13.05.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական արարողակարգի նպատակները, պետական արարողակարգի միջոցառումներն ու ընթացակարգերը, Հայաստանի Հանրապետությունում արարողակարգային ավագությունը, արարողակարգային միջոցառումների ֆինանսավորման կարգը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը, խնդիրները, լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է պետական արարողակարգի հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական արարողակարգ` Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների շրջանակներում կիրառվող համընդհանուր կանոնների, ազգային ավանդույթների և պայմանականությունների ամբողջություն.
2) արարողակարգային ավագություն` Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունը, որով որոշվում է ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի և դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգությունը.
3) բարձրաստիճան պատվիրակություններ` Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների և արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների, փոխվարչապետների, միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ղեկավարների և նրանց լիազորած պաշտոնատար անձանց գլխավորած պատվիրակություններ. ↩ ↩
i
4) դիվանագիտական անձնակազմ` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների անձնակազմ, որոնց վրա տարածվում են Վիեննայի դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը. ↩
5) փոխադարձության սկզբունք` միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն` պետությունները արարողակարգային միջոցառումների և արարողակարգային ընթացակարգերի առումով միմյանց նկատմամբ ցուցաբերում են նույնաբովանդակ վերաբերմունք, ապահովում են համանման պայմաններ և հնարավորություններ:
(2-րդ հոդ. փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 3. |
Պետական արարողակարգի նպատակները |
1. Պետական արարողակարգի նպատակն է ապահովել միասնական արարողակարգային գործելակերպ և ընթացակարգ, արարողակարգային կանոնների միասնական կիրառում Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերություններում:
ԳԼՈՒԽ 3
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 4. |
Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունները Հայաստանի Հանրապետություն |
1. Բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցելություններն են պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, անձնական հյուրի կարգավիճակով և տարանցիկ այցերը:
2. Պետական այցն օտարերկրյա պետությունների կամ կառավարությունների ղեկավարների քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելությունն է, որի կազմակերպման արարողակարգային միջոցառումներին տրվում է ընդգծված հանդիսավորություն, և ապահովվում է հայկական կողմի բարձր մակարդակի մասնակցություն:
3. Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այցելությունն է, որը պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձևաչափով և արարողակարգային միջոցառումների մակարդակով:
4. Աշխատանքային այցն օտարերկրյա պետությունների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների պաշտոնատար անձանց որոշակի նպատակով այցելությունն է, մասնավորապես բանակցություններին, խորհրդակցություններին, միջազգային համաժողովներին կամ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, ազգային ցուցահանդեսների բացման նպատակով կազմակերպվող այցերը: ↩
5. Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է Հայաստանի Հանրապետություն` հանգստյան, բուժման, ինչպես նաև տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջության նպատակով:
6. Անձնական հյուրի կարգավիճակով այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է, որի ընթացքում կարող է նախատեսվել մասնավոր ծրագիր` առանց որևէ արարողակարգային միջոցառման:
7. Տարանցիկ այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատև այցելությունն է Հայաստանի Հանրապետություն` երրորդ երկիր մեկնելու նպատակով:
(4-րդ հոդ. փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 5. |
Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրերի և հետկանչագրերի ընդունումը |
1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերն ու հետկանչագրերն ընդունում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
2. Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող` հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնման ժամկետները որոշվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին` փոխհամաձայնությամբ:
3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնումը յուրաքանչյուր տարվա ընթացքում տեղի է ունենում չորս անգամ:
Հոդված 6. |
Պաշտոնական ուղերձները և հեռագրերը |
1. Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի կողմից օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ղեկավարներին ուղերձներ և հեռագրեր են ուղարկվում` ↩
1) ազգային տոների առթիվ.
2) օտարերկրյա պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների ընտրության կամ նշանակման կապակցությամբ.
3) քաղաքական կարևոր նշանակության միջազգային պայմանագրերի կնքման հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ` յուրաքանչյուր հինգերորդ տարում.
4) դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի առթիվ` առաջինը` հինգերորդ տարում, այնուհետև` յուրաքանչյուր հինգերորդ կամ տասներորդ տարում.
5) այլ առիթներով:
2. Ամանորի շնորհավորական հեռագրերը և ուղերձները կարող են փոխանցվել սեփական հայեցողությամբ և ի պատասխան ստացված շնորհավորանքների:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղերձներ և հեռագրեր ուղարկելու առաջարկությունը և դրանց նախագծերը ներկայացնում է արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
(6-րդ հոդ. փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 7. |
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները և բանակցությունները ↩ |
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց` օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները և բանակցությունները կազմակերպվում են Պետական արարողակարգի ծառայության միջոցով: ↩
i
2. Գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմերի ղեկավարները` այդ մարմինների ղեկավարների սահմանած կարգով 15-օրյա ժամկետում արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին են ներկայացնում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած իրենց հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվություն:
(7-րդ հոդ. փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. |
Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը |
1. Բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների` օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, տրանսպորտային և կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը:
3. Բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցերի և դրանց հետ կապված միջոցառումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևաչափով.
օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այց` |
ղեկավար (ամուսին) և մինչև 10 ուղեկցող անձ |
օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այց |
ղեկավար (ամուսին) և մինչև 8 ուղեկցող անձ |
օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այց |
ղեկավար (ամուսին) և մինչև 6 ուղեկցող անձ |
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց |
ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ |
օտարերկրյա պետության փոխվարչապետի այց ↩ |
ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ ↩ |
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց |
ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ |
միջազգային կազմակերպության ղեկավարի այց |
ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ |
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևաչափը կարող է փոփոխվել` ելնելով փոխադարձության սկզբունքից` պետական արարողակարգի ծառայության առաջարկությամբ` վարչապետի որոշմամբ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` վարչապետի որոշմամբ: ↩
6. Օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ներկայացուցչական ծախսերը ֆինանսավորվում են Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմերի համար նախատեսված միջոցներից: ↩
7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:
(8-րդ հոդ.փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 9. |
Այլ այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը |
1. Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող միջազգային բնույթի միջոցառումներին մասնակցելու նպատակով, ինչպես նաև պետական այլ մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման ձևաչափը սահմանվում է վարչապետի որոշմամբ և իրականացվում է պետական բյուջեի` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից` համապատասխան պետական մարմնի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա:
ԳԼՈՒԽ 5
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՎԱԳՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. |
Արարողակարգային ավագությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետևյալ արարողակարգային ավագությունը.
1) Հանրապետության նախագահ.
2) վարչապետ.
3) Ազգային ժողովի նախագահ.
4) Սահմանադրական դատարանի նախագահ.
5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ.
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 01.06.2019 թվականից` 08.05.19 ՀՕ-34-Ն օրենք)↩
7) փոխվարչապետներ` տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության, իսկ նույն տևողության դեպքում` տարիքով ավագության հերթականությամբ.
8) Անվտանգության խորհրդի քարտուղար.
9) Երևանի քաղաքապետ.
10) Անվտանգության խորհրդի անդամներ.
11) Ազգային ժողովի փոխնախագահներ` տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության, իսկ նույն տևողության դեպքում` տարիքով ավագության հերթականությամբ.
12) նախարարներ` օրենքով սահմանված հերթականությամբ.
13) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներ` օրենքով սահմանված հերթականությամբ.
14) Ազգային ժողովի պատգամավորներ.
15) Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարներ` Սահմանադրությամբ ամրագրված հերթականությամբ.
16) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար.
17) վարչապետի աշխատակազմի ղեկավար.
18) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:
2. Միջոցառումներին Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության դեպքում, որպես կանոն, նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին:
3. Միջոցառումներին Հանրապետության պաշտոնաթող նախագահի և այլ հատուկ հյուրերի մասնակցության դեպքում նրանց արարողակարգային ավագությունը որոշվում է պետական արարողակարգի ծառայության ղեկավարի կողմից` յուրաքանչյուր միջոցառման համար առանձին:
4. Օտարերկրյա պետություններ այցերի ժամանակ այդ պետությունում հավատարմագրված` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարը ավագությամբ հաջորդում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-11-րդ կետերով սահմանված պաշտոնատար այլ անձինք չեն մասնակցում միջոցառմանը:
5. Պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ հիմնական հյուրից հետո տվյալ մարմնի ղեկավարն ավագությամբ երկրորդն է:
(10-րդ հոդ փոփ. 08.05.19 ՀՕ-34-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 11. |
Պետական արարողակարգային ընթացակարգերը |
1. Օտարերկրյա պետության ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության Նախագահի հետ, այցելություն Ազգային ժողով և բանակցություններ վարչապետի հետ:
2. Օտարերկրյա կառավարության ղեկավարի պետական կամ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ վարչապետի հետ և այցելություն Ազգային ժողով:
3. Օտարերկրյա պետության խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և ըստ անհրաժեշտության` հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
4. Հայաստանի Հանրապետություն պետական այցերի ժամանակ Հանրապետության նախագահի անունից տրվող պաշտոնական ճաշին նախատեսվում է վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Հանրապետության նախագահի հրավիրած այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը:
5. Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին:
6. Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը, որպես կանոն, տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ պաշտոնական արարողություններն անցկացվում են Հանրապետության նախագահի և վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին կամ Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցելությունների ժամանակ:
8. Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ ընդունելության կազմակերպման այլ դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ:
9. Օդային փոխադրամիջոցով Հայաստանի Հանրապետություն այցելող բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորման և ճանապարհման արարողակարգային ընթացակարգերը, որպես կանոն, տեղի են ունենում նրանց վայրէջքի օդանավակայանում, իսկ վերգետնյա փոխադրամիջոցներով ժամանող պատվիրակություններինը` նրանց ընդունող պետական մարմնի նստավայրում:
10. Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից:
11. Բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը:
12. Պետական արարողակարգի միջոցառումների հատուկ ամսաթվեր են`
1) ապրիլի 24` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր` անփոփոխ արարողակարգով.
2) մայիսի 9` Հաղթանակի և խաղաղության տոն.
3) մայիսի 28` Հանրապետության տոն.
4) սեպտեմբերի 21` Անկախության տոն` անփոփոխ արարողակարգով:
Հոդված 12. |
Պետական արարողակարգի ընթացակարգերի կիրառման առանձնահատկությունները |
1. Հանրապետության նախագահի ներկայությամբ զինվորական պատիվները տրվում են նրան, բացառությամբ երբ վարչապետն է զինված ուժերի գերագույն հրամանատարը:
2. Բարձրաստիճան պատվիրակությունների` վարչապետի հետ հանդիպումների արարողակարգային ընթացակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
3. Բարձրաստիճան պատվիրակությունների` Ազգային ժողով այցելությունների արարողակարգային ընթացակարգերը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:
4. Օտարերկրյա պետություններ մեկնելիս Հանրապետության նախագահին օդանավակայանում ճանապարհում և դիմավորում են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:
5. Օտարերկրյա պետություններ մեկնելիս վարչապետին օդանավակայանում ճանապարհում և դիմավորում են Անվտանգության խորհրդի անդամները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:
6. Օտարերկրյա պետություններ մեկնող` Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների և այցեր նախապատրաստող (առաջավոր) խմբերի կազմում ընդգրկվում են պետական պահպանության ծառայության աշխատակիցները և, որպես կանոն, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչները:
i
Հոդված 13. |
Պետական խորհրդանիշների օգտագործումը |
1. Արարողակարգային միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները` պետական դրոշը և օրհներգը, օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 14. |
Հանրապետության նախագահի խորհրդանշանը |
1. Հանրապետության նախագահի խորհրդանշանը փոխանցվում է Հանրապետության նորընտիր նախագահին` պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ:
ԳԼՈՒԽ 7
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. |
Պետական արարողակարգի ծառայությունը |
1. Պետական արարողակարգն իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը:
i
2. Պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը և կազմավորման կարգը սահմանվում են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով:
i
3. Պետական արարողակարգի ծառայության ծառայողների` ծառայության անցնելու, ծառայության ընթացքի, ծառայությունից ազատվելու հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:
ԳԼՈՒԽ 8
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. |
Պետական արարողակարգի ծառայության խնդիրները |
1. Պետական արարողակարգի ծառայության խնդիրներն են`
1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում միասնական արարողակարգային գործելակերպ` համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
2) լինել մշտական աշխատանքային կապի մեջ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների հետ` արարողակարգային հարցերով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով.
3) պահպանել գործնական կապեր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ պետական արարողակարգի ծառայության լիազորությունների շրջանակում. ↩
4) ուսումնասիրել միջազգային արարողակարգային գործելակերպը` պետական արարողակարգի ծառայության գործունեությունը և գործելակերպը բարելավելու նպատակով:
(16-րդ հոդ. փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 17. |
Պետական արարողակարգի ծառայության լիազորությունները |
1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը`
1) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը.
2) աջակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը.
3) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը.
4) աջակցում է Կառավարության անդամների ղեկավարած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.
5) աջակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.
6) նախապատրաստում ու իրականացում է Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը.
7) աջակցում է օտարերկրյա պետությունների կառավարությունների, խորհրդարանների, պետական այլ մարմինների պաշտոնական պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը.
8) ըստ անհրաժեշտության` աջակցում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների` օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը.
9) ըստ անհրաժեշտության` աջակցում է Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների` օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը.
10) կազմակերպում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը.
11) ապահովում է դիվանագիտական անձնակազմի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումներին.
12) նախապատրաստում և իրականացնում է հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը.
13) ապահովում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների ղեկավարների և դիվանագիտական անձնակազմի հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը. ↩
14) հետևում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի կողմից դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմանը. ↩
15) իրականացնում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրություն, նրանց բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներ և անհրաժեշտ միջոցառումներ. ↩
16) կազմակերպում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումները. ↩
17) մշակում և սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում արարողակարգային միջոցառումների ընթացակարգերը և ծիսակարգերը, ներառյալ` Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հանրապետության տոնի և Հաղթանակի և խաղաղության տոնի և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով, եթե այդ միջոցառումների իրականացման համար հատուկ պետական հանձնաժողով չի ստեղծվում.
18) իրականացնում է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչություններին սույն օրենքի պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային կանոններին ծանոթացնելու նպատակով: ↩
19) իրականացնում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված` «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը.
20) տրամադրում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված` «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձող նվերների տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն:
2. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս Պետական արարողակարգի ծառայությունն անմիջականորեն համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց իրավասու ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց հետ:
(17-րդ հոդ. փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 11.04.24 ՀՕ-150-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-291-Ն
|