ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1035/02/08
դատարանի որոշում 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1035/02/09
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) ընդդեմ Զոհրաբ Թովմասյանի, երրորդ անձինք Մուշեղ Միրզոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աշտարակի տարածքային ստորաբաժանման` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Դատարան` Մարզպետարանը պահանջել է լուծել 23.11.2004 թվականի ՀՀ Արագածոտնի մարզպետի և Զոհրաբ Թովմասյանի միջև կնքված արոտավայրի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա Զոհրաբ Թովմասյանի և Մուշեղ Միրզոյանի միջև կնքված 10.12.2009 թվականի ենթավարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Զոհրաբ Թովմասյանից բռնագանձել 1.135.000 ՀՀ դրամ` որպես չվճարված վարձավճարի գումարներ:
Մարզպետարանը 17.03.2010 թվականի հայցադիմումի լրացմամբ ավելացրել է հայցապահանջը և պահանջել Զոհրաբ Թովմասյանից հօգուտ Մարզպետարանի բռնագանձել տուգանք` չվճարված վարձավճարների ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0,05 տոկոսի չափով` սկսած 18.03.2005 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է լուծել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Արագածոտնի մարզպետի և Զոհրաբ Թովմասյանի միջև 23.11.2004 թվականին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրը, Զոհրաբ Թովմասյանի և Մուշեղ Միրզոյանի միջև 10.12.2009 թվականին կնքված հողամասի ենթավարձակալության պայմանագիրը: Զոհրաբ Թովմասյանից հօգուտ Արագածոտնի մարզպետարանի բռնագանձվել է 1.072.370 ՀՀ դրամ` որպես հողամասի վարձավճար և 21.447 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար:
Միաժամանակ, Զոհրաբ Թովմասյանից հօգուտ Մարզպետարանի բռնագանձվել է տուգանք` սկսած 05.04.2005 թվականից մինչև պարտավորությունը փաստացի կատարելու օրը` ըստ եռամսյակների, մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 25-ը` վճարման ենթակա գումարի վրա ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկելով 0,05 տոկոսի չափով գումար` 25.03.2005 թվականից մինչև 11.07.2008 թվականը տարեկան վարձավճարն ընդունելով 227.000 ՀՀ դրամ, իսկ 12.07.2008 թվականից մինչև 31.12.2009 թվականը` 223.000 ՀՀ դրամ: Արագածոտնի մարզպետարանի հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2010 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 09.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարզպետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 6-րդ հոդվածները, 96-րդ հոդվածի 1-ին կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը ոչ թե մերժել է Զոհրաբ Թովմասյանի հակընդդեմ հայց ներկայացնելու միջնորդությունը, այլ դրա համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու միջնորդությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև վճռի կայացումը դեռ երկու շաբաթ ժամանակ կա: Այսպիսով, Զոհրաբ Թովմասյանը չի զրկվել հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից:
Բացի այդ, Զոհրաբ Թովմասյանի միջնորդության նպատակը եղել է գործի ձգձգումը, հակառակ դեպքում ինչու նա պետք է դրա մասին միայն այն ժամանակ հայտներ, երբ Դատարանը դատաքննությունը հայտարարում էր ավարտված:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.04.2010 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. ՀՀ Արագածոտնի մարզպետարանն ընդդեմ Զոհրաբ Թովմասյանի, երրորդ անձինք Մուշեղ Միրզոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աշտարակի տարածքային ստորաբաժանման` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշման համաձայն` Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 23.12.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1):
2. Սույն գործով տեղի է ունեցել հինգ դատական նիստ` 03.02.2010 թվականին, 09.03.2010 թվականին, 12.03.2010 թվականին, 19.03.2010 թվականին և 26.03.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 47, 93, 101, հատոր 2-րդ, գ.թ. 28):
3. 17.03.2010 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցադիմումի լրացում (հատոր 1-ին, գ.թ. 111):
4. 19.03.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը բավարարել է պատասխանող կողմի միջնորդությունը` ժամանակ է տրամադրել պատասխանողին` 17.03.2010 թվականին ներկայացված հայցադիմումի լրացմանը դիրքորոշում հայտնելու համար և դատական նիստը նշանակել է 26.03.2010 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 16):
5. 25.03.2010 թվականին պատասխանողի կողմից ներկայացվել է պատասխան հայցադիմումի լրացման վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 22):
6. 26.03.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը մերժել է Զոհրաբ Թովմասյանի ներկայացուցչի` հակընդդեմ հայց ներկայացնելու համար գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը (հատոր 2-րդ, գ. թ. 33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն` պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը պատասխանողին հակընդդեմ հայց հարուցելու իրավունք է տվել մինչև գործով վճիռ կայացնելը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն`գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:
Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս արձանագրել է, որ Զոհրաբ Թովմասյանը միջնորդել է դատաքննությունը հետաձգել` նոր ապացույցներ և հակընդդեմ հայց ներկայացնելու համար, իսկ Դատարանը միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով, որ միջնորդությունը ներկայացրած կողմը չի հիմնավորել նախապատրաստական փուլում նշված ապացույցների ներկայացման անհնարինությունը, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելու միջնորդությունը մերժել է առանց որևէ պատճառաբանության:
Վերը նշվածը հիմք ընդունելով` Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Դատարանի նման մերժումը իրավաչափ չէ և հակընդդեմ հայց ներկայացնելու համար դատաքննությունը հետաձգելու միջնորդության մերժմամբ Դատարանը խախտել է Զոհրաբ Թովմասյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և օրենքներով ամրագրված իրավունքները:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել 23.12.2009 թվականին, 17.03.2010 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցադիմումի լրացում, որից հետո Դատարանը բավարարել է պատասխանողի միջնորդությունը` ժամանակ է տրամադրել 17.03.2010 թվականին ներկայացված հայցադիմումի լրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար և դատական նիստը նշանակել է 26.03.2010 թվականին: 25.03.2010 թվականին պատասխանողի կողմից հայցադիմումի լրացման վերաբերյալ ներկայացվել է պատասխան:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զոհրաբ Թովմասյանը հայցը վարույթ ընդունելու պահից ունեցել է բավարար ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու համար, ավելին` 25.03.2010 թվականին նրա կողմից ներկայացվել է պատասխան հայցադիմումի լրացման վերաբերյալ և տվյալ ժամանակահատվածում Զոհրաբ Թովմասյանը նույնպես հակընդդեմ հայց չի ներկայացրել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զոհրաբ Թովմասյանը չի հիմնավորել մինչև 26.03.2010 թվականը հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը, հետևաբար Դատարանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու մասին միջնորդության մերժումը իրավաչափ է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, սույն գործով կայացված վճռի դեմ գործին մասնակցող անձանց կողմից որևէ այլ հիմքով վերաքննիչ բողոք չներկայացնելու հանգամանքը, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2010 թվականի վճռին:
2. Զոհրաբ Թովմասյանից հօգուտ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան