Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԿ N 26 «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԿ N 26 «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

12 մարտի 2009 թվականի N 11

 

i

8. ԱՄԿ N 26 «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՄԿ N 132 «ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ` 2006-2008 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել`

1) ԱՄԿ N 26 «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան` 2006-2008 թթ.)` համաձայն N 1 հավելվածի.

2) ԱՄԿ N 132 «Վճարովի արձակուրդի մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան` 2006-2008 թթ.)` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 12-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1928/N 26/ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

 

1. Խնդրում ենք թվարկել օրենսդրական և վարչական կանոնները կամ այլ կանոնակարգերը, որոնք կիրառում են Կոնվենցիայի դրույթները: Խնդրում ենք վերոհիշյալ օրենսդրության, կանոնադրության տեքստերի օրինակները այս զեկույցի հետ միասին ուղարկել Աշխատանքի միջազգային կազմակերպություն, եթե դա նախապես չի արվել:

Խնդրում ենք հնարավորին չափ ներկայացնել տեղեկատվություն Կոնվենցիայի վավերացման նպատակով կամ վավերացման հետևանքով այս օրենքների և կանոնադրության ընդունման կամ փոփոխման աստիճանի վերաբերյալ:

2. Խնդրում ենք Կոնվենցիայի յուրաքանչյուր ներքոհիշյալ հոդվածի համար մանրամասն նկարագրել օրենսդրության և վարչական կանոնների դրույթները կամ այլ միջոցները, որոնց համաձայն կիրառվում է յուրաքանչյուր հոդվածը: Խնդրում ենք յուրաքանչյուր առանձին հոդվածի համար ներկայացնել նաև հոդվածին հաջորդող հատուկ պահանջներին համապատասխան տեղեկատվություն:

Եթե Ձեր երկրում Կոնվենցիայի վավերացումը նրա դրույթներին հաղորդում է ազգային օրենքի ուժ, խնդրում ենք նշել այն սահմանադրական դրույթները, որոնց հիման վրա է դա կատարվում: Խնդրում ենք նաև նշել ինչ քայլեր են ձեռնարկվել Կոնվենցիայի այն դրույթները արդյունավետ դարձնելու նպատակով, որոնց իրականացման համար ազգային իշխանություններից պահանջվում են հատուկ միջոցներ, ինչպիսին են նախատեսված թույլատրելի բացատրություններից օգտվելու ստույգ սահմանների և աստիճանի որոշման, դրույթներին շահառու կողմերի ուշադրությունն ուղղելու և համապատասխան վերահսկման և տուգանքների նշանակման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Եթե Կոնվենցիաների և հանձնարարականների /ռեկոմենդացիաների/ հարցերով զբաղվող Փորձագետների կոմիտեն կամ Չափորոշիչների կիրառման Խորհրդաժողովի կոմիտեն պահանջում են լրացուցիչ տեղեկություններ կամ կատարել են դիտողություններ Կոնվենցիայի կիրառման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը և տեղեկացնել այդ հարցերի կարգավորման նպատակով Ձեր կառավարության կողմից կատարվող գործողությունների մասին:

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո: Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

 

Նորմատիվ իրավական ակտերի ցանկ`

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 6-րդ, հոդված 32

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդված

3. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդված

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.8-րդ հոդված

 

Հոդված 1

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր Անդամ պարտավորվում է ստեղծել կամ հաստատել ընթացակարգ, որով կարող են սահմանվել այն որոշ մասնագիտություններում կամ դրանց ճյուղերում (մասնավորապես` տնային տնտեսությունում) ներգրավված աշխատողների աշխատավարձի նվազագույն դրույքաչափերը, որտեղ գոյություն չունի հավաքական պայմանագրով կամ այլ մեխանիզմով հաստատված աշխատավարձի կարգավորման ընթացակարգ, և որտեղ աշխատավարձերն առանձնապես ցածր են:

2. Սույն Կոնվենցիայի նպատակով մասնագիտություններ տերմինը ներառում է արտադրությունը և առևտուրը:

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով: Սակայն հանրապետությունում հաստատված չէ աշխատողների նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգը:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով: Տնտեսության առանձին ճյուղերի, բնակավայրերի, աշխատողների որոշակի խմբերի համար օրենքով կարող է սահմանվել ամսական նվազագույն աշխատավարձի (ժամավճարի) այլ չափ, իսկ կոլեկտիվ պայմանագրով կարող է սահմանվել սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափը 2008 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25 000 դրամ:

ՀՀ օրենսդրությամբ առանձին մասնագիտությունների կամ դրանց ճյուղերում ներգրաված աշխատողների համար նվազագույն աշխատավարձի չափ սահմանված չէ:

Պետական ծառայության համակարգում պետական ծառայողների համար սահմանվում է նվազագույն աշխատավարձի այլ չափ:

Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով նախատեսված այլ ծառայությունները: Նշված մարմիններում աշխատող մասնագետների համար նվազագույն աշխատավարձի չափը (բազային պաշտոնային դրույքը) սահմանվում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով:

 

Հոդված 2

 

Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր Անդամ իրավունք ունի, համապատասխան մասնագիտության կամ մասնագիտության ճյուղերի աշխատողների և գործատուների կազմակերպությունների առկայության դեպքում նրանց հետ խորհրդակցելուց հետո, որոշել, թե որ մասնագիտության կամ մասնագիտության ճյուղի, մասնավորապես, տնային տնտեսությունների որ տեսակների նկատմամբ պետք է կիրառվի 1-ին հոդվածում նշված նվազագույն աշխատավարձի հաստատման ընթացակարգը:

Խնդրում ենք ներկայացնել սույն հոդվածի կիրառման նպատակով աշխատողների և գործատուների կազմակերպությունների հետ խորհրդակցելու համար ընդունված մեթոդը:

Աշխատողների և գործատուների կազմակերպությունների հետ խորհրդակցելու մեթոդ սահմանված չէ:

 

Հոդված 3

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ իրավունք ունի որոշելու նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի բնույթը, ձևը և դրա իրականացման մեթոդները:

2. Պայմանով, որ`

1) մինչև մասնագիտության կամ մասնագիտության ճյուղի նկատմամբ ընթացակարգի կիրառումը խորհրդակցելու է գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցիչների, այդ թվում` համապատասխան կազմակերպությունների առկայության դեպքում` դրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնագիտության կամ գործառույթների նպատակով հատուկ որակավորում ստացած այլ անձանց հետ, որոնց իրավասու իշխանությունը նպատակահարմար է գտնում խորհրդատվություն տրամադրել,

2) շահագրգիռ գործատուները և աշխատողները միավորվում են ընթացակարգի իրագործման ժամանակ` որոշ ձևով ու չափով, սակայն, ամեն դեպքում, ազգային օրենքներով և կանոնակարգերով սահմանված հավասար ներկայացուցչությամբ և հավասար պայմաններով,

3) սահմանված նվազագույն աշխատավարձը պարտադիր է համարվում համապատասխան գործատուների և աշխատողների համար և ենթակա չէ նրանց կողմից նվազեցման ոչ անհատական համաձայնությամբ, ոչ հավաքական պայմանագրով` բացառությամբ իրավասու իշխանության կողմից ընդհանուր կամ մասնակի լիազորման:

Խնդրում ենք սույն հոդվածի դրույթների համաձայն ներկայացնել ամբողջական տեղեկատվություն Ձեր երկրում ընդունված նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի բնույթի և ձևի, ինչպես նաև իրականացման մեթոդների վերաբերյալ` նշելով շահագրգիռ կողմերի համար խորհրդատվության մեթոդը ըստ կետ 1-ի, և ընթացակարգի կատարման ժամանակ շահագրգիռ գործատուների և աշխատողների միավորման միջոցները կետ 2-ի համապատասխան:

Խնդրում ենք նշել կոլեկտիվ պայմանագրերի առնչությամբ ընդունված բացառության դեպքերը ըստ կետ 3-ի (սահմանված նվազագույն աշխատավարձի պակասեցում իրավասու մարմնի ընդհանուր կամ մասնակի լիազորությամբ):

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանվում է ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է աշխատած փաստացի ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

 

Հոդված 4

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր Անդամ վերահսկողության և պատժամիջոցների համակարգի միջոցով անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում աշխատավարձի գործող նվազագույն դրույքաչափերի մասին շահագրգիռ գործատուների և աշխատողների իրազեկվածությունն ապահովելու և աշխատավարձերի կիրառելի դրույքաչափերից ավելի ցածր վճարումը թույլ չտալու համար:

2. Աշխատողը, որի վրա տարածվում են նվազագույն դրույքաչափերը, և որը ստացել է կիրառելի դրույքաչափերից ցածր աշխատավարձ, իրավունք ունի դատական կարգով կամ օրինական այլ ձևերով ստանալ իրենց չվճարված գումարը` ազգային օրենքներով և կանոնակարգերով սահմանված վաղեմության ժամկետի պայմանով:

Խնդրում ենք սույն հոդվածի առնչությամբ նշել 1 և 2 կետերում ներկայացված օրենսդրության և վարչական կանոնների և այլ նորմերի իրականացումը համակարգող պետական մարմնի կամ մարմինների անվանումը, և կիրառումը իրականացնելու և վերահսկելու կարգը: Մասնավորապես, խնդրում ենք ներկայացնել տեղեկատվություն տեսչության կազմակերպման և գործունեության վերաբերյալ:

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է, որ աշխատանքի պետական տեսուչը հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս հանդես է գալիս պետության անունից, գտնվում է պետության պաշտպանության ներքո, անկախ է պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից և ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 29 թիվ 1146-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական վերահսկողություն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ:

Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն:

 

Հոդված 5

 

Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր Անդամ Աշխատանքի միջազգային բյուրոյին տարեկան մեկ անգամ ուղարկում է նվազագույն աշխատավարձի ընթացակարգը կիրառող մասնագիտությունների կամ մասնագիտությունների ճյուղերի վերաբերյալ ամբողջական ցանկը` նշելով այդ ընթացակարգի կիրառման մեթոդները, ինչպես նաև արդյունքները և, հակիրճ կերպով, ընդգրկված աշխատողների մոտավոր թվաքանակը, հաստատված նվազագույն դրույքաչափերը և, առկայության դեպքում, նվազագույն դրույքաչափերի նկատմամբ սահմանված այլ համեմատաբար կարևոր պայմանները:

Եթե առկա վիճակագրական տվյալները թույլ են տալիս, խնդրում ենք առանձին նշել նվազագույն աշխատավարձի ընթացակարգում ընդգրկվող տղամարդկանց, կանանց, ինչպես նաև չափահասների և երիտասարդների թիվը և աշխատողների այս տարբեր խմբերի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:

Հայաստանում Նվազագույն աշխատավարձի չափը պայմանավորված չէ սեռային կամ տարիքային տարբերակմամբ: Միևնույն ժամանակ Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստացողների շրջանում ըստ սեռային, տարիքային կազմի վիճակագրություն չի վարվում:

3. Խնդրում ենք, առկայության դեպքում, նշել դատարանների կամ այլ արդարադատության մարմինների կողմից Կոնվենցիայի կիրառման սկզբունքային հարցերի առնչությամբ կայացրած որոշումները: Խնդրում ենք ներկայացնել դատավճիռների տեքստերը:

Կոնվենցիայի կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից որևէ վճիռ չի կայացվել: Կից ներկայացվում է ՀՀ դատական դեպարտամենտի գրությունը:

4. Խնդրում ենք նշել գործատուների և աշխատողների լիազորված կազմակերպությունները, որոնց Աշխատանքի միջազգային կազմակերպության Սահմանադրության 23-րդ Հոդվածի 2-րդ պարբերությանը համաձայն փոխանցվել են տվյալ զեկույցի օրինակները 1*): Եթե զեկույցի օրինակները չեն ներկայացվել գործատուների և/կամ աշխատողների լիազորված կազմակերպություններին, կամ եթե նրանք ուղարկվել են այլ կազմակերպություններին, խնդրում ենք ներկայացնել այդ գործողությունը բացատրող Ձեր երկրում գոյություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Զեկույցի նախագիծը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային և Հայաստանի գործատուների հանրապետական միությանն ուղարկվել է կարծիքի:

Խնդրում ենք նշել ստացել եք արդյոք գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպություններից ընդհանուր բնույթ կրող կամ Կոնվենցիայի դրույթների պրակտիկ կիրառման կամ Կոնվենցիան կիրառող օրենսդրության, այլ նորմերի առնչությամբ ներկա կամ նախորդ զեկույցների վերաբերյալ դիտողություններ: Եթե այո, խնդրում ենք ներկայացնել ստացված դիտողությունները և դրանց վերաբերյալ Ձեր մեկնաբանությունները:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել և ներառվել են զեկույցում: Ներկայացված կարծիքները կցվում են:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թ. մարտի 12-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) 1970 /N 132/ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

 

1. Խնդրում ենք թվարկել օրենսդրական և վարչական կանոնները կամ այլ կանոնակարգերը, որոնք կիրառում են Կոնվենցիայի դրույթները: Խնդրում ենք վերոհիշյալ օրենսդրության, կանոնադրության տեքստերի օրինակները այս զեկույցի հետ միասին ուղարկել Աշխատանքի միջազգային կազմակերպություն, եթե դա նախապես չի արվել:

Խնդրում ենք հնարավորին չափ ներկայացնել տեղեկատվություն Կոնվենցիայի վավերացման նպատակով կամ վավերացման հետևանքով այս օրենքների և կանոնադրության ընդունման կամ փոփոխման աստիճանի վերաբերյալ:

2. Խնդրում ենք Կոնվենցիայի յուրաքանչյուր ներքոհիշյալ հոդվածի համար մանրամասն նկարագրել օրենսդրության և վարչական կանոնների դրույթները կամ այլ միջոցները, որոնց համաձայն կիրառվում է յուրաքանչյուր հոդվածը: Խնդրում ենք յուրաքանչյուր առանձին հոդվածի համար ներկայացնել նաև հոդվածին հաջորդող հատուկ պահանջներին համապատասխան տեղեկատվություն:

Եթե Ձեր երկրում Կոնվենցիայի վավերացումը նրա դրույթներին հաղորդում է ազգային օրենքի ուժ, խնդրում ենք նշել այն սահմանադրական դրույթները, որոնց հիման վրա է դա կատարվում: Խնդրում ենք նշել նաև ինչ քայլեր են ձեռնարկվել Կոնվենցիայի այն դրույթները արդյունավետ դարձնելու նպատակով, որոնց իրականացման համար ազգային իշխանություններից պահանջվում են հատուկ միջոցներ, ինչպիսին են նախատեսված թույլատրելի բացառություններից օգտվելու ստույգ սահմանների և աստիճանի որոշման, դրույթներին շահառու կողմերի ուշադրությունն ուղղելու և համապատասխան վերահսկման և տուգանքների նշանակման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Եթե Կոնվենցիաների և հանձնարարականների /ռեկոմենդացիաների/ հարցերով զբաղվող Փորձագետների կոմիտեն կամ Չափանիշների կիրառման Խորհրդաժողովի կոմիտեն պահանջում են լրացուցիչ տեղեկություններ կամ կատարել են դիտողություններ Կոնվենցիայի կիրառման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը և տեղեկացնել այդ հարցերի կարգավորման նպատակով Ձեր կառավարության կողմից կատարվող գործողությունների մասին:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված է, որ «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված էր օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով 151-րդ հոդվածը սահմանում է հանգստի ժամանակի տեսակները, իսկ 158, 159, 160, 161-րդ հոդվածներով սահմանված է ամենամյա վճարովի արձակուրդ հասկացությունը, նվազագույն, լրացուցիչ և երկարացված արձակուրդների տևողության և վճարման կարգը:

Նորմատիվ իրավական ակտերի ցանկ`

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 6-րդ և 33-րդ հոդվածներ

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 18-գլուխ

3. «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենք:

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի դրույթները, այնքանով, որքանով դրանք այլ կերպ չեն իրագործվել հավաքական համաձայնագրերին, արբիտրաժի որոշումներին, դատական որոշումներին, աշխատավարձի սահմանման հաստատված ընթացակարգերին կամ ազգային պրակտիկային համապատասխան ցանկացած այլ միջոցով, իրագործվում են ազգային օրենքներով և կանոնակարգերով:

Խնդրում ենք նշել Կոնվենցիայի դրույթների իրագործման մեթոդները:

Սույն Կոնվենցիայի դրույթները իրագործվում են 2005 թվականի հունիսի 21-ին ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ գլխով սահմանված կարգով:

 

Հոդված 2

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր աշխատող անձանց նկատմամբ` բացառությամբ նավաստիների:

2. Անհրաժեշտության դեպքում, իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերի միջոցով, գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո, կարող են ձեռնարկվել միջոցներ սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից աշխատող անձանց սահմանափակ կատեգորիաներ բացառելու նպատակով, որոնց աշխատանքի առումով ծագում են Կոնվենցիայի կատարմանը կամ օրենսդրական կամ սահմանադրական հարցերին վերաբերող հատուկ, լուրջ հիմնախնդիրներ:

3. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածի համաձայն ներկայացվող Կոնվենցիայի կիրառման մասին առաջին զեկույցում թվարկում է այն կատեգորիաները, որոնք բացառվել են սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նշելով դրանց բացառման պատճառները, և հետագա զեկույցներում հայտնում է բացառված կատեգորիաների առնչությամբ իր օրենսդրության և պրակտիկայի սկզբունքների մասին, որով Կոնվենցիան կիրառվել է կամ ենթադրվում է, որ պետք է կիրառվի այդպիսի կատեգորիաների նկատմամբ:

Աշխատողների որոշ խմբերին Կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառելու դեպքում,

/ա/ խնդրում ենք նշել այդ որոշումը կայացնող իրավասու մարմինը և/կամ այն կատարելու ընթացակարգերը /Կետ 2/,

/բ/ խնդրում ենք ներկայացնել տեղեկատվություն գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցելու վերաբերյալ /դրանց առկայության դեպքում/,

/գ/ խնդրում ենք թվարկել բացառված խմբերը /կետ 3/,

/դ/ խնդրում ենք նշել բացառման պատճառները /կետ 3/,

/ե/ խնդրում ենք երկրորդ և հաջորդ զեկույցներում ներկայացնել բացառված խմբերի առնչությամբ օրենսդրության և պրակտիկայի սկզբունքները, և

/զ/ խնդրում ենք երկրորդ և հաջորդ զեկույցներում նշել այդպիսի խմբերի նկատմամբ Կոնվենցիայի կիրառման շրջանակների առնչությամբ կատարված կամ կատարվելիք փոփոխությունները /Կետ 3/:

Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ բացառություններ նախատեսված չեն:

 

Հոդված 3

 

1. Յուրաքանչյուր անձ, ում նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք` սահմանված նվազագույն տևողությամբ:

2. Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ վավերագրին կից հայտարարությունում սահմանում է արձակուրդի տևողությունը:

3. Արձակուրդն աշխատանքային մեկ տարում ոչ մի դեպքում չպետք է պակաս լինի աշխատանքային երեք շաբաթից:

4. Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր Անդամ հետագայում կարող է նոր հայտարարության միջոցով ծանուցել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին այն մասին, որ սահմանում է արձակուրդի ավելի երկար տևողություն, քան այն տևողությունն է, որը սահմանված է վավերացման ժամանակ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի`

1. 158-րդ հոդվածի, ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

2. 159-րդ հոդվածի, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է:

Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

 

Հոդված 4

 

1. Այն անձը, որի աշխատանքի տևողությունը տարվա ընթացքում պակաս է նախորդ հոդվածով նախատեսված իրավունքն ամբողջապես օգտագործելու համար, այդ տարվա ընթացքում ունի վճարովի արձակուրդի իրավունք, որը համամասնական է իր աշխատանքի տևողությանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում «տարի» տերմինը նշանակում է` օրացուցային տարի կամ իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգով սահմանած նույնպիսի տևողությամբ ցանկացած այլ ժամանակաշրջան:

Խնդրում ենք նշել սույն Հոդվածի կիրառման ընթացակարգը:

Աշխատողն արձակուրդի օգտագործման իրավունք է ձեռք բերում տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`

1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.

2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:

Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իրենց նախընտրած ժամանակ: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդված):

 

Հոդված 5

 

1. Ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի համար կարող է պահանջվել աշխատանքի նվազագույն ժամանակաշրջան:

2. Որակավորման այդպիսի ժամանակաշրջանի տևողությունը պետք է սահմանվի շահագրգիռ երկրի իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերով, բայց չպետք է գերազանցի վեց ամիսը:

3. Արձակուրդ տրամադրելու նպատակով աշխատանքի տևողության հաշվարկի մեթոդը յուրաքանչյուր երկրում սահմանվում է իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերով:

4. Յուրաքանչյուր երկրում իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերով սահմանվելիք պայմաններով` շահագրգիռ աշխատող անձից անկախ պատճառներով աշխատանքից բացակայելը, ինչպիսիք են հիվանդությունը, խեղումը կամ հղիությունը, հաշվարկվում է որպես աշխատանքային ժամանակահատվածի մաս:

Խնդրում ենք նշել ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի ձեռք բերման համար պահանջվող որակավորման ժամանակահատվածի տևողությունը /Կետ 1 և 2/:

Խնդրում ենք նշել արձակուրդ տրամադրելու նպատակով կիրառվող աշխատանքի տևողության հաշվարկի մեթոդը /Կետ 3/:

Խնդրում ենք նշել աշխատող անձից անկախ պատճառներով աշխատանքից բացակայելը որպես աշխատանքային ժամանակահատվածի մաս հաշվարկելու պայմանները /Կետ 4/:

Աշխատողն արձակուրդի օգտագործման իրավունք ձեռք է բերում տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`

1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

ՈՒսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ` անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժներն սկսել իրենց աշխատանքը: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդված):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված է, որ աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.

2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.

3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.

5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.

6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.

7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

Սեզոնային աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հատկացվում է վճարովի արձակուրդ կամ պայմանագիրը լուծելիս վճարվում է հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օրվա հաշվարկով: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մաս):

 

Հոդված 6

 

1. Պաշտոնական և ավանդական ոչ աշխատանքային օրերը, անկախ այն բանից` ընդգրկվում են դրանք ամենամյա արձակուրդի ժամանակաշրջանում, թե ոչ, չեն հաշվարկվում որպես սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդի մաս:

2. Յուրաքանչյուր երկրում իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերով սահմանվելիք պայմաններով` հիվանդության կամ խեղման պատճառով առաջացած անաշխատունակության ժամանակաշրջանները կարող են չհաշվարկվել որպես սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդի մաս:

Խնդրում ենք նշել միջոցները, որոնք ապահովում են ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդի տևողության հաշվարկումից պաշտոնական և ավանդական ոչ աշխատանքային օրերի բացառումը /Կետ 1/:

Խնդրում ենք նշել միջոցները, որոնք ապահովում են արձակուրդի տևողության հաշվարկումից հիվանդության կամ խեղման պատճառով առաջացած անաշխատունակության ժամանակահատվածի բացառումը /Կետ 2/:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում և չեն վճարվում:

Եթե ամենամյա արձակուրդի ընթացքում աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով կամ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվում է այլ ժամանակ: (ՀՀ աշխատանքային 167-րդ հոդված):

 

Հոդված 7

 

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված արձակուրդից օգտվող յուրաքանչյուր անձ այդ արձակուրդի տևողության լրիվ ժամանակաշրջանի համար ստանում է առնվազն իր հիմնական կամ միջին վարձատրությունը (ներառելով այդ վարձատրության ցանկացած մասի դրամական համարժեքը, որը վճարվում է նույն ձևով, և որը, անկախ այն բանից` տվյալ անձը արձակուրդում է, թե ոչ, մշտական շարունակական վճար չէ), որը հաշվարկվում է յուրաքանչյուր երկրում իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերի միջոցով սահմանված մեթոդին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վճարման ենթակա գումարները վճարվում են շահագրգիռ անձին մինչև արձակուրդը, եթե այլ կերպ նախատեսված չէ այդ աշխատողի և գործատուի պայմանագրում:

Խնդրում ենք նշել արձակուրդի վարձատրության հաշվարկման եղանակը /կետ 1/:

Խնդրում ենք նշել գումարների վճարումը մինչև արձակուրդը ապահովելու միջոցները /կետ 2/:

Ամենամյա արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդված): Միջին աշխատավարձի հաշվարկը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության և ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում: Եթե որևէ պատճառով տասներկու ամիսները լրիվ չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է հնարավոր մյուս բոլոր միմյանց նախորդող լրիվ ամիսների և դրանց համար աշխատողին վճարված աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձևավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվ ամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:

Եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառներով աշխատողը աշխատանքի մեջ չի եղել 12 ամսից ավելի և հետո վերադարձել է աշխատանքի և մեկ լրիվ ամիս չաշխատած` անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը, ապա այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը որոշվում է աշխատողին փաստացի կատարած աշխատանքի համար հաշվարկված աշխատավարձը`

ա) աշխատանքը վերսկսելու և դադարեցնելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի վրա բաժանելու և 30,4-ի բազմապատկելու միջոցով, եթե նշված ժամանակահատվածը մեկ շաբաթից ավելի է.

բ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 21-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 5-ից ավելի չեն` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում.

գ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 25,2-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 6-ից ավելի չեն` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Միջին պակաս աշխատավարձը որոշելիս հաշվի չեն առնվում այն պարգևատրումները, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց:

Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը):

Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում միջին ժամային աշխատավարձը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի և մեկ օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա:

Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում միջին ժամային աշխատավարձը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25.2-ի և մեկ օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա:

Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդված):

 

Հոդված 8

 

1. Ամենամյա վճարովի արձակուրդի բաժանումը մասերի կարող է թույլատրվել յուրաքանչյուր երկրի իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերի միջոցով:

2. Եթե գործատուին և աշխատողին վերաբերող համաձայնագրում այլ կերպ նախատեսված չէ, և այն պայմանով, որ այդ աշխատողի աշխատանքի տևողությունը տալիս է նրան այդ իրավունքը, արձակուրդի այդպիսի մասերից մեկը պետք է բաղկացած լինի առնվազն երկու անընդհատ աշխատանքային շաբաթից:

Խնդրում ենք ներկայացնել դրույթները, որոնք ապահովում են արձակուրդի մասերից մեկի տևողությունը առնվազն երկու չընդհատվող աշխատանքային շաբաթ ժամկետով, եթե այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով:

Գործատուի և աշխատողի միջև այլ համաձայնություն չլինելու դեպքում վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդված):

 

Հոդված 9

 

1. Սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված ամենամյա վճարովի արձակուրդի անընդհատ մասը տրվում և օգտագործվում է ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, և ամենամյա վճարվող արձակուրդի մնացած մասը տրվում է ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած արձակուրդ տալու տարվա վերջից:

2. Ամենամյա արձակուրդի ցանկացած մասը, որը գերազանցում է սահմանված նվազագույն տևողությունը, կարող է հետաձգվել շահագրգիռ աշխատող անձի համաձայնությամբ, սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակահատվածով` մինչև լրացուցիչ նշված վերջնաժամկետը:

3. Սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված նվազագույն տևողությունը և վերջնաժամկետը սահմանվում են իրավասու մարմնի կողմից` շահագրգիռ գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցությունից հետո, հավաքական բանակցությունների միջոցով կամ ազգային պրակտիկայի այնպիսի այլ մեթոդով, որը կարող է համապատասխանել ազգային պայմաններին:

Խնդրում ենք նշել ինչպես է կիրառվում սույն Հոդվածի 1-ին կետը:

Արձակուրդի մի մասի հետագա հետաձգման հետ կապված, խնդրում ենք նշել.

/ա/ խնդրում ենք նշել ինչպես է կիրառվում կետ 2-ը,

/բ/ արդյոք աշխատողների և գործատուների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցությունը նախորդում է հարցի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելուն /կետ 2/:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված է, որ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`

1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.

2) ձեռք է բերում նույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.

3) օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխան` ազատվում է աշխատանքից պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու համար.

4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, աշխատողի և գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով, կամ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվում է այլ ժամանակ:

3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

 

Հոդված 10

 

1. Եթե արձակուրդի տրամադրման ժամանակաշրջանը սահմանված չէ կանոնակարգերով, հավաքական համաձայնագրերով, արբիտրաժի որոշումներով կամ ազգային պրակտիկային համապատասխանող այլ միջոցներով, որոշվում է գործատուի կողմից` շահագրգիռ աշխատող անձի կամ նրա ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո:

2. Արձակուրդի տրամադրման ժամանակաշրջանի որոշման ժամանակ հաշվի են առնվում աշխատանքի պահանջները և աշխատող անձանց համար մատչելի հանգստի հնարավորությունները:

Խնդրում ենք նշել արձակուրդի տրամադրման ժամանակաշրջանի սահմանման մեթոդը:

Եթե արձակուրդի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնում է գործատուն, խնդրում ենք նշել արդյոք նա նախապես խորհրդակցում է աշխատողի կամ նրա ներկայացուցչի հետ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված է, որ ամենամյա արձակուրդը տրամադրվում է արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 11

 

Այն աշխատող անձը, որը լրացրել է սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող աշխատանքի նվազագույն ժամանակահատվածը, աշխատանքի դադարեցման դեպքում ստանում է վճարովի արձակուրդ իր աշխատանքի ժամանակահատվածի տևողությանը համապատասխանող մասով, որի համար նա չի ստացել այդպիսի արձակուրդ, կամ` դրա փոխարեն տրվող փոխհատուցում, կամ` արձակուրդին համարժեք գումար:

Խնդրում ենք նշել ինչպես է կիրառվում սույն Հոդվածը:

Աշխատանքից ազատվելիս չօգտագործված ամենամյա արձակուրդը աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 168-րդ հոդված):

Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում նրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս` անկախ դրա գործողության ժամկետից: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդված):

 

Հոդված 12

 

Սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդի իրավունքից հրաժարվելու կամ նման արձակուրդները չօգտագործելու վերաբերյալ համաձայնությունները` փոխհատուցման դիմաց, ազգային պայմաններին համապատասխան ձևերով, համարվում են անվավեր կամ արգելվում են:

Խնդրում ենք նշել ինչպես է կիրառվում սույն հոդվածը:

Ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդված):

 

Հոդված 13

 

Յուրաքանչյուր երկրի իրավասու մարմնի կողմից կամ համապատասխան ընթացակարգերի միջոցով կարող են սահմանվել հատուկ կանոններ այնպիսի դեպքերի վերաբերյալ, երբ աշխատող անձն արձակուրդի ընթացքում զբաղվում է արձակուրդի նպատակին հակասող` եկամուտ ստանալուն ուղղված գործունեությամբ:

Խնդրում ենք առկայության դեպքում նշել արձակուրդի ընթացքում եկամտաստեղծ գործունեությանն առնչվող կանոնները:

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդված):

ՀՀ օրենսդրությամբ արձակուրդի ընթացքում այլ եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելն արգելող նորմ չկա սահմանված:

 

Հոդված 14

 

Վճարովի արձակուրդներին վերաբերող կանոնակարգերի և դրույթների պատշաճ կիրառումը և իրագործումն ապահովելու նպատակով ձեռնարկվում են Կոնվենցիայի դրույթների իրագործման մեթոդներին համապատասխանող արդյունավետ միջոցառումներ, ինչպիսիք են համապատասխան տեսչությունը կամ այլ միջոցները:

Խնդրում ենք ներկայացնել վճարովի արձակուրդներին վերաբերող կանոնակարգերի և դրույթների պատշաճ կիրառումը և իրագործումն ապահովելու մեթոդը տեսչության կամ այլ մարմնի միջոցով:

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը կատարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը:

 

Հոդված 15

 

1. Կազամակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է առանձին ստանձնել սույն Կոնվենցիայի պարտավորությունները.

ա) տնտեսության ոլորտներում աշխատող անձանց վերաբերյալ` բացառությամբ գյուղատնտեսության,

բ) գյուղատնտեսության ոլորտում աշխատող անձանց վերաբերյալ:

2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ իր վավերագրում նշում է, թե արդյոք ինքը ստանձնում է Կոնվենցիայի պարտավորությունները սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում հիշատակված անձանց, 1-ին կետի «բ» ենթակետում հիշատակված անձանց կամ երկու խմբերի վերաբերյալ:

3. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերագրով ստանձնել է սույն Կոնվենցիայի պարտավորությունները սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում հիշատակված անձանց կամ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում թվարկված անձանց վերաբերյալ, հետագայում կարող է ծանուցել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին այն մասին, որ ստանձնում է Կոնվենցիայի պարտավորությունները բոլոր այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

3. Խնդրում ենք նշել վերոհիշյալ օրենսդրության և վարչական կանոնների և այլ նորմերի իրականացումը համակարգող պետական մարմնի կամ մարմինների անվանումը, և կիրառումը իրականացնելու և վերահսկելու կարգը: Մասնավորապես, խնդրում ենք ներկայացնել տեղեկատվություն տեսչության կազմակերպման և գործունեության վերաբերյալ:

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է, որ աշխատանքի պետական տեսուչը հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս հանդես է գալիս պետության անունից, գտնվում է պետության պաշտպանության ներքո, անկախ է պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից և ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 29 թիվ 1146-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական վերահսկողություն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ:

Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն:

4. Խնդրում ենք առկայության դեպքում, նշել դատարանների կամ այլ արդարադատության մարմինների կողմից Կոնվենցիայի կիրառման սկզբունքային հարցերի առնչությամբ կայացրած որոշումները: Խնդրում ենք ներկայացնել այդ դատավճիռների տեքստերը:

Կոնվենցիայի կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից որևէ վճիռ չի կայացվել: Կից ներկայացվում է ՀՀ դատական դեպարտամենտի գրությունը:

5. Խնդրում ենք նշել գործատուների և աշխատողների լիազորված կազմակերպությունները, որոնց Աշխատանքի միջազգային կազմակերպության Սահմանադրության 23-րդ Հոդվածի 2-րդ պարբերությանը համաձայն փոխանցվել են տվյալ զեկույցի օրինակները 2*): Եթե զեկույցի օրինակները չեն ներկայացվել գործատուների և/կամ աշխատողների լիազորված կազմակերպություններին, կամ եթե նրանք ուղարկվել են այլ կազմակերպություններին, խնդրում ենք ներկայացնել այդ գործողությունը բացատրող Ձեր երկրում գոյություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն:

________________________

2*) Սահմանադրության 23-րդ Հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է հետևյալը. «Կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետք է 3-րդ հոդվածի նպատակներում սահմանված գործատուների և աշխատողների լիազորված կազմակերպություններին փոխանցի 19-րդ և 22-րդ Հոդվածների համաձայն Գլխավոր տնօրենին ներկայացված հաշվետվությունների և զեկույցների օրինակները:

 

Զեկույցի նախագիծը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային և Հայաստանի գործատուների հանրապետական միությանն ուղարկվել է կարծիքի:

Խնդրում ենք նշել` ստացել եք արդյոք գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպություններից ընդհանուր բնույթ կրող կամ Կոնվենցիայի դրույթների պրակտիկ կիրառման կամ Կոնվենցիան կիրառող օրենսդրության, այլ նորմերի առնչությամբ ներկա կամ նախորդ զեկույցների վերաբերյալ դիտողություններ: Եթե այո, խնդրում ենք ներկայացնել ստացված դիտողությունները և դրանց վերաբերյալ Ձեր մեկնաբանությունները:

Ներկայացված բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել: Ներկայացված կարծիքները կցվում են:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2009
N 11
Արձանագրային որոշում