110.0110.270697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
17 հունիսի 1997 թ. թիվ 110-Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների 1997 թվականի ընդունելությունը կազմակերպելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների 1997 թվականի ընդունելության կանոնները:
2. Ընդունելության սույն կանոնները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
_________________ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման ձևով:
2. Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` պետական պատվերով հատկացված մասնագիտությունների ու տեղերի քանակի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ուսումնական հաստատությունը կառավարող համապատասխան գերատեսչության համատեղ հաստատած` վճարովի ուսուցման համակարգի մասնագիտությունների և տեղերի քանակի և սույն կանոնների համաձայն:
3. Քոլեջներ կարող են ընդունվել միջնակարգ և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցողները, իսկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` 8-ամյա, միջնակարգ և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցողները: Կրթության հիմքը (8-ամյա, միջնակարգ) ըստ մասնագիտությունների սահմանվում է. պետական պատվերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, իսկ վճարովի ուսուցման համակարգի համար` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ուսումնական հաստատությունը կառավարող համապատասխան գերատեսչության կողմից համատեղ:
Քոլեջներ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ վճարովի հիմունքներով կարող են ընդունվել նաև միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունեցողները:
4. Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած ընդունելության քննությունների ցանկի համաձայն:
Ռուսական դպրոցի շրջանավարտները «Հայոց լեզու» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաները հանձնում են ռուսական դպրոցի ծրագրով: Մնացած առարկաները, իրենց ցանկությամբ, կարող հանձնել ռուսերեն լեզվով: Կրթության փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդների, ինչպես նաև ՀՀ այլազգի ու ԱՊՀ երկրների հայազգի քաղաքացիների համար «Հայոց լեզու» առարկան նրանց ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում` 0206 - «Գործավարություն և արխիվավարություն», 0302 - «Աշխատանքի ուսուցում», 0307 - «Դասավանդում տարրական դասարաններում», 030701 «Դասավանդում տարրական դասարաններում և ռուսաց լեզու», 030702 - «Դասավանդում տարրական դասարաններում և անգլերեն լեզու», 0308 - «Նախադպրոցական դաստիարակություն», 030801 - «Նախադպրոցական դաստիարակություն և օտար լեզու», 030802 - «Նախադպրոցական դաստիարակություն և կերպարվեստ», 0309 - «Արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանք», 0520 - «Գրադարանային գործ», «Օտար և հայոց լեզուների դասավանդում» մասնագիտությունները, որոնց գծով դիմորդները պարտադիր կերպով հանձնում են ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից` հայկական դպրոցի ծրագրով:
ՄՄՈՒՀ-ներում արվեստի` 0501 - «Դաշնամուր», 0502 - «Լարային նվագարաններ», 0503 - «Փողային և հարվածային նվագարաններ», 0504 - «Ժողովրդական նվագարաններ», 505 - «Երգեցողություն», 0506 - «Երգչախմբային դիրիժորություն», 0507 - «Երաժշտության տեսություն», 0515 - «Գեղանկարչություն», 0516 - «Քանդակագործություն», 0517 - «Գեղարվեստական ձևավորում», 0519 - «Դեկորատիվ - կիրառական արվեստ» մասնագիտությունների համար «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննություն է համարվում հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի (կրթության վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունենալու դեպքում` «Ռուսաց լեզու» առարկայի) ավարտական քննությունը:
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 1996 կամ 1997 թվականներին կենտրոնացված կարգով հանձնված որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը (սահմանված ձևի տեղեկանքով քոլեջ կամ ՄՄՈՒՀ ներկայացված) համարվում է քոլեջում կամ ՄՄՈՒՀ-ում հանձնած տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական:
Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում որոշ, առավել կարևորություն ներկայացնող տեխնիկական, տեխնոլոգիական և շինարարական մասնագիտությունների գծով, որոնց ցանկը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների, միջնակարգ կրթության վկայականի գնահատականների հիման վրա:
5. Դիմորդների գործերի ընդունումը քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունում կատարվում է տեղում` ընդունող հանձնաժողովի կողմից:
6. Դիմորդների գործերի ընդունումը քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սկսվում է 1997 թվականի հունիսի 20-ից և ավարտվում ոչ ուշ, քան տվյալ մասնագիտության ընդունելության քննությունների սկզբից երկու օր առաջ: Այն մասնագիտություններով, որոնց համար ընդունելության քննություններ նախատեսված չեն, գործերի ընդունումն ավարտվում է օգոստոսի 23-ին:
7. Ընդունելության քննություններն անց են կացվում ուսումնական հաստատության կողմից հաստատված քննությունների ժամանակացույցի համաձայն, որը նախապես համաձայնեցվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:
8. Դիմորդները քոլեջի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում,
բ) կրթության մասին վկայական (բնագիրը կամ պետական նոտարի կողմից հաստատված պատճենը),
գ) բժշկական տեղեկանք (ձև 086-ՈՒ),
դ) չորս լուսանկար ( 3 x 4 սմ չափի),
ե) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվարկային փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
զ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական),
ե) լրացուցիչ փաստաթղթեր` սույն կանոնների 15 կետով սահմանված արտոնությունների վերաբերյալ:
9. Քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության քննություններին մասնակցելու համար նախապես վճարում են 525 դրամ: Անկախ դիմորդի քննություններին մասնակցելուց կամ քննության արդյունքից վճարված գումարը ետ չի վերադարձվում:
10. Յուրաքանչյուր քննական առարկա գնահատվում է 20-միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: բացառություն են կազմում երաժշտական առարկաները, որոնց գնահատման համակարգը սահմանվում է առանձին` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
11. Գրավոր քննության գնահատականը դիմորդի կողմից կարող է գանգատարկվել գնահատականի հայտնման օրը, իսկ բանավոր քննության գնահատականը` առանց քննասենյակից դուրս գալու:
12. Ընդունելության քննության վերահանձնում չի թույլատրվում:
13. Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդներին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները ուսումնական հաստատությունում դեռևս չեն ավարտվել:
Քննացուցակով նշանակված ժամկետին որևէ քննության անհարգելի պատճառով չներկայացած դիմորդների մասնակցությունը հետագա քննություններին չի թույլատրվում:
14. Մրցույթն անց է կացվում մրցութային քննություններից հավաքած միավորների գումարի հիման վրա: Մրցույթային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում քննական առարկաներից ստացած միավորները` սահմանված հաջորդականությամբ:
Սույն կանոնների 4-րդ կետում նշված տեխնիկական, տեխնոլոգիական և շինարարական մասնագիտությունների գծով մրցույթն անց է կացվում միջնակարգ կրթության վկայականի առանձին առարկաների գնահատականների գումարի հիման վրա, իսկ այդ գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում այդ առարկաների գնահատականներն ըստ հաջորդականության: Վերոհիշյալ առարկաների ցանկն ու հաջորդականությունն ըստ մասնագիտությունների սահմանվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
15. Մրցույթից դուրս արտապլանային տեղերում կարող են ընդունվել`
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձագետների հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ.
բ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված մինչև 1997 թ. սեպտեմբերի 1-ը 18 տարին չլրացած անձինք.
գ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված վկայականների:
16. Պետական պատվերով հատկացված տեղերում մրցույթով չանցած դիմորդները կարող են մինչև ս/թ օգոստոսի 30-ը ներառյալ ներկայացնել դիմում` տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի տեղերի մրցույթին մասնակցելու համար:
17. Թափուր տեղերի առկայության դեպքում քոլեջներ և ՄՄՈՒՀ-ներ մրցութային կարգով կարող են ընդունվել ընթացիկ տարում տվյալ քոլեջի կամ ՄՄՈՒՀ-ի այլ մասնագիտության, ինչպես նաև այլ ՄՄՈՒՀ-ների, քոլեջների և ԲՈՒՀ-երի մրցույթով չանցած (անկախ ուսուցման համակարգից) դիմորդները, որոնք մինչև ս/թ օգոստոսի 30-ը ներկայացնում են համընկնող քննական առարկաներից ստացված միավորները պարունակող` սահմանված ձևի տեղեկանքներ: Թափուր տեղերի մրցույթն անցկացնելիս հաշվի են առնվում նաև պետական ԲՈՒՀ-երում 1996 թ. կենտրոնացված կարգով հանձնած ընդունելության քննությունների գնահատականները:
18. Ընդունելության հետ առնչվող վիճելի հարցերը քննարկվում են ընդունող հանձնաժողովի կողմից:
i
19. Սույն կանոնները մշակվում և հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված` ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետի համաձայն:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «27» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12970032