ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-114 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3076/2007 թ.
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վասիլ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ Վասիլ Նիկողոսյանի դիմումի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի, երրորդ անձ Ալվարդ Ղուկեյանի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անգործությունը վիճարկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վասիլ Նիկողոսյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքին կարճել թիվ 294 կատարողական վարույթը, և որպես դրա հետևանք, արգելանքից հանել Եղվարդի Սպանդարյան 19 հասցեում գտնվող գույքը:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 19.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վասիլ Նիկողոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 44.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2-3-34 քաղաքացիական գործով 09.01.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 11.000.000 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Վարդան Նիկողոսյանի գույքի և Վասիլ Նիկողոսյանի անվամբ հաշվառված Եղվարդի Սպանդարյան 19 հասցեի գույքի վրա: Նույն դատարանի թիվ 2-3-16 քաղաքացիական գործով 09.01.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 4.162.000 ՀՀ դրամ: Վասիլ Նիկողոսյանը թիվ 2-3-16 քաղաքացիական գործով պարտապան չի եղել:
Վասիլ Նիկողոսյանը, նկատի ունենալով, որ Վարդան Նիկողոսյանից 11.000.000 ՀՀ դրամի բռնագանձումը տարածվելու է իր գույքի վրա, Ալվարդ Ղուկեյանին վճարել է 11.434.000 ՀՀ դրամ` որպես թիվ 2-3-34 քաղաքացիական գործով որոշված 11.000.000 ՀՀ դրամի պարտավորության մարում:
i
2) Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի վճռի հիմքում դրված պարտավորագիրը իրավական ուժ չունի, քանի որ անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, գրավի իրավունքը` պետական գրանցման, իսկ այդ պարտավորագիրը չի ապահովում նշված պահանջները, հետևաբար առոչինչ է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 09.07.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2-3-34 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած 09.01.2006 թվականի վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 11.000.000 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Վարդան Նիկողոսյանի գույքի և Վասիլ Նիկողոսյանի անվամբ հաշվառված Եղվարդի Սպանդարյան փողոցի թիվ 19 հասցեի բնակարանի վրա (գ.թ. 11):
2) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2-3-16 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած 09.01.2006 թվականի վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 4.162.000 ՀՀ դրամ (գ.թ. 14):
3) Վասիլ Նիկողոսյանի կողմից Ալվարդ Ղուկեյանին փոխանցվել է 11.434.000 ՀՀ դրամ:
4) ՀՀ արդարադատության նախարարության դատական կատերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի 11.05.2007 թվականի թիվ Եղ 410 գրության համաձայն` Ալվարդ Ղուկեյանը ստացել էգ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից տրված թիվ 2-3-16 կատարողական թերթում նշված` Վարդան Նիկողոսյանի ունեցած 4.162.000 ՀՀ դրամը, իսկ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից տրված թիվ 2-3-34 կատարողական թերթով նախատեսված 11.000.000 ՀՀ դրամից ստացել է 7.272.628 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է: Նույն օրենքի 44.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե առկա են նույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը:
Վասիլ Նիկողոսյանը, թիվ 2-3-34 քաղաքացիական գործով հանդիսանալով պարտապան, Ալվարդ Ղուկեյանի վճարել է 11.434.000 դրամ, որպիսի հանգամանքն ընդունվել է Ալվարդ Ղուկեյանի կողմից: Այսինքն` պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է: Հետևաբար, թիվ 2-3-34 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթը ենթակա էր կարճման, իսկ արգելանքի տակ գտնվող Վասիլ Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ պետք է հանվեր արգելանքից:
Ինչ վերաբերում է թիվ 2-3-16 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով Վասիլ Նիկողոսյանի համար պարտավորությունների առաջացման հարցին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վասիլ Նիկողոսյանը պարտապան է միայն թիվ 2-3-34 քաղաքացիական գործով, հետևաբար` վերջինս պարտավորություններ է կրում միայն այդ գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վասիլ Նիկողոսյանի կողմից տրված պարտավորագրի վավերականությունը թիվ 2-3-16 քաղաքացիական գործով հայցի առարկա չէ և Վերաքննիչ դատարանի կողմից դրանց անդրադառնալը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես հայցի առարկայի սահմանների անցում:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան