ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վայոց Ձորի մարզի առաջին Քաղաքացիական գործ թիվ 3-1729 (Ա)
ատյանի դատարանի վճիռ 2006 թ.
քաղաքացիական գործ թիվ 2-186-2003 թ.
նախագահող դատավոր` Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2006թ. հոկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.05.2003 թվականի վճռի դեմ` ըստ Սահակ Համբարձումյանի դիմումի` սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստատելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ս. Համբարձումյանը պահանջել է հաստատել Վայքի Ճանշին տեղամասում գտնվող երկհարկանի տունը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը:
Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.05.2003 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Վճռվել է Սահակ Պետրոսի Համբարձումյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ: Հաստատվել է բնակարանի նկատմամբ Սահակ Պետրոսի Համբարձումյանի սեփականության իրավունքով տիրապետման փաստը:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Սահակ Համբարձումյանը ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:
2. Սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ինչի հիմքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վճիռը ենթակա է բեկանման:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործին մասնակից չի դարձրել վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել Վերջինս զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիմքով այն բողոքարկելու հնարավորությունից` վճռի մասին տեղեկացվելով
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերի և 192-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
դատարանը վճիռ կայացնելիս ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերով, չի անդրադարձել այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի հիմքով իրավաբանական փաստը կարող է հաստատվել այն դեպքում, երբ դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: Սույն գործով դիմողը չի հիմնավորել այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով գույքը տիրապետելու փաստը հավաստող պատշաճ փաստաթղթերը այլ կարգով ստանալու հնարավորություն չունի:
Դատարանը վճռով Ս. Համբարձումյանին ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգ, մինչդեռ Ս. Համբարձումյանը նման պահանջ չի ներկայացրել:
3) Դատարանը չի կիրառել ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
դատարանն հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված բնակարանը հանդիսացել է հանրակացարան և ընդգրկված է եղել բնակարանային ֆոնդում, հետևաբար Ս. Համբարձումյանի հոր կողմից Վայքի ճանապարհաշինարարական տեղամասին պատկանող երկհարկանի հանրակացարանը գնելու մասին նոտարական կարգով վավերացված 20.02.1991 թվականի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները պետք է իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդվածի հիմքով գրանցվեին պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեում, սակայն նշված հոդվածի պահանջները չեն պահպանվել, ինչի հետևանքով առուվաճառքի պայմանագիրը անվավեր է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.05.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
ա/ 20.02.1991 թվականի նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով Սահակ Համբարձումյանի հայրը` Պետրոս Համբարձումյանը, Վայքի ճանապարհաշինարարական տեղամասից գնել է վերջինիս պատկանող երկհարկանի հանրակացարանը, որը 28.02.1991 թվականից դուրս է գրվել հաշվեկշռից:
բ/ Գործարքից ծագող իրավունքները չեն գրանցվել ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործադիր կոմիտեում:
գ/ Պ. Համբարձումյանը մահացել է 24.10.1997 թվականին:
դ/ Պ. Համբարձումյանի մահից հետո տունը և տնամերձ հողամասը տիրապետել է Սահակ Համբարձումյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1/ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Գործի փաստերի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանը պարզեց, որ Պետրոս Համբարձումյանը նշված անշարժ գույքը Վայքի ճանապարհաշինարարական տեղամասից ձեռք է բերել հատուցմամբ` առուվաճառքի պայմանագրի հիման վրա:
Վայքի ճանապարհաշինարարական տեղամասը, նշված անշարժ գույքը վաճառելով և իր հաշվեկշռից դուրս գրելով` իր գործողություններով փաստորեն հրաժարվել է իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմիններն իրավունք ունեն դատարան դիմել պետության գույքային շահերի պաշտպանության հայցով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` համապատասխան պետական մարմնի կողմից հայց չներկայացնելու դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության հայցը ներկայացնում է դատախազը` «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Վերոգրյալի հաշվառմամբ` դատարանի կողմից գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ կայացնելու մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ չի կայացրել. առուվաճառքի պայմանագրով գնված գույքը սեփականության իրավունքով պետությանը չի պատկանում, հետևաբար սույն գործը պետության գույքային շահերի հետ որևէ առնչությունը չունի:
2) Բողոքի երկրորդ և երրորդ հիմքերը վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձնում, քանի որ վերը նշված պատճառաբանությունների հիման վրա`
1. բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքը,
2. բողոք բերող անձի մոտ բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված վճռաբեկ բողոք բերելու հիմքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.05.2003 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ