ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
2 ապրիլի 2012 թվականի թիվ 1
«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գնումների գործընթացին մասնակցելու իրավունքի չունեցող մասնակցի վերաբերյալ ունեցած տեղեկությունների հիման վրա լիազորված մարմինը պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում: Տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո, գնումների բողոքարկման խորհուրդը որոշում է կայացնում մասնակցին սույն հոդվածով նախատեսված ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:
Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստացված յուրաքանչյուր բողոքը քննելու համար խորհրդի անդամներից ձևավորվում է երեք անձից բաղկացած հանձնաժողով, իսկ 3-րդ մասի համաձայն` հանձնաժողովը քննում է բողոքը և խորհրդի անունից որոշում ընդունում` ղեկավարվելով սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
Օրենքի 48-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են բողոքների քննարկման արդյունքում գնումների բողոքարկման խորհրդի իրավասությանը վերապահված որոշումները, որոնք ըստ էության խորհրդի անունից ընդունում է հանձնաժողովը: Մասնավորապես նշված մասի 7-րդ կետի համաձայն` խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու մասնակցին գնումների գործընթացին մասնակցության իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
Վերը նշված դրույթները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս այն առումով, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հարցը պետք է քննարկի գնումների բողոքարկման խորհուրդը, թե խորհրդի անդամներից ձևավորված երեք անձից բաղկացած հանձնաժողովը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Օրենքի 15-րդ հոդվածը` պաշտոնապես պարզաբանում ենք`
Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ևս հանդիսանում է պատվիրատուի և/կամ այլ շահագրգիռ մարմնի կողմից ներկայացված բողոք, որի քննարկման նպատակով գնումների բողոքարկման խորհրդի կազմից ձևավորվելու է Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնաժողով, որն էլ խորհրդի անունից ընդունելու է համապատասխան որոշում: