ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
18 ապրիլի 2013 թվականի N 15
i
29. «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՔԱՌԱՄՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 5-րդ կետերի`
1. Հավանություն տալ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության քառամյա պարբերական զեկույցին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին` 10-օրյա ժամկետում ապահովել ազգային զեկույցն օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին` զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի քառամյա պարբերական զեկույցի փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թ. ապրիլի 18-ի նիստի
N 15 արձանագրային որոշման
ՔԱՌԱՄՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
Հակիրճ նկարագրություն
Զեկույցի պատրաստման գործընթացն իր մեջ ներառել է հարցումների կազմակերպման և դիտանցման, քաղաքականությունների ուսումնասիրման, տվյալների հավաքագրման, վերլուծությունների կատարման և եզրակացությունների ձևակերպման փուլերը:
Զեկույցը համապարփակ ուսումնասիրություն է ՀՀ-ում մշակութային բազմազանության ապահովման իրավական, սոցիալ-տնտեսական, քաղաքական և ինստիտուցիոնալ հնարավորությունների վերաբերյալ: Զեկույցում վերլուծության են ենթարկվել պետական քաղաքականությունները, միջոցառումները, քաղաքացիական հասարակության զարգացումները, որոնք նպաստում են անհատի, սոցիալական խմբի կամ համայնքի մշակութային ինքնարտահայտմանը, մշակույթի դերի գիտակցմանը բազմազանության ընկալման հարցում:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի կիրարկմանն ուղղված մշակութային քաղաքականությունների մեջ ամրագրել է հայ և այլ ազգերի ժամանակակից արվեստի և մշակութային ժառանգության պահպանությունը, զարգացումը և հանրահռչակումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովման նպատակային ռազմավարություններ` ֆորմալ և ոչ ֆորմալ մշակութային կրթության համադրում, լեզվական բազմազանություն ապահովող լեզվաքաղաքականության իրականացում, աջակցություն ազգային փոքրամասնությունների մշակույթին, ակտիվ և հավասարակշռված, մշակույթների երկխոսության վրա հիմնված միջազգային համագործակցություն, մշակութային արտադրանքների և ծառայությունների հասանելիության, մատչելիության և շարժունակության ապահովում, նպատակային աջակցություն մշակութային արտադրանք ստեղծողներին և տարածողներին:
Վերոնշյալ ռազմավարությունների իրականացման համար պետությունն իր իրավասությունների, ենթակառուցվածքների, ֆինանսական հնարավորությունների շրջանակներում իրականացրել է գործողություններ, ծրագրեր, միջոցառումներ` հանդես գալով որպես մշակույթ ստեղծողին, տարածողին և սպառողին հավասար գործընկեր:
Զեկույցում նկարագրված են մշակութային բազմազանության ապահովմանը նպաստող գործողությունների, միջոցառումների, ծրագրերի օրինակներ, թվային և բովանդակային վերլուծություններ:
Որպես հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքի արդյունք` զեկույցում վեր են հանվել պետական քաղաքականության ձեռքբերումները և մարտահրավերները, որոնք հնարավորություն են ստեղծում լրամշակել զարգացման քաղաքականությունները` որդեգրելով նոր սկզբունքներ և մոտեցումներ:
1. Ընդհանուր տեղեկույթ
Պետության անվանումը` Հայաստանի Հանրապետություն
Վավերացման օրը` 27-ը հունվարի 2007 թ.
Վավերացման գործընթացը` 2006 թ. հուլիսի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննել է կոնվենցիայի դրույթների համապատասխանումը Սահմանադրությանը: 2006 թ. հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել է կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 27-ին:
Աշխատանքը միջկառավարական կոմիտեում` Հայաստանը դարձել է կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ 2011 թ., 2012 թ.` հիմնական զեկուցող, իսկ 2013 թ.` կոմիտեի բյուրոյի նախագահ:
Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ կատարած ներդրումների ընդհանուր ծավալը (մինչ օրս)` 854.70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Զեկույցի պատրաստման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (ՀՀ կառավարության 2011 թ. N 1793-Ա որոշում, 22.12.2011 թ).
Պաշտոնապես նշանակված կոնտակտային անձերը`
Արև Սամուելյան և Արթուր Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ
Զեկույցի պատրաստման տարեթիվը` 2013 թ.
Զեկույցը ստորագրելու համար նշանակված է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
«Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի կիրարկման մասին պարբերական զեկույցը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են 6 գերատեսչությունների` ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, սփյուռքի, արտաքին գործերի, ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունների, հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների ներկայացուցիչները: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով նշված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև ՀՀ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և երաժշտագետների, կինեմատոգրաֆիստների միությունների, մեկ տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ Գարեգին Չուգասզյանը, Մարինե Հարոյանը, Արա Խզմալյանը և Դավիթ Մուրադյանը:
2. Միջոցներ
2.1. Մշակութային քաղաքականությունը և միջոցառումները
Մշակութային քաղաքականության իրականացման համար` ուղղված կոնվենցիայի կիրառմանը, հիմք են հանդիսանում ՀՀ Սահմանադրության խոսքի (հոդված 27), մտքի, խղճի և կրոնի ազատության (հոդված 26), կրթության (հոդված 39), ստեղծագործության ազատության (հոդված 40), ազգային ավանդույթների պահպանման (հոդված 41) հոդվածները: Ստորև ներկայացնելով մշակութային քաղաքականության հիմնական ուղղությունները և, միևնույն ժամանակ, կարևորելով միջազգային հիմնադրամների դերը մշակութային բազմազանություն ապահովող միջոցառումների կազմակերպմանը աջակցելու գործում, ներկայումս ընտրվել են 3 ծրագրեր, որոնք ներկայացվելու են Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին: Առաջինը վերաբերում է մարզերի թերզարգացած գյուղական համայնքներում ուսումնասիրությունների իրականացմանը և, կարիքների գնահատման արդյունքների հիման վրա` մշակութային գործիչների ստեղծագործական կարողությունների և համայնքների մշակութային զարգացման քաղաքականության մոդելների մշակմանը: Երկրորդը վերաբերում է Հայաստանում գոյություն ունեցող խեցեգործության ավանդույթների վերականգնմանը, որի միջոցով նախատեսվում է հաստատել գործող ցանց այլ երկրների մասնակցությամբ: Ծրագրի շահառուների թիվը հասնում է մինչև 300 մարդու: Երրորդ ծրագիրը մշակվել է Գյումրու զարգացման հիմնադրամի հետ միասին և նախատեսում է քարագործության ակադեմիայի հիմնադրում: Ծրագրի շրջանակներում, համագործակցելով ոլորտի մասնագետների հետ, կկազմակերպվեն դասընթացներ քարագործ վարպետների համար, ովքեր հետագայում աշխատանքի կտեղավորվեն քարե արտադրանք (հուշանվերներ, զարդեր, քանդակագործ իրեր, խճանկարներ և այլն) տվող 4 ձեռնարկություններում:
Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում մշակութային քաղաքականության ուղղություններն էին.
2.1.1 Աջակցություն անհատ ստեղծագործողներին
Վերջին տարիներին անհատ ստեղծագործողներին տրամադրվող աջակցությունը վերաբերում է.
Կինոարվեստի ոլորտում` անհատ կինոգործիչների սցենարական նախագծերի աջակցմանը, միջազգային կինոփառատոներին ու կինոշուկաներին հայկական արտադրության ֆիլմերի և անհատ ստեղծագործողների մասնակցության ապահովմանը:
Հաշվետու ժամանակահատվածում աջակցություն է ցուցաբերվել անհատ կինոգործիչների 9 սցենարական նախագծի, ինչպես նաև ապահովվել է 172 հայկական արտադրության ֆիլմերի և անհատ ստեղծագործողների մասնակցությունը ընդհանուր թվով 114 միջազգային կինոփառատոների ու կինոշուկաների:
Թատերարվեստի ոլորտում` ստեղծագործական պատվերների միջոցով բեմադրությունների իրականացմանը և դրամատուրգիական ստեղծագործությունների ձեռքբերմանը, միջազգային թատերական փառատոներին թատերախմբերի և անհատների մասնակցության ապահովմանը: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 115 ստեղծագործական պատվեր, ձեռք է բերվել 16 դրամատուրգիական ստեղծագործություն, ապահովվել է 50 հայկական թատերախմբերի և 52 անհատների մասնակցություն միջազգային թատերական փառատոների:
Երաժշտարվեստի ոլորտում` երաժշտական ստեղծագործությունների, նոր մշակումների և գործիքավորումների ձեռքբերմանը, միջազգային երաժշտական փառատոներին հայկական երաժշտական, պարային խմբերի և անհատ կատարողների մասնակցության ապահովմանը: Նույն ժամանակահատվածում տվյալ ոլորտում ձեռք են բերվել 107 հեղինակի 121 ստեղծագործություն, իրականացվել է 74 ստեղծագործությունների նոր մշակում և գործիքավորում, ապահովվել է 79 հայկական երաժշտական, պարային խմբերի և անհատ կատարողների մասնակցությունը 102 միջազգային երաժշտական փառատոների և նախագծերի: Հայաստանի 343 շնորհալի երեխաներ և պատանիներ մասնակցել են 106 միջազգային փառատոների:
Գրահրատարակչության ոլորտում` ժամանակակից գրողների, ներառյալ երիտասարդ և սկսնակ գրողներին` ստեղծագործությունների հրատարակմանը, միջազգային գրքի ցուցահանդեսներին, գրքարվեստի փառատոներին ու մրցանակաբաշխություններին մասնակցության ապահովմանը` ժամանակակից գրքային մրցունակ արտադրանքի ստեղծմամբ: Հաշվետու ժամանակահատվածում հրատարակվել է ժամանակակից ստեղծագործողների, երիտասարդ և սկսնակ գրողների 308 ստեղծագործություն, մասնակցություն է ապահովվել 146 գրքի միջազգային ցուցահանդեսների, գրքարվեստի փառատոների ու մրցանակաբաշխությունների:
Կերպարվեստի ոլորտում` անհատական ցուցահանդեսների կազմակերպմանը, երիտասարդ ստեղծագործողներին միջազգային բիենալեներին, ցուցահանդեսներին մասնակցությանը, նորարարական ծրագրերի աջակցմանը: Աջակցություն է ցուցաբերվել 46 անհատական ցուցահանդեսների կազմակերպմանը, երիտասարդ ստեղծագործողների մասնակցությանը 56 միջազգային բիենալեների, ցուցահանդեսների և նորարարական ծրագրերի, ձեռք է բերվել 14 կերպարվեստի աշխատանք:
Պարարվեստի ոլորտում` ստեղծագործական պատվերների իրականացմանը, ժամանակակից և էթնոպարարվեստի, հայ ծեսերի` մինչ օրս պահպանված շարժանկարային և տեսահոլովակներում արձանագրված եզակի նմուշների, ինչպես նաև հայ պարարվեստի մատենագրության հավաքագրման, պարաստեղծի և կատարողի գիտելիքների և նախընտրությունների որակի բարձրացմանը, հայ ծեսերի ամբողջական կամ հատվածային ցուցադրման ավանդույթի վերականգնմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, միջազգային և հանրապետական փառատոների և ստուգատեսների կազմակերպմանը:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 52 պարային նոր բեմադրություն, աջակցվել են 21 ազգագրական և ժողովրդական համույթներ, 4 համույթներ մասնակցել են միջազգային փառատոների ու մրցույթների, իրականացվել է 3 հանրապետական փառատոն:
2.1.2. Աջակցություն մշակութային արտադրանքի ստեղծմանը
Թատերարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են` ժամանակակից թատերական մրցունակ արտադրանքի ստեղծմանը` ստեղծագործական պատվերների իրականացմամբ Հայաստանում հայ և օտար թատերարվեստի հանրահռչակմանը` միջազգային և հանրապետական թատերական փառատոների կազմակերպմամբ և 16 ստեղծագործական ՊՈԱԿ-ների բնականոն գործունեության ապահովմանը /սուբսիդավորում/, տեխնիկական վերազինմանը և վերանորոգմանը:
Միջմշակութային բազմազանության ապահովման կարևորագույն գործոններից է այլալեզու սպառողի պահանջներին համապատասխան մշակութային գործունեության իրականացումը: Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում են 32 տարբեր ժանրային ուղղվածության (դրամատիկական, օպերային, բալետային, երաժշտական, կատակերգության, կրկեսային, խամաճիկային, տիկնիկային, մնջախաղային, մանրապատումների, պատանեկան և այլն) թատրոններ, որոնք ապահովում են բազմազան այլալեզու թատերական երկացանկ: Այսպես, օրինակ` 2007 և 2008 թթ. իտալական «Վերսիլիդանսա» մշակութային ընկերության հետ համատեղ Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը» բեմադրել է Ն. Վ. Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» և «7-րդ զգացողություն» (ըստ Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի) ներկայացումները, որոնցով հանդես են եկել նաև Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: 2009 թ. թատրոնը գերմաներենով բեմադրել է «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը (ըստ Մ. Էնդեի համանուն հեքիաթի), որը նաև փառատոների է մասնակցել Գերմանիայում և Ավստրիայում: Համազգային պետական թատրոնում 2011 թ. բեմադրվել է Պ. Էսերի «Ժառանգները» ներկայացումը քառալեզու տարբերակով (ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և թուրքերեն): Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը այս տարիներին իր խաղացանկում ընդգրկել է տարբեր նախասիրությունների ու տարիքի համար նախատեսված շուրջ 25 ներկայացում ռուսերենով: 2007-2011 թթ. Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում ընդգրկվել է 8 ներկայացում, որոնք ներկայացնում են իտալական, ֆրանսիական և ռուսական օպերային արվեստը:
Տվյալ ոլորտում իրականացվող մի շարք միջոցառումներ ներգրավվել են ASSITEJ (Մանկական և երիտասարդական թատրոնի համաշխարհային ասոցիացիա) և IETM (Համաեվրոպական թատերական ցանց) միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ճանաչվել են որպես Կովկասյան տարածաշրջանի գլխավոր թատերական փառատոներ:
Երաժշտարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են` երաժշտական ստեղծագործությունների ձեռքբերմանը, ստեղծագործությունների նոր մշակումներին և գործիքավորմանը` անհատ ստեղծագործողներին աջակցմամբ, միջազգային երաժշտական փառատոներին հայկական երաժշտական, պարային խմբերի և անհատ կատարողների մասնակցության ապահովմանը, ստեղծագործական ներուժի պահպանմանն ու զարգացմանը, համերգային ծրագրերի ստեղծմանը` ստեղծագործական պատվերների աջակցմամբ, Հայաստանում միջազգային և հանրապետական երաժշտական փառատոների կազմակերպմանը, 12 ստեղծագործական ՊՈԱԿ-ների բնականոն գործունեության ապահովմանը /սուբսիդավորում/, տեխնիկական վերազինմանը և վերանորոգմանը:
Կինոարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են` ստեղծագործական ներուժի պահպանմանն ու զարգացմանը` անհատ կինոգործիչներին սցենարական նախագծերի աջակցմամբ, միջազգային կինոփառատոներին ու կինոշուկաներին հայկական արտադրության ֆիլմերի և անհատ ստեղծագործողների մասնակցության ապահովմանը, խաղարկային, վավերագրական, անիմացիոն կինոնկարների ստեղծմանը, այդ թվում` դեբյուտային և ուսանողական ֆիլմերի աջակցմամբ, երկու ստեղծագործական ՊՈԱԿ-ների բնականոն գործունեության ապահովմանը /սուբսիդավորում/, տեխնիկական վերազինմանը և վերանորոգմանը, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուի պահպանման ծառայությունների իրականացմանը` ֆիլմերի թվայնացմամբ և պատճենների պատրաստմամբ:
Կերպարվեստի ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվում են` ստեղծագործական ներուժի աջակցմանը` անհատական ցուցահանդեսների կազմակերպմամբ, երիտասարդ ստեղծագործողներին միջազգային բիենալեներին, ցուցահանդեսներին մասնակցության և նորարարական ծրագրերի աջակցմանը, ժամանակակից ստեղծագործողների աշխատանքների ձեռքբերմանը:
Գրահրատարակչության ոլորտում պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ուղղվել են` գրական ներուժի աջակցմանը` ժամանակակից ստեղծագործողներին, երիտասարդ և սկսնակ գրողներին` ստեղծագործությունների հրատարակմամբ, հանրապետական և միջազգային գրքի ցուցահանդեսների, գրքարվեստի փառատոների ու մրցանակաբաշխությունների մասնակցության ապահովմանը` ժամանակակից գրքային մրցունակ արտադրանքի ստեղծմամբ. գրքային արտադրանքի միջոցով հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանը, դասական և ժամանակակից գրականության հանրահռչակմանը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Գիրք» հիմնադրամի բնականոն գործունեության ապահովմանը:
2.1.3. Մշակութային կրթության խթանումը` որպես մշակութային բազմազանության ապահովման գրավական
Մշակութային կրթությունը Հայաստանում իրականացվում է բոլոր կրթական մակարդակներում (մանկապարտեզ, դպրոց, բուհ), արտադպրոցական հաստատություններում (մանկապատանեկան կենտրոններ, երաժշտական դպրոցներ և այլն) և ոչ ֆորմալ կրթության միջոցով:
ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի 204 դպրոցներից 100-ը երաժշտական դպրոցներ են, 77-ը` արվեստի և 26-ը` գեղարվեստի:
Մշակութասեր և գեղագիտորեն կիրթ հասարակությունն ավելի ընկալունակ և պահանջկոտ կարող է լինել մշակութային բազմազանության հաստատման և տարածման նկատմամբ: Այս առումով Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդներին և ծրագրերին: ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատվել է «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ծրագիրը», որը նպատակաուղղված է անհատի բազմակողմանի ու մտավոր ներուժի զարգացմանը, հիմքեր է ստեղծում ՀՀ ապագա քաղաքացիների ձևավորմանը նպաստող բազմամշակութային կրթության համար: Այս ծրագրի դրույթներից մեկին համապատասխան, որպես առանձին դասընթաց, «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկան կընդգրկվի ավագ դպրոցի հումանիտար հոսքի ուսումնական պլանում:
ՀՀ-ում գործում են մոտ 40 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, որոնց գործունեության հիմնական նպատակն է երեխաների արտադպրոցական մշակութային, գեղագիտական, հոգևոր կրթության, ֆիզիկական դաստիարակության ապահովումը, ունակությունների և կարողությունների զարգացումը` հաշվի առնելով նրանց նախասիրությունները: Ստեղծագործական կենտրոններ տարեկան հաճախում են 23500 մանուկ և պատանի, որոնք ուսանում են դեկորատիվ-կիրառական արվեստների, կերպարվեստի, երգ-երաժշտության, սպորտային, համակարգչային, լրագրության ու օտար լեզուների, թատերական, պարային, կրկեսային և այլ խմբերում:
2007 թ. մեկնարկել է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը, որը պետության կողմից ֆինանսավորվող նպատակային ծրագիր է: Դաս-համերգների ընթացքում ներկայացվում են համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների, գրողների կյանքն ու ստեղծագործական ուղին, ապրած ժամանակաշրջանը: Տրամադրվում են պարզաբանումներ երաժշտական գործիքների, երաժշտական տարբեր ժանրերի` դրանց կառուցվածքային առանձնահատկությունների, ազգագրական պարերի և այլնի վերաբերյալ: Պատանի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում դաս-համերգների վերաբերյալ արտահայտել իրենց անմիջական տպավորություններն ու զգացումները: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում 2007-2011 թթ. կազմակերպվել են 156 դաս-համերգներ, որից 60-ը` մարզերում:
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության դրական եզրակացությամբ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
2010 թ. Երևանում անց է կացվել Մեծահասակներ կրթության Եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը և «Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը:
2.1.4. Մշակույթի ներմուծման համար նպաստավոր պայմանների ստեղծումը
ՀՀ կառավարությունը արտադրանքների և ծառայությունների (այդ թվում` մշակութային) ներմուծումը խրախուսելու նպատակով Հայաստանում գործում է բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով, որն իրականացնում է մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառի պետական քաղաքականությունը: Ըստ էության, պետությունը Հայաստանում իրականացվող բոլոր բարեգործական ծրագրերում ունենում է ֆինանսական մասնակցություն` արժեքի 20 և ավելի տոկոսի չափով` իրականացվող ծրագրերը ազատելով որոշ հարկատեսակներից և տուրքերից: Այս քաղաքականությունը ստեղծում է բարենպաստ պայմաններ նաև մշակութային արտադրանքի և ծառայությունների բարեգործական ներմուծման համար: Հաշվետու ժամանակահատվածում մշակութային ուղղվածության բարեգործական ծրագրերի քանակը դինամիկ աճ է արձանագրել, որի արդյունքում, համալրվել է մշակութային բազմազանության արտադրանքի և ծառայությունների ընդհանուր զամբյուղը:
Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը քննարկում և ընդունում է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» ծրագիրը, որի մշակման և իրականացման համար հիմք է հանդիսանում «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը: Ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման ընդհանրապես և մասնավորապես` մշակույթի ոլորտի վրա, որտեղ արտադրանքի և ծառայությունների 95 տոկոսը ապահովում են ոլորտի ՓՄՁ-երը:
Հայաստանի կառավարությունը խրախուսում է մշակութային բնույթի նյութերի շրջանառությունը, որն էապես բարձրացնում է մշակութային բազմազանության ապահովման և տարածման մակարդակը երկրում:
2010 թ. Հայաստանը միացել է «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Ֆլորենցիայի Համաձայնագրի և դրան կից Նայրոբիի Արձանագրությանը, որոնք նպաստում են գրքերի, մշակութային, կրթական և գիտական նյութերի ազատ տարածմանը, այդ նյութերի ներկրմանն առնչվող մաքսային և վարչական գործընթացների մատչելիությանը, դրանց ազատ շրջանառությանը: Համաձայնագրի կիրառումը Հայաստանում ստեղծել է բարենպաստ պայմաններ մշակութային ինքնաարտահայտման ձևերի հաստատման և հանրահռչակման համար:
2.1.5 Նպատակային ծրագրերի իրականացումը` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խթանման նպատակով: Մշակութային ինքնարտահայտման ձևերի տարածումը Հայաստանում իրականացվել է ավելի քան 28 միջազգային և գրեթե նույնքան հանրապետական փառատոների, ստուգատեսների ու մրցույթների աջակցման միջոցով:
2.1.5.1 Այսպես, 2007-2011 թթ. Հայաստանի կինոդահլիճներում և մշակութային տներում անց են կացվել 12 երկրների կինոշաբաթներ` բնօրինակի լեզվով` ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ղազախերեն, իտալերեն, անգլերեն և այլն ֆիլմերի ցուցադրություններով:
Միջմշակութային երկխոսության նպատակով իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր, մասնավորապես` կինեմատոգրաֆիայի ոլորտում համատեղ կինոարտադրության զարգացումը նպաստեց կինոարտադրանքի համար նոր շուկաների բացահայտմանը և մատչելիության ապահովմանը: Մասնավորապես այս տարիներին 5 ֆիլմերի արտադրության մեջ («Խճճված զուգահեռներ» (2008 թ.), «Փարաջանով» (2011-12 թթ.), «Ալավերդի» (2011-12 թթ.) «Չնչիկ» (2011-2012 թթ.), «Ժաննան և ձայները» (2010-2011 թթ.) ներգրավված են 4-ից ավելի պետություններ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2012 թվականի մարտի 16-ին համագործակցության պայմանագիր է կնքել CNC-ի հետ (Ֆրանսիայի ազգային կինոյի և անիմացիայի կենտրոն), որի շրջանակներում Հայաստանում 2012 թվականի դեկտեմբերի 21-31-ը իրականացվել է կարճամետրաժ ֆիլմերի «Ամենակարճ օրը» կինոփառատոնը:
2012 թ. նոյեմբերի 6-10-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցել է Ստրասբուրգի գիտաժողովին` նվիրված Եվրոպական տեսաձայնային դիտարանի 20-ամյակին, որտեղ գործադիր խորհրդի նիստով վավերացվել է Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տեսաձայնային դիտարանին /օբսերվատորիային/: Անդամակցությունը ենթադրում է հստակ աշխատանքների իրականացում միջազգային կինոարդյունաբերության ոլորտում, կինոարտադրության և պատրաստի ֆիլմերի շահագործման գործընթացում:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը պետական աջակցություն ստացող տարածաշրջանային ամենախոշոր միջազգային կինոփառատոնն է, որը անց է կացվում «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» կարգախոսի ներքո: Հաշվետու ժամանակահատվածում փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 800-ից ավելի ֆիլմ: Փառատոնում հանդիպում են տարբեր էթնիկ, ազգային, կրոնական, գեղագիտական պատկանելության ռեժիսորներ ու ֆիլմեր, ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքի, հոգսերի և ուրախությունների, կենցաղի ու նիստուկացի, հավատի ու հուսահատության մասին: 2009 թ.-ից գործում է «Ոսկե ծիրան» տարածաշրջանային կինոդպրոցը, որտեղ Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած երիտասարդ կինոգործիչների համար վարպետության դասընթացներ են անցկացրել աշխարհահռչակ կինոգործիչներ, ինչպիսիք են Մարկո Բելոկկիոն, Վիմ Վենդերսը, Տոնինո Գուերան, Ալեքսանդր Սոկուրովը, Նիկիտա Միխալկովը, Քշիշտով Զանուսին, Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը, Աբաս Քիառոստամին, Բելա Տարրը, Յոս Սթելինգը, Քշիշտով Զանուսին, Ատոմ Էգոյանը, Ռոբ Նիլսոնը, Պավել Ֆիննը և այլոք:
Փորձի փոխանակման և կինոարտադրությանը խթանող առանձնահատուկ կարևորություն ունի «Ռեժիսորներ առանց սահմանների» /ՌԱՍ/ (Directors Across Borders) ծրագիրը, որը ստեղծվել է 2007 թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության և ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորները հնարավորություն ունեն Եվրոպայից հրավիրված առաջատար մասնագետի հետ համատեղ աշխատանքի արդյունքում զարգացնել իրենց նախագծերը, սցենարները և բիզնես փաթեթները: Ծրագիրը նպատակ ունի նպաստել համատեղ արտադրությունների թվի աճին: ՌԱՍ ծրագրից 2009 թ.-ին ծնունդ է առել նոր` «Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ»-ը, որը ուղղված է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի նախագծերի զարգացմանը: 2009-2011 թթ. ՀԹԿՊ-ի շրջանակներում նկարահանվել են 8 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր:
«Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը (2007 թ.-ից) «Ոսկե ծիրանի» «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի և Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի (Կինոգետների միջազգային դաշնության FIPRESCI-ի հայաստանյան մասնաճյուղ) համատեղ գործնական դասընթաց է: Այն հանդիսանում է հարթակ տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների կինոգետների ու կինոլրագրողների համար` հաղորդակից դառնալու համաշխարհային կինոյի արդիական միտումներին: Ծրագիրը հասցեագրված է մեկուսացման և ինֆորմացիոն «վակուում» խնդրին: Այն նպատակաուղղված է վերականգնելու տարածաշրջանում կինոլրագրության դերը, զարգացնելու մասնագիտական փոխանակումը և համագործակցությունը հարևան երկրների հետ: «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը միտված է զարգացնելու և պահպանելու մասնագիտական ցանցը` այդպիսով ստեղծելով ամուր համագործակցություն գործընկեր երկրների զանգվածային լրատվության միջոցների ու կինոարտադրության միջև: Այս ծրագիրը հասցեագրված է նաև հանրության կարիքներին ու պահանջներին` ստեղծելով մասնագիտացված «արտադրանք» (այսինքն, որակյալ տեղեկատվություն) տեղական և տարածաշրջանային կինոարտադրության ընթացակարգի, ֆիլմերի և այլ հարցերի շուրջ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լուսաբանելու համար ամեն տարի Հայաստան են ժամանում մի շարք կարևոր և աշխարհասփյուռ լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Եվրոնյուզ»-ը, «Արտե»-ն, «Կուլտուրա»-ն.... Վերջիններիս պատրաստած տեսանյութերը ևս նպաստում են հայկական կինոյի տարածմանը, ինչպես նաև Հայաստանի` իբրև կինոմշակույթ ունեցող երկրի պրոպագանդմանը:
2011-ին webtv.am ինտերնետ հեռուստատեսության հետ համատեղ մեկնարկեց «WEBԾԻՐԱՆ» առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը, որը բացառիկ հնարավորություն է ընձեռնում երիտասարդ հայ կինոգործիչներին իրենց ֆիլմերը ներկայացնելու և տարածելու համար:
Անիմացիոն արվեստին է նվիրված 2009 թ. մեկնարկած «Ռեանիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որին երեք տարիների ընթացքում մասնակցել է 114 երկրներից մոտ 900 ֆիլմ:
Գենդերային ինքնարտահայտման տեսանկյունից կարևորվում է 2008 թ. մեկնարկած «Կին» միջազգային կինոփառատոնը, որին հինգ տարիների ընթացքում մասնակցել է մոտ 250 ֆիլմ 63 երկրից:
Երիտասարդական ստեղծագործողներին օժանդակող միջոցառումների շարքից է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը:
Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնի (հիմնադրվել է 2011 թ.) հիմնական նպատակն է Հայաստանում սիրողական, ոչ կոմերցիոն և անկախ ֆիլմերի արտադրության վերականգնումը և զարգացումը, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Սփյուռքում ոչ կոմերցիոն կինոակումբների ստեղծման ու զարգացման խրախուսումը, որի միջոցով փորձ է արվում բացահայտել նոր անուններ կինոարտադրության ոլորտում և նրանց ուղղորդել միջազգային կինոասպարեզ:
2.1.5.2 2007-2012 թթ. իրականացված 22 միջազգային թատերական փառատոների շրջանակներում ներկայացվել է ժամանակակից համաշխարհային թատերարվեստը` «Հայֆեստ», «Արմմոնո», Մնջախաղի, Շեքսպիրյան փառատոն և UNIMA-ARMENIA տիկնիկային արվեստի միջազգային փառատոներում:
Առանձնահատուկ կարևորվել են մանկապատանեկան խմբերի և երիտասարդ շահառուների համար իրականացվող ծրագրերը` «Թումանյանական հեքիաթի օր» և Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոները, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը, «Հեքիաթին հյուր» ծրագիրը, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի, Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական մրցույթները և այլն: 2007 թ. Գյումրիում մեկնարկել է պատանեկան միջազգային «Վերածնունդ» փառատոնը: Նպատակային ծրագրերի իրականացման արդյունքում տասնյակ երեխաներ մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների:
2.1.5.3. Երաժշտարվեստի ոլորտում վերջին չորս տարիներին իրականացվել է շուրջ 243 համերգային ծրագիր` օտարերկրյա և հայաստանյան համերգային խմբերի, երաժիշտ-կատարողների, դիրիժորների համագործակցությամբ, որոնցում ներառվում է ժանրերի և ավանդույթների բազմազանություն` դասական, ժողովրդական, ազգագրական, ջազ, ֆյուժըն և ավանգարդ ուղղություններ և այլն:
Երաժշտարվեստի ոլորտում ժանրային և մասնակցային բազմազանություն են ապահովում նաև երաժշտության ոլորտում անցկացվող «XXI-ի հեռանկարներ», «Ազգային պատկերասրահ», «Երևանյան», «Վերադարձի» դասական երաժշտության փառատոները, որոնք վերջին չորս տարիներին հայ հանդիսատեսին առաջարկում են երաժշտական ժանրերի (դասական, ժողովրդական, ազգագրական, ջազ, ֆյուժըն և ավանգարդ) բազմազան տեսականի: Այդ ծրագրերին մասնակցել են աշխարհահռչակ այնպիսի անուններ, ինչպիսիք են Պլաչիդո Դոմինգոն, Վալերի Գերգիև, Քշիշտոֆ Պենդերեցկին, Վլադիմիր Սպիվակովը, Պավել Կոգանը, Գիյա Կանչելին, Եվգենի Կիսինը, Գիդոն Կրամերը, Ռոդիոն Շչեդրինը, Մաքսիմ Վենգերովը, Ջորջ Բենսոնը, Նինո Կատամաձեն, Դավիդ Գերինգասը, Դենիս Մացուևը, Շարլ Ազնավուրը, Ջո Քոքերը, Սերգեյ Խաչատրյանը, Միշել Լեգրանը, Իոսիֆ Կոբզոնը, Խուլիո Իգլեսիասը, Ալ Ջերոն, Սոֆյա Գուբայդուլինան, Էմիր Կուստուրիցան, Յուրի Բաշմետը և այլոք: 2003 թ. անցկացվում են Արամ Խաչատրյանի անվան, իսկ 2007 թ.` Գյումրու «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների ամենամյա միջազգային մրցույթները: Հանրապետությունում մրցույթների մասնակցած 235 երիտասարդ երգիչ-երգչուհիներից լավագույնները համալրել են ոչ միայն ազգային, այլև արտերկրյա առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը:
2.1.5.4. Գրականության ոլորտում իրականացվել են մի շարք միջազգային նախագծեր` ուղղված միջմշակութային երկխոսության զարգացմանը: Այսպես օրինակ, 2007 թ.-ից ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՄՀՀ) և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում անց է կացվում ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների համաժողովը, որին մասնակցում են հեղինակավոր 40-50 հրատարակչություններ: 2012 թ. «Տեսություն և կիրառում. անջրպետի հաղթահարում» խորագիրը կրող համաժողովը զգալի ընդլայնեց իր աշխարհագրությունը` ի թիվս 70 ԱՊՀ և բալթյան երկրների, ունեցավ նաև մասնակիցներ այլ աշխարհամասերից, ներառյալ Եվրոպան և Լատինական Ամերիկան: Համաժողովի շնորհիվ ստեղծվող համագործակցության արդյունքում յուրաքանչյուր տարի հայ հասարակությունը ծանոթանում է այլ երկրներում տպագրված գրքերի, դրանց հեղինակների, հրատարակիչների, թարգմանիչների հետ, իրականացված համատեղ թարգմանական-հրատարակչական նախագծերին, ոլորտում ներգրավված մասնագետների համար բացվում են նոր հեռանկարներ:
Հայ ժողովուրդը մշտապես մեծ հետաքրքրություն է դրսևորել այլ ժողովուրդների ստեղծած հոգևոր մշակութային արժեքների նկատմամբ և նվիրումով, հմտությամբ է իրագործել թարգմանական աշխատանքը: Դրա վկայությունը հնուց ի վեր մինչ օրս նշվող «Թարգմանչաց տոնն» է, որը վերածվում է գրքին և գրականությանը նվիրված համաժողովրդական մեծ տոնի: Թարգմանությունները հիմնականում կատարվում են բնագրից: Այլ լեզուներից հայերեն թարգմանվող ստեղծագործությունների քանակը գերակշռում է հայ հեղինակների ստեղծագործական թարգմանություններին այլ լեզուներով: Թարգմանչական գրականության ստեղծմանը պետական աջակցությանը զուգահեռ նպաստում են նաև օտարերկրյա դեսպանատները Հայաստանում: Հրատարակչական ոլորտում` 2007-2011 թթ. հայերենից այլ լեզուներ և այլ լեզուներից հայերեն թարգմանվել և հրատարակվել է 810 անուն գրականություն, այդ թվում` պետական աջակցությամբ` 219 անուն գրականություն:
2008 թ.-ից ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթը, որի նպատակն է հայկական տառարվեստի զարգացման խթանումը: Սակայն, նկատի ունենալով, որ աշխարհում տառարվեստին վերաբերող մրցույթներն ու ցուցահանդեսները հիմնականում ուղղված են լատինական տառատեսակներին, իսկ տառարվեստի խնդիրներն այսօր առավելապես առկա են ոչ լատինական բոլոր այբբենական համակարգերում, «Գրանշանի» կազմկոմիտեն որոշում ընդունեց ծրագիրը դարձնել ոչ լատինական տառատեսակների մրցույթ, դրանով իսկ նպաստելով ոչ լատինական այբբենական տառատեսակների համակարգերի զարգացմանը: Միևնույն ժամանակ, որոշում ընդունվեց «Գրանշանն» անցկացնել դիզայներների ու տպագրիչների միջազգային ասոցիացիայի (AtypI) ամենամյա համաժողովների շրջանակներում: «Գրանշանի» մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվում են տարբեր երկրների տառարվեստի ոլորտում մեծ հեղինակություն ունեցող անվանի տառաստեղծներ: Մրցանակները շնորհվում են միայն որակական առումով համաշխարհային չափանիշներին բավարարող աշխատանքներին: Մրցույթի արդյունքները լուսաբանվում են www.granshan.org էլ. կայքում: Տարեցտարի ընդլայնվում է «Գրանշանի» աշխարհագրությունը թե՛ մասնակիցների ու մասնակից երկրների, թե՛ մրցութային անվանակարգերի առումով: Ոչ լատինական տառատեսակների զարգացմանն ու ճանաչմանը նպաստում են նաև «Գրանշան» մրցույթների մրցանակակիր աշխատանքների կատալոգների հայերեն ու անգլերեն լեզուներով տպագրությունն ու միջազգային ցուցահանդեսների անցկացումը: Արդյունքում` «Գրանշանն» այսօր դարձել է ոչ լատինական տառատեսակներին վերաբերող ամենահեղինակավոր մրցույթն աշխարհում: 2012 թվականին տեղի ունեցավ նույնանուն միջազգային համաժողովը` նվիրված ոչ լատինական տառատեսակների խնդիրներին:
2009 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի իրականացվում է «Դարձ առ գիրք» խորագրով միջազգային փառատոնը` նպատակ ունենալով մեկ անգամ ևս արժևորել գիրքն ու ընթերցանությունը, մշակութային երկխոսությունների և բազմազանության միջոցով կամրջել տարբեր ազգերի արվեստն ու մշակույթը: Ծրագրով նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ և ակցիաներ` գրքի ցուցահանդես-վաճառք, սեմինար-քննարկումներ, դասախոսությունների շարք, կլոր սեղաններ հայ և օտարազգի գրողների մասնակցությամբ, գրքերի շնորհանդեսներ, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթների ընթերցանության շարք (ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ), բացօթյա ակցիաներ` գրաֆիտի, պատկերապատումի, արվեստի ֆիլմերի գիշերային ցուցադրում, հոգևոր երաժշտության համերգ, նկարչական մրցույթ-ցուցահանդես, թատերականացված շոու և այլն:
Հայաստանում վերջին շրջանում բացվել են մի շարք նոր գրախանութներ («Բյուրոկրատ», «Էդիտ պրինտ», «Զանգակ», «Նոր գիրք» և այլն), «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական կայքը (www.yerevan2012.org) և գրական կայքեր (www.twuinion.com, ceca12.icom-armenia.org/en, www.armbookexpo.am, www.granish.org, www.arteria.am, www.lyumos.com, www.hrantmatevossian.org, www.litark.am www.granish.org, www.twuinion.com, www.bookplatform.org, www.narcis-handes.am, www.inknagir.org, www.wua.am/serund, www.lit-bridge.com, www.gir.am, www.writers.am, www.varandbooks.blogspot.com, www.litopedia.org), ամսագրեր (այդ թվում` «Արտասահմանյան գրականություն») և գրականությանը նվիրված հեռուստատեսային հաղորդումներ (այդ թվում` «Իմ գրադարանը» հաղորդումը - www.armnews.am): Նշվածներից յուրաքանչյուրն իր չափով նպաստում է հայ և համաշխարհային գրականության հասանելիությանն ընթերցողին:
2.1.5.5 Կերպարվեստի ոլորտում աջակցություն է ցուցաբերվել միջազգային բիենալեներին և փառատոներին մշակութային գործիչների, հատկապես խրախուսվում է երիտասարդների մասնակցությունը: Նորարարական և երիտասարդական ծրագրերն ավանդական դառնալու լուրջ հեռանկար ունեն: Այսպես օրինակ` Գյումրու միջազգային բիենալեն, որը հիմնադրվեց 1998 թ., երկու տարին մեկ Գյումրիում է հավաքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետների և ընդգրկում է ժամանակակից արվեստի գրեթե բոլոր ուղղությունները` սկսած գեղանկարից մինչև վիդեոարտ` դրանով իսկ բացելով ուսումնասիրման նոր ասպարեզներ ու հնարավորություններ:
Այս գործում «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ն նույնպես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում. 2008 թ. կազմակերպվեց Ժամանակակից արվեստի միջազգային ֆորումը: 2009 թ.-ին` իրանական գեղանկարչության և կիրառական արվեստի ցուցահանդեսը: Հիմնադրվեցին Պատկերապատման և Կերպարվեստի միջազգային փառատոները:
Հայաստանում կազմակերպված տարբեր երկրների (Եգիպտոս, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա և այլն) մշակույթի օրերի շրջանակներում իրականացվել են նկարիչ-արվեստագետների` հատկապես երիտասարդ աշխատանքների ցուցահանդեսներ:
2.1.5.6. Պարարվեստի բնագավառում տեղ են գտել արտերկրից հրավիրված մասնագետների մասնակցությամբ բալետային և պարային ներկայացումները, այդ թվում` «Սպարտակ» բալետը, Հայաստանի ազգային բալետի և «Bad Boys of Dance» համույթի միասնական ելույթները Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
2.1.5.7. Հայաստանի և այլ պետությունների քաղաքական, տնտեսական, մշակութային ներգործության պայմաններում հայկական սփյուռքի և հայաստանյան հասարակության միջմշակութային հաղորդակցումը Հայաստանի առաջնային նպատակներից է, որն էլ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է: Հաշվի է առնվում նաև այն գործոնը, որ տարբեր երկրներում բնակվող հայերը հանդիսանում են և՛ հայ, և՛ տվյալ երկրի մշակույթը կրողները, և նրանց ներգրավվածությունը հայաստանյան մշակութային կյանքում մեծապես նպաստում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության ապահովմանը: Այս գործոնը պետությունը խրախուսում է և ակտիվ օգտագործում:
Այս առումով, կարևոր է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր», որը ևս մի կարևոր առիթ էր սփյուռքահայ և տեղաբնակ հայ կինոռեժիսորների աշխատանքները համատեղ ներկայացնելու և նրանց համախմբելու համար:
Վերջին տարիներին իրականացվում է «Իմ Հայաստան» փառատոնը` սփյուռքում գործող ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:
Կազմակերպվում են սփյուռքահայ մշակութային գործիչների և խմբերի հյուրախաղերը, ապահովվում է վերջիններիս մասնակցությունը Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող փառատոներին և այլ միջոցառումներին, իրականացվել է ավելի քան 20 անուն սփյուռքահայ գրողների գրքերի տպագրություն, կազմակերպվել են նկարիչների և լուսանկարիչների ցուցահանդեսներ, ասմունքի և երգի երեկոներ: Գրողների համահայկական ամենամյա համաժողովները օտար և հայ մշակույթները միաժամանակ կրող արտերկրների հայազգի և Հայաստանում ապրող հայ գրողներին հնարավորություն են տալիս քննարկելու հայ և օտարերկրյա գրականությունների առնչությունները, դրանք դիտարկել համաշխարհային գրական գործընթացների տեսանկյունից: Մինչ օրս այս ծրագրին մասնակցել է 347 մասնակից արտերկրից:
Հայաստանում կազմակերպվում են նաև համաշխարհային հռչակ ունեցող լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսների, որոնցից հիշատակման արժանի են Յուսուֆ Քարշի և Արա Գյուլլերի աշխատանքների ցուցահանդեսները: Ցուցահանդեսների կազմակերպմանը նպատակը համաշխարհային ճանաչում վայելող հայազգի արվեստի և մշակույթի գործիչներին ներկայացնելն է լայն հասարակությանը, որ մեծ արձագանք ստացավ վերջինիս կողմից:
2.1.6 Մշակույթի հասանելիության ապահովումը
Հայաստանում մշակութային պետական քաղաքականության գերակայություններից է մշակույթի հասանելիության ապահովումը, մասնավորապես.
2.1.6.1 Մշակույթի «ֆիզիկական» հասանելիության ապահովման նպատակով Հայաստանում պետական աջակցությամբ ստեղծվել է գիշերօթիկ դպրոցների և մանկատների երեխաների համար հատուկ ստեղծագործական կենտրոն, թույլ տեսողությամբ անձանց համար գրադարաններում տեղադրվել է տեղեկատվական հաղորդակցության` «ԱՐԵՎ» ծրագիրը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վրա տեղադրվել են բռալյան համակարգի տեղեկատվական վահանակներ, նորակառույց մշակույթի շենքերը անպայմանորեն ապահովվում են սահմանափակ շարժական կարողություններով անձանց մուտքի հնարավորությամբ: Մյուս կողմից, խնդիրը շարունակում է մնալ անլուծելի հին շենքերի համար, որի մասին իր 2013 թվականի զեկույցում նշել է նաև օմբուդսմենը:
2.1.6.2 Մշակույթի տեղեկատվական հասանելիության ապահովումը` բացարձակ թափանցիկության սկզբունքով և էլեկտրոնային միջոցների մշակման, փոխանցման և տարածման հիմքի վրա գործում է էլեկտրոնային կառավարությունը, որի բաղադրիչներից է ինտերակտիվ պետական բյուջեն: Դրա օգնությամբ օգտագործողը հնարավորություն ունի օնլայն ռեժիմով ստանալ տվյալներ` սկսած ծախսերի ընդհանուր գումարի և տվյալ պահի մնացորդից, մինչև համապատասխան ծրագրերով պետության կոնկրետ ծախսեր:
Ծրագիրը միացած է ՀՀ ֆինանսների նախարարությանն ու գանձապետարանին, ինչը թույլ է տալիս ներկայացնել տվյալ պահի իրավիճակը: Այստեղ նույնպես աշխատում է մտավոր սեփականության գրանցման էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգը` փնտրման համապատասխան հնարավորությամբ, ինչպես նաև որպես մշակույթի հասանելիության օրինակ` Ազգային պատկերասրահի ժամանակակից կայքը` թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալու հնարավորությամբ:
2.1.6.3 Մշակույթի աշխարհագրական հասանելիության ապահովումը` ապակենտրոնացման հաշվին, որպես մոբիլ/շարժական ծրագրերի կիրարկման արդյունք, մասնավորապես` «Թանգարան անիվների վրա», «ԿԻՆՈԱՇՈՒՆ» շարժական գրադարան, «Ընտանեկան գրադարանավար», «Ոսկե ծիրանն անիվների վրա» և այլն:
2.1.6.4. Լեզվական մատչելիության խրախուսումը և, որպես արդյունք, մշակութային բազմազանության ընկալման ապահովումը` լեզվաքաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է:
Օտար լեզուների դասավանդում: Հայաստանում երեխաների 65%-ը հաճախում է մանկապարտեզ: Հանրապետության բոլոր մանկապարտեզներում, ըստ ծնողների նախասիրության և ընտրության, գործում են օտար լեզուների (ռուսերենի, անգլերենի, ասորերենի, քրդերենի) խմբակներ` լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով:
Հանրակրթությունը լեզվակրթական քաղաքականության կարևորագույն օղակն է, և օտար լեզուների ուսուցումը հանդիսանում է ազգային ուսումնական պլանի անբաժան մաս. տարրական աստիճանում այն նախատեսում է մեկ, իսկ բազային ու միջնակարգ աստիճանում` երկու օտար լեզվի պարտադիր ուսուցում: Երրորդ օտար լեզուն միջնակարգ աստիճանում հնարավոր է դասավանդել կամընտրական առարկայի տեսքով:
Միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների համաձայն` այդ կրթական ծրագրով շրջանավարտը պետք է հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով:
ՀՀ բարձրագույն կրթության համակարգում գործող 6 պետական բուհերում դասավանդվում են 11 օտար լեզուներ, այդ թվում` ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, հունարեն, բուլղարերեն: ՈՒսուցումն իրականացվում է 27 ֆակուլտետներում: ՀՀ-ում գործող 23 ոչ պետական և մեկ միջպետական համաձայնագրով հիմնադրված բուհերում դասավանդվում են 4 օտար լեզուներ` ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն: ՈՒսուցումը իրականացվում է 33 ֆակուլտետներում:
Հայաստանում տարբեր ժողովուրդների լեզուների և մշակույթի կենտրոնների հիմնադրումը ևս մշակութային բազմազանության դրսևորում է Հաշվետու ժամանակահատվածում ԵՊԼՀ-ում` ի թիվս պարսկական, հինդի, կորեական լեզվի և մշակույթի կաբինետների, բացվեցին մի շարք կենտրոններ, որոնց հիմնական առաքելությունն այլ երկրների մշակույթների ներկայացումն է Հայաստանում. 2009 թ. բացվեց Կոնֆուցիուսի ինստիտուտը, 2010 թ.` Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը, 2012 թ.` հունարենի և հունական մշակույթի կենտրոնը և այլն:
2012 թ. Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում Ֆրանկոֆոն Համալսարանների ասոցիացիան (ՖՀԱ) Երևանում բացեց ՖՀԱ-ի պահանջներին համապատասխանող և ժամանակակից թվային տեխնիկայով, գիտական գրականությամբ, ուսումնամեթոդական նյութերով և դասագրքերով հագեցած Ակադեմիական նվաճումների կենտրոնը:
Նույն համալսարանում վերջերս բացվեց նաև Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը, որում գործում է նաև գրադարան և ժամանակակից գրականությամբ համալրված ընթերցասրահ:
2.1.7 Ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացման խթանումը
2011 թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում ազգային փոքրամասնությունները կազմում են երկրի բնակչության 2.2%-ը: Չնայած ոչ մեծ քանակությանը` Հայաստանի ազգային փոքրամասնությունները (եզդիներ, քրդեր, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, ասորիներ, հրեաներ, բելառուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և այլն) յուրահատուկ են իրենց մշակութային նկարագրով և վերջիններիս մշակույթը մաս է կազմում Հայաստանի մշակութային բազմազանության:
Ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են պետության պաշտպանության ներքո և ունեն հատուկ ճանաչում: Սահմանադրության 41-րդ հոդվածով ամրագրված է ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքը: «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը, ազգային լեզվով սեփական մշակույթի տարածումը:
2.1.7.1 «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված է, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
ՀՀ-ում գրանցված ազգային փոքրամասնությունների համայնքներին մատչելի է տարրական կրթությունը մայրենի լեզուներով. այն ուսումնական ծրագրի անբաժանելի մասն է, և այդ ուսուցումը կազմակերպվում է նույնիսկ աշակերտների անբավարար թվի դեպքում:
2.1.7.2 Վերջին տարիներին Հայաստանում բացվել են ազգային փոքրամասնությունների բազմաթիվ մշակութային կենտրոններ: Այսպես օրինակ` ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցում` հայ-ռուս-ասորական «Արբելա» գիտամշակութային կենտրոնը, որի նպատակն է դպրոցական տարիքից ազգային գիտակցության դաստիարակությունը, մայրենի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացության հիմքերի ապահովումը: Վերին Դվինի դպրոցում գործում է նաև «Արբելա» պարի խումբը:
Իրավական ակտերով դյուրացվել են (տեղական մամուլի հետ համեմատությամբ) ազգային փոքրամասնությունների մամուլին տրամադրվող պետական աջակցության չափորոշիչները: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների 13 անվանում թերթ և 2 անուն ամսագիր:
2007-2011 թթ. պետական աջակցությամբ ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվել է 10 միավոր գրականություն, ինչպես նաև տարբեր ազգերի ստեղծագործողների գրական ժառանգությունն ընդգրկող գրական ալմանախը:
Գործում են ազգային փոքրամասնությունների լեզուներով ռադիոհաղորդումներ և ռադիոծրագրեր (մասնավորապես` Հայկական հանրային ռադիոյում և հեռուստատեսությունում):
2008 թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում մանկապարտեզների ցանցի ընդլայնմանը:
ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը հայաստանյան մշակութային խճանկարում ամրագրված է 2007 թ.-ից իրականացվող ավանդական դարձած կիրառական արվեստի ցուցահանդեսով և 2010 թ.-ից` «Հայաստանն իմ տունն է» խորագիրը կրող երթով և երաժշտական փառատոնով:
2010 թ. Հայաստանում նկարահանվեց «Ասորիները Հայաստանում» ֆիլմը, որի անգլերենով տարբերակը ցուցադրվել է միջազգային կառույցներում:
Հաշվետու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման խնդիրներին: Մասնավորապես` պետական միջոցներով 2008 թվականին վերականգնվել է Եղեգիս համայնքի (ՀՀ Վայոց ձորի մարզ) 13-րդ դարի հրեական գերեզմանոցը:
2.2. Միջազգային համագործակցությունը և առաջնահերթությունները
2.2.1. Մշակույթի ոլորտի մասնագետների և ստեղծագործողների, շարժունակության խթանումը հանդիսանում է ՀՀ մշակութային քաղաքականության գործուն միջոցը` ուղղված միջազգային համագործակցության զարգացմանը: Շարժունակության ապահովման հնարավորություններ են ստեղծվում հայ արվեստագետների և մշակույթի գործիչների մասնակցության համար մասնավորապես` արտերկրում մշակութային միջոցառումներին, փառատոներին, հյուրախաղերին, համատեղ ստեղծագործական ծրագրերին, ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլն: Միայն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2007-2011 թթ. ընթացքում ՀՀ ստեղծագործողներն ու արվեստագետները մասնակցել են շուրջ 180 միջազգային ծրագրերի: Նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի Հայաստանից գործուղվել և Հայաստան են այցելել 2200-ից ավելի մշակույթի գործիչներ և երիտասարդ արվեստագետներ: Այսպես` թատերարվեստի ոլորտի 2007-2011 թթ. շուրջ 26 երիտասարդ ռեժիսորների ու բեմադրիչների (որից 17-ը` դեբյուտային), 153 սկսնակ դերասանի հնարավորություն է ընձեռվել հանդես գալու տարբեր բեմահարթակներում և թատերական ծրագրերում:
Պետական աջակցությամբ 82 երիտասարդ երաժիշտ-կատարողներ և շուրջ 8 երիտասարդական երաժշտական խմբեր մասնակցություն են ունեցել 57 միջազգային նախագծերի:
Շարժունակության ապահովումն իրականացվում է նաև երիտասարդ կադրերի` արտերկրում մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու կամ կատարելագործվելու, վարպետության դասերի մասնակցելու հնարավորությամբ: Նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ 2008 թ. 55, 2009 թ.` 59, 2010 թ.` 96, 2011 թ.` 41 շնորհալի երեխաներ և պատանիներ մասնակցել են միջազգային հեղինակավոր մրցույթների և վարպետության դասերի:
2.2.2. Մշակութային արտադրանքի և ծառայությունների տարածմանը մեծապես նպաստում է միջազգային կապերի ընդլայնումը: Երկկողմ համագործակցության բարենպաստ միջավայրը հնարավորություն է տալիս երկուստեք համակողմանի ներկայացնել Հայաստանի և արտերկրների մշակույթը: Հաշվետու ժամանակահատվածում ստորագրվել են 46 երկկողմ պայմանագրեր տարբեր երկրների հետ, որոնց շրջանակներում կազմակերպվել են շուրջ 60 ծրագրեր, այդ թվում` մշակույթի տարիներ, օրեր, կինոյի շաբաթներ, ցուցահանդեսներ, արվեստի անվանի գործիչների համերգներ, գրքերի շնորհանդեսներ, վարպետության դասընթացներ, թատերական ներկայացումներ, պոեզիայի երեկոներ և այլ մշակութային միջոցառումներ:
2.2.3. Հայաստանի Հանրապետության համագործակցության ընդլայնումը միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրոպական Միություն, Եվրոպայի Խորհուրդ, ՍԾՏՀ-ի կազմակերպություն, ԱՊՀ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն և այլն):
Իրականացվել են 50-ից ավելի համաֆինանսավորվող և համատեղ ծրագրեր, որոնք իրենց բովանդակությամբ և ուղղվածությամբ ընդգրկել են մշակույթի գրեթե բոլոր ուղղությունները` ապահովելով արվեստագետների ազատ տեղաշարժվելու իրավունքը և ուղղակիորեն համագործակցելու հնարավորությունը, Հայաստանի և աշխարհի ժողովուրդների մշակույթներին հաղորդակցվելու իրավունքը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում 2009, 2012 թթ. կազմակերպվել են «Մշակութային քաղաքականություն և քաղաքականություն մշակույթի համար» խորագրով ավանդական համաժողովները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Մայրենի լեզվի միջազգային, Պոեզիայի համաշխարհային, Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային, Ջազի միջազգային, Հանուն երկխոսության և զարգացման` մշակութային բազմազանության համաշխարհային, Գրականության միջազգային, Աուդիո-վիզուալ ժառանգության միջազգային օրերը լայնորեն նշվում են Հայաստանում և մեծապես նպաստում են միջմշակութային երկխոսության զարգացմանը:
Որպես գրական բազմազանությունն ապահովող լավագույն օրինակ կարող ենք նշել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Երևանը` 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» պատվավոր տիտղոսի շնորհումը: Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի ապրիլին, երբ Երևանում կազմակերպվեցին համաքաղաքային միջոցառումներ, հանրային ընթերցումներ, բացվեցին «ArmBookExpo» և «Գրի հավերժություն» ցուցահանդեսները, գրին և գրքին նվիրված արձաններ, որոնցից մեկը` «Աշխարհի մարդը» բաղկացած է աշխարհի բոլոր կենդանի այբուբենների մեկական տառերից և այլն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված գիրք-հոբելյարներին նվիրվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի` հերոս-գրքերի քանդակների ցուցահանդեսը: Կազմակերպված համաժողովները, սիմպոզիումները և ցուցահանդեսները նվիրված էին հեղինակային իրավունքին, թարգմանական գործին, խոսքի ազատությանը և ժամանակակից գրականության հիմնախնդիրներին, նոր տեխնոլոգիաների կիրառման հարցերին:
Հայաստան-Եվրամիություն մշակութային համագործակցության շրջանակներում 2009 թ. մեկնարկել է «Արևելյան գործընկերության» ծրագիրը, որի 2011-2014 թթ. միջոցառումների շարքում ներառված են «Caucult», «Directors across borders», «Caucadoc», «RCCHD Sharing History», «Sos Culture» ծրագրերը, որոնցում ակտիվ ներգրավված է Հայաստանը: 2009 թ.-ից Հայաստանը ներգրավված է նաև «European piano», «I Culture», «Artiste in Residence», «Europian» նախագծերում:
«Մարդկանց միջև շփումներ» պլատֆորմի շրջանակներում Հայաստանը 2011 թ.-ից յուրաքանչյուր տարի իրականացնում է «Գրական տապան» (եվրոպական գրողների այցը Հայաստան) ծրագիրը, որն արդեն դարձավ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ: 2011 թ. հոկտեմբերին մասնակիցներն էին 14 օտարերկրյա գրողներ 9 երկրներից և ավելի քան 20 հայաստանյան մասնակիցներ, ովքեր 12 օր շրջեցին Հայաստանում (հիմնականում Երևանում և հարավային մարզերում), 2012 թ. ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվեց. այն հյուրընկալեց 26 օտարերկրյա գրողների 17 երկրներից: Որպես ծրագրի արդյունք` հրատարակվեց մասնակիցների տպավորությունները ներկայացնող գրական ստեղծագործությունների երկլեզու ժողովածու (բնագրի լեզվով և հայերեն): Ծրագիրը հարստացավ հեղինակային ընթերցումներով, գրական քննարկումներով` «talk-show»-ի ձևաչափով, «գրական պատկերասրահ»-ով` նկարիչների մասնակցությամբ: Տեղի ունեցավ Գրական Տապան-2011 գրքի շնորհանդեսն ու համանուն ֆիլմի պրեմիերան, պատրաստվեց փառատոնի կայքը (www.litark.am):
Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում 2012 թ. մեկնարկեց նաև Գրքի հարթակ ծրագիրը, որին մասնակցեց նաև Հայաստանը: Ծրագիրն աջակցում է թարգմանությունների միջոցով տարածաշրջանային և միջազգային բաց մշակութային հաղորդակցություն կառուցելուն և նպաստում է մասնագիտական միջսահմանային շփումների աճին:
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրերին: 2007-2011 թթ. ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրների համար հաստատված դրամաշնորհային ծրագրերից 8-ը իրականացվել են Հայաստանի մասնակցությամբ, Եվրախորհրդի հետ համագործակցության շրջանակներում` Հայաստանը մասնակցում է «STAGE», «Compendium», «Կիևյան նախաձեռնություն» ծրագրերին: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որն ուժի մեջ մտավ 2009 թ.:
Հայաստանն առաջինն իրականացրեց «Սպիտակ գիրք. միջմշակութային երկխոսություն» գրքի հայերեն թարգմանությունը:
Կարևորելով տարբեր երկրների և անհատների կողմից ներկայացվող մշակութային ինքնարտահայտությունների բազմազանության համախմբումը մեկ ծրագրի շրջանակում «Ճամփորդող նոտաներ» ծրագրի շրջանակում մասնակցեցին 65 պատանի երաժիշտ-կատարողներ` Հայաստանից, ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և այլ երկրներից:
Հայաստանը մշտապես մասնակցում է Անկախ Պետությունների Համագործակցության հումանիտար և մշակութային նշանակալից իրադարձություններին. մասնավորապես` ԱՊՀ երկրների երիտասարդական Դելփյան խաղեր, ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովներ և այլն: 2010 թ. ԱՊՀ երկրների երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվեցին Հայաստանում` բաց ձևաչափով, ինչը հնարավորություն ընձեռեց, որպեսզի խաղերին մասնակից դառնան նաև բալթյան երկրների, Վրաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմեց շուրջ 650 մարդ:
ԱՊՀ և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /ՀՀՄՀ/ հետ համագործակցության լավագույն օրինակներից է ԱՊՀ երիտասարդական նվագախումբը, որը ստեղծվել է 2007 թ.: Նվագախումբը կազմված է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդ երաժիշտներից (այդ թվում` հայաստանցիներից), ովքեր հյուրախաղերով հանդես են եկել ոչ միայն ԱՊՀ երկրների, այլև եվրոպական լավագույն բեմահարթակներում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:
2009 թ.-ից Հայաստանը, իբրև ասոցիացված անդամ, իսկ 2012 թ. որպես լիիրավ անդամ, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ծրագրերին: Այսպես, 2009 թ. 25 հոգանոց ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ ամեն տարի կազմակերպվում են «Ֆրանկոֆոնիայի օրեր», որոնց շրջանակներում 2010-2011 թթ. Հայաստանում ելույթներով հանդես են եկել Գառուն, Լարա Ֆաբիանը, ներկայացվել է «Վարդագույն զինվորի պատմությունը» մյուզիքլը, ֆրանսիական շանսոնի գալա համերգ հայ աստղերի մասնակցությամբ: Ֆրանկոֆոնիայի շարժումը ներկայում ընդգրկում է նաև ՀՀ մարզերը` Շիրակը, Վայոց ձորը և Տավուշը:
ՍԾՏՀ կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում առանձնակի ակտիվություն է նկատվում 2007 թ.-ից, երբ կազմակերպվեց սևծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման թեմայով միջազգային գիտաժողով և կլոր սեղան, տեսաֆիլմերի ցուցադրություն, «Սևծովյան ավազանի երկրների մշակութային խճանկար» խորագրով ցուցահանդես և տարածաշրջանի երկրների մանկական ցուցահանդես` «Սև ծովին արևոտ երկինք» խորագրով: Ծրագրով մեկնարկ տրվեց «Սևծովյան տարածաշրջանի մշակութային նորություններ» խորագրով ամսագրի ստեղծմանը: 2009 թ. Հայաստանը մասնակցեց «Մետաքսի ճանապարհ», իսկ 2010 թ.-ից` «Wine Routes of Armenia» նախագծերին:
2.2.4. Ինստիտուցիոնալ և կառավարման ներուժի հզորացմանն են ուղղված հասարակական կառույցների (ICOM, ICOMOS, ICCROM, IFACCA, IFLA և այլն) միջազգային ցանցերի հետ համագործակցության ընդլայնումը: Այսպես օրինակ, հաշվետու ժամանակահատվածում թանգարանների միջազգային խորհրդի (ICOM)-ի կազմակերպմամբ Երևանի և Հայաստանի մարզերի թանգարանների աշխատողները և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները մասնակցել են եվրոպական առաջնակարգ թանգարանների մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասընթացներին` ծանոթացել միջազգային առաջադեմ փորձին:
Մշակույթի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն էին նվիրված 2011-2012 թվականներին Հայաստանում իրականացված մի շարք միջազգային ծրագրեր: 2012 թ. Երևանում անցկացված «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով ICOM-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի տարեկան 41-րդ գիտաժողովը` ՀՀ մշակույթի նախարարության և Բաց հասարակության ինստիտուտի (OSI) օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցեց 140 մարդ 35 երկրներից, որի նպատակը գրավոր հաղորդակցությանն առնչվող խնդիրների քննարկումն էր: Ներկայացվեց միջազգային առաջավոր թանգարանների (Լուվր, Բրիտանական և ամերիկյան Սմիթսոնյան եվրոպական և այլ թանգարաններ) փորձը:
2012 թ. «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կոնսորցիումի» (EIFL) համագործակցությամբ իրականացվեց «Գուտենբերգից մինչև ինտերնետ. Անավարտ պատմություն գրադարանների համար» միջազգային համաժողովը, որը նպատակ ուներ սերտացնել էլեկտրոնային գրադարանների միջև համագործակցությունը: Գիտաժողովին մասնակցել է աշխարհի 43 երկրից ժամանած 71 մասնակից, ինչպես նաև Հայաստանի գրադարանների ներկայացուցիչներ: Եռօրյա գիտաժողովի ընթացքում մասնակիցները, մասնավորապես, ծանոթացել են 15 հրատարակչությունների, որոնք մասնագիտացած են բացառապես էլեկտրոնային ձևաչափով բարձրարժեք գիտական բովանդակության պատրաստման ուղղությամբ:
2012 թ. Հայաստանում կազմակերպվեց «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» համաժողովը` Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիայի (IAML) հետ համագործակցությամբ:
2.3. Կայուն զարգացման քաղաքականություններին մշակույթի ինտեգրման խթանումը: Մշակույթի` որպես կայուն զարգացման ներուժի գնահատման և արժևորման համար հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում զգալի քայլեր են կատարվել: ՈՒսումնասիրվել է մշակույթի դերը տնտեսական կայունության, ազգային ինքնության պահպանման, քաղաքացիական հասարակության և երկրում սոցիալական կապիտալի ձևավորման, խաղաղության, մշակութային բազմազանության պահպանության գործում: 2008 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Կայուն զարգացման ծրագիրը», որը ներառում է տնտեսությանը, քաղաքաշինությանը, առողջապահությանը, բնապահպանությանը, մշակույթին և այլ ոլորտներին վերաբերող դրույթներ և ուղղված է հարկային քաղաքականության և վարչարարության, երկրի ինստիտուցիոնալ արդիականացման և ենթակառուցվածքների զարգացմանը: Հասարակության լայն շերտերի և մասնագետների ակտիվ մասնակցությամբ մշակվեց մշակույթի զարգացման 2008-2013 թթ. ռազմավարությունը: «2012-2015 թթ. ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» մշակույթի ոլորտը ևս պետության կայուն զարգացման նախապայմաններից մեկն է: 2012 թ.-ից պետության տնտեսական ցուցանիշների կառուցվածքում մշակույթի ոլորտի տնտեսական ցուցանիշների դրական աճի տեմպերը իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության զարգացման վրա: 2012 թ.-ին մշակույթի ոլորտի պետական կազմակերպությունները ապահովել են իրենց եկամուտների մոտ 11.2 տոկոսի աճ:
Մշակութային քաղաքականության իրականացման հաջողությունն առաջին հերթին կախված է պետական բյուջեի ձևավորման սկզբունքից (Հավելված 1): Որպես պիլոտային նախագիծ` արդեն մի քանի տարի է մշակույթի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է ծրագրային բյուջետավորման հիմունքներով, որոնց գերակա ուղղությունները բխում են ՀՀ գործող օրենքներից, ՀՀ կառավարության որոշումներից, ինչպես նաև կայուն զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների համակարգից: Այդ քաղաքականությունների «ձևակերպում - պլանավորում - բյուջետավորում» ամբողջական շղթան իրագործվում է պետական ծախսերի եռամյա միջնաժամկետ ծրագրերի միջոցով, որոնց մշակման, ֆինանսավորման, կազմակերպման, մոնիտորինգի փուլերում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` ՀՀ մշակույթի նախարարության ոլորտային մասնագիտական 12 խորհուրդների կազմում:
Մշակույթի ոլորտում տնտեսական աճի ներուժին ուղղված եկամուտները բնակչությանը մատուցվող մշակութային ծառայությունների եկամուտներն են, որոնք հիմնականում գոյանում են թատերական ներկայացումների, համերգների, հանդիսատեսի ու ցուցահանդեսների այցելուների տոմսերի վաճառքից, դահլիճների, տարածքների վարձակալությունից, նկարների պահատվությունից, մատենագիտական և ինդեքսավորման ծառայություններից, գրքերի, թերթերի իրացումից և այլն:
Նախարարության համակարգում գործող կազմակերպությունները վերլուծում են իրենց կատարողականները, կազմում մշակութային ծառայությունների մատուցումից գոյացող եկամուտների կանխատեսումները և հաստատում ամսական հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:
Յուրաքանչյուր մշակութային ծրագրի համար մշակվում են ոչ ֆինանսական ցուցիչներ (ինդիկատորներ), որոնց միջոցով չափելի է դառնում ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը, այդ թվում` քանակը կամ թվաքանակը` ըստ ոլորտների`
Թատերարվեստի ոլորտ` թատերական ներկայացումների իրականացում, հանդիսատեսի սպասարկում նոր թատերական բեմադրությունների ստեղծում
Երաժշտարվեստի ոլորտ` համերգների իրականացում, հանդիսատեսի սպասարկում, նոր համերգային ծրագրերի ստեղծում
Թանգարանային ոլորտ` թանգարանային առարկաների, հավաքածուների և հուշարձանների պահպանում, հանրահռչակում, թանգարանային այցելուների սպասարկում
Գրադարանային ոլորտ` գրադարանային հավաքածուների պահպանում, համալրում, սպասարկվող գրքերի քանակը /ներառյալ էլեկտրոնային սպասարկումները/, գրադարանից օգտվողների գրադարանային-տեղեկատվական ու մատենագիտական սպասարկում
Կինոարվեստի ոլորտ` խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրություն, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների պահպանում
Գրահրատարակչական ոլորտ` գրական ժառանգության պահպանում, տարածում և զարգացում` գրքի տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների շնորհանդեսների, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպում և մասնակցություն:
Մշակութային քաղաքականության գերակայություններին համապատասխան` հաշվետու ժամանակահատվածում ՀՀ մշակույթի նախարարության բյուջեի դինամիկան ունի հետևյալ պատկերը`
Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչներից է մշակութային արդյունաբերությունը, որն ընդգրկում է մշակութային արտադրանքների ստեղծումն ու տարածումը` մշակութային ծառայությունների մատուցման ձևով: Մշակութային կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացումն ու ծավալների ավելացումը` ծառայությունների հանրայնացման բոլոր, ներառյալ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, նպաստում են տնտեսական աճին: Օրինակ` հաշվետու ժամանակահատվածում տարեկան կտրվածքով հրատարակվել է 2000-2200 անվանում գիրք` միջինը` 500-700 տպաքանակով, այդ թվում` «Գրականության հրատարակում» ծրագրով` 1474 անուն գիրք: Պետության աջակցությամբ հրատարակվող գրականության ցանկերը կազմվում են բաց մրցույթի միջոցով` ոլորտի գիտական հիմնարկությունների և ստեղծագործական միությունների լավագույն մասնագետներից կազմված խորհրդի կողմից: Գրքի, գիտելիքի և ընթերցանության հանդեպ հետաքրքրության մեծացման նպատակով պետական ֆինանսավորմամբ հրատարակվող գրականությունը, մասնավորապես` մանկական գրականությունը, միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի որոշմամբ վաճառվում է իր ինքնարժեքից ցածր: ՀՀ կառավարության կողմից 2009 թ. հաստատված «Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը» էապես նպաստեց գրքի ընթերցանությանը, հանրահռչակմանը և տարածմանը: Այդ կարգի համաձայն, կենտրոնական և մարզային, ինչպես նաև համայնքային գրադարանները անվճար համալրվում են պետական ֆինանսավորմամբ հրատարակվող գրականությամբ:
2009 թ. Հանրային ռադիոյի հետ համատեղ մեկնարկեց «Ոսկե ֆոնդում» պահպանվող ձայնագրությունների թվայնացման ծրագիրը, որի շրջանակներում իրականացվեց շուրջ 65 CD ու DVD թվայնացում և տպագրում, «Sony» (Ավստրիա) ընկերության հետ համատեղ 2011 թվականին թողարկվեց հայ երաժշտարվեստի լավագույն նմուշների անթոլոգիան` բաղկացած 10 CD-ներից:
Նախաձեռնվեց նաև հայկական հին ֆիլմերի թվայնացման գործընթացը, ինչի արդյունքում նախատեսվում է թվայնացնել 460 ֆիլմ: Իրականացված աշխատանքների արդյունքում արդեն իսկ թվայնացվել է կինոարվեստի լավագույն օրինակներ համարվող Հայֆիլմ կինոստուդիայի 350 ֆիլմ:
Մշակութային ծառայությունների ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի, շտեմարանների, կայքերի և վիրտուալ ցուցադրությունների ներդրման և գործարկման արդյունքում ստեղծվել են վիրտուալ թանգարաններ, նոր մշտական ցուցադրությունում օգտագործվել են սենսորային էկրաններ և այլ նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներ, ստեղծվել են ինտերակտիվ խաղեր և վիրտուալ ցուցադրություններ:
ՀՀ-ում վարվող պետական քաղաքականության արդյունքում զբոսաշրջության բնագավառում պետություն-մասնավոր հատված-սփյուռք համագործակցությունը վերջին տարիներին արձանագրել է թե քանակական, և թե որակական աճ: Այդ մասին են վկայում վերջին տարիներին կատարված շարունակական այն գործընթացները, որոնք միտված են զբոսաշրջության ոլորտի օրենսդրական, հարկային, ենթակառուցվածքային զարգացումներին:
Մշակութային բազմազանության հանրահռչակմանն միտված պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հաջողված օրինակ կարելի է համարել Նորարարական փորձարարական արվեստի (ՆՓԱԿ) և «Գաֆեսջյան» արվեստի կենտրոնները, որոնք նպաստում են փորձարարական արվեստի ստեղծմանը և ներկայացմանը, հանդիսանում են ժամանակակից արվեստագետների ստեղծագործական դրսևորման հարթակ:
ՆՓԱԿ-ը կազմակերպում է միջազգային` տարբեր ուղղվածության ցուցահանդեսներ, որոնք նվիրված են ժամանակակից արվեստի նորարարական դրսևորումներին:
«Գաֆեսջյան» արվեստի կենտրոնում գործում է նաև Գաֆէսճեան թանգարանը, որտեղ ցուցադրվում է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մասնավոր հավաքածուն, մասնավորապես` բյուրեղյա ջահերի ցուցադրությունը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ արտասահմանյան դիզայներների և արվեստագետների գործեր:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանի ներգնա զբոսաշրջությունը բնութագրվում է զբոսաշրջային այցելությունների քանակի կայուն տարեկան աճով, որը կազմել է 24.3%:
Ստեղծագործական աշխատանքը խրախուսելու, ինչպես նաև ազգային մակարդակով ստեղծագործողների աշխատանքները հասարակությանը և օտարերկրյա հյուրերին ներկայացնելու նպատակով` Երևանում գործում է «Վերնիսաժ»` ստեղծագործական արտադրանքի ազատ շուկան, որը համարվում է զբոսաշրջային ու մշակութային գոտի և հանդիսանում է եկամտի աղբյուր շատերի համար: Այս տարածքն արտոնյալ պայմաններով տրամադրվում է գեղարվեստական աշխատանքների, հուշանվերների և այլ ինքնարտահայտման ձևերի բազմազանություն ստեղծողներին` խթանելով փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Զբոսաշրջությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, որն իր մեջ ներառում է մշակութային արժեքների փոխադարձ արժևորման բաղադրիչը, հատկապես մշակութային զբոսաշրջության պարագայում: Սոցիալական տեսանկյունից զբոսաշրջությունը տարբեր եղանակներով նպաստում է համայնքների զարգացմանը: 2008-2011 թթ. իրականացվել են «Մշակույթի և զբոսաշրջության ուղիները Հայաստանում զարգացման և երկխոսության համար» ծրագրի երկու փուլերը` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Հայաստանի մշակութային նյութական և ոչ նյութական արժեքների վերաբերյալ տեղեկույթի տարածմանը, համայնքների բնակիչների տեղեկացվածության և զբոսաշրջության զարգացման գործընթացներին ակտիվ մասնակցության ապահովմանը:
Հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԶՀԿ-ի 2011 թ. սեպտեմբերի 21-ի «Մշակույթների հաղորդակցման գործընթացում զբոսաշրջության դերի մեծացման մասին» առաջարկությունները` ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը»:
Գործընթացի նպատակն է հասարակության մեջ էթնոէկոլոգիական մշակույթի ձևավորումը, որն իրենից ներկայացնում է որոշակի բնապատմական միջավայրեր էկոլոգիայի և ավանդական, ժողովրդական մշակույթի յուրօրինակ միաձուլում, որում կարևորվում են բնակավայրերի մշակութային առանձնահատկությունները, համայնքների և խմբերի հնարավորինս լայն մասնակցությունը մշակութային բազմազանության պահպանության, կենսունակության ակտիվացման գործին, ինչպես նաև դրանց հասարակության լայն խավերի հաղորդակցման մատչելիությունը:
2008 թ.-ից «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» տարեկան ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ամենամյա փառատոներ և տոնակատարություններ, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների և նպաստում միջազգային շուկայում Հայաստանի ինտեգրմանը:
ՀՀ պատմամշակութային ժառանգությունը հանրությանը լիարժեք մատուցելու նպատակով ՀՀ 2005 թ. պետական բյուջեից միջոցներ են հատկացվում պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանների ամրակայման, վերականգնման և բարեկարգման նպատակով: Միևնույն ժամանակ, մշակութային զբոսաշրջության ընտրված ուղի է Հայկական լեռնաշխարհում պատմականորեն ձևավորված հարավային առանցքի կամ միջանցքի ուղղությունը: Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով երկրում զբոսաշրջության զարգացումը, ընդունել է հարավային ուղղության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր:
«Տաթևի վերածնունդ» ծրագրով նախատեսվում է նոր զբոսաշրջային ապրանքների և ենթակառուցվածքների մշակում, ինչը Տաթևի տարածքին հնարավորություն կընձեռի հանդես գալ որպես հարավային Հայաստանի զբոսաշրջության կենտրոն: Տաթևը շրջապատող գյուղերում կմշակվեն նոր ապրանքներ` էկոտուրիզմի և «խոհարարական զբոսաշրջության» ուղղությամբ: Արդեն իսկ կառուցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին զբոսաշրջիկներին հասցնում Տաթևի վանք` ճանապարհին բացելով բնության հիասքանչ տեսարաններ: Հալիձոր գյուղում` ճոպանուղու կայանի մոտակայքում, կառուցվելու է հյուրանոցային համալիր:
2008-2011 թվականներին «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ է եղել իրականացնել Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների հինգ լեզուներով 658 տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքները, վեց այլ լեզուներով «զբոսավար» 750 թերթիկների տարածումը, մայրուղիներին և դեպի հուշարձաններ տանող ճանապարհներին 704 ուղեցույց նշանի, 1650 ուղեցույցի, 89 ցուցանակների տեղադրումը` Հայաստանի 2247 տեսարժան վայրերում, 8 բնության արահետում և 2 թանգարանում: Ստեղծվել է 1 էլեկտրոնային կայք: Ծրագրի «Կանաչապատ հուշարձաններ» արշավի շրջանակներում հուշարձանների տարածքում տնկվել են ավելի քան 400 ծառ և բույսեր: Պատրաստվել են բրայլյան այբուբենով վահանակներ թույլ տեսողությամբ այցելուների համար:
2.4. Վտանգված մշակութային արտահայտությունների պաշտպանության ապահովումը
Համաշխարհային գլոբալիզացիոն գործընթացների բացասական անդրադարձներն առավել ակնհայտ են ավանդական մշակութային արտահայտությունների պարագայում: Արդիականացման գործընթացներն ավելի են արագացնում ավանդական և ազգային շատ արժեքներ կիրառությունից դուրս մղելու գործընթացը, շատ երևույթներ բնականորեն փոխարինվում են նոր, ավելի դինամիկ դրսևորումներով: Այդ գործընթացների արդյունքում` հատկապես առավել խոցելի իրավիճակում են հայտնվում ժողովրդական արհեստագործության և ժողովրդական նվագարանագործության բնագավառները, որոնց կենսունակության ակտիվության բարձրացման, ոլորտներում ներգրավված ստեղծագործողներին խրախուսման ուղղությամբ ՀՀ-ն ձեռնարկել է մի շարք համալիր ծրագրեր:
Ներկայում հանրապետությունում գործում են թվով 25 արհեստագործական ուսումնական հաստատություններ, որտեղ 2011-2013 թթ. ընթացքում ըստ մասնագիտությունների անվճար ուսուցում է ստանում շուրջ 5600 մարդ:
Արհեստագործական դրսևորումների բազմազանության խրախուսման նպատակով` միջոցառումներ են ձեռնարկում հասարակական կազմակերպություններն ու մասնավոր կառույցները: Այսպես, 2007 թ. ՄԱԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության` «Գլոբալ Կոմպակտ Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևան և Գյումրի քաղաքներում բացվեցին «Հաշմանդամների արվեստի և արհեստագործության» կենտրոններ, որտեղ հաշմանդամները ստանում են հմտություններ խեցեգործության, նկարչության, ասեղնագործության, փայտի և քարի փորագրության մեջ: Կենտրոնում ստեղծված առարկաներն իրացվում են նաև Հայաստանի հուշանվերների մանրածախ խանութներում և տարբեր բարեգործական միջոցառումներում, ինչը թույլ է տալիս եկամտի նոր աղբյուրներ ստեղծել հաշմանդամների համար: Յուրաքանչյուր տարի ավելանում են կենտրոնում սովորողների թվաքանակն ու արհեստագործական խմբակների թիվը:
2008-2012 թթ. կազմակերպվել են թվով ոչ ֆորմալ 21 կրթական ծրագրեր ավանդական մշակութային արտահայտությունների ժառանգական փոխանցման համար, մասնավորապես` Երևանում, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում` գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, թաղիքագործության դասընթացներ, որոնց մասնակցեցին 7-40 տարեկան շուրջ 83 անձինք:
2009-2012 թթ. իրականացվել է ժողովրդական նվագարանների պատրաստման հմտությունների և կիրառման ավանդական ձևերի ուսուցման ոչ ֆորմալ կրթական ծրագիր:
Մշակութային արտահայտությունների կենսունակությունը պաշտպանելու կարևոր նախապայման է մշակութային կրթական ծրագրերի առկայությունն ու հասանելիությունը: 2007 թ.-ից հաջողությամբ իրականացվում է «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային լարային և փողային նվագարանների գծով ուսուցում ծրագիրը», որի ցանկով հաստատված 27 նվագարաններից դպրոցներում այժմ դասավանդվում է 26 նվագարան:
3. Հանրային իրազեկման աստիճանի բարձրացման և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը:
Հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացման, պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով Հայաստանում ստեղծվել են օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր, որոնցով ապահովվում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը գործընթացներին:
Կոնվենցիայով սահմանված խնդիրների լուծման, հանրային իրազեկման աստիճանի բարձրացման համար մշակույթի ոլորտում որդեգրված է թափանցիկության և պարբերական հաշվետվությունների ներկայացման քաղաքականությունը (իրավական և ինստիտուցիոնալ), ինչը հնարավորություն է տալիս թե՛ պետության, և թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում պահել կոնվենցիայի կիրարկման սկզբունքները և այդ գործընթացներում առաջացած խնդիրները: Այս քաղաքականությունը նպաստում է նաև հասարակության իրազեկվածության բարձրացմանը և այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանմանը:
Հայաստանում տեղեկություններ ստանալու իրավունքը հռչակված է որպես սահմանադրական իրավունք: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում դրա տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները: Յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն կարող է դիմել ՀՀ ցանկացած պետական մարմին և 5 օրվա ընթացքում ստանալ գրավոր տեղեկույթ կամ պատասխան իրեն հետաքրքրող հարցի վերաբերյալ:
Պետական մարմինների նկատմամբ մարդկանց վստահությունը բարձրացնելու և դրանց հաշվետվողականությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախաձեռնել էր միջոցառումներ, որոնք ուղղված են պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ապահովմանը: 2008 թ. պետական կառավարման մարմիններում հաջողությամբ ներդրվեց Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը: Այսօր այն հաջողությամբ կիրառվում է 35 պետական մարմիններում: Արդյունքում ապահովված է արդյունավետ և վերահսկելի աշխատանք, միաժամանակ նվազեցվել են վարչական ծախսերը: 2010 թ. ՀՀ կառավարությունում և պետական մարմիններում ներդրվել է առցանց համակարգը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հետևելու պետական մարմիններին իրենց կողմից ուղարկված գրությունների ընթացքին: Առցանց համակարգում բաց և հասանելի են կառավարության, վարչապետի, պետական կառավարման մարմինների ղեկավարների որոշումները: Ավելին, յուրաքանչյուր ոք կարող է նախապես ծանոթանալ բոլոր այն հարցերին և նախագծերին, որոնք կառավարությունը պատրաստվում է քննարկել առաջիկա նիստի ընթացքում:
Տեղեկույթի տրամադրման և գործունեության թափանցիկության ապահովման համար կարևոր դերակատարություն ունեն պաշտոնական վեբ կայքերը: Բոլոր պետական գերատեսչությունները, այդ թվում նաև` ՀՀ մշակույթի նախարարությունը, ապահովված են գործող վեբ կայքերով, որոնք յուրաքանչյուր օր ներկայացնում են տեղեկատվություն իրականացված, ինչպես նաև սպասվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին: Առավել կարևորների մասին տեղեկատվությունը տարածվում է պրես-կոնֆերանսների և համապատասխան մամլո հաղորդագրությունների միջոցով (www.e-gov.am; www.mincult.am): Նման կայքերով ապահովված են նաև Հայաստանի հիմնական մշակութային հաստատությունները (օրինակ` Հայաստանի ազգային պատկերասրահը www.nga.am): Միաժամանակ, հանրապետական գործադիր մարմինների կառուցվածքում գործում են տեղեկատվության և հասարակության հետ կապերի ստորաբաժանումներ, որոնք ապահովում են նախարարությունների գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը, կապը ԶԼՄ-ների հետ, հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի տրամադրումը և այլն: Այսպես օրինակ` 2012 թվականին միայն կազմակերպություններից ՀՀ մշակույթի նախարարությունը ստացել է 151 էլեկտրոնային հարցում: Հաճախակի դիմողների շարքում են «Հետաքննող լրագրողներ» Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «ՀՀ փաստաբանների պալատ» ՀԿ-ները, ինչպես նաև «Հետք», «168 ժամ», «Իրավունք», «Երկիր» թերթերը և այլն:
ՀՀ պետական մարմիններում 2010 թվականից սահմանված է նաև պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը, որով նախատեսվում է բարձրացված հարցերի հաշվառումը, քաղաքացիներին հետաքրքրող խնդիրների, առաջարկությունների, դիմումների, բողոքների համալիր ուսումնասիրությունը, ինչպես նաև տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ապահովումը:
Յուրաքանչյուր տարվա գործունեության ձեռքբերումներն ամփոփելու, բացթողումները վերլուծելու և հետագա քայլերը նախանշելու նպատակով պետական մարմիններում կազմակերպվում են հաշվետվությունների լսումներ և քննարկումներ, որոնց արդյունքները նույնպես տեղադրվում են պաշտոնական վեբ կայքերում: ՀՀ կառավարության գործունեության արդյունքների տարեկան հաշվետվության լսումները կազմակերպվում են ՀՀ Ազգային ժողովում:
ՀՀ մշակույթի նախարարությունը իր գործունեության հանրահռչակման և մշակութային արտահայտությունների բազմազանության պահպանությանն ուղղած` իրականացրած միջոցառումների և քայլերի վերաբերյալ տեղեկատվական դաշտն ընդլայնելու նպատակով օգտագործում է նաև սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները և ներուժը: Օրինակ` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործում են տեղեկատվություն տրամադրող մի քանի էջեր: Տարբեր մշակութային միջոցառումների մասին SMS տեղեկությունների տարածման վերաբերյալ գործում են պայմանավորվածություններ բջջային կապի օպերատորների հետ: Բազմազան մշակութային դրսևորումների մասին տեղեկություններ են պարունակվում նաև սոցիալական գովազդներում: Ընդհանրապես, հայկական համացանցային տիրույթում գործում են 20-ից ավելի կայքեր, որոնք տրամադրում են մշակութային բնույթի բազմազան տեղեկություններ և որոնցում տրվում են բաց հայտարարություններ տարաբնույթ ծրագրերի և դրանց մասնակցելու վերաբերյալ:
Պետության կողմից նախաձեռնված «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նպատակն է ունի բարձրացնել հանրության համակարգչային գրագիտության մակարդակը, խթանել ինտերնետի տարածմանը` բարձրացնելով էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը և, հիմք ստեղծելով, նպաստել Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորմանը և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ակտիվացել է համագործակցությունը ոլորտի ՀԿ-ների հետ (Հավելված 2): 2007-2011 թթ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից աջակցություն է ցուցաբերվել շուրջ 120 հասարակական կազմակերպությունների նախաձեռնած ծրագրերին, որոնք գործում են թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության բոլոր ժանրերի, պարարվեստի, կերպարվեստի, մշակութային ժառանգության պահպանության և այլ բնագավառներում:
4. Կոնվենցիայի կիրարկման արդյունքում գրանցած ձեռքբերումները և մարտահրավերները
Ձեռքբերումներ
4.1. Հայաստանի մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները ամրագրված են նշված ծրագրում որպես գերակայություններ և համահունչ են սույն կոնվենցիայի դրույթներին ու նպաստում են հիմնական խնդիրների լուծմանը.
4.1.1. Ծրագրային բյուջետավորման որդեգրած քաղաքականության արդյունքում մշակույթի ոլորտի ֆինանսավորումը պետությունն իրականացրել է նախորդ տարիների նկատմամբ աճի միտումով (բյուջետային հատկացումներին տալով տոկոսային աճ)` բոլոր ուղղություններում որպես մշակութային ինքնարտահայտման պարտադիր պայման ներառելով մշակութային բազմազանության ապահովման տարրը:
4.1.2. Գալիք սերունդների գեղագիտական դաստիարակության, նրանց գեղարվեստական ճաշակի ձևավորման, մշակույթի «ընկալման» գործում կարևոր դերակատարություն է վերապահվել մշակութային բազմազանության վերաբերյալ գիտելիքները կրթության համակարգում ներառմանը, որի զարգացման նպատակով մշակվել են մի շարք հիմնարար փաստաթղթեր և նպատակային ծրագրեր: Արդյունքում ապահովվել է բոլոր տարիքային և սոցիալական խմբերի ներգրավվածությունը կրթական համակարգում, ինչը որակական փոփոխություն է մտցրել վերջիններիս կյանքում:
4.1.3. Նպատակային լեզվաքաղաքականության արդյունքում լեզվական բազմազանության ոլորտում ինտեգրված մոտեցումն ապահովվել է օտար լեզուների դասավանդումը կրթական բոլոր մակարդակներում` նախակրթարանից մինչև ԲՈՒՀ և ոչ ֆորմալ կրթություն: Ստեղծվել են արտերկրների լեզուների մշակութային կենտրոններ, որոնցում մշակվում և կիրառության մեջ են դրվում մարդկանց ներգրավվելու նոր ձևաչափեր:
4.1.4. Ապահովված է ազգային փոքրամասնությունների մշակութային արտահայտման հնարավորությունը` հուշարձանների և ազգային ավանդույթների պահպանության, փոքրամասնություններից 4-ի լեզուներով (ռուսերեն, ասորերեն, եզդիերեն, քրդերեն) ռադիոհաղորդումների հեռարձակման և ազգային պարբերականների հրատարակման միջոցով:
4.1.5. Հայաստանում իրականացվող նպատակային ծրագրերի միջոցով ապահովվել է միջմշակութային երկխոսությունը` հայաստանյան հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին ու պատմությանը, ավանդույթներին, ժամանակակից արվեստի տարբեր դրսևորումներին և միևնույն ժամանակ` փոխադարձաբար ներկայացնելու սեփական հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Այս տարիների ընթացքում թարգմանչական գործը հանդիսացել է այլ մշակույթներին հաղորդակցվելու լավագույն արտահայտչամիջոց:
4.1.6. Հայ և այլալեզու հանդիսատեսը ծանոթացել է համաշխարհային դրամատուրգիայի գլուխգործոցներին և նոր ուղղություններին, կինոյի ասպարեզում` վերջին տարիներին ստեղծված և մեծ ճանաչում վայելող ֆիլմերին: Հայկական կինոն ակտիվորեն ներկայացվել է համաշխարհային կինոփառատոներում: Հայաստանում և արտերկրներում կայացել են փոխադարձ կինո ու թատերական շաբաթներ և այլն:
4.1.7. Մեծացել է հայաստանյան ծրագրերում օտարազգի մասնակիցների ներգրավվածության մակարդակը, և որպես արդյունք, ընդլայնվել է մշակութային բազմազանության ներթափանցումը հայկական ժամանակակից արվեստ:
4.1.8. Ապահովվել է հայկական սփյուռքի տվյալ երկրի մշակույթը կրող անհատների ներգրավումը մշակութային բազմազանության ապահովման գործընթացին:
4.1.9.Ապահովվել է Հայաստանի մշակութային գործիչների և արվեստագետների մասնակցությունը տարբեր երկրներում կազմակերպված միջազգային միջոցառումներին և հակառակը, նոր հիմքեր և հնարավորություններ են ստեղծվել ստեղծագործողների միջև ուղիղ կապերի հաստատման համար:
4.1.10. Միջազգային պայմանագրերի, գործնական ծրագրերի և հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատման շնորհիվ ընդլայնվել է համագործակցության աշխարհագրությունը, ավելացել փոխադարձության հիմունքներով իրականացվող ծրագրերի քանակը, փոփոխության ենթարկվել և նորացվել է ծրագրերի ձևաչափը:
4.1.11. Հաշվետու ժամանակահատվածում միջազգային ծրագրերին ներգրավվածության միջոցով Հայաստանն անդամակցել է մի շարք միջազգային կառույցների և ցանցերի (Մանկական և երիտասարդական թատրոնի համաշխարհային ասոցիացիա (ASSITEJ), Համաեվրոպական թատերական ցանց (IETM), Երաժշտական գրադարանների ասոցիացիա, Արվեստի խորհուրդների և մշակութային գործակալությունների միջազգային ֆեդերացիա (IFACCA), Եվրոպա Նոստրա (Europa Nostra), Ազգագրական և ժողովրդական արվեստի փառատոների կազմակերպությունների միջազգային խորհուրդ /C.I.O.F.F./, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Եվրասիայի գրադարանային ասոցիացիա (BAE), Պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման ազգային կենտրոնին (ISSN), Գրքի միջազգային ստանդարտ համարակալման ազգային գործակալությանը (ISBN), Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի` Եվրոպա Կոնտատի (ECA), Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայ (EAVO) և այլն) է, ինչը թույլ է տալիս ինտեգրված մոտեցում ցուցաբերել մշակութային քաղաքականության իրականացման առանձին ոլորտների նկատմամբ:
4.2. Մարտահրավերներ
Մշակութային բազմազանության ապահովման ռազմավարության արդի և ապագա մարտահրավերներն արդեն իսկ արծարծվել են քաղաքակրթությունների էթնոմշակութային տարանջատման տեսության համատեքստում: 21-րդ դարի հիմնական բախումների հիմքում լինելու են ոչ այնքան տնտեսական և գաղափարական, որքան մշակութային ու ազգային տարբերությունները: Մոտ ապագայում միջազգայնացման ու համաշխարհայնացման ընթացքը, որ մերձեցնելու է ազգերն ու պետությունները, մշակույթներն ու քաղաքակրթությունները, ի հայտ է բերելու բախումների ու միջազգային լարումների նոր դրդապատճառներ: Այդուհանդերձ, անդրադառնալով մշակութային բազմազանության կոնվենցիայի իրականացման արդի վիճակին` կարող ենք ամրագրել հետևյալ խնդիրներն ու մարտահրավերները.
4.2.1. Համաշխարհային աշխարհաքաղաքականացման գործընթացների հետևանքով տեղի է ունենում տարբեր մշակույթների ինքնարտահայտման ձևերի աղավաղում, ընդհուպ մինչև ուծացում: Սա որպես մարտահրավեր կարող է վտանգել մշակութային բազմազանությունը:
4.2.2. Զանգվածային մշակույթի էքսպանսիան վտանգում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությունը և վարկաբեկում մշակութային բազմազանության գաղափարը:
4.2.3 Մշակութային հաստատությունների և ենթակառուցվածքների կենտրոնացումը Երևանում բացասաբար է անդրադառնում ՀՀ մարզերի բնակչության համար մշակութային ինքնարտահայտման միջոցների բազմազանության հասանելիության ապահովմանը:
4.2.4. Որևէ օտար լեզվի` որպես մշակույթի տարածման միջոցի գերակայությունը վտանգում է մշակութային բազմազանությունը միջմշակութային փոխառնչություններում:
4.2.5. Բնակչության մեջ օտար լեզուների իմացության ոչ բավարար մակարդակը խոչընդոտում է հասարակության մեջ մշակութային բազմազանության հաստատմանը և անհատի կողմից վերջինիս ընկալմանը:
4.2.6. Կոնվենցիայի մասին հանրային իրազեկվածության ոչ բավարար մակարդակը` թե ազգային, թե միջազգային մակարդակով, պատճառ է դառնում կոնվենցիայի հոդվածների տարաբնույթ և հաճախ իրարամերժ մեկնաբանությունների:
4.2.7. Մշակույթի ոլորտի բազմազանությունն ապահովող քաղաքականությունների, ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ ոչ բավարար սոցիալական գովազդումը չի ապահովում հասարակության լիարժեք մասնակցությունը և մշակութային արտադրանքների ու ծառայությունների սպառումը:
4.2.8. Հեռուստատեսության մեջ բավարար չեն ներկայացված մշակութային ինքնարտահայտմանն ձևերի բազմազանությունը ներկայացնող ծրագրերը:
4.2.9. Չկան հատուկ գիտելիքներ և փորձ մշակութային բազմազանության մասին տվյալների հավաքագրման ու վիճակագրության վարչական ռեգիստրի վարման համար, ինչպես նաև առաջատար փորձի վերաբերյալ տեղեկույթ:
4.2.10. Մշակութային բազմազանության կոնվենցիան պետք է նպաստի ավանդական մշակույթների կենսունակության և ընկալունակության ապահովմանը, այլ մշակույթների ճանաչմանն ու հանրահռչակմանը, որի արդյունքում կնվազեն ազգայնական տրամադրություններին նպաստող գործոնները և այլ մշակութային ազդակների ընկալումը կասեցնող հոգեբանական խոչընդոտները: Պետք է գիտակցել նաև, որ մշակութային քաղաքականությունն ուղղված չէ զուտ գեղարվեստական իրականության կարգավորմանը: Մշակութային բազմազանության ապահովումն այս առումով կարող է ընդլայնել մշակութային քաղաքականության գործառույթների շրջանակները` ընդգրկելով ազգային կյանքի տարբեր ոլորտներ (սոցիալական, առողջապահական, կրթական և այլն):