ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-1234 (ՏԴ)
Քաղաքացիական գործ թիվ Տ-2852/2006 թ. 2007 թ.
Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Տատյանա Մաքսիմովայի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Սինկրիստալ-ԱՌ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Տատյանա Մաքսիմովայի` Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել անհիմն հարստացման առարկա հանդիսացող, 08.08.2002 թվականին կնքված` Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը:
ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Տատյանա Մաքսիմովան:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանը գործի քննության մասին պատասխանողին պատշաճ ձևով չի ծանուցել, գործում առկա չէ պատասխանողին գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Քաղաքացիական գործում առկա` առանց վավերապայմանների ծանուցագիրը և փոստային անդորրագիրը չեն կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ ծանուցագիրը ստորագրված չէ ոչ ստացողի, ոչ հանձնողի կողմից, ինչպես նաև դրանում բացակայում է ծանուցագրի ստացման կամ հանձնման մասին որևէ տեղեկություն: Կից ներկայացվող փոստային ծառայության 03.05.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Տատյանա Մաքսիմովային ուղարկված ծանուցումը Մոսկվա քաղաք է հասել 29.11.2006 թվականին` ժամը 08:26-ին, հանձնվել է Մոսկվայի մաքսատուն 30.11.2006 թվականին` ժամը 09:53-ին, և հասցեատիրոջը հանձնման փորձ է կատարվել միայն 01.12.2006 թվականին, սակայն վերջինիս ժամանակավոր բացակայության պատճառով չի հանձնվել, որից հետո էլ ծանուցումը վերադարձվել է: Դատարանը խախտել է նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
ՀՀ դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը իրականացվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենսգրքով սահմանված կարգով: «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ դատական ծանուցագիրը պետք է տրվի օտարերկրյա քաղաքացուն իր երկրի արդարադատության մարմնի կողմից:
3) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով երաշխավորված` անձի սեփականության իրավունքը:
Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի սույն հիմքի վերաբերյալ հիմնավորումներ չի ներկայացրել:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ տնտեսական դատարանի 21.11.2006 թվականի դատական նիստում քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 29.11.2006 թվականին:
2) 29.11.2006 թվականին նշանակված դատական նիստի մասին Տատյանա Մաքսիմովային ուղարկված ծանուցագիրը հանձնվել է փոստային ծառայությանը 27.11.2006 թվականին:
3) Դատարանի կողմից 29.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Տատյանա Մաքսիմովային պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, դատարանը գործը քննել է վերջինիս բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործով դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը խախտվել է, քանի որ գործում առկա չէ 29.11.2006 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող Տատյանա Մաքսիմովայի պատշաճ ծանուցման վերաբերյալ որևէ ապացույց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տե՛ս քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի պահանջի մասին):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
2) բողոքն երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
ՀՀ դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը իրականացվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենսգրքով սահմանված կարգով:
«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի` սույն գործով պատասխանողին դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելու հարաբերությունների նկատմամբ կիրառելիությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:
Նշված Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանել է Կոնվենցիայի հիման վրա տրամադրվող իրավական օգնության ծավալը, որի համաձայն` պայմանավորվող կողմերը փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս հայցվող պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որոնք են` մասնավորապես քաղաքացիական գործերով, առևտրային և այլ տնտեսական վեճերով որոշումների կատարման համար քաղաքացիական պատասխանողների գույքը և դրամական միջոցները հետախուզելը, կատարողական մակագրությունները, քաղաքացիական գործերով դատական որոշումները և դատավճիռները ճանաչելը և կատարելը: Այսինքն` Կոնվենցիան պայմանավորվող կողմերի դատարանների` այլ երկրում գտնվող անձանց այդ երկրի արդարադատության մարմնի միջոցով գործի քննության վայրի և ժամանակի մասին ծանուցելու ուղղակի պարտականություն չի նախատեսել, հետևաբար նշված Կոնվենցիայի կիրառելիության վերաբերյալ բողոքի սույն հիմքի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:
3) Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի երրորդ հիմքը քննարկման առարկա չի դարձնում, քանի որ բողոք բերած անձն այն հիմնավորող որևէ փաստարկ դատարանին չի ներկայացրել:
Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը դրա առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան