Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ, 130...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112-ՐԴ, 130-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/0349/02/09
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0349/02/09 2010թ.
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
                  Դատավորներ` Լ. Գրիգորյան
                                               Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դերենիկ Հայրապետյանի ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` վերջնահաշվարկ կատարելու և վճարելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար հատուցելու, աշխատանքային գրքույկը և աշխատանքից ազատման հրամանը հանձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Դերենիկ Հայրապետյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար հատուցում միջին աշխատավարձի չափով, աշխատավարձի վճարումն ուշացնելու համար վնասի հատուցում աշխատավարձի 0.15 տոկոսի չափով` մինչև դատարանի վճռի կատարումը, կատարել վերջնահաշվարկ, ինչպես նաև հանձնել աշխատանքային գրքույկը և աշխատանքից ազատման հրամանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է պարտավորեցնել Ընկերությանն անհապաղ կատարել Դերենիկ Հայրապետյանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վերջնահաշվարկը` 28.09.2008 թվականի դրությամբ և կատարել վճարումը, ինչպես նաև Դերենիկ Հայրապետյանին անհապաղ հանձնել աշխատանքային գրքույկը և աշխատանքից ազատման հրամանը: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 06.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 373-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածից հետևում է, որ աշխատողն իր ազատվելու ցանկությունը պետք է դրսևորի գրավոր ծանուցմամբ` պահպանելով ծանուցման 14-օրյա ժամկետը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դերենիկ Հայրապետյանը, չպահպանելով աշխատանքային պայմանագրի լուծման մասին գործատուին ծանուցելու 14-օրյա ժամկետը, խնդրել է հաջորդ օրվանից ազատել աշխատանքից: Հետևաբար, Ընկերությունը, հիմք ընդունելով աշխատողի դիմումը, նրան ազատել է աշխատանքից 13.09.2008 թվականին: Հիմք ընդունելով վերոգրյալը` վերջնահաշվարկ կատարելու Ընկերության պարտավորությունը նույնպես ծագում է 13.09.2008 թվականին:

Բացի այդ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 22.04.2009 թվականին Դերենիկ Հայրապետյանն ընդունել է Ընկերության հերթական գրավոր առաջարկը և Ընկերության գրասենյակում ստացել է աշխատանքային գրքույկը: ՈՒստի, նշված հարցի կապակցությամբ կողմերի միջև բացակայում է վեճը, և այս մասով գործի վարույթը ենթակա է կարճման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերության հետ 01.12.2006 թվականին կնքված թիվ 6-14 աշխատանքային պայմանագրի համաձայն` Դերենիկ Հայրապետյանն ընդունվել է աշխատանքի որպես գլխավոր ֆինանսիստ (գ.թ. 5-19):

2. Ընկերությանը հասցեագրված 12.09.2008 դիմումով Դերենիկ Հայրապետյանը խնդրել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ 13.09.2008 թվականին ազատել աշխատանքից (գ.թ. 105):

3. Ընկերության տնօրենի 13.09.2008 թվականի թիվ 155-Կ հրամանով Դերենիկ Հայրապետյանն ազատվել է աշխատանքից (գ.թ. 125):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` կողմերի համաձայնությամբ, պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, աշխատողի նախաձեռնությամբ, գործատուի նախաձեռնությամբ, սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

Նշված նորմերից հետևում է, որ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու համար օրենսդիրը սահմանել է նախապայման, այն է` աշխատանքից ազատվելու մասին առնվազն տասնչորս օր առաջ գործատուին ծանուցելը, իսկ գործատուի համար` աշխատանքային պայմանագրի լուծման օրը վերջնահաշվարկ կատարելու պարտավորություն:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դերենիկ Հայրապետյանի կողմից ներկայացվել է դիմում-ծանուցագիր, հետևաբար, գործատուն աշխատանքային պայմանագրի լուծումը պարտավոր էր ձևակերպել և վերջնահաշվարկ կատարել միայն ծանուցման ժամկետը լրանալուց հետո` 14 օր անց:

Մինչդեռ, սույն գործով Դերենիկ Հայրապետյանը 12.09.2008 թվականի դիմումով խնդրել է 13.09.2008 թվականից ազատել աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, որի հիման վրա Ընկերության տնօրենի 13.09.2008 թվականի թիվ 155-Կ հրամանով ազատվել է աշխատանքից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը կարող էր լուծվել և վերջնահաշվարկ կատարվել հենց 13.09.2008 թվականին:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ 22.04.2009 թվականին Դերենիկ Հայրապետյանը ստացել է իր աշխատանքային գրքույկը, հետևաբար, կողմերի միջև վեճի բացակայության պայմաններում գործի վարույթը ենթակա է կարճման, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ վերոնշյալ հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի ուժով կարճման հիմք չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2009 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման` հայցը մերժելու մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.02.2010
N ԵԿԴ/0349/02/09
Որոշում