ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ 3-855(ՎԴ)2005
քաղաքացիական և տնտեսական գործերի 2014 թ.
պալատի որոշում
Քաղաքացիական գործ թիվ 3-855(ՎԴ) 2005
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2014 թվականի մայիսի 08-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյանների` պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին, ըստ Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի` ՀՀ կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) պահանջել է Էմմա Թունյանին, Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյաններին (այսուհետ` Պատասխանողներ) պարտավորեցնել կնքելու Երևանի Փ. Բուզանդի փողոցի 9-րդ հասցեում գտնվող թիվ 6` 89,25քմ մակերեսով բնակելի տունը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագրեր` առանց խրախուսման միջոցների կիրառման և Պատասխանողներին վտարել զբաղեցրած տարածքից:
Հակընդդեմ դիմումով դիմելով դատարան` Էմմա Թունյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1151-Ն որոշումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 26.10.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ դիմումը` մերժվել:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ դիմումի մասով գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Պատասխանողները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դատարանը 26.10.2004 թվականին բավարարել է Ընկերության հայցը և վճռել է Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքելու անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյաններին` դրամական փոխհատուցման պայմանագրեր, ինչպես նաև վճռել է իրենց վտարել վերը նշված հասցեից: Նույն վճռով Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը, քննելով այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը, 01.03.2005 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճելու մասին: Նշված վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Վերը նշված դատական ակտը կատարվել է` հարկադիր կատարողն իրենց պարտավորեցրել է կնքել պայմանագրեր, և իրենք վտարվել են նշված հասցեից` առանց փոխհատուցում ստանալու:
15.06.2005 թվականին իրենք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Եվրոպական դատարան): Դիմումի քննության արդյունքում Եվրոպական դատարանն իր վճռով ճանաչել է իրենց հանդեպ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճիռը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճռով բավարարվել է Ընկերության հայցն ընդդեմ Պատասխանողների, և վճռվել է Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքելու Երևանի Փ. Բուզանդի փողոցի 9-րդ շենքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյաններին` հաշվառված (գրանցված) անձին դրամական փոխհատուցման պայմանագրեր, ինչպես նաև Պատասխանողներին վտարել վերը նշված հասցեում գտնվող տարածքից. գործի վարույթը` Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի մասով, կարճվել է.
2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման.
3) Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ, Միհրան Սաֆյանների գանգատի (գանգատ թիվ 22812/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 09.10.2012 թվականին կայացված վճռում նշելով, որ «արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ընդդեմ Հայաստանի` մեկ այլ գործով և եզրահանգել, որ գույքից զրկելն ու օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմաններով» (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործում այդ եզրակացությունից շեղվելու համար դատարանը որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանի նշված վճիռը վերջնական է դարձել 11.02.2013 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք Եվրոպական դատարանի վճռով արձանագրված Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշումը վերանայելու համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճռով բավարարվել է Ընկերության հայցն ընդդեմ Պատասխանողների, և վճռվել է Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքելու Երևանի Փ. Բուզանդի փողոցի 9-րդ շենքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ Գևորգ, Միհրան և Սաշիկ Սաֆյաններին` հաշվառված (գրանցված) անձին դրամական փոխհատուցման պայմանագրեր, ինչպես նաև Պատասխանողներին վտարել վերը նշված հասցեում գտնվող տարածքից. գործի վարույթը` Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի մասով, կարճվել է:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Պատասխանողները չեն ընդունել Ընկերության կողմից առաջարկված գնային առաջարկը և հրաժարվել են Ընկերության հետ պայմանագիրը կնքելուց, որպիսի պարագայում, ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն, խրախուսում չի իրականացվել, և Ընկերությունն օգտվել է Երևանի քաղաքապետի կողմից իրեն տրված` Հայաստանի Հանրապետության անունից դատական կարգով հարկադիր իրացում կատարելու իրավունքից, իսկ հակընդդեմ դիմումի մասով արձանագրել է, որ այն ենթակա չէ դատարանում քննության, քանի որ կառավարության որոշումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը լուծում է ՀՀ սահմանադրական դատարանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ, Միհրան Սաֆյանների գանգատի (գանգատ թիվ 22812/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 09.10.2012 թվականին կայացված վճռում նշելով, որ «արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ընդդեմ Հայաստանի` մեկ այլ գործով և եզրահանգել, որ գույքից զրկելն ու օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմաններով» (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործում այդ եզրակացությունից շեղվելու համար դատարանը որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Նշված վճիռը վերջնական է դարձել 11.02.2013 թվականին:
Այսինքն` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Պատասխանողների` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշման վերանայման հիմք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 14.04.2005 թվականի որոշումը:
2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.03.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան