Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

31 մայիսի 2012 թվականի N 21

 

i

9. ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ՆՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 973-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով`

1. Հավանություն տալ Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

i

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և առաջարկել Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարին` երեք տարի երեք ամսվա ընթացքում Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծում համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 39-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում:

(2-րդ կետը փոփ. 10.07.13 թիվ 27, 23.01.14 թիվ 3, 23.10.14 թիվ 44 արձանագրային որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մայիսի 31-ի նիստի

N 21 արձանագրային որոշման

 

ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ՆՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գորիս քաղաքը հիմնադրված է Զանգեզուրում, Երևանից 250 կմ հարավ-արևելք: Ժամանակակից Գորիսը հանդիսանում է Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի ենթատարածքի կենտրոնը: Քաղաքը զբաղեցնում է 500 հա տարածք և ունի 18000 բնակչություն:

2. Գորիսի բազմադարյան պատմության ընթացքում բնակավայրում ստեղծվել են նյութական մշակույթի մեծարժեք հուշարձաններ, որոնք Զանգեզուրի անկրկնելի բնության հետ մեկտեղ գեղարվեստականորեն արժեքավորում են Գորիսը, զգացնել տալիս նրա անցած պատմական ուղին և պայմանավորում նրա ինքնատիպ պատմական դեմքը:

3. Անզուգական բնությունը, արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը, որոնցից հատկապես արժեքավոր են բազմաթիվ բնական և արհեստական բնակելի քարայրները և բնակել տները, և քաղաքի ինքնատիպ ճարտարապետական դեմքը բավարար հիմք են հանդիսանում քաղաքում պատմամշակութային ֆունկցիայի զարգացմանը, որն իր հերթին կնպաստի նաև տեղական ու օտարերկրյա զբոսաշրջության զարգացմանը:

4. Գորիսում են ծնվել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, գուսան Աշոտը (Աշոտ Հայրապետի Դադալյան), գեներալ-մայոր Համո Յոլյանը, բժիշկ, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Ռ. Հ. Յոլյանը և ուրիշներ:

5. Վերջին տասնամյակներին, Գորիսի վերակառուցումների ընթացքում լուծելով քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, աչքաթող են արվել նրանում պատմամշակութային ֆունկցիայի զարգացման պոտենցիալ հնարավորությունները: Այդ պատճառով այսօր քանդված և ոչնչացված են բազմաթիվ արժեքավոր բնական և արհեստական կացարաններ, առևտրական նշանակության կառույցներ և մեծարժեք ժողովրդական տներ, իսկ գոյություն ունեցող հուշարձանների մի զգալի մասն այսօր անուշադրության են մատնված և իրենց պոտենցիալ հնարավորություններով չեն օգտագործվում: Թաքնված են մնում նրանց էսթետիկական, ճանաչողական, պատմական ու ճարտարապետական արժանիքները:

6. 20-րդ դ. 70-ական թվականներից սկսած բնակավայրում արդյունաբերության զարգացումը և գոյություն ունեցող կառուցապատման անմասշտաբ ու ճարտարապետական ցածր որակի կառույցների իրականացումը հանգեցրին նրան, որ Գորիսը աստիճանաբար ձեռք բերեց իր էությանը ոչ հարազատ ժողովրդատնտեսական պրոֆիլ և սկսեց կորցնել ուրույն ճարտարապետական դեմքը:

7. Գորիս քաղաքի պատմամշակութային պոտենցիալի ոչ լրիվ օգտագործման և կապակցությամբ, ղեկավարվելով «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 10-ի N 973-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով, ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ վերջինիս «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մշակվեց «Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգը»:

8. Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը նպատակ ունի բացահայտելու և քաղաքի մշակութային համակարգ ըստ արժանվույն ներկայացնելու դարերի ընթացքում ստեղծված նյութական մշակույթի արժեքավոր հուշարձանները, նախանշելու վերջին տարիներին ինքնատիպությունը աստիճանաբար կորցնող քաղաքի բնականոն զարգացման ընթացքը, քաղաքում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Այս նպատակով Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման համար հիմնական խնդիրներ են հանդիսացել`

1) պատմաքաղաքաշինական վերլուծության միջոցով ուսումնասիրել քաղաքի զարգացման ընթացքում նրա տարածական ու կերպարային փոփոխությունները և նշել բնորոշ փուլերում ձեռք բերած քաղաքաշինական արժեքավոր որակները և պարզաբանել որակազրկման պատճառները:

2) բացահայտել պատմաճարտարապետական տեսակետից արժեք ներկայացնող բոլոր շինությունները և նշել նրանց ժամանակակից կարիքների համար օգտագործման հնարավորությունները:

3) դասակարգել քաղաքաշինական կազմավորումները և քաղաքային տարածքի առանձին հատվածները ըստ պատմական կերպարի պահպանվածության և զբաղեցրած դիրքի կարևորության, գնահատել նրանց ըստ ճարտարապետագեղարվեստական արժեքայնության:

4) սահմանել քաղաքի հուշարձանների պահպանական գոտիների համակարգը և նրանցում նախատեսվող քաղաքաշինական միջոցառումների ռեժիմը:

5) մշակել քաղաքի պատմական տարածքի և նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգը:

9. Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմման համար ելակետային փաստաթղթեր են հանդիսացել «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 10-ի N 973-Ն որոշումը, 1982 թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության` Նախագծային գրասենյակի կողմից մշակված «Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորում, Գորիս պատմամշակութային արգելոցի նախագիծը», Հայնախագիծ ԲԲԸ-ի կողմից մշակված «Գորիս քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը», ՀՀ Ազգային արխիվի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, ՀՀ մշակույթի նախարարության և այլ արխիվային նյութերը, բազմաթիվ պատմական աղբյուրները և մատենագրական նյութերը, բնակավայրի պատմությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերվող բազմաթիվ աշխատությունները ու մենագրությունները ինչպես նաև պատմական քաղաքների հետազոտման, ուսումնասիրման, պահպանման և վերականգնման վերաբերվող ժամանակակից գիտամեթոդական աշխատությունները:

 

II. ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՄԲ

 

Գորիսը մինչև 19-րդ դարի առաջին կեսը

 

10. Գորիս քաղաքը գտնվում է պատմական Հայաստանի Սյունիքի նահանգի Հաբանդ գավառում, Վարարակն գետի ձախ ափին, Ձագեձորի հովտում: Ձագեձորը բնակեցված է եղել վաղագույն ժամանակներից: Ավանդության համաձայն Ձագեձոր, կամ Զանգեզուր անունը իր անվամբ է կոչել Սյունաց Ձագիկ նահապետը:

11. Գորիս տեղանունը վկայված է դեռևս սեպագիր մի արձանագրության մեջ: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի սեպագրում Ռուսա Ա (Ք. ա. 735-713 թթ.) թագավորը նշում է, որ հնազանդեցրել է 23 ցեղամիությունների առաջնորդների` հիշատակելով վերջիններիս թագավոր ձևով: Լճի արևելակողմի երկրների թվում հիշատակված է Գուրիա երկիրը: Հ. Կարագյոզյանը ենթադրում է, որ Գուրիան նույն Գորիսն է և որ վերջինս առնվազն 2740-ամյա հիշատակությամբ բնակավայր է, որի շուրջ տարածվել է հնագույն Գուրիա երկիրը: Գորիս տեղանունը որոշ ուսումնասիրողներ կապում են նաև Տաթևի վանքի հարկացուցակում Ստեփանոս Օրբելյանի (13 դ.) հիշատակած Գորու և Գորայք գյուղերի անունների հետ, ոմանք էլ Կյուփեր վայրի հետ, որը գտնվում է քաղաքից 2 կմ ամ: Բանասիրական գիտությունների դոկտոր Ա. Ս. Մարգարյանը ենթադրում է, որ Գորիս տեղանունը Ստ. Օրբելյանի հիշատակած Գորայքի Գորայս հայցականի հնչյունափոխական արտահայտությունն է և եզրակացնում, որ Գորայք տեղանունը, որը ածանցավոր (գորայ +ք) բառ է, եղել է մի ամբողջ տոհմի` գորաների, անվանումը: ՈՒշ շրջանում տարբեր հեղինակներ բնակավայրը հիշատակել են բազմաթիվ աղավաղված ձևերով` Գերյուսի, Գերուս, Գերուսի, Գյուրիսի, Գորայք, Գորես, Գորու, Գորուս, Զանգեզոր, Զանգեզուր, Զանգիզուր, Զանգյազոր, Կյորես, Կյուրիս, Կյուրյուս, Կյուրու, Կյուրուս, Կորես, Կորիս, Կորու, Կորուս, Կուրիս:

12. Գորիսի երկրագիտական թանգարանում ցուցադրվող հնագույն գտածոները թվագրվում են Ք. ա. 3-րդ հազարամյակով: Ենթադրվում է, սակայն, որ շրջանի տարածքը բնակեցված է եղել առավել վաղագույն ժամանակաշրջանից` հին քարի դարից (պալեոլիթ): Գորիսն իր շրջակայքով ընդգրկված է եղել նաև ուրարտական թագավորության սահմաններում, որի ապացույցը վերոհիշյալ սեպագիր արձանագրությունն է:

13. Միջնադարում Գորիսը կարևոր հանգույց էր Նախիջևանից Զանգեզուրով դեպի Արցախ և Մերձկասպյան տափաստաններ տանող բանուկ ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր Նախիջևանի աղը: 1625 թ. բնակավայրը Գորէս ձևով վկայակոչված է ձեռագիր հիշատակարանում (ձեռագրի հեղինակ` Բարսեղ երեց, պատվիրատու` Ռստակես, ծաղկող` Հովհաննես աբեղա). «Գրեցաւ սայ ի յերկիրս Ձագեձորու, ի գեաւղս որ կոչի Գորէս, ընդ հովանեալ Ս. Գրիգորիս և Ս. Աստվածածնիս և Ս. Յակոբիս և Ս. Մարտիրոսիս, զի սոքա են մեզ բարեխօս, ի թվիս ՌՀԴ»:

14. Գորիսեցիք եղել են ըմբոստ և ազատասեր: Հայտնի է, որ Գորիսի տեր Մելիք Լալան 17-րդ դարում չի ենթարկվել Շահ Աբասի հրամանին և թույլ չի տվել, որ իր ժողովրդին գաղթեցնեն Պարսկաստան:

1750-ական թթ. Գորիսը դարձել է մելիքանիստ: Առաջին մելիքը` Օհանն էր, որն իր տիտղոսը ստացել էր Փանահ խանից` Ղարաբաղի Մելիք-Շահնազարի միջնորդությամբ: Գորիսի նշանավոր մելիքներից էին նաև մելիք Սեյին, մելիք Հարությունը (Թունի) և այլոք:

19 դ. սկզբին Զանգեզուրի ներկայիս տարածքը, այդ թվում նաև Գորիսը կազմել են Ղարաբաղի խանության մի մասը:

1805 թ. մայիսին, ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքված Քյուրակչայի պայմանագրով Զանգեզուրն անցել է Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսը դարձել է Ռուսական կայսրության ռազմակայան:

1813 թ. Գյուլիստանի պայմանագրով այդ իրողությունը ստացել է նոր վավերացում:

1822 թ. Ղարաբաղի խանության փոխարեն ստեղծվել է Ղարաբաղի պրովինցիա: Զանգեզուրը` մելիքական բաժանումով, մտել է պրովինցիայի կազմի մեջ:

1823 թ. Գորիսն ունեցել է 119 ծուխ:

1826 թ. հուլիսին, երբ սկսվել է ռուս-պարսկական պատերազմը, Գորիսում տեղակայվել է ռուսական բանակի 42-րդ եգերական գնդի երեք վաշտ:

1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով նոր վավերացում է ստացել Զանգեզուրը (Գորիսը) Ռուսական կայսրության բաղկացուցիչ մաս լինելու իրողությունը:

1840 թ. ապրիլի 10-ին Ղարաբաղի պրովինցիան վերածվել է Շուշու գավառի` Կասպիական մարզի կազմում: Զանգեզուրի բոլոր մելիքությունները մտել են Շուշու գավառի մեջ` որպես առանձին գավառամաս: Գորիսը դարձել է նորաստեղծ գավառամասի կենտրոնը:

1849 թ. Զանգեզուրի գավառամասը` Գորիս կենտրոնով, մտել է Երևանի նահանգի մեջ:

1867 թ. դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի կայսեր հրամանագրով ստեղծվել է Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգը (կենտրոնը` Ելիզավետպոլ): 1868 թ. փետրվարի 25-ին նահանգի կազմում ձևավորվել է Զանգեզուրի գավառը, որի կենտրոն հայտարարվել է Գորիսը:

19-րդ դարի կեսերին, ըստ Ջալալյանի, Գորիսն ունեցել է 150 տուն (մոտ 1500 բնակիչ): Այն հարավից հյուսիս զբաղեցրել է Լաստի գագաթից մինչև Շոռին ձոր ընկած տարածքը, արևմուտքից սահմանափակվել է Վարական գետով, իսկ դեպի արևելք հասել է մինչև Լաչին քերծը: Գորիսի զբաղեցրած տարածքն իրենից ներկայացրել է ձորերից ու բլուրներից կազմված ահռելի չափերի (մոտ 1 կմ տրամագծով) մի բնական ամֆիթատրոն, որի գրեթե կենտրոնական մասում բարձրացել է Ձագեձորի միջնաբերդը:

15. Բնակավայրի ամբողջ տարածքում եղել են բազմաթիվ կոնաձև քերծեր և գետնափոր քրատակեր: Նրանց մի մասը ծառայել է որպես բնական, իսկ մյուսները արհեստական, մարդու կողմից փորված բնակարաններ են: Նշված տեղանքում Գորիսի զարգացման հիմնական նախադրյալներն են եղել` բնականից պաշտպանված դիրքը` ամրացված Ձագեձորի միջնաբերդով, բարձրադիր աղբյուրները և գյուղի ստորոտում հոսող Վարական գետը (որոնցով, փաստորեն, լուծվում էր բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման և ջրաղացները աշխատեցնելու հարցերը), արևահայաց լանջերը, բնական ժայռափոր բնակարանների առատությունը, հեշտ փորվող ժայռերը և առևտրական ճանապարհների հետ փոխկապվածությունը:

16. Գորիսեցիները հիմնականում զբաղվել են մետաքսագործությամբ, գորգագործությամբ, կաշեգործությամբ, քարագործությամբ, պղնձագործությամբ, արծաթագործությամբ, բրուտագործությամբ և օճառագործությամբ: Ըստ Աբրահամ Կրետացու Գորիսից մեծ քանակի մետաքս են արտահանել: Գորիս գյուղի արևմտյան եզրով` Վարարակն գետին զուգահեռ, անցնում էր առևտրական ճանապարհը, որը ճյուղավորվում էր Գորիսը հարավ-արևելքից շրջանցող, Նախիջևան-Ագուլիս-Պարտավ, հայտնի «ԱՂԻ» առևտրական ճանապարհից: Գորիսից 3 կմ հարավ գտնվող «Որբևայրի» կոչվող կամրջից Գորիս գնացող ճանապարհը ճյուղավորվելով անցել է Վարարական գետի աջ ափը: Մոտենալով գյուղի հարավային ծայրին այն Մեծ կամ Ներքին կամրջով նորից անցել է Վարարակնի ձախ ափը և շարունակել դեպի Երիշեն: Գորիսը զբաղեցնող տարածքի սահմաններում առևտրական գլխավոր ճանապարհներից սկիզբ են առել երկրորդական ճանապարհները, որոնք տանում էին դեպի Լաստի, Տռոզին, Զոփչուն, Դոլունց, Գյունեի, Ղուզի, Ըմբովի, Միջին, Ղաթրին ու Շոռի թաղերը: Գյունեի և Ըմբովի թաղերի միջև` նրանց ստորոտին, գլխավոր ճանապարհի վրա գտնվել է շուկան, իսկ Մեծ կամ Ներքին կամրջի մոտ, գյուղի հարավային ծայրին` իջևանատունը: Բացի վերը նշված կամրջից գյուղի սահմաններում, Վարարակն գետի վրա կար ևս երեք կամուրջ` Միրաքենց տների մոտ գտնվող կամուրջը, Սալա և Տախտակներ կամուրջները: Գետի աջ և ձախ ափերին կային մոտ 10 ջրաղացներ: Հայտնի էին Միրումենց, Միրաքենց ու Տռուզին թաղի ներքևի ձիթհանները և Թանգուն, Արխաջի ձորի ու Ղաթրինի ձորի բրուտանոցները:

17. Մինչև 18-րդ դարը Գորիսում որպես բնակելի տներ ծառայում էին քերծերն ու ժայռի մեջ փորված քրատակերը: 18-րդ դարից հետո քերծերի ու քրատակերի առջև սկսվում է քարե պատերով, կամարակապ նախամուտքերով, փայտյա ծածկերով մեկ-երկու հարկանի բնակարանների կառուցումը: Նախկին բնակելի մասերը` քերծերը և քարատակերը նորակառույց բնակարաններում սկսվում են օգտագործվել որպես տնտեսական մասեր: Բնակելի տներն իրենց տարածական կառուցվածքով սերտորեն կապվում էին ու ներդաշնակում շրջապատի անկրկնելի բնությունը: Ամբողջ բնակավայրի տարածական կառուցվածքը կրկնել է բնական տեղանքի տարածական ձևերը: Գյունեի և Միջին թաղերից վեր գտնվող բլուրները ընդգծված էին Սբ. Հռիփսիմե եկեղեցու և Մելիքների մատուռի ոչ մեծ ծավալներով: Սբ. Հռիփսիմեի եկեղեցուն կից կառուցված էր Մելիք-Հուսեյինյանների ապարանքը, որը իշխող դիրք ուներ բնակավայրում:

Այսպիսով Գորիսն ունեցել է բնական, անկանոն տարածահատակագծային կառուցվածք` հենված առևտրական գլխավոր և նրանից ճյուղավորված դեպի առանձին թաղամասերը տանող երկրորդական ճանապարհների վրա:

 

Գորիսը 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը

 

18. 1850-ական թվականներից Վարարակն գետի աջափնյա տարածության վրա սկսվում են Նոր Գորիսի հիմնադրման աշխատանքները: Բուռն շինարարական գործունեությունները ծավալվում են գավառապետ Ստարացկու ժամանակ` 1870-ական թվականներին, Մանուչար-Բեկ Մելիք Հյուսեինյանի ակտիվ մասնակցությամբ և գերմանացի ճարտարապետի կողմից կազմած նախագծով: Քաղաքի զարգացմանը հատկապես նպաստում է 1869-1877 թվականներին Շուշի-Գորիս խճուղային ճանապարհի կառուցումը:

1872 թ. ապրիլյան մի փաստաթղթի համաձայն, Գորիսն ունեցել է դպրոց, որտեղ ուսանել է 27 աշակերտ, իսկ ուսուցիչն է եղել Հովհաննես Տեր-Մինասյանը (1873 թ. հունվարի 1-ն կազմված Կովկասի հայկական դպրոցների ցուցակում Գորիս գյուղի դպրոցը հիշվում է 1 ուսուցիչ, 30 աշակերտ կազմով: 1876 թ. Գորիսում գործել է նաև այսպես կոչված «գյուղական նորմալ դպրոց», որը 1882 թ. դարձել է երկդասյա ուսումնարան: 1890 թ. Գորիսի դպրոցը հիշատակվում է վերաբացված հայկական դպրոցների շարքում: 1896 թ. տվյալներով Գորիսի երկդասյա և երկսեռ դպրոցն ունեցել է արդեն 5 ուսուցիչ և 165 աշակերտ: Հայտնի է, որ նույն թվին դպրոցը փակվել է և վերաբացվել 1905 թ.` որպես միադասյա արական դպրոց: 1911-1912 թթ. ուսումնական տարում Գորիս քաղաքի եկեղեցական ծխական դպրոցը եղել է քառամյա խառը դպրոց, որտեղ ուսանել են 44 տղա և 67 աղջիկ: 1914 թ. գործել է 5 ուսուցիչ, 1917 թ.` 7 ուսուցիչ և 202 աշակերտ կազմով:

1885 թ. Գորիսը հռչակվել է քաղաք: Տվյալ շրջանում քաղաքում արդեն կառուցված էր 55 բնակելի տուն, գործում էր 124 խանութ: Գորիսի շուկան Զանգեզուրում ամենաբանուկն էր: Գորիսից արտահանվել է տեղական արտադրության ապրանքների` բրդի, կաշվի, բոժոժի, գորգերի զգալի մասը:

1888 թ. թատերասերների ներկայացումներով սկզբնավորվել է Գորիսի թատրոնը (Ենթադրվում է, սակայն, որ Գորիսի թատրոնն ունի առավել հին` հարյուրամյակների պատմություն, որի ապացույցն է Հին Գորիսում պահպանված քարանձավային թատրոնը, որին տեղաբնակներն անվանում են «Ամֆիթատրոն»: Դեռևս պահպանվել են Ամֆիթատրոնի բեմը, նստատեղերը և հարդասենյակները: Թատերասերների ուժերով այստեղ կազմակերպվել են տարաբնույթ ներկայացումներ և աշուղների մրցույթներ: 1888 թ. հիմնված թատրոնը նախապես գործել է որպես ինքնագործ թատերախումբ: Համալրվելով մասնագետ ուժերով, 1936 թ.-ից դարձել է պետական: 1944 թ.-ից կոչվել է Վ. Վաղարշյանի անվամբ և գործել մինչև 1960 թ.: 1985 թ. Գորիսի թատրոնը վերաբացվել է: 1986 թ. -ից թատրոնի դերասանական ուժերով Քաղաքային տանը կից կազմակերպվել են տիկնիկային ներկայացումներ: Գորիսի թատրոնն ունեցել է բավականին հարուստ խաղացանկ` Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Մուրացանի «Ռուզան», Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», Վրթանես Փափազյանի «Ժայռ», Վաղարշյանի «Օղակում», Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Կ. Սիմոնյանի «Ռուս մարդիկ», Շեքսպիրի «Օթելլո», «Սխալների կոմեդիա», Մոլիերի «Դոն Ժուան»: Թատրոնի բեմահարթակում ելույթ են ունեցել հայ բեմի տաղանդավոր վարպետներ Վաղարշ Վաղարշյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Երվանդ Մանարյանը:

1897 թ. Գորիս քաղաքում սկսել է գործել ռուսական եկեղեցին (1926 թ. այն քանդվել է):

1897-1904 թթ. կառուցվել է Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Բանավոր տեղեկությունների համաձայն եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ Տիգրան Պողոսյանը: Եկեղեցու կառուցման նախաձեռնողները եղել են Մելիք Հյուսեինյանները: Շինարար-վարպետներն էին Հայրապետը, Ալեքսանը, Դանիելը, Մելիք-Օհանյան եղբայրները, Հայրապետ Խուրշուդյանը, Գրիգոր Տոռոզյանը, Հարություն (Աթուն) Քաթանյանը և այլոք: (Եկեղեցին օծվել և բացվել է 1904 թ.: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է կատարվել Գարեգին Նժդեհի գորիսյան պսակի արարողությունը: 1922 թ. եկեղեցին փակվել է: 1995 թ. սկսվել են եկեղեցու վերակառուցման աշխատանքները: 1997 թ. դեկտեմբերի 20-ին մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել վերակառուցված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը:

1898 թ. քաղաքի հվ մասում` Լաստի խութի ստորոտում, Վարարակն գետի վրա սկսվել է Գորիսի առաջին ՀԷԿ -ի կառուցումը: Շինարարության հիմնական նախաձեռնողներն են եղել մեծահարուստներ Գալուստ և Ալեքսան Միրումյան եղբայրները: Սարքավորումները Բաքվից գնել և Գորիս են տեղափոխել շինուհայրցի բարեգործ Ավագ Պողոսյանը և վերջինիս եղբայրները: ՀԷԿ-ի գործարկումը տեղի է ունեցել 1903 թ.: Կայանն ունեցել է ընդամենը 100 լամպ հզորություն և ծառայել է պաշտոնյաների ու մեծահարուստների տները լուսավորելու համար: (1919 թ. Վարարակն գետի վրա սկսվել է 48 կվտ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի շինարարությունը):

1910 թ. Գորիսում հրատարակվել է «Գավառ» լրագիրը (1921 թ. հրատարակվել է «Խորհրդային Զանգեզուր»-ը, 1922-1923 թթ.` «Երիտասարդ ռանչպար»-ը: Դրանցից բացի, մշտապես հրատարակվել է գավառային, իսկ 1930 թ.-ից` շրջանային եռօրյա լրագիր, որը սկզբում կոչվում էր «Մաճկալ», հետագայում` «Կարմիր ռանչպար», «Կարմիր Զանգեզուր», 1957 թ.-ից` «Որոտան»:

1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Թիֆլիսում տեղի ունեցած հայ ազգային խորհրդաժողովում ստեղծվել է Հայոց ազգային խորհուրդ, որը ստանձնել է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը: Ազգային խորհրդի մասնաճյուղերից էր Զանգեզուր-Ղարաբաղի շրջանային խորհուրդը` Գորիս նստավայրով:

1918 թ. ձևավորվել է Գորիսի բոլշևիկյան գավառային կազմակերպությունը:

1919 թ. Գորիսում գործել է շրջիկ գրադարան` 468 կտոր գրքային ֆոնդով (1919 թ. շրջիկ գրադարանի ստեղծման մասին վկայում են քաղաքի առաջին գրադարանավարները: 1921 թ. ներկայիս Գուսան Աշոտի փողոցի N 23 հասցեում շրջիկ գրադարանի հիմքերի վրա բացվել է գավառագիտական գրադարան):

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևում գումարված Համազանգեզուրյան առաջին համագումարը Զանգեզուրը` Գորիս կենտրոնով, ժամանակավորապես հայտարարել է ինքնավար:

1921 թ. ապրիլի 26-ին` նույնպես Տաթևում գումարված Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, «Ինքնավար լեռնաշխարհի ազատ Սյունիքը» հայտարարել է անկախ պետություն և այն վերանվանել Լեռնահայաստան (կազմում էին Զանգեզուրը, Վայոց ձորը, Լեռնային Ղարաբաղը): Գորիս քաղաքը հայտարարվել է Լեռնահայաստանի մայրաքաղաք: Տվյալ կացությունը շարունակվել է մինչև 1921 թ. հունիսի 1-ը:

19. Նոր Գորիսի գլխավոր հատակագիծը նախագծվում է 18-րդ դարի ռուսական քաղաքաշինությանը բնորոշ սկզբունքներով: Հաշվի առնելով տեղանքի հնարավորությունները, բնակավայրի կառուցապատման համար ընտրվում է աշխարհի կողմերի նկատմամբ մի փոքր շեղված, փոխադարձաբար ուղղահայաց փողոցների ցանց, ըստ որի միմյանցից տարբեր հեռավորություններ ունեցող փողոցների հատումից առաջանում են քառակուսի` 106x106 մ ու քառանկյուն` 106x212 մ չափերի բնակելի թաղամասեր և 212x212 մ չափերով հասարակական կենտրոն: Առանցքային փողոցները նախագծվում են 24 մ լայնությամբ, իսկ մնացածները 17 մ:

20. Գտնվելով կարևոր ճանապարհների հանգուցակետում, Նոր Գորիսը արագ կառուցապատվում է և 1885 թ. պաշտոնապես ստանալով քաղաքի ստատուս, դառնում է Զանգեզուրի գավառի առևտրական ու վարչական կենտրոնը: Բնակավայրի տարածահատակագծային կառուցվածքի կիզակետը հանդիսացել է ռուսական եկեղեցին, որը գտնվել է հասարակական կենտրոնի երկրաչափական կենտրոնում` Ցերկովնայա և Սիսիանսկի առանցքային փողոցների հատման տեղում: Եկեղեցու շուրջը զբաղեցնող տարածքը` հասարակական կենտրոնը, կառուցապատումից ազատ է եղել: Նրա հյուսիսային հատվածը զբաղեցրել է քաղաքային այգին, իսկ հարավ-արևելյանը` Գորիսի համբավավոր շուկան: Հասարակական կենտրոնը պարագծային կառուցապատում է ունեցել, որտեղ տեղ են զբաղեցրել վարչական, առևտրական շենքեր և ունևորների առանձնատներ: Հարավից, արևելքից և արևմուտքից հրապարակ մտնող փողոցների վրա եղել են բազմաթիվ խանութներ, արհեստանոցներ, հասարակական ու մշակութային ֆունկցիաներ ունեցող շենքեր:

21. Բնակելի թաղամասերը կառուցապատվել են տնամերձ հողատարածքներով 1-2 հարկանի առանձնատներով: Ընդ որում` տների երկարությամբ ձգվող պատշգամբները ուղղվել են դեպի տնամերձ, իսկ դեպի փողոց ուղղվել են նրանց նեղ ճակատները, որոնք հաճախ ունեցել են նախշազարդ փոքր պատշգամբներ: Բնակելի թաղամասերը, չափերից կախված, բաժանվել են 6 կամ 12 տնամերձերի: Փողոցների մայթերը սալարկվել են և ծառատնկվել: Մայթերի եզրերով անցկացվել են ոռոգման ջրերի առուներ:

22. Այսպիսով` Գորիսի հատակագծային լուծմամբ նրա երկրաչափական կենտրոնում տեղադրված էր հասարակական, վարչական, առևտրի, հանգստի և կուլտուր-լուսավորչական ֆունկցիաներ կրող հասարակական կենտրոնը, որը շրջապատված էր բնակելի թաղամասերով:

23. Մինչև 20-րդ դարի սկիզբը Նոր Գորիսը զբաղեցնում էր հյուսիսից հարավ ձգվող նեղ հարթավայրի համեմատաբար հարթ տարածքները: Արևելքից այն սահմանափակվում էր Նաբերեժնայա, արևմուտքից` Պոդգոռնայա փողոցներով, հարավից` «Կալին բաշ» կոչվող հարթակի հարավային եզրով, իսկ հյուսիսում հասնում մինչև ներկայիս Դավիթ Բեկի (նախկին` Մայիսմեկյան) փողոցը: 1897 թ. Հին ու Նոր Գորիսներում միասին 460 տուն կար, ընդհանուր բնակիչների քանակը 3146 մարդ էր, որից 1450-ը բնակվում էին Նոր Գորիսում: Այդ շրջանում Նոր Գորիսում կառուցված աչքի ընկնող շենքերից էին` հայկական և ռուսական եկեղեցիները, դպրոցը, տպարանը, դավթարխանան, պասաժի խանութները, հյուրանոցը, լիմոնադի գործարանը, բաղնիքը և Միրումյանների, Յոլյանների ու Բադիրյանների առանձնատները: Նոր Գորիսը տարածական ու ոճական իմաստով մի ամբողջական օրգանիզմ էր, որի առանձին կառույցներ միմյանց և շրջապատող բնության հետ խիստ ներդաշնակության մեջ էին: Այն խիստ արտահայտված տարածական ակցենտներ չի ունեցել: Միակ քաղաքաշինական դոմինանտը ռուսական եկեղեցին է եղել, որը նաև քաղաքի հատակագծային առանցքն էր և իշխում էր հասարակական կենտրոնը զբաղեցնող տարածության վրա (ռուսական եկեղեցին 1926 թ. քանդվել է): Հայկական եկեղեցին գտնվում է հասարակական կենտրոնի հարավ-արևելյան մասում: Եկեղեցին թմբուկ չունենալու հետևանքով բնակավայրի վրա կոմպոզիցիոն ազդեցություն գրեթե չի ունեցել:

24. Քաղաքի ամենաբնորոշ միջավայրը բնակելի տներով կառուցապատված փողոցն էր: Այն իրենից ներկայացնում է կամարակապ դարպասներ ունեցող պարսպապատերով միմյանց միացված, հիմնականում երկու հարկանի (երբեմն նաև մեկ) գորիսյան ինքնատիպ բնակելի տների շարք: Ցածրահարկ, ոչ խիտ կառուցապատմամբ Նոր Գորիսը կոմպոզիցիոն սերտ փոխկապվածության մեջ էր բնական բարդ տեղանքում ավանդական սկզբունքներով կառուցապատված Հին Գորիսի հետ:

 

Գորիսը 20-րդ դարի սկզբից մինչև 1980-ական թվականները

 

25. 20-րդ դարի սկզբին` 1908 թ. Ջուլֆա-Երևան երկաթգծի կառուցման հետևանքով Գորիսի դերը` որպես առևտրական կենտրոնի, սկսում է աստիճանաբար նվազել: Իսկ Ղափանի երկաթգծի կառուցումից հետո այն գրեթե ամբողջապես կորցնում է իր առևտրական ֆունկցիաները և հեռու լինելով բանուկ ճանապարհներից վերածվում է երկրորդական քաղաքի:

1921-1930 թթ. Գորիսը Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի կենտրոնն էր:

1926 թ. Գորիսում բացվել է կոճակի գործարան:

1930 թ. սեպտեմբերի 9-ից մինչև 1995 թ. դեկտեմբերի 5-ը Գորիսը համանուն շրջանի կենտրոնն էր:

1931 թ. հիմնվել են Գորիսի մանկավարժական ուսումնարանը և գյուղատնտեսական տեխնիկումը:

1940 թ. ստեղծվել է Գորիսի գարեջրի գործարանը, որն արտադրել է գարեջուր և լիմոնադ:

26. Գորիսի հերոսական ժողովուրդը անմասն չի մնացել Երկրորդ աշխարհամարտին մասնակցությունից: Պատերազմի ընթացքում ընդհանուր թվով Գորիսի շրջանից բանակ է զորակոչվել 9146 մարդ: Շրջանի չորս զավակներ` Գրիգոր Գալստյան, Գուրգեն Արզումանյան, Սուրեն Առաքելյան, Արամայիս Սարգսյան, արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչման: Որպես հարգանքի տուրք պատերազմում զոհվածներին, 1946 թ. քաղաքային զբոսայգում կառուցվել է հուշաղբյուր (ճարտ.` Ռ. Իսրայելյան), քաղաքի հս կողմում` կոթող-հուշարձան (1980 թ., նախագծի հեղինակ և ճարտարապետ` Գ. Մուշեղյան):

1948 թ. հիմնադրվել է Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկան:

1953 թ. ներկայիս Հարթաշեն գյուղի մոտ բացվել է Գորիսի առաջին օդանավակայանը, որն ապահովել է կանոնավոր ավիաթռիչքների կատարումը Երևան-Գորիս չվերթուղով: Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 950 մ էր (1970-ական թթ. որոշում է ընդունվել կառուցել նոր` առավել ժամանակակից օդանավակայան: Գորիսի երկրորդ օդանավակայանը կառուցվել է Խոտ գյուղի մոտակայքում: Նորակառույցի թռիչքուղու երկարությունը 2020 մ է: 1979 թ. երկրորդ կեսին այստեղ վայրէջք է կատարել առաջին Յակ-40 մարդատար ինքնաթիռը: Նոր օդանավակայանից թռիչքներ են կատարվել նաև դեպի Կապան, Ստեփանակերտ, Բաքու: Անգերազանցելի է եղել Գորիսի օդանավակայանի և ավիատորների դերը 1988 թ. ադրբեջանական ագրեսիայի շրջանում: Այստեղից անընդմեջ հարյուրավոր տոննա բեռներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Օդանավակայանը գործել է մինչև 1993 թ.:

1960-1970 թթ. Գորիսը հարստացել է արդյունաբերական մի շարք ձեռնարկություններով: Գործարկվել են միկրոէլեկտրաշարժիչ, ավտովերանորոգման, ծխախոտի ֆերմենտացիոն, ռետինե կոշիկների, հացի գործարանները, արդյունաբերական և կենցաղային սպասարկման կոմբինատները, գորգագործական արտելը (արդյունաբերական արտադրանքի զգալի մասն արտահանվել է):

1967 թ. հոկտեմբերի 1-ին Գորիսում բացվել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը (1975-1976 ուսումնական տարում մասնաճյուղն ունեցել է 3 ֆակուլտետ` մաթեմատիկայի, ֆիզիկայի և դպրոցական, 6 ամբիոն, 620 ուսանող, 65 դասախոս):

1970 թ. Գորիսը դարձել է հանրապետական ենթակայության քաղաք:

1975-1986 թթ. կառուցվել է լեռնային գյուղերի սանդղաձև կառուցապատման ավանդույթի օգտագործմամբ N 5 բնակելի թաղամասը (ճարտարապետներ` Հ. Պողոսյան, Ա. Մկրտչյան, Հ. Սողոյան):

1988-1989 թթ. քաղաքում գործել են 6 միջնակարգ, 1 հատուկ գիշերօթիկ, 1 երաժշտական, 1 նկարչական, 1 մարզական դպրոց, 8 մսուր-մանկապարտեզ, գյուղատնտեսական տեխնիկում, 1 մանկավարժական, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան, ԵՊԻ մասնաճյուղը, 1988 թ.-ից` 265 մահճակալով 1 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, 3 ամբուլատորիա, հակատուբերկուլոզային դիսպանսեր, 2 դեղատուն, մշակույթի 2 պալատ, 1 ակումբ, 3 գրադարան, 2 կինոթատրոն, պետական թատրոն, 2 թանգարան` Ակսել Բակունցի տուն-թանգարանը և Զանգեզուրի հայրենագիտական թանգարանը (վերջինս ունի բավականին հարուստ ցուցադրական նյութեր և բաղկացած է հնագիտական, միջնադարյան ճարտարապետության, ազգագրական, հեղափոխության, գյուղատնտեսության, արդյունաբերությանը նվիրված բաժիններից), Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի մասնաճյուղը, 1 պատկերասրահ, մարզադաշտ, հյուրանոց, տպարան, ՀԽՍՀ ԳԱ Գորիսի գիտատեխնիկական կենտրոնը, ՀԽՍՀ պետագրոարդի ԳՀԻ 2 մասնաճյուղը: Մինչև 20-րդ դ. 60-ական թթ. անբարենպաստ տնտեսական ու աշխարհագրական դիրք ունենալու պատճառով Գորիսը, մյուս շրջկենտրոնների համեմատությամբ, դանդաղ է զարգանում:

27. Այս ամենը ուղեկցվում էր բնակիչների կողմից Հին Գորիսի աստիճանական լքման և Նոր Գորիսի բնակեցման պրոցեսով:

1926 թ. Գորիս քաղաքը կորցնում է իր տարածական հորինվածքի կարևորագույն կոմպոզիցիոն առանցքը` ռուսական եկեղեցին:

1947 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում (այժմ` «Հայարդնախագիծ») ճարտարապետ Պ. Խոյեցյանի կողմից կազմվում է Գորիս քաղաքի զարգացման և մանրամասն հատակագծման նախագիծը, որի համաձայն գոյություն ունեցող ուղղանկյուն հատակագծային ցանցը մեխանիկորեն տարածվում է բնակավայրի հյուսիսային և արևմտյան մասերի մեծ թեքություններ ունեցող լանջերի վրա: Այդ տարածքները տրամադրվում են մասնավոր շինարարությանը:

Մինչև 20-րդ դարի 50-60-ական թվականները քաղաքի զարգացումը դանդաղ է ընթանում: 1960-ական թվականներին Գորիսի պատմական տարածքի հարավային մասում ստեղծվում է արդյունաբերական գոտի: Կառուցվում են Միկրոէլեկտրաշարժիչներ ու ռետինե կոշիկների արտադրման գործարանները և տրիկոտաժի ֆաբրիկան: Այս կապակցությամբ աճում է քաղաքի բնակչությունը և լայն թափ ստանում մասսայական շինարարությունը:

1960-ական թվականներից սկսվում է քաղաքաշինական հետաքրքիր հորինվածք ունեցող պատմական կենտրոնի կառուցապատումը: Քանդվում են քաղաքի կենտրոնական մասում գտնվող բազմաթիվ արժեքավոր ճարտարապետական կառույցներ: Նրանց տեղում, առանց հաշվի առնելու արդեն ձևաստեղծված միջավայրի տարածական առանձնահատկությունները, կառուցվում են չորսից հինգ հարկանի, գրեթե ճարտարապետական արժեք չունեցող, շրջապատող միջավայրին անմասշտաբ և անհարիր ֆունկցիա ունեցող տներ: Դրանցից մի քանիսը տեղադրվում են դեպի Հին Գորիս ուղղված փողոցների առանցքներին, որի հետևանքով ծածկվում են հետաքրքիր հեռապատկերները: Նորակառույցները հիմնականում կառուցվում են Արթիկի վարդագույն տուֆից, որը իր հերթին խախտում է ամբողջապես տեղական բազալտից կառուցված քաղաքի ներդաշնակ գունային գամման:

28. Այսպիսի տարերային կառուցապատումը հանգեցնում է Գորիսի կենտրոնական մասի հետաքրքիր հորինվածքի ոչնչացման: Կենտրոնի կառուցապատման խտացման և հարկայնության բարձրացման հետևանքով խիստ թուլանում է քաղաքի ու շրջապատող բնության և հատկապես Հին ու Նոր Գորիսների կոմպոզիցիոն փոխկապվածությունը:

29. 2006 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում մշակվում են Գորիս քաղաքի նոր գլխավոր հատակագիծը: Այդ նախագծերի համաձայն պատմական քաղաքի վերակառուցման մի շարք քաղաքաշինական բարեփոխումների հետ միասին առաջարկվում է հաշվարկային ժամկետում` 2000 թ. բնակչության թիվը 16.407-ից հասցնել 36.000-ի: Նախագծերում բնակեցման համար, բացի նոր տարածքների յուրացումից, առաջարկվում է ընդհանրապես կառուցապատման խտացում և գոյություն ունեցող 1-2 հարկանի արժեքավոր կառույցներով կառուցապատված պատմական կենտրոնի վերափոխումը 4-5 հարկանի կառուցապատմամբ: Այդպիսի վերակառուցումը չի կարող ընդունելի լինել, որովհետև այն ամբողջապես կոչնչացնի պատմական քաղաքի ինքնատիպ և արժեքավոր ճարտարապետական դեմքը: Անվերադարձ կկորչի Հայաստանի քաղաքաշինության պատմության համար շատ կարևոր մի հուշարձան:

30. Գորիս քաղաքի զարգացման ընթացքի պատմաքաղաքաշինական վերլուծությունից պարզաբանվում են նրա անցած պատմական ուրույն ուղին, դարերի ընթացքում ստեղծված, ինչպես նաև ժամանակի ընթացքում ոչնչացված պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձանները 19-րդ դարի կեսերին, Նոր Գորիսի ստեղծման ժամանակ ներդրված հետաքրքիր քաղաքաշինական մտահաղացումը: Պարզաբանվում են քաղաքի ծաղկման և զարգացման դանդաղեցման ժամանակաշրջանները, ըստ որոնց և պատմական քաղաքի սահմանները ու պեղման գոտիները: Պատմաքաղաքաշինական վերլուծությունից կարող ենք նաև հետևություն անել, որ Գորիսի դիմազրկման հիմնական պատճառն այն է, որ վերակառուցողները ճիշտ չեն ըմբռնել և գնահատել պատմական Գորիսի արժեքավոր տարածահատակագծային լուծումները, չեն ընդունել արժեքավոր կառույցների հուշարձան լինելը: Վերակառուցումների ընթացքում թույլ տրված սխալներից հետո էլ Գորիսը մնում է մեր հանրապետության ամենահետաքրքիր և Ճարտարապետագեղարվեստական տեսակետից մեծ արժեք ներկայացնող քաղաքներից մեկը: Այսօր Գորիսում անուշադրության են մատնված, բայց ամենևին էլ չեն սպառված բազմաթիվ հուշարձանների պատմամշակութային պոտենցիալի և ճարտարապետագեղարվեստական արժանահատկությունների օգտագործման հնարավորությունները:

 

Գորիս քաղաքի պատմական սահմանները

 

31. Արխիվային նյութերի և քաղաքում կատարած ուսումնասիրությունների համաձայն, ժամանակակից Գորիսում պատմական քաղաքը կազմում է 164 հեկտար և ընդգրկում է հետևյալ եզրագծով պարփակված տարածքը: Այն սկսվում է Սյունիքի (նախկին` Շահումյան) և Քրիստափորի փողոցների հատման կետից, անցնում է զուգահեռ Ջափարիձեի փողոցին, նրանից 150 մ հեռավորությամբ 190 մ դեպի արևմուտք, այնուհետև շարունակվում է զուգահեռ Մովսես Խորենացու (նախկին` Մռավյան) փողոցին, նրանից 70 մ հեռավորությամբ 880 մ դեպի հյուսիս, ապա շարունակվում զուգահեռ Սյունիքի փողոցին, նրանից 60 մ հեռավորությամբ դեպի հյուսիս, մինչև Դավիթ Բեկի փողոցի հետ հատվելը, անցնում է Դավիթ Բեկի փողոցով 460 մ արևելք և շարունակվում զուգահեռ Վարարակն գետին, նրանից 25 մ հեռավորությամբ դեպի հարավ` մինչև Ծակերի ձորի գետակի Վարարակն գետի մեջ թափվելու տեղը և շարունակվում է Ծակերի ձորի գետակով դեպի հյուսիս, ապա ընդգրկում Գորիսի պատմական տարածքը` հյուսիսից Ծակերի ձորի հարավային լանջը, արևելքից Լաչինի քերծը, հարավից Լաստի սարի հյուսիսային լանջը և միանում Սյունիքի ու Քրիստափորի փողոցների հատման կետին:

 

Քաղաքի պատմական տարածքի առանձին հատվածների դասակարգումը

 

32. Գոյատևելով մինչև մեր օրերը, Գորիսի պատմական տարածքի առանձին հատվածներ ենթարկվել են տարածական և ֆունկցիոնալ փոփոխությունների: Պատմական տարածքի այժմյան իրավիճակի և արխիվային նյութերի համեմատությունից կարող ենք նրա առանձին հատվածները դասակարգել հետևյալ կերպ.

1) Անաղարտ պահպանված տարածք

2) Մասնակի աղավաղված տարածք

3) Ամբողջովին աղավաղված տարածք:

33. Ամբողջովին աղավաղվել է Կոմիտասի (նախկին` Կարապետյան) փողոցից հարավ ու Սյունիքի փողոցից արևելք ընկած հատվածը, Հին Գորիսի Վարարակն գետին հարող տարածքը` 80-100 մ լայնությամբ և Ըմբովի ու Ղաթրինի թաղերը:

34. Մասնակիորեն աղավաղվել են Մ. Մաշտոցի (նախկին` Լենինի) և Անկախության (նախկին` Մարքսի) փողոցների, Զորավար Անդրանիկի (նախկին` Ֆրունզեի) ու Գուսան Աշոտի (նախկին` Սովետների) փողոցներով սահմանափակված տարածքը, Մովսես Խորենացու փողոցի Գուսան Աշոտի փողոցի հետ հատման կետից հարյուր մետր հյուսիս և յոթանասուն մետր հարավ ընդգրկող տարածքը, Օրբելյան (նախկին` Էնգելսի) փողոցից արևելք, իսկ Գուսան Աշոտի փողոցից հյուսիս ընկած տարածքը և վերջինիս Մակիչի փողոցից արևելք ընկած տարածքը, Հին Գորիսի Տռոզի, Զոփչու, Գյունեյ, Միջին թաղերը և Դոլունց թաղի արևմտյան հատվածը: Պատմական քաղաքի մնացած տարածքը չի աղավաղվել: Այստեղ պահպանվել է քաղաքի պատմական կերպարը: Գորիս քաղաքի պատմական ինքնատիպ դեմքի պահպանման և վերականգնման համար, բնականաբար, պետք է հիմնվել անաղարտ պահպանված պատմական տարածքներին:

 

III. ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

 

Պատմաճարտարապետական և բնության հուշարձաններ

 

35. Գորիս բնակավայրի բազմադարյան գոյության ընթացքում նրանում կերտվել են բազմաթիվ և բազմատարր հուշարձաններ, որոնք բնորոշում են քաղաքի ինքնատիպ դեմքը և զգացնել տալիս նրա անցած պատմական ուղին: Հուշարձաններից հատկապես արժեքավորներն են Ձագեձորի կամ Հաբանդի միջնաբերդը, Գորիսի Հայոց եկեղեցին (Սբ. Գրիգոր Լուսավորիչ), Սբ. Հռիփսիմե եկեղեցին, Մելիքների մատուռը, «Խաչին աղբյուր» մատուռը, գերեզմանոցում գտնվող մատուռը, Խորհրդային իշխանության հաստատման համար զոհված զանգեզուրցիների հիշատակին կառուցված հուշարձանը (1960 թ.), աղբյուր-հուշարձանը` նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհված զանգեզուրցիներին (1946 թ., ճարտարապետ` Ռ. Իսրայելյան), Երկրորդ աշխարհամարտում զոհված գորիսեցիների հիշատակին կառուցված հուշարձանը (1980 թ., նախագծի հեղինակ և ճարտարապետ` Գ. Մուշեղյան), հայրենիքի համար զոհված բոլոր հայորդիներին նվիրված հուշարձանը (2002 թ., նախագծի հեղինակ և ճարտարապետ` Ս. Զաքարյան), Գարեգին Նժդեհի հուշարձանը քաղաքի Ավանգարդ թաղամասի հրապարակում (բացումը տեղի է ունեցել 1991 թ. մայիսի 28-ին, ճարտարապետներ` Ռ. Գրիգորյան և Ս. Նազարեթյան), ֆիդայիների հուշահամալիրը (1990 թ.), 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը (1989 թ., նախագծի հեղինակ` Ս. Զաքարյան), Գրիգոր Տաթևացու հուշարձանը (2010 թ., քանդակագործ` Ն. Օրդյան, ճարտարապետ` Ս. Զաքարյան), Գորիսի մուտքը խորհրդանշող հուշարձանը (1999-2001 թթ., նախագծի հեղինակ և ճարտարապետ` Ս. Զաքարյան), հասարակական և առևտրական շենքերը, ինչպես նաև մեծ թվով բնակելի տներ, բնական քարանձավներ և ժայռափոր բնակարաններ: ՁԱԳԵՁՈՐԻ ԲԵՐԴ (ՀԱԲԱՆԴԻ ԲԵՐԴ). Հիշատակել է դեռևս Ստ. Օրբելյանը. «... Հանբադա բերդ, որը Սիսակի նույն տոհմի Ձագ նահապետը շինեց մի գետի վրա և իր անունով ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորո բերդ ...»: Բերդի ստույգ տեղադրությունը, որի վերաբերյալ արտահայտվել են տարբեր կարծիքներ, հայտնի չէ: Ս. Գ. Բարխուդարյանը գտնում է, որ Սյունիքի այս նշանավոր բերդը գտնվել է Գորիս քաղաքից հարավ բարձրացող Լաստ գագաթին: Արտահայտվել են նաև կարծիքներ, որ բերդը գտնվել է քաղաքից հյուսիս, Վերիշեն գյուղի հանդամասում: Որոշ ուսումնասիրողներ էլ բերդը տեղադրել են Բռուն գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ղալա-քերծ վայրում, որտեղ նշմարվում են հին բերդի մնացորդներ: Ձագեձորի բերդը հիշատակվել է նաև Աբանդ, Խաբանդ, Համբատաբերդ, Հանբանդ, Հանքատաց, Հանքատաբերդ, Ձագաբերդ անվանաձևերով: Հետագայում Ձագեձոր անվամբ կոչվել է նաև Հաբանդ գավառը: Ավելի ուշ, տեղանունն աղավաղվելով դարձել է Զանգեզուր:

36. ԳՈՐԻՍԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ (ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ) գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակից 200 մ հարավ-արևելք: Կառուցվել է 1897-1904 թթ.: Հուշարձանն իրենից ներկայացնում է խաչաձև կենտրոնագմբեթ կառույց, որի գմբեթը չի կառուցվել: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմտյան և հարավային կողմերից: Ավագ խորանի երկու կողմում գտնվում են փոքրիկ ավանդատներ: Արևմտյան կողմից եկեղեցուն կցված է եղել փայտյա զանգակատուն, որը հետագայում քանդվել է: Հուշարձանը կառուցված է սրբատաշ բազալտ քարից, ներսի տարածությունը սվաղված է, իսկ ծածկերը իրականացված են թիթեղից: Ծավալատարածական լուծումներով այն հիշեցնում է նույն ժամանակամիջոցում կառուցված Գավառ քաղաքի և Վարդենիսի եկեղեցիները: Գորիսի եկեղեցին արտաքուստ աչքի է ընկնում քարի հետաքրքիր շարվածքով: Այն ի տարբերություն ուղղանկյուն քարի շարվածքին իրականացված է բազմանկյուն քարերով: 1932-47 թթ. եկեղեցին ծառայել է որպես պահեստ, 1947-88 թթ. այստեղ տեղավորված է եղել գավառագիտական թանգարանը: 1995 թ. սկսվել են եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Ներկայումս գործող է:

37. ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻՆ (ըստ ոմանց` Սբ. Աստվածածին) գտնվում է Հին Գորիսի կենտրոնում, Գյունեյ թաղում: Ենթադրվում է, որ կառուցվել է 4-րդ դարում, հեթանոսական մեհյանի տեղում (16-րդ դարում եկեղեցին վերակառուցվել է և ստացել ներկայիս տեսքը): Այն իրենից ներկայացնում է միանավ, թաղածածկ բազալիկ կառույց` արևելյան կողմից աբսիդով: Կառուցված է ճեղքված բազալտ քարից: Եկեղեցու հարավային պատի տակ պահպանվել է Բաբուռի տապանաքարը (1803 թ.): 2010 թ. կատարվել են պեղումներ: Եկեղեցին ներկայումս վերականգնման ընթացքում է:

38. ՄԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՏՈՒՌԸ (17 դ). գտնվում է Հին Գորիսի Միջին թաղի արևելյան կողմում գտնվող գերեզմանոցի հյուսիսային մասում: Այն իրենից ներկայացնում է թաղածածկ, միանավ բազալիկ կառույց` կառուցված ճեղքված բազալտ քարով: Մատուռը ծառայել է որպես դամբարան Հին Գորիսի մելիքների համար: Այստեղ թաղված են նշանավոր մելիքներից Մելիք Օհանը, Մելիք Սեյինը, Մելիք Բաղրը և ուրիշներ: Հուշարձանի շուրջ տարածվում է բազմաթիվ արժեքավոր տապանաքարերով միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել են Մելիք Հովանի խաչքարը (1771 թ.), Բաղդասարի (1846 թ.), Երիցանց Հարությունի (1851 թ.), Մալխասի և Միրի (1572 թ.), Մանուչար ՈՒզբաշովի (1849 թ.), Մաշունց Պապույի (1836 թ.), Մարիի (1839 թ.), Մելիք Հովանի (1771 թ.), Պողոսի (1813 թ.) տապանաքարերը: Մատուռի ներսում գտնվում է Մելիք ՈՒսիի շիրմաքարը (1822 թ.):

39. «ԽԱՉԻՆ ԱՂԲՅՈՒՐ» ՄԱՏՈՒՌԸ գտնվում է Հին Գորիսի Ըմբովի ձորի արևելյան մասում, ձորաբերանի գլխին, մի դարավոր ծառի տակ: Հուշարձանը կառուցված է ճեղքված բազալտ քարից և իրենից ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով, արևմտյան կողմից լայն, կամարաձև բացվածք ունեցող, թաղածածկ կառույց: Ներքուստ` արևելյան կողմում գտնվում է երկու աստիճանից բաղկացած բեմը, որի վերևի մասում տեղադրված են ֆալոսաձև կուռք և խաչքար, իսկ ներքևի մասն իրենից ներկայացնում է ջրահավաք գուռ` տեղից բխող աղբյուրի համար: Մատուռի արևելքում, մի մեծ ժայռաբեկորի վրա պահպանվել է 1091 թ. արձանագրություն. «... (ՇԻՆԵ)ՑԻ ՍՈՒՐԲՆ Ք(ՐԻՍՏ)ԱՓՈՐ ՄԵԶ ԵՒ ԾՆՈՂԱՑ Բ(ԱՐ)ԵԽՈՎՍ Ի ՔՍ. ԹՎ.: ՇԽ: (1091)»:

40. ՄԱՏՈՒՌ. Գտնվում է Ձագեձորի միջնաբերդի արևելյան մասում գտնվող գերեզմանոցում: Հուշարձանը իրենից ներկայացնում է թաղածածկ կառույց` կառուցված ճեղքված բազալտ քարով: Ներսում գտնվում է տապանաքարով դամբարան: Մատուռը շրջապատող գերեզմանոցը հարուստ է արժեքավոր տապանաքարերով:

41. ՄԱՏՈՒՌ ՍԲ. ՄԱՐՏԻՐՈՍ. Գյուղատեղիի հյուսիս-արևելյան եզրին է, Ճգնավորաց լեռան ստորոտում: Կիսաժայռափոր թաղակապ մատուռ է (չափերն են` 3.80x5.50 մ): Թվագրվում է 9-10-րդ դդ.: ՈՒնի շինարարական արձանագրություն, որը վերաբերում է մատուռի վերակառուցմանը. «ԵՍ ՂԱԶԱՆՉԻ ԾԱՏՈՒՐՍ ԵՎ ՄԻՆԱՍ ՇԻՆԵՑԱՔ ՍԲ ՄԱՐՏԻՐՈՍՍ, ՃԻԼԱՎՍ. ԹՎ.: ՌՃԾԲ: (1703 թ.)»: Մատուռի մոտ պահպանվել են 10-11 դարերով թվագրվող մի խաչքար և 1771 թ. կերտված տեր Մաթեոսի տապանաքարը:

42. ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ «ԱՄՖԻԹԱՏՐՈՆ». Գտնվում է գյուղատեղիի «Թթենիների տակ» վայրում: Գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը: Պահպանվել են Ամֆիթատրոնի բեմը, նստատեղերը և հարդասենյակները: 19-րդ դարի 70-ական թվականներից, երբ Գորիսը դառնում է Զանգեզուրի շրջանի ադմինիստրատիվ կենտրոնը, մինչև 20-րդ դարի սկիզբը կառուցվում են մի շարք ադմինիստրատիվ-հասարակական շենքեր` «Դավթարխանա» դատարան, հյուրանոց, դպրոցներ, որոնք իրենց կերպարային և ծավալատարածական լուծումներով շատ մոտ են նույն ժամանակամիջոցում կառուցված բնակելի տներին: Գորիսում կառուցված ինքնատիպ ճարտարապետագեղարվեստական լուծում ունեցող արժեքավոր հասարակական կառույցները հետևյալներն են.

43. «ՊԱՍԱԺ». Գտնվում է կենտրոնական հրապարակում և իրենից ներկայացնում է փոքր բարձրություն ունեցող գետնախարսխով, 15x45 մ չափերի միահարկ կառույց` պարագծով շրջափակված սյունաշարով: Պասաժը բաղկացած է միմյանցից մեկուսացված տասնչորս խանութ-սենյակներից, որոնց մուտքերը կազմակերպված են դեպի սյունաշարը բացվող կամարակապ բացվածքներով: ՈՒնի բավականին զարգացած նկուղային հարկ բազմաթիվ սենյակներով: Հուշարձանը կառուցված է սրբատաշ բազալտից: Այստեղ էին տեղավորված Գորիսի լավագույն խանութները` այդ թվում հրուշակեղենի, ոսկերչական խանութները, գրախանութը, սրճարանը: Հետագայում այստեղ է տեղավորվում գարեջրի գործարանը: Այժմ շենքը լքված է և գտնվում է կիսաքանդ, վթարային վիճակում: «Պասաժը» Հայաստանի եզակի առևտրական կառույցներից լավագույնների թվին է պատկանում, ուստի անհրաժեշտ է վերանորոգել և օգտագործել:

44. ԱՌԵՎՏՐԻ ՇԵՆՔ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ. Առևտրի շենքն իրենից ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով, նկուղային հարկով, միահարկ կառույց: Երկայնական ճակատները արտաքինից որմնասյունների միջոցով բաժանված են 14 մասերի, որոնք ունեն մուտքերի ձևով կամարակապ բացվածքներ: Ամբողջ շենքը բաժանված է եղել առանձին, իրար հետ կապ չունեցող խանութների, իսկ նկուղային հարկը ծառայել է որպես պահեստներ: Այժմ շենքը մասնակի վերափոխումների է ենթարկվել: Այստեղ տեղավորված է տրիկոտաժի գործարանը: Գորիսը հարուստ է նաև արտադրական կառույցներով, որոնցից հատկապես աչքի են ընկնում ջրաղացները, ժայռափոր բրուտանոցները և ձիթհանները:

45. ՋՐԱՂԱՑՆԵՐԸ Գորիսում բավականին մեծ թիվ էին կազմում և բաժանված էին հիմնականում երկու խմբի: Առաջին մեծ խումբը գտնվում էր Վարարակնի աջ ափին, Հին Գորիսի Զոփչուն և Լաստի թաղերի դիմաց: Այն իրենից ներկայացնում էր 6-8 ջրաղացներից կազմված շարք, որտեղ Վարարակն գետի ջուրը հաջորդաբար անցնում էր բոլոր ջրաղացներով և կրկին թափվում Վարարակնի մեջ: 1926 թ. հիդրոէլեկտրակայանի կառուցման հետևանքով, այս ջրաղացները մնացել են ջրամբարտակի տակ և քանդվելով ծածկվել են ավազի շերտով: Երկրորդ խումբը բաղկացած էր չորս ջրաղացից և կառուցված էր Միրաքենց կամրջից դեպի ներկայիս Կոմիտասի փողոց գնացող ճանապարհի եզրին: Այստեղ օգտագործվում էին ստորգետնյա ջրերը: Այդ ջրերը հերթով աշխատեցնելով բոլոր չորս ջրաղացները, թափվել են Վարարակն գետը: Այժմ պահպանված է այդ շարքի ջրաղացներից մեկը, որն իրենից ներկայացնում է 4x5 մ չափի մի ուղղանկյուն, երկթեք ծպեղնածածկով կառույց: Ներսում` կենտրոնական մասում, տեղադրված է աղացող սարքը, որի դիմաց` արևելյան պատին գտնվում է միակ պատուհանը: Ջրաղացն այժմ վերափոխված է պահեստային սենյակի: Պահպանվել է նաև Մակիչի փողոցի վրա կառուցված ջրաղացը, որն իրենից ներկայացնում է 5x10 մ չափեր ունեցող, երկթեք տանիքով բազալտ քարից մի կառույց, որը գտնվում է փողոցի կարմիր գծի վրա: Փողոց նայող ճակատն ունի կամարակապ երկու պատուհան և կամարակապ մուտք: Այն` ի տարբերություն մյուս ջրաղացների, ունի բավականին խնամքով մշակված ճակատ: Ջրաղացն ունի երկու աղաց, աշխատում է տեղից բխող ստորգետնյա ջրերով, որոնք հավաքվում են հատուկ պատրաստված ջրավազանում և այնտեղից փայտի տախտակներից պատրաստված և երկաթե ժապավենով փաթաթված երկու խողովակներով հոսում են դեպի աղացները:

46. ՁԻԹՀԱՆՆԵՐԸ Գորիսում երեքն են եղել` Միրումենցը, Միրաքենցը և Տռոզին թաղի ներքևինը: Մինչև այժմ պահպանվել է միայն Միրումենց ձիթհանը: Այն իրենից ներկայացնում է երկու սենյակից բաղկացած կիսաժայռափոր կառույց: Առաջին սենյակում գտնվում է գուռը, սրանոցի քարով և քաշող անասունների համար մսուրը, իսկ երկրորդ մասում գտնվում է գերանատունը` ձեթը քամելու մամլիչով, որի փայտյա մասերը պահպանվել են անաղարտ:

47. ԲՐՈՒՏԱՆՈՑՆԵՐ կային Հին Գորիսի Թանգուն, Արխազի և Ղաթրինի ձորերում: Այսօր պահպանվել է միայն Ղաթրինի ձորի բրուտանոցը, որը մինչ օրս գործում է: Այն ժայռափոր, 2 մասից կազմված կառույց է, որի առաջին մասում գտնվում է չարխը, իսկ երկրորդում բեմով սենյակը, որը ծառայում է որպես չորանոց:

48. ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ. Գորիսի ինքնատիպությունը պայմանավորված է ոչ միայն ճարտարապետությամբ, այլև քաղաքը շրջապատող անկրկնելի բնությամբ: Կոնաձև ուղղաձիգ ժայռերով և նրանց խմբերով աչքի է ընկնում հատկապես Հին Գորիսը զբաղեցնող տարածքը: Կոնաձև ժայռերը պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի` առանձին կանգնած կոնաձև ժայռեր, կոնաձև ժայռերի խմբեր և ուղղաձիգ զանգվածային ժայռեր: Նկատի ունենալով այդ ժայռերի, ինչպես նաև նրանց խմբերի և ընդհանրապես Հին Գորիսը զբաղեցնող բնական ամֆիթատրոնի գեղագիտական մեծ արժեքը, այն համարվում է բնության հուշարձան, հետևապես պետք է միջոցներ ձեռնարկել վերջինիս անխաթար պահպանման համար:

 

Բնակելի տուն հուշարձաններ

 

49. Դարերի ընթացքում Գորիսում կառուցված բնակելի տները կարելի է բաժանել երեք հիմնական խմբի` ժայռափոր բնակարաններ` «Քրատակեր», Զանգեզուրի ժողովրդական տներ` «Ղարադամներ» և քաղաքատիպ բնակելի տներ:

Ժայռափոր բնակարանները, որոնք կոչվում են քրատակեր, փորվում էին քարաժայռերի «քերծերի» մեջ, բավականին մեծ թեքություն ունեցող ձորալանջերին, կոնաձև ժայռերում: Քրատակերը հիմնականում բաղկացած էին մի մեծ սենյակից, թեև երբեմն ունենում էին նաև հարակից խոռոչ-սենյակներ: Բնակարանն ուներ միակ մուտք, որի վերևում գտնվում էր վիմափոր երդիկ-ծխանցքը: Հատակի մեջ, սովորաբար, դռան մոտի անկյունում, գտնվում էր օջախի փոսը կամ թոնիրը: Պատերի մեջ արված էին վիմափոր նստարաններ, որոնք ծառայել են նաև որպես մսուր: Բնակարանները չունեն ծավալային և հատակագծային կանոնավոր, երկրաչափական ձևեր: Պատերը հարթեցված են առանց ուղարկելու և երևում են քանդող գործիքների հետքերը: Հատակներն ունեին թեքություն դեպի մուտքը, որի առջև բակի փոխարեն մի թեք հարթակ էր պատրաստված, դեպի ուր երբեմն բացվում էին նաև մարագների, գոմերի, հնձանների և այլ վիմափոր օժանդակ կառույցների դռները: Ձագեձորում կերտվել են նաև այնպիսի քարանձավներ, որոնք ունեն միայն պաշտպանական նշանակություն, ուր կարելի է բարձրանալ միայն ճոպանների օգնությամբ: Գորիսում եղել են նաև հատուկենտ, մի քանի հարակից բաղկացած և ներքին միջանցքներով կապված ժայռափոր բնակարաններ, որոնց վերևի սենյակներն ունեցել են նաև ժայռերից կախված փայտե պատշգամբներ: Ժամանակի ընթացքում քարանձավները լրացվել և ավելի հարմարավետ են դարձվել: Նրանց առջև կառուցվել են թաղակապ, կամարաձև բացվածքներով նախասրահներ, որոնք ունեցել են կենցաղային բազմաթիվ հարմարություններ` օջախ, թոնիր, պահարաններ և այլն:

50. 19-րդ դարից սկսած Հին Գորիսում սկսում են քարե կանոնավոր տներ կառուցել, իսկ քրատակերը ծառայում են որպես տնտեսական մաս: Այս տները սովորաբար երկհարկանի են: Ներքևի հարկը օգտագործվել է որպես խոհանոց, հացատուն, մթերանոց և այլ տնտեսական նպատակների համար, իսկ վերևի հարկը, որը հանդիսանում էր բնակելի մասը, բաղկացած էր մի նախասրահից և մեկ մեծ կամ երկու սենյակից: Տներն աչքի են ընկնում կամարակապ մուտքերով ու փայտյա գեղեցիկ պատշգամբներով: Նրանք կառուցված էին ճեղքված բազալտից, իսկ տանիքն իրականացված էր փայտյա կղմինդրներով: Առաջին երկու տիպի տներից Գորիսում շատ քիչ են պահպանվել, որոնք որպես այդ տիպերի նմուշներ համարվում են հուշարձաններ: Այդ նույն պատճառով նրանք նախագծում չեն դասակարգվել:

1870 թ. սկսվում է Նոր Գորիսի կառուցապատումը: Բնակելի տները հիմնականում կառուցվում են նահանգական կենտրոնի` Ելիզավետպոլի շինարարական բաժնում արված նախագծերի հիման վրա:

51. Բնակելի տները մեկից երկու հարկանի էին, նկուղով: Նրանք կարճ ճակատով դրվում էին փողոցի կարմիր գծի վրա, որի հետևանքով այդ ճակատը մշակվում էր ավելի խնամքով: Երբ տունը գտնվում էր թաղամասի անկյունում, այն երկու ճակատով էր դուրս գալիս փողոց: Այդ դեպքում մշակվում էր նաև երկայնական ճակատը: Գորիսը հանդիսացել է ամբողջ գավառի արհեստագործության և առևտրի կենտրոնը: Այդ իսկ պատճառով քաղաքի կենտրոնական մասում կառուցված տների առաջին հարկերը կառուցվել են որպես արհեստանոցներ և խանութներ: Քաղաքի կառուցապատման խտության մեծացման ընթացքում կառուցվել են նաև երկայնական ճակատներով փողոց դուրս եկող բնակելի տներ:

52. Գորիսի բնակելի տները հիմնականում ունեն հետևյալ հատակագծային լուծումը: Շենքի երկայնքով, բակի կողմից, գտնվում է բավականին մեծ պատշգամբը, որին կից փողոցի կողմում կառույցի ամբողջ լայնքով տեղադրված է հյուրասենյակը: Երկհարկանի տներում փողոցի կողմից այն ունի փոքրիկ փայտյա պատշգամբ: Շենքի մյուս կողմի պատշգամբի ծայրում գտնվում է խոհանոցը, իսկ պատշգամբին զուգահեռ` կառույցի երկայնքով, գտնվում էին երկուսից երեք ննջասենյակներ: Սենյակները մուտքերով կապված էին իրար և ելք ունեին դեպի պատշգամբ: Հյուրասենյակի պատուհանները բացվում էին դեպի փողոց, իսկ մյուս սենյակներինը` դեպի պատշգամբ, քանի որ մյուս ճակատը բացվում էր դեպի հարևան հողամաս: Երկայնական ճակատով դեպի փողոց դուրս եկող տներում հյուրասենյակը գտնվում էր կենտրոնական մասում և փողոցի կողմից ուներ փոքրիկ պատշգամբ: Հյուրասենյակի երկու կողմերում գտնվում էին ննջասենյակները: Բակի կողմից, շենքի երկարությամբ գտնվում էր պատշգամբը, որի մի ծայրում տեղադրված էր խոհանոցը, իսկ մյուս ծայրում նույնատիպ մի սենյակ: Տների մուտքերը կազմակերպված էին փողոցի կողմից, կամարակապ մեծ բացվածքներով, որտեղից անմիջապես սկսվում էին դեպի պատշգամբը տանող աստիճանները: Օժանդակ կառույցները` խոհանոցը, գոմերը, հացատունը և այլն կառուցվում էին հողամասում` առանձին կանգնած կառույցի ձևով: Տները կառուցված են բազալտ քարից: Շենքերի անկյունները, քիվերը, բացվածքների շրջանակները իրականացված են սրբատաշ քարով, մնացածը շարված է ճեղքված բազալտով, իսկ քարերի արանքները սվաղված են: Պատերն ունեն 80-90 սմ հաստություն, իսկ բնակելի հարկերը 3,5-4 մ բարձրություն: Պատուհանները բավականին լայն են` 1,5-2 մ, դռները երկփեղկ են: Միջհարկային ծածկերն իրականացված են փայտե կոնստրուկցիաներով, թեև հանդիպում են նաև թաղակապ նկուղներ և արհեստանոցներ: Տանիքներն իրականացված են երկթեք ծպեղնածածկով և թիթեղով: Փողոց նայող ճակատները մշակված են հետաքրքիր կտրվածք ունեցող քիվերով, լուսամուտները` կամարաձև շրջանակներով: Փողոցի կողմի պատշգամբները մշակված են գեղեցիկ փայտյա կամ մետաղյա ճաղերով: Առաջին հարկում, խանութի կամ արհեստանոցի առկայության դեպքում, այն մշակվել է գեղեցիկ կամարակապ բացվածքներով և քիվերով: Որոշ պատուհաններ փակված են եղել մետաղյա հետաքրքիր վանդակապատերով: Ընդհանրապես Գորիսի բնակելի տների արտաքին ճակատներն աչքի են ընկնում մշակման միջոցների պարզությամբ և հստակությամբ: Նրանք ունեն ճարտարապետագեղարվեստական մեծ արժեք, խիստ ներդաշնակում են միմյանց և շրջապատող բնությանը:

53. ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՄԵԼԻՔ ՕՀԱՆԻ. Գտնվում է բերդի տակ: Պահպանվել են երբեմնի ընդարձակ շինության սենյակների պատերը, դարպասը: Համեմատաբար լավ է պահպանվել բուխարիով թաղակապ սենյակը: Բնակելի հատվածի տակ վիմափոր շտեմարաններն ու մառաններն են: Բնակելի համալիրը ներառում է նաև ժայռափոր ամբարներ և մսուրներ:

54. ՄԱԿԻՉԻ ՓՈՂՈՑԻ N 7 ՏՈՒՆ. Նախասովետական Գորիսի միակ եռահարկ կառույցն է: Նրա առաջին հարկում տեղավորված են եղել Բաղնիքը և Ջրաղացը, իսկ վերին հարկերը ծառայել են սկզբում որպես հյուրանոց, իսկ հետագայում` դպրոց: Կառույցի հիմնական ճակատը արտահայտված է քիվերով, բաժանվում է երեք մասի: Առաջին հարկը լուծված է կամարակապ բացվածքներով, իսկ վերևի հարկերի պատուհանները աչքի են ընկնում շրջանակների ակտիվ մշակմամբ: Շենքը կառուցված է դեղնավուն ավազաքարերից: Ճարտարապետագեղարվեստական լուծումներով այն տարբերվում է Գորիսում կառուցված մյուս շենքերից:

 

Փողոցների առանձին հատվածների գնահատման չափանիշները, դասակարգումը և

նրանցում նախատեսվող վերականգնման միջոցառումները

 

55. Գորիս քաղաքի տարածահատակագծային կառուցվածքում` որպես քաղաքաշինական միավոր, հանդես են գալիս փողոցների առանձին հատվածներ: Կարելի է ասել, որ փողոցների այդ հատվածներից ստացվող ընդհանուր տպավորությամբ է կազմավորվում Գորիսի ինքնատիպ ճարտարապետական դեմքն ու կոլորիտը: Այդ պատճառով նախագծում դրանց հատուկ ուշադրություն է դարձվել և հետազոտվել: Ապագայում Գորիս քաղաքի ճարտարապետագեղարվեստական արժանահատկությունների պահպանման համար շատ կարևոր է ճիշտ գնահատել և պահպանել այդ հատվածների ճարտարապետագեղարվեստական որակները, պարզաբանել նրանց պատմամշակութային ֆունկցիաներ կրելու հնարավորությունները, ապագայում քաղաքի կառուցվածքում ունենալիք դերը և նրանց նկատմամբ կիրառվելիք վերականգնման միջոցառումները:

56. Քանի որ նշված հատվածներն իրենց հատակագծային ու տարածական լուծումներով և մասշտաբով բավականին մոտ են մեկը մյուսին, իսկ հիմնական տարբերիչ գծերը նրանցում գտնվող կառույցների պատմաճարտարապետական որակն է ու նրանցից բացվող հեռանկարները, ապա այդ տարբերիչ հատկանիշներն էլ ընդունվել են որպես փողոցների առանձին հատվածների գնահատման չափանիշներ:

57. Ըստ կառույցների պատմաճարտարապետական որակի փողոցների առանձին հատվածները բաժանվում են չորս խմբի`

1) - 80% և ավելի հուշարձան և ֆոնային կառույց պարունակող փողոց:

2) - 50% և ավելի հուշարձան և ֆոնային կառույց պարունակող փողոց, կամ 80% և ավելի միայն ֆոնային կառույց պարունակող փողոց:

3) - 30» և ավելի հուշարձան և ֆոնային կառույց պարունակող փողոց, կամ 50% և ավելի միայն ֆոնային կառույց պարունակող փողոց:

4) - Մինչև 30% հուշարձան և ֆոնային կառույց պարունակող փողոց, կամ 30% և ավելի միայն ֆոնային կառույց պարունակող փողոց:

58. Ըստ բացվող համայնապատկերների փողոցների առանձին հատվածները դասակարգված են չորս խմբերի`

1) Համեմատաբար հետաքրքիր բնական համայնապատկերների ուղղված փողոցներ:

2) Համեմատաբար ոչ հետաքրքիր բնական համայնապատկերների ուղղված փողոցներ:

3) Համեմատաբար հետաքրքիր քաղաքային համայնապատկերների ուղղված փողոցներ:

4) Համեմատաբար ոչ հետաքրքիր քաղաքային համայնապատկերների ուղղված փողոցներ:

59. Ընդունված գնահատման չափանիշների համաձայն Գորիսի փողոցների առանձին հատվածները կարելի է դասակարգել չորս հիմնական խմբերի

1) Հիմնականում հետաքրքիր քաղաքային և բնական համայնապատկերների ուղղված և գերակշռող մեծամասնությամբ պատմաճարտարապետական տեսակետից արժեք ներկայացնող տներով, Գորիսին բնորոշող կառուցապատմամբ փողոցներ: Ապագայում պետք է հատուկ ուշադրություն դարձնել նրանցից բացվող բնական և քաղաքային համայնապատկերների պահպանմանը, պետք է կատարել փողոցների կոմպլեքսային վերակառուցում, նախկին ֆունկցիաների և ճարտարապետական մանր ձևերի հնարավոր վերակառուցմամբ, փողոցը ակտիվորեն պետք է օգտագործել զբոսաշրջության և մշակույթի նպատակների համար: Փողոցը հնարավորության դեպքում պետք է տրամադրել հետիոտնին:

2) Հիմնականում հետաքրքիր քաղաքային և բնական համայնապատկերների ուղղված և կառուցապատման մեջ 50%-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ պարունակող, Գորիսին բնորոշ կառուցապատմամբ, երբեմն էլ անմասշտաբ կառույցներով աղավաղված փողոցներ: Այս փողոցներում անհրաժեշտ է պահպանել փողոցից բացվող բնական և քաղաքային համայնապատկերները, կատարել փողոցի առանձին տների նախկին ֆունկցիաների վերականգնում և առանձին հատվածներում ճարտարապետական մատյանների վերստեղծում: Փողոցը պետք է չափավոր օգտագործել զբոսաշրջության և մշակութային նպատակների համար: (9-10) Կ անմասշտաբ կառույցների առկայության դեպքում ապագայում պետք է մտածել կառուցապատման ներդաշնակության հասնելու համար:

3) Հիմնականում ոչ հետաքրքիր քաղաքային ու բնական համայնապատկերների ուղղված և պատմաճարտարապետական տեսակետից արժեք ներկայացնող սակավաթիվ տներով, Գորիսի կառուցապատմանը բնորոշ փողոցներ: Այս փողոցներում, հնարավորության դեպքում պետք է լավացնել փողոցներից բացվող ոչ հետաքրքիր քաղաքային համայնապատկերները: Փողոցների տների վերակառուցման դեպքում պետք է ձգտել ճակատները վերակառուցել Գորիսի տրադիցիոն սկզբունքներով: Փողոցը պետք է զերծ պահել զբոսաշրջային երկաթուղիներից և մշակութային ակտիվ կյանքից:

4) Հիմնականում ոչ հետաքրքիր բնական և քաղաքային համայնապատկերների ուղղված և պատմաճարտարապետական տեսակետից արժեք ներկայացնող սակավաթիվ տներով ու անմասշտաբ կառույցներով աղավաղված փողոցներ: Քաղաքի պատմական տարածքների վերակառուցման ժամանակ պետք է այդ հատվածները զերծ պահել պատմամշակութային և զբոսաշրջային ակտիվ կյանքից: Քաղաքի ապագա վերակառուցումների ժամանակ անհրաժեշտ է ձգտել փողոցը բերելու պատմական Գորիսի կառուցապատմանը բնորոշ տեսքի: Վերակառուցման ժամանակ անմասշտաբ կառույցները բարոյապես հնանալուց հետո պետք է վերափոխել պատմական Գորիսին ներդաշնակ կառույցներով, անմասշտաբ կառույցները քողարկել ճարտարապետության կամ կառուցապատման միջոցով:

 

IV. ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

Գորիսի արժեքավոր ճարտարապետական, բնական ու քաղաքաշինական տարրերի

ընկալման պայմանները

 

60. Գորիս քաղաքի` այդ արժեքավոր բնաքաղաքաշինական համալիրի և նրա առանձին հատվածների ճարտարապետագեղարվեստական որակները, ինչպես և ամեն մի արվեստի ստեղծագործություն, գնահատվելու են նրանց ընկալման հնարավորություններից կախված: Ընկալման լավագույն պայմանների դեպքում կբացահայտվեն քաղաքի արժանահատկությունները և ընդհակառակը:

61. Ճարտարապետագեղարվեստական, քաղաքաշինական տեսակետից Գորիս քաղաքում առավել դիտարժան են ճարտարապետական առանձին կառույցները, նրանցով կազմավորված փողոցները, պատմական կենտրոնը, բնության հուշարձանները` քերծերն ու քրատակերը, ամբողջ Հին Գորիսը և Հին ու Նոր Գորիսների ամբողջությունը: Այդ արժեքավոր հուշարձանները ապագա Գորիսում ըստ արժանվույն ներկայացնելու համար նախագծում կարևոր խնդիր է եղել ուսումնասիրել նրանց ընկալման հնարավորությունները և ստեղծել ընկալման նպաստավոր պայմաններ:

62. Գորիսի ճարտարապետական հուշարձանները առանձին վերցրած կոմպոզիցիոն ազդեցության մեծ ոլորտներ չունեն: Նրանք ընկալվում են պատմաճարտարապետական միջավայրում` մոտ տարածություններից, որոնց ընկալման համար գրեթե խոչընդոտներ չկան: Միայն երբեմն արժեքավոր հուշարձանները ծածկված են փողոցի սաղարթախիտ ծառերով: Քաղաքի ներքևի տարածությունների ճարտարապետագեղարվեստական որակների բարձրացման համար հետագայում անհրաժեշտ է ոչ հարմար տեղում գտնվող ծառերը տեղափոխել փողոցի ավելի հարմար տեղեր:

63. Քաղաքի տարածական կառուցվածքում հատկապես ընդգծված է Հին Գորիսը զբաղեցնող տարածքը: Հին Գորիսի տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները և բնական քերծերն ու քրատակերը իրենց անսովոր հետաքրքիր ձևերով լրացնում են քաղաքային միջավայրը, հարստացնում այն և նրան հաղորդում գեղարվեստական մի նոր որակ: Ներկայիս իրավիճակում Հին Գորիսի դերի ակտիվացման համար անհրաժեշտ է ապահովել և բարելավել նրա ընկալումը Վարարակն գետի աջ և ձախ ափերին ձգվող չկառուցապատված հատվածներից, հատկապես նրա աջափնյա բարձր դիրք ունեցող «Կալին բաշ» կոչվող հարթակից, ինչպես նաև Ջափարիձեի, Գրիգոր Տաթևացու, Կոմիտասի և Գուսան Աշոտի փողոցներից: Նշված փողոցներից ընկալման ապահովումը կարևոր է Հին և Նոր Գորիսների կոմպոզիցիոն փոխկապվածության ամրապնդման համար: Այդ պատճառով նախագծում առաջարկվում է տեղափոխել Կոմիտասի փողոցից Հին Գորիսի հետաքրքիր համայնապատկերի ընկալմանը խանգարող վերջինիս առանցքի վրա կառուցված «Ավանգարդ» սովխոզ արտադրական մասնաշենքը: Վարարակն գետի աջափնյա հատվածները նպատակահարմար է չկառուցապատել և օգտագործել որպես դիտահրապարակներ:

64. Ճարտարապետագեղարվեստական տեսակետից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հին ու Նոր Գորիսների բնական ու քաղաքային համայնապատկերների ամբողջությունը: Գորիս քաղաքը շրջապատող բնական տեղանքը մեծ հնարավորություն է ստեղծում այդ համալիրի անարգել ընկալման համար: Նախագծում ընդգծվել են Գորիսի բնաքաղաքային անկրկնելի համայնապատկերի ընկալման շահեկան տարածքները, որոնք գտնվում են քաղաքը արևելքից և արևմուտքից շրջապատող բարձր սարերի վրա: Արևելքում դրանք Սիսիան տանող ճանապարհի և Լաչին քերծի մոտ գտնվող տարածքներն են, իսկ արևմուտքում` Երևան տանող ճանապարհի և նրանից դեպի հարավ, Կոմիտասի փողոցի առանցքի շարունակության վրա գտնվող տարածքները: Քաղաքի արժեքավոր համայնապատկերների ընկալումը կազմակերպելու համար նշված տեղերում նախատեսվում է ստեղծել դիտահարթակներ և ընկալման պայմաններ ապահովող այլ կառույցներ:

 

Հուշարձանների պահպանական գոտիները

 

65. Գորիս քաղաքի հուշարձանների պահպանման, նրանց շուրջ ներդաշնակ տարածական միջավայր ստեղծելու և ապագայում ճիշտ օգտագործելու համար անհրաժեշտ է սահմանել հուշարձանների պահպանման գոտիներ: Նախագծում, ելնելով հուշարձանների տեղանքի պատմական հանույթի, երկարակեցության ապահովման, ընկալման պայմանների, ժամանակակից օգտագործման և բարեկարգման ընդհանուր ցուցանիշներից, սահմանվել են հուշարձանների պահպանական գոտիները: Հուշարձանների բնույթից և քաղաքում նրանց տեղաբաշխությունից կախված, սահմանվել են առանձին հուշարձանների, հուշարձանախմբերի և բնաքաղաքաշինական կազմավորումների պահպանման գոտիներ:

 

Պատմաճարտարապետական հուշարձանների խմբային պահպանման գոտի

 

66. Նոր Գորիսի պատմաճարտարապետական հուշարձանները մեծ մասը մեկը մյուսին մոտ գտնվելու հետևանքով նրանց պահպանման գոտիները պրոյեկտվում են միմյանց վրա, որը թելադրում է ստեղծելու մեկ խմբային պահպանման գոտի: Այն սկսվում է Գուսան Աշոտի և Մակիչի փողոցների հատման կետից, անցնում է Մակիչի փողոցով 80 մ դեպի հարավ, ապա շարունակվում 40 մ ուղղահայաց Մակիչի փողոցին դեպի արևելք: Այդ կետից շարունակվում է զուգահեռ Մակիչի փողոցին նրանից 40 մ հեռավորության վրա` մինչև Կոմիտասի փողոցի հետ հատվելը, այնուհետև անցնում է Կոմիտասի փողոցով` մինչև վերջինիս Անկախության փողոցի հետ հատվելը, շարունակվում Անկախության փողոցով 40 մ դեպի հարավ և այդ կետից 70 մ դեպի արևմուտք` զուգահեռ Կարապետյան փողոցին, ապա շարունակվում է զուգահեռ Մ. Մաշտոցի պողոտային, նրանից 60 մ հեռավորությամբ` մինչև Ջափարիձեի փողոցի հետ հատվելը, այնուհետև անցնում է Ջափարիձեի փողոցով 60 մ դեպի արևմուտք, ապա շարունակվում 110 մ դեպի հյուսիս` զուգահեռ Մ. Մաշտոցի պողոտային, այնուհետև շարունակվում դեպի արևելք` զուգահեռ Գրիգոր Տաթևացու փողոցին, մինչև Անկախության փողոցի հետ հատվելը, անցնում է Անկախության փողոցով 40 մ դեպի հարավ և այդ կետից շարունակվում է 180 մ դեպի արևմուտք` զուգահեռ Գրիգոր Տաթևացու փողոցին, նրանից 50 մ հեռավորությամբ: Ապա շարունակվում է 470 մ դեպի հյուսիս` զուգահեռ Սյունիքի փողոցին` նրանից 50 մ հեռավորությամբ, այնուհետև անցնում է 40 մ դեպի արևմուտք` զուգահեռ Զորավար Անդրանիկի փողոցին, ապա շարունակվում դեպի հյուսիս` զուգահեռ Մովսես Խորենացու փողոցին, նրանից 10 մ հեռավորությամբ մինչև Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատվելը, անցնում է Զորավար Անդրանիկի փողոցով 170 մ դեպի արևելք և շարունակվում զուգահեռ Անկախության փողոցին, նրանից 40 մ հեռավորությամբ մինչև Մայակովսկու փողոցի հետ հատվելը, անցնում է Մայակովսկու փողոցով 220 մ դեպի արևելք և շարունակում 520 մ դեպի հարավ` զուգահեռ Մ. Մաշտոցի պողոտային, նրանից 40 մ հեռավորությամբ, այնուհետև շարունակվում է դեպի արևելք` զուգահեռ Զորավար Անդրանիկի փողոցին, նրանից 60 մ հեռավորությամբ, մինչև Օրբելյանների փողոցի հետ հատվելը, անցնում է Օրբելյանների փողոցով 120 մ դեպի հարավ և այդ կետից շարունակվում է 45 մ դեպի արևելք զուգահեռ` Գուսան Աշոտի փողոցին, նրանից 35 մ հեռավորության վրա, ապա շարունակվում զուգահեռ Օրբելյանների փողոցին նրանից 45 մ հեռավորությամբ մինչև Գուսան Աշոտի փողոցի հետ հատվելը, անցնում է Գուսան Աշոտի փողոցով և միանում Գուսան Աշոտի և Մակիչի փողոցների հատման կետին:

 

Արժեքավոր բնաքաղաքաշինական կազմավորումների պահպանման գոտի

 

67. Գորիս քաղաքի տարածքում արժեքավոր բնաքաղաքաշինական կազմավորում համարվում է Հին Գորիսից պահպանված ճարտարապետական ու քաղաքաշինական ժառանգության և անզուգական բնության ամբողջությունը: Այդ համալիրի պահպանման գոտին սկսվում է Սյունիքի և Քրիստափորի փողոցների հատման կետից, անցնում է դեպի հյուսիս` զուգահեռ ձորին, նրա արևմտյան լանջից 50 մ հեռավորությամբ մինչև Մակիչի փողոցը, այդ ընթացքում իր մեջ ներգրավելով Ջափարիձեի փողոցի Մ. Մաշտոցի պողոտայից մինչև ձորը ընկած հատվածը և Գրիգոր Տաթևացու փողոցի հուշարձանից մինչև ձորը ընկած հատվածը, ապա շարունակվում է Մակիչի փողոցով` մինչև Գուսան Աշոտի փողոցի հետ հատման կետը, այդ ընթացքում ներգրավելով Կոմիտասի փողոցն ամբողջությամբ և Գուսան Աշոտի փողոցը, Մովսես Խորենացու փողոցից մինչև ձորը ընկած հատվածը, այնուհետև ընդգրկում է Հին Գորիսի տարածքը (հյուսիսից մինչև Ծակերի ձորի հարավային լանջը, արևելքից` մինչև Լաչին քերծը, հարավից` մինչև Լաստ սարի հյուսիսային լանջ) և միանում Սյունիքի և Քրիստափորի փողոցների հատման կետին:

68. Հուշարձանների պահպանման գոտիներում կարելի է կատարել տարածքի պեղման, հուշարձանների վերանորոգման և վերականգնման աշխատանքներ: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության լիազոր համաձայնությամբ կարելի է նաև այդ տարածքներում նոր շինություն իրագործել, սակայն այն պայմանով, որ ֆունկցիոնալ, հատակագծային և տարածական հատկանիշներով նոր կառույցները նպաստեն Գորիսի ինքնատիպ պատմաճարտարապետական դեմքի պահպանմանը և ճարտարապետագեղարվեստական որակների բարձրացմանը:

 

Գորիս քաղաքի կառուցապատման կարգավորման գոտիները

 

69. «Գորիս» պատմամշակութային արգելոցի տարածահատակագծային որակների պահպանման, քաղաքի մանրամասն հատակագծման ու կառուցապատման ընթացքում, այսուհետև պատահականություններից խուսափելու համար, սկզբից հետ անհրաժեշտ է լուծել Գորիսի և հատկապես նրա պատմական միջուկի ընդհանուր տարածական զարգացման հարցերը: Եթե Գորիսի առանձին հատվածների վերականգնման, ինչպես նաև նրա հետագա կառուցապատման ժամանակ չնպատակաուղղվենք քաղաքի ամբողջական տարածական կառուցվածքի կառուցապատման կարգավորմամբ և չղեկավարվենք մեկ ընդհանուր կոմպոզիցիոն գաղափարով, կարող են տեղի ունենալ ոչ ցանկալի պատահականություններ և կրկնվեն անցանկալի սխալները: Այսօր քաղաքաշինական հատուկ լուծումները և ճարտարապետական դեմքը մասնակիորեն կորցրած քաղաքի քաղաքաշինական ճարտարապետական, գեղարվեստական ու պատմական որակների բարձրացման համար խիստ կարևոր խնդիր է հանդիսանում նրա ճարտարապետական ու բնական հուշարձանների բոլոր լավագույն հատկությունների վերականգնումը: Այս կապակցությամբ, հիմնվելով կատարված պատմաքաղաքաշինական ուսումնասիրությունների վրա և հաշվի առնելով քաղաքի կառուցապատման այսօրվա վիճակը, նպատակահարմար է փողոցների ուղղանկյուն ցանցը և Հին Գորիսի տարածքը, որտեղ գտնվում են պատմաճարտարապետական և բնության հուշարձանները, կառուցապատել մինչև երեք հարկանի կառույցներով: Քաղաքի մնացած տարածքը, հաշվի առնելով ակտիվ բնությունը, թույլատրել կառուցապատելու մինչև հինգ հարկանի կառույցներով: Ելնելով այն հանգամանքից, որ քաղաքի արևմտյան բարձրադիր տարածքներից հետաքրքիր տեսարաններ են բացվում դեպի նրա կենտրոնական մասը և Հին Գորիսը, նպատակահարմար է նաև քաղաքի արևմտյան, բարձրադիր հատվածների երկայնական փողոցները վերակառուցելիս, նրանց արևելյան կողմը չկառուցապատել:

70. Այսպիսով, Գորիսում հետագա կառուցապատման ժամանակ կառույցները ըստ հարկայնության տեղադրվելու են հետևյալ սահմաններում.

1) Մինչև երեք հարկանի տներով կառուցապատման գոտի:

Այս գոտին ընդգրկում է Հին Գորիսի տարածքը և քաղաքի ուղղանկյուն հատակագծային ցանցը:

2) Մինչև երեք հարկանի տներով և փողոցների միայն արևմտյան կողմը կառուցապատվող գոտի:

Այս գոտին ընդգրկում է հետևյալ փողոցները` Սպանդարյան, Յոլյան և Թումանյան փողոցներն ամբողջությամբ, Վարդան Մամիկոնյան փողոցը` Քրիստափորի փողոցից մինչև Կամոյի փողոցն ընկած հատվածը:

3) Մինչև հինգ հարկանի տներով կառուցապատման գոտի: Այս գոտին իր մեջ ընդգրկում է Գորիս քաղաքի ամբողջ տարածքը` բացառությամբ մինչև երեք հարկանի տներով կառուցապատման գոտին:

 

Պեղման և մաքրման տարածքներ

 

71. Գորիս քաղաքի բազմադարյան պատմության նոր նյութերը և նյութական մշակույթի նոր հուշարձանները հայտնաբերելու ակնկալիքով Հին Գորիսի նախկինում բնակեցված տարածքը նախագծով համարվում է պեղման ու մաքրման տարածք: Այն զբաղեցնում է 60 հա մակերես և պարփակված է հետևյալ սահմաններով` հյուսիսից Շոռին ձորով, արևելքից Լաչին քերծով, հարավից Լաստի սարի հյուսիսային լանջով, իսկ արևմուտքից` Վարարակն գետի ձորի արևմտյան լանջով:

Պեղման ու մաքրման տարածքում շինարարական որևէ գործունեություն ծավալելուց առաջ պարտադիր կերպով այն պետք է նախապես պեղել:

 

V. ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

 

Զբոսաշրջային պատմամշակութային համալիրի կազմակերպման առաջարկ

 

72. Այսօր շատ կարևոր խնդրի է հանդիսանում ավանդույթներով ու պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ Հին Գորիսի պահպանման ու օգտագործման հարցը: Ինչպես վերը նշվեց, Հին Գորիսը զբաղեցնող տարածքը մինչև 20-րդ դարի սկիզբը ամբողջությամբ բնակեցված է եղել: Այն ունեցել է առևտրական ճանապարհին հենված հետաքրքիր տարածահատակագծային կառուցվածք, կառուցապատված Զանգեզուրի շրջանին բնորոշ ժողովրդական տներով, որոնք հետագայում աստիճանաբար լքվել են: Այժմ այդ հին բնակավայրից պահպանվել են Սբ. Հռիփսիմե եկեղեցին, Մելիքների մատուռը, արժեքավոր քանդակազարդ գերեզմանաքարեր, ձիթհան, ջրաղաց և բազմաթիվ «Քրատակ» բնակարաններ ու բնակելի տների ավերակներ: Հին Գորիսից մնացած իմացաբանական և պատմաճարտարապետական տեսակետից արժեքավոր հուշարձանները, բնական ու արհեստական կացարանները այսօր գրեթե անգործության են մատնված և լավագույն ձևով չեն օգտագործվում: Անվերադարձ կորած է համարվում նաև բնակավայրի»Բնական» տարածահատակագծային հետաքրքիր կառուցվածքը: Թաքնված են մնում և մոտ տարածություններից չեն ընկալվում անկրկնելի բնության հետ ներդաշնակված նրա համայնապատկերը: Այս հանգամանքները ստիպում են մտածելու Հին Գորիսի տարածքի վերականգնման և կյանքի առաջադրած պահանջներին համապատասխան օգտագործելու մասին: Սակայն Հին Գորիսը վերականգնել նույնությամբ և բնակեցնել կյանքի նկատմամբ ժամանակակից պահանջներ ունեցող մարդկանցով, խելամիտ չէ և նույնիսկ այսօր անհնար:

73. Նախագծում առաջարկվում է հենվելով Հին Գորիսի տարածահատակագծային կառուցվածքի վրա, որոշ իմաստով այն վերականգնելու ձգտմամբ, ստեղծել ամբողջ Զանգեզուրի տարածաշրջանին սպասարկող զբոսաշրջության կենտրոն: Պատմական բնակավայրի նախկին թաղամասերի տեղում նույն անվամբ ստեղծվում է զբոսաշրջային Լաստի Տռոզին, Զոփչուն, Դոլունց, Գյունեի, Ղուզի, Ըմբովի, Միջին, Ղաթրին ու Շոռին թաղամասերը, որոնք միմյանց և համալիրի հասարակական կենտրոնի հետ կապվում են նախկինում գոյություն ունեցող ճանապարհներով: Որպես զբոսաշրջային կոմպլեքսի գլխավոր ճանապարհ, որից ճյուղավորվում են զբոսաշրջային թաղամասեր տանող ճանապարհները և, որի միջոցով ամբողջ կոմպլեքսը կապվում է քաղաքին, օգտագործվելու է նախկին առևտրական ճանապարհը: Բնակավայրի ծայրին` նախկին քարավանատան տեղում, տեղադրվելու է զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնը:

74. Զբոսաշրջային թաղամասերում կազմակերպվում են երեք տիպի հանգրվաններ`

1) Քրատակ հանգրվաններ (զբոսաշրջային բնակատեղի)-այս հանգրվաններից օգտվում են Հին Գորիսի հետաքրքիր կենցաղին ծանոթանալ ցանկացող զբոսաշրջիկները: Քրատակերը վերականգնվում են, կահավորվում նախկին կարաստներով և հատկացվում զբոսաշրջիկներին: Օժանդակ հարմարությունները` լողարանը, զուգարանը, խոհանոցը, որոնք ընդհանուր են լինելու մի քանի հանգրվանների օգտագործման համար, կազմակերպվում են քրատակերից դուրս:

2) Ժողովրդական տուն հանգրվաններ (զբոսաշրջային տուն) - այս հանգրվանները կազմակերպվում են 18-19-րդ դարերում Հին Գորիսում կառուցված ժողովրդական տներում` «Ղարադամներում»: Հին Գորիսի ժողովրդական տները վերակառուցվում են, լրացվում օժանդակ հարմարություններով և տրամադրվում զբոսաշրջիկներին:

3) Ժամանակակից հարմարավետ հանգրվաններ - սրանք կազմակերպվում են նոր` ժամանակակից կառույցներում, որոնց իրականացման համար հիմք են ընդունվում հին գորիսյան ճարտարապետության առողջ ավանդույթները` կառուցապատման սկզբունքները, մասշտաբը, ոճական առանձնահատկությունները և այլն: Այդ հանգրվաններից ամեն մեկը հագեցված է լինելու ժամանակակից բարձրակարգ սպասարկմամբ` բոլոր հարմարություններով:

75. Զբոսաշրջային համալիրում քրատակերի ու ղարադամների մի խումբ վերականգնվելու է և պահպանելու որպես ազգագրական թանգարաններ: Նրանց մի մասը տրամադրվելու է ժողովրդական արհեստավորներին: Զանգեզուրի ռեգիոնում տարածված ավանդույթների, տոնակատարությունների, ծեսերի կատարման համար Վարարակն գետի ձախ բարձրադիր ափին, Հին Գորիսի ընկալման լավագույն տարածքի վրա նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն արենայով, որը նաև ծառայելու է ամբողջ Հին Գորիսի տարածքում պատմական թեմաներով հոլոգրաֆիկ «գույն-լույս-ձայն» թատրոն ստեղծելու համար: Այսպիսով, Հին Գորիսին տալով զբոսաշրջային ֆունկցիա, հնարավորություն է ստեղծվում ոչ միայն պահպանելու նրա տարածահատակագծային կառուցվածքը, հուշարձանները ու բնակելի տները, այլ նաև մասսաներին լայնորեն ծանոթացնելու զանգեզուրցիների կենցաղին, ավանդույթներին ու պատմությանը:

76. Տուրիստական պատմամշակութային կոմպլեքսի ստեղծման համար անհրաժեշտ է Հին Գորիսի տարածքում ձեռնարկել հետևյալ միջոցառումները.

1) Արգելել տարածքում կատարվող մասնավոր շինարարությունը և ապամոնտաժել միջավայրին աններդաշնակ տները:

2) Տեղափոխել Հին Գորիսի տարածքում գտնվող արտադրական և գյուղատնտեսական օբյեկտները:

3) Հին գերեզմանոցներում թաղումները արգելել և հանել նոր տեղադրված ցանկապատերը:

 

Տրանսպորտի շարժման կարգավորումը քաղաքի պատմական կենտրոնում

 

77. Գորիսի պատմական կենտրոնը աստիճանաբար վերածվում է տրանսպորտային ինտենսիվ շարժման հանգույցի: Բավական է ասել, որ այդ տարածքով է անցնում Երևան-Գորիս-Կապան-Մեղրի տարանցիկ մայրուղին: Ապագայում այդպիսի ինտենսիվ տրանսպորտային շարժումը կբարդացնի ու կդժվարացնի հետիոտն կապերը հանգստի կուլտուր-լուսավորչական և առևտրահասարակական կենտրոնների միջև: Պատմական քաղաքի շահերը պահանջում են գնալով մարդաշատ դարձող այդ կարևոր տարածքները տրամադրել հետիոտներին: ՈՒսումնասիրելով Գորիսում տրանսպորտի շարժման ներկա վիճակը և ապագա հնարավորությունները, առաջարկվում է քաղաքի պատմական կենտրոնում տրանսպորտային շարժումը կազմակերպել հետևյալ կերպ.

78. Աստիճանաբար բեռնաթափել քաղաքի կենտրոնով` Սյունիքի փողոցով անցնող Երևան-Մեղրի տարանցիկ ճանապարհը, որի համար փնտրել հնարավորություններ մինչև Գորիս հասնելը, տարանցիկ մայրուղով Երևանից կապվել Մեղրիի հետ:

79. Ելնելով հուշարձանների ֆիզիկական պահպանության շահերից, արգելել բեռնատար մեքենաների մուտքը Անկախության և Մ. Մաշտոցի փողոցների Դավիթ Բեկի փողոցից մինչև քաղաքային կենտրոնը ընկած հատվածներում:

80. Ապագայում մշակութային և հանգստի ֆունկցիաներ ստանալու կապակցությամբ ամբողջությամբ հետիոտնին տրամադրել Կոմիտասի փողոցի Մ. Մաշտոցի պողոտայից մինչև Մակիչի փողոցի, Կոմիտասի փողոցից մինչև Գուսան Աշոտի փողոցը ընկած հատվածները և ամբողջ հասարակական կենտրոնը:

 

Ընդհանուր եզրակացություններ

 

81. Գորիսում ու հանրապետության մյուս պատմական քաղաքներում կատարված հետազոտությունները և մեր երկրի պատմական բնակավայրերի վերակառուցման արդյունքներն ասում են այն մասին, որ պատմական քաղաքի պատմաճարտարապետական արժեքավոր որակների պահպանության լավագույն միջոց է նրանց ֆունկցիայի ճիշտ ընտրությունը: Գորիսի մշակութային պոտենցիալը որպես նրա ապագա կարևոր քաղաքաստեղծ գործոն թելադրում է նրանում պատմամշակութային, կրթամշակութային, առևտրաարհեստագործական և զբոսաշրջային ֆունկցիաների զարգացում, որի հետևանքով քաղաքը կվերածվի Զանգեզուրի ռեգիոնի պատմամշակութային զբոսաշրջային կենտրոնի:

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2012
N 21
Արձանագրային որոշում