Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 նոյեմբերի 2018 թվականի N 119-Ն

 

i

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի ծրագիրը»` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի կազմակերպման կարգը»` համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել`

1) օրենքով սահմանված աջակցության կենտրոնների տնօրեններին` յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն ներկայացնել տեղեկատվություն` ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման գործընթացի վերաբերյալ.

2) նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետին` սույն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում ամփոփել և ներկայացնել ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Մանուկյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 31-ից:

 

Հավելված N 1

Աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2018 թվականի նոյեմբերի 13-ի

N 119-Ն հրամանի

 

ԾՐԱԳԻՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ

 

1. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի ծրագիրն (այսուհետ` ծրագիր) ուղղված է բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:

2. Ծրագրի նպատակն` ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կրկին բռնություն գործադրման կանխումն է, ընտանիքում բռնության նոր դրսևորումների կանխարգելումը, ընտանիքի` որպես հասարակության բնական ու հիմնական բջջի պաշտպանությունը և պահպանումը:

3. Ծրագրի խնդիրներ են.

1) ընտանիքում բռնություն գործադրած անձանց հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրելու միջոցով վարքի փոփոխությունը.

2) ընտանիքում բռնություն գործադրած անձանց առողջության վերականգնման միջոցով վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատելը:

4. Ծրագրով նախատեսվում են համալիր միջոցառումներ ուղղված ընտանիքում բռնություն գործադրած անձանց վարքի փոփոխությանը և նրանց վնասակար սովորույթներից ձերբազատելուն:

5. Ծրագրի միջոցառումներն են.

1) ընտանիքում բռնություն գործադրած անձանց հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրումը.

2) ընտանիքում բռնություն գործադրած անձանց բժշկական, այդ թվում` հոգեբուժական օգնության տրամադրումը:

6. Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված կարգով:

7. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հոգեբանական և սոցիալական աջակցությունը տրամադրվում է օրենքով սահմանված աջակցության կենտրոնների (այսուհետ` աջակցության կենտրոն) կողմից` ընտանիքում բռնություն գործադրած անձի գնահատված կարիքների հիման վրա կազմված անհատական ծրագրով:

8. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց բժշկական, այդ թվում` հոգեբուժական օգնությունը տրամադրվում է բժշկական կամ մասնագիտացված այլ հաստատության կողմից` ընտանիքում բռնություն գործադրած անձի առկա ցուցումներին համապատասխան: Ըստ անհատական կարիքների որոշվում է նաև բժշկական, այդ թվում` հոգեբուժական օգնության տրամադրման ժամկետները և իրականացման կարգը:

9. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հոգեբանական և սոցիալական աջակցություն միջոցառման շրջանակներում նախատեսվում են հետևյալ ծառայության տեսակները.

1) կրթական կամ հոգեբանական ծրագրեր, որոնք ուղղված են սոցիալ-մշակութային նորմերի և արժեքների փոփոխությանը (կնոջ և տղամարդու դերերի վերաբերյալ ոչ արդիական, ավանդական կարծրատիպեր ու պատկերացումներ, հայրիշխանական կարծրատիպերի վրա հիմնված դաստիարակություն և կրթություն, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների պակաս).

2) ընտանեկան խորհրդատվություն և հոգեթերապիա, որոնք ուղղված են ընտանիքում միջանձնային հարաբերությունների փոփոխությանը (ընտանեկան հարաբերությունների կառուցման ոչ կիրթ և գրագետ մոտեցում, փոխըմբռնման բարդություններ, ծնողավարության, երեխայի դաստիարակության վերաբերյալ պատկերացումների անհամապատասխանություն և այս գործընթացում դերակատարների միջև իշխանության բաշխման խնդրով պայմանավորված փոխհարաբերություններ).

3) անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձանց ագրեսիայի հաղթահարմանը (բռնության միջոցով ազդեցության և վերահսկողության հաստատում, սեփական կամքի թելադրում, բռնության վարքագծային մոդելի վերարտադրություն, անցյալում տրավմատիկ փորձառություն, ներառյալ պատերազմական գործողություններին մասնակցություն).

4) հոգեբանական խորհրդատվության շուրջօրյա թեժ գիծ, որը տրամադրվում է այլ ծառայությունների հետ զուգընթաց, ուղղված է ընտանիքում բռնություն գործադրած անձանց վարքի փոփոխության կառավարմանը և վերահսկմանը:

10. Վերոհիշյալ ծառայությունները ներառվում են ընտանիքում բռնություն գործադրած անձանց անհատական ռեաբիլիտացիոն ծրագրում, հաշվի առնելով նրանց կարիքները և ընտանիքում բռնության յուրահատկությունները:

 

Հավելված N 2

Աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2018 թվականի նոյեմբերի 13-ի

N 119-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի նպատակն է` ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի կազմակերպումը, որն ուղղված է սույն հրամանի N 1 հավելվածով սահմանված ծրագրի (այսուհետ` ռեաբիլիտացիոն ծրագիր) մաս կազմող համապատասխան աջակցություն տրամադրելուն:

 

II. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Աջակցության կենտրոնը պաշտպանության միջոցներ կիրառելու մասին որոշումների պատճենները ստանալուց հետո առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր ծանուցում է ընտանիքում բռնություն գործադրած անձին ծրագրով ռեաբիլիտացիա անցնելու անհրաժեշտության մասին:

4. Սույն կարգի 4-րդ կետում նշված ծանուցումն ուղարկվում է անձի փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի հասցեով:

5. Աջակցության կենտրոնը սույն կարգի 4-րդ կետում նշված ծանուցման վերաբերյալ ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից յոթնօրյա ժամկետում գրավոր համաձայնություն չստանալու դեպքում ռեաբիլիտացիոն ծրագրին մասնակցելու առաջարկը համարում է մերժված:

6. Պաշտպանական որոշման շրջանակում ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելուց հրաժարվելու դեպքում աջակցության կենտրոնն այդ մասին ծանուցում է ոստիկանությանը:

7. Ռեաբիլիտացիա անցնելու համաձայնության դեպքում ընտանիքում բռնություն գործադրած անձը հնգօրյա ժամկետում հրավիրվում է աջակցության կենտրոն` կարիքների գնահատման և անհատական ռեաբիլիտացիոն ծրագիր կազմելու նպատակով:

8. Առողջության վերականգնման և վնասակար սովորություններից` ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից ձերբազատվելու նպատակով աջակցության կենտրոնը ընտանիքում բռնություն գործադրած անձին ուղղորդում է համապատասխան բժշկական կամ մասնագիտացված այլ հաստատություն` ռեաբիլիտացիա կազմակերպելու նպատակով:

9. Ընտանիքում բռնություն գործադրած անձին բժշկական կամ մասնագիտացված այլ հաստատություն ուղղորդելու դեպքում աջակցության կենտրոնը նախապես տվյալ անձի վերաբերյալ գրավոր ծանուցում է ուղարկում նշված հաստատություններին:

10. Ընտանիքում բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով աջակցության կենտրոնը կազմում է անհատական ռեաբիլիտացիոն ծրագիր` սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջանակում:

11. Անհատական ռեաբիլիտացիոն ծրագիրն իրականացվում է աջակցության կենտրոնի մասնագետների կողմից:

12. Ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից բժշկական կամ մասնագիտացված այլ հաստատությունում ռեաբիլիտացիա անցնելու վերաբերյալ աջակցության կենտրոնը կատարում է հարցում` ռեաբիլիտացիայի գործընթացի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով:

13. Ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիա անցնելու վերաբերյալ տեղեկությունները հաղորդվում են ոստիկանություն:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
13.11.2018
N 119-Ն
Հրաման