ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
25 հունվարի 2013 թվականի N 3
i
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված հոդվածով սահմանված «տեղեկատվական միջոցները» ներառո՞ւմ են դեղերի անվանմամբ տեղեկատվական թերթիկների, գրիչների, բրոշյուրների, նոթատետրերի, տոպրակների, նշումների թղթերի և այլ նման իրերի պատրաստումը և տարածումը անորոշ անձանց շրջանում (մասնավորապես բուժաշխատողների և հանրային ծառայողների շրջանում):
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գովազդի համար կիրառվող տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների ցանկը սպառիչ սահմանված չէ և բոլոր այն տեղեկատվական միջոցները, որոնց պատրաստումը և տարածումը անորոշ թվով անձանց շրջանում կոչված է հետաքրքրություն ձևավորելու և պահպանելու կոնկրետ ապրանքի նկատմամբ, դիտարկվում են որպես գովազդի համար կիրառվող միջոցներ: Ըստ այդմ, տվյալ դեղի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու կամ պահպանելու նպատակով դեղերի անվանմամբ տեղեկատվական թերթիկների, գրիչների, բրոշյուրների, նոթատետրերի, տոպրակների, նշումների թղթերի և այլ նման իրերի պատրաստումը և տարածումը անորոշ թվով անձանց շրջանում (ներառյալ բուժաշխատողները, հանրային ծառայողները) համարվում է գովազդ և այդ գովազդի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները և սահմանափակումները: