Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՄԱՆ, ՔԱՂԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ, ՊԱ ...

30.08.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1998  -ից մինչեւ   30.08.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 20.08.02 թիվ ՆԿ-1170-Ն կարգադրություն)

i

031.0220.211298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ, ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

21 դեկտեմբերի 1998թ.

ՆԿ-220

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Նախագահի 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի ՆԿ-220

կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ, ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը (այսուհետ` Վարչություն) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:

3. Վարչության կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

4. Վարչության ներքին կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Աշխատակազմի ղեկավարը` Վարչության պետի ներկայացմամբ:

5. Վարչությունն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:

 

II. Վարչության հիմնական խնդիրները և գործառույթները

 

1. Վարչության հիմնական խնդիրներն են`

- իր իրավասության շրջանակներում ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքական ապաստան տալու, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.

- իր իրավասության շրջանակներում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին վերապահված այլ լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

2. Վարչության հիմնական գործառույթներն են`

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախնական քննարկմանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութերը նախապատրաստելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նախնական քննարկմանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու վերաբերյալ անհրաժեշտ նյութերը նախապատրաստելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ նյութերը նախապատրաստելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի նախնական քննարկմանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ անհրաժեշտ նյութերը նախապատրաստելը.

- Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնելու համար բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութերը նախապատրաստելը.

- մեդալներով ու շքանշաններով պարգևատրված անձանց կորցրած վկայականները վերականգնելու մասին փաստաթղթերին ընթացք տալը և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ տրամադրելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթներ:

3. Վարչությունն իր գործառույթներն իրականացնելիս`

- իր իրավասության շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և սահմանված կարգով Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը` համապատասխան եզրակացություններով ու տեղեկանքներով.

- իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը նախապատրաստելու, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով, հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

- իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացված ակտերի նախագծերի համակողմանի ուսումնասիրման նպատակով, Աշխատակազմի ղեկավարի միջոցով փորձաքննության է ուղարկում համապատասխան նյութերը և անհրաժեշտության դեպքում պահանջում տեղեկատվական-վերլուծական բնույթի այլ նյութեր ու փաստաթղթեր.

- իր իրավասության շրջանակներում վերահսկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը և Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար միջոցներ ձեռնարկելու և հայտնաբերված խախտումները վերացնելու միջնորդություններ հարուցելու վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ պարբերաբար ուսումնասիրում և քննարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների կատարման արդյունքները և ներկայացնում տեղեկանքներ.

- իր իրավասության շրջանակներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության դատական մարմինների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ մարմինների պաշտոնատար անձանց հետ.

- իր իրավասության շրջանակներում իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով դրանք համապատասխան մարմիններին, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին, Աշխատակազմի ղեկավարին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.

- իր իրավասության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին զեկուցումներ է ներկայացնում իր կողմից սպասարկվող բնագավառների հետ առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին:

 

III. Վարչության աշխատանքների կազմակերպումը

և ղեկավարումը

 

1. Վարչության պետն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:

2. Վարչության պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

3. Վարչության պետը`

- իրականացնում է Վարչության անմիջական ղեկավարումը.

- իրականացնում է Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վարչության կանոնադրության, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց խրախուսելու վերաբերյալ.

- Վարչության աշխատողների միջև բաշխում է պարտականությունները.

- իր իրավասության շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

- իր իրավասության շրջանակներում ապահովում է Վարչության և այլ մարմինների փոխհարաբերությունները.

- ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.

- Վարչության իրավասության շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

- պատասխանատվություն է կրում Վարչության առջև դրված խնդիրների լուծման համար.

- կատարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջականորեն ենթարկվում են Վարչության պետին:

5. Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Աշխատակազմի ղեկավարի հրամանով` Վարչության պետի ներկայացմամբ:

6. Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`

- իրականացնում են համապատասխան ստորաբաժանման անմիջական ղեկավարումը.

- ապահովում են իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատանքի պատշաճ կազմակերպումը.

- Վարչության պետին են զեկուցում իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պատրաստված նյութերը.

- Վարչության պետի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում են իրենց ղեկավարած ստորաբաժանման գործունեության հետ առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

- պատասխանատվություն են կրում իրենց ղեկավարած ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

- կատարում են Վարչության պետի հանձնարարականները:

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.12.1998
N ՆԿ-220
Կարգադրություն