ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-15 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-1884
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Էլոյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Հասմիկ Էլոյանի դիմումի` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հասմիկ Էլոյանը հայտնել է, որ 09.09.1980 թվականին գրանցմամբ ամուսնացել է Հարություն Գևորգյանի հետ: 02.03.2001 թվականին Հ. Գևորգյանը Երևանի Արաբկիր 45-րդ փողոցի թիվ 4 տան 2/3-րդ մասը կտակել է իրեն: 26.05.2001 թվականին Հ. Գևորգյանը մահացել է: Պատճառաբանելով, որ բաց է թողել ժառանգությունն ընդունելու ժամկետը, պահանջել է հարգելի համարել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները և ճանաչել ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.05.2002 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 16.05.2002 թվականի վճիռը բեկանվել է և Հասմիկ Էլոյանի դիմումը թողնվել է առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Էլոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հասմիկ Էլոյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ Հասմիկ Էլոյանին գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց:
i
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ, 326-րդ, 1193-րդ, 1209-րդ, 1226-րդ, 1227-րդ և 1228-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 103-րդ և 228-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը, և հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թ. թիվ 3-1805 (Ա) և 30.11.2006 թ. թիվ 3-2305 (ՎԴ) որոշումները, պատճառաբանել է, որ «քննարկվող պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավունքի մասին վեճ է ծագել առաջին ատյանի դատարանում գործի քննության ավարտից հետո»:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.07.2008 թվականի վճռով հաստատված փաստերն ու հանգամանքները բավարար էին եզրակացնելու, որ Սամվել և Արմեն Գևորգյանների որևէ իրավունք չի խախտվել, իրավունքի վերաբերյալ վեճ չի ծագել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2002 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սույն գործով Սամվել և Արմեն Գևորգյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքի համաձայն` «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2002 թ-ի թիվ 2-843 վճռի մասին Արմեն և Սամվել Հարությունի Գևորգյաններն իմացել են Երևանի քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Էդ. Ավետիսյան) վարույթում քննվող գործին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք հարուցած հայցի վերաբերյալ Հասմիկ Էլոյանի կողմից 13.06.08 թ-ին ներկայացված հայցադիմումի պատասխանից և դրան կից փաստաթղթերից»:
2) Երևանի քաղաքացիական դատարանում քննված քաղաքացիական գործով Հասմիկ Էլոյանի հայցադիմումի պատասխանի համաձայն` «2002 թ-ի մայիսի 16-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն հարգելի է համարվել իմ կողմից ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները և ես ճանաչվել եմ Հարություն Գևորգյանին պատկանած Երևանի Արաբկիրի 45 փողոցի թիվ 4 տան 2/3 մասի և նրա բաժին հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ»:
3) Վերը նշված հայցադիմումի պատասխանում Հասմիկ Էլոյանի հասցեն նշվել է «ք. Երևան, Արաբկիր 45 փող. թիվ 4 տուն»:
4) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ուղարկված ծանուցագրի անդորրագրի համաձայն` Հասմիկ Էլոյանին հասցեագրված ծանուցագիրն ուղարկվել է Երևանի Սարկավագի 117/1 շենքի թիվ 27 բնակարան հասցեով:
5) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2008 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշման և Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակի և վայրի մասին Հասմիկ Էլոյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:
6) Երևանի քաղաքացիական դատարանի 15.07.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Սուսաննա Հակոբյանի, Սամվել և Արմեն Գևորգյանների հայցերը մերժվել են, իսկ Հասմիկ Էլոյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, այն է` Սուսաննա Հակոբյանը վտարվել է Երևանի Արաբկիր 45 փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տանից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Սույն գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան: Նույն օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Հասմիկ Էլոյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ վեց տարի հետո Վերաքննիչ դատարանում սույն գործի քննության մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու որոշում կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց Հասմիկ Էլոյանին Վերաքննիչ դատարանում գործի քննության մասին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանում գործի քննության մասին պատշաճ ձևով չտեղեկացված Հասմիկ Էլոյանը զրկվել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու, այն է` Երևանի Քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.07.2008 թվականի վճիռը Վերաքննիչ դատարանին ներկայացնելու հնարավորությունից:
2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.07.2008 թ. վճռով որոշվել է վիճելի տանից վտարել Սուսաննա Հակոբյանին, միաժամանակ հաստատված է համարվել այն կարևոր փաստը, որ Սամվել և Արմեն Գևորգյանները 1991-ական թվականներից մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, հետևաբար հոր` Հարություն Գևորգյանի 26.05.2001 թ. մահվանից հետո որևէ գործողություն չեն կատարել հանգուցյալի ժառանգությունն ընդունելու ուղղությամբ, այսինքն` վերջիններիս որևէ իրավունք սույն քաղաքացիական գործով կայացված վճռով չի խախտվում:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է 02.10.2008 թվականին, իսկ Երևանի քաղաքացիական դատարանի 15.07.2008 թվականի վճռի դեմ մյուս քաղաքացիական գործով Սամվել և Արմեն Գևորգյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է 26.09.2008 թվականին, այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չպարզելով սույն գործի հետ առնչվող և վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, հանգել է սխալ եզրակացության և իրավունքի վերաբերյալ վեճ չծագելու պայմաններում Հասմիկ Էլոյանի դիմումը թողել է առանց քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2002 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան