Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0269/02/10

    դատարանի որոշում                                               2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0269/02/10

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թաթուլ Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Նաիրա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հենրիկ Մակարյանի (Մխիթարյանի) ընդդեմ Թաթուլ Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արմավիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և ընդհանուր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հենրիկ Մակարյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում գտնվող խոզաբուծական ֆերմայի շենքի, շինությունների և հողամասի նկատմամբ Թաթուլ Խաչատրյանի անվամբ 18.06.2009 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը և ճանաչել ընդհանուր սեփականության իրավունքը նշված անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ, ինչպես նաև թույլատրել Կադաստրին կատարելու սեփականության իրավունքի պետական գրանցում:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2011 թվականի որոշմամբ Թաթուլ Խաչատրյանի և Բանկի վերաքննիչ բողոքները բավարարվել են` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.02.2012 թվականի որոշմամբ Հենրիկ Մակարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.10.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Թաթուլ Խաչատրյանը և նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հենրիկ Մակարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 190-րդ, 305-րդ, 316-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 1991 թվականին ստեղծված «Այգեշատ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը փաստացի, որպես այդպիսին, ինչպես նաև որպես իրավաբանական անձ երբևէ չի գործել` հայցվորի կողմից մասնակցություն չունենալու պատճառով: Ընդ որում, 1991 թվականին վիճելի շինությունն անցել է Այգեշատի լուծարային հանձնաժողովին, որն էլ առաջարկել է օբյեկտի բալանսային արժեքը վճարելով` գնել այն. հայցվորը հրաժարվել է այդ առաջարկից, իսկ բողոք բերած անձը` որպես մասնավոր անձ, ամբողջությամբ վճարելով օբյեկտի արժեքը, գնել է այն:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն վեճը վերաբերում է Արմավիրի «Այգեշատ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությանը պատկանող անասնապահական շինությունների, այլ ոչ թե պետական սեփականություն հանդիսացող հողամասերի իրացման կարգին, իսկ լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացման լիազորություն ունեցել են միայն լուծարային հանձնաժողովները: Այստեղից հետևում է, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովներն ստեղծվել են միայն հողի սեփականաշնորհման համար, ուստի նրանք շենք-շինությունները սեփականաշնորհելու իրավունք չունեին: Այսինքն` 1991 թվականին վիճելի շինությունն անօրինական է սեփականաշնորհվել, ուստի հանձնաժողովի 1991 թվականի որոշումն իրավական հետևանքներ չի կարող առաջացնել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 1992 թվականի ակտը` որպես վարչական ակտ, հայցվորի կողմից չի վիճարկվել, հետևաբար այն և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն օրինական են: Ընդ որում, այդ ակտում հստակ նշված է, որ վիճելի օբյեկտը սեփականաշնորհվել է միայն Թաթուլ Խաչատրյանին, իսկ լուծարային հանձնաժողովի նախագահի ցուցմունքը չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ վարչական ակտն ընդունողն իրավունք չունի այն կամայականորեն մեկնաբանել` փորձելով հաստատել, որ դա ուրիշ վարչական ակտ է: Ի դեպ, վերջինս չի ժխտել այն հանգամանքը, որ վիճելի շինությունը սեփականաշնորհվել է միայն Թաթուլ Խաչատրյանին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.10.2011 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում չեն ապահովվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածով նախատեսված պայմանները, ինչպես նաև չեն ներկայացվել համապատասխան հիմնավորումներ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումների վերաբերյալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Այգեշատի հողի բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 22.07.1991 թվականի նիստի արձանագրության քաղվածքի համաձայն` հանձնաժողովը որոշել է կոլտնտեսության լուծարման հետևանքով հին ոչխարանոցի շենքը մնացորդային 4.000 ռուբլի արժեքով սեփականաշնորհել Հենրիկ Մխիթարյանին և Թաթուլ Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 10):

2) Այգեշատ գյուղի լուծարային հանձնաժողովի 1992 թվականի ակտի համաձայն` «Այգեշատ գյուղի հողային ռեֆորմի և բարեփոխումների սեփականաշնորհման հանձնաժողովի որոշմամբ Թաթուլ Խաչատրյանին էր սեփականաշնորհվել տնտեսության հին խոզանոցի շինությունը մնացորդային բալանսային արժեքով` 4.000 ռուբլի (չորս հազար ռուբլի)»: Միաժամանակ նշված ակտում արձանագրվել է, որ «... հանձնաժողովը նշված շինությունը իրեն բալանսային արժեքով`196.880 ռուբլի վաճառում է գյուղի բնակիչ Թաթուլ Խաչատրյանին, քանի որ նա է օգտվել հին շինության սեփականաշնորհման իրավունքից ...» (հատոր 1-ին, գ.թ. 25): Նշված ակտը սույն գործով չի վիճարկվել, իսկ գործում առկա չէ որևէ ապացույց այն վերացված կամ դրա առոչնչությունը հաստատված լինելու վերաբերյալ:

3) ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատի լուծարային հանձնաժողովի 1992 թվականին կազմած ակտի հիման վրա Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի խոզաբուծական ֆերմայի նկատմամբ 18.06.2009 թվականին գրանցվել է Թաթուլ Խաչատրյանի սեփականության իրավունքը և տրվել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2622606 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 28-30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

22.01.1991 թվականին ընդունված «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրվում են մասնակի հատուցմամբ, որի գումարը կարող է վճարվել նաև միանվագ կարգով:

Նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հողամասերի հատկացման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներ: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից: Մյուս հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է փոփոխվել կամ վերացվել միայն դատական կարգով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրելու համար կազմվել են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներ:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի իրացումն առավելապես կատարվում է դրանց տեխնոլոգիական ամբողջականության պահպանմամբ: Անասնապահական շինությունները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական համալիրները և մյուս գույքը, եթե որոշում է ընդունվում դրանք բաժանելու մասին, իրացվում են աճուրդային վաճառքի կարգով, առաջին հերթին տվյալ բնակավայրի բնակիչներին կամ նրանց խմբերին: Աճուրդը հայտարարելուց հետո երեք ամսվա ընթացքում հիշյալ միջոցները և մյուս գույքը չիրացվելու դեպքում դրանք անհատույց տրամադրվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների տնօրինությանը: Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը կատարվում է համապատասխան լուծարային հանձնաժողովների կողմից: Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ընդհանուր նշանակության սոցիալ-մշակութային և կոմունալ օբյեկտներն իրենց գույքով անհատույց հանձնվում են պատգամավորների համապատասխան խորհրդին: Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և այլ գույքի իրացումից գոյացած միջոցների բաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

Նշված նորմից հետևում է, որ լուծարվող կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերի (անասնագլխի, տեխնիկական միջոցների, տեխնոլոգիական համալիրների և այլն) իրացումը պետք է կատարվի համապատասխան լուծարային հանձնաժողովների կողմից:

Վերը նշվածից հետևում է, որ 22.01.1991 թվականին ընդունված «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը վերաբերում է գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրելու կարգին, ինչպես նաև լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի իրացման կարգին: Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի տրամադրման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներն օրենքով սահմանված կարգով իրավասու էին կատարել միայն հողամասերի հատկացումներ սեփականաշնորհման ձևով, իսկ լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը պետք է կատարվեր միայն համապատասխան լուծարային հանձնաժողովների կողմից (տե՛ս Ռաֆիկ Այվազյանի ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2011 թվականի թիվ ՏԴ1/0214/02/10 որոշումը):

i

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Թաթուլ Խաչատրյանը, վճարելով գույքի արժեքն ամբողջությամբ և օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորություններից, գրանցել է իր սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ Այգեշատ գյուղի լուծարային հանձնաժողովի 1992 թվականի ակտում շարադրված այն փաստը, որ Այգեշատ գյուղի հողային ռեֆորմի և բարեփոխումների սեփականաշնորհման հանձնաժողովի որոշմամբ Թաթուլ Խաչատրյանին է սեփականաշնորհվել տնտեսության հին խոզանոցի շինությունը մնացորդային բալանսային արժեքով` 4.000 ռուբլի արժեքով, չի համապատասխանում քաղաքացիական գործում առկա նշված հանձնաժողովի 1991 թվականի որոշմանը, քանի որ հիշյալ հանձնաժողովը վիճելի անշարժ գույքը 22.07.1991 թվականի որոշմամբ սեփականաշնորհել է ինչպես Թաթուլ Խաչատրյանի, այնպես էլ Հենրիկ Մխիթարյանի անվամբ: Բացի այդ, լուծարային հանձնաժողովի ակտում Թաթուլ Խաչատրյանը հանդես է եկել ոչ թե որպես ինքնուրույն ֆիզիկական անձ, այլ «Այգեշատ» խոզաբուծական կոլեկտիվ տնտեսության ղեկավար, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ անշարժ գույքի օտարումը կատարվել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսությանը, որի մասնակիցը, ըստ Այգեշատի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի 29.07.1991 թվականի թիվ 07-40 գրության, հանդիսացել է նաև Հենրիկ Մխիթարյանը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոգրյալ ակտի իրավական գնահատման համար կարևոր ապացույց է համարել նաև լուծարային հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Ղազարյանի` դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, որի համաձայն` ակտը կազմելիս հանձնաժողովը ելել է այն իրողությունից, որ վիճելի անշարժ գույքը հանդիսացել է խոզաբուծական ֆերմա և ի սկզբանե սեփականաշնորհվել է հայցվորին և պատասխանողին: Հետևաբար, վիճելի անշարժ գույքը հանդիսացել է «Այգեշատ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամների` հայցվորի և պատասխանողի ընդհանուր սեփականությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճը վերաբերում է Այգեշատի կոլտնտեսությանը պատկանող անասնապահական շինության իրացման կարգին: Այսինքն` Այգեշատի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 22.07.1991 թվականի որոշումը չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, քանի որ լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացման լիազորություն ունեցել են միայն լուծարային հանձնաժողովները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Սույն գործում առկա Այգեշատ գյուղի լուծարային հանձնաժողովի 1992 թվականի ակտով հին խոզանոցի շինությունը բալանսային արժեքով` 196.880 ռուբլի, վաճառվել է Թաթուլ Խաչատրյանին: Նշված ակտի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն վարչական ակտ է, քանի որ ուղղված է անձի համար իրավունքներ ճանաչելուն: Ընդ որում, սույն գործով նշված վարչական ակտը չի վիճարկվել, իսկ գործում առկա չէ որևէ ապացույց այն վերացված կամ դրա առոչնչությունը հաստատված լինելու վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Այգեշատ գյուղի լուծարային հանձնաժողովի 1992 թվականի ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված ակտն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):

Ինչ վերաբերում է Այգեշատ գյուղի լուծարային հանձնաժողովի նախագահի ցուցմունքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի կարող սույն գործի լուծման համար էական նշանակություն ունենալ, քանի որ գործում առկա նշված հանձնաժողովի 1992 թվականի ակտում հստակ նշված է, որ վիճելի շինությունը վաճառվել է միայն Թաթուլ Խաչատրյանին: Այսինքն` վիճելի անշարժ գույքը որոշակի անձի կամ անձանց օտարելու հարցում հանձնաժողովի կամահայտնությունը Վճռաբեկ դատարանը գնահատում է` ելնելով այդ մարմնի ակտում շարադրված փաստերից, այլ ոչ թե հանձնաժողովի նախագահի ցուցմունքից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Այգեշատի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 22.07.1991 թվականի որոշման` սույն վեճի լուծման համար իրավական հետևանքներ չառաջացնելու և Այգեշատ գյուղի լուծարային հանձնաժողովի 1992 թվականի վարչական ակտը վիճարկված, վերացված կամ դրա առոչնչությունը հաստատված չլինելու պայմաններում վիճելի անշարժ գույքի նկատմամբ Հենրիկ Մակարյանի ընդհանուր սեփականության իրավունքը չի ծագել: Հետևաբար, Այգեշատ գյուղի լուծարային հանձնաժողովի 1992 թվականի ակտի հիման վրա Թաթուլ Խաչատրյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը չի կարող անվավեր ճանաչվել:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2011 թվականի վճռին:

2. Հենրիկ Մակարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Հենրիկ Մակարյանից հօգուտ Թաթուլ Խաչատրյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2012
N ԱՐԴ/0269/02/10
Որոշում