14.10.2004 - 26.11.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին
i
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի (անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից) համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, ինչպես նաև արխիվային գործի հետ առնչվող իրավահարաբերությունները:
Հոդված 2. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արխիվային գործի մասին |
1. Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից և իրավական ակտերից ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) արխիվային գործ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությունը Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման բնագավառում.
2) արխիվային փաստաթուղթ` պետության և հասարակության համար պատմամշակութային ու փաստավավերագրական նշանակությամբ պահպանության ենթակա` նյութական կրիչի վրա գրանցված վավերապայմաններով տեղեկություն, որը թույլ է տալիս դա նույնականացնել.
3) արխիվային այլ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմի մեջ չմտնող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանվող արխիվային փաստաթղթեր.
4) անձնակազմին վերաբերող փաստաթղթեր` գործատուի հետ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների ընթացքում աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի և աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր.
5) մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր` ֆիզիկական անձի առողջական վիճակի, ընտանեկան և նեղ անձնական հարաբերությունների, ծննդյան, որդեգրման, ամուսնության և ամուսնալուծության հանգամանքների, անձնական տվյալների, անձնական գրագրության և թղթակցության, նոտարական գործարքների, գույքային իրավունքի, եկամտի աղբյուրների մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր.
6) առանձնապես արժեքավոր փաստաթուղթ` պատմամշակութային կամ գիտական արժեք, պետության և հասարակության համար հատուկ կարևորություն ունեցող արխիվային փաստաթուղթ, որի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հաշվառման, պահպանության և օգտագործման հատուկ պայմաններ.
7) հազվագյուտ փաստաթուղթ` առանձնապես արժեքավոր փաստաթուղթ, որը եզակի է իր բովանդակած տեղեկատվությամբ կամ արտաքին հատկանիշներով.
8) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածու` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, պատմականորեն ձևավորված և մշտապես համալրվող արխիվային փաստաթղթերի ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության և տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկացուցիչ մասն է և ենթակա է մշտական պահպանության.
9) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթուղթ` հայ ժողովրդի նյութական և հոգևոր կյանքն արտացոլող, գիտապատմական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային նշանակություն ունեցող` փորձաքննությամբ արժեքավորված, պետության կողմից հաշվառված և մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթուղթ.
10) արխիվ` իրավաբանական անձ կամ հիմնարկի և կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանություն և օգտագործում.
11) աշխատակազմի արխիվ` պետական մարմինների, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկի կամ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանություն և օգտագործում մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը.
12) պետական արխիվ` պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղծում է պետությունը` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն իրականացնելու նպատակով.
13) համայնքային արխիվ` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղծում է համայնքը` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նպատակով.
14) արխիվային փաստաթղթերի մշտական պահպանություն` արխիվային փաստաթղթերի պահպանություն` առանց պահպանության ժամկետի սահմանման.
15) արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանություն` արխիվային փաստաթղթերի պահպանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում.
16) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ավանդատվական պահպանություն` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
17) արխիվային փաստաթղթերի պահատվությամբ պահպանություն` արխիվային փաստաթղթերի պահպանությունը պետական կամ համայնքային արխիվներում դրանց սեփականատերերի հետ` համապատասխան պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում և պայմաններով.
18) արխիվային փաստաթղթերի սեփականատեր` Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության համայնք, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի արխիվային փաստաթղթերի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունք.
19) արխիվային փաստաթղթերից օգտվող` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, սահմանված կարգին համապատասխան, օգտվում է արխիվային փաստաթղթերից իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու և օգտագործելու նպատակով.
20) արխիվի համալրման աղբյուր` պետական կամ համայնքային արխիվներին արխիվային փաստաթղթեր և նյութական կրիչի վրա այլ տեղեկություններ հանձնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
21) տեղեկատու-որոնողական միջոցներ` արխիվային փաստաթղթերի բովանդակությանը վերաբերող տեղեկատվության և դրանց որոնման ապահովման նպատակով կազմված փաստաթղթերի ամբողջություն.
22) գրանցամատյան` պետական հաշվառման հիմնական փաստաթուղթ, որն ապահովում է հազվագյուտ փաստաթղթի հաշվառումը` նրան բնութագրող առանձնահատուկ նշանների հակիրճ նկարագրությամբ և որոնողական տվյալներով:
ԳԼՈՒԽ 2.
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
i
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը արխիվային գործի բնագավառում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է արխիվային գործի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
2) սահմանում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, պետական և համայնքային արխիվների կողմից համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կազմակերպման միասնական կանոններ և նորմեր, ընդ որում`
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը,
- արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը,
- արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը,
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը,
- պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը,
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը և ավանդատվական պահպանությունն իրականացնող պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ցանկը:
i
Հոդված 5. |
Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը |
Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)`
1) սահմանում է`
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը,
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը,
- արխիվային փաստաթղթերի կարգավորման և պետական արխիվներ հանձնման կարգը,
- պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը և օգտագործումը.
3) օրենքով սահմանված կարգով ապահովում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ժամանակավոր արտահանման և ներմուծման իրականացումը:
Հոդված 6. |
Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն արխիվային գործի բնագավառում |
1. Համայնքի ավագանին`
1) որոշում է կայացնում համայնքային արխիվի ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.
2) որոշում է համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության:
2. Համայնքի ղեկավարը`
1) ներկայացնում է ավագանու հաստատմանը համայնքային արխիվ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշման նախագիծը.
2) ապահովում է համայնքային արխիվի, համայնքային այլ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը և օգտագործումը:
3. Համայնքային արխիվների ֆինանսական ու նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է համայնքային բյուջեների միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 3.
ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 7. |
Արխիվների ստեղծումը |
1. Պետական և համայնքային արխիվներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանած կարգով:
2. Պետական մարմինները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նպատակով մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը պարտավոր են ստեղծել աշխատակազմի արխիվներ:
3. Այլ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության համար ստեղծել արխիվներ:
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
Հոդված 8. |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմը |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես գտնվող, փորձաքննությամբ արժեքավորված արխիվային փաստաթղթեր` անկախ դրանց ծագման աղբյուրից, ժամանակից ու ստեղծման եղանակից, նյութական կրիչի տեսակից, պահպանության վայրից և սեփականության իրավունքից, ընդ որում`
- պատմամշակութային նշանակությամբ փաստաթղթեր,
- իրավական ակտեր,
- գործավարական փաստաթղթեր,
- գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունքներ պարունակող փաստաթղթեր,
- քաղաքաշինական փաստաթղթեր,
- կինո-, ֆոտո-, ֆոնոփաստաթղթեր,
- էլեկտրոնային և հեռաչափական փաստաթղթեր,
- ձեռագրեր, նկարներ, գծագրեր, նամակագրություն, օրագրություն, հուշագրություն,
- արխիվային փաստաթղթերի բնօրինակի իրավունքով պատճեններ:
Հոդված 9. |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում արխիվային փաստաթղթերի ընդգրկումը |
1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում փաստաթղթերն ընդգրկվում են փորձաքննության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահպանության ժամկետների նշումով` արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկին համապատասխան:
2. Փորձաքննությամբ արժեքավորվում են պետական և համայնքային սեփականություն համարվող բոլոր փաստաթղթերը` ցանկացած նյութական կրիչի վրա:
3. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերը սեփականատերերի համաձայնությամբ ընդգրկվում են արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումից հետո և ձևակերպվում են պետական և համայնքային արխիվների հետ սեփականատիրոջ կնքած պայմանագրով, որը նախատեսում է կողմերի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի հաշվառման, պահպանության և օգտագործման համար:
4. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի` սեփականատերերի համաձայնությամբ փորձաքննությամբ արժեքավորումը փաստաթղթերի սեփականատերերի հետ իրականացնում են պետական կամ համայնքային արխիվները:
5. Փաստաթղթերի ոչնչացումն արգելվում է, եթե դրանք փորձաքննությամբ չեն արժեքավորվել:
Հոդված 10. |
Պետության սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերը |
Պետության սեփականություն են`
1) պատմամշակութային նշանակությամբ փաստաթղթերը.
2) պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
3) պետական արխիվներում պահպանվող արխիվային փաստաթղթերը.
4) նախկին Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության և Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մարմինների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
5) տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու միավորումների, արհեստակցական միությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց` պետությանը որպես սեփականություն հանձնած արխիվային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 11. |
Համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերը |
Համայնքի սեփականություն են`
1) տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
2) իրավաբանական և ֆիզիկական անձանց` համայնքին որպես սեփականություն հանձնած արխիվային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 12. |
Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերը |
Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն են իրավաբանական և ֆիզիկական անձանց ստեղծած կամ նրանց կողմից օրինական հիմունքներով ձեռք բերված արխիվային փաստաթղթերը:
Հոդված 13. |
Արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը |
1. Պետության կամ համայնքի սեփականություն համարվող փաստաթղթերը ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), չեն կարող լինել վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպես նաև այլ գործարքի առարկա, ինչը կարող է հանգեցնել դրանց օտարման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Պետական կամ համայնքային կազմակերպությունների մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում դրանց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերը (ներառյալ` անձնակազմին վերաբերող) մնում են որպես Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականություն:
3. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերը կարող են օտարվել կամ մեկ անձից մյուսին փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով:
4. Պետական և համայնքային արխիվների պահատվությանը հանձնված փաստաթղթերը (եթե սեփականատերը դրանք հետ չի վերցրել) պահատվության պայմանագրային ժամկետները լրանալուց և պահառուի կողմից պայմանագրային ժամկետը լրանալու ու փաստաթղթերը հետ վերցնելու մասին պահատուին գրավոր իրազեկելուց հետո տնօրինվում են պահատվության պայմանագրի համաձայն:
Հոդված 14. |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի քաղաքացիական շրջանառության առանձնահատկությունները |
1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունները:
2. Եթե, օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված առանձնապես արժեքավոր փաստաթղթերի սեփականատերը դրանք պահպանում է անտնտեսվար, որն սպառնում է դրանց նշանակության կորստին, ապա այդ փաստաթղթերը լիազոր մարմնի հայցի հիման վրա դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5.
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 15. |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը |
1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է հետևյալ կերպ.
1) մշտական պահպանություն` պետական արխիվներում.
2) ժամանակավոր պահպանություն` մինչև մշտական պահպանության հանձնելը պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում` սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում:
2. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համայնքի սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է հետևյալ կերպ.
1) մշտական պահպանություն` համայնքային արխիվներում.
2) ժամանակավոր պահպանություն` տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքային կազմակերպություններում` սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերը սույն օրենքով սահմանված կարգով պահպանում են դրանց սեփականատերերը կամ պայմանագրի հիման վրա պահպանության կարող են հանձնվել արխիվներ:
Հոդված 16. |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառումը |
1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածու ընդգրկվող փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման` անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից և պահպանության վայրից:
2. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերը հաշվառվում են նաև Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերի պետական հատուկ հաշվառման գրանցամատյանում:
3. Պետական և համայնքային արխիվներում պահպանվող Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերն ամրացվում են դրանց անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով:
ԳԼՈՒԽ 6.
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Հոդված 17. |
Հայաստանի պետական և համայնքային արխիվների համալրման աղբյուրները |
1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, որոնց գործունեության ընթացքում առաջանում են պետական և համայնքային արխիվներում պահպանության ենթակա Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթեր և արխիվային այլ փաստաթղթեր, պետական և համայնքային արխիվների համալրման աղբյուրներ են:
2. Պետական և համայնքային արխիվները կազմում են իրենց համալրման աղբյուրների ցանկերը:
3. Իրավաբանական և ֆիզիկական անձինք պետական և համայնքային արխիվների համալրման աղբյուրներ են համարվում պայմանագրի հիման վրա:
Հոդված 18. |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի հանձնումը մշտական պահպանության |
1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության և համայնքի սեփականություն համարվող փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետները լրանալուց հետո կարգավորված, տեղեկատու-որոնողական միջոցների հետ մշտական պահպանության են հանձնվում պետական և համայնքային արխիվներ:
2. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի համալրման նպատակով հանձնումը պետական և համայնքային արխիվներ իրականացվում է պայմանագրերի հիման վրա:
Հոդված 19. |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչև մշտական պահպանության հանձնելը) պահպանելու ժամկետները |
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչև պետական և համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու առավելագույն ժամկետներն են`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար` 10 տարի.
2) տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների փաստաթղթերի համար` 5 տարի.
3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված արխիվային փաստաթղթերի առանձին տեսակների`
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար` 100 տարի,
- նոտարական գործարքների գրանցումների համար` 10 տարի,
- անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների կադաստրային գործերի և գրանցման գրքերի համար` 100 տարի,
- տնտեսական գրքերի (ծխամատյանների) համար` 75 տարի,
- իրականացված կապիտալ շինարարության նախագծային փաստաթղթերի համար` 20 տարի,
- արտոնագրված տեխնոլոգիական և փորձարարակոնստրուկտորական փաստաթղթերի համար` 20 տարի,
- գիտահետազոտական և արտոնագրային փաստաթղթերի համար` 15 տարի,
- պետական աջակցությամբ ստեղծված կինո-, ֆոտոփաստաթղթերի համար` 5 տարի,
- պետական աջակցությամբ ստեղծված տեսա-, ֆոնոփաստաթղթերի համար` 3 տարի:
Հոդված 20. |
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց պարտականությունները պետական և համայնքային արխիվների համալրման բնագավառում |
1. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով, մշակում և հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկերը:
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային կազմակերպություններն ապահովում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի կարգավորումը, նախապատրաստումը և պետական կամ համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնումը:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերը (ներառյալ` անձնակազմին վերաբերող) հանձնվում են պետական կամ համայնքային արխիվներ:
4. Պետական կամ համայնքային կազմակերպությունների մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերը (ներառյալ` անձնակազմին վերաբերող) հանձնվում են պետական կամ համայնքային արխիվներ:
5. Այլ իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
6. Անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
7. Անվճարունակ (սնանկ) ճանաչված կազմակերպության լուծարման դեպքում անվճարունակության գործով կառավարիչը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
ԳԼՈՒԽ 7.
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 21. |
Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը |
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի ազատ որոնելու և ուսումնասիրության նպատակով պետական և համայնքային արխիվներից ստանալու արխիվային փաստաթղթեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Պետական և համայնքային արխիվներում արխիվային փաստաթղթերից օգտվողի համար արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ապահովվում է տեղեկատու-որոնողական միջոցների և դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների կամ պատճենների տրամադրմամբ:
Հոդված 22. |
Արխիվային փաստաթղթերի մատչելիության սահմանափակումները |
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողին արխիվային փաստաթղթերի մատչելիությունը կարող է սահմանափակվել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականատերերի որոշումներին համապատասխան:
2. Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից, սահմանափակվում է պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ և հատկապես արժեքավոր փաստաթղթերի բնագրերի և ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող արխիվային փաստաթղթերի նկատմամբ: Պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի նկատմամբ մատչելիության սահմանափակումները վերացվում են օրենքով սահմանված կարգով:
3. Մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Մարդու, իսկ մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ, քան դրանց ստեղծման ժամանակից 100 տարվա ժամկետը:
Հոդված 23. |
Արխիվային փաստաթղթերի օգտագործումը |
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի իրեն տրամադրված արխիվային փաստաթղթերում պարունակած տեղեկատվությունն օգտագործելու, փոխանցելու և տարածելու ցանկացած օրինական նպատակով և միջոցով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Պետական և համայնքային արխիվներն արխիվային փաստաթղթերից օգտվողի համար անվճար ապահովում են արխիվային փաստաթղթերի որոնման և ուսումնասիրման համար անհրաժեշտ պայմաններ:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց մոտ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքներ կամ արխիվային փաստաթղթերի պատճեններ:
4. Պետական և համայնքային արխիվները, ինչպես նաև պետական կամ համայնքային կազմակերպությունները կարող են արխիվային փաստաթղթերից օգտվողին ցուցաբերել վճարովի տեղեկատվական ծառայություններ, կնքել նրա հետ պայմանագրեր` արխիվային փաստաթղթերի և դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման մասին:
5. Պետական և համայնքային արխիվները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում են նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկատվություն և արխիվային փաստաթղթերի պատճեններ:
ԳԼՈՒԽ 8.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 24. |
Պատասխանատվությունն արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար |
Իրավաբանական և ֆիզիկական անձինք արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 9.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. |
Միջազգային համագործակցությունն արխիվային գործի բնագավառում |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային արխիվները, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի սեփականատեր համարվող իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց իրավասությունների սահմաններում կարող են մասնակցել արխիվային գործի բնագավառում միջազգային համագործակցությանը և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, արխիվային գործին վերաբերող խորհրդակցություններին և համաժողովներին, միջազգային տեղեկատվական փոխանակությանը:
Հոդված 26. |
Արխիվային փաստաթղթերի արտահանումը և ներմուծումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերն արտահանման ենթակա չեն:
2. Պետության և համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության տարածքից ժամանակավոր արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը կարգավորվում է օրենքով:
3. Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ներմուծել միայն օրինական հիմունքներով ձեռք բերված կամ ստացված արխիվային փաստաթղթերը:
Հոդված 27. |
Արխիվային փաստաթղթերի պատճենների արտահանումը և ներմուծումը |
Ցանկացած նյութական կրիչի վրա օրինական հիմունքներով ձեռք բերված կամ ստացված արխիվային փաստաթղթերի պատճենների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ արխիվային այն փաստաթղթերի պատճենների, որոնց օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է օրենքով:
ԳԼՈՒԽ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 28. |
Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
i
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» (12 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-161) Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2004 թ. հուլիսի 1 Երևան ՀՕ-88-Ն
|