ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
13 նոյեմբերի 2018 թվականի N 120-Ն
i
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև հաշտեցման կազմակերպման և իրականացման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել օրենքով սահմանված աջակցության կենտրոնների տնօրեններին` յուրաքանչյուր կիսամյակ նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն ներկայացնել տեղեկատվություն` ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման գործընթացի վերաբերյալ:
3. Նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետին` սույն հրամանի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում ամփոփել և ներկայացնել ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Մանուկյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 31-ից:
Հավելված
Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2018 թվականի նոյեմբերի 13-ի
N 120-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև հաշտեցման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշտեցման գործընթացն իրականացվում է` կամավորության, հավասարության, գործընթացին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքների հիման վրա:
3. Սույն կարգով սահմանված դրույթները չեն կիրառվում, եթե ընտանիքում բռնության ենթարկված անձն անչափահաս է կամ անգործունակ:
II. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև հաշտեցումն իրականացվում է բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձի դիմումով, որը ներկայացվում է օրենքով սահմանված աջակցության կենտրոն (այսուհետ` աջակցության կենտրոն):
5. Բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձի կողմից հաշտեցման վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումների գործողության ընթացքում:
6. Բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձի կողմից հաշտեցման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո աջակցության կենտրոնը ողջամիտ ժամկետում պետք է այդ մասին գրավոր ծանուցի մյուս կողմին: Ծանուցումն ուղարկվում է կողմի փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի հասցեով:
7. Հաշտեցմանը մասնակցելու համաձայնության վերաբերյալ մյուս կողմի գրավոր համաձայնությունը ստանալուց հետո աջակցության կենտրոնը մեկօրյա ժամկետում սկսում է հաշտեցման գործընթացը:
8. Հաշտեցման դիմումի առկայության մասին մյուս կողմին պատշաճ ծանուցելու օրվանից տասնօրյա ժամկետում գրավոր համաձայնություն չստանալու դեպքում հաշտեցման վերաբերյալ առաջարկը համարվում է մերժված:
9. Հաշտեցման գործընթացին բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձինք պետք է մասնակցեն անձամբ: Ներկայացուցիչների մասնակցությամբ հաշտեցման գործընթացի իրականացումն արգելվում է:
10. Բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց միջև հաշտեցման վերաբերյալ պայմանները քննարկվում են համատեղ:
11. Հաշտեցման գործընթացի իրականացման համար հատկացված վայրում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց միջև համատեղ հանդիպումները կարող են իրականացվել առավելագույնը երեք անգամ:
12. Հաշտեցման գործընթացի առավելագույն տևողությունը չի կարող գերազանցել երեք ամիսը:
13. Կենտրոնի կողմից հաշտեցման գործընթացը դադարեցվում է.
1) սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում.
2) առկա է հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը հաշտեցման գործընթացին մասնակցում է հարկադրանքի ազդեցության ներքո:
14. Հաշտեցման պայմանների շուրջ փոխադարձ համաձայնություն ձեռք բերելու դեպքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց միջև կնքվում է գրավոր հաշտության համաձայնություն` երկու օրինակից:
15. Հաշտության համաձայնությունն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից:
16. Հաշտության համաձայնությունը չպետք է պարունակի անձի պատիվը և արժանապատվությունը նվաստացնող կամ նրա վիճակը որևէ կերպ վատթարացնող պայմաններ:
17. Հաշտության համաձայնության մեկ օրինակը ներկայացվում է աջակցության կենտրոն, իսկ երկրորդ օրինակը` ոստիկանության իրավասու ծառայողին կամ դատարան` համապատասխանաբար անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումները վերացնելու նպատակով:
18. Ընտանիքում բռնության միևնույն դեպքով բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձանցից յուրաքանչյուրը հաշտեցման վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել միայն մեկ անգամ: