Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                  ԵԱՔԴ/1399/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1399/02/08                     2009 թ.

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Ա. Մկրտչյան

Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյան

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Միրզոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արևհատ Ղարիբյանի ընդդեմ Արսեն Միրզոյանի` երեխաներին իր հետ բնակվել թույլատրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արևհատ Ղարիբյանը պահանջել է թույլատրել երկու երեխաներին` 29.04.1992 թվականին ծնված Արտակ Միրզոյանին և 17.05.2002 թվականին ծնված Լուիզա Միրզոյանին, բնակվել իր հետ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 17.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Միրզոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արևհատ Ղարիբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 41-րդ, 42-րդ, 49-րդ, 51-րդ և 54-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը, 47-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 90-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի շրջանակներից և առաջնորդվել է երեխաների շահերի առավել ապահովման սկզբունքով, սակայն վեճի լուծումն իրականում բացարձակ չի բխում երեխաների շահերից, քանի որ հաշվի չի առնվել ծնողների հավասարության սկզբունքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել բողոք բերած անձի կողմից երեխաների բնակության վայրը համաձայնությամբ որոշելու առաջարկը, չի անդրադարձել երեխաների կողմից ծնողների, քույրերի, հարազատների հետ կապվածության հանգամանքին, ինչպես նաև հայցվորի բարոյական հատկանիշներին: Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ բողոք բերած անձը չի ապացուցել Արևհատ Ղարիբյանի գույքային դրության և երեխաների խնամքը լիարժեք հոգալու հարցերի հետ կապված իր փաստարկների հիմքում ընկած հանգամանքները, չի ուսումնասիրել և գնահատել գործով ներկայացված ապացույցները, որոնցով հաստատվում է, որ Արևհատ Ղարիբյանը նպաստառու է, իսկ ինքն աշխատում է և գույքային ու ֆինանսական առումով բավականին ապահովված է:

Վերաքննիչ դատարանը քննության չի առել ինքնաբացարկի հանգամանքը` պատճառաբանելով, որ պատասխանողը նման միջնորդություն չի ներկայացրել, իսկ ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ստորադաս դատարանի դատավորը, տեղյակ լինելով, որ իր որդին խնամակալության մարմնի անդամ է և անմիջական կապ ունի այդ մարմնի հետազոտության ակտերի հետ, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, մինչդեռ չի հայտնել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.05.2009 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Արդեն մեկ տարի է, ինչ բողոք բերած անձը որևէ փորձ չի կատարել կապվելու իր երեխաների հետ: Որդին սովորում է, նրա ուսման ծախսերը կատարում է ինքը, իսկ աղջիկը հաճախում է դպրոց: Բողոք բերած անձն իրականում չունի որևէ սեփականություն և ոչ մի տեղ հաշվառված չէ: Խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ գործը գտնվել է այլ դատավորի վարույթում: Բացի այդ, Խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի որոշումը ոչ թե միանձնյա կայացրել է առաջին ատյանի դատարանում գործը քննող դատավորի որդին, այլ հանձնաժողովը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 06.05.1992 թվականի թիվ VIII-ՍԼ N 263738 և 20.05.2002 թվականի թիվ ԱԱ 333589 ծննդյան վկայականների համաձայն` Արսեն Միրզոյանը և Արևհատ Ղարիբյանը համատեղ կյանքում ունեցել են երկու երեխա` 29.04.1992 թվականին ծնված Արտակ Միրզոյանին և 17.05.2002 թվականին ծնված Լուիզա Միրզոյանին (գ.թ. 6, հ. 1):

2) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2008 թվականի վճռով Արսեն Միրզոյանի և Արևհատ Ղարիբյանի ամուսնությունը լուծվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2008 թվականի որոշմամբ նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (գ.թ. 7, 34-35, հ.1):

3) Սույն գործի քննությանը մասնակցել է Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովը, որի 23.10.2008 թվականի և 03.11.2008 թվականի հետազոտության ակտերի համաձայն` անչափահասներ Արտակ և Լուիզա Միրզոյանների կենսապայմաններն ուսումնասիրելու նպատակով այցելություններ են կատարվել Արսեն Միրզոյանի և Արևհատ Ղարիբյանի բնակության վայրեր: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել, աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել և հետազոտության ակտերը ստորագրել է իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետը, ով սույն գործով առաջին ատյանի դատարանում վճիռ կայացրած դատավորի որդին է (գ.թ. 56-58, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի առաջին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը, արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տես` Կարինե Հարությունյանի դիմումը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել նաև Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 23.10.2008 թվականի և 03.11.2008 թվականի հետազոտության ակտերը:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, առարկայազուրկ է համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը դատարանում նման միջնորդությամբ հանդես չի եկել, իսկ այդ փաստարկի հիմքը չի կարող ազդել գործի ելքի վրա, առավել ևս, որ ինքնաբացարկի վերաբերյալ որոշումները բողոքարկման ենթակա չեն:

Սույն գործի փաստերի համաձայն` որպես գործին մասնակցող անձ Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվել, աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել և հետազոտության ակտերը ստորագրել է «Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետը, ով սույն գործով վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանի դատավորի որդին է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձ Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված և հանձնաժողովի դիրքորոշման հարցում իր անմիջական մասնակցությունն ունեցած իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետը սույն գործով վճիռ կայացրած դատավորի հետ գտնվում է արյունակցական կապի առաջին աստիճանի մեջ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքի մասին տեղյակ լինելով` դատավորը պարտավոր էր իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ հայտնել, ինչը չանելու պատճառով ողջամիտ կասկած է հարուցել տվյալ գործով իր անկողմնակալության մեջ և չի առաջարկել բավարար երաշխիքներ իր անաչառության կապակցությամբ առաջացած օրինաչափ կասկածը բացառելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խախտվել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության, հետևաբար նաև` արդար դատաքննության իրավունքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի մյուս նորմերի խախտման վերաբերյալ փաստարկներին, ապա վերը նշված դատավարական նորմի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում եմ վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ԵԱՔԴ/1399/02/08
Որոշում