ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
24 հուլիսի 2012 թվականի թիվ 7
i
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԻՆ
Ապահովագրական շուկայի հետ առնչվող սուբյեկտների կողմից բարձրացվել է խնդիր, որը վերաբերում է այն դեպքին, երբ ԱՊՊԱ պայմանագրի համաձայն կամ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից հատուցված գումարի (այսուհետ` ԱՊՊԱ հատուցում) չափը փոքր է պատճառված վնասից (այսուհետ` նաև Ընդհանուր վնաս): Հարցադրումը վերաբերում է ԱՊՊԱ հատուցում ստանալուց հետո պատճառված վնասի չհատուցված մասով (այսուհետ նաև` Վնասի մնացած մաս) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված դասով ապահովագրության կամավոր պայմանագրով կամ տուժողի` իր կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասների ապահովագրության պայմանագրով (այսուհետ` Այլ պայմանագիր) հատուցում ստանալու դեպքում դրանով սահմանված չհատուցվող գումարի (այսուհետ նաև` Ֆրանշիզա) կիրառման կարգին: Մասնավորապես, արդյոք Ֆրանշիզան պետք է կիրառվի Այլ պայմանագրով ապահովագրական ընկերության կողմից վճարման ենթակա գումարի և ԱՊՊԱ հատուցման գումարի տարբերության նկատմամբ, թե Այլ պայմանագրի հիման վրա վճարման ենթակա գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու ԱՊՊԱ հատուցումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը (այսուհետ նաև` Խորհուրդ) բարձրացված խնդրի տեսանկյունից անհրաժեշտ է համարում վկայակոչել հետևյալ դրույթները.
. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապահովագրական հատուցումն առաջին հերթին կատարվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կամ Օրենքով նախատեսված դեպքերում Բյուրոյի կողմից` անկախ ապահովագրական պատահարում վնաս պատճառած անձի` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված դասով ապահովագրության կամավոր պայմանագիր ունենալու կամ տուժողի` իր կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասների ապահովագրության պայմանագիր ունենալու հանգամանքից:
. Քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե`
- ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
- առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:
ՈՒսումնասիրելով վկայակոչված դրույթները` Խորհուրդը գտնում է, որ.
. Քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից երևում է, որ Այլ պայմանագրի հիման վրա հատուցում իրականացնելու համար ապահովագրական ընկերությունը պետք է նախ որոշի (այդ թվում` Ֆրանշիզա կիրառելով) Այլ պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը, և հետո միայն օրենքով կամ պայմանագրով հատուցումը նվազեցնելու հիմքեր նախատեսված լինելու դեպքում` նվազեցնի այն:
. Ավելին` օրենսգրքի 1003.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ձևակերպումից հստակ երևում է, որ ապահովագրական ընկերությունը պետք է նախ որոշի ապահովագրության պայմանագրի համաձայն (այդ թվում` Ֆրանշիզայի կիրառմամբ) իր կողմից վճարվելիք ապահովագրական հատուցման չափը, հետո նոր միայն վնաս պատճառողի կողմից ապահովադրին հատուցում տրված լինելու դեպքում, տրված հատուցման չափով նվազեցնի իր կողմից վճարվելիք ապահովագրական հատուցումը: Ընդ որում, Խորհուրդը գտնում է, որ այս դրույթն օրենսդիրը սահմանել է շահառուի անհիմն հարստացումը բացառելու նկատառումներով: Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ Օրենսգրքի 1003.1 հոդվածում կիրառված տրամաբանությունը լիովին կիրառելի է նաև խնդրո առարկա դեպքի նկատմամբ, և Այլ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը այդպես պետք է իրականացնի իր կողմից վճարվելիք ապահովագրական հատուցման նվազեցումը ԱՊՊԱ հատուցման այն չափով, որքանով ԱՊՊԱ և Այլ պայմանագրով հատուցումների հանրագումարը կգերազանցի Ընդհանուր վնասը:
Օրինակ` ենթադրենք տուժողին պատճառված վնասը գնահատվել է 100 միավոր: Վերջինս 60 միավորի չափով ստացել է ԱՊՊԱ հատուցում: Վնասի մնացած մասով հատուցում ստանալու նպատակով դիմել է իր հետ Այլ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը, որի համաձայն ապահովագրական գումարը կազմում է 150 միավոր, Ֆրանշիզան` 50 միավոր: Այս դեպքում Այլ պայմանագրով հատուցվում է վնասի մնացած 40 միավորն ամբողջությամբ (անկախ Ֆրանշիզայի տեսակից):
Մեկ այլ օրինակ` երբ Այլ պայմանագրով սահմանված ապահովագրական գումարը փոքր է Ընդհանուր վնասից, իսկ Ֆրանշիզան մեծ է ԱՊՊԱ հատուցումից: Ենթադրենք, տուժողին պատճառված վնասը գնահատվել է 200 միավոր: Վերջինս 70 միավորի չափով ստացել է ԱՊՊԱ հատուցում: Այլ պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 180 միավոր, Ֆրանշիզան` 80 միավոր: Այս դեպքում Այլ պայմանագրով հատուցումը ոչ պայմանական Ֆրանշիզայի դեպքում կկազմի 100 միավոր, իսկ պայմանականի դեպքում` 130 միավոր:
Մեկ այլ օրինակ` կապված Այլ պայմանագրով համամասնության սկզբունքի կիրառման հետ. մեքենայի արժեքը գնահատվել է 700 միավոր: Այլ պայմանագրով մեքենան ապահովագրվել է արժեքի 50 տոկոսի չափով, իսկ Ֆրանշիզան սահմանվել է 100 միավորի չափով: Տուժողին պատճառված վնասը գնահատվել է 600 միավոր: Վերջինս 120 միավորի չափով ստացել է ԱՊՊԱ հատուցում: Այս դեպքում Այլ պայմանագրով հատուցում իրականացնող կազմակերպությունը ոչ պայմանական Ֆրանշիզայի դեպքում հատուցում է 200 միավոր, պայմանականի դեպքում` 300 միավոր:
Իսկ այն դեպքում, երբ վերը նշված բոլոր պայմանները նույնն են, իսկ ԱՊՊԱ հատուցումը կազմել է 520 միավոր, ապա Այլ պայմանագրով հատուցումը ինչպես ոչ պայմանական, այնպես էլ պայմանական Ֆրանշիզայի դեպքում կկազմի 80 միավոր:
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով և միաժամանակ նկատի ունենալով ապահովագրական շուկայում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ պաշտոնապես պարզաբանում է.
Այլ պայմանագրով Ֆրանշիզա նախատեսված լինելու դեպքում այն պետք է կիրառվի Այլ պայմանագրի հիման վրա վճարման ենթակա գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու ԱՊՊԱ հատուցումը: