Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 54-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-657 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                 2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1705

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրի Քամալյանի գույքի հավատարմագրային կառավարիչ Զոյա Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արշավիր Արշակյանի ընդդեմ Յուրի Քամալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արշավիր Արշակյանը պահանջել է Յուրի Քամալյանից բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 02.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զոյա Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 54-րդ և 60-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է ստացականների դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ ձեռագիրը Յուրի Քամալյանի ձեռագրին նման չէ:

i

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը, քանի որ փորձագետի եզրակացությունը, որպես ապացույցի տեսակ, դատարանի կողմից կարող է գնահատվել, եթե այն կայացվել է դատարանի որոշման հիման վրա և գործին մասնակցող անձինք հնարավորություն են ունեցել օգտվելու փորձագետին հարցեր առաջադրելու, գիտելիքների համապատասխան բնագավառում նրա գիտակ լինելը պարզելու համար հարցեր տալու և բացարկ հայտնելու իրավունքներից:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող վճիռը կայացրել է ստացականի լուսապատճենի և այդ ստացականի վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա` դրանով խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի` գրավոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Յուրի Քամալյանի կողմից 19.06.2003 թվականին տրված ստացականի համաձայն` վերջինս երկու ամիս ժամանակով Արշավիր Արշակյանից ստացել է 8000 ԱՄՆ դոլար: Այդ ստացականի վրա կատարված նշումով վերադարձման ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով` մինչև 19.08.2003 թվականը, ինչպես նաև ևս մեկ անգամ` մինչև 19.02.2004 թվականը:

2) 20.07.2005 թվականի ստացականի համաձայն` Յուրի Քամալյանը երկու ամիս ժամանակով պարտքով Արշավիր Արշակյանից ստացել է 4000 ԱՄՆ դոլար:

3) Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում Արշավիր Արշակյանը դատարան է ներկայացրել 20.07.2005 թվականի և 19.06.2003 թվականի ստացականների բնօրինակները, որոնք դատարանի կողմից հետազոտվելուց հետո վերադարձվել են:

4) Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ բողոք բերած անձի ներկայացուցիչ Լ. Քամալյանը միջնորդել է նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն, որը մերժվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:

Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված բազմաթիվ որոշումներում նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

i

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504 (ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

i

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843 (ՎԴ)): Դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեն գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը մերժել է փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը` առանց հիմնավորելու այդ որոշումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պարունակող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում:

Վերոնշյալ հոդվածով նախատեսվում է գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պարունակող հարցերի պարզաբանման նպատակով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու հնարավորություն:

i

Մինչդեռ որևէ հոդվածով նախատեսված չէ դատավարության մասնակցի նախաձեռնությամբ անցկացված փորձաքննության անթույլատրելիությունը (Տե՛ս Օֆելյա Պետրոսյանն ընդդեմ Գևորգ Անտոնյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, Երևանի քաղաքապետի 21.05.2005 թվականի թիվ 885 որոշումն անվավեր ճանաչելու, անհատապես որոշվող գույքն ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու և պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-168 (ՎԴ) գործով 23.04.2008 թվականի որոշումը):

Ինչ վերաբերում է ստացականների լուսապատճենները որպես ապացույց գնահատելուն, ապա Վճռաբեկ դատարանը դրա վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն է համարում, քանի որ գործի քննության ժամանակ դատարան են ներկայացվել ստացականների բնօրինակները, որոնք հետազոտվելուց հետո վերադարձվել են կողմին, իսկ գործում առկա ստացականների լուսապատճենների հետևում դատարանի կնիքով հաստատվել է իսկականի հետ դրանց ճիշտ լինելը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N 3-657(ՎԴ)
Որոշում