ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵՇԴ/3519/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3519/02/17 2022 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2022 թվականի մարտի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի (նախկինում` «Ֆուրնիվուդ» ՍՊԸ) (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մոնիկա Չաքմազյանի ընդդեմ Ընկերության` աշխատանքից ազատման հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ընկերության ընդդեմ Մոնիկա Չաքմազյանի` վնասը հատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
i
Դիմելով դատարան` Մոնիկա Չաքմազյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության թիվ 17-178 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը, այն է` 2017 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձը և սկսած 25.04.2017 թվականից բռնագանձել միջին աշխատավարձը` 155.340 ՀՀ դրամը, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տույժերը և բռնագանձել վերջնահաշվարկի գումարը, իսկ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Մոնիկա Չաքմազյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի բռնագանձվել է 1.458.600 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար և 1.232.000 ՀՀ դրամ` որպես տուժանքի գումար, Ընկերությունից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի բռնագանձել նաև չվճարված վերջնահաշվարկի գումարը: Հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը չվերացնելով ազատման հրամանը և չվերականգնելով հայցվորին նախկին աշխատանքում, «վերականգնել» է միայն աշխատավարձ ստանալու իրավունքը, անտեսելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձը դա աշխատանքները կատարելու դիմաց վճարվող հատուցումն է, այլ ոչ թե թոշակ կամ ալիմենտ: Արդյունքում պարզ չէ` Մոնիկա Չաքմազյանի ազատումն օրինակա՞ն էր, թե` ոչ, եթե ապօրինի էր, ապա որտե՞ղ է այդ մասին դատական ակտը, եթե օրինական էր, ապա ՀՀ աշխատանքային օրենսգրքի կամ առհասարակ գործող օրենսդրության ո՞ր հիմքով է ազատված ու չվերականգնված աշխատողին վճարվում հարկադիր պարապուրդի գումար` չվերացված ազատման հրամանի գոյության և աշխատանքում չվերականգնվելու պայմաններում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերության և Մոնիկա Չաքմազյանի միջև 28.11.2014 թվականին կնքված թիվ 14-342 աշխատանքային պայմանագրի համաձայն` Մոնիկա Չաքմազյանը մեկ դրույքով, ամսական 70.000 ՀՀ դրամ աշխատավարձով, որպես գանձապահ-վաճառող ընդունվել է աշխատանքի (հատոր 1-ին, գ.թ. 15-18):
2. Ընկերության 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանի համաձայն` Մոնիկա Չաքմազյանն ազատվել է աշխատանքից` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 11):
i
3. Ընկերության 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանի համաձայն` 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը փոփոխվել է և շարադրվել հետևյալ բովանդակությամբ. 25.04.2017 թվականին ազատել Մոնիկա Չաքմազյանին գանձապահ վաճառողի աշխատանքից` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 75):
4. Ընկերության գործադիր տնօրենի ու առևտրային տնօրենի կողմից ստորագրված 25.04.2017 թվականի արձանագրության համաձայն` Մոնիկա Չաքմազյանը 23.04.2017 թվականից մինչև 25.04.2017 թվականը բացակայել է աշխատանքից և բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել (հատոր 2-րդ, գ.թ. 76):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգին:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն աշխատանքային վեճերի լուծման համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է հետևյալ ընթացակարգը.
1. գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան,
2. եթե դատարանը պարզում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են,
3. աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:
Այսինքն` որպեսզի գործատուի կողմից հօգուտ աշխատողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձվի միջին աշխատավարձ, անհրաժեշտ է`
1. աշխատանքից ազատման հրամանի վիճարկում,
2. դատարանի կողմից աշխատանքից ազատման հրամանի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտման պարզում, և
3. աշխատողի խախտված իրավունքների վերականգնում:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը:
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի յուրաքանչյուր պահանջը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի և Մոնիկա Չաքմազյանի միջև 28.11.2014 թվականին կնքվել է թիվ 14-342 աշխատանքային պայմանագիրը, որով Մոնիկա Չաքմազյանը մեկ դրույքով, ամսական 70.000 ՀՀ դրամ աշխատավարձով, որպես գանձապահ-վաճառող ընդունվել է աշխատանքի: «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանի համաձայն` Մոնիկա Չաքմազյանն ազատվել է աշխատանքից` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանի համաձայն` 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը փոփոխվել է և լրացվել հետևյալ բովանդակությամբ, որ Մոնիկա Չաքմազյանին գանձապահ վաճառողի աշխատանքից ազատել 2017 թվականի ապրիլի 25-ից` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի ու առևտրային տնօրենի կողմից ստորագրված 25.04.2017 թվականի արձանագրության համաձայն` Մոնիկա Չաքմազյանը 23.04.2017 թվականից մինչև 25.04.2017 թվականը բացակայել է աշխատանքից և բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ն 06.05.2017 թվականին անվանափոխվել է «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի:
Դատարանը, հայցը բավարարելով մասնակիորեն, պատճառաբանել է, որ պատասխանողը հայցվորին 25.04.2017 թվականին ազատելով աշխատանքից, այդ մասին նրան չի հայտնել, աշխատանքից ազատման հրամանը 12.11.2018 թվականին ներկայացրել է դատարան և վերջինս էլ այն ուղարկել է հայցվորին և վերջինիս ներկայացուցիչը նշված հրամանը ստացել է 15.11.2018 թվականին: Հայցվորն աշխատանքից ազատման իր հրամանի մասին իմացել է դատական գործի ընթացքում, 15.11.2018 թվականին և 25.04.2017 թվականի աշխատանքից ազատման մասին թիվ 17-187 հրամանն ուժի մեջ է մտել հայցվորի իրազեկման պահից` 15.11.2018 թվականից և պատասխանողը պարտավոր է հայցվորին մինչև նշված օրը վճարել աշխատավարձի 0,15 տոկոսի չափով տուժանք, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը և վերջնահաշվարկ:
Դատարանն արձանագրել է նաև, որ անհիմն ու առարկայազուրկ է 25.04.2017 թվականի ազատման մասին թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը, քանի որ պատասխանողի կողմից այն արդեն իսկ փոփոխվել է և հայցվորի աշխատանքից ազատման հիմքը թիվ 17-187 հրամանն է, վիճարկվող հրամանը նշված շարադրանքով, բովանդակությամբ այլևս գոյություն չունի և որպես նշված պատճառաբանության շարունակություն` անհիմն է նաև հայցվորին աշխատանքի վերականգնման պահանջը, քանի որ հայցվորի կողմից չի վիճարկվել 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանը:
Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ «բողոք բերողը նշել է, որ Դատարանը բավարարել է գումարի բռնագանձման գումարը, առանց հրամանն անվավեր ճանաչելու: Մինչդեռ բողոք բերողի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ հայցվորը վիճարկել է 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը, մինչդեռ այդ հրամանը 25.04.2017 թվականի 17-187 հրամանով փոփոխվել է և հայցվորի աշխատանքից ազատման հիմքը թիվ 17-187 հրամանն է, իսկ 17-178 հրամանն որպես այդպիսին այլևս գոյություն չունի: Հետևաբար դատարանը հարկադիր պարապուրդի ժամանակաշրջան է հաշվարկել 25.04.2017 թվականից մինչև թիվ 17-187 հրամանի մասի հայցվորի իրազեկվելու պահը` 15.11.2018 թվականը: Հայցվորն ընդհանրապես տեղյակ չի եղել 17-187 հրամանի մասին, դա հիմնավորող հանգամանք է այն, որ վերջինս վիճարկել է ոչ թե 17-187 հրամանը, այլ թիվ 17-178 հրամանը: Այսինքն` հայցվորի կողմից 17-187 հրամանի մասին տեղեկացված չլինելն ապացուցվում է հայցվորի կողմից իրականության մեջ գոյություն չունեցող անհատական իրավական ակտը վիճարկելով, ուստի պատասխանողը պարտավոր է հայցվորին մինչև նշված օրը վճարել աշխատավարձ, տուժանք վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը»:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Մոնիկա Չաքմազյանը դիմելով դատարան` պահանջել է անվավեր ճանաչել 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար: Դատարանը 26.03.2019 թվականի վճռի պատճառաբանական մասում նշելով, որ 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը առարկայազուրկ է և հետևաբար անհիմն է նաև Մոնիկա Չաքմազյանին աշխատանքի վերականգնելու պահանջը, վճռի եզրափակիչ մասում չի կատարել որևէ եզրահանգում 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու, Մոնիկա Չաքմազյանին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջները մերժելու կամ բավարարելու վերաբերյալ: Վճռի եզրափակիչ մասը պարունակում է միայն չվճարված աշխատավարձի, տուժանքի և չվճարված վերջնահաշվարկի վերաբերյալ եզրակացություններ: Այսինքն` Դատարանը դատական ակտի եզրափակիչ մասում չի կատարել եզրահանգում նաև աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների վերաբերյալ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Դատարանի այն եզրահանգմանը, որ «անհիմն ու առարկայազուրկ է 25.04.2017 թվականի ազատման մասին թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը, քանի որ պատասխանողի կողմից այն արդեն իսկ փոփոխվել է և հայցվորի աշխատանքից ազատման հիմքը թիվ 17-187 հրամանն է, վիճարկվող հրամանը նշված շարադրանքով, բովանդակությամբ այլևս գոյություն չունի և որպես նշված պատճառաբանության շարունակություն` անհիմն է նաև հայցվորին աշխատանքի վերականգնման պահանջը», հարկ է համարում արձանագրել, որ համաձայն գործում առկա աշխատանքային գրքույկի պատճենի (հատոր 1-ին, գ.թ. 14)` Մոնիկա Չաքմազյանն աշխատանքից ազատվել է 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանով, իսկ 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանով փոփոխվել և լրացվել է միայն Մոնիկա Չաքմազյանին աշխատանքից ազատելու հիմքը, ուստի աշխատանքից ազատման մասին 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը շարունակել է գոյություն ունենալ` 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանով փոփոխված բովանդակությամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Դատարանի այն եզրահանգումը, որ «հայցվորն աշխատանքից ազատման իր հրամանի մասին իմացել է դատական գործի ընթացքում` 15.11.2018 թվականին և 25.04.2017 թվականի աշխատանքից ազատման մասին թիվ 17-187 հրամանն ուժի մեջ է մտել հայցվորի իրազեկման պահից` 15.11.2018 թվականից», քանի որ, ինչպես արդեն նշվեց, Մոնիկա Չաքմազյանն աշխատանքից ազատվել է 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանով, որը և վիճարկել է Դատարանում, իսկ ինչ վերաբերում է 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանին, ապա այդ հրամանով Մոնիկա Չաքմազյանը ոչ թե կրկին ազատվել է աշխատանքից, այլ միայն փոփոխվել և լրացվել է Մոնիկա Չաքմազյանի աշխատանքից ազատման հիմքը: Ավելին, գործում առկա 25.04.2017 թվականի «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի և Մոնիկա Չաքմազյանի միջև կնքված թիվ 14-342/04 աշխատանքային պայմանագրի լուծման մասին համաձայնագրի համաձայն` կողմերը փոխադարձ համաձայնությամբ 25.04.2017 թվականին լուծել են աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 89): Բացի այդ, գործի քննության ընթացքում Մոնիկա Չաքմազյանը 26.04.2018 թվականին և 26.06.2018 թվականին հստակեցնելով հայցապահանջը` երկու դեպքում էլ պնդել է անվավեր ճանաչել 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը (հատոր 1-ին, գ.թ. 38-39, 77-78):
Վերոգրյալից հետևում է, որ Մոնիկա Չաքմազյանն առնվազն հայցադիմում ներկայացնելու պահին արդեն իսկ իրազեկված է եղել աշխատանքից ազատման հրամանի մասին, ուստի նման պայմաններում Դատարանի եզրահանգումն առ այն, որ պատասխանողը պարտավոր էր Մոնիկա Չաքմազյանին 25.04.2017 թվականից մինչև 15.11.2018 թվականը վճարել միջին աշխատավարձ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված` աշխատավարձի 0,15 տոկոսի չափով տուժանք, անհիմն է, քանի որ Դատարանը առանց հետազոտելու գործում առկա մյուս ապացույցները` հանգել է այն եզրահանգման, որ Մոնիկա Չաքմազյանի աշխատանքից ազատման հիմքը 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանն է, այլ ոչ թե` 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը:
Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը դեռևս չպարզելով, թե Մոնիկա Չաքմազյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրինական հիմքով կամ օրենսդրությամբ սահմանված կարգով, թե` ոչ, հիմնական պահանջը համարելով առարկայազուրկ, բավարարել է ածանցյալ պահանջը և «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի բռնագանձել 1.458.600 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար և 1.232.000 ՀՀ դրամ` որպես տուժանքի գումար:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բռնագանձելով պահանջվող գումարը սխալ է գնահատել դրա առաջացման հիմքերը: Հետևաբար սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան գործը ենթակա է նոր քննության և գումարի պահանջի իրավունքի հիմքերի քննարկումից ու եզրահանգումից հետո միայն դատարանը պետք է որոշի գումար բռնագանձելու պահանջների հարցը:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2019 թվականի որոշումը մասնակիորեն` հայցը մասնակիորեն բավարարելու` «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի 1.458.600 ՀՀ դրամ բռնագանձելու, որպես չվճարված աշխատավարձի գումար և 1.232.000 ՀՀ դրամ` որպես տուժանքի գումար, ինչպես նաև չվճարված վերջնահաշվարկի գումար բռնագանձելու պահանջների մասով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 18 մարտի 2022 թվական: