ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
7 մայիսի 2009 թվականի N 4
i
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 76-րդ հոդվածի համաձայն` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած առևտրային կազմակերպությունների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 %-ից և ավելի` համախառն եկամտի 10 %-ից, որոնք համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 46-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները:
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 31.2-րդ հոդվածի համաձայն` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 %-ից և ավելի` համախառն եկամտի 10 %-ից, որոնք համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի համաձայն տարեկան եկամուտների մասին հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, որոնք հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:
Այն դեպքում, երբ նշված կատեգորիայի հարկ վճարողները 2008 կամ 2009 թվականների ընթացքում հանդիսացել են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճար վճարող և շահութահարկ (եկամտահարկ) վճարող, շահութահարկի (եկամտահարկի) նվազագույն և առավելագույն գումարների հաշվարկը կատարելու առումով նշված իրավական ակտերի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած և 2008 թվականի ընթացքում շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և շահութահարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունների 2008 թվականի տարեկան շահութահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2 %-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10 %-ից:
2. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած և 2008 թվականի ընթացքում եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և եկամտահարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի 2008 թվականի տարեկան եկամտահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2 %-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10 %-ից:
3. 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված և 2009 թվականի ընթացքում շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և շահութահարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների 2009 թվականի տարեկան շահութահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2 %-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10 %-ից:
4. 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված և 2009 թվականի ընթացքում եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և եկամտահարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի 2009 թվականի տարեկան եկամտահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2 %-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10 %-ից: