Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 176-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 176-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0443/02/08

    դատարանի որոշում                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0443/02/08

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արծրուն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արծրուն Հովհաննիսյանի ընդդեմ Մարգարիտ Հակոբյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և ըստ Մարգարիտ Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` հողամասն առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արծրուն Հովհաննիսյանը պահանջել է առանձնացնել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 29 տան Մարգարիտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող բաժինը` 16,9 քմ և 9,8 քմ օժանդակ սենյակը, ինչպես նաև փաստացի օգտագործվող տարածքները Արծրուն Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա կողմից փաստացի օգտագործվող մասից` համաձայն տեխնիկական եզրակացության:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարգարիտ Հակոբյանը պահանջել է Արծրուն Հովհաննիսյանի բաժնից առանձնացնել հողամասի 1/4-րդ բաժինը և դրա նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշմամբ Արծրուն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.06.2007 թվականի վճռի` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասերը, և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2008 թվականի որոշմամբ Արծրուն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արծրուն Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ, 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը, 189-րդ հոդվածի 2-րդ մասը, 202-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է հաստատվեր միայն` ըստ պետական գրանցման կադաստրային գործում եղած տվյալների և սեփականության վկայագրի հիման վրա, որտեղ հողամասի վերաբերյալ որևէ նշում չկա: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես թիվ 4339 սեփականության վկայագիրը, հարկերի և տուրքերի վճարման անդորրագրերը, 10.06.1973 թվականի շենքի վաճառքի պայմանագիրը, Կադաստրի 31.03.2006 թվականի թիվ 822ա պատասխանը, ինչպես նաև վճռում չի պատճառաբանել դրանց մերժումը: 10.06.1973 թվականի առուվաճառքի պայմանագրով Երևանի Ն. Զարյան փողոցի 29 հասցեում գտնվող տան երկու սենյակները գնելուց հետո Մարգարիտ Հակոբյանը պարտավոր էր պետականորեն գրանցել իրեն հասանելիք հողամասը, ինչը նրա կողմից չի կատարվել, ուստի այդ պայմանագրից չէին կարող իրավունքներ ծագել:

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 25.12.2007 թվականին կայացրել է որոշում, որում նշել է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 10.06.1973 թվականի պայմանագրից իրավունքներ չեն ծագել, քանի որ դրանք պետական գրանցման ենթարկելու մասին գործում ապացույց չկա և անտեսելով այդ հանգամանքը` ճանաչել է Մարգարիտ Հակոբյանի սեփականության իրավունքը: Փաստորեն, Վերաքննիչ դատարանի 29.05.2008 թվականի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2008 թվականի որոշումը և դատական ակտը փոփոխել` առանձնացնել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 29 տուն հասցեի 432,2 քմ հողամասը` որպես Արծրուն Հովհաննիսյանի սեփականություն, իսկ Մարգարիտ Հակոբյանի` Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 29 տուն հասցեում գտնվող հողամասի 1/4-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 14.06.1973 թվականին կնքված պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Արծրուն Հովհաննիսյանն իրեն պատկանող շենքի 1/4-րդ մասը, այն է` 16,9 քմ մակերեսով մեկ բնակելի և 9,8 քմ մակերեսով մեկ օժանդակ սենյակները, վաճառել է Մարգարիտ Հակոբյանին:

2) Թիվ 4339 սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 29 տան 101,3 քմ բնակելի, 70 քմ օժանդակ և 62,4 քմ այլ մակերեսները պատկանում են Արծրուն Հովհաննիսյանին:

3) Կադաստրի 31.03.2006 թվականի թիվ 822ա գրության համաձայն` Երևանի Նաիրի Զարյան 29 տան հողամասի մակերեսն ըստ կադաստրային գործի 1260 քմ է: Նշված տան օրինական հողամասի մակերեսը 485 քմ է, իսկ անօրինական հողամասինը` 87 քմ: Օրինական հողամասից Արծրուն Հովհաննիսյանն օգտագործում է 432.2 քմ: Մարգարիտ Հակոբյանն օգտագործում է 87 քմ անօրինական հողամաս: Արծրուն Հովհաննիսյանը և Մարգարիտ Հակոբյանը համատեղ օգտագործում են 52.8 քմ մակերեսով օրինական հողամաս:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանը սույն գործով արդեն անդրադարձել է բողոքում բերված հարցերին (Իրավական հիմնավորումները տե՛ս, Արծրուն Հովհաննիսյանն ընդդեմ Մարգարիտ Հակոբյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, ինչպես նաև ըստ Մարգարիտ Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` հողամասն առանձնացնելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի թիվ 3-1810 (ՎԴ) գործով որոշման մեջ):

i

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս:

Ավելին, սույն գործով առկա են ոչ միայն նույնանման փաստական հանգամանքներ, այլ խոսքը գնում է նույն գործի մասին, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հստակ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը` նշելով, որ գործում բացակայում է Մարգարիտ Հակոբյանի պայմանագրից իրավունքների ծագման մասին պատշաճ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում, հետևաբար ավելորդ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցի մեկնաբանմանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Երևանի Ն. Զարյան թիվ 29 տուն հասցեի 432,2 քմ հողամասը` որպես Արծրուն Հովհաննիսյանին սեփականություն առանձնացնելու պահանջի մասով հայցը բավարարել, իսկ Մարգարիտ Հակոբյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N ԵԱՔԴ/0443/02/08
Որոշում