Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 877-ՐԴ, 878...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 877-ՐԴ, 878-ՐԴ, 880-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/4542/02/14
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4542/02/14  
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
                    Դատավորներ` Ս. Միքայելյան
                                                  Հ. Ենոքյան  

                       

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրանտ Ավետիսյանի ներկայացուցիչ Աշոտ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրանտ Ավետիսյանի ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու և հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրանտ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության հիմնադրի 19.08.2014 թվականի որոշումը, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.815.000 ՀՀ դրամ փոխառության գումարը և դրա վրա հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները` 30.10.2014 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Հրանտ Ավետիսյանի բռնագանձել 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.815.000 ՀՀ դրամ, դրա վրա հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները` 30.10.2014 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.03.2015 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն և փոփոխվել` հայցը բավարարված մասով մերժվել է, իսկ վճիռը` հայցի մերժված մասով, մնացել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրանտ Ավետիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետը, 878-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 880-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` հանգելով սխալ եզրակացության: Մասնավորապես` Հրանտ Ավետիսյանի կողմից Ընկերությանը փոխառությամբ գումար տրամադրելու փաստը հիմնավորված է եղել ինչպես դրամարկղային մուտքի օրդերով, այնպես էլ` Ընկերության 2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղային շարժի վերաբերյալ փաստաթղթով, ինչը Վերաքննիչ դատարանը փոխառությամբ գումար տրամադրելը հիմնավորող ապացույց չի համարել` վկայակոչելով ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի «Դրամարկղային գործառույթների կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն որոշումը: Վերաքննիչ դատարանը Հրանտ Ավետիսյանի կողմից Ընկերությանը փոխառությամբ գումար տրամադրելու փաստը հիմնավորող դրամարկղային մուտքի օրդերի և Ընկերության 2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղային շարժի վերաբերյալ փաստաթղթի առկայության պայմաններում հիմնվել է վերջինիս ներկայացուցչի հայտարարությունների վրա այն մասին, որ այդ փաստաթղթերը կեղծ են` առանց պահանջելու Ընկերության նշված ժամանակահատվածի դրամական շարժի վերաբերյալ փաստաթղթերն Ընկերության հաշվապահությունից, համապատասխան բանկային կազմակերպություններից, ինչպես նաև հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները, որոնցով ևս հիմնավորվում է Հրանտ Ավետիսյանի կողմից Ընկերությանը փոխառությամբ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.815.000 ՀՀ դրամ տրամադրված լինելու փաստը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-332-րդ հոդվածները, 337-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել հայցային վաղեմության ինստիտուտը: Փոխառությամբ տրամադրված գումարը վերադարձնելու ժամկետ որոշված չի եղել, հետևաբար այն պետք է վերադարձվեր այդ մասին փոխատուի պահանջը ներկայացվելու օրվանից` 30.09.2014 թվականից հետո երեսնօրյա ժամկետում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործով պատասխանող կողմի` հայցային վաղեմություն կիրառելու դիմումը ենթակա է բավարարման և այս հիմքով ևս պահանջը` մերժման այն դեպքում, երբ հայցային վաղեմության ժամկետը չի էլ լրացել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հրանտ Ավետիսյանը 07.10.2007 թվականին աշխատանքի է ընդունվել Ընկերությունում` որպես տնօրեն, իսկ 25.08.2014 թվականին ազատվել է աշխատանքից` համաձայն Ընկերության հիմնադրի 25.08.2014 թվականի թիվ 158/2014 հրամանի (հատոր 1-ին, գ.թ.12, 13):

2) Ընկերության կողմից 26.07.2011 թվականին տրված դրամարկղային մուտքի օրդերի համաձայն` Հրանտ Ավետիսյանից ստացվել է 1.815.000 ՀՀ դրամ (5.000 ԱՄՆ դոլար): Որպես ստացման հիմք` նշվել է «փոխառության պայմանագիրը», նպատակը` «տուգանքի մուծման համար»: Անդորրագրում գլխավոր հաշվապահի դիմաց առկա ստորագրությունն իրականացվել է Հրանտ Ավետիսյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 11):

3) Հրանտ Ավետիսյանի կողմից դատարան է ներկայացվել 2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղի շարժի վերաբերյալ փաստաթղթի պատճենը, որի համաձայն, ի թիվս այլ գործարքների, մատնանշված է նաև «մուտք Հրանտից (5.000 դոլար-1.815.000 ՀՀ դրամ)» (հատոր 1-ին, գ.թ. 98):

4) Հրանտ Ավետիսյանի կողմից Ընկերության տնօրեն Լ. Ալեքսանյանին հասցեագրված 30.09.2014 թվականի դիմումով վերջինիս ներկայացվել է փոխառությամբ տրամադրված գումարը վերադարձնելու վերաբերյալ պահանջ (հատոր 1-ին, գ.թ. 14):

5) Ի պատասխան Հրանտ Ավետիսյանի 30.09.2014 թվականի դիմումի` Ընկերության տնօրեն Լ. Ալեքսանյանը 07.10.2014 թվականի թիվ 10 գրությամբ Հրանտ Ավետիսյանին հայտնել է, որ Ընկերության` իրեն հանձնված հաշվապահական փաստաթղթերում համապատասխան տեղեկատվություն չկա, ինչպես նաև դիմումում վկայակոչված պարտավորությունն Ընկերության մոտ բացակայում է (հատոր 1-ին, գ.թ. 15):

6) 15.03.2011 թվականի թիվ 15 հրամանի համաձայն` Հրանտ Ավետիսյանն իր դիմումի համաձայն 2011 թվականի ապրիլի 1-ից ազատվել է աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 38):

7) Հրանտ Ավետիսյանի անհատական հաշվետվությունների համաձայն` Հրանտ Ավետիսյանը 10.07.2007 թվականին ընդունվել է աշխատանքի, 01.04.2011 թվականին ազատվել աշխատանքից, ապա 01.09.2011 թվականին դարձյալ ընդունվել աշխատանքի (հատոր 1-ին, գ.թ. 39-40):

8) ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության կողմից 26.12.2014 թվականի գրությամբ դատարան ներկայացված` Էրեբունու ՀՏ-ում հաշվառված Ընկերության վերաբերյալ 29.07.2011 թվականին Էրեբունի ՀՏ-ի կողմից կազմված թիվ 1000745 ստուգման ակտի համաձայն` Ընկերության տնօրեն Հրանտ Ավետիսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ընկերության 2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվել են տնօրեն Հրանտ Ավետիսյանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 23):

9) Ընկերության ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարանում 03.07.2015 թվականի դատական նիստի ընթացքում ներկայացվել է գրավոր բացատրություն, որում նաև խնդրել է հայցը մերժել հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 36-37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի սխալ կիրառման, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք սահմանված պահանջներին չհամապատասխանող դրամարկղի մուտքի օրդերը և դրամարկղային շարժի վերաբերյալ փաստաթուղթը կարող են համարվել թույլատրելի ապացույց փոխառության հարաբերության առկայությունը հաստատված համարելու համար,

- արդյո՞ք Վերաքննիչ դատարանը կարող է քննարկման առարկա դարձնել հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, եթե այն չի ներկայացվել և քննարկվել առաջին ատյանի դատարանում:

Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ, որը կհաստատի փոխառության հարաբերությունների առկայությունը: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Վերոնշյալ հոդվածների վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես` գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով.

2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով.

3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.

- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.

- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:

i

Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (տե՛ս «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Հրանտ Ավետիսյանը 07.10.2007 թվականին աշխատանքի է ընդունվել Ընկերությունում որպես տնօրեն, իսկ 25.08.2014 թվականին ազատվել է աշխատանքից` համաձայն Ընկերության հիմնադրի 25.08.2014 թվականի թիվ 158/2014 հրամանի: Ընկերության կողմից 26.07.2011 թվականին տրված դրամարկղային մուտքի օրդերի համաձայն` Հրանտ Ավետիսյանից ստացվել է 1.815.000 ՀՀ դրամ (5.000 ԱՄՆ դոլար): Որպես ստացման հիմք` նշվել է «փոխառության պայմանագիրը», նպատակը` «տուգանքի մուծման համար»: Անդորրագրում գլխավոր հաշվապահի դիմաց առկա ստորագրությունն իրականացվել է Հրանտ Ավետիսյանի կողմից: Հրանտ Ավետիսյանի կողմից դատարան է ներկայացվել 2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղի շարժի վերաբերյալ փաստաթղթի պատճենը, որի համաձայն, ի թիվս այլ գործարքների, մատնանշված է նաև «մուտք Հրանտից (5.000 դոլար-1.815.000 ՀՀ դրամ)»: ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության կողմից 26.12.2014 թվականի գրությամբ դատարան ներկայացված` Էրեբունու ՀՏ-ում հաշվառված Ընկերության վերաբերյալ 29.07.2011 թվականին Էրեբունի ՀՏ-ի կողմից կազմված թիվ 1000745 ստուգման ակտի համաձայն` Ընկերության տնօրեն Հրանտ Ավետիսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ընկերության 2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվել են տնօրեն Հրանտ Ավետիսյանի կողմից:

Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության կողմից 26.12.2014 թվականին տրված գրությունը, հաստատված է համարել հայցվորի` Ընկերության տնօրեն լինելու փաստը և ներկայացված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա միաժամանակ հաստատված համարելով փոխառություն տրամադրելու հանգամանքը` հիմնավոր է համարել հայցվորի պահանջը` փոխառության գումարը վերադարձնելու մասով:

i

Վերաքննիչ դատարանը, գնահատելով ներկայացված դրամարկղային մուտքի օրդերը և «2011թ. հուլիս ամսվա դրամարկղի շարժ» վերտառությամբ փաստաթուղթը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն որոշմամբ սահմանված կարգով, գտել է, որ «...հայցվորի կողմից որպես պարտավորության առկայությունը հիմնավորող փաստաթուղթ վկայակոչված դրամարկղային մուտքի օրդերը, ըստ էության, չի համապատասխանում ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ կազմակերպությունների մուտքի օրդերին ներկայացվող պահանջներին», ինչպես նաև «2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղի շարժ» վերտառությամբ փաստաթուղթը նույնպես «ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի «Դրամարկղային գործառույթների կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ է կազմված և ստորագրված է բացառապես Հրանտ Ավետիսյանի կողմից, ինչպես նաև ներկայացված է առանց Ընկերության կնիքի, որպիսի պայմաններում վերոհիշյալ ապացույցը ևս սույն գործով թույլատրելի ապացույց համարվել, հետևաբար նաև ապացուցողական նշանակություն ունենալ չի կարող», ուստի Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ «...հայցվոր Հրանտ Ավետիսյանի կողմից չեն ներկայացվել իր վկայակոչած փաստերը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ...»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը շարադրված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

«Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1408-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվապահական հաշվառումը վարող ստորաբաժանման կամ անձի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահություն) կողմից: (...) Կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) գործառնությունները կատարվում են դրամարկղային մուտքի օրդերով: (...) Կազմակերպությունների դեպքում մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է գլխավոր հաշվապահի կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահ), գանձապահի կամ նրա պարտականությունները կատարող անձի (այսուհետ` գանձապահ) և վճարողի կողմից, իսկ աջ մասում անդորրագիրն ստորագրվում է հաշվապահի և գանձապահի կողմից: (...) Ստորագրված մուտքի օրդերը կնքվում է գանձապահի դրոշմակնիքով կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կնիքով, եթե կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) կնիք ունի` այնպես, որ միաժամանակ կնքված լինեն մուտքի օրդերի և՛ ձախ, և՛ աջ մասերը (անդորրագիրը), որից հետո այն տրվում է դրամը վճարողին: Նույն որոշման 14-րդ կետի համաձայն` կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են դրամարկղային գրքում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի հիմքով գրավոր ապացույց համարվելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան ապացույցը պարունակի գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ, այսինքն` իր բովանդակությամբ հնարավորություն տա դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այլ կերպ ասած` գրավոր ապացույցները դատարանի համար էական նշանակություն ունեն իրենց բովանդակության տեսակետից, գրավոր ապացույցներում ապացուցողական նշանակություն ունի որոշակի նյութական կրիչներում արտացոլված միտքը, որն ընկալվում է ընթերցման միջոցով:

Վճռաբեկ դատարանը, «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1408-Ն որոշման վկայակոչված կարգավորումները համադրելով գրավոր ապացույցի հասկացության վերաբերյալ վերը շարադրված մեկնաբանությունների հետ, գտնում է, որ դրամարկղային մուտքի օրդերը` որպես կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) գործառնությունները հավաստող փաստաթուղթ, գրավոր ապացույցի տեսակ է և ելնելով վիճելի իրավահարաբերության բնույթից` միանգամայն կարող է համարվել և՛ որպես թույլատրելի, և՛ որպես վերաբերելի ապացույց: Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառությունն իր բնույթով դրամական շարժի` փոխատուից փոխառուին դրամական միջոցներ փոխանցելու վերաբերյալ իրավահարաբերություն է, որի առկայության փաստը կարող է հիմնավորվել ցանկացած գրավոր ապացույցով: Հետևաբար դրամարկղային մուտքի օրդերը փոխառության իրավահարաբերություններից բխող վեճերով թույլատրելի գրավոր ապացույց է և ենթակա է գնահատման գործով ձեռք բերված ապացույցների համակցության մեջ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ կարգավորված են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի կազմման, վարման կարգը, այդ թվում` դրամարկղային մուտքի օրդերին ներկայացվող պահանջները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավոր ապացույցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող վավերապայմաններին, պահանջներին (կազմման, բովանդակության առումով) կանխորոշում է այդ ապացույցի (մասնավորապես` մուտքի օրդերի) արժանահավատությունը, հետևաբար այդ փաստաթղթերի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին հանդիսանում է նշված ապացույցի ոչ թե թույլատրելիության կամ վերաբերելիության, այլ արժանահավատության գնահատման միջոց: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե անգամ ներկայացված փաստաթուղթն իր վավերապայմաններով լիարժեքորեն չի համապատասխանում նմանատիպ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, դա դեռևս չի բացառում այդ փաստաթղթի ապացուցողական ուժը: Հետևաբար, եթե ներկայացված փաստաթղթի բովանդակությունը կազմող վավերապայմանները լիարժեք չեն, դա կարող է նվազեցնել ապացույցի արժանահավատությունը, բայց ոչ կանխորոշել դրա անթույլատրելիությունը կամ ոչ վերաբերելիությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորի կողմից ներկայացված դրամարկղային մուտքի օրդերը և «2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղի շարժ» վերտառությամբ փաստաթուղթը սույն գործով թույլատրելի չեն, քանի որ պահպանված չեն այդ փաստաթղթերի կազմմանը ներկայացվող պահանջները:

Անդրադառնալով նշված ապացույցների վերաբերելիության հարցին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ փաստաթղթերը բովանդակում են տեղեկություններ, որոնք վերաբերում են Ընկերության դրամարկղ ենթադրաբար դրամական միջոցների` որպես փոխառության գումար մուտք լինելուն: Հետևաբար դրանք ուղղակիորեն առնչվում են Հրանտ Ավետիսյանի և Ընկերության միջև ենթադրաբար ծագած փոխառության հարաբերություններին, ուստիև պարունակում են տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն գործի լուծման համար: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրամարկղային մուտքի օրդերը և «2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղի շարժ» վերտառությամբ փաստաթուղթը սույն գործով նաև վերաբերելի ապացույցներ են:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ ապացույցները դիտարկելով որպես սույն գործով թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, գտնում է, որ նշված ապացույցները պետք է գնահատվեին արժանահավատության տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարաններում գործի քննության ընթացքում վիճարկվել են հայցվորի պահանջի հիմքում ընկած գրավոր ապացույցներն ինչպես տվյալ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանելու, այնպես էլ հայցվորի կողմից տվյալ փաստաթղթերը ստորագրելու իրավասություն ունենալու հիմքով: Մասնավորապես` Ընկերությունը վիճարկել է դրամարկղային մուտքի օրդերի և դրամարկղային շարժի վերաբերյալ փաստաթղթի համապատասխանությունը սահմանված պահանջներին` հայտնելով, որ դրանք չեն համապատասխանում նմանատիպ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին: Ընկերության կողմից վիճարկվել է դրամարկղային մուտքի օրդերի կազմման ժամանակը, վիճարկվել է նաև դրամարկղային մուտքի օրդերի վրա նշված ժամանակահատվածում Հրանտ Ավետիսյանի` որպես Ընկերության տնօրենի` դրամարկղային մուտքի օրդերը ստորագրելու իրավասություն ունենալը` որպես վիճարկման հիմք ներկայացնելով Ընկերության տնօրեն Հրանտ Ավետիսյանի` աշխատանքից ազատելու 15.03.2011 թվականի թիվ 15 հրամանը, ինչպես նաև վերջինիս անհատական հաշվետվությունները:

Դատարանն անդրադարձել է միայն Հրանտ Ավետիսյանի` որպես Ընկերության տնօրենի` դրամարկղային մուտքի օրդերը ստորագրելու իրավասություն ունենալու հարցին և ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության կողմից 26.12.2014 թվականին տրված գրության հիման վրա եզրակացրել, որ Հրանտ Ավետիսյանը վիճելի ժամանակահատվածում հանդիսացել է Ընկերության տնօրեն, որի հիման վրա բավարարել է հայցն այս մասով` չանդրադառնալով բարձրացված մյուս հարցերին:

Վերաքննիչ դատարանը, գնահատելով հայցվորի կողմից ներկայացված ապացույցները` դրամարկղային մուտքի օրդերը և «2011 թվականի հուլիս ամսվա դրամարկղի շարժ» վերտառությամբ փաստաթուղթը, դրանք համարել է ոչ թույլատրելի և ոչ վերաբերելի` արդյունքում չիրականացնելով ապացույցների արժանահավատության գնահատում գործում առկա մյուս ապացույցների համատեքստում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտությունը, որպիսի պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմություն կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

i

Նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վկայակոչված հոդվածների վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է կարգ, որի առկայության դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության հարցը: Այն է` պետք է առկա լինի հայցային վաղեմություն կիրառելու մասին գործին մասնակցող անձի կողմից դիմում, և այդ դիմումը պետք է ներկայացվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Այսինքն` օրենսդրի կողմից հստակ սահմանվել է ժամկետ, այն է` հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացնել մինչև վճռի կայացումը (տե՛ս Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով կառավարիչն ընդդեմ «Վանակն Ապակի» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ՇԴ/0376/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Ընկերության ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարանում 03.07.2015 թվականի դատական նիստի ընթացքում ներկայացվել է գրավոր լրացուցիչ բացատրություն, որում միջնորդվել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել նաև այդ հիմքով:

Վերաքննիչ դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը և գնահատելով հայցվորի կողմից ներկայացված ապացույցները, գտել է, որ սույն գործով լրացել են հայցային վաղեմության ժամկետները: Հաշվի առնելով այդ հանգամանքը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցը ենթակա էր մերժման նաև այդ հիմքով, ուստի բավարարել է վերաքննիչ բողոքը նաև այս հիմքով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացվել է միայն Վերաքննիչ դատարանին` նման միջնորդություն չներկայացվելով առաջին ատյանի դատարանին մինչև վճիռ կայացնելը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության միջնորդությունը չէր կարող քննարկվել Վերաքննիչ դատարանի կողմից` հաշվի առնելով, որ այդ միջնորդությունը Ընկերությունը չէր ներկայացրել Դատարանին մինչև վճիռ կայացնելը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը կարող էր գնահատել ներկայացված միջնորդությունը հիմնավորվածության տեսանկյունից միայն այն դեպքում, եթե միջնորդությունը ներկայացված լիներ Դատարանին մինչև վճիռ կայացնելը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «պատասխանող կողմի` հայցային վաղեմություն կիրառելու դիմումը ենթակա է բավարարման, և այս հիմքով ևս պահանջը` մերժման», անհիմն է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկում միայն գումարի բռնագանձման պահանջի մասով, քանի որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն այդ մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձը միջնորդել է հետաձգել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի որոշմամբ բավարարվել է:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2015 թվականի որոշումը և գործը` գումարի բռնագանձման պահանջի մասով, ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵԿԴ/4542/02/14
Որոշում