ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-434 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-04/2008 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
քննարկելով Գառնիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գառնիկ Սարգսյանի ընդդեմ Ժորա Հովհաննիսյանի` իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է կանխել իր իրավունքները խախտող գործողությունները, այն է` պարտադրել պատասխանողին դադարեցնել Երևանի Արշակունյաց 1-ին նրբանցքի թիվ 2 տան հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքները և քանդել արդեն կառուցված շինությունները:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 03.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև` Վերաքննիչ դատարան) 21.03.2008 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժորա Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1. Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 48-րդ, 49-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել ՍՊԱրմԾ ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը, սխալ է մեկնաբանել Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության կողմից տրված շինարարական նորմերի խախտման վերաբերյալ տրված գրությունը, որով հաստատվում է պատասխանողի կողմից իր տան պատից 0.5 մետր հեռավորության վրա շինարարություն իրականացնելու փաստը:
Դատարանը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը` պատասխանողի մոտ գտնվող ապացույցները, մասնավորապես` Երևանի քաղաքապետի կողմից հաստատված շինության ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինությանը հաստատված նախագիծը, համապատասխան եզրակացությունները Դատարան ներկայացնելու մասին, որոնք, սույն գործի համար կարող էին էական նշանակություն ունենալ:
2. Դատարանը խախտել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ բողոքը ներկայացվել է 17.12.2007 թվականին, այն վարույթ է ընդունվել մինչև ներկայումս գործող օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ուստի Դատարանը բողոքը պետք է քններ նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված կանոններով, այն է` կատարեր կրկնակի քննություն: Մինչդեռ, Դատարանը գործը քննելիս կիրառել է գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Հայցվորը չի հիմնավորել պատասխանողի մոտ գտնվող ապացույցները ինքնուրույն ձեռք բերելու անհնարինությունը: Բացի այդ, հայցվորի կողմից չեն վիճարկվել պատասխանողին Երևանի քաղաքապետի կողմից տրված շինության ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև շինությանը հաստատված նախագիծը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.
ՍՊԱրմԾ ՊՈԱԿ-ի կողմից 15.11.2007 թվականին տրված եզրակացության համաձայն` շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը բարձր է: Շենքի խոցելիության աստիճանի վրա բացասական ազդեցություն են թողնում ինչպես շենքին հարակից գոյություն ունեցող կառուցապատումը, այնպես էլ շենքին մոտ իրականացվող շինարարական աշխատանքները և այդ նպատակով օգտագործվող մեխանիզմների աշխատանքները:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ չի հիմնավորվել ՍՊԱրմԾ ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության վերաբերելիությունը ներկայացված հայցապահանջին, չի հիմնավորել իր այդ պնդումը: Մասնավորապես, վերոնշյալ եզրակացությունում նշված է, որ շենքի խոցելիության աստիճանի վրա բացասական ազդեցություն են թողնում ինչպես շենքին հարակից գոյություն ունեցող կառուցապատումը, այնպես էլ շենքին մոտ իրականացվող շինարարական աշխատանքները և այդ նպատակով օգտագործվող մեխանիզմների աշխատանքները:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառելիության վերաբերյալ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը ՀՀ վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշումը և այն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան