ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1246/02/09
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1246/02/09
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի մայիսի 27 -ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման դեմ` ըստ Թեյմուր Նազարիի և Արիան Նազարիի հայցի ընդդեմ Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Թեյմուր Նազարին պահանջել է վավեր ճանաչել Հրաչյա Սարաֆյանի հետ կնքված Երևանի Սեպուհի փողոցի թիվ 4 տան առուվաճառքի գործարքը և դրա նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2009 թվականի որոշմամբ Հրաչյա Սարաֆյանը փոխարինվել է պատշաճ պատասխանող Հովհաննես Սարաֆյանով:
Թեյմուր Նազարին, փոխելով հայցի հիմքը և առարկան, պահանջել է Հովհաննես Սարաֆյանից բռնագանձել 102.000 ԱՄՆ դոլլար, որից 85.000 ԱՄՆ դոլարը 16.11.2007 թվականի նախավճարի պայմանագրով վճարված նախավճարը, իսկ 17.000 ԱՄՆ դոլարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` հաշվարկված 16.11.2007 թվականից մինչև 16.08.2009 թվականը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2009 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով Արիան Նազարին ճանաչվել է համահայցվոր:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 15.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2010 թվականի որոշմամբ Թեյմուր Նազարիի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Արիան Նազարիի վերաքննիչ բողոքը` մերժվել: Դատարանի 15.09.2009 թվականի վճիռը բեկանվել է, և այն փոփոխվել է: Որոշվել է` «Թեյմուր Նազարիի հայցը բավարարել մասնակի: Հովհաննես Սարաֆյանից հօգուտ Թեյմուր Նազարիի բռնագանձել 85.000 ԱՄՆ դոլար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասով հայցապահանջը մերժել: Հայցն Արիան Նազարիի մասով և Հրաչյա Սարաֆյանից գումարի բռնագանձման պահանջի մասով մերժել: Թեյմուր Նազարիից և Արիան Նազարիից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 510 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում վճարման ենթակա պետական տուրքի գումար: Հովհաննես Սարաֆյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում վճարման ենթակա պետական տուրքի գումարը»:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Թեյմուր և Արիան Նազարիները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 396-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը, 408-րդ հոդվածը, 436-րդ հոդվածի 1-ին կետը, 445-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերը, 466-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը, 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այն է` Հովհաննես Սարաֆյանի և Թեյմուր Նազարիի միջև 16.11.2007 թվականին կնքված նախավճարի պայմանագիրը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Թեյմուր Նազարին պարտավորվել է նշված նախավճարի պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը վճարել մինչև 10.02.2008 թվականը: Պայմանագրով ստանձնած պարտավորությունը Թեյմուր Նազարին պատշաճ չի կատարել, որպիսի փաստը հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նախավճարը հետ չվերադարձնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2010 թվականի որոշումը, փոփոխել այն և օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2009 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 12.03.2007 թվականի նախավճարի պայմանագրով Երևանի Սեպուհի փողոցի թիվ 4 տունը 280.000 ԱՄՆ դոլարով վաճառելու նպատակով Թեյմուր Նազարին որպես առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց և ի ապահովումն դրա կատարման Հովհաննես Սարաֆյանին վճարել է 30.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ.8):
2. 06.06.2007 թվականի նախավճարի պայմանագրով Երևանի Սեպուհի փողոցի թիվ 4 տունը 310.000 ԱՄՆ դոլարով վաճառելու նպատակով Թեյմուր Նազարին որպես առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց և ի ապահովումն դրա կատարման Հովհաննես Սարաֆյանին վճարել է ևս 40.000 ԱՄՆ դոլար, ընդամենը` 70.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ.7):
3. 16.11.2007 թվականի նախավճարի պայմանագրի համաձայն` «Սարաֆյան Հովհաննես Հրաչյայի անձ N AF0325985, այսուհետև վաճառող սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Երևան Սեպուհի N 4 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառում է սեփականության N 2132548 վկայականով, իսկ 1. Գնորդը` Նազարի Արիան Թեիմուրի անձ AG0592217 պարտավորվում է գնել տվյալ անշարժ գույքը 370.000 դոլար (երեք հարյուր յոթանասուն հազար ԱՄՆ դոլար): 2. Ի ապացույց առք ու վաճառքի կնքմանը և կատարմանը գնորդը վաճառողին վճարում է որպես նախավճար (բեհ) 85000 $ դոլար (ութսունհինգ հազար ԱՄՆ դոլար): 3. Գնորդը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում պայմանագրային ամբողջ գումարը վճարել առք ու վաճառքի նոտարական պայմանագրի կնքման պահին: 4.Գնորդը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը վճարել մինչև 10.02.2008թ.ե (հատոր 1-ին, գ.թ.6):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր: Կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա «նախավճարի պայմանագիր» վերտառությամբ գործարքը կհամարվեր նախավճարի պայմանագիր միայն, եթե առկա լիներ հիմնական պարտավորությունը` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և քանի որ այն բացակայում է` չի կնքվել, հետևաբար «նախավճարի պայմանագիրը» ևս առոչինչ է, ուստիև Թեյմուր Նազարիի կողմից Հովհաննես Սարաֆյանին վճարված 85.000 ԱՄՆ դոլարը ենթակա է վերադարձման Թեյմուր Նազարիին:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նախավճարի ինստիտուտի նման մեկնաբանությունը հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածից հետևում է, որ նախավճարի պայմանագիր կնքելով հաստատվում է հիմնական պայմանագրի կնքված լինելու հանգամանքը` կատարելով նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթ:
Այլ է իրավիճակն անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում: Մասնավորապես, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում հիմնական պայմանագիրը կարող է կնքվել միայն օրենքով նախատեսված ձևով և պայմաններով, հետևաբար, նախավճարի պայմանագիրը չի կարող որակվել որպես հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց, բացի այդ, անիմաստ է դառնում նաև նախավճարի պայմանագրի կնքումը հիմնական պայմանագրի կնքումից հետո, քանի որ օրենքով նախատեսված ձևով և կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում նախավճարի պայմանագրի կնքումն իմաստազրկվում է, քանի որ այն չի ծառայելու նախավճարի ինստիտուտի կարգավորման նպատակներին, այն է` ապացուցողական գործառույթին, քանի որ հիմնական պայմանագրի առկայությունն ինքնին դրա կնքման ապացույց է, ինչպես նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթին, քանի որ հենց հիմնական պայմանագիրը բավարար է դրա կատարումն ապահովելու համար: Այսինքն` այն բոլոր դեպքերում, երբ հիմնական պարտավորության ծագումը պայմանավորվում է օրենքով նախատեսված կարգով կնքված պայմանագրի առկայությամբ, այդ դեպքում նախավճարի պայմանագիրն այլևս չի կատարում իր հիմնական գործառույթները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «կողմերի միջև առկա «նախավճարի պայմանագիր» վերտառությամբ գործարքը կհամարվեր նախավճարի պայմանագիր միայն, եթե առկա լիներ հիմնական պարտավորությունը` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը»:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անշարժ գույքի դեպքում նախավճարի պայմանագրի տարրեր պարունակող պայմանագիր կարող է կնքվել այն դեպքերում, երբ այն ուղղված է օրենքով նախատեսված կարգով կնքված նախնական պայմանագրի կատարման ապահովմանը` նախավճարի պայմանագրի համար օրենքով նախատեսված իրավական հետևանքները նախատեսելով որպես նախնական պայմանագրի չկատարման հետևանք:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ուսումնասիրության առարկա դարձնելով սույն գործով կնքված 16.11.2007 թվականի պայմանագիրը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իր մեջ պարունակում է առուվաճառքի նախնական պայմանագրի տարրեր, ինչպես նաև նախավճարի պայմանագրի որոշակի տարրեր, որոնք ուղղված են նախնական պայմանագրի կատարմանը, այն է` հիմնական պայմանագրի կնքմանը: Այսինքն` 16.11.2007 թվականի պայմանագիրն ուղղված էր հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքմանը, հետևաբար, հիմնական պայմանագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ կողմերի միջև կնքված պայմանագրի անվավերության համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան