Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

28.06.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.04.1994  -ից մինչեւ   28.06.1996  -ը:
 

 

/ուժը կորցրել է 29.05.96 օրենք/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

i

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «15» մարտի 1994թ. Հ.Ն-1017-I

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատը (այսուհետ` «Վերահսկիչ պալատ» ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված պետական բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանրապետական մարմին է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ղեկավարությամբ և հաշվետու է նրան:

Հոդված 2. Վերահսկիչ պալատն իր գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից և կառավարությունից անկախ մարմին է:

Հոդված 3. Վերահսկիչ պալատն իր աշխատանքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով, ինչպես նաև` իր կանոնադրությամբ:

Վերահսկիչ պալատի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը: Վերահսկիչ պալատն իրավաբանական անձ է, որն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերմամբ կլոր կնիք:

 

ԳԼՈՒԽ 2
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

Հոդված 4. Վերահսկիչ պալատն իր իրավասության սահմաններում`

1) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված պետական բյուջեի կատարման, մասնավորապես` պետական բյուջեի եկամուտների ժամանակին և լրիվ մուտքի, բյուջեի միջոցների, պետական արտաբյուջետային ֆոնդերի նպատակային և արդյունավետ օգտագործման, պետական իշխանության և կառավարման մարմինների պահպանման ծախսերի նկատմամբ.

2) վերահսկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և դրանց մարմինների կողմից պետական բյուջեի կատարման ընթացքը.

3) վերահսկում է պետական բյուջեի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների կողմից իրականացվող ինվեստիցիոն գործունեությունը.

4) ստուգում է պետական ծրագրերի և պետական պատվերների կատարման համար ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և արդյունավետությունը.

5) վերահսկում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների կողմից պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը.

6) ֆինանսական վերահսկողություն է իրականացնում պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններում, նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում բյուջետային հատկացումների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ, այդ նպատակով ստուգում է դրանց դրամական փաստաթղթերը, հաշվապահական գրքերը, հաշվետվությունները, պլանները, նախահաշիվները և ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ մյուս փաստաթղթերը, դրամական գումարների, արժեթղթերի, նյութական արժեքների առկայությունը և դրանց ծախսման ճշտությունը.

7) վերահսկողություն է իրականացնում դրամական էմիսիայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից վարկային և արժութային միջոցների օգտագործման նկատմամբ.

8) վերլուծում է պետական բյուջեի հոդվածների, պետական ծրագրերի հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ֆինանսատնտեսական հիմնավորվածությունը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին տալիս համապատասխան եզրակացություն.

9) Ստուգում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պետական բյուջեի վճարահաշվարկային կատարման վիճակը, դրամավարկային հարաբերությունների և էմիսիայի կարգավորման հարցերը, վերահսկում է վճարային հաշվեկշիռը.

1Օ) իր կողմից կատարված ստուգումների, վերաստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ընդունում է որոշումներ` առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին, Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, դատաքննչական մարմիններին, ինչպես նաև ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից), որոնք քննության են առնվում օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) ստուգումներ և վերստուգումներ անցկացնելիս դրամական միջոցների եվ նյութական արժեքների հափշտակման փաստեր, այլ չարաշահումներ հայտնաբերելու դեպքերում դրանց վերաբերյալ նյութերը հանձնում է իրավապահ մարմիններին.

12) իր իրավասության սահմաններում քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները:

Հոդված 5. Ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելիս պետական մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատի աշխատակիցների պահանջով, վերջիններիս իրավասության սահմաններում, պարտավոր են` հաշվետվություններ ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ, բացատրություններ տալ քննարկվող հարցերի կապակցությամբ, ինչպես նաև աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունները կատարելիս:

Հիշյալ պետական մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք կեղծ տեղեկություններ հաղորդելու, Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչնդոտելու դեպքերում` պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 6. Վերահսկիչ պալատն իր գործունեության ապահովման համար, իր իրավասության սահմաններում, անհրաժեշտ տեղեկություններ է ստանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, պետական իշխանության և կառավարման մյուս մարմիններից:

Նշված մարմինների պաշտոնատար անձինք փաստաթղթեր թաքցնելու, Վերահսկիչ պալատին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 7. Վերահսկիչ պալատը ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքներն ամփոփում է իր նիստերում և ընդունում համապատասխան որոշումներ:

Հոդված 8. Վերահսկիչ պալատի իրավասությանը ենթակա հարցերի քննարկմանը պալատի նախագահի հրավերով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք:

Հոդված 9. Վերահսկիչ պալատը տարեկան առնվազն մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` իր նախաձեռնությամբ կամ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության առաջարկությամբ, տեղեկություններ է հաղորդում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը:

Հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում:

 

ԳԼՈՒԽ 3
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հոդված 1Օ. Վերահսկիչ պալատի աշխատանքը ղեկավարում է Վերահսկիչ պալատի նախագահը, նրա առաջին տեղակալը և տեղակալը:

Վերահսկիչ պալատի առջև դրված խնդիրներն իրականացնելու նպատակով պալատում ստեղծվում են համապատասխան բաժիններ:

Հոդված 11. Վերահսկիչ պալատի կառուցվածքը, աշխատողների սահմանային թվաքանակը և աշխատավարձի ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացմամբ:

Վերահսկիչ պալատի գործունեության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ծախսերի նախահաշվով:

Հոդված 12. Վերահսկիչ պալատի նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներկայացմամբ` փակ, գաղտնի քվեարկությամբ, 6 տարի ժամկետով: Թեկնածուն համարվում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրված, եթե նրա օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան նրանց ընդհանուր թվի մեկ երրորդը:

Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:

Հոդված 13. Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ունենա տնտեսագիտական կամ իրավաբանական բարձրագույն կրթություն և պետական մարմինների տնտեսական կառուցվածքներում ղեկավար աշխատանքի ոչ պակաս, քան 5 տարվա փորձ:

Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող լինել պատգամավորների որևէ խորհրդի պատգամավոր:

Հոդված 14. Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ինչպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախաձեռնությամբ, այնպես էլ Վերահսկիչ պալատի նախագահի խնդրանքով` նրա հիվանդության դեպքում, ինչպես նաև այնպիսի հանգամանքների բերումով, որոնք անհնար են դարձնում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան նրանց ընդհանուր թվի մեկ երրորդը:

Հոդված 15. Վերահսկիչ պալատի նախագահը`

1) ղեկավարում է պալատի գործունեությունը և կազմակերպում նրա աշխատանքը.

2) ապահովում է օրինականության պահպանումը վերահսկողություն իրականացնելիս.

3) պալատը ներկայացնում է պետական մարմիններում.

4) հրավիրում է խորհրդակցություններ և պալատի նիստեր.

5) եզրակացություն է ներկայացնում ընթացիկ բյուջետային տարում պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության առթիվ.

6) հաստատում է կատարված ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ.

7) հսկողություն է կազմակերպում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնարարությունների կատարման նկատմամբ.

8) հաստատում է Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու մեթոդական հրահանգները.

9) հրամաններ և կարգադրություններ է արձակում պալատի աշխատանքների կազմակերպման, պալատի աշխատողների նշանակման և ազատման վերաբերյալ.

1Օ) պատասխանատվություն է կրում պալատի գործունեության համար:

Հոդված 16. Վերահսկիչ պալատի նախագահը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության և Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:

Հոդված 17. Վերահսկիչ պալատի նախագահի բացակայության կամ վերջինիս կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում, նրա պարտականությունները կատարում է պալատի նախագահի առաջին տեղակալը կամ տեղակալը:

Հոդված 18. Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալը և տեղակալը իրենց պաշտոններում նշանակվում և ազատվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ` Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ, իսկ պալատի մյուս աշխատողները` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշխատակազմի ստորաբաժանումները Վերահսկիչ պալատի գործունեությանը ցույց են տալիս կազմակերպական, տեխնիկական և այլ աջակցություն:

 

ԳԼՈՒԽ 4
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 2Օ. Աշխատանքի պլանավորման և կազմակերպման, վերահսկողության գործունեության մեթոդաբանական հարցերի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացվող հաշվետվությունների և հաղորդումների քննարկման նպատակով ստեղծվում է Վերահսկիչ պալատի խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է:

Հոդված 21. Վերահսկիչ պալատի խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են Վերահսկիչ պալատի նախագահը, նրա առաջին տեղակալը, տեղակալը և բաժինների վարիչները:

Հոդված 22. Վերահսկիչ պալատի խորհրդի գործունեությունը կարգավորվում է Վերահսկիչ պալատի կանոնադրությամբ:

Հոդված 23. Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Նիստերին նախագահում է պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի առաջին տեղակալը կամ տեղակալը:

Խորհրդի աշխատանքին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Հոդված 24. Վերահսկիչ պալատը ստուգումներ, վերստուգումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելիս համագործակցում է պետական իշխանության և կառավարման համապատասխան մարմինների հետ:

Այդ աշխատանքները կոորդինացնելու նպատակով ներգրավվում են վերահսկողական այլ մարմինների ներկայացուցիչներ` Վերահսկիչ պալատում կազմակերպելով ստուգման արդյունքների հետագա համատեղ քննարկում:

Հոդված 25. Վերահսկիչ պալատն իր իրավասության սահմաններում համագործակցում է իրավապահ մարմինների հետ:

Հոդված 26. Վերահսկիչ պալատն իր իրավասության սահմաններում անհրաժեշտության դեպքում, կարող է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, այլ ֆինանսավարկային կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և պետական այլ մարմիններից ու ոչ պետական կազմակերպություններից պահանջել փաստաթղթեր` վերջիններիս կողմից բյուջետային միջոցների օգտագործման ուղղությամբ ավելի վաղ կատարված ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 6
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 27. Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահերը: Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում պալատի կողմից կատարված ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները խեղաթյուրելու, ստուգվող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների առևտրային, ինչպես նաև պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հրապարակելու համար:

Ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարման ընթացքում, մինչև Վերահսկիչ պալատի կողմից համապատասխան որոշման ընդունումը, պալատի աշխատողներին, պաշտոնատար այլ անձանց արգելվում է որևէ ձևով նախնական գնահատականներ և եզրակացություններ հրապարակել:

 

 

pin
ՀՀ 07.04.1994
N ՀՕ-94 օրենք