030.0514.060300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ և 16-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը և շնորհում բարձրագույն զինվորական կոչումներ` որոշում եմ.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն է հաստատում զինված ուժերի բարձրագույն սպաների կողմից զբաղեցման ենթակա զինվորական պաշտոնների միասնական ցանկը, զինծառայողներին նշանակում այն պաշտոններում և ազատում այն պաշտոններից, որոնց համար հաստիքով նախատեսված են բարձրագույն սպաների զինվորական կոչումներ, ինչպես նաև նրանց արձակում զինվորական ծառայությունից:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներին` յոթօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրագույն զինվորական պաշտոններին զինվորական կոչումների համապատասխանության մասին» ՆԿ-28 կարգադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել առաջարկություններ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
6 մարտի 2000 թ.
ՆՀ-514