ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-74 (ՏԴ)
Քաղաքացիական գործ թիվ Տ2-202 2008 թ.
Նախագահող դատավոր` Վ. Ասլանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ժորա Վելիքյանի և Ֆրիդա Կարոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ղազար Ենգիբարյանի ընդդեմ «Կինոտեսավարձույթ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և երրորդ անձինք Ժորա Վելիքյանի և Ֆրիդա Կարոյանի` Ընկերության 221 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և Ընկերության բաժնետերերին ընդհանուր ժողովի 19.09.1997 թվականից հետո ընդունված բոլոր որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ղազար Ենգիբարյանը պահանջել է Ընկերության 221 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 19.09.1997 թվականից հետո ընդունված բոլոր որոշումներն անվավեր ճանաչել:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 13.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը են ներկայացրել Ժորա Վելիքյանը և Ֆրիդա Կարոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1. Տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հայցապահանջը պետք է մերժվեր, քանի որ լրացել է իրավունքների դատական պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը, ինչը կիրառելու և հայցապահանջը մերժելու մասին դատաքննության ընթացքում միջնորդություն է արվել:
i
2. Տնտեսական դատարանը չի կիրառել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և նույն օրենքի 70-րդ հոդվածը, ինչով խախտվել է Ընկերության վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը և Ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ժորա Վելիքյանը, հանդիսանալով Ընկերության բաժնետեր, ունեցել է Ընկերության բաժնետոմսերը գնելու նախապատվության իրավունք, ինչի պայմաններում վերջինս պետք է ծանուցվեր կնքվելիք առուվաճառքի պայմանագրի մասին: Մինչդեռ, բաժնետոմսերը վաճառելու մասին նրան ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Անհիմն է նաև Ընկերության որոշումները 19.09.1997 թվականից ի վեր անվավեր ճանաչելու պահանջը, քանի որ Ժորա Վելիքյանը Ընկերության 222 բաժնետոմսի սեփականատերն է, որը մեկ հատով ավելի է քան Ղազար Ենգիբարյանին վաճառված 221 բաժնետոմսը: Հետևաբար, Ընկերության որոշումները կարող էին ընդունվել նաև Ղազար Ենգիբարյանի համաձայնության բացակայության դեպքում:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 13.12.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 19.09.1997 թվականին Ֆրիդա Կարոյանի և Ղազար Ենգիբարյանի միջև կնքվել է Ընկերության 221 հատ հասարակ բաժնետոմսի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):
2) Սույն քաղաքացիական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 26.10.2007 թվականին:
3) Հայցադիմումի պատասխանում առկա է հայցային վաղեմության ժամկետը լրացված լինելու հիմքով հայցապահանջը մերժելու միջնորդություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմություն կիրառում է միայն վիճող կողմից դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
Սույն քաղաքացիական գործով Ֆրիդա Կարոյանի և Ղազար Ենգիբարյանի միջև բաժնետոմսի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 19.09.1997 թվականին: Հետևաբար, սույն քաղաքացիական գործով Ղազար Ենգիբարյանի կողմից հայցադիմում ներկայացնելու պահին` 26.10.2007 թվականին, հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացած է եղել, ինչի հիմքով այն ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս Տնտեսական դատարանը թույլ է տվել նյութական օրենքի նորմի խախտում` չի անդրադարձել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով հայցը մերժելու պահանջին:
2) Ինչ վերաբերում է Ժորա Վելիքյանի` Ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության, ինչպես նաև Ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքի խախտման վճռաբեկ բողոքի հիմքերին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք գնահատման առարկա չի դարձնում` հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով հայցապահանջը մերժման ենթակա լինելու պատճառաբանությամբ:
i
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. Ղազար Ենգիբարյանի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան