրինա Հովսեփյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Թաթուլ Հովսեփյանի ընդդեմ Ցողիկ Գալստյանի, Լիտվինով, Թամարա, Իրինա Հովսեփյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման` բնակելի տան տեխնիկական անձնագիրը և սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Թաթուլ Հովսեփյանը պահանջել է անվավեր ճանաչել Լիտվինով Հովսեփյանի անվամբ 22.07.1988 թվականին տրված բնակելի տան տեխնիկական անձնագիրը և Ցողիկ Գալստյանի, Լիտվինով, Թամարա, Իրինա Հովսեփյանների անվամբ 30.11.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել 22.07.1988 թվականի բնակելի տան տեխնիկական անձնագիրը, մնացած մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.01.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ցողիկ Գալստյանը, Թամարա և Իրինա Հովսեփյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքը, որ 1977 թվականին Ցողիկ Գալստյանը և Լիտվինով Հովսեփյանը բաժանվել են ծնողների` Անանով և Աստղիկ Հովսեփյանների թիվ 102 ծխից և կազմել առանձին թիվ 105 ծուխը: Նախ նրանց օգտագործմանն է հանձնվել ծնողների տնամերձ հողամասից 0.13 հա, որը հետագայում դարձել է 570 քմ, որի վրա Լիտվինով Հովսեփյանը մինչև 1979 թվականը հայրական տանը կից կառուցել է երկհարկանի բնակելի տուն և 1983 թվականից ընտանիքով բնակվել այնտեղ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 16.07.2009 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մարտունու շրջանային սովետի գործադիր կոմիտեի 13.06.1986 թվականի նիստի նո. 10 արձանագրության համաձայն` որոշվել է անձնական սեփականության իրավունքով Մարտունու շրջանի գյուղերում քաղաքացիներին պատկանող այն բնակելի տները, որոնք կառուցվել են մինչև 1979 թվականը, ինչպես նաև այն բնակելի տները, որոնք կառուցվել են 1979 թվականից հետո և չեն հակասել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 10.08.1981 թվականի նո. 505 որոշմամբ հաստատված անհատական բնակելի տների շինարարության կանոնադրության պահանջներին, թույլատրել Կամոյի տեխնիկական գույքագրման միջշրջանային բյուրոյին ենթարկել տեխնիկական գույքագրման և իրավական գրանցման (գ.թ. 28-32, հ. 1):

2) Կամոյի տեխնիկական գույքագրման միջշրջանային բյուրոյի կողմից 22.07.1988 թվականին տրված բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մարտունու շրջանային սովետի գործադիր կոմիտեի 13.06.1986 թվականի որոշման հիման վրա Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում գտնվող 570 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող բնակելի տունը գրանցվել է Լիտվինով Հովսեփյանի անվամբ (գ.թ. 25-26, հ. 1):

3) Կամոյի տեխնիկական գույքագրման միջշրջանային բյուրոյի կողմից 25.07.1988 թվականին տրված բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում գտնվող 2260 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող օժանդակ շինությունները գրանցվել են Աստղիկ Հովսեփյանի անվամբ (գ.թ. 18-21, հ. 2):

4) 30.11.2005 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1512136 վկայականի համաձայն` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում գտնվող բնակելի տան և 0.11 հա հողամասի նկատմամբ գրանցվել է Ցողիկ Գալստյանի, Լիտվինով, Թամարա, Իրինա Հովսեփյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (գ.թ. 10-14, հ. 1):

5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Թաթուլ Հովսեփյանի հայցն ընդդեմ Ցողիկ Գալստյանի, Լիտվինով, Թամարա, Իրինա Հովսեփյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման` բնակելի տան և 0.11 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում գտնվող Ցողիկ Գալստյանի, Լիտվինով, Թամարա, Իրինա Հովսեփյանների անվամբ 530 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նշված վճռով հաստատված է համարվել, որ

. Ցողիկ Գալստյանը և Լիտվինով Հովսեփյանը 1977 թվականին բաժանվել են ծնողների` Անանով և Աստղիկ Հովսեփյանների թիվ 102 ծխից և կազմել առանձին թիվ 105 ծուխը: Նրանց օգտագործմանն է հանձնվել ծնողների տնամերձ հողամասից 0.13 հա, որը հետագայում դարձել է 570 քմ, որի վրա Լիտվինով Հովսեփյանը մինչև 1980 թվականը հայրական տանը կից կառուցել է երկհարկանի բնակելի տուն և 1983 թվականից ընտանիքով բնակվել այնտեղ:

. 1992 թվականին Լիտվինով Հովսեփյանի մոր` Աստղիկ Հովսեփյանի մահից հետո թիվ 102 ծխին պատկանող 2260 քմ մակերեսով հողամասը և օժանդակ շինությունները փոխանցվել են Թաթուլ Հովսեփյանի թիվ 103 ծխին (գ.թ. 67-68, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտի նախադատելիության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին: Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե գործին մասնակցող անձանց, թե դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մաս): Հետևաբար, նախադատելիությունը օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն (տե՛ս, ըստ հայցի «Սաթնէ» ՍՊԸ-ի ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-93 (ՎԴ)):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Անանով Հովսեփյանի կողմից 1979 թվականին կառուցված և այն 1992 թվականին Թաթուլ Հովսեփյանի թիվ 103 ծխին փոխանցված լինելու պայմաններում 22.07.1988 թվականին Լիտվինով Հովսեփյանի անվամբ տրված բնակելի տան տեխնիկական անձնագրի հիմքում չէր կարող դրվել Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մարտունու շրջանային սովետի գործադիր կոմիտեի 13.06.1986 թվականի թիվ 10 որոշումը:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.06.2007 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել Լիտվինով Հովսեփյանի կողմից 1977 թվականին հայրական ծխից առանձնանալու, առանձին ծուխ կազմելու, ծնողների տնամերձ հողամասից 570 քմ մակերեսով հողամաս ստանալու և մինչև 1980 թվականը հայրական տանը կից բնակելի տուն կառուցելու հանգամանքները, իսկ Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մարտունու շրջանային սովետի գործադիր կոմիտեի 13.06.1986 թվականի թիվ 10 որոշման հիման վրա տեխնիկական գույքագրման ու իրավական գրանցման են ենթարկվել Մարտունու շրջանի գյուղերում քաղաքացիներին անձնական սեփականության իրավունքով պատկանող այն բնակելի տները, որոնք կառուցվել են մինչև 1979 թվականը, ինչպես նաև այն բնակելի տները, որոնք կառուցվել են 1979 թվականից հետո և չեն հակասել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 10.08.1981 թվականի նո. 505 որոշմամբ հաստատված անհատական բնակելի տների շինարարության կանոնադրության պահանջներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կամոյի տեխնիկական գույքագրման միջշրջանային բյուրոն Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մարտունու շրջանային սովետի գործադիր կոմիտեի 13.06.1986 թվականի թիվ 10 որոշման ուժով Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում գտնվող 570 քմ մակերեսով հողամասը և բնակելի տունը գույքագրել է Լիտվինով Հովսեփյանի անվամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 22.07.1988 թվականի բնակելի տան տեխնիկական անձնագիրը Լիտվինով Հովսեփյանին տրվել է օրենքի պահանջների պահպանմամբ և այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշման` 22.07.1988 թվականի բնակելի տան տեխնիկական անձնագիրն անվավեր ճանաչելու մասը և այն փոփոխել` Թաթուլ Հովսեփյանի հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ԳԴ/0095/02/08
Որոշում