Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Տնտեսական դատարանի վճիռ               Քաղաքացիական գործ թիվ 3-63 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ2-134/2007 թ.                          2008 թ.

Նախագահող դատավոր` Վ. Ասլանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ս. Սարգսյանի  

                                              Դ. Ավետիսյանի      

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի   

 

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 16.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Շահեն Վարդանյանի ընդդեմ Ընկերության` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Շահեն Վարդանյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը քանդելու Վանաձորի Գր. Լուսավորչի 50 հասցեում գտնվող հարթակը և հողի մակերեսը բերելու նախկին վիճակին:

Տնտեսական դատարանի 16.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Շահեն Վարդանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, կիրառել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և 277-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը, փաստելով վիճելի շինությունը (հարթակը) դրա համար չնախատեսված վայրում կառուցված լինելը, չի հիմնավորել իր այդ պնդումը:

Բացի այդ, Տնտեսական դատարանը չի հիմնավորել նաև իր իսկ կողմից հաստատված այն հանգամանքը, որ հարթակի կառուցման արդյունքում մարդկանց մուտքը Շահեն Վարդանյանին պատկանող տարածք դարձել է դժվարին և ոչ մատչելի, ավտոմեքենաների մուտքը` անհնարին, անձրևաջրերը սկսել են հոսել դեպի Շահեն Վարդանյանին պատկանող առևտրի իրականացման տարածք: Մասնավորապես` Տնտեսական դատարանը չի հիմնավորել վերոհիշյալ հարթակի կառուցման և տվյալ հանգամանքների ի հայտ գալու միջև պատճառահետևանքային կապը:

2) Առկա է սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վանաձորի քաղաքապետարանի 17.10.2007 թվականի N 123 շինարարության շահագործման փաստագրման ակտը, ինչպես նաև կառուցված շինության` ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ «Տեղեկանք»-ը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ են, քանի որ այդ փաստաթղթերով հիմնավորվում է, որ կառուցված հարթակը հանդիսանում է նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության մաս, դրա վերաբերյալ տրված նախագծային փաստաթղթերը համապատասխանում են գործող օրենսդրությանը, իսկ իրականացված շինարարությունը համապատասխանում է նախագծային փաստաթղթերին:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 16.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Անհիմն է վճռաբեկ բողոքի պնդումն այն մասին, որ Տնտեսական դատարանը փաստելով վիճելի շինությունը (հարթակը) դրա համար չնախատեսված վայրում կառուցված լինելը, չի հիմնավորել իր այդ պնդումը, քանի որ Տնտեսական դատարանը վեճի առարկա հարթակը ինքնակամ է համարել ոչ թե շինարարական փաստաթղթերով չհատկացված վայրում կառուցված լինելու հիմքով, այլ առանց թույլատվության կառուցված լինելու հիմքով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերությանը 07.04.2006 թվականին Վանաձորի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 44 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

2. Ընկերությանը 19.04.2006 թվականին Վանաձորի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 39 շինարարության թույլտվությունը:

3. Վանաձորի Գր. Լուսավորչի 50 հասցեում գտնվող, Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.8811 քմ հողամասում կառուցվել է հարթակ:

4. Կառուցված հարթակը գտնվում է Շահեն Վարդանյանին պատկանող առևտրի օբյեկտի հարևանությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

i

Նույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Սույն քաղաքացիական գործով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցապահանջի հիմնավորվածությունը որոշելու համար, Տնտեսական դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ հետևյալ իրավական հարցերը.

1. Արդյո՞ք վեճի առարկա հարթակը կառուցվել է օրենքով սահմանված կարգով տված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին և շինարարական թույլտվությանը համապատասխան, և եթե ոչ, ապա

2. Արդյո՞ք վեճի առարկա կառույցը խախտում է սեփական գույքը անարգել օգտագործելու հայցվորի իրավունքը.

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-2504 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը հաստատված համարելով, այն հանգամանքը, որ վեճի առարկա հարթակը կառուցվել է նախագծային փաստաթղթերին ոչ համապատասխան չի հիմնավորել իր այդ եզրահանգումը:

Ինչ վերաբերում է իրավական հարցադրմանն այն մասին, թե արդյո՞ք վեճի առարկա կառույցը խախտում է սեփական գույքը անարգել օգտագործելու հայցվորի իրավունքը, ապա այդ հարցին պատասխանելու համար Տնտեսական դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ Ընկերության կողմից հարթակի կառուցման հետևանքով հայցվորին պատկանող գույքին հասցված վնասի առկայության հարցը, իսկ այդ վնասի առկայության դեպքում` վնասի և կառուցված հարթակի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Մինչդեռ, Տնտեսական դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը, որ հարթակի կառուցման արդյունքում մարդկանց մուտքը Շահեն Վարդանյանին պատկանող տարածք դարձել է դժվարին և ոչ մատչելի, ավտոմեքենաների մուտքը` անհնարին, անձրևաջրերը սկսել են հոսել դեպի Շահեն Վարդանյանին պատկանող տարածք, չի նշել այդ հանգամանքների առաջացման, ինչպես նաև դրանց և հարթակի կառուցման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հիմնավորող որևէ ապացույց:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Տնտեսական դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

2) Բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.9-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայում է համապատասխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը` գործին մասնակցող անձանց դիմումների հիման վրա:

Վերոգրյալից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանի քննության առարկա չի կարող դառնալ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Տնտեսական դատարանի 16.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-63 (ՏԴ)
Որոշում