ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 հունիսի 2016 թվականի N 149-Ա
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 45-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհային անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին և նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2016 թ. հունիսի 3-ի
N 149-Ա հրամանի
ԿԱՆՈՆՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհային անվտանգության պահանջները:
2. Գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհային անվտանգությունն ապահովելու համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները ղեկավարվում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոններով և հրդեհային անվտանգության այլ նորմատիվ փաստաթղթերով:
3. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) դյուրավառ հեղուկ` բաց անոթում 61o-ից ցածր բռնկման ջերմաստիճան ունեցող հեղուկ,
2) հակահրդեհային միջտարածություն` կրակի տարածումը կանխարգելելու նպատակով նախատեսված տարածություն,
3) բարձր հրդեհավտանգություն` իրավիճակ, երբ առկա նյութերը ունակ են առանց նախօրոք տաքացնելու բռնկվել նվազ կալորիական ջերմային աղբյուրի կարճատև ազդեցությունից:
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերը` մինչև գյուղատնտեսական աշխատանքներ սկսելը, ապահովում է այդ աշխատանքներում ներգրավված անձանց հակահրդեհային սարքավորումներով և հրդեհաշիջման միջոցներով, ինչպես նաև ծանուցում սույն կանոնների մասին:
2. Գյուղատնտեսական նշանակության հողերի միջտարածությունները, անցումները կարող են օգտագործվել նաև որպես հակահրդեհային ճանապարհներ և պետք է ազատ լինեն հրշեջ ավտոմեքենաների և հրդեհային գույքի մոտեցման համար: Հակահրդեհային ճանապարհները պետք է կառուցվեն այնպես, որ դրանք ծառայեն նաև որպես հնարավոր հրդեհների տարածման կանխման պատնեշ, ինչպես նաև առկա հրդեհների մեկուսացման հենակետ:
3. Հակահրդեհային միջտարածությունները պետք է ժամանակին մաքրվեն հրդեհավտանգ թափոններից: Հրդեհավտանգ թափոնները, աղբը պետք է հավաքվեն հատուկ հատկացված տարածքներում և տեղափոխվեն: Հակահրդեհային միջտարածություններում արգելվում է կրակի միջոցով թափոններ ոչնչացնելը, իսկ աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ տեղերում աղբի այրման նկատմամբ ապահովել հսկողության իրականացումը:
4. Եթե գոյություն ունեն բնական կամ արհեստական ջրաղբյուրներ (գետեր, լճեր, ավազաններ և այլն), պետք է կառուցվեն մերձատար ճանապարհներ, ինչպես նաև հատուկ հարմարեցված պինդ ծածկույթով հրապարակներ 12x12 մ-ից ոչ պակաս չափերով` հրշեջ մեքենաների կայանման և տարվա ցանկացած ժամանակ ջուր վերցնելու համար: Արհեստական ջրամբարների, դրանց մոտենալու ճանապարհների, ինչպես նաև ջրառման սարքավորումների մշտապես պատրաստականության ապահովման համար պատասխանատու են համապատասխան կազմակերպությունները:
5. Հրդեհաշիջման համար նախատեսված ջրաղբյուրներին, հրդեհային գույքին մոտեցման ճանապարհները և անցումները պետք է միշտ ազատ լինեն: Վերակառուցման պատճառով ճանապարհների փակման դեպքում, ջրաղբյուրներին մոտենալու կամ այդ հատվածով անցնելու նպատակով պետք է տեղադրվեն շրջանցման ուղղությունը ցույց տվող ցուցանակներ:
6. Ջրաղբյուրների մոտ, ինչպես նաև դեպի դրանք տանող ճանապարհներին պետք է տեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ` մինչև ջրաղբյուր եղած հեռավորության նշումով:
7. Բնական և արհեստական ջրաղբյուրների բացակայության դեպքում գլանատակառներում և այլ տարողություններում հրդեհաշիջման նպատակով պետք է ստեղծվեն ջրի պաշարներ:
8. Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների կանխարգելման նպատակով, արգելվում է`
1) վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում, խարույկ կարելի է վառել բաց տարածքում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս հանքայնացված շերտով և խարույկը հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
3) ավտոմեքենաները լցավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.
4) շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.
5) կրակի հետ անզգույշ վարվել` ծխել, հրդեհավտանգ աշխատանքներ կատարել, բաց կրակից օգտվել, ինչպես նաև կրակն առանց հսկողության թողնել.
6) կատարել չոր խոտի և խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ և լիազոր մարմնի հետ համաձայնեցված).
7) արևով լուսավորվող տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.
8) թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և դյուրավառ այլ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից).
9) առանց շարժիչի ծածկոցների կամ դրանց բաց լինելու դեպքում աշխատեցնել տրակտորներ, ինքնագնաց ամրաշրջանակներ, ավտոմեքենաներ.
10) առանց լիազոր մարմնի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համաձայնեցնելու կրակի հետ կապված աշխատանքներ կատարել:
9. Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրդեհաշիջման նպատակով պատրաստ վիճակում պետք է ունենալ հակահրդեհային սարքավորումներ ու սկզբնական հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, ջրով լի տակառներ, ավազով լի արկղեր, կացիններ, բահեր և այլն):
10. Դաշտային պայմաններում նավթամթերքների պահեստավորումը և լցավորումը պետք է կատարվի խոտից ու աղբից մաքրված հրապարակներում, որոնց շուրջը պետք է լինի ոչ պակաս, քան 4 մետր լայնությամբ հերկված շերտ: Լցավորումը թույլատրվում է նաև կատարել կալից, խոտի դեզերից, ծղոտներից, հացահատիկային զանգվածներից ոչ պակաս քան 100, իսկ շինություններից` 50 մետր հեռավորության վրա գտնվող հերկված տարածությունում:
11. Բերքահավաքի մեքենաները, կոմբայնները, տրակտորները և ավտոմեքենաները պետք է ունենան հրդեհաշիջման սկզբնական միջոցներ (երկուական կրակմարիչ, սվինաձև բահ), կարգավորված սնման, վառելիքի, յուղման համակարգեր, ինչպես նաև կահավորված լինեն սարքին կայծմարիչներով:
12. Հատիկավոր կուլտուրաների հասունացումից առաջ անտառների, տորֆային զանգվածների, տափաստանային շերտերի, երկաթգծերի, ավտոճանապարհների մերձակա տարածություններում հացահատիկային դաշտերը պետք է հերկվեն 4 մ լայնությամբ:
13. ժամանակավոր դաշտակացարաններն անհրաժեշտ է տեղադրել հացահատիկային զանգվածներից, կալատեղերից առնվազն 100 մ հեռավորության վրա: Դաշտակացարանների, կալատեղերի տարածքները պետք է ունենան 4 մ լայնությամբ հերկված շերտեր:
14. Գյուղատնտեսական նշանակության հողերում, բարձր հրդեհավտանգության ժամանակաշրջանում հրդեհների առաջացման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է.
1) մշակել ու իրագործել հակահրդեհային պրոֆիլակտիկ միջոցառումներ (հակահրդեհային քարոզչություն, տարածքի բարեկարգում, միներալիզացված շերտերի, հակահրդեհային ճանապարհների ու ջրամբարների կառուցում, և այլն).
2) առավել հրդեհավտանգ վայրերում` ճանապարհների երկայնքով, տեղադրել կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին նախազգուշացնող ցուցանակներ.
3) ստեղծել հակահրդեհային պատնեշների համակարգ, որը սահմանափակում է հնարավոր հրդեհների տարածումը.
4) իրականացնել հրդեհային անվտանգությունն ապահովող այլ միջոցառումներ:
15. Դեզերը, բարդոցները, ծածկարանները և կոշտ կերերի դարսակները պետք է տեղակայվեն էլեկտրահաղորդման գծերից ոչ պակաս, քան` 15, ճանապարհներից` 20, շենքերից` 50 մետր հեռավորության վրա:
16. Դեզերի (բարդոցների) տեղակայման հարթակները, ինչպես նաև դեզերի զույգերի, դարսակների շրջակա հողատարածությունը պետք է հերկվի 4 մետր լայնություն ունեցող շերտով: Հերկված հողաշերտի եզրից մինչև հարթակում տեղադրված դեզը (բարդոցը) պետք է լինի ոչ պակաս, քան 15 մետր, իսկ մինչև առանձին տեղադրված դեզը (բարդոցը) ոչ պակաս, քան 5 մետր:
17. Դեզի (բարդոցի) հիմնատակի մակերեսը չպետք է ավելի լինի 150 մ2-ից, իսկ մամլած չոր խոտի (ծղոտի) դարսակինը` 500 մ2-ից: Առանձին դարսակների, ծածկարանների և դեզերի (բարդոցների) հակահրդեհային միջտարածությունները պետք է լինեն 20 մ-ից ոչ պակաս: Դարսակների, ծածկարանների և դեզերի (բարդոցների) զույգերով տեղադրման դեպքում` միջտարածությունները պետք է լինեն ոչ պակաս, քան 6, իսկ դրանց զույգերի միջև` 30 մետր: Բարձր խոնավություն ունեցող դեզերում (բարդոցներում) պետք է իրականացվի ջերմաստիճանի նկատմամբ հսկողություն:
18. Տրանսպորտային միջոցները խոտի դեզերին պետք է մոտենան շարժիչներից արտամղվող գազերի ուղղությանը հակառակ:
19. Չոր խոտը պետք է պահեստավորել կամուրջներից, ճանապարհային շինություններից, գնացքների կազմակերպված երթևեկության ուղիներից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա: Չի թույլատրվում դրանց պահեստավորումը էլեկտրահաղորդման և կապի գծերի տակ:
20. Գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար պատասխանատու անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: