Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-475 (ՎԴ)

    դատարանի որոշում                                              2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-548/2008 թ.

Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի      

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Հակոբյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարտա Ղարիբյանի, Գարեգին Սարգսյանի, Ռիմա Հովհաննիսյանի, Ռոբերտ Հովսեփյանի, Լարիսա Ավանեսյանի ընդդեմ Անժելա Հակոբյանի և Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 12.01.2007 թվականի թիվ 45-Ա որոշումը, 26.02.2007 թվականի թիվ 18-Հ-222-138 շինարարության թույլտվությունը, 25.01.2007 թվականի թիվ 3084-2007 գլխավոր հատակագիծը, 12.01.2007 թվականի ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 12.01.2007 թվականի թիվ 45-Ա որոշումը, 26.02.2007 թվականի թիվ 18-Հ-222-138 շինարարության թույլտվությունը, 25.01.2007 թվականի թիվ 3084-2007 գլխավոր հատակագիծը, 12.01.2007 թվականի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև` Վերաքննիչ դատարան) 21.03.2008 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած ներքոհիշյալ մի շարք ապացույցներ, ինչի արդյունքում հանգել է կառուցված շինության` քաղաքաշինական նորմերին չհամապատասխանելու մասին սխալ եզրակացության:

Այսպես, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել «Քաղսեյսմշին և փորձաքննություն» ՍՊԸ-ի կողմից 06.06.2006 թվականին տրված եզրակացությունը, որի համաձայն` տեխնիկապես հնարավոր է ապամոնտաժել Ազատության 8/1 հասցեի միահարկ շինության բակակողմյան հատվածը և տեղում իրականացնել նոր երկհարկանի կցակառույց շինություն` պահպանվող տարածքում ուժեղացման աշխատանքներ կատարելով:

«Երևան Ջուր» ՓԲԸ «Արաբկիր-Զեյթուն» մասնաճյուղի տնօրենի 23.11.2007 թվականի գրությունը, որի համաձայն` ՇՆ և Կ 2-89-901-ի 4.11 հոդվածի համաձայն` ջրամատակարարման խողովակը կարող է անցնել շինությունից 5 մ հեռավորության վրա: Սակայն, տեղանքի նեղվածք լինելու դեպքում թույլատրվում է խողովակների և շենքի հիմքի միջև հեռավորությունը փոքրացնել, եթե ձեռնարկվել են համապատասխան միջոցներ վթարի ժամանակ շենքի հիմքը չվնասելու համար: Մասնավորապես, խողովակը կարող է անցկացվել պողպատյա 250 մմ տրամագիծ ունեցող պատյանի մեջ:

Հրդեհային տեսչության պետի 28.11.2007 թվականի թիվ 676 գրությունը, որի համաձայն` վիճելի շինությունը խոչընդոտ չի հանդիսանում քննարկվող շենքերում հրդեհի դեպքում հրդեհաշիջմանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղի 28.11.2007 թվականի թիվ ԿՄ-867 գրությունը, որի համաձայն` Ազատության 8 շենքը սնող 0,4 կվ պահուստային մալուխագիծը ըստ հաստատված կարգի` նախաձեռնողի միջոցներով տեղափոխվելու արդյունքում չեն խախտվի մալուխագծի անվտանգության գոտիները:

Ինչ վերաբերում է ինսոլացիոն հաշվարկին, ապա Ազատության պողոտայի թիվ 10 բնակելի շենքի թիվ 1 բնակարանում դիտարկված վեց հաշվարկային կետերից միայն երկուսում ինսոլացիոն տևողությունը 2,5 ժամից պակաս է, իսկ մնացած 4 հաշվարկային կետերում ինսոլացիայի տևողությունը 2,5 ժամից ավելի է, ուստի բնակարանը նորմատիվ պահանջներին բավարարում է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2008 թվականի վճիռը, փոփոխել և հայցապահանջը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Քաղսեյսմշին և փորձաքննություն» ՍՊԸ-ի կողմից 06.06.2006 թվականին տրված եզրակացության համաձայն` տեխնիկապես հնարավոր է ապամոնտաժել Ազատության 8/1 հասցեի միահարկ շինության բակակողմյան հատվածը և տեղում իրականացնել նոր երկհարկանի կցակառույց շինություն` պահպանվող տարածքում ուժեղացման աշխատանքներ կատարելով:

2) «Երևան Ջուր» ՓԲԸ «Արաբկիր-Զեյթուն» մասնաճյուղի տնօրենի 23.11.2007 թվականի գրության համաձայն` ըստ ՇՆ և Կ 2-89-901-ի 4.11 հոդվածի` ջրամատակարարման խողովակը կարող է անցնել շինությունից 5 մ հեռավորության վրա: Սակայն, տեղանքի նեղվածք լինելու դեպքում թույլատրվում է խողովակների և շենքի հիմքի միջև հեռավորությունը փոքրացնել, եթե ձեռնարկվել են համապատասխան միջոցներ վթարի ժամանակ շենքի հիմքը չվնասելու համար` օրինակ խողովակն անցկացվել է պողպատյա 250 մմ տրամագիծ ունեցող պատյանի մեջ:

3) Հրդեհային տեսչության պետի 28.11.2007 թվականի թիվ 676 գրության համաձայն` վիճելի շինությունը խոչընդոտ չի հանդիսանում քննարկվող շենքերում հրդեհի դեպքում հրդեհաշիջմանը:

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղի 28.11.2007 թվականի թիվ ԿՄ-867 գրության համաձայն` Ազատության 8 շենքը սնող 0,4 կվ պահուստային մալուխագիծն ըստ հաստատված կարգի` նախաձեռնողի միջոցներով տեղափոխվելու արդյունքում չեն խախտվի մալուխագծի անվտանգության գոտիները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով 11.12.2007 թվականի թիվ 07-1034 փորձագիտական եզրակացությունը, «Երևան Ջուր» ՓԲԸ «Արաբկիր-Զեյթուն» մասնաճյուղի տնօրենի 29.10.2007 թվականի գրությունը, Հրդեհային տեսչության 06.11.2007 թվականի թիվ 621 գրությունը, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության և «ՀՎԿԿ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից կատարված չափումների արդյունքը, ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետի 13.11.2007 թվականի գրությունը և, հաստատված համարելով այն հանգամանքը, որ վեճի առարկա քաղաքաշինական փաստաթղթերը հակասում են ՀՀ օրենսդրության պահանջներին, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել «Քաղսեյսմշին և փորձաքննություն» ՍՊԸ-ի կողմից 06.06.2006 թվականին տրված եզրակացությունը, «Երևան Ջուր» ՓԲԸ «Արաբկիր-Զեյթուն» մասնաճյուղի տնօրենի 23.11.2007 թվականի գրությունը, Հրդեհային տեսչության պետի 28.11.2007 թվականի թիվ 676 գրությունը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղի 28.11.2007 թվականի թիվ ԿՄ-867 գրությունը և չի նշել դրանք մերժելու փաստարկները:

Մասնավորապես, վերոնշյալ փաստաթղթերով արձանագրվել է վեճի առարկա փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական նորմերին:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Հ. Ղուկասյան

Դ. Ավետիսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-475(ՎԴ)
Որոշում