Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 40

 

i

6. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 1 հավելվածի 11-րդ կետը`

1. Հավանություն տալ իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թ. օգոստոսի 31-ի նիստի

N 40 արձանագրային որոշման

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատավարական բարեփոխումների գործընթացի շրջանակներում առանձնակի կարևորություն ունի իրավական դաստիարակության և իրավական կրթության բարձր մակարդակի ապահովումը: Այդ բարեփոխումների իրականացումն առանց հասարակության իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների չի կարող լինել ամբողջական և արդյունավետ: Իրավագիտակցության և իրավական դաստիարակության ցածր մակարդակի հաղթահարման հիմնական միջոցներից է իրավական համաուսուցման և համադաստիարակության պետականորեն ընդունված և նպատակայնորեն գործող համակարգի ներդրումը:

1.2. Իրավաբանական կրթության և իրավական դաստիարակության գործող համակարգի կիրառության փորձը վկայում է, որ այն օբյեկտիվորեն ի վիճակի չէ բավարար չափով արտահայտել մեր երկրի իրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները: Անկախության տարիներից ի վեր այդ համակարգում, իհարկե, տեղի են ունեցել առանձին փոփոխություններ, սակայն դրանք, իրավիճակային լինելով հանդերձ, հանգեցրել են նաև բացասական հետևանքների: Օրինակ` բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի պայմաններում մինչ օրս հստակ տարանջատված չեն բակալավրիատի և մագիստրոսական կրթական ծրագրերը: Սրա հետևանքով երկու ծրագրերի միջև առկա են դրանց արդյունավետությունը նվազեցնող անհիմն կրկնություններ: Արդյունավետ լուծում չի ստացել տեսության և պրակտիկայի միջև կապի ապահովումը: Այս ամենը նույնիսկ առանձին դեպքերում առաջացնում է իրավական ժխտողականության դրսևորումներ:

1.3. Առկա խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ են համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են այդ խնդիրներին տալ հիմնարար լուծում: Այս առումով կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությունը (այսուհետ` Հանրապետության Նախագահի կարգադրություն), որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացված իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներին:

1.4. Հանրապետության Նախագահի վերոհիշյալ կարգադրությամբ արձանագրված է, որ անհրաժեշտ է մեր երկրում ապահովել իրավական համաուսուցման և համադաստիարակության պետականորեն ընդունված և նպատակայնորեն գործող համակարգի առկայությունը, բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները:

1.5. Հիմք ընդունելով Հանրապետության Նախագահի կարգադրության հավելված 1-ի 11-րդ կետի, հավելված 2-ի 9-րդ կետի պահանջները և ելնելով կարգադրությամբ նախատեսված իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր մշակելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 280-Ա հրամանով ստեղծվեց համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով, որի շրջանակներում մշակվել է սույն հայեցակարգը:

1.6. Սույն հայեցակարգը հիմնված է այն հիմնարար գաղափարի վրա, որ երկրի բնակչության մոտ օրինապահության գաղափարի արմատավորումը և իրավահպատակ վարքագծի խթանումը հասարակական զարգացման գրավականներից են, իսկ որակյալ իրավաբանական կրթությունն ու իրավական դաստիարակությունը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, իրավական մտածողության զարգացման և իրավական պետության կայացման կարևորագույն նախադրյալ են:

1.7. Հայեցակարգը պետք է իրականացվի կրթության ոլորտի շահառուների լայն ներգրավմամբ և աջակցությամբ, այդ թվում` պետական մարմինների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, իրավաբանների մասնագիտական միավորումների, ուսանողների, ինչպես նաև կրթության ոլորտում ծրագրեր ֆինանսավորող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

 

2. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1.1. Հայեցակարգի նպատակն է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար: Հայեցակարգի հիման վրա անհրաժեշտ է նաև ձեռնամուխ լինել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագրի մշակմանը: Ըստ այդմ, Հանրապետության Նախագահի կարգադրությամբ նախատեսված իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման միջոցառումները պետք է ընթանան հետևյալ մակարդակներում.

1) նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրավական կրթության, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրավունքի ուսուցման և հասարակության իրավական համաուսուցման համակարգի կատարելագործում,

2) միջին մասնագիտական իրավաբանական կրթության համակարգի ձևավորում և զարգացում,

3) բարձրագույն իրավաբանական կրթության համակարգի վերափոխում,

4) ԶԼՄ-ների միջոցով իրականացվող իրավական համաուսուցման և դաստիարակության կայուն համակարգի ստեղծում:

 

2. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԻՍԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

2.1. Նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում պետության քաղաքականության կարևորագույն խնդիրներից է բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացիների դաստիարակության ապահովումը: Այս առումով, թե՛ նախադպրոցական, թե՛ հանրակրթական ծրագրերն ունեն վերանայման և իրավական կրթությանը նվիրված դասընթացների ընդլայնման կարիք:

2.2. Հաջողված բարեփոխումներ իրականացնելու նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության համակարգում ներդնել իրավական կրթության ու դաստիարակության նոր սկզբունքներ:

ՀՀ կառավարության համապատասխան ռազմավարական ծրագրերում երեխայի ֆիզիկական, հոգեկան, բարոյական, մտավոր զարգացման հիմքերի ստեղծումից բացի անհրաժեշտ է նախադպրոցական կրթության հիմնական խնդիր ճանաչել նաև երեխայի իրավական դաստիարակությունը: Դրանից ելնելով` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը և ծրագիրը մշակելիս պետք է հաշվի առնել նաև նախադպրոցական կրթության առաջարկվող նոր խնդիր-նպատակը` իրավական դաստիարակության ապահովումը: Հաջորդ քայլը նախադպրոցական կրթության համար ուսումնական և ուսումնաօժանդակ նյութերի ծրագրային փաթեթի մշակումն ու կիրառումն է:

Չափորոշիչների, ծրագրերի վերանայված համալիրը և դրանց կիրառությունը կարևոր նշանակություն կունենան երեխայի վաղ մանկության շրջանում օրենքի և, ընդհանրապես, օրինականության նկատմամբ հարգանքի ձևավորման համար:

2.3. Կարևոր է հանրակրթական տարրական, միջին և ավագ մակարդակների կրթական ծրագրերում կատարելագործել իրավական համաուսուցման և դաստիարակության համակարգի կատարելագործումը:

Ներկայում հանրակրթության երեք մակարդակների` տարրական, հիմնական և միջնակարգ կրթական կազմակերպությունների կողմից իրականացվող կրթական գործունեությունը կարգավորում է ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի թիվ 439-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական պետական չափորոշիչը»: Կառավարության այդ որոշմամբ հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական երեք ծրագրերի աստիճանների` հետևյալ ուսումնական բնագավառներով` 1) հայոց լեզու, գրականություն, 2) օտար լեզուներ, 3) մաթեմատիկա, 4) տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ, 5) բնություն, բնական գիտություններ, 6) հասարակություն, հասարակական գիտություններ, 7) արվեստ, 8) տեխնոլոգիա, 9) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: Այս բնագավառներին համապատասխան ձևավորվում է հանրակրթական ծրագրերի առարկայացանկը, ամեն մի մակարդակում կրթության նպատակները, ծրագրի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները:

Իրավական կրթությունը և դաստիարակությունը պետք է դառնան ուսումնական առանձին բնագավառ և դրանից բխող անհրաժեշտ փոփոխություններ կատարվեն հանրակրթության պետական չափորոշիչում:

Նման հայեցակարգային-ծրագրային փոփոխությունը`

1) կբարձրացնի սովորողների իրավական գիտակցության աստիճանը և կձևավորի իրավական մշակույթ հանրակրթության բոլոր մակարդակներում` տարրական (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ).

2) նախադրյալներ կստեղծի կրթական հաջորդ աստիճանում իրավաբանական կրթության համար պահանջվող կրթամակարդակի ապահովման համար:

2.4. Անհրաժեշտ է իրավական համաուսուցման համակարգը պարտադիր դարձնել միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով.

Մասնագիտական կրթության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում` իրավունքի հիմունքներ կամ իրավագիտություն առարկան պարտադիրից դարձել է կամընտրական: Մինչդեռ, այն կարևոր նշանակություն ունի միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող կադրերի ընդհանուր իրավական դաստիարակության, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ոլորտներում գործող հիմնական օրենսդրական կարգավորումների հիմնադրույթների իմացության համար: Այս առումով, անհրաժեշտ է սահմանել բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում բոլոր մասնագիտությունների համար իրավունքի հիմունքների պարտադիր դասավանդման պահանջ:

 

3. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

3.1. Իրավունքի ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթության նախատեսումն ու զարգացումը կնպաստեն պետական համակարգի առանձին մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Խոսքը վերաբերում է աշխատանքի այն տեսակներին, որոնց համար միջին մասնագիտական իրավաբանական կրթությունը կարող է բավարար լինել (օրինակ, դատական նիստի քարտուղարի, քրեակատարողական որոշ խմբերի ծառայողների, դատական կարգադրիչների և այլն):

3.2. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թ. հունվարի 16-ի N 24-Ն հրամանով հաստատվել է Միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտության «Իրավագետ» որակավորման պետական կրթական չափորոշիչը, որով սահմանվել են այն ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունները և առանցքային հմտությունները, որոնց պետք է տիրապետի շրջանավարտը: Համաձայն հրամանի` միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) դատական ակտերի հարկադիր կատարող և տեսուչ,

2) դատական դեպարտամենտի ծառայող,

3) դատարանի քարտուղար, դատական նիստի քարտուղար,

4) դատական կարգադրիչ,

5) իրավախորհրդատու,

6) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձևակերպման գրասենյակային ծառայող,

7) կադրային ծառայությունների և զբաղվածության կազմակերպությունների աշխատակից,

8) ապահովագրական գործակալության աշխատակից,

9) նոտարական գրասենյակի աշխատակից,

10) փաստաբանական ծառայության աշխատակից:

3.3. Այդուհանդերձ, շարունակում է արդիական լինել միջին մասնագիտական իրավաբանական կրթության համակարգի կատարելագործումը և դրա արդյունավետ կիրառությունը գործնականում: Նշված նպատակով, այդ թվում` իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագրի շրջանակներում, անհրաժեշտ է`

1) միջին մասնագիտական կրթության ոլորտում իրավունքի բնագավառի նոր մասնագիտությունների (օրինակ` քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ոստիկանության պարեկապահակային ծառայության, քրեակատարողական ծառայության և այլ ոլորտներում) վերհանում և այդ մասնագիտություններով պաշտոն զբաղեցնելու համար միջին մասնագիտական կրթության առկայության պահանջի սահմանում.

2) իրավունքի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի և դրանց համար պետական կրթական չափորոշիչների սահմանում.

3) իրավունքի ոլորտի միջին մասնագիտական կրթության կրթական ծրագրերի մշակում և կրթական ծրագրերի ներդրմանն ուղղված պետական աջակցության ապահովում.

4) կրեդիտների կուտակման և փոխանցման միջոցով ուսանողների շարժունության ապահովում միջին մասնագիտական կրթական համակարգի ներսում, ինչպես նաև միջին մասնագիտական համակարգից դեպի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգ և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգից` միջին մասնագիտական կրթական համակարգ:

 

4. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ

 

4.1. Ժամանակակից հասարակական իրողությունները նոր մարտահրավերներ ու պահանջներ են ներկայացնում իրավաբանի մասնագիտությանը: Բարձրագույն իրավաբանական կրթության հասարակական կենսունակության և նպատակային կիրառության ապահովման նպատակով անհրաժեշտ է այն ենթարկել հետևողական կատարելագործման:

4.2. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական կրթության կազմակերպման թերություններն են, օրինակ`

. պրակտիկայի կարիքներին կրթության բովանդակության անհամապատասխանությունը.

. դասավանդման ոչ արդյունավետ մեթոդաբանությունը և ավելորդ ֆորմալիզմը.

. ուսումնական հաստատություններում իրավաբանական կրթությանը ներկայացվող հատուկ պահանջների բացակայությունը:

4.3. Կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է: Այս համակարգի նկարագրությունից բխում է, որ միայն բուհական մակարդակի ջանքերով իրավաբանական կրթության բոլոր հիմնախնդիրների լուծումն անհնարին է: Դրանք նաև որոշակիորեն դուրս են բուհական համակարգից կամ բուհերի իրավասությունից: Վերը շարադրվածը վկայում է, որ բարձրագույն իրավաբանական կրթության ոլորտում բուհական բարեփոխումները պետք է մեկտեղվեն պետական համակարգային իրավակրթական բարեփոխումներով` ներառելով բարձրագույն իրավաբանական կրթության բոլոր բաղադրատարրերը:

4.4. Ըստ այդմ, բարձրագույն իրավաբանական կրթության ոլորտում բարեփոխումները պետք է ուղղված լինեն հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը.

1) որակյալ իրավաբանական կրթության ապահովում և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստում,

2) պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակների կատարելագործում և գիտական ներուժի լիարժեք օգտագործում,

3) իրավաբանական կրթության միջազգայնացման, միջազգային չափորոշիչներին դրա համապատասխանության ապահովում:

 

ՈՐԱԿՅԱԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

4.5. Որակյալ իրավաբանական կրթության ապահովման և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման նպատակով անհրաժեշտ է իրականացնել շարունակական բնույթ ունեցող հետևյալ հիմնական միջոցառումները.

4.6. «Իրավաբանական կրթության մասին» առանձին օրենքի ընդունման հնարավորություն, ինչպես նաև «իրավաբանական կրթություն» հասկացության ու դրա հիմնական հատկանիշների օրենսդրական սահմանում.

«Իրավաբանական կրթության մասին» օրենքով կարող են սահմանվել իրավաբանական կրթության հիմնարար հասկացությունը, իրավաբանական կրթության հիմնական սկզբունքները, ինչպես նաև իրավաբանական կրթության ոլորտում պետության միասնական քաղաքականության հիմնական ուղղությունները: Օրենքով կարող են նաև սահմանվել այն իրավական երաշխիքները, որոնք կարող են ապահովել մեր երկրում որակյալ իրավաբանական կրթությունը:

Դրանից բացի, օրենսդրական տարբեր ակտերում լայնորեն օգտագործվող «իրավաբանական կրթություն» հասկացությունն ընդհանրական է և ունի որոշակիացման կարիք: Այն առաջացնում է խնդիրներ այն դեպքում, երբ օրենքն որևէ պաշտոնի հավակնորդի ներկայացնում է իրավաբանական կրթության պահանջ: Խնդիրը հատկապես կապված է կրթական երկաստիճան համակարգի հետ: Կրթական այդպիսի համակարգում կարող է գործել մեկ տարվա իրավաբանական կրթական մագիստրոսական ծրագիր, որի ավարտին շրջանավարտին շնորհվում է իրավագիտության մագիստրոսի աստիճան` համապատասխան ավարտական փաստաթղթով: Ստացվում է` հիմնարար իրավաբանական կրթություն չունեցող անձը միայն մագիստրոսի որակավորման աստիճանով կարող է հավակնել իրավաբանի որակավորում պահանջող պաշտոնի, որի համար օրենքով նախատեսված է հիմնարար մասնագիտական կրթության պահանջ: Հարցն առավել արդիական դարձավ ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1148 որոշման ընդունմամբ: Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների վերլուծության օրինակով արձանագրեց, որ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում առկա են իրավական թերի ու համակարգային առումով անկատար լուծումներ: Դրա հետևանքով, մասնավորապես, պետական միասնական չափորոշիչների տեսանկյունից որոշակիացված չէ կապը բարձրագույն մասնագիտական համարժեք որակավորման ու դրա իրավական փաստը վկայող պետական նմուշի հավաստագրի (դիպլոմի) միջև: Նման վիճակը, ըստ Սահմանադրական դատարանի, հանգեցրել է նրան, որ վերոնշյալ իրավադրույթը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է, չի համապատասխանում իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին, ինչպես նաև չի ապահովում իրավունքի էության անձեռնմխելիության սահմանադրաիրավական երաշխիքի իրացումը:

Վերը շարադրվածով հանդերձ, նկարագրված խնդրին պետք է տալ հիմնարար լուծում հետևյալ հիմնական միջոցառումներն իրականացնելու միջոցով.

4.6.1. Անհրաժեշտ է իրականացնել ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա, օրինակ, հիմք ընդունել իրավական առարկաներից անհրաժեշտ քանակով կրեդիտների կուտակումը և փոխանցումը: Այսինքն` օրենսդրական նման կարգավորման արդյունքում իրավաբանական կրթության առկայությանը հավաստող չափանիշ կդառնա այնպիսի ավարտական փաստաթուղթը, որը կարտացոլի տվյալ մասնագիտության կրեդիտների նվազագույն քանակի կուտակումը և փոխանցումը:

4.6.2. Օրենսդրական ակտերի համակարգային վերլուծությամբ անհրաժեշտ է վեր հանել մասնագիտական գործունեության այն տեսակները, որոնցով զբաղվելու համար պահանջվում է իրավաբանական կրթություն և, գործունեության յուրաքանչյուր տեսակի առանձնահատկություններից ելնելով, սահմանել նվազագույն կրթական աստիճանը` բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս, իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող մասնագետ:

4.6.3. Բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթությունն օրենքով պետք է ճանաչվի հարակից մասնագիտություններ չունեցող, ինչը կկանխի բակալավրի աստիճանում իրավաբանական կրթության համապատասխան կրեդիտների կուտակում չունեցող անձի մուտքն իրավաբանական ոլորտի մագիստրոսական ծրագիր: Որպես այլընտրանք` իրավաբանական մագիստրոսական կրթություն ունեցող անձը չպետք է դիտարկվի իրավաբանական կրթություն ունեցող և իրավաբանական բնույթի որևէ պաշտոնի հավակնող անձ:

4.6.4. Անհրաժեշտ է քննարկել հեռահար և դրսեկության ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկում իրավաբանական կրթությունը ներառելու նպատակահարմարությունը` հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքները, իսկ ներառելու դեպքում` սահմանել վերահսկողական գործուն մեխանիզմներ հնարավոր չարաշահումները և բացթողումները բացառելու նպատակով:

4.7. Իրավաբանական կրթության բնագավառում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պահանջների վերանայում.

ՀՀ կառավարության իրավասությանը վերապահված հարցերից է բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի մշակումը և հաստատումը: Սրան համապատասխան անհրաժեշտ է կատարելագործվել իրավագիտություն մասնագիտությամբ ուսանողների ընդունելության կառուցակարգերը: Այդ կատարելագործման հիմնական նպատակն իրավաբանական բարձրագույն կրթության համար առկա նախադրյալների կատարելագործումը և նոր նախադրյալների ստեղծումն է հանրակրթության մակարդակով, իսկ հարակից նպատակը` իրավաբանական համաուսուցմանը և դաստիարակությանը նպաստելը: Այս նպատակներին հասնելու համար առաջարկվում է դպրոցներում իրավունքի դասավանդման խորացմանը և հաջող իրականացմանը զուգահեռ վերանայել իրավաբանական կրթության բնագավառում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պահանջները` նախատեսելով պետության և իրավունքի հիմունքների բնագավառում գիտելիքների ստուգում: Դա հնարավորություն կտա դիմորդներին, նախքան իրավաբանի մասնագիտություն ընտրելը, տիրապետելու իրավունքի բնագավառում բազային գիտելիքների և հետագայում կդյուրինացնի ուսումնառության գործընթացը:

4.8. Կրթական ծրագրերի արդիականացում` ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան.

Այս մակարդակի բարեփոխումները պետք է խթանեն բուհական համակարգում բարձրագույն իրավաբանական կրթության զարգացումը և դրա անընդհատ կատարելագործումը: Այդ նպատակով պետք է իրականացնել հետևյալ քայլերը.

4.8.1. Իրավաբանական կրթության համակարգում ավանդաբար դասավանդվող առարկաներից է Հայաստանի պետության և իրավունքի պատմություն դասընթացը` ընդամենը մեկ կիսամյակ: Այս առումով, անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի պետության և իրավունքի պատմության» դասընթացին հատկացվող ժամերը:

4.8.2. Կատարելագործել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգը` հիմքում դնելով մասնագետի «իմացության, ունակությունների և հմտությունների» զուգակցման սկզբունքը:

4.8.3. Մշակել և հաստատել բարձրագույն և հետբուհական իրավաբանական կրթության պետական կրթական նոր սերնդի` հմտությունների և կարողությունների վրա կառուցված չափորոշիչները համապատասխան կրթական վերջնարդյունքներով` հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները.

1) միասնական ընդհանուր գիտելիքներ ու հմտություններ ապահովող բակալավրիատ և, ըստ ունակությունների կամ իրավաբանական գործունեության ոլորտների, ճյուղավորված մագիստրատուրա,

2) ուշադրության կենտրոնացում սովորողների հաղորդակցման հմտությունների, ունակությունների, տրամաբանական և վերլուծական մտածողության ձևավորման վրա,

3) իրավաբանական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում սեռային հավասարության ընկալման խրախուսում,

4) իրավաբանական կրթության և պրակտիկայի ինտեգրում, որը համակողմանի միջոցառումների հետ միասին պետք է ներառի նաև իրավաբանական կլինիկաների ինստիտուտը, ուսուցողական դատարանը և այլն,

5) դասավանդման արդիական մեթոդիկայի ներառում կրթական չափորոշիչների և ուսումնական պլանների համակարգում:

4.8.4. ՈՒսումնասիրել առանձին մասնագիտական դասընթացներ կամ դասընթացի առանձին թեմաներ օտար լեզվով դասավանդելու միջազգային փորձը և հեռանկարում նախատեսել առնվազն մեկ մասնագիտական իրավաբանական առարկա օտար լեզվով դասավանդելու պահանջ:

4.8.5. Ստեղծել մեխանիզմներ ուսանողների անհատական հետազոտական աշխատանքների (կուրսային կամ ավարտական աշխատանք, մագիստրոսական թեզ) ինքնուրույնության ապահովման, «գրագողությունից» (plagiarism) խուսափելու և որակը բարձրացնելու համար, այդ նպատակով մշակել «գրագողության» բացահայտման հնարավորություն տվող բոլոր բուհերի համար միասնական «հակագրագողության» (anti-plagiarism) էլեկտրոնային համակարգ:

4.8.6. Ներդնել քննական գրավորների անանուն ստուգման և գնահատման մեխանիզմներ:

4.8.7. Ավարտական ատեստավորում իրականացնելիս գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման ձևերում մագիստրոսական ծրագրերում մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունից բացի պարտադիր ներառել նաև ամփոփիչ քննությունը:

4.9. Իրավաբանական կրթության և պրակտիկայի ինտեգրում.

Ակադեմիական կրթությունն անհրաժեշտ է կառուցել իրավունքի վերաբերյալ տեսական դրույթները կոնկրետ գործերի կամ իրավիճակների փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելու հմտությունների զարգացման վրա: Այդ նպատակով, մասնավորապես անհրաժեշտ է`

1) ապահովել, որպեսզի ուսումնական-առարկայական ծրագրերում դասընթացների բովանդակության կարևորագույն բաղկացուցիչ մաս պետք է կազմի պրակտիկ գործերի ուսումնասիրությունը: Նպատակը պետք է լինի ոչ թե այդ գործերին ուսանողներին պարզապես ծանոթացնելը, այլ նրանց պետք է նախապես հանձնարարել դրանց ուսումնասիրությունը, իսկ կոնկրետ դասընթացի ժամանակ ուսանողի անմիջական մասնակցությամբ վերհանել ուսումնասիրվող նյութի գործնական կիրառելիությունը և գնահատել որոշումների արդյունավետությունը ու արդարացիությունը, թերությունները, առավելությունները և այլն,

2) ուսանողին գնահատելիս հիմնվել ոչ միայն տեսական իմացության, այլև իրավունքի գործնական կիրառության վերաբերյալ գիտելիքների ստուգման վրա:

4.9.1. Կատարելագործել առնվազն պետական մարմիններում ուսանողների կարճաժամկետ կամ երկարաժամկետ ստաժավորում անցնելու (վճարովի կամ անվճար հիմունքներով) ինստիտուտը, նախատեսել դրա պատշաճ իրականացումն ապահովող համապատասխան երաշխիքներ, մշակել ուսանողների արտադրական պրակտիկաների արդյունավետ անցկացման կարգ` սահմանելով պրակտիկայի նպատակը, տևողությանը, ընթացքին և արդյունքներին ներկայացվող պահանջները, ժամկետները, պրակտիկայի հաշվետվությունների և արդյունքների ամփոփման ձևերը` ապահովելով ձևական մոտեցումների բացառումը.

4.9.2. զարգացնել իրավաբանական կլինիկաների ինստիտուտը` որպես ուսանողների պրակտիկ հմտությունների և կարողությունների զարգացման հիմնական ձև.

4.9.3. ապահովել պրակտիկ աշխատողների (դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, նոտարներ և այլն) մասնակցությունը դասախոսությունների անցկացմանը` ուսանողների մոտ տեսական գիտելիքների լիարժեք գործնական կիրառությունը խթանելու նպատակով:

4.10. ՈՒսումնական և ուսումնաօժանդակ նյութերի ընդլայնում ու արդիականացում.

Կրթական գործընթացների արդյունավետության բարձրացումը, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակների զարգացումը սերտորեն կապված է հետազոտական և գիտական գործունեության խթանման հետ: Այդ նպատակով անհրաժեշտ է.

4.10.1. Պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ստեղծել հիմնադրամներ` հայալեզու իրավաբանական գրականության մշակմանը, օտարալեզու աղբյուրների թարգմանությանն ու տպագրությանը օժանդակելու համար, ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելը խթանելու, արտասահմանում և երկրի ներսում տարբեր մասնագիտական և մեթոդական վերապատրաստման ծրագրերին դասախոսների մասնակցության օժանդակելու համար: Ըստ անհրաժեշտության` նպաստել նաև հայալեզու իրավաբանական գրականության թարգմանությանը օտար լեզուներով.

4.10.2. ուսումնասիրել դասագրքերը տպագրության երաշխավորելու ընթացակարգերը և ըստ անհրաժեշտության վերանայել դրանք` դասագրքերի երաշխավորման գործընթացը ավելի թափանցիկ դարձնելու համար.

4.10.3. նույն սկզբունքով քննարկել միասնական իրավաբանական էլեկտրոնային գրադարան ստեղծելու հնարավորությունը` բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողների համար մուտքի հնարավորությամբ.

4.10.4. Պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ապահովել բոլոր ԲՈՒՀ-երի միասնական մուտքի հնարավորություն միջազգային էլեկտրոնային ռեսուրսների քարտադարաններին (օրինակ` WestlawNext, Lexis-Nexis, Bloomberg Law և այլն):

 

ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԼԻԱՐԺԵՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 

4.11. Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակների կատարելագործման և նրանց գիտական ներուժը օգտագործելու, գիտական հետազոտությունների արդյունքների պահանջվածության, կիրառելիության ու իրացվելիության ապահովման նպատակով անհրաժեշտ է.

4.12. Ստեղծել հիմնադրամ տարբեր մասնագիտական և մեթոդական վերապատրաստման ծրագրերին դասախոսների մասնակցությունը արտասահմանում խթանելու համար, ինչպես նաև նախատեսել պրոֆեսորադասախոսական կազմի գիտական ակտիվությանը նպաստող մեխանիզմներ (հավելավճարներ, տպագրության ֆինանսավորման ապահովում և այլն):

4.13. Բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջոցառումների ծրագրի մշակում և ներդրում` ուղղված բուհերի իրավագիտության մասնագիտությամբ գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացմանը և վերապատրաստմանը: Այդ առաջարկությունները կարող են, օրինակ, ներառել`

1) դասախոսների կողմից օտար լեզուների, համակարգչի իմացության, վերապատրաստման ծրագրերի ապահովման միջոցառումներ,

2) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացում,

3) ուսանողների կողմից դասախոսների պարբերական գնահատման, գնահատման արդյունքների ամփոփման և բուհական մարմիններում դրանց քննարկման մեխանիզմներ:

4.14. Իրավաբանի մասնագիտության դերը կարևորելու և դրա նշանակությունը բարձրացնելու նկատառումով սահմանել իրավաբանի մասնագիտական տոն: Որպես այդպիսին կարելի է ճանաչել, օրինակ, Հայ իրավաբանների միության ստեղծման կամ, օրինակ, առաջին համագումարի օրը կամ իրավական հանրության կողմից որևէ այլ սկզբունքով:

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

4.15. Իրավաբանական կրթության միջազգայնացման, համաշխարհային չափորոշիչներին դրա համապատասխանության ապահովման նպատակով անհրաժեշտ է.

4.16. Ապահովել ուսանողների, դասախոսների, գիտնականների համագործակցությունը միջազգային գործընկերների հետ.

4.16.1. Խրախուսել ուսանողների կրթությունը օտարերկրյա գործընկեր բուհում շարունակելու և երկուստեք դիպլոմներ շնորհելու հնարավորությունները:

4.16.2. Սահմանել իրավաբանական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական կրեդիտների փոխադարձ ճանաչման հստակ պայմանները:

4.16.3. ՈՒսումնասիրել ուսանողների պրակտիկաները արտասահմանում կազմակերպելու հնարավորությունները և քննարկել համապատասխան հիմնադրամների կամ կազմակերպությունների միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման հարցը:

4.16.4. Ներդնել մեխանիզմներ (օրինակ` տեսաձայնագրող սարքերի կամ տեսաձայնային կապի միջոցների կիրառմամբ) օտարերկրյա դասախոսների և գիտնականների կողմից ՀՀ ԲՈՒՀ-երում դասավանդման, գիտական հետազոտությունների իրականացման նպատակով:

4.17. Միջբուհական համագործակցության խթանում.

4.17.1. Ստեղծել իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթություն տրամադրող ուսումնական հաստատությունների ղեկավարների (դեկանների, տնօրենների) համապետական խորհուրդ:

4.17.2. Կազմակերպել տարբեր երկրների իրավաբանական բուհերի կամ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ղեկավարների պարբերական գիտաժողովներ:

4.17.3. Համապետական և բուհական մակարդակով զարգացնել օտարերկրյա իրավաբանական դպրոցների հետ համագործակցությունը:

 

5. ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ

 

6.1. Իրավական համաուսուցման և համադաստիարակության ոլորտում անհրաժեշտ է մշակել և իրականացնել միասնական պետական քաղաքականություն, մասնավորապես.

1) ուսումնասիրել ԶԼՄ-ներում իրավական համաուսուցման և համադաստիարակության թեմաներով հաղորդաշարերի, հրատարակությունների բացման հնարավորությունը և ներկայացնել առաջարկներ,

2) զարգացնել հանրային-պետական ԶԼՄ-ների միջոցով իրավական քարոզչության համակարգը,

3) նպաստել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար իրավունքի և դրա առանձին ճյուղերի վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2015
N 40
Արձանագրային որոշում