Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 131- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1487/02/08

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1487/02/08

 

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                     Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ          Է. Հայրիյանի

                                       Վ. Աբելյանի

                                       Ս. Անտոնյանի

                                       Վ. Ավանեսյանի

                                       Ա. Բարսեղյանի

                                       Մ. Դրմեյանի

                                       Գ. Հակոբյանի

                                       Տ. Պետրոսյանի

                                       Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Համլետ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2010 թվականի որոշման դեմ` ըստ Համլետ Դավթյանի հայցի ընդդեմ Արթուր և Արմեն Հովհաննիսյանների, երրորդ անձանց` Վազգեն Հարությունյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` փաստացի օգտագործվող և տիրապետվող հողամասի ու օրինական շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համլետ Դավթյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Կիլիկիա 1 փողոցի թիվ 13 հասցեում գտնվող իր կողմից 1971 թվականից փաստացի օգտագործվող և տիրապետվող օրինական շինությունների և հողամասի նկատմամբ:

Համլետ Դավթյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է Կադաստրի կողմից տրված մասնագիտական եզրակացության և հատակագծի համաձայն սեփականության իրավունքով հատկացնել 1971 թվականից մինչ օրս իր կողմից օգտագործվող, տիրապետվող օրինական շինությունները` 43,6քմ մակերեսով, որը բաղկացած է 21,2քմ և 6,6քմ ննջասենյակներից, 24,4քմ ճաշասենյակի 15,8քմ օրինական մասից, սեփականության իրավունքով հատկացնել իր կողմից օգտագործվող ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված 68,7քմ հողամասը, իր ավտոտնակի կողքի 15քմ հողամասը և 24,4քմ ճաշասենյակի օրինական մասի 15,8քմ հողամասը, որն ընդամենը կազմում է 109,5քմ, իրեն և պատասխանողներին որպես համատեղ սեփականություն հատկացնել պատասխանողներին պատկանող կիսանկուղային սենյակի 20,5քմ և դրան ավելացված պատասխանողների կողմից օգտագործվող 14,9քմ ինքնակամ կառույցի տակ գտնվող 6,6քմ հողամասը` ընդամենը 27,1քմ, պատասխանողներին սեփականության իրավունքով հատկացնել 20,5քմ կիսանկուղային սենյակը և ինքնակամ 14,9քմ կառույցի տակ գտնվող 8,3քմ հողամասը և կիսանկուղային սենյակի պատուհանի դիմացի չծանրաբեռնված 9քմ հողամասը` ընդամենը 17,3քմ: Մնացած 38,2քմ հողամասը, որը հիմնականում կազմված է ճանապարհներից` դրսի և բակ տանող, հատկացնել որպես ընդհանուր սեփականություն:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2008 թվականի որոշմամբ Համլետ Դավթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.03.2009 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2008 թվականի որոշման դեմ Արթուր և Արմեն Հովհաննիսյանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է «ճանաչել Համլետ Դավթյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կիլիկիա 1 փողոցի թիվ 13 հասցեում գտնվող վերջինիս տնով զբաղեցված 91,5քմ մակերեսով հողամասից 53,2քմ մակերեսով հողամասի, Համլետ Դավթյանի կողմից փաստացի օգտագործվող 59,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որի մի մասի վրա գտնվում է իր կողմից օգտագործվող բնակելի տունը և ավտոտնակը, ինչպես նաև նույն հասցեում գտնվող 43,65քմ մակերեսով օրինական շինությունների` 21,2քմ, 4,45քմ և 18քմ մակերեսներով շինությունների նկատմամբ: Համլետ Դավթյանի հայցը մնացած մասով` մերժել»:

Դատարանի 16.11.2009 թվականի վճռի դեմ Համլետ Դավթյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցը մերժելու մասով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2010 թվականի որոշմամբ Համլետ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Դավթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ, 136-րդ, 138-րդ, 207-րդ և 209-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ Կադաստրի եզրակացության համաձայն` Երևանի Կիլիկիա 1 փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Համլետ Դավթյանի բնակելի տունը զբաղեցնում է 91,5քմ հողամաս, որից 38,3քմ հողամասն ընդհանուր է Արթուր և Արմեն Հովհաննիսյանների հետ, իսկ 9,0քմ հողամասը` Սաղաթել Հովհաննիսյանի հետ, ինչպես նաև Արթուր և Արմեն Հովհաննիսյանների հետ Համլետ Դավթյանը համատեղ օգտագործում է 49,2քմ հողամասը որպես ճանապարհ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Արթուր և Արմեն Հովհաննիսյանները չեն հրաժարվել 38,3քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողամասի և 49,2քմ մակերեսով որպես ճանապարհ օգտագործվող հողամասի տիրապետումից, անտեսելով այն հանգամանքը, որ Դատարանի կողմից բնակելի տան նկատմամբ Համլետ Դավթյանի սեփականության իրավունքը ճանաչվելու դեպքում դրանով ծանրաբեռնված 38,3քմ հողամասը համարվում է անբաժանելի և պատկանելիք գույք, հետևաբար Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ և 209-րդ հոդվածների հիմքով պետք է 38,3քմ հողամասի նկատմամբ ճանաչեր Արթուր և Արմեն Հովհաննիսյանների ու Համլետ Դավթյանի համատեղ սեփականության իրավունքը:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Համլետ Դավթյանը հայցային պահանջի չափը 38,3քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև 49,2քմ մակերեսով որպես դրսի և բակ տանող ճանապարհների մասով ավելացնելիս պահանջել է ճանաչել դրանց նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վկայակոչման:

Ինչ վերաբերում է որպես ճանապարհ համատեղ օգտագործվող հողամասին, ապա այն որևէ իրավունքով չհատկացնելու դեպքում Համլետ Դավթյանը տուն չի կարող մուտք գործել:

Բացի այդ, Համլետ Դավթյանի բնակելի տունը գտնվում է Արթուր և Արմեն Հովհաննիսյաններին պատկանող բնակելի տան վրա, հետևաբար առանց հողամասի նկատմամբ իրավունքը ճանաչելու հնարավոր չէ դրանից ծագող իրավունքները ենթարկել պետական գրանցման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Կադաստրի 30.07.2009 թվականի թիվ 6502ա գրության համաձայն` Երևանի Կիլիկիա 1 փողոցի թիվ 13 հասցեի «ըստ հատակագծի N 1 բնակելի տունը զբաղեցնում է 192,0քմ մակերեսով հողամաս, որից 91,5քմ հողամասը զբաղեցնում է Համլետ Դավթյանի բնակելի տունը: 91,5քմ հողամասից 9,0քմ-ը ընդհանուր է Սաղաթել Հովհաննիսյանի հետ, իսկ 38,3քմ-ը ընդհանուր է Արթուր և Արմեն Հովհաննիսյանների հետ: Արթուր և Արմեն Հովհաննիսյանների տունը զբաղեցնում է 47,2քմ մակերեսով հողամաս, որից 38,3քմ-ը Համլետ Դավթյանի հետ ընդհանուր և 8,9քմ-ը Սաղաթել Հովհաննիսյանի հետ ընդհանուր: Վազգեն Հարությունյանը փաստացի օգտագործում է 39,0քմ չկառուցապատված պարսպապատված հողամաս: Համլետ Դավթյանի կողմից փաստացի օգտագործվում է 59,8քմ մակերեսով հողամաս, որի մի մասի վրա գտնվում է իր կողմից օգտագործվող հատակագծում նշված N 2 բնակելի տունը և ավտոտնակը: Արթուր և Արմեն Հովհաննիսյանները օգտագործում են 13,5քմ մակերեսով չկառուցապատված հողամաս որպես բակ: Վերջիններիս կողմից Համլետ Դավթյանի հետ համատեղ օգտագործվում է 49,2քմ մակերեսով հողամաս` որպես ճանապարհ» (հատոր 2-րդ, գ.թ. 159-161):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 14.11.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2008 թվականի վճիռը բեկանելիս հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով, բացի ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջից, առկա են նաև դրանից ածանցվող այլ պահանջներ, գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է նոր քննություն, որի ընթացքում անհրաժեշտ է պարզել հայցվորի կողմից տիրապետվող օրինական շինությունների և օրինական հողամասի (այդ թվում ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված) չափերը, ինչպես նաև ամբողջ ծավալով քննել հայցի` որոշման 1-ին կետի 1-ին պարբերության գ, դ, ե ենթակետերով նշված պահանջները, այն է` «գ) Իրեն և պատասխանողներին որպես համատեղ սեփականություն հատկացնել պատասխանողներին պատկանող կիսանկուղային սենյակի 20,5քմ և դրան ավելացված պատասխանողների կողմից օգտագործվող 14,9քմ ինքնակամ կառույցի տակի հողից 6,6քմ հողը` ընդամենը 27,1քմ, դ) Պատասխանողներին սեփականության իրավունքով հատկացնել 20,5քմ կիսանկուղային սենյակը և ինքնակամ 14,9քմ կառույցի տակ գտնվող 8,3քմ հողը և կիսանկուղային սենյակի պատուհանի դիմացի չծանրաբեռնված 9քմ հողը` ընդամենը 17,3քմ, ե) Մնացած հողատարածքը, որը հիմնականում կազմված է ճանապարհներից` դրսի և բակ տանող, հատկացնել իրենց որպես ընդհանուր սեփականություն»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Համլետ Դավթյանը 38,3քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողամասի և 49,2քմ մակերեսով որպես ճանապարհ օգտագործվող հողամասի նկատմամբ կողմերի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի հիմքում դրել է ձեռքբերման վաղեմության հանգամանքը, որպիսի պահանջի բավարարման համար անհրաժեշտ է ապացուցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, որպիսի ապացույցներ չեն ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չեն տվել այն հանգամանքին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2008 թվականի որոշմամբ ևս արձանագրվել է, որ սույն գործով բացի ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջից առկա են նաև դրանից ածանցվող այլ պահանջներ, մասնավորապես` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ: Ավելին, Համլետ Դավթյանը հայցային պահանջի չափը 38,3քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև 49,2քմ մակերեսով որպես դրսի և բակ տանող ճանապարհների մասով ավելացնելիս պահանջել է ճանաչել դրանց նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վկայակոչման:

Այսինքն` Համլետ Դավթյանը 38,3քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև 49,2քմ մակերեսով որպես դրսի և բակ տանող ճանապարհների մասով հայցային պահանջի չափը ավելացնելիս ձեռքբերման վաղեմության հիմքով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դատարանին պահանջ չի ներկայացրել, այլ պահանջել է ճանաչել ընդամենն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վկայակոչման, որպիսի փաստը հաստատվել է նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2008 թվականի որոշմամբ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից Դատարանում 38,3քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև 49,2քմ մակերեսով որպես դրսի և բակ տանող ճանապարհների մասով միայն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքում դիրքորոշում արտահայտելու և հիմնավորում ներկայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ինչպես 3-րդ, 53-րդ հոդվածները, այնպես էլ 219-րդ հոդվածի պահանջները:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է դատական ակտի` Համլետ Դավթյանի հայցը մերժելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2010 թվականի որոշման` Համլետ Դավթյանի հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵԿԴ/1487/02/08
Որոշում