Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1725(ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                   2006թ.

Քաղաքացիական գործ թիվ SU-780/2006թ.

Նախագահող դատավոր` Էդ.Մուրադյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

                   նախագահությամբ            Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006թ. հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով պատասխանող «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 05.04.2006 թվականի թիվ SU-780 վճռի դեմ քաղաքացիական գործով` ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայցի ընդդեմ «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի` պատասխանողին անվճարունակ /սնանկ/ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ին ճանաչել անվճարունակ (սնանկ):

ՀՀ Տնտեսական դատարանի 05.04.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վճիռը 30.06.2006 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է պատասխանող «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ն:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Առկա է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք, որը հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ) միջև 15.06.2006 թվականին կնքվել է պահանջի իրավունքի զիջման պայմանագիր, որի համաձայն` «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի նկատմամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պահանջները ամբողջությամբ զիջվել են «Հայխնայբանկ» ՓԲԸ-ին: 19.06.2006 թվականին բանկը նախարարությանը վճարել է զիջված պահանջի գինն ամբողջությամբ: Այսինքն, մինչև պատասխանողին անվճարունակ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը

(30.06.2006 թվական), պատասխանողի սնանկության հատկանիշը, մասնավորապես նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող 30 օրյա կամ ավելի ժամկետով կետանցված /ժամկետանց/ պարտավորությունը, վերացել է: Հետևաբար, վերացել է նաև ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքը: Վերը նշված գործարքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի ուժով համարվում է սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:

 

2) ՀՀ տնտեսական դատարանի 05.04.2006թ. վճիռը հակասում է Վճռաբեկ դատարանի 26.05.2005 թվականին կայացված որոշմանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Այս որոշմամբ հաստատվել է վճռի կայացումից հետո կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայցով ընդդեմ «Հանքավան Սփրինգս» ՍՊԸ-ի` ընկերությանը անվճարունակ /սնանկ/ ճանաչելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով: Հետևաբար, տվյալ գործով ՀՀ տնտեսական դատարանի 05.04.2006 թվականի վճռի բեկանումը և հաշտության համաձայնության հաստատումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար:

Վերը նշված հիմքերով բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 05.04.2006 թվականի վճիռն ամբողջությամբ և հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 10.09.2001 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է Լյուդվիգ Հարությունյանից, Վարսիկ Ղարագյոզյանից և «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ից հօգուտ «Միավորված բանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 69 214,81 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած դրույքաչափով տոկոսներ` 01.01.2001 թվականից մինչև պարտքի փաստացի մարման օրը:

2) Վերը նշված վճիռը կատարելու համար, 30.10.2001 թվականին հարուցված թիվ 1396 կատարողական վարույթով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Արմավիրի մարզային ստորաբաժանման կողմից 07.02.2006 թվականին կայացվել է հարկադիր աճուրդը չկայացած հայտարարելու և կրկնակի հարկադիր աճուրդ նշանակելու մասին որոշում: Որոշմամբ աճուրդի ներկայացված գույքի արժեքը նվազել է և կազմել 10 146 281 ՀՀ դրամ, ինչը չի ապահովել պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը:

3) ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Միավորված բանկ» ԲԲԸ-ի միջև 29.04.2005 թվականին կնքվել է պահանջի իրավունքի զիջման պայմանագիր, համաձայն որի` Լյուդվիգ Հարությունյանի, Վարսիկ Ղարագյոզյանի և «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի նկատմամբ, վերը նշված դատարանի վճռով հաստատված պահանջի իրավունքը փոխանցվել /զիջվել/ է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի կողմից 08.07.2005 թվականին կայացվել է պահանջատիրոջը իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում, համաձայն որի` պահանջատեր «Միավորված բանկ» ԲԲԸ-ին փոխարինել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

5) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի միջև 15.06.2006 թվականին կնքվել է պահանջի իրավունքի զիջման պայմանագիր, համաձայն որի` վերը թվարկված համապարտ պարտապանների նկատմամբ ունեցած իր պահանջի իրավունքը ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը փոխանցել /զիջել/ է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը հանդիսացող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին:

6) 15.06.2006 թվականի պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը ՀՀ Նախագահի 28.10.2005թ. թիվ 189-Ն հրամանագրի պահանջներին համապատասխան համաձայնեցվել է ՀՀ գլխավոր դատախազության հետ:

7) Նշված պայմանագրի հիման վրա` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 19.06.2006 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի պարտքի գումարն ամբողջությամբ:

8) 13.07.2006 թվականին Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որի համաձայն` կողմերը հաստատելով, որ սույն գործով հայցվորը պատասխանողի նկատմամբ ունեցած իր պահանջի իրավունքը օտարել է բանկին, բանկը վճարել է զիջված պահանջի դիմաց, բանկի և պատասխանողի միջև կնքվել է պարտավորությունների կատարման ժամանակացույց, պատասխանողը հատուցել է հայցվորի կողմից անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումարը, եկել են վեճը հաշտությամբ ավարտելու մասին համաձայնության:

9) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը 12.10.2006 թվականի գրությամբ տվել է իր համաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից «Հայխնայբանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի միջև 13.07.2006 թվականին կնքված հաշտության համաձայնության հաստատմանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) պատասխանողի բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման հիմքերից են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:

Սույն գործով ՀՀ տնտեսական դատարանի վճռի կայացումից հետո, սակայն մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պահանջի իրավունքի զիջման պայմանագիր, համաձայն որի` Լյուդվիգ Հարությունյանի, Վարսիկ Ղարագյոզյանի և «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի նկատմամբ ունեցած իր պահանջի իրավունքը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը փոխանցել (զիջել) է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը հանդիսացող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին: 19.06.2006 թվականին բանկը նախարարությանը վճարել է զիջված պահանջի գինն ամբողջությամբ: Հետևաբար, դադարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նկատմամբ «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի ունեցած պարտավորությունը, ինչպես նաև վերացել են վերջինիս սնանկ ճանաչելու հիմքերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Վերը հիշատակված գործարքների կնքման համար պատասխանող «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի համաձայնությունը չի պահանջվել, հետևաբար վերջինս չէր կարող դրանց մասին տեղեկություն ունենալ մինչև 13.07.2006 թվականի հաշտության համաձայնության կնքումը: Վճռաբեկ դատարանը այս հանգամանքը դիտում է որպես սույն գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք, որը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել գործին մասնակցող անձին: Այսպիսով, սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, որի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

ՈՒսումնասիրելով կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 13.07.2006 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը հանդիսացող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված և Վճռաբեկ դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Այսպիսով, սույն գործով Վճռաբեկ դատարանին ներկայացված հաշտության համաձայնությունը ենթակա է Վճռաբեկ դատարանի կողմից հաստատման, իսկ քաղաքացիական գործի վարույթը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, ենթակա է կարճման:

 

2) պատասխանողի բողոքն երկրորդ հիմքով անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ

4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:

Սույն հոդվածի համաձայն` վերանայվող դատական ակտի` Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին հակասելը հանդիսանում է Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք: Սակայն բողոք բերած անձը նշված հանգամանքը դիտել է որպես վճռաբեկ բողոքի հիմք, ինչը չի բխում օրենքի պահանջներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու համար հիմք կարող է հանդիսանալ գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը: Հետևաբար, վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերանայվող դատական ակտի` Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին հակասելը բավարար հիմք է ընդամենը վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար, սակայն ինքնին բողոք բերելու հիմք չի կարող համարվել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի առաջին հիմքը բավարար է ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու, իսկ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման և քաղաքացիական գործի վարույթը` կարճման, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված պահանջների ապահովված լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Պատասխանող «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 05.04.2006 թվականի վճիռն ամբողջությամբ:

2. Հաստատել ներկայացված հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.

 

«ք.Երևան 13.07.2006թ.

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Գևորգյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, այսուհետ` Հայցվոր,

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ, որը հանդիսանում է «Հայխնայբանկ» ՓԲԸ իրավահաջորդը կապված բանկի անվանափոխության հետ, ի դեմս գլխավոր տնօրեն-վարչության նախագահ Ա.Վարտանովի, որը գործում է բանկի կանոնադրության հիման վրա, այսուհետ Բանկ,

«Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ն, ի դեմս ընկերության տնօրեն Ս.Պետանյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ Պատասխանող,

ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ընդդեմ «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ` վերջինիս անվճարունակ ճանաչելու պահանջի մասին քննվող քաղաքացիական գործի շրջանակներում կնքեցին սույն հաշտության համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Սույնով կողմերը հաստատում են, որ Հայցվորի և Բանկի միջև 15.06.2006թ. կնքված Պահանջի իրավունքի զիջման պայմանագրի համաձայն Հայցվորը Պատասխանողի նկատմամբ ունեցած իր պահանջի իրավունքը օտարել է Բանկին, Բանկը վճարել է զիջված պահանջի դիմաց, Հայցվորը թե 15.06.2006թ. դրությամբ և թե սույն համաձայնագրի կնքման պահի դրությամբ Պատասխանողի նկատմամբ որևէ պահանջ չունի, Պատասխանողի սնանկության հատկանիշները, մասնավորապես նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող 30 օրյա կամ ավելի ժամկետով կետանցված (ժամկետանց) պարտավորությունները վերացել են:

2. Կողմերը հաստատում են, որ Բանկի և Պատասխանողի միջև 15.06.2006թ. կնքվել է Պարտավորությունների կատարման ժամանակացույց սահմանելու մասին Համաձայնագիր, որով զիջված պահանջի գծով պարտավորության կատարման ժամկետ է սահմանվել 2007թ. դեկտեմբերի 15-ը, և Պատասխանողը Բանկի նկատմամբ թե 15.06.2006թ. դրությամբ և թե սույն համաձայնագրի կնքման պահի դրությամբ Բանկի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող 30 օրյա կամ ավելի ժամկետով կետանցված (ժամկետանց) պարտավորություն չունի, հետևաբար բացակայում են սնանկության հատկանիշները:

3. Կողմերը հաստատում են, որ Պատասխանողը հատուցել է Հայցվորի կողմից սնանկացման հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի ծախսերը:

4. Կողմերը վեճը ավարտում են հաշտության համաձայնությամբ:

5. Սույն համաձայնությունը կնքվում է չորս օրինակից, յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ և մեկ օրինակ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի հաստատմանը ներկայացնելու համար:

6. Սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում դատարանի կողմից հաստատման պահից:

 

Կողմերը

    Հայցվոր`                                 Պատասխանող`

    ՀՀ Ֆինանսների և  էկոնոմիկայի        «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ

նախարարություն

    ք.Երևան,  Մ.Ադամյան 1               ք.Արմավիր, Սայաթ-Նովա 2

    Աշխատակազմի ղեկավար`                Տնօրեն`

    ստորագրություն Ռ.Գևորգյան           ստորագրություն Ս.Պետանյան

 

Բանկ

ք. Երևան, Նալբանդյան 46

Գլխավոր տնօրեն-վարչության

նախագահ`

ստորագրություն Ա.Վարտանով»:

 

3. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայցով ընդդեմ «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի` պատասխանողին անվճարունակ (սնանկ) ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը կարճել:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1725(ՏԴ)
Որոշում