ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1048/02/08
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1048/02/08
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի մայիսի 27 -ին
դռնբաց դատական նիստում, քննելով Բաբկեն Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Հարությունյանի ընդդեմ Բաբկեն Մելքոնյանի` հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու և այն հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարեն Հարությունյանը պահանջել է բռնագանձում տարածել Բաբկեն Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող` հիփոթեքի պայմանագրով գրավադրված Երևանի Սարի թաղի 12-րդ փողոցի թիվ 11 հասցեի անշարժ գույքի վրա և այն վաճառել հրապարակային սակարկություններով:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2010 թվականի որոշմամբ Բաբկեն Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բաբկեն Մելքոնյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարեն Հարությունյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 16-րդ, 21-րդ, 23-րդ, 53-րդ և 105-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, Բաբկեն Մելքոնյանի միջնորդության հիման վրա կասեցնելով քաղաքացիական գործի վարույթը, որոշման հիմքում դրել է երկու հիմնավորում` թիվ 69105308 քրեական գործով որոշման, ինչպես նաև լիազորագիրը և հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով վերջնական որոշման բացակայությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, քաղաքացիական գործի վարույթը Կարեն Հարությունյանի դիմումի հիման վրա վերսկսելու մասին որոշումը կայացրել է այն հիմքով, որ թիվ 69105308 քրեական գործով կայացվել է դատական ակտ, որը մտել է օրինական ուժի մեջ` համարելով, որ վերացել է գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը վճիռը կայացնելիս հիմք է ընդունել միայն Կարեն Հարությունյանի ներկայացրած ապացույցները, անտեսել և չի հետազոտել իր կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևոր գործերի քննության վարչության 12.11.2008 թվականի թիվ 7/66ԿԳ գրությունը, հայցադիմումի պատասխանը և 23.12.2008 թվականին նշանակված դատական նիստում իր տված ցուցմունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բաբկեն Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ դրանում նշված բողոք բերելու հիմքերը և բողոքի հիմնավորումներն անհիմն են:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Վերաքննիչ դատարանը 01.04.2009 թվականին որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կասեցնելու մասին` որոշման մեջ նշելով, որ «Տվյալ պարագայում սույն գործի քննության անհնարինությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործով հայցի բավարարման հիմքը հանդիսանում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվող անշարժ գույքի գրավի պայմանագիրը: Բացի այդ, քրեական դատավարության կարգով քննվում է Բ. Մելքոնյանին պատկանող անշարժ գույքին խաբեությամբ տիրանալու վերաբերյալ հարցը» (գ.թ. 103,104).
2) 28.07.2010 թվականին Կարեն Հարությունյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին` միջնորդության հիմքում դնելով այն, որ վերացել է գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ 69105308 քրեական գործով 18.11.2009 թվականին կայացրել է դատավճիռ, որը 27.05.2010 թվականին մտել է օրինական ուժի մեջ (գ.թ. 112).
3) Վերաքննիչ դատարանը 30.07.2010 թվականին որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով վերսկսելու մասին` որոշման մեջ նշելով, որ «Ծանոթանալով Կարեն Հարությունյանի ներկայացուցչի դիմումին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ դիմումով վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստիև քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել» (գ.թ. 154).
4) սույն գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 30.07.2010 թվականի որոշման կայացման պահին չէր վերացել գործի վարույթի կասեցման մյուս հիմքը, այն է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործի քննությունն ավարտված չէր.
5) 27.10.2010 թվականին նշանակված դատական նիստում Բաբկեն Մելքոնյանի ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանը կրկին միջնորդել է կասեցնել գործի վարույթը, քանի որ «երկրորդ հանգամանքը չի վերացել` վիճարկվող անշարժ գույքի գրավի պայմանագրի վերաբերյալ որոշում չի կայացվել»: Նշված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարության ընթացքում գործի վարույթը կասեցված լինելու դեպքում դատարանը գործի վարույթը կարող է վերսկսել միայն այն դեպքում, երբ վերանում են դրա կասեցումն առաջացրած հանգամանքները: Ընդ որում, եթե դատարանը, կասեցնելով գործի վարույթը, գտնում է, որ դրա քննությունն անհնար է մինչ այլ քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը, ապա դատարանի համար կասեցումն առաջացրած հանգամանքների վերացումն ըստ էության տվյալ գործի լուծումն է և համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ այն դեպքերում, երբ դատարանի համար գործի վարույթի կասեցման հիմք են ոչ թե մեկ, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված մի քանի հիմքեր, դատարանը գործի վարույթը վերսկսելու հարցին անդրադառնալիս պետք է քննարկի ոչ միայն մեկ, այլ այն բոլոր հիմքերը, որոնց հիման վրա կասեցվել է գործի վարույթը:
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 01.04.2009 թվականին որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին` որոշման հիմքում դնելով այն, որ «սույն գործի քննության անհնարինությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործով հայցի բավարարման հիմքը հանդիսանում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվող անշարժ գույքի գրավի պայմանագիրը: Բացի այդ, քրեական դատավարության կարգով քննվում է Բ. Մելքոնյանին պատկանող անշարժ գույքին խաբեությամբ տիրանալու վերաբերյալ հարցը»: Այսինքն` Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով` հիմք ընդունելով սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը մինչև քաղաքացիական և քրեական դատավարությունների կարգով քննվող վերը նշված գործերով որոշումներ կայացնելը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած միայն մեկ հանգամանքը վերանալու պայմանում (այն է` թիվ 69105308 քրեական գործով 18.11.2009 թվականին կայացվել է դատավճիռ, որը 27.05.2010 թվականին մտել է օրինական ուժի մեջ) Կարեն Հարությունյանի ներկայացուցչի դիմումի քննության արդյունքում 30.07.2010 թվականին որոշում է կայացրել գործի վարույթը վերսկսելու մասին` որոշման հիմքում դնելով այն, որ «վերոգրյալ դիմումով վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստիև քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել»:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի և 107-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` անտեսելով իր իսկ կողմից 01.04.2009 թվականին կայացված որոշմամբ հաստատված իրավական դիրքորոշումն այն մասին, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև քաղաքացիական դատավարության կարգով քննվող վերը նշված գործով որոշում կայացնելը, և գործի վարույթը վերսկսել է առանց նշված գործով որոշման կայացման փաստի առկայության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 05.11.2010 թվականի որոշումը բեկանելու համար:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան