ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 սեպտեմբերի 2008 թվականի N 39
i
21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1440-Ն որոշման N 1 հավելվածի 40-րդ կետին համապատասխան`
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը և միջոցառումների ցանկը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` կազմված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ներկայացուցիչներից` ապահովելով հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:
3. Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2008 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի սեպտեմբերի 25-ի
նիստի N 39 արձանագրային որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակված է 2008-2012 թվականների համար, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության այն գերակա ուղղությունները, որոնք ուղղված են երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը և ներառում է դրանցում երիտասարդության մասնակցության հարցերը:
Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականությունը պետության սոցիալական քաղաքականության կարևոր և անբաժանելի մասն է և ունի ռազմավարական նշանակություն:
Երիտասարդական պետական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական պայմաններ և երաշխիքներ ստեղծելն է:
Երիտասարդական պետական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդների և այլ` իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ:
Սույն Ռազմավարության իրականացման արդյունքում անմիջական շահառուներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության 16-18 տարեկան պատանիները, երիտասարդական հասարակական կազմակերպությունները, 18-30 տարեկան քաղաքացիները և երիտասարդ ընտանիքները:
Սույն Ռազմավարության իրականացման շահառուն հասարակությունն է, որը կունենա ավելի ակտիվ և որակյալ երիտասարդ մարդկային ռեսուրս, ինչը Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման երաշխիքն է և համահունչ է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին:
Բնական սահմանափակ պաշարներ ունեցող Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի մարդկային գործոնը:
Ռազմավարությունը հիմնված է այն գիտակցության վրա, որ 16-18 տարեկան պատանիները և երիտասարդները (18-30 տարեկաններ), որոնց թվաքանակը, համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված տվյալների, 01.01.2007 թ. դրությամբ կազմել է 877.310 մարդ (ընդհանուր բնակչության 27.2 %-ը), հասարակության կարևոր ներուժ են, և պետք է նրանց ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացիներ դառնալու հնարավորություն ընձեռել:
Ռազմավարությունը նշում է այն ոլորտները, որոնցում կատարված ներդրումները կարող են շոշափելի արդյունքներ տալ:
Ռազմավարության նպատակն է` բարելավել երիտասարդների կենսապայմանները և կրթական մակարդակը, խրախուսել առողջ ապրելակերպը, կազմակերպել նրանց հանգիստը և բարձրացնել նրանց մասնակցության աստիճանը հասարակական, քաղաքական զարգացումներին: Այն ներառում է երիտասարդներին առնչվող հասարակական-քաղաքական, սոցիալական և մշակութային խնդիրներ: Սույն Ռազմավարության մեջ երիտասարդությունը անմիջական շահառու է և ծավալվող գործընթացներում իր ավանդը ներդնող կարևոր մասնակից:
Ռազմավարության կարևոր նպատակներից է նաև «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» համատեքստում կառավարության` երիտասարդներին առնչվող գործողությունների լայն շրջանակ ձևավորելը, ըստ որի` կառավարությունը սույն ռազմավարության գերակայություններից բխող նպատակային ծրագրեր կիրականացնի առաջիկա տարիների համար:
ԳԼՈՒԽ 2.
ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1. Պատմական ակնարկ
Տնտեսական վերափոխումների և պետականության ամրապնդման մեր ժամանակներում արմատապես փոխվում են ոչ միայն տնտեսության, այլև հասարակական հարաբերությունների, բարոյահոգեբանական արժեքների համակարգերը: Կատարված փոփոխությունները ստեղծում են միանգամայն նոր իրավիճակ, որն ունի իրեն հատուկ զարգացման օրինաչափությունները:
Անցումային շրջանի բոլոր հասարակությունների նման` Հայաստանում ևս, հասարակական առանձին խմբերի, շերտերի ձևավորման բուռն գործընթացը հիմնականում ինքնակարգավորվող բնույթ ուներ:
Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված երիտասարդական կազմակերպությունները երիտասարդության փոքր մասն էին ընդգրկում և միմյանց գոյության մասին տեղեկություն անգամ չունեին: Երիտասարդական քաղաքականության իրականացման մի շարք գործառույթներ կազմակերպություններն իրենք էին տարերայնորեն հանձն առել` առանց պետական համակարգված, նպատակաուղղված աջակցության: Երիտասարդության վրա բարդվել էին ոչ միայն հասարակությանը, այլև հենց իրեն` երիտասարդությանը հատուկ սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրներ:
Վերջին տասնամյակում բավականին աշխուժացել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների դերը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված է մոտ 3000 հասարակական կազմակերպություն: Նրանց մոտավորապես 50 %-ը կա՛մ երիտասարդական են, կա՛մ զբաղվում են երիտասարդության խնդիրներով:
2. Երիտասարդական պետական քաղաքականություն, գործող կառույցներ
Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականությունը` որպես համակարգված քաղաքականություն, իրականացվում է 1995 թվականից:
1995 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմում ստեղծվեց երիտասարդության հարցերի (այժմ` երիտասարդական քաղաքականության) վարչություն, ինչը երիտասարդական հասարակական դաշտի կարևորագույն ձեռքբերումներից էր:
1998 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում կատարված կառուցվածքային փոփոխությունների հետևանքով որպես առանձին ուղղություն վերաձևավորվեց «երիտասարդության հարցերի» ոլորտը` 2002 թվականի վերանվանվելով «երիտասարդական քաղաքականության» ոլորտ:
Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության իրականացման գործում, կառուցվածքային փոփոխություններից բացի, ստեղծվել են նաև պետական նոր կառույցներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 7-ի N 734 որոշմամբ ստեղծվել և գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը, որի նպատակն է երիտասարդական պետական քաղաքականության համակարգվածության ապահովումը և դրա մշակմանն ու իրականացմանը հասարակական մասնակցության ապահովումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 11-ի N 520 որոշմամբ ստեղծվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամը, որի նպատակն է հանրապետության, սփյուռքի և արտասահմանի երիտասարդության համագործակցության զարգացումը, համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 418 որոշմամբ ստեղծվել է «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակը երիտասարդական պետական քաղաքականության ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը և իրականացումն է:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ 2004 թվականին ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում ստեղծվեց երիտասարդության հարցերի մասնագետի հաստիքը, որի նպատակն էր մարզերում երիտասարդական պետական քաղաքականության համակարգումը:
2007 թվականից Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականության մշակման և իրականացման պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:
Երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացումը պահանջում է իրավական դաշտի ապահովում` ոլորտի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի ստեղծման միջոցով: Այս առումով ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 14-ի N 798 որոշմամբ հաստատված «Երիտասարդական պետական քաղաքականության» հայեցակարգը առաջին և առայժմ միակ իրավական նորմատիվային փաստաթուղթն է, որում ամրագրված դրույթներով է առաջնորդվում Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականությունը:
Փաստաթուղթը սահմանում է երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտները, քաղաքականության սկզբունքները, իրականացման նպատակներն ու հիմնական ուղղությունները:
Համաձայն վերոնշյալ փաստաթղթի` երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտներ են`
ա. Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան քաղաքացիները,
բ. 16-30 տարեկան օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` այնքանով, որքանով Հայաստանի տարածքում նրանց գտնվելն առաջացնում է համապատասխան պետական մարմինների պարտավորություններ,
գ. Հայաստանում գրանցված հասարակական այն կազմակերպությունները, որոնց անդամների տարիքը չի անցնում 30-ից, կամ որոնք զբաղեցված են մինչև 30 տարեկան քաղաքացիների շրջանում տարվող աշխատանքներով,
դ. երիտասարդ ընտանիքները, եթե ամուսիններից մեկի տարիքը չի անցնում 30-ից:
2003 թվականին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ստանձնեց «Երիտասարդական պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, որին վերջնական տեսք տալուց հետո կազմակերպվեցին մի շարք հասարակական քննարկումներ, հաշվի առնվեցին ՀՀ հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների երիտասարդների ու երիտասարդության հիմնահարցերով զբաղվող մասնագետների, պետական այլ մարմինների ներկայացուցիչների կարծիքները: «Երիտասարդական պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած նիստում արժանացել է հավանության և օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Այժմ աշխատանքներ են ընթանում այն լրամշակելու ուղղությամբ:
ՀՀ պետական բյուջեից երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի համար նախատեսված է ֆինանսավորում, որն արտահայտվում է առանձին տողով, և որի չափը տարեցտարի ավելանում է` ելնելով նախատեսվող նպատակային ծրագրերից:
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Հաշվի առնելով, որ պետության կողմից ՀՀ պետական բյուջեով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այլ ոլորտներին տրամադրվող ֆինանսական միջոցների մի մասն ուղղորդվում է երիտասարդներին, կարելի է արձանագրել, որ հանրապետության երիտասարդությանն ուղղված պետական ֆինանսավորման չափը շատ ավելին է:
Բացի ՀՀ պետական բյուջեից երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի համար արվող հատկացումներից` հանրապետությունում երիտասարդական քաղաքականությանն ուղղորդվող ֆինանսական միջոցների այլընտրանքային աղբյուրների շարքում (տեղական և միջազգային հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ, համայնքային բյուջեներ, բարեգործական կազմակերպություններ և այլն) իր ներդրման չափերով առանձնանում է Համահայկական երիտասարդական հիմնադրամը:
Հիմնադրամն իր 1998-2006 թվականների գործունեության ընթացքում իրականացրել է մոտ 600 միլիոն դրամի երիտասարդական ծրագրեր:
2003-2007 թվականների ընթացքում կազմակերպված և իրականացված երիտասարդական ծրագրերը և միջոցառումները ուղղված են եղել պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում ամրագրված նպատակներին` նպաստել երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային և գիտական մակարդակի բարձրացմանը, ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը, ուսումնասիրել առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և իրականացնել դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ, հայտնաբերել և խրախուսել տաղանդավոր երիտասարդներին, բնապահպանական, առողջապահական, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, և այլ հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում երիտասարդության ակտիվ մասնակցությունը, իրականացնել ծրագրեր ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ակտիվացնել, զարգացնել համագործակցությունը միջազգային երիտասարդական կառույցների հետ, ստեղծել պայմաններ երիտասարդությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու համար, ստեղծել մարզային երիտասարդական կենտրոններ, իրականացնել գյուղական շրջանների երիտասարդության զարգացմանն ուղղված միջոցառումներ, ստեղծել պայմաններ նրանց լիակատար ինքնադրսևորման համար:
Երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացման դինամիկան
2003-2007 թվականներին
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Երիտասարդական պետական քաղաքականության իրականացման գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի նիստի N 6 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007 թվականների ռազմավարություն» փաստաթուղթը, որի պատրաստման նպատակով ստեղծված աշխատանքային խմբում փորձագետներ էին ընդգրկված ՀՀ պետական կառավարման մարմիններից և երիտասարդական հասարակական կազմակերպություններից:
Ռազմավարությամբ հաստատվել և 2006 թվականին իրականացվել է իր բնույթով և ծավալներով աննախադեպ ծրագիր. ՀՀ մարզերում, որպես «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչություններ, ստեղծվել և գործարկվել են մարզային երիտասարդական կենտրոններ` տեղական ինքնակառավարման մարմինների, մարզային հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնց նպատակն է` երիտասարդական պետական քաղաքականությունը հասանելի դարձնել մարզերի երիտասարդությանը, ծրագրերում առավել արդյունավետ կերպով ներգրավել նրանց, բարձրացնել մարզերի երիտասարդության իրազեկվածության մակարդակը երիտասարդական քաղաքականության վերաբերյալ: Մարզային երիտասարդական կենտրոնները ղեկավարվում են վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված կառավարման խորհուրդների կողմից: Երիտասարդական կենտրոնները գործում են որպես ռեսուրս կենտրոններ, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն օգտվել իրենց անհրաժեշտ բազմաբնույթ ծառայություններից (իրավաբանական և առողջապահական խորհրդատվություն, համակարգչային ծառայություններ, գրադարան, ընթերցասրահ), կազմակերպվող դասընթացների միջոցով ստանալ գիտելիքներ, մասնագիտական կողմնորոշում, արդյունավետ կազմակերպել իրենց ազատ ժամանակը:
ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1915-Ն որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ ստեղծվեց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է մասնագիտական կողմնորոշման տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման միջոցով աջակցել երիտասարդներին մրցունակ լինելու աշխատաշուկայում և օգնել նրանց ինտեգրվելու աշխատանքային միջավայրին:
Այսօր երիտասարդական քաղաքականության իրականացման գործում մեծ դեր են խաղում երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Երիտասարդական հասարակական կազմակերպությունները, լինելով երիտասարդական պետական քաղաքականության իրականացման կազմակերպված սուբյեկտ, մշտապես պետք է լինեն երիտասարդական պետական քաղաքականության կրողը և իրականացման գլխավոր միջոցը:
Երիտասարդական պետական քաղաքականության այս կարևոր ուղղության առաջիկա տարիների ռազմավարությունը նախատեսում է հասարակական նախաձեռնությունների և ծրագրերի խրախուսում, հասարակական, քաղաքական զարգացումներին հանրապետական և տեղական մակարդակներում երիտասարդների մասնակցության առավել բարձր աստիճան:
Վերոնշյալ ռազմավարությամբ առանձնահատուկ կարևորություն է տրվել Հայաստանի երիտասարդության շրջանում բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրությունների իրականացմանը: 2006 թվականի վերջին ավարտին հասցվեցին Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի (այսուհետ` Զեկույց) պատրաստման աշխատանքները, որոնց իրենց փորձագիտական և տեխնիկական օժանդակությունն են ցուցաբերել Եվրախորհուրդը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը: 2007 թվականին փաստաթուղթը տպագրվեց և ներկայացվեց լայն հասարակությանը:
Սույն հետազոտությունը վերջին տարիներին արված Հայաստանի երիտասարդության ընդհանուր վիճակի առավել խորը ուսումնասիրության ամենածավալուն փորձն է: Հետազոտության առարկան ՀՀ երիտասարդության հիմնախնդիրների համալիրն էր` իր դրսևորման ներկա փուլում: Հետազոտության օբյեկտը երիտասարդությունն էր` որպես այդ հիմնախնդիրները կրող: Հետազոտության նպատակն էր` ուսումնասիրել երիտասարդության առջև ծառացած սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային, իրավաքաղաքական հրատապ խնդիրները, գտնել դրանց հաղթահարման տարբերակներ:
Զեկույցը համալիր մի ուսումնասիրություն է, որը վիճակագրական տվյալների և սոցիոլոգիական հարցումների համադրմամբ ներկայացնում է ՀՀ երիտասարդության ներկա վիճակը, հրատապ խնդիրները և հիմք է հանդիսացել սույն Ռազմավարության մշակման համար:
3. Երիտասարդության վիճակի նկարագրություն
Զեկույցի ընթացքում արված ուսումնասիրությունների արդյունքները և փորձագիտական վերլուծությունները համակարգվել են, ինչի շնորհիվ դիտարկման համար ընտրվել են սոցիալ-տնտեսական, կրթության, առողջապահության, հոգևոր-մշակութային, քաղաքացիական և քաղաքական մասնակցության, տարածաշրջանային և միջազգային, սփյուռքի հետ համագործակցության ոլորտները:
3.1. Սոցիալ-տնտեսական ոլորտ
Տնտեսության զարգացում և զբաղվածության ընդհանուր ցուցանիշներ
Տնտեսական հիմնախնդիրները և աղքատությունն ուղղակիորեն ազդում են կրթության և առողջապահության ոլորտների, երիտասարդությանն աշխատատեղեր և բնակելի տարածք տրամադրելու վրա, որոնք իրենց հերթին այլ խնդիրներ են առաջացնում` գործազրկություն, արտագաղթ, մարդկանց առևտուր (թրաֆիքինգ), անչափահասների հանցագործություն և երիտասարդների որոշ խմբերի եզրայնացում (մարգինալացում):
Ներկայումս Հայաստանի երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրը էապես կարևորվում է պետական և ոչ պետական ինստիտուտների կողմից և դիտվում որպես գերակա խնդիր:
Զբաղվածության իրավունքի իրացման պայմանների ստեղծումը կարևոր խնդիր է կառավարության համար. այն արձանագրված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի հունիսի 26-ի ՆՀ-013-4 որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության գործունեության ծրագրում»:
Վերջին տարիներին նախկին խորհրդային երկրների մեջ Հայաստանն ունի համեմատաբար արագ զարգացող տնտեսություն: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2007 թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՆԱ-ի հավելաճը կազմել է 13.7 %: Նման կարգի տնտեսական աճ են արձանագրում տարբեր զեկույցներում նշված պաշտոնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այդուհանդերձ, տարբեր փորձագետների կարծիքով` բարձր տնտեսական աճին զուգահեռ` տնտեսական աճի կառուցվածքը չի նպաստում զբաղվածության վիճակի շոշափելի բարելավմանը:
Զբաղվածության պետական ծառայությունում 2007 թ. տարեվերջի դրությամբ գրանցված 75.1 հազար գործազուրկներից 14.0 հազարը կամ 18.7 %-ը կազմել են 16-30 տարեկան երիտասարդները:
2005 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքերում սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, համաձայն որի` զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են` գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը, գործատուի աշխատանքային գործունեությունը, անհատ ձեռնարկատիրական գործունեությունը, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը, ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:
Երիտասարդության զբաղվածության ընդհանուր նկարագիրը
Ըստ պաշտոնական տվյալների` զբաղվածության պետական ծառայությունում 2007 թվականի տարեվերջի դրությամբ գրանցված է եղել 14.0 հազար երիտասարդ գործազուրկ: Զեկույցի շրջանակներում իրականացված հարցման արդյունքներով պարզվել է, որ երիտասարդների շուրջ 22 տոկոսը չունի աշխատանք (այս երիտասարդների թվում չկան ուսանողներ, հաշմանդամներ, հղիության և ծծնդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվողներ և տնային տնտեսուհիներ, ընդ որում, աշխատողների թվաքանակի մեջ հաշվարկված են նաև «թաքնված զբաղվածները»): Ի դեպ, երիտասարդների 13.2 %-ը չաշխատելու պատճառ է նշել աշխատատեղերի, 3.6 %-ը` մասնագիտական աշխատանքի բացակայությունը, իսկ 1.1 %-ը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խոչընդոտները: Հատկանշական է նաև, որ բարձրագույն կրթություն ունեցողների 21.9 %-ը չունի աշխատանք, թեև աշխատանք ունեցողների մեջ նրանց թվաքանակը կազմում է 6 %:
Զբաղվածության ծրագրերը ներառում են գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովության ծրագրերը և զբաղվածության աջակցության պետական ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովության ծրագրերն են գործազրկության նպաստի վճարումը, առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը, առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը և այլն:
Համաձայն ուսումնասիրության տվյալների` հարցված երիտասարդների 62.6 %-ը տեղյակ չէ և չի լսել զբաղվածության պետական ծառայության մասին: Իրազեկ անձինք (36.8 %) նշել են այդ ծառայության հետևյալ գործառույթները.
._______________________________________________________________________.
| Գործառույթներ |Երիտասարդներ, որոնք նշել են |
| |համապատասխան գործառույթը |
| |(հնարավոր էր մի քանի պատասխան), %|
|_____________________________________|_________________________________|
|1. Գրանցում է գործազուրկներին |20.3 |
|_____________________________________|_________________________________|
|2. Տալիս է նպաստներ |6.5 |
|_____________________________________|_________________________________|
|3. Մշակում է ոլորտի քաղաքականությունը|4.2 |
|_____________________________________|_________________________________|
|4. Կազմակերպում է վերապատրաստման |4.2 |
|դասընթացներ | |
|_____________________________________|_________________________________|
|99. Դժվարանում եմ պատասխանել |4 |
._______________________________________________________________________.
Երիտասարդների միայն 4.2 %-ն էր տեղյակ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող վերապատրաստման (ուսուցման) դասընթացների մասին:
Երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման առումով կարևոր է նաև մասնագիտական կողմնորոշման պարագան, սակայն երիտասարդները տեղյակ չեն զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունների մասին: Ընդգծված ցուցանիշները վկայում են զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ իրազեկության ցածր մակարդակի մասին, ինչը լուրջ խոչընդոտ է այս բնագավառում տարվող աշխատանքների արդյունավետության համար: Հարցն առավել կարևորվում է, քանի որ հարցված երիտասարդների 75.5%-ի կարծիքով` «պետությունը պետք է իր քաղաքացիներին ապահովի աշխատանքով»:
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքերում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը նպաստավոր պայմաններ ստեղծեց երիտասարդների համար: Մասնավորապես, օժանդակություն կարող են ստանալ նաև ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկ անձինք` ընդգրկվելով զբաղվածության աջակցության պետական ծրագրերում, որոնք են` անվճար վերամասնագիտացումը և որակավորման բարձրացումը (մասնագիտական կրթություն և վերաորակավորում ունեցողներ), անվճար նախնական մասնագիտական պատրաստումը և արհեստագործական ուսուցումը (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողներ)»:
Երիտասարդների առանձին խմբեր (որոնք են` աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք, ինչպես նաև երիտասարդ հաշմանդամները) օրենքում ամրագրվել են որպես աշխատաշուկայում անմրցունակ` դրանով իսկ ձեռք բերելով լրացուցիչ երաշխիքի իրավունք. գործատուին տրամադրվում է աշխատավարձի մասնակի փոխհատուցում այս խմբի անձանց աշխատանքի տեղավորման դեպքում:
Զբաղվածության օրենսդրության մեջ կատարված վերը նշված փոփոխությունները իրենց անմիջական ազդեցությունն ունեցան գործազրկության կառուցվածքի վրա. հաշվառման մեջ մնացին հիմնականում ակտիվ աշխատանք փնտրողները, գործազուրկների թվաքանակում աճեց գործազուրկ երիտասարդների թիվը (2007 թ. հունվարի 1-ի դրությամբ (տարեսկզբի համեմատ) 26.3 %-ով), մեծացավ նաև ծրագրերում ընդգրկվածների թվաքանակը. նախորդ տարվա 32 %-ի փոխարեն 2006 թ. զբաղվածության ծրագրերում ընդգրկվեց աշխատանք փնտրողների շուրջ 37 %-ը:
Երիտասարդներն այսօր աշխատաշուկայում դժվարություններ ունեն նաև աշխատանքային փորձի բացակայության պատճառով. գործատուն պահանջում է որակյալ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետ: Դրա հետևանքով գրանցվում է ստացած` մասնագիտությամբ չաշխատող երիտասարդների բարձր տոկոս: Ըստ հետազոտության արդյունքների աշխատող երիտասարդների 56%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ:
Այս խնդիրների լուծման նպատակով Զբաղվածության պետական ծառայության կողմից նախատեսվել է զբաղվածության նոր ծրագրի մշակում և ներդրում, այն է` մասնագիտական կրթություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների համար աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուների մոտ:
Հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է գյուղի երիտասարդության զբաղվածության ապահովման հարցը: Այդ նպատակով ՄԺԾԾ 2009-2011 թվականներին նախատեսված է նպատակային ծրագիր` ուղղված գյուղական երիտասարդների զբաղվածության ապահովմանը:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդների զգալի մասը շփոթում է զբաղվածության պետական ծառայությունը մասնավոր հիմունքներով գործող և ըստ էության շահույթ հետապնդող աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ: Ներկայումս աշխատանք գտնելու խնդիրը լուծելու նպատակով բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ առաջարկում են իրենց ծառայությունները: Հարցված երիտասարդների 20.5 %-ն է դիմել նման ծառայություններին. սա, իսկապես, բավականին մեծ թիվ է: Հարկ է նշել նաև, որ երիտասարդների շուրջ 20 %-ը չի վստահում նման մասնավոր կազմակերպություններին, ինչի պատճառով չի դիմել նրանց:
Երիտասարդության մեջ անցկացվել է հարցում աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ գործոնների վերաբերյալ: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ըստ երիտասարդների` ամենակարևոր գործոնը թերևս կրթությունն է, այսինքն` արհեստավարժ լինելը: Կարևոր հանգամանք է նաև երիտասարդների սեփական բիզնես ունենալու ցանկությունը: Հարցվածների 64 %-ն է նման ցանկություն հայտնել նշելով` տարբեր խոչընդոտներ այն հիմնելու ճանապարհին, մասնավորապես` ֆինանսական խնդիրները, հարկերը, տուրքերի չափերը և կոռուպցիան:
Վարձատրության խնդիրները
Հարցված երիտասարդների միայն 3.4 %-ն է նշել, որ մինչև 45000 դրամ աշխատավարձը իրեն կբավարարի առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Ի դեպ, նշված աշխատավարձը բավական մոտ է 2005 թ. դրությամբ միջին աշխատավարձի չափին (տե՛ս նկարը): 2007 թ. դրությամբ միջին աշխատավարձի չափը կազմել է 77469 դրամ:
________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Հարցված երիտասարդները ակնկալել են միջինը 90000-150000 և ավել դրամի սահմանում աշխատավարձ, չնայած նրանց կողմից ներկայացված ընտանիքի նախորդ ամսվա ընդհանուր եկամուտը եղել է 50000-100000 դրամի սահմաններում:
Աշխատավարձի չափի խնդիրն ունի էական նշանակություն, նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող բազմաթիվ անձինք, ունենալով աշխատանք, չեն կարողանում բավարարել իրենց նվազագույն կարիքները:
Սրա հետ զուգահեռ` երիտասարդների 38.7 %-ը վստահ է, որ ապագայում կունենա աշխատանք և կապահովի նվազագույն կենսապայմանները, իսկ 20.3 %-ը վստահ է, որ ապագայում կունենա կենսաթոշակ և նույնպես կապահովի նվազագույն կենսապայմանները:
Երիտասարդ ընտանիք
Սոցիալական արժեքների աստիճանակարգում ընտանիքը զբաղեցնում է ամենակարևոր դիրքը: Այն հասարակության հիմնական սոցիալական ինստիտուտներից է, հետևաբար պետք է լինի պետության և հասարակության հատուկ ուշադրության առարկան` աջակցություն ստանալով իր գործառույթների լիարժեք իրագործման համար:
ՀՀ-ում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Համաձայն «Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի»` երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտ է այն ընտանիքը, որտեղ ամուսիններից մեկի տարիքը ոչ ավելի է, քան 30-ը կամ` երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 30-ը:
Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան քաղաքացիներից ամուսնացած է 242710-ը, ամուսնալուծված` 10215-ը, ընդ որում` ամուսնացած տղամարդկանց թիվը 82401 է: 20-29 տարեկան երիտասարդ տղամարդկանց միայն 33,9 %-ն է ընտանիք կազմել մինչև երեսուն տարեկանը, իսկ 20-29 տարեկան երիտասարդ կանանցից` 59,2 %-ը: 18-19 տարեկան երիտասարդ տղամարդկանցից ամուսնացած է 1,25 %-ը, իսկ 18-19 տարեկան կանանցից` 16,2 %-ը: Երիտասարդության շրջանում կանանց և տղամարդկանց ամուսնության օպտիմալ տարիքի վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների ընթացքում արված հարցումից պարզվել է հետևյալը` ըստ հարցման մասնակիցների` տղամարդկանց համար օպտիմալ տարիք է 21-30-ը, իսկ կանանց համար` 17-25-ը: Ընդ որում, եթե նրանց կարծիքը տղամարդկանց ամուսնական օպտիմալ տարիքի առումով երկու սեռերի մոտ հիմնականում համընկնում է, ապա կանանց ամուսնության օպտիմալ տարիքի առումով տարբերվում է (ըստ հարցման մասնակից կանանց` 17-20 տարեկան` 36.5 % և ըստ տղամարդկանց` 17-20 տարեկան` 53.3 %):
Երիտասարդների շրջանում կատարված սոցիոլոգիական հետազոտության համաձայն` ընտանիք կազմելու կարևորությունը ստացել է հետևյալ պատկերը.
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
2007 թվականի Հայաստանի վիճակագրական տարեգրքի համաձայն` նշված են 2000, 2004-2007 թվականների ամուսնությունների և ամուսնալուծությունների թվերը.
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Վիճակագրական տվյալներից երևում է, որ 2004 թվականի համեմատ ամուսնությունների թիվը 2007 թվականին աճել է 6,9%-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը` 48,9%-ով: Եթե ամուսնությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է ամուսնական տարիքի` 20-29 տարեկան երիտասարդների թվաքանակի աճով (10.1 %-ով, 01.01.2007 թ-ին` 01.01.2004 թ-ի նկատմամբ), և մասամբ նաև բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի որոշակի բարելավմամբ, ապա ամուսնալուծությունների աճը մտահոգության տեղիք է տալիս:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ծնելիության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 80-ականների վերջերին և իրենց բարձրակետին են հասել 90-91 թվականներին, կարծում ենք` ամուսնությունների թվի աճը կպահպանվի` իր բարձրակետին հասնելով 2019-2021 թվականներին, որից հետո կնվազի:
Երիտասարդ ընտանիքի սոցիալական վիճակը
Տնտեսական անկումը, սոցիալական անհավասարության խորացումը, ավանդական արժեքների քայքայումը և գործազրկության բարձր աստիճանը անկախության առաջին շրջանում վատթարացրել են Հայաստանի բնակչության համարյա բոլոր շերտերի, այդ թվում` երիտասարդ սերնդի կենսապայմանները: Անցումը շուկայական տնտեսության գործազրկության բարձր մակարդակ է ապահովել նաև երիտասարդության շրջանում: Երիտասարդների գործազրկությունն ավելացնում է արտագաղթողների թիվը և ասոցիալ երևույթների տարածումը, այն ազդում է երիտասարդների վրա, ստիպում նրանց կորցնել վստահությունն իրենց ուժերի և ունակությունների նկատմամբ, հետևաբար` բացասական ազդեցություն ունի ողջ հասարակության վրա:
Ըստ սոցիոլոգիական հարցման արդյունքների` երիտասարդներն ընտանիք կազմելու հարցում պարտադիր պայման և խոչընդոտ են համարում ֆինանսական, զբաղվածության և բնակարանային խնդիրները:
Արդյո՞ք ամուսնության համար պարտադիր պայման է (%)`
._____________________________________________________________.
| | |Այո | Ոչ |Դժվ. եմ պատ.|
|__|___________________________________|____|____|____________|
|1.|Աշխատանք ունենալը |92.7| 5.3|2.0 |
|__|___________________________________|____|____|____________|
|2.|Բնակարան ունենալը |90.0| 9.1|0.9 |
|__|___________________________________|____|____|____________|
|3.|Կրթությունը |40.8|56.0|3.2 |
|__|___________________________________|____|____|____________|
|4.|Նույն ազգությանը պատկանելը |40.8|56.4|2.8 |
|__|___________________________________|____|____|____________|
|5.|Նույն կրոնին դավանելը |72.9|22.3|1.0 |
|__|___________________________________|____|____|____________|
|6.|Հարսնացուի, փեսացուի հարուստ լինելը|24.5|66.1|9.4 |
._____________________________________________________________.
Ձեր կարծիքով ո՞րն է ամենակարևոր խոչընդոտը ընտանիք կազմելու հացում (%)`
._______________________________.
|1.|Ֆինանսական |42.5|
|__|_______________________|____|
|2.|Բնակարանային |19.4|
|__|_______________________|____|
|3.|Աշխատանքային |15.1|
|__|_______________________|____|
|4.|Առողջական |14.8|
|__|_______________________|____|
|5.|Անորոշ ապագան | 2.5|
|__|_______________________|____|
|6.|Այլ | 1.0|
|__|_______________________|____|
|7.|Դժվարացել են պատասխանել| 4.7|
._______________________________.
Ձեր կարծիքով ո՞րն է երիտասարդ ընտանիքի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը (%)`
.______________________________________________.
|1. |Նյութական, ֆինանսական |41.4|
|___|_____________________________________|____|
|2. |Բնակարանային |21.6|
|___|_____________________________________|____|
|3. |Աշխատանքային | 9.6|
|___|_____________________________________|____|
|4. |Առողջական | 6.1|
|___|_____________________________________|____|
|5. |Երեխաների խնամքը և դաստիարակությունը|12.0|
|___|_____________________________________|____|
|6. |Երեխաների կրթությունը | 5.7|
|___|_____________________________________|____|
|7. |Այլ | 0.4|
|___|_____________________________________|____|
|99.|Դժվարացել են պատասխանել | 3.2|
.______________________________________________.
Կարելի է եզրակացնել, որ ընտանիքի կազմավորման և լիարժեք կենսագործունեության համար երիտասարդները առաջնահերթություն են համարում աշխատանքի և բնակարանի առկայությունը, երեխաների խնամքի և դաստիարակության, նրանց կրթության խնդիրները: Ըստ հարցման մասնակիցների` գրեթե նույն հիմնախնդիրներից է կախված նաև ընտանիքում երեխաների հնարավոր թիվը:
Ի՞նչ գործոններից է կախված երեխաների թիվը ընտանիքում (%)`
._______________________________.
|1.|Նյութական, ֆինանսական |70.5|
|__|_______________________|____|
|2.|Բնակարանային |44.3|
|__|_______________________|____|
|3.|Աշխատանքային |53.8|
|__|_______________________|____|
|4.|Առողջական |23.2|
|__|_______________________|____|
|5.|Պետական աջակցությունից |26.3|
|__|_______________________|____|
|6.|Մոր ցանկությունից |28.3|
|__|_______________________|____|
|7.|Հոր ցանկությունից |22.3|
|__|_______________________|____|
|8.|Այլ | 0.1|
|__|_______________________|____|
|7.|Դժվարացել են պատասխանել| 2.3|
._______________________________.
Ներկայիս հասարակության զարգացման օրինաչափ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ նախկինում գերակայող ավանդական ընտանիքը (գյուղաբնակ, բազմանդամ, բազմազավակ) իր տեղը զիջում է քաղաքաբնակ, մեկ-երկու երեխա ունեցող կամ երեխաներ չունեցող ամուսիններից բաղկացած ընտանիքին: Թեև երիտասարդների 78,6 %-ը ցանկություն ունի ունենալու 2-4 երեխա, իսկ 13,4 %-ը` 5 և ավելի, սակայն 72,7 %-ը հնարավոր է համարում 1-2 երեխայի առկայությունն ընտանիքում և միայն 12.2 %-ը` 3 երեխայի: Այս միտումի շարունակելիությունը կարող է ապագայում հանգեցնել լուրջ ժողովրդագրական խնդիրների և բնակչության ծերացման: Արդեն իսկ հանրապետությունում ծնելիության մակարդակը 90-ականների սկզբի համեմատ նվազել է երկու անգամ (40142` 2007 թ., 2004 թ. համեմատ (37520)` 7 % աճ: Սա մոտավորապես համեմատական է ամուսնությունների թվի աճին` 6,9 %):
Իսկ իրավական ինչ կարգավորում են ստացել վերոնշյալ սոցիալական խնդիրները, և ինչ պետական ծրագրեր են ուղղված դրանց լուծմանը:
Պետության կողմից իրականացվող ծրագրերն են.
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստ, որի չափը սահմանվել է 35000 դրամ, նշանակվում է այն դեպքում, եթե ծնողը դիմել է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն երեխայի ծննդից հետո 12 ամսվա ընթացքում,
2) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, որի չափը սահմանվել է 3000 դրամ, այն նշանակվում է աշխատող մայրերին խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե ծնողը դիմել է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն երեխայի ծննդից հետո 12 ամսվա ընթացքում,
3) ընտանեկան նպաստ, որը նշանակվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին:
ՀՀ տարածքում առողջապահական հաստատություններում երեխայի ծնունդը և մինչև 7 տարին լրանալը նրանց առողջապահական սպասարկումը անվճար է (իրականացվում է պետպատվերով): Անվճար է նաև ուսուցումը հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Պետության կողմից օրենսդրորեն կարգավորված չեն երիտասարդների զբաղվածության ապահովման (հատկապես` ուսումնական հաստատությունները նոր ավարտած, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված երիտասարդներին վերաբերող) և բնակարանային ապահովվածության խնդիրները: Դրանց լուծման ուղի կարող է դիտարկվել ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ (20-25 տարով) հիպոթեքային վարկերի տրամադրումը: Ներկայումս հայաստանյան բանկերի կողմից տրվում են հիպոթեքային վարկեր, սակայն դրանք տրամադրման բարձր տոկոսադրույքների և մարման կարճ ժամկետների պատճառով հասանելի չեն հասարակության մեծամասնությանը և հատկապես երիտասարդներին:
Ի դեպ, մայրաքաղաքի և մարզերի, հատկապես` բարձր լեռնային, աղետի գոտու և սահմանամերձ գյուղերի երիտասարդության բնակարանային խնդիրները տարբերվում են, և դրանց լուծմանը պետք է ցուցաբերվի տարբերակված մոտեցում: Սոցիալ-տնտեսական խնդիրներն իրենց առավել վնասակար ազդեցությունն են թողնում ծայրամասային, գյուղատնտեսական շահագործման առումով ոչ բարենպաստ գոտիների բնակավայրերի երիտասարդների վրա: Այստեղ առավել արտահայտված են ոչ այնքան բնակելի տարածքի (դրանց մեծ մասից բնակչության վերջին տարիների միգրացիան դեպի մայրաքաղաք, արտերկիր և մարզկենտրոններ հանգեցրել է ազատ բնակելի տարածքների առկայության), որքան զբաղվածության, առողջապահական, ազատ ժամանցի, կրթական խնդիրները: Թեև այս ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվում են առանձին քայլեր` գազաֆիկացվում են բնակավայրերը, վերանորոգվում են դրանց մարզկենտրոնների հետ կապող համայնքային ավտոճանապարհները, լուծվում են հաղորդակցության առանձին խնդիրներ, ստեղծվում կամ վերանորոգվում է ոռոգման համակարգը, սակայն այդ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է մշակել պետական ռազմավարական համալիր ծրագրեր:
Անդրադառնալով պետության կամ համայնքների կողմից երիտասարդ ընտանիքներին տվող սոցիալական աջակցության վերաբերյալ երիտասարդների տեղեկացվածությանը` հարկ ենք համարում նշել, որ այն բավականին ցածր է, ինչը վկայում են կատարված հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց` երիտասարդների շուրջ 95 %-ը իրազեկված չէ:
Արտագաղթը, ներքին միգրացիան և երիտասարդները
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում ձևավորվեցին տարբեր միգրացիոն հոսքեր:
1988-1992 թվականներ
Ադրբեջանի Հանրապետության կողմից վարած էթնիկական զտումների քաղաքականության արդյունքում 360 հազար փախստականներ,
Սպիտակի ավերիչ երկրաշարժի արդյունքում առաջացած 530 հազար էկոլոգիական միգրանտներ,
Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների պարբերաբար իրականացվող ռմբակոծությունների արդյունքում առաջացած 72 հազար ներքին տեղահանված անձինք:
1992-1995 թվականներ.
Արտակարգ բնույթի տնտեսական, սոցիալական, քաղաքական և բարոյահոգեբանական մի շարք գործոններով պայմանավորված բնակչության զանգվածային արտահոսք.
Երկուս ու կես տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից էմիգրացվեց ավելի քան 800 հազար մարդ և ռեէմիգրացվեց միայն մոտ 400 հազարը: Միգրացիոն շրջանառության գումարային ծավալը կազմեց 1 միլիոն 200 հազար մարդ կամ բնակչության մոտ 1/3-ը, բացասական մնացորդը կազմեց ավելի քան 400 հազար մարդ կամ 10%:
1995-2001 թվականներ.
ՈՒղևորաշրջանառության ծավալների համեմատաբար նվազման և միգրացիայի բացասական մնացորդի կայունացման ժամանակաշրջան.
1922-1994 թվականներին միջին տարեկան ուղևորաշրջանառության ծավալների նկատմամբ օդային ճանապարհով կատարված ուղևորաշրջանառության ծավալները նվազեցին 54 տոկոսով: Սոցիալ-կենցաղային էմիգրացիոն հոսքը վերափոխվեց սոցիալ-հոգեբանական հոսքի, որի կարևոր բաղադրամասն է ընտանիքների վերամիավորմանը նպատակամղված էմիգրացիան, իսկ առավելապես ռեէմիգրացիան, իսկ առավելապես ռեէմիգրացիայով ավարտվող հոսքը վերափոխվեց բնակավայրի մշտական փոփոխություն բերող էմիգրացիոն հոսքի:
2001 թվականից մինչ այսօր.
ՈՒղևորաշրջանառության ծավալների աճ, միգրացիայի բացասական մնացորդի հետագա կրճատում և վերափոխում դրականի.
Միջազգային ուղևորաշրջանառության (արտաքին միգրացիայի) ծավալները սկսեցին աճել` 2004 թ. - 18,%, 2005 թ. - 14 %, 2006 թ. - 15.9 %, 2007 թ. 33.1 %, իսկ միգրացիայի բացասական մնացորդը նվազեց և 2002 թ. այն կազմեց շուրջ 3 հազար, իսկ 2003 թ.` 10 հազար, նախորդ ժամանակաշրջանի տարեկան 50-60 հազարի դիմաց: 2004 թվականից արձանագրվեց 2 հազար, 2005 թվականին 12.5 հազար, իսկ 2006 թվականին արդեն գրանցվեց 21.8 հազար դրական մնացորդ:
Այսպիսով, անվիճելի է, որ սկզբնական ժամանակաշրջանում միգրացիայի ամենաազդեցիկ դրդապատճառներից էին նախ` ռազմաքաղաքական, ապա` սոցիալ-տնտեսական գործոնները: Այնուհետև` գերիշխող էր հատկապես սոցիալ-տնտեսական գործոնը: Այլ կերպ ասած` նյութական աղքատությամբ պայմանավորված միգրացիան փոխարինվեց մարդկային աղքատությամբ պայմանավորված միգրացիայով:
Ընդհանուր առմամբ վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է բնակչության ժողովրդագրական «ծերացման» միտում, որը հիմնականում պայմանավորված է սոցիալ-տնտեսական պայմաններից բխող ամուսնությունների, մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների և ծնունդների քանակի կրկնակի նվազմամբ (եթե 1990 թ. ծնվածների թվաքանակը կազմել է 79882 մարդ, 2000 թ.` 34276, ապա 2005 թ. այն կազմել է 37499 մարդ): Եթե նշվածին հավելենք նաև այն, որ երկրից մեկնողների կազմում ծանրակշիռ մասն է կազմում երիտասարդ, աշխատունակ տարիքի բնակչությունը (20-30 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռն արտագաղթածների ընդհանուր թվաքանակի մեջ կազմում է 18 %), ապա ակնհայտ է, որ Հայաստանում բնակչության ծերացման գործընթացը դրսևորվում է ոչ միայն դասական իմաստով, այլև հանդես է գալիս իբրև յուրատեսակ «երիտասարդազրկման» գործընթաց:
Վերը նշվածը հաստատվում է նաև երիտասարդների շրջանում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփումով: Այսպես` եթե առաջին դեպքում դրանք սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական բնույթի էին, ապա այստեղ հիմնական պատճառը ամուսնությունն է` 53,8 %, բայց ահա աշխատանքի բացակայության պատճառով իրենց բնակության վայրը լքել է հարցման մասնակիցների միայն 13,5 %-ը:
Հայաստանում մշտական բնակավայրը փոխելու պատճառները (տոկոսներով).
._________________________________.
| |Աշխատանքի բացակայությունը |13.5|
|_|__________________________|____|
| |Ոչ բավարար վարձատրությունը| 7.7|
|_|__________________________|____|
| |Ամուսնությունը |53.8|
|_|__________________________|____|
| |Կրթությունը |13.5|
|_|__________________________|____|
| |Դժվարացել են պատասխանել |11.5|
._________________________________.
ՈՒշադրության է արժանի նաև այն փաստը, որ երիտասարդներից միայն 21 %-ն է ցանկություն հայտնել շարունակելու բնակվել իր բնակավայրում, իսկ ահա 64.8 %-ը կնախընտրեր բնակվել մայրաքաղաքում կամ արտասահմանում (համապատասխանաբար` 30.4 % և 34.4 %): Երիտասարդների շրջանում նման մտադրությունն առավելապես պայմանավորված են մայրաքաղաքից հեռու ընկած շրջաններում կենսապայմանների ու սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ մայրաքաղաքը աշխատուժի հիմնական սպառողն է: Այս է վկայում նաև այն փաստը, որ նրանց անձնական ներդրումն ընտանեկան բյուջե չնչին տոկոս է կազմում, իսկ 45.8 %-ի մոտ ընդհանրապես բացակայում է:
Հարցման մասնակից երիտասարդների ներդրումը ընտանեկան բյուջե (տոկոսներով).
.________________________________.
|1. |0 |45.8|
|___|_______________________|____|
|2. |1-10% | 7.5|
|___|_______________________|____|
|3. |11-20% | 4.1|
|___|_______________________|____|
|4. |21-30% | 8.8|
|___|_______________________|____|
|5. |31-40% | 2.0|
|___|_______________________|____|
|6. |41-50% | 6.7|
|___|_______________________|____|
|7. |51-60% | 2.7|
|___|_______________________|____|
|8. |61-70% | 2.2|
|___|_______________________|____|
|9. |71-80% | 4.9|
|___|_______________________|____|
|10.|81-90% | 1.7|
|___|_______________________|____|
|11.|91-100% | 7.9|
|___|_______________________|____|
|12.|Դժվարացել են պատասխանել| 5.7|
.________________________________.
Սակայն ի տարբերություն նշվածի, բավական մեծ է կախվածությունը դրսից ստացվող դրամական օգնություններից, հարցման մասնակիցների մեկ երրորդի մոտ այդ թիվը կազմում է 50 և ավելի տոկոս:
Ընտանեկան բյուջեի ո՞ր տոկոսն է կազմում դրսից ստացվող օգնությունը.
._______________________________.
|1.|0-10% | 2.9|
|__|_______________________|____|
|2.|10-25% |13.6|
|__|_______________________|____|
|3.|25-50% |16.1|
|__|_______________________|____|
|4.|50-75% |11.8|
|__|_______________________|____|
|5.|75-100% |22.0|
|__|_______________________|____|
|6.|Դժվարացել են պատասխանել|33.6|
._______________________________.
Վերը բերված փաստերը չեն կարողանում չհանգստացնել, քանի որ դրանք իրենց մեջ վտանգավոր տարրեր են կրում երկրի սոցիալ-տնտեսական ու անվտանգության տեսանկյունից:
Առանձնակի ուշադրության է արժանի նաև միգրացիոն հոսքերի արտաքին կառուցվածքը ըստ ՀՀ մարզերի:
Արտագաղթի ակտիվության առումով մարզերը կարելի է բաժանել երեք խմբի.
1) Մարզեր, որոնց բնակչության արտագաղթի ակտիվությունը հարաբերականորեն ցածր է: Դրանք են` Արարատը և Արմավիրը, այսինքն` Արարատյան դաշտի առավել բարեբեր հողերի վրա տեղակայված, առավելապես գյուղական բնակչություն ունեցող երկու մարզերը:
2) Երկրորդ խումբը կազմում են այն մարզերը, որոնց բնակչության արտագաղթելու ակտիվությունը քիչ է տարբերվում հանրապետական միջինից: Հետաքրքիր է այս խմբի բավական խայտաբղետ կազմը: Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի ծայրամասային մարզերի կողքին է կենտրոնական դիրք ունեցող Արագածոտնի մարզը: Նշենք, որ տվյալ մարզերի բնակչության ոչ այնքան բարձր արտագաղթելու ակտիվության կանխորոշած գործոնները նույնը չեն: Եթե Արագածոտնի համար այդպիսին մասամբ Արարատյան դաշտում տեղաբաշխման հանգամանքն է և մայրաքաղաքի` որպես գյուղմթերքների սպառման շուկայի հարևանությունը, ապա առաջին երեքի դեպքում, ըստ երևույթին, վճռորոշ են մի կողմից բնակչության զգալի մասի կապվածությունը հողին, մյուս կողմից` արտագաղթելու ավանդույթների ոչ այնքան զարգացածությունը:
3) Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին ու մնացած 4 մարզերին` Գեղարքունիք, Կոտայք, Լոռի և Շիրակ, ապա դրանց բնակչության արտագաղթելու ակտիվությունը զգալիորեն գերազանցում է միջին մակարդակը: Սրանք այն մարզերն են, որտեղ առավել մեծ չափերի է հասնում գործազրկությունը, ինչի պատճառները, սակայն, մարզերից յուրաքանչյուրում տարբեր են: Այս է փաստում նաև ստորև բերված գծապատկերը:
ՀՀ 2004-2006 թվականների արտագաղթի բարձր ակտիվությամբ մարզերը և
դրանց արտագաղթի ու գործազրկության տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ
(%-ներով).
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Օգտվելով սոցիոլոգիական հարցման արդյունքներից` տեսնենք ինչպես է գործում վերը նշված կապը երիտասարդների շրջանում.
._____________________________________________________________________.
|Կցանկանայի՞ք մեկնել արտերկիր |Վերջին 5 տարում փոխե՞լ եք Ձեր |
| |մշտական բնակավայրը Հայաստանում |
|_________________________________|___________________________________|
|N|Մարզը |Այո |Ոչ |N |Մարզը |Այո |Ոչ |
| | |(%-ներով)|(%-ներով)| | |(%-ներով)|(%-ներով)|
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Արմավիր |72.1 |27.9 |1. |Արմավիր |19.8 |80.2 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Արարատ |92.9 | 7.1 |2. |Արարատ |13.1 |86.9 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Արագածոտն |86.4 |13.6 |3. |Արագածոտն |11.4 |88.6 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Գեղարքունիք|75.4 |23.2 |4. |Գեղարքունիք|14.5 |85.5 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Կոտայք |74.5 |20.2 |5. |Կոտայք | 4.3 |95.7 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Լոռի |84.7 |11.2 |6. |Լոռի |10.2 |89.8 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Շիրակ |75.0 |21.9 |7. |Շիրակ | 7.3 |92.7 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Տավուշ |78.0 |17.1 |8. |Տավուշ |12.2 |87.8 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Սյունիք |72.0 |28.0 |9. |Սյունիք | 8.0 |92.0 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Վայոց ձոր |71.4 |28.6 |10.|Վայոց ձոր |0 |100 |
|_|___________|_________|_________|___|___________|_________|_________|
| |Երևան |72.6 |26.5 |11.|Երևան |10.0 | 90 |
._____________________________________________________________________.
Այստեղ որոշակիորեն այլ պատկեր ենք ստանում: Մասնավորապես` առաջին խմբում. հարաբերականորեն ցածր ակտիվության մարզերում երիտասարդության շրջանում նկատվում է բավական բարձր միգրացիոն ակտիվություն: Դա պայմանավորված է այն փաստով, որ նշված մարզերը առավելապես գյուղական բնակչություն ունեցող, տնտեսության ագրարային ուղղվածությամբ մարզեր են, որոնք երիտասարդների համար այնքան գրավիչ չեն:
Կարելի է նշել, որ բերված փաստերը մեկ անգամ ևս վկայում են միգրացիայի կարգավորման ու վերահսկման կարևորությունը` այն հնարավորինս արդյունավետ դարձնելու և բացասական հետևանքները նվազեցնելու համար:
Միգրացիոն հոսքերի վրա պետական քաղաքականության ու կառավարման պոտենցիալ ազդեցությունները կարելի է բաժանել երկու կարգի` անուղղակի և ուղղակի: Անուղղակի ազդեցությունները պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: ՈՒղղակի ազդեցությունները հիմնվում են կառավարման որակով պայմանավորված, անմիջականորեն բնակչության կենսամակարդակի բարելավման միջոցով արտագաղթի միտումների վրա ազդելու և վարչական կառույցների ու կառավարության կողմից իրականացվող քաղաքականության միջոցով միգրացիան վերահսկելու և կարգավորելու վրա:
Երիտասարդության շրջանում արտագաղթի ծավալները նվազեցնելու, միգրացիոն հոսքերը կարգավորելու և վերահսկելու համար իրականացվող միջոցառումները պետք է կրեն համակարգված բնույթ, ներառեն ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ու քաղաքական իրավիճակի կայունացման տարրեր` ելնելով պետության ամրապնդման ու սոցիալ-տնտեսական առաջընթացի պահանջներից: Այս առումով անհրաժեշտ է`
1) Նվազեցնել երիտասարդների գործազրկության բարձր մակարդակը և մեծացնել զբաղվածության հնարավորությունները.
ա. նպաստավոր պայմաններ ստեղծել գործարարության ու տնտեսության մասնավոր հատվածի զարգացման համար` երիտասարդների մոտ դաստիարակել ձեռնարկատիրական մտածողություն և նախաձեռնություններ: Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա և դրսևորի իր կարգավորող ու խթանող դերը` ապահովելով արդար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար.
բ. տնտեսության զարգացման գերակա ճյուղերի ընտրություն կատարելիս հաշվի առնել ներքին առանձնահատկությունները` զարգացնելով արդյունավետ համագործակցություն կրթական և ուսուցում կազմակերպող այլ հաստատությունների, զբաղվածության կենտրոնների հետ, որոնք պատրաստում են աշխատաշուկայի անընդհատ փոփոխվող պահանջներին բավարարող կադրեր: Գործազրկության բարձր մակարդակը նվազեցնելու նպատակով, ընտրության հնարավորության դեպքում, կանգ առնել առավել աշխատուժ պահանջող ճյուղերի վրա.
գ. մարզերում իրականացնել մանր բիզնեսը խրախուսող ծրագրեր անասնաբուծության, բուսաբուծության կամ գյուղմթերքների վերամշակման, տեղափոխման և այլ բնագավառներում` օժանդակելով երիտասարդներին` հիմնելու իրենց ֆերմերային տնտեսությունները:
2) Միջոցներ ձեռնարկել արտերկրներում երիտասարդներին օրինական աշխատելու հնարավորություն ընձեռելու և Հայաստանի Հանրապետություն նրանց վերադարձը ապահովելու ուղղությամբ.
ա. աշխատանքի շուկայի, աշխատուժի առաջարկի և պահանջարկի, աշխատանք փնտրող երիտասարդների կրթամասնագիտական առանձնահատկությունների համակողմանի ուսումնասիրում և տվյալների բազայի հիմնում.
բ. բացահայտել յուրաքանչյուր մարզի աշխատաշուկայի առաջարկը և պահանջարկը, ինչի հիման վրա երիտասարդների շրջանում իրականացնել տվյալ մարզի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող, բայց չհամալրվող մասնագիտությունների քարոզչություն.
գ. հանրապետությունում պատրաստվող կադրերի որակավորման համապատասխանեցման ապահովում միջազգային չափանիշներին` ներառյալ տրամադրվող ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման հարցերը.
դ. աշխատուժի արտահանման կարգավորման համապատասխան պետական ռազմավարության մշակում` ուղղված աշխատանքային միգրացիան կարգավորող մեխանիզմների ստեղծմանը.
ե. ավելցուկային աշխատուժի արտահանման կարգավորման խնդիրը դարձնել միջպետական քննարկումների առարկա և կարգավորել այն երկկողմանի կամ բազմակողմ համաձայնագրերի միջոցով` աշխատանքային արտագաղթը օրենսդրորեն կարգավորելու և պետական վերահսկողություն ապահովելու նպատակով: Ինչպես նաև իրականացնել արտագաղթածների իրավունքների և օրինական շահերի պետական պաշտպանություն` փորձելով ոտնահարումներից պաշտպանել անձի ազատության իրավունքը.
զ. զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տեղեկատվություն տրամադրել արտագաղթածների իրական վիճակի ու հեռանկարների, դրսում սպասվող հնարավոր դժվարությունների, խնդիրների, արտագաղթի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական հետևանքների վերաբերյալ: Նման լայնածավալ քարոզչությունը հնարավորություն կընձեռի խուսափել խաբեություններից և թրաֆիքինգի զոհ դառնալու հավանականությունից.
է. վերաարտագաղթի ծրագրերի մշակում և դրանց իրականացում: Հայաստանից դուրս գտնվող բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների և գիտական կադրերի վերադարձը խրախուսող պայմանների ստեղծում` ձեռք բերած աշխատանքային փորձը և հմտությունները Հայաստանում ներդնելու և տնտեսության հետագա զարգացման նպատակով.
ը. երիտասարդների մեջ վաղվա օրվա նկատմամբ խաթարված վստահության վերականգնում և բարոյահոգեբանական ճգնաժամի աստիճանական հաղթահարում:
Մարզային երիտասարդություն
Կարելի է հաց տալ` ինչու՞ է առանձնացվել մարզային երիտասարդությունը, այն պետք է որ նույնը լինի ամեն տեղ նույն խնդիրներով, նույն հույզերով, պարտություններով և հաղթանակներով: Սա միայն առաջին հայացքից. իրականում մարզային երիտասարդության խնդիրների թնջուկը ավելի ամուր է` լուծման հնարավոր տարբերակների սակավության, աջակցող կառույցների բացակայության, ազատ ժամանցի կազմակերպման գրեթե անհնարինության և այլ պատճառներով: Զեկույցի շրջանակներում իրականացված հարցմամբ փորձ է արվել պարզելու մարզային երիտասարդության հիմնական խնդիրները և ահա պատկերը.
._______________________________________________________.
|1. |Գործազրկությունը/զբաղվածությունը |55.0|
|___|______________________________________________|____|
|2. |Մշակութային խնդիրները (հանգիստ, ժամանց, սպորտ)|15.1|
|___|______________________________________________|____|
|3. |Կրթությունը |14.5|
|___|______________________________________________|____|
|4. |Սոցիալ-տնտեսական խնդիրները | 8.1|
|___|______________________________________________|____|
|5. |Վատ կենցաղային պայմանները | 4.0|
|___|______________________________________________|____|
|6. |Առողջապահական խնդիրները | 3.2|
|___|______________________________________________|____|
|7. |Արտագնա աշխատանքը | 2.7|
|___|______________________________________________|____|
|8. |Անվստահությունը ապագայի նկատմամբ | 2.1|
|___|______________________________________________|____|
|9. |Ամուսնությունը | 2.0|
|___|______________________________________________|____|
|10.|Այլ | 1.0|
|___|______________________________________________|____|
|11.|Բնակարանային | 0.9|
|___|______________________________________________|____|
|12.|Դժվարացել են պատասխանել |21.8|
._______________________________________________________.
Առաջին հայացքից կարծես նույն խնդիրների փաթեթն է, և տարբերություն չկա, սակայն, որպես օրինակ, մարզային երիտասարդությունը բնակարանային խնդիրներին առավել քիչ ուշադրություն է դարձնում: Հատկանշական է նաև այն, որ կրթությունը և մշակութային խնդիրները կարևորության գրեթե նույն աստիճանի վրա են գտնվում:
Գործազրկություն/զբաղվածություն
Այսօր մարզային երիտասարդության զբաղվածության առանձնահատկությունն այն է, որ նա հիմնականում ընդգրկված է գյուղացիական տնտեսություններում, իսկ մնացած աշխատանքները կրում են օժանդակ բնույթ: Այս ընդհանուր դրույթից ելնելով` մարզային երիտասարդության հնարավոր աշխատատեղերը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի խմբերի.
1) արտագնա (սեզոնային),
2) մասնավոր տնտեսություններ, արհեստանոցներ,
3) գյուղատնտեսության մեջ կիրառվող տեխնիկա, տրանսպորտային և այլ միջոցներ,
4) մարզկենտրոն, շրջկենտրոն (վարչական, առևտուր և այլն),
5) գյուղում գործող խանութներ, կրպակներ:
Երիտասարդների զբաղվածության տեսակետից գյուղական տնտեսություններում հատկանշականն այն է, որ հայ երիտասարդը ամբողջ տարվա ընթացքում կարող է աշխատել միայն մի քանի ամիս, բացի այդ` միապաղաղ կյանքը ձանձրացնում է նրան: Երիտասարդն ունի միայն իրեն հատուկ պահանջմունքներ, որոնց բավարարման համար շատ ընտանիքներում բյուջեն կարող է չբավարարել: Բացի դրանից` այդ դեպքում երիտասարդը չի կարող ինքնուրույն ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Մնացած բոլոր հնարավորությունները` իրենց բոլոր դրսևորումներով, այնուամենայնիվ, չեն կարող միջինացված ցուցանիշներով զբաղվածության բավարար մակարդակ ապահովել:
Նման պայմաններում արտագնա աշխատանքը կարծես թե ելք է: Սակայն վերջինիս դրսևորումը երիտասարդների շրջանում էապես տարբերվում է այլ տարիքային խմբերից, և, եթե միջին տարիքի տղամարդկանց պարագայում ընտանեկան կապերի շնորհիվ կրում է հիմնականում սեզոնային բնույթ, ապա երիտասարդների մոտ այն ավելի շուտ անկանոն է, և, ցավոք, հաճախ մշտական:
Մշակութային խնդիրները (հանգիստ, ժամանց, սպորտ)
Երիտասարդության համար ժամանցը կարևոր նշանակություն ունի, այն երիտասարդի կենսագործունեության հիմնական գործոններից է: Ժամանցը, լինելով ազատ ժամանակ ֆիզիկական, հոգևոր, սոցիալական պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեության ձևերի ամբողջություն, իրականացնում է այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են հանգիստը, ծախսված ֆիզիկական և մտավոր ուժերի և ունակությունների զարգացումը, զվարճանքն ու շփումը: Ելնելով վերոհիշյալ գործառույթներից` հարկ է նկատել, որ ժամանցի արդյունավետ կազմակերպումը կարևորվում է մարզային երիտասարդության կենսագործունեության համար:
Ըստ էության` ժամանցի տարածված ձևերն են.
1) զանգվածային մշակութային հանդիսություններին մասնակցությունը,
2) խաղերը, ֆիզկուլտուրան և սպորտը,
3) էքսկուրսիաներն ու ճանապարհորդությունը,
4) ստեղծագործական և սիրողական զբաղմունքները:
Խորհրդային շրջանում մշակութային սցենարները, ցանկը և հանդիսությունների քանակը պետությունը դիրեկտիվային տեսքով իջեցնում էր վերևից, գործում էին մշակույթի տները, երիտասարդության համար անցկացվում էին տարբեր ազգագրական, թատերական և այլ միջոցառումներ: Այսօր երիտասարդները ստիպված են իրենք հոգալ իրենց մշակութային պահանջները, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է:
Կրթություն
Շուկայական տնտեսության ձևավորման հետևանքով կրթական համակարգը բավականին վերափոխվեց: Այժմ մարզային երիտասարդությունն ավելի շատ առնչվում է միջին մասնագիտական կրթության հետ: Ի տարբերություն խորհրդային շրջանի` ներկայումս մարզերում կրթությունը կենսաապահովման համար անհրաժեշտ եկամտի աղբյուր հանդիսացող աշխատանքի ձեռքբերման լիարժեք նախադրյալ չէ: Այն ժամանակ գյուղական համայնքը սոցիալ-մասնագիտական առումով ավելի բազմազան էր, գյուղացին գյուղատնտեսության ոլորտում չուներ այսօրվա դժվարությունները, կազմակերպչական խնդիրները: Գյուղատնտեսական աշխատանքները` տեխնիկական սպասարկումը, իրացումը, կազմակերպվում էին պլանային տնտեսության շրջանակներում: Երիտասարդն ուներ բավարար ժամանակ, ազատ ֆինանսական միջոցներ` ներդնելու որևէ մասնագիտական կրթություն կամ արհեստ ձեռք բերելու համար, բացի այդ` զանազան արհեստները պահանջարկ ունեին: Այսօր դրանք սոցիալ-տնտեսական փոփոխությունների, ներմուծվող էժանագին ապրանքների զանգվածային գործածության հետևանքով հիմնականում դարձել են ոչ եկամտաբեր գործառույթ: Ներկայումս մասնագիտական կրթության կամ արհեստների ժամանակակից (վարսավիրություն, համակարգչային զանազան կուրսեր, դիմահարդարում, հաշվապահություն և այլն) տեսակները դարձել են բարձրագույն կրթության` ավելի քիչ ծախսատար և ժամանակատար այլընտրանքներ: Բարձրագույն կամ միջին մասնագիտական որևէ կրթություն ստանալը կապված է մի շարք դժվարությունների հետ. գյուղում կայացած չէ «կրկնուսույցների» ինստիտուտը, առանց որի խիստ դժվար է անցումը հանրակրթականից բարձրագույն կրթության: Ինչպես հետևում է ստորև ներկայացված աղյուսակից, այս կարծիքին է նաև երիտասարդությունը:
Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է բուհ/քոլեջ ընդունվել դպրոցում ստացած գիտելիքների հիման վրա.
._______________________________________________________.
|Այո՛ | 5.9|
|__________________________________________________|____|
|Ո՛չ, անհրաժեշտ են նաև նախապատրաստական դասընթացներ|16.2|
|__________________________________________________|____|
|Ո՛չ, անհրաժեշտ են նաև մասնավոր դասընթացներ |72.3|
|__________________________________________________|____|
|Դժվարացել են պատասխանել | 5.6|
._______________________________________________________.
Մեկ այլ, ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ Երևանում «ուսանող պահելը» զգալիորեն նվազեցնում է ընտանիքի բյուջեն, առավել ևս, որ այդ դեպքում ընտանիքը զրկվում է նաև պոտենցիալ աշխատուժից: Մարզային երիտասարդության բարձրագույն կրթություն ստանալու մեկ այլ դրդապատճառ նույնպես ձևափոխվել է` երիտասարդների շրջանում այն արդեն չի ընկալվում որպես սոցիալական ճկունություն ապահովող կարևոր մեխանիզմ, հետագայում եկամտաբեր աշխատանք ունենալու երաշխիք, հիմա այն ընկալվում է որպես քաղաքում հաստատվելու հնարավոր միջոցներից մեկը:
Ամփոփելով նշենք, որ մարզային երիտասարդության խնդիրներն այնքան բազմազան են և առանձնահատուկ, որ ինքնին բավական ծավալուն և առանձնակի զեկույցի են արժանի:
Երիտասարդության խոցելի խմբերը
Հաշմանդամներ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով 2007 թվականի դրությամբ Հայաստանում հաշվառված է 159660 հաշմանդամ, որից` 13901-ը` առաջին, 86093-ը` երկրորդ, 40213-ը` երրորդ խմբում: 16-18 տարեկան հաշմանդամ երեխաների թիվը 1860 է, իսկ 19-30 տարեկան երիտասարդներինը` 12057: Հաշմանդամների ընդհանուր թվի 9 տոկոսն են կազմում 16-30 տարեկանները:
Հաշմանդամության հիմնական պատճառներից է ի ծնե հաշմանդամությունը, սակայն որպես հաշմանդամության պատճառ անհրաժեշտ է նաև նշել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը և ղարաբաղյան հակամարտությունը:
Խորհրդային ժամանակներից մենք ժառանգել ենք հաշմանդամների համար ոչ մատչելի մի միջավայր, որը լրջորեն արգելակում է հաշմանդամ երիտասարդների ինտեգրումը հասարակությանը, ինչպես նաև հաշմանդամության «բժշկական մոդելը», երբ հաշմանդամը դիտվում էր որպես հիվանդ մարդ, որին անհրաժեշտ է բժշկական և նյութական օգնություն: Վերջին տարիներին Հայաստանը որդեգրել է հաշմանդամության «սոցիալական» մոդելը, որը ենթադրում է հավասար իրավունքներ, հավասար պայմաններ և հնարավորություններ:
Սակայն ինտեգրման համար բավական լուրջ արգելքներ կան, որոնցից են նաև կրթության ոչ մատչելիությունը: Չնայած վերջին տարիներին հաշմանդամ երեխաների ինտեգրացված ուսուցման կազմակերպմանն ուղղված աշխատանքներին` մասնավորապես, ներառական կրթության մոդելի ներդրմանը, այսօր ինտեգրացված ուսուցման հարցերում դեռևս լուրջ արգելքներ կան: Օրենսդրությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին իրավունք է տրվում բուհում սովորելու պետական պատվերի շրջանակներում: Միևնույն ժամանակ, միայն քիչ թվով հաշմանդամներ կարող են օգտվել այդ հնարավորությունից, քանի որ բուհերը բոլորովին հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցողների համար: Քիչ չեն նաև այնպիսի հաշմանդամները, որոնք վերը նշված պատճառներով նույնիսկ միջնակարգ կրթություն չեն ստացել և բնականաբար չեն կարող ուսանել բուհում: Դրա հետևանքով հաշմանդամների զգալի մասը չունի բարձրագույն կրթություն:
Ինտեգրման կարևորագույն գործոններից է աշխատատեղերի առկայությունը հաշմանդամների համար: Խորհրդային տարիներն գործում էին կույրերի, խուլերի և այլն արտադրական կոմբինատներ: Հայաստանի անկախացումից հետո փակվեցին ձեռնարկությունների, այդ թվում նաև` հաշմանդամների արտադրական կոմբինատների մեծ մասը: Այդպիսով աշխատանքից զրկվեցին և՛ հատուկ հաստատություններում աշխատող հաշմանդամները, և՛ նրանք, ովքեր աշխատում էին սովորական ձեռնարկություններում: Պաշտոնական տվյալներով` ներկայումս Հայաստանում աշխատունակ հաշմանդամների միայն 8%-ն ունի աշխատանք:
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (ընդունվել է 24.10.2005 թ.) ամրագրված են հաշմանդամների զբաղվածությունը խթանող դրույթներ: Մասնավորապես` նախատեսված է պետական բյուջեի միջոցներից գործատուներին որոշակի չափով փոխհատուցում տրամադրել իրենց մոտ աշխատող հաշմանդամների աշխատավարձի դիմաց, աջակցություն ցուցաբերել ձեռնարկատիրական գործունեություն սկսող հաշմանդամներին: Այնուամենայնիվ, գործնականում դեռևս չեն նկատվում այս խնդրի բարելավման միտումները:
Հայաստանում հաշմանդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող հիմնական իրավական ակտերն են «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (ընդունվել է 1993 թ.` հետագա փոփոխություններով), «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը (ընդունվել է 19.11.2002 թ.), «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությունը» (հաստատվել է 03.11.2005 թ.), «Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը», որը 2005 թ. հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Վերջին տարիներին հաշմանդամների հիմնահարցերը կարգավորող օրենսդրությունը ենթարկվել է լուրջ փոփոխությունների, որոնք հիմնականում միտված են հաշմանդամների իրավունքների, հնարավորությունների, սոցիալական վերականգնման, հասարակությանն ինտեգրման խնդիրների լուծմանը:
Իսկ կենսաթոշակի պատկերը հետևյալն է. 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ հիմնական կենսաթոշակի չափը կազմում է 6800 դրամ: Հաշմանդամության կենսաթոշակի չափը կազմում է` 1-ին խմբի և մինչև 18 տարեկան հաշմանդամների համար` հիմնական կենսաթոշակի 140%-ը, 2-րդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 120%-ը, 3-րդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100%-ը:
1993 թվականին ընդունված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը նախատեսվում էր սոցիալական ապահովության բավական լավ մեխանիզմներ, մասնավորապես` հաշմանդամները կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի և հասարակական տրանսպորտի համար վճարելիս օգտվում էին զեղչերից ու արտոնություններից: Կարևոր նշանակություն ուներ օրենքի այն դրույթը, ըստ որի` այն հիմնարկները, որոնց աշխատողների առնվազն 50%-ը հաշմանդամներ էին, օգտվում էին շոշափելի հարկային արտոնություններից: Հետագայում օրենքը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների, որոնց գերակշռող մասը վատթարացրեց հաշմանդամների սոցիալական վիճակը: Գրեթե իսպառ վերացան բոլոր արտոնությունները:
Ներկայումս հաշմանդամների համար գործում են հետևյալ արտոնությունները.
1) հաշմանդամներն ունեն պետական պատվերի շրջանակներում անվճար բուժսպասարկման, բուժօգնության, պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ ստանալու իրավունք,
2) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներն ունեն անվճար դեղորայք ստանալու արտոնության իրավունք,
3) ներքաղաքային էլեկտրատրանսպորտից անվճար օգտվելու արտոնության իրավունք,
4) երրորդ խմբի հաշմանդամներն ունեն 50% զեղչով դեղորայք ստանալու իրավունք:
Քսաներորդ դարի վերջին տասնամյակը ՄԱԿ-ը հայտարարել էր հաշմանդամների տասնամյակ` «Հասարակությունը բոլորին» կարգախոսով: Հարցվածների 33.8 %-ը դժվարացել է պատասխանել, թե ինքը ինչպես է վերաբերվում հաշմանդամներին, իսկ 12.7%-ը գթասրտորեն է վերաբերվում նրանց: Ներկայացված վերլուծությունը հաշմանդամ երիտասարդների ներկա վիճակի մասին ցույց է տալիս, որ թերևս վաղ է խոսել հաշմանդամին որպես հանրույթի լիարժեք անդամ լիովին ընկալող հասարակության մասին: Գթասրտությունն իհարկե կարևոր է, սակայն հաշմանդամը, հատկապես` երիտասարդ, կարիք ունի, որ իրեն վերաբերվեն որպես հասարակության լիարժեք անդամի, ով ինքնուրույն է որոշում ուր գնալ, որտեղ սովորել կամ աշխատել, ընտրել կամ լինել ընտրված, կազմակերպել իր հանգիստը ինչպես կամենա:
Փախստականներ
ԽՍՀՄ-ի փլուզումը և նոր պետությունների առաջացումն ուղեկցվեցին խոշորածավալ միգրացիոն տեղաշարժերով: Հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած էթնիկական զտման քաղաքականությունը և սանձազերծած պատերազմը` Հայաստանում դրանք մեծ չափերի հասան: Այդ տարիներին Հայաստանում իրենց ապաստանը գտան շուրջ 360 հազար փախստականներ Ադրբեջանից: «Բացի այդ, ԼՂՀ-ի և Շահումյան շրջանից շուրջ 48000 անձ նույնպես բռնագաղթվեցին Հայաստան: Եվս 11 հազար հայ Հայաստան ներգաղթեց նախկին ԽՍՀՄ այլ տարածքներում ծագած հակամարտությունների հետևանքով: Այդ ամենի հետևանքով մինչև 1988-94 թվականները Հայաստանը ստիպված եղավ ընդունել շուրջ 419 հազար փախստականների և բռնի տեղահանվածների, որը կազմում էր հանրապետության այն ժամանակվա բնակչության մոտ 12%-ը:
1990-ական թվականների կեսերից, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Ադրբեջանից հայազգի փախստականների կամավոր և անվտանգ վերադարձը նախկին բնակության վայրեր անհնար է, Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ փախստականների ինտեգրման քաղաքականության իրականացմանը:
Այդպիսի քաղաքականության առաջնային նպատակը հասարակության մեջ փախստականների արդյունավետ ներգրավման (ինտեգրման) և ինքնիրացման (նատուրալիզացիայի) ապահովումն է, ինչը մեծ մասամբ պայմանավորված է փախստականների համար կենսական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների լուծմամբ.
1) սոցիալ-տնտեսական (սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում, կենսամակարդակի բարձրացում և այլն),
2) իրավաքաղաքական (իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրության ստեղծում, դրանց իրագործման պետաիրավական երաշխիքների ապահովում),
3) հոգևոր-մշակութային (հայոց լեզվի տիրապետման պայմանների ապահովում, հոգևոր մշակույթի արժեքներից լիարժեքորեն օգտվելու պայմանների ստեղծում և այլն),
4) բարոյահոգեբանական (բռնի տեղահանման ժամանակ ապրած բարոյահոգեբանական ցնցումների հաղթահարում, նոր սոցիալական կապերի հաստատում),
5) անհատական մտածելակերպ (փախստականներից շատերը մտավախություն ունեին, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով` միանգամից դուրս կմնան ինչպես պետության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող ուշադրությունից):
Միայն այս խնդիրների համակողմանի լուծումը կարող է տրամաբանորեն հանգեցնել փախստականների ինտեգրմանը:
Ըստ փորձագիտական եզրահանգումների` փախստական երիտասարդները, ելնելով սոցիալական խնդիրների առանձնահատկություններից (բնակարանի, տարրական սոցիալ-կենցաղային պայմանների բացակայություն և այլն), ստիպված են լինում կրթությունը շարունակելու փոխարեն աշխատել, իհարկե, հիմնականում որակավորում չպահանջող աշխատաշուկայում: ՈՒստի մեծ է հավանական վտանգը, որ մոտ ապագայում կունենանք անմրցունակ աշխատողների մի մեծ զանգված, որը ավելի է խորացնելու տեղացի և փախստական երիտասարդների միջև եղած անջրպետը և ուղղակիորեն խոչընդոտելու է փախստականների ինտեգրումը հասարակությանը:
Երիտասարդության ավելի քան 57%-ը համարում է, որ փախստականներին իրենց մտածելակերպով, կենսակերպով, մշակույթով և մի շարք այլ հատկանիշներով տարբերվում են տեղաբնակներից: Սա ինքնին խոսուն թիվ է, և երիտասարդական քաղաքականություն վարող պետական մարմինները, երիտասարդական քաղաքականությանն աջակցող միջազգային կազմակերպությունները, երիտասարդության հարցերով ՀԿ-ները պետք է ձգտեն իրենց ծրագրերում ներգրավել փախստական երիտասարդներին, իրականացնեն ծրագրեր` ուղղված փախստական երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են մասնագիտական ուսուցման, ինչպես նաև աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով գործատուին աշխատավարձի փոխհատուցման ծրագրերի իրականացում` նույն օրենքով սահմանված անմրցունակ կամ խոցելի խմբին պատկանող անձանց համար: Ի թիվս այլ խմբերի, անմրցունակ են համարվում նաև աշխատանքային տարիքի առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և զինծառայությունից զորացրված երիտասարդները, որոնք առնվազն մեկ տարի, որպես գործազուրկ, գրանցված են եղել զբաղվածության ծառայությունում, ինչպես և հաշմանդամները, փախստականները:
Սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդներ են նաև մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտները, որոնց սոցիալական խնդիրների լուծմանն են ուղղված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Նշված ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց (երիտասարդներին) բնակարանով ապահովման» պետական նպատակային ծրագիրը:
Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն նաև 16-18 տարեկան ռիսկային իրավիճակներում հայտնված, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասները: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների` անչափահասների շրջանում արձանագրված հանցագործությունների գերակշիռ մասը կատարվում է 16-18 տարեկան անչափահասների կողմից (2007 թվականի ընթացքում 366 անչափահասներից 242-ը կամ 66%-ը): Նշված հանցագործությունների տարածվածությունը երիտասարդության շրջանում կապված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված մի շարք` զբաղվածության, հանգստի, ժամանցի և սպորտի բնագավառներում առկա խնդիրներով:
3.2. Երիտասարդների կրթությունը
ՀՀ կրթական համակարգը, սկսած 1991 թվականից, անցել է փոփոխությունների դժվար փուլ: Անկախությանը հաջորդած առաջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ տնտեսության ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ կրթական համակարգի վրա:
1996-1997 թվականներին, երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց, սկսվել է հանրակրթական ոլորտի բարեփոխումը: Մինչև 2003 թվականը բարեփոխումները հիմնականում կառուցվածքային բնույթի էին և միտված էին լուծելու համակարգի ֆինանսական և կառավարման խնդիրները: 2003 թվականից սկսվել է բարեփոխումների նոր փուլ, որն ընդգրկում է նաև բովանդակային հիմնահարցեր` կրթակարգ, նոր ուսումնական ծրագրեր, գնահատման նոր համակարգ և այլն:
ՀՀ կրթության ոլորտի ներկա փուլի զարգացումը սերտորեն կապված է կրթական հանրության զարգացման միջազգային միտումների հետ, որն էլ իր հերթին պայմանավորված է համաշխարհային տնտեսության զարգացման մեջ տեղի ունեցող անշրջելի վերափոխումներով: Այսօր պետական ու ազգային կարևորագույն խնդիրներ են կրթության համակարգի առաջնահերթ զարգացումը և միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը:
Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
Համաշխարհային տնտեսության մեջ կատարվող փոփոխությունները հանգեցնում են ազգային տնտեսությունների մերձեցման և համաշխարհային (գլոբալ) տնտեսության ձևավորման: 20-րդ դարի արդյունաբերական տնտեսությունը 21-րդ դարի սկզբին վերափոխվում է «գիտելիքների տնտեսության», հասարակությունը` «գիտելիքների հասարակության»:
Նոր դարաշրջանին բնորոշ են արմատական փոփոխություններ հասարակության արժեքային համակարգում: Առաջ են քաշվում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, ազատությունը, արդարությունը, հարգանքն ուրիշների նկատմամբ և քաղաքացիական հասարակությանը բնորոշ այլ արժեքներ:
ՀՀ կառավարությունը նախաձեռնել բովանդակության բարեփոխումներ` վերանայել պետական չափորոշիչը, ուսումնական ծրագրերը, ներդնել տեղեկատվական տեխնոլոգիաներ, պայմաններ ստեղծել մանկավարժական կադրերի մասնագիտական կատարելագործման համար, հարստացնել դպրոցների նյութատեխնիկական և ուսումնամեթոդական բազան և այլն:
Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներն ուղղված են կրթական չափորոշիչների և ծրագրերի արդիականացմանը, մանկավարժական կադրերի վերապատրաստմանը, ուսումնանյութական ապահովվածության բարելավմանը, կառավարման ու ղեկավարման համակարգի ռացիոնալացմանը, ինչպես նաև մեծահասակների կրթության ապահովմանը: Մեծապես կարևոր տեղ է հատկացվելու նաև հաստատությունների, կազմակերպությունների ու դրանց միությունների միջև համագործակցության խթանմանը:
Հանրակրթություն
Հանրակրթության գլխավոր նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը:
Համաձայն հանրակրթության պետական կրթակարգի` ՀՀ-ում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացվում է 12-ամյա տևողությամբ:
Անցումը կատարվել է 2006 թվականից` հետևյալ հաջորդական աստիճաններով.
1) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ),
2) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ),
3) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):
«Հիմնական ընդհանուր կրթությունը ՀՀ-ում պարտադիր է (1-9-րդ դասարաններ)»:
2006-2007 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 1426 պետական և 41 ոչ պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 11-ը` տարրական, 153-ը` հիմնական և 1195-ը` միջնակարգ, ինչպես նաև 42 վարժարան և 14 արհեստագործական դպրոց:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած և արտակարգ ունակություններ դրսևորող) երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով հանրապետությունում գործում են 43 պետական և ոչ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ (երկարօրյա և գիշերօթիկ), որոնք իրականացնում են հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրեր:
Վերջին տարիներին աշխատանքներ են տարվում ֆիզիկական կամ մտավոր արատ ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցում կազմակերպելու, հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրելու ուղղությամբ: Նախատեսվում է նաև հատուկ կրթության հաստատությունների անցումը կառավարման և սովորողների թվով ֆինանսավորման նոր եղանակի:
Ինչպես 2005-2007 թվականներին, այնպես էլ 2006-2008 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով կրթության բնագավառում պետության հիմնական գերակայություն է հանրակրթության ոլորտը, որին և ուղղված է կրթության բնագավառին նախատեսվող պետական հատկացումների գերակշիռ մասը:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքներ ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակն է հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա սովորողներին նախապատրաստել նախնական մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքային գործունեությանը:
Նախնական մասնագիտական կրթությունն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, քոլեջներում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան լիցենզիա ունեցող և անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող վարպետների մոտ: Նախնական մասնագիտական կրթության տևողությունը, կախված դիմորդների նախընթաց կրթությունից և ընտրած մասնագիտությունից, 1-3 տարի է:
2006-2007 թվականներին ուս. տարվա նախնական մասնագիտական կրթությունն իրականացվել է 28 արհեստագործական ուսումնարաններում: Համակարգում ընդգրկված է շուրջ 4095 սովորող:
Միջին մասնագիտական կրթության նպատակը միջին մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն է, հիմնական ընդհանուր կամ միջնակարգ ընդհանուր կրթության հիմքի վրա ընդհանուր և մասնագիտական գիտելիքների ընդլայնումն ու խորացումը:
Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (ՄՄՈՒՀ)` քոլեջներում: 2006-2007 ուսումնական տարում գործել են 83 պետական ՄՄՈՒՀ-ներ, որոնցում ուսանել են շուրջ 28305 սովորողներ, ինչպես նաև 25 ոչ պետական ՄՄՈՒՀ` շուրջ 2546 սովորողով:
Պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն անվճար համակարգում ամբողջովին իրականացվում է պետական բյուջեից:
Չնայած ՀՀ-ում մասնագիտական ուսումնական բոլոր հաստատություններն ունեն իրենց սեփական շենքերը, սակայն խիստ տարբեր է դրանց ապահովվածությունը ուսումնական բազայով` լաբորատոր և արհեստանոցային սարքերով և սարքավորումներով, ուսուցողական պարագաներով, ուսումնական և ուսումնամեթոդական գրականությամբ: Դասագրքային ապահովվածությունը նույնպես շարունակում է մնալ անբավարար, քանի որ վերջին ժամանակահատվածում ՀՀ-ում մասնագիտական գրականություն գործնականում չի հրատարակվել, իսկ օտարերկրյա գրականության մեծաքանակ ձեռքբերումը հնարավոր չէ ֆինանսական միջոցների սղության, նաև անիմաստ` ուսանողների օտար լեզուների անբավարար իմացության պատճառով:
Չնայած առկա դժվարություններին` Զեկույցի շրջանակներում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ-ում մատչելի է: Հարցման մասնակից երիտասարդների 13.9 տոկոսը գտնում է, որ լիովին մատչելի է, 43.5 տոկոսը` բավական մատչելի է, և միայն 7.3 տոկոսը` ընդհանրապես մատչելի չէ:
Բարձրագույն և հետբուհական կրթություն
Բարձրագույն մասնագիտական կրթությունը` առնվազն միջնակարգ (լրիվ), ընդհանուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն է:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով պետությունն ապահովում է անցումը բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգին, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման և որակի գնահատման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ` կրեդիտային համակարգի ներդրմանը: Օրենքը բարձրագույն ուսումնական հաստատության սովորողին իրավունք է տալիս նաև իր հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների ընտրել մասնագիտություն, բուհ տեսակը և ուսուցման ձևը, տեղափոխվել այլ բուհ, ներառյալ օտար պետություններում, թեև այս հարցում առկա են որոշ խոչընդոտներ և սահմանափակումներ:
ՀՀ-ում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է եռաստիճան համակարգով` բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի ծրագրերով` պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում` առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գործում են ասպիրանտուրա և դոկտորանտուրա:
Զեկույցի շրջանակներում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթությունը ՀՀ-ում այնքան էլ մատչելի չէ երիտասարդներին: Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համար, և անհրաժեշտ են մասնավոր նախապատրաստական դասընթացներ, որոնք իրականացվում են վճարովի հիմունքներով: Այդպես է կարծում հարցման մասնակից երիտասարդների ավելի քան 80 տոկոսը:
Ինչ վերաբերում է բուհերում սովորելու շարժառիթին, ապա Զեկույցի շրջանակներում իրականացված հարցումների արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը.
________________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
2006-2007 ուսումնական տարում հանրապետությունում գործող պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ընդհանուր թիվը կազմել է 105830 մարդ: Այդ ուսումնական տարում հանրապետությունում գործել են 23 պետական բարձրագույն ուսումնական հաստատություն (բուհ), 10 մասնաճյուղ և 64 ոչ պետական բուհ, որից 33-ը հավատարմագրված են կամ ունեն հավատարմագրված մասնագիտություններ:
2006 թ. հանրապետության 15 բուհեր և 2 գիտական կազմակերպություններ ունեցել են մագիստրատուրա, 14 բուհեր, ազգային ակադեմիայի 37 ինստիտուտներ և 19 այլ գիտական կազմակերպություններ` ասպիրանտուրա, 4 բուհեր և 4 գիտական կազմակերպություններ` դոկտորանտուրա, որոնցում անվճար հիմունքով սովորել են 786 մագիստրանտ, 1279 ասպիրանտ և 57 դոկտորանտ, վճարովի հիմունքով` 3360 մագիստրանտ, 230 ասպիրանտ և 2 դոկտորանտ:
Համալսարանների պատկառելի թիվը երիտասարդների համար չի նշանակում մեծ միջոցների և տեխնիկական հնարավորությունների առկայություն: Միայն պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են մասամբ բավարարել ուսանողների կարիքները, մինչդեռ այդ խավի մի կարևոր հատվածի համար դա մնում է դժվարին հիմնախնդիր:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 2007 թվականի պետական ֆինանսավորումը կազմում է կրթության բյուջեի մոտ 6,5%-ը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում ձեռնարկված բարեփոխումները ներառում են կրթության կառուցվածքը, բովանդակությունը և կառավարումը: Ընդլայնվել է բուհերի ինքնավարությունը կառավարման և ֆինանսավորման հարցերում:
ՀՀ կառավարության հաստատված լիցենզավորման և հավատարմագրման կարգերի կիրարկման շնորհիվ կանոնակարգվում է ոչ պետական բուհերի գործառույթները, ինչը խթանում է մրցակցությունը բարձրագույն կրթության ոլորտում:
Նախատեսված են բարձրագույն կրթության բարեփոխումների հետևյալ ուղղությունները.
1) բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետության աճի ապահովում.
2) աշխատանքային շուկայի հետ կապերի ուժեղացում.
3) բարձրագույն կրթության համակարգի մատչելիության ապահովում բնակչության բոլոր խավերի համար.
4) բարձրագույն կրթության համակարգի կառավարման բարեփոխում.
5) պետական ֆինանսավորման բարեփոխում.
6) բարձրագույն կրթության համակարգի ինտեգրում եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և ընդգրկում Բոլոնիայի գործընթացներում:
Բոլոնիայի հռչակագրի հիմնարար սկզբունքները, ըստ էության, եվրոպական բարձրագույն կրթական բարեփոխման ծրագիր է, որը հայտնի է որպես Բոլոնիայի գործընթաց:
Բարձրագույն կրթության նոր որակի հասնելու համար, մասնավորապես, նախատեսվում է նաև իրականացնել.
1) բարձրագույն մասնագիտական կրթության հիմնահարցի լուծում, այդ թվում` մասնագետների պատրաստման պատվերի ձևավորում, պայմանագրային կադրերի պատրաստում և կադրային քաղաքականության իրականացում` գործատուների և սոցիալական այլ գործընկերների մասնակցության ապահովմամբ.
2) մասնագիտությունների ցանկի օպտիմալացում, մասնագիտական կրթության կառուցվածքային և ինստիտուցիոնալ վերակառուցում, հաստատությունների ցանկի օպտիմալացում, համալսարանական համալիրի ստեղծում.
3) բարձրագույն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի արմատական բարելավում.
4) բուհական գիտության զարգացում` որպես մասնագետների պատրաստման բարձր որակի ապահովման, մասնագիտական կրթության բովանդակության շարունակական նորացման հիմնական գործոնի կարգավիճակի բարձրացում.
5) կադրերի շարունակական մասնագիտական աճի համար պայմանների ստեղծում, մասնագիտական կրթության տարբեր մակարդակների հաջորդայնության ապահովում և լրացուցիչ մասնագիտական կրթության արդյունավետ համակարգի ստեղծում, որը կապահովի բնակչության հոգեբանական աջակցությունը գործունեության ձևերի փոփոխման դեպքում:
Հայաստանի կրթական ոլորտի զարգացման համատեքստում Բոլոնիայի գործընթացին ներկայումս առանցքային տեղ է հատկացվում: Այն անհրաժեշտ է արդյունավետ բուհական մասնագիտական կրթական համակարգի կայացման և միասնական չափանիշների մշակման ու ներդրման համար` նվազեցնելով եվրոպական առաջատար կրթական հաստատությունների հետ տարբերություններն ու հակասությունները: Հիշյալ գործընթացները յուրատեսակ «կրթական չափանիշ» է, որը պահանջում է նոր կրթական որակ:
Խնդիրը բարդանում է նրանով, որ անհրաժեշտ է արմատապես փոխել բավականին «պահպանողական» այնպիսի մի ոլորտ, ինչպիսին է բարձրագույն մասնագիտական կրթության գործող համակարգը: Սակայն այս փոփոխությունները հնարավորություն կտան ապագայում միջկրթական համակարգերի ինտեգրման միջոցով Հայաստանի համար կայուն տեղ ապահովել կրթական համաշխարհային տարածության մեջ:
Բոլոնիայի գործընթացին Հայաստանի մասնակցությունը զգալիորեն կբարելավի և կմեծացնի ինքնակրթության դերը, որը, ի դեպ, ներկայումս բավականին ցածր է, որովհետև համաձայն որոշ փորձագետների` շատ են լսարանային պարապմունքները, կրկնվող տեսական դասընթացները, անարդյունավետ է ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը, և կա մասնագիտական նոր գրականության պակաս: Նշված խնդիրների պատճառով ուսանողները հնարավորություն չեն ունենում առավել արդյունավետորեն կազմակերպել իրենց ինքնակրթման գործընթացը: Դրա հետ զուգահեռ` կբարձրանա նաև հետբուհական մասնագիտական կրթության որակը, գիտական աշխատանքների կատարման և որակյալ գիտական կադրերի վերապատրաստման մակարդակը:
Հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն:
Հայաստանի Հանրապետությունում մեծ տեղ է հատկացվում գիտությանն ու կրթությանը: Բարձրագույն կրթական համակարգը կառավարվում է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքներով և իրավական այլ ակտերով:
Դեռևս Խորհրդային Միության ժամանակներից հայաստանյան գիտական միտքը աշխարհահռչակ ձեռքբերումներ է ունեցել: Բարձր զարգացած են եղել գիտատար արդյունաբերական ճյուղերը: Հատկապես հիշարժան է Հայաստանի ատոմակայանը, քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև էլեկտրոնիկայի զարգացումը, հաշվիչ սարքավորումները: Ներկայումս պետության կողմից պաշտոնապես առաջնային են ճանաչվել գիտական այնպիսի ուղղվածություններ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը:
ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո շատ երիտասարդներ ցանկություն են հայտնում ստանալ նաև հետբուհական մասնագիտական կրթություն: Ընդունելության կարգը մրցութային է, ինչն իրականացվում է նախկինում ցուցաբերված առաջադիմության և ընդունելության քննությունների արդյունքների միջոցով:
Զեկույցի մշակման շրջանակներում երիտասարդության շրջանում իրականացվել է սոցիոլոգիական հարցում, որի արդյունքում պարզվել է հետևյալը. բարձր որակավորված մասնագետ դառնալը իբրև բուհում սովորելու հիմնական շարժառիթ է դիտում հարցմանը մասնակցած երիտասարդների 46.3%-ը: Հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը ավելի ցածր է բարձրագույնից:
Հետբուհական կրթության վերաբերյալ կարծիքները բաշխվում են հետևյալ տոկոսային համամասնությամբ, որտեղ 1-ը դիտել` բոլորովին մատչելի չէ, իսկ 5-ը` լիովին մատչելի է.
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Հետբուհական կրթության մատչելիությունը խանգարող հանգամանքներից առաջինը նշվել է գիտական աշխատողների ցածր աշխատավարձը (65%), դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող անորոշ ապագան (51.8%) և երիտասարդների` գիտական աշխատանքներում ներգրավվելու մրցութային մեխանիզմներում սուբյեկտիվ մոտեցումը (48,6%):
Մասնագիտական կրթություն ստանալուց հետո իրենց մասնագիտությամբ աշխատելը լիովին հավանական է համարում միայն հարցվածների 12%-ը, իսկ բոլորովին անհավանական` 20,5%-ը:
ՀՀ գիտության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեից` թեմատիկ և բազային ֆինանսավորման սկզբունքներով. մեկ գիտական աշխատողին հասնում է ոչ ավել, քան 25 000 դրամ աշխատավարձ, ինչը զիջում է հանրապետությունում գրանցված միջին աշխատավարձին: Հարցմանը պատասխանած երիտասարդների միայն 3,4%-ն է պատկերացնել առաջիկա մեկ-երկու տարվա աշխատավարձի չափը մինչև 45 000 դրամ: Այս պատճառով մտավոր մեծ ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ լքում են գիտական ոլորտը:
Մեկ նկատառում ևս. քանի որ պետությունը էական դեր է հատկացնում գիտության զարգացմանը, ապա ըստ ՀՀ օրենսդրության` ասպիրանտուրայում սովորող երիտասարդները ստանում են տարկետման իրավունք (ՀՀ բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս), իսկ հետագայում այս իրավունքը պահպանվում է, եթե նրանք սահմանված ժամկետում պաշտպանում են թեկնածուական ատենախոսություն և աշխատում են իրենց մասնագիտությամբ: Այս սկզբունքը երկրի զարգացման, գիտության երիտասարդացման և գիտության ասպարեզում սերնդափոխություն ապահովելու համար ունի կարևոր նշանակություն:
Մեր կրթության որակը և նրա մրցունակությունը Հայաստանի աշխատաշուկայում, ըստ հարցման մասնակիցների մեծամասնության (45,8%), միջին մակարդակի է: Իսկ որոշ փորձագետների կարծիքով` նրա որակը ցածր է և չի համապատասխանում համաշխարհային արդի չափանիշներին: Ըստ տրված պատասխանների` հեռուստատեսությունը դարձել է երիտասարդների տեղեկատվություն ստանալու, ինքնակրթության ամենատարածված ձևը, որին հաջորդում են գրքերն ու ամսագրերը, ապա` ռադիոն: Ինտերնետը չորրորդ տեղում է, և դա բացատրվում է այն հանգամանքով, որ առաջինը, ըստ ոչ մատչելիության, հենց ինտերնետն է (54.8%): Իսկ սա նշանակում է, որ այս ոլորտը դեռևս առավել ուշադրության և աջակցության կարիք ունի: Համաշխարհային ներկա զարգացվածության պայմաններում և տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների համակարգում ինտերնետից օգտվելու անմատչելիությունը լուրջ խոչընդոտ է գիտության զարգացման և երիտասարդ գիտնականների թվի աճի համար, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պատկանում է եվրոպական այն երկրների թվին, որոնց համար գիտական ներուժի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:
Ոչ ֆորմալ կրթություն
Վերջին տասնամյակում բոլոր ոլորտների զարգացման ընթացքի արագացմանը և հասարակական հարաբերությունների էական փոխակերպումներին զուգընթաց կրթական ոլորտ ներթափանցեց «Ոչ ֆորմալ կրթություն» հասկացությունը:
Ոչ ֆորմալ կրթության հիմնական նպատակը կրթական ոլորտում համարժեք պատասխան գտնելն է դարի այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են հասարակական և քաղաքացիական մասնակցության անկումը, ինֆորմացիոն հասարակության պահանջները, միջազգային ինտեգրացիոն, համընդհանրացման գործընթացների, ակտիվացումը և տնտեսության համակարգային փոխակերպումների ու գոյություն ունեցող ֆորմալ կրթական համակարգի միջև աստիճանաբար խորացող անջրպետը:
Որպես կրթության յուրատեսակ ձև` ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերելու և զարգացնելու շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին (պայմաններին) համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ:
Համաձայն ոչ ֆորմալ կրթության մեջ ընդունված սկզբունքների` դրանք կարող են ձեռք բերվել կամավոր հիմունքներով, տարաբնույթ կրթական միջոցառումների տեսքով, որոնք տեղի են ունենում ֆորմալ կրթական համակարգից դուրս: Հատկանշական է, որ ոչ ֆորմալ կրթության իրականացման մեջ էական դեր են խաղում հասարակական կազմակերպությունները, որոնք առավելապես ներգրավված են համայնքային և երիտասարդության հետ կատարվող կրթական ծրագրերի իրականացման աշխատանքներում:
Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների շրջանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդական կազմակերպությունների համար ոչ ֆորմալ կրթությունը կարևոր տեղ է զբաղեցնում: Կազմակերպությունները նշել էին բոլոր այն ոլորտները, որոնցում նրանք ներգրավված են (ընդ որում` կար բազմակի ընտրության հնարավորություն, և կարող էին ընտրել մեկից ավելի ոլորտներ): Հարկ է նշել, որ 51,6%-ն ընտրել էր ոչ ֆորմալ կրթությունը. այն չորրորդ տեղում է (առաջինը մարդու իրավունքներն են` 62,1%): Երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարները հարցման ժամանակ նշել են նաև այն ոլորտները, որտեղ, ըստ իրենց, անհրաժեշտ է կազմակերպել ոչ ֆորմալ կրթությամբ դասընթացներ: Կարևորվել են հասարակայնության հետ աշխատանքը (34,5%) և միջազգային ծրագրերի կազմակերպումը (41,4%), կառավարման, մարդու իրավունքներին առնչվող խնդիրները (27,6%), ուսուցողական կենտրոնների ստեղծումը, մասնակցության և քաղաքացիության դասընթացները (24,1%):
Նշենք նաև, որ այն ՀԿ-ները, որոնք զբաղվում են ոչ ֆորմալ կրթությամբ, հաճախ այլ կերպ են պատկերացնում դրա մեթոդները: Այստեղ արդեն գործ ունենք տեղեկատվության պակասի հետ: ՈՒսանողության (երիտասարդության ամենաակտիվ մասի) շրջանում կատարված հարցման արդյունքներով` ուսանողների գրեթե 86%-ը պատասխանել է, որ տեղյակ չէ ոչ ֆորմալ կրթության մասին: Իսկ նրանք, ովքեր տեղյակ էին (գրեթե 65%-ը) չեն կարողացել որոշ չափով ընդունված պատկերացումներին համարժեք բացատրել այս հասկացությունը:
Այսպիսով, կարող ենք վստահ նշել, որ երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության մասին իրազեկվածությունը բավական ցածր մակարդակի վրա է:
Առաջին անգամ ոչ ֆորմալ կրթության ճանաչման հարցը եվրոպական մի շարք երկրներում բարձրացվել 80-ական թվականներին, երբ այն հասարակության մեջ արդեն իսկ նվաճել էր իր ուրույն տեղը` ընդունելով որպես կրթության անբաժանելի տարր: Եվրոպական մի շարք երկրներ ընդունել են ոչ ֆորմալ կրթության հայեցակարգեր և ռազմավարական ծրագրեր:
Հայաստանում ոչ ֆորմալ կրթության տարածումը սկսվել է 20-րդ դարի 90-ական թվականներից և հասել էր զարգացման այնպիսի փուլի, երբ անհրաժեշտություն էր դարձել ընդունել համապատասխան հայեցակարգ:
2006 թվականի դեկտեմբերի 14-ի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի N 50 արձանագրային որոշման հավելվածով հաստատվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության` ՀՀ կրթության և գիտության նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգ»-ը:
Ընդհանրացնելով կարելի է նշել, որ ոչ ֆորմալ կրթության ինստիտուտը Հայաստանում արդեն իսկ ունի իր ուրույն տեղը, և գրանցվում են այս ոլորտի զարգացման լուրջ միտումներ.
1) ՀՀ հասարակական կազմակերպությունների սեկտորը խիստ կարևորում է ոչ ֆորմալ կրթության ինստիտուտի զարգացումը Հայաստանում:
2) Պետական համապատասխան գերատեսչությունների կողմից արդեն իսկ սկսվել է ոչ ֆորմալ կրթության ինստիտուտի զարգացման գործընթաց: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգ»-ը:
Ոչ ֆորմալ կրթությունը պետական երիտասարդական քաղաքականության կարևորագույն ցուցիչներից է և անպայման պետք է համակողմանի զարգացվի թե՛ պետական սեկտորի, թե՛ համապատասխան հասարակական կազմակերպությունների կողմից:
3.3. Երիտասարդների առողջությունը
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորվում է բնակչության բժշկական օգնության և սպասարկման պետական հոգածությունը, սակայն ներկայումս առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են պետական հոգածություն, ինչպես նաև հասարակության առավել իրազեկվածություն և սեփական առողջության նկատմամբ պատկերացումների և մոտեցումների արմատական փոփոխություն: Ստորև ներկայացվում են որոշակի մոտեցումներ, վերլուծություններ ՀՀ-ում երիտասարդության առողջության վերաբերյալ, որոնք հիմնված են Զեկույցի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների, ՀՀ պետական վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ առողջապահության նախարարության զեկույցների և տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ուսումնասիրությունների, հաշվետվությունների վրա:
ՀՀ-ում մինչ այսօր չեն իրականացվել երիտասարդության առողջության համընդհանուր հետազոտություններ, և քանի որ բժշկագիտության զարգացմանը զուգահեռ բացահայտվում և պարզաբանվում են մի շարք նոր հիվանդություններ, իսկ սոցիալական, հասարակական փոփոխությունները առաջ են բերում առողջության պահպանման նկատմամբ նորովի ձևավորվող վերաբերմունք, ապա խիստ արդիական են մնում երիտասարդների առողջության ուսումնասիրությանն ուղղված աշխատանքները:
Հայաստանի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, դրան հետևած պատերազմը, տարածված աղքատությունը, գործազրկությունը և սոցիալական բևեռացումը իրենց բացասական ազդեցությունն ունեցան երիտասարդության առողջության վրա:
ՀՀ պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2000 թվականին առաջին անգամ ախտորոշված տուբերկուլյոզով հիվանդների 63.5%-ը կազմել է 15-39 տարիքի բնակչությունը, որը բավականին անհանգստացնող ցուցանիշ է: Ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է տուբերկուլյոզի դեմ ազգային ծրագիր:
Զեկույցի շրջանակներում իրականացված ուսումնասիրություններից պարզվել է, որ երիտասարդների 1,1 տոկոսն իրեն համարում է հիվանդ և ունի անհապաղ բուժման կարիք, և ընդամենը 43,5 տոկոսն է իրեն համարում լիովին առողջ: Այս ցուցանիշները բավականին անհանգստացնող են:
Դեռահասությունը կյանքի այն շրջանն է, երբ վարքագծային շեղումները, մասնավորապես, ալկոհոլի, ծխախոտի և թմրանյութերի օգտագործումը հաճախ են հանդիպում: Եթե այս շեղումները չեն հայտնաբերվում և ախտորոշվում ժամանակին, չեն ստանում բուժում, դրանք հաճախ հանգեցնում են բռնությունների, հանցագործությունների, հոգեկան խանգարումների ու հոգեկան հետաճի և այլ բացասական սոցիալական դրսևորումների:
Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ծխախոտի դեմ պայքարի բնագավառում միջազգային գործընթացներին, մասնավորապես, ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի բանակցային գործընթացին. ստորագրվել է «Եվրոպան առանց ծխախոտի» վարշավյան հռչակագիրը:
Հետազոտություններից պարզվել է, որ երիտասարդների ընդամենը 26.1%-ն է կյանքին լուրջ վտանգ չներկայացնող հիվանդությունների ժամանակ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալու նպատակով դիմում բժշկի, իսկ 67.5%-ը նախընտրում է դիմել ընտանիքի անդամներին: Թե ինչու երիտասարդների 50%-ից ավելին չի վստահում բժիշկներին, առանձին ուսումնասիրման կարիք ունի, սակայն ցուցանիշը խիստ մտահոգիչ է և արժանի ուշադրության: Երիտասարդների մեծ մասը (69,3 տոկոս) չի հաճախում առողջապահական հիմնարկներ: Նրանց ընդամենը փոքր մասն է, որ տարվա ընթացքում 4-5 անգամ և ավելի (համապատասխանաբար` 1,6 և 0,4 տոկոս) հաճախում է առողջապահական հիմնարկներ: Մոտավորապես հարյուր երիտասարդներից ութը տարեկան 1-2 և յոթը` 3 անգամ է հաճախում առողջապահական հիմնարկներ` ելնելով առողջական խնդիրներից: Այս ցուցանիշները խոսում են երկու փաստի մասին. կա՛մ երիտասարդները ինչ-ինչ պատճառներով չեն վստահում բժիշկներին, կա՛մ, տեղեկացված չլինելով` գիտակցում առողջությանն առնչվող բոլոր խնդիրների դեպքում մասնագետին դիմելու կարևորությունը:
Պարզելու համար, թե որքանով են հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որոշ տեսակները, Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շրջանակներում անցկացված հարցումները ցույց տվեցին, որի երիտասարդների 38,3 տոկոսի համար պետպատվերով բուժումը այնքան էլ արդյունավետ չէ: Նրանց մոտավորապես մեկ վեցերորդը (16,2 տոկոս) կարծում է, որ այն ընդհանրապես անարդյունավետ չէ, 18,1 տոկոսը (փոքր-ինչ գերակշռում է նախորդ խմբին)` արդյունավետ է և ընդամենը փոքրամասնությունը (7 տոկոս)` շատ արդյունավետ:
Պարզվում է, որ արդյունավետության նկատմամբ եղած կարծիքը պայմանավորված է իրազեկվածության ցածր մակարդակով. երիտասարդների 42,3 տոկոսը տեղյակ չէ պետպատվերով անվճար բուժօգնության մասին, նրանց մոտավորապես մեկ երրորդն է (31,7 տոկոս), որ այդ մասին տեղեկություն ունի, իսկ մեկ քառորդն ընդհանրապես անտեղյակ է (26 տոկոս):
Վերլուծելով հետազոտությունների արդյունքները` կարելի է նշել, որ երիտասարդների շրջանում հիվանդությունների տարածվածությունը հիմնականում պայմանավորված է լիարժեք տեղեկացվածության և բժշկական սպասարկման մատչելիության հետ կապված խնդիրների առկայությամբ:
Երիտասարդության շրջանում ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու պատկերը ուսումնասիրելու, ինչպես նաև առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկացվածության և գիտելիքների պարզաբանման համար Զեկույցի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտություններից պարզվել է հետևյալը` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով կանոնավոր զբաղվում է երիտասարդության փոքրամասնությունը, ընդամենը` 7,4 տոկոսը, 22,1 տոկոսը զբաղվում է անկանոն, երբեմն, իսկ մեծամասնությունն ընդհանրապես չի զբաղվում (70,5 տոկոս):
Ակնհայտ է, որ երիտասարդների շրջանում առկա է տեղեկացվածության բացակայություն, ընդամենը 20,5%-ն է տեղեկացված առողջության պահպանման և առողջ ապրելակերպի վերաբերյալ, իսկ 18,3%-ն ընդհանրապես չունի տեղեկություն առողջ ապրելակերպի վերաբերյալ:
Ներկայացված պատկերից ակնհայտ է, որ անհրաժեշտ է ընդլայնել երիտասարդության առողջության պահպանման թեմաների ներառումը և լուսաբանումը ինչպես ուսումնական ծրագրերում, այնպես էլ երիտասարդության առավել լայն լսարան ունեցող համապատասխան ռադիո և հեռուստահաղորդումներում: Պետք է կարևորել հիգիենայի պահպանման միջոցների ճիշտ ըմբռնումը, ինչպես նաև առողջ միջավայրի զարգացումն ու կայացումը: Այս ծրագրերը պետք է հիմնվեն երիտասարդության պահանջների և առաջարկությունների վրա:
Կառավարության և ուսումնական առողջապահական հաստատությունների, մասնագիտական ՀԿ-ների համագործակցությունը պետք է խրախուսվի, որպեսզի բարձրացվի երիտասարդի անձնական պատասխանատվությունն առողջ ապրելակերպի նկատմամբ: Պետք է անհրաժեշտ գիտելիքներ փոխանցվեն` յուրացնելու առողջ ապրելակերպի էությունը, ներառյալ` սոցիալական և առողջապահական վարքագծի ուսուցանումը:
Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և համապատասխան կուլտուրայի ձևավորման, առողջության վրա վնասակար ազդեցության գործոնների նվազեցման, հասարակական առողջության ամրապնդման, վերարտադրողական առողջության պահպանման և սեռավարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի տարածման նվազեցման համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի ապահովմանը միտված պետական ծրագրեր և միջոցառումներ` դրանցում հասարակական, ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավմամբ:
3.4. Հոգևոր-մշակութային ոլորտ
Հայաստանը ավանդական երկիր է` դարերի ընթացքում ձևավորված հոգևոր-մշակութային բազմազան ժառանգությամբ և արժեքային համակարգով: Հայաստանի հոգևոր-մշակութային ոլորտում իրականացվող փոփոխություններն ու բարեփոխումները այսօր հնարավորություն են տալիս նորովի ներկայացնելու, ամբողջացնելու և վերարժևորելու հայ բազմադարյան մշակույթը` իրեն բնորոշ առանձնահատկություններով և տարատեսակ դրսևորումներով:
Հայաստանի հոգևոր-մշակութային կյանքի առաջընթացն անմիջականորեն առնչվում է երիտասարդության ակտիվ գործունեության, մշակութային մասնակցության և հոգևոր պահանջմունքների բավարարման հետ: ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի նիստի թիվ 6 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007 թվականների ռազմավարությունը» երիտասարդությանն ուղղված քաղաքականության գերակայությունների թվում կարևորում է նաև հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակությունը: Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007 թվականների ռազմավարության համաձայն` «Պետությունը երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացումը դիտում է որպես ազգային զարգացման անհրաժեշտ մաս և հասարակական մեծ արժեք»:
Ըստ անցկացված ուսումնասիրության` թեկուզ քիչ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում հոգևոր-մշակութային կյանքը առաջընթաց է արձանագրում, որին նպաստում են մի շարք ոլորտներում բարեփոխումները և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը: Հոգևոր-մշակութային ոլորտում առկա խնդիրների և պրոբլեմների վերհանումը, գնահատումը և դրանց լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և իրականացումը պահանջում են ամբողջական և համապարփակ մոտեցում, որը պետք է իրականացվի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների ընդհանուր համատեքստում:
Հետխորհրդային Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 26) ամրագրված խղճի ազատության և կրոնական համոզմունքները ազատորեն արտահայտելու իրավունքը, որին նպաստում է դեռևս 1991 թվականին ընդունված և 1997 և 2001 թվականներին լրամշակված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:
Հայ ժողովրդի հոգևոր արժեքների հիմնական կրողը դարերի ընթացքում եղել է Հայ առաքելական եկեղեցին: Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանի բնակչության 96%-ից ավելին կազմում են հայերը, որոնց մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Այսօր բավականին մեծ է եկեղեցու դերը հասարակական, հոգևոր-մշակութային կյանքում, անվիճելի` մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության գործում, որի խոսուն վկայությունն է այն, որ ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական դպրոցներում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկում այսօր ներառված է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան:
Հայ առաքելական եկեղեցու և երիտասարդության ներկայիս հարաբերություններին անդրադառնալով` նշենք հատկապես այն, որ օրեցօր ավելի մեծ թվով երիտասարդներ են հաճախում եկեղեցիներ, մասնակցում ծիսապաշտամունքային արարողությունների, անդամակցում Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպություններին, միություններին, կրթություն ստանում Հայ առաքելական եկեղեցու կրթական հաստատություններում:
Հայ առաքելական եկեղեցու դեմ այսօր ծառացած հիմնական խնդիրներից մեկը ժամանակակից հայ երիտասարդության հոգևոր պահանջմունքների բավարարման պատշաճ մակարդակ ապահովելն է` հիմնված հայ դարավոր հոգևոր և մշակութային ժառանգության վրա: Չնայած իրականացվող ակտիվ քայլերին, այնուամենայնիվ, պետք է նշել, որ այսօր երիտասարդության մի մասն անտեղյակ է եկեղեցու գործունեությունից, ծանոթ չէ եկեղեցու դավանաբանական առանձնահատկություններին և, լինելով հոգևոր-մշակութային նույն արժեքների կրող, լիարժեքորեն չի գիտակցում իր դերն ու նշանակությունը ազգային արժեքների պահպանման գործում:
Խորհրդային Միության փլուզումից հետո արևմտյան արժեքային այլ համակարգերի հետ միասին Հայաստան ներթափանցեցին և ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել տարատեսակ ոչ ավանդական կրոնական կազմակերպություններ և ներփակ հոսանքներ (աղանդներ): Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այդ կրոնական կազմակերպությունների գործունեության հետևանքով բնակչության շրջանում առաջացել է արհեստական բաժանում, առաջացել են այնպիսի կրոնական համայնքներ, որոնք լիարժեքորեն չեն մասնակցում հասարակական գործընթացներին: Այդ կրոնական համայնքներում ընդգրկված երիտասարդների գիտակցության մեջ ձևավորվել են նոր արժեքներ, որոնք երբեմն հակասում են ավանդական ազգային, հոգևոր-մշակութային արժեհամակարգերին և ներառում են ավանդական հայկական պատկերացումներից:
Այսօր Հայաստանում հրատապ խնդիր է դարձել գործող կրոնական կազմակերպությունների միջև համագործակցության, փոխադարձ հանդուրժողականության և վստահության կայացումը, որը կնպաստի պետական անվտանգության ամրապնդմանը և հասարակական հարաբերությունների զարգացմանը: Կարևոր է հատկապես երիտասարդության դերի բարձրացմանը, գործող կրոնական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը և դրանցում ընդգրկված երիտասարդների փոխադարձ շփումներին և համագործակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը, որը կնպաստի ավանդական և նոր կրոնական պատկերացումների, արժեքային համակարգերի և մոտեցումների երկխոսության կայացմանը երիտասարդության շրջանում:
Մշակութային կյանքն այսօր Հայաստանում շարունակում է իր բնականոն զարգացումը, և այդ գործում մեծ է երիտասարդության մասնակցությունը: Հայաստանում գործում են մշակութային տարբեր կազմակերպություններ, խմբեր, որոնցում ընդգրկված է նաև երիտասարդությունը: Մշակութային մասնակցության առումով Հայաստանում երիտասարդության շրջանում առկա են բազմաթիվ խնդիրներ: ՈՒսումնասիրությունները փաստում են, ինչը երիտասարդության մի մասն ակտիվորեն չի մասնակցում մշակութային գործընթացներին, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով: Մշակութային կյանքին ներգրավվածության և մասնակցության առումով առաջնահերթ խնդիր է այն, որ երիտասարդությունը բաժանված է երկու խմբի, քաղաքային (հիմնականում երևանաբնակ) և մարզային, և ակնհայտ է, որ այս երկու խմբերի միջև առաջացել է անջրպետ: Մարզերում առկա մշակութային խնդիրներից հիմնականում պետք է առանձնացնել գյուղական բնակավայրերում մշակութային կենտրոնների կամ համապատասխան հաստատությունների բացակայությունը կամ ոչ բավարար գործունեությունը:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդությանը հատկապես մատչելի չեն մշակութային խոշոր օջախները` թանգարաններ, ցուցասրահներ, կինո, թատրոն, որի պատճառները բազմազան են` սկսած դրանց նկատմամբ անտարբերությունից, կրթության պակասից, վերջացրած սոցիալական ծանր պայմաններով:
Չնայած տարվող մշակութային ակտիվ քաղաքականությանը` նույնիսկ Երևանում մշակութային տարբեր միջոցառումների, մշակութային տարբեր օջախների այցելության մակարդակը, այնուամենայնիվ, հեռու է ցանկալի արդյունքից: Բավականին ցածր է նաև երիտասարդության ընդգրկվածությունը և մասնակցությունը տարբեր մշակութային խմբերին: Երիտասարդության անհրաժեշտ մասնակցության այս պասիվ դրսևորման հիմնական պատճառները բազմազան են` սկսած կրթության պակասից, դրանց նկատմամբ անտարբերությունից, վերջացրած սոցիալական ծանր պայմաններով:
Հայաստանի ժամանակակից երիտասարդության մշակութային ակտիվ մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է ավելի մեծ թվով երիտասարդների ընդգրկել մշակութային գործընթացներում, կազմակերպել և անցկացնել բազմաբովանդակ մշակութային միջոցառումներ ոչ միայն հանրապետության խոշոր բնակավայրերում, այլև հեռավոր գյուղական համայնքներում: Ժամանակակից երիտասարդության համար հատկապես կարևորվում է համամարդկային և ազգային մշակույթի նկատմամբ բարձրաճաշակ պատկերացումների ձևավորումը: Հայաստանում միշտ առաջնահերթ կարևորություն են ունեցել հոգևոր մշակույթն ու արժեքները: Այս իմաստով կարևոր է պետության դերը` երիտասարդ սերնդին ազգային արժեքների մատուցմամբ, հայրենասիրական ոգով և դրանց զուգահեռ` ժողովրդավարական, համամարդկային սկզբունքներով կրթելը: Պետության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը ապահովելու համար պետք է տարվի համակարգված աշխատանք` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Այս գործում ակտիվ մասնակցություն պետք է ունենան ուսումնական հաստատությունները, եկեղեցին, հեռուստատեսությունը, ռադիոն և այլն:
Անդրադառնալով ազգային փոքրամասնությունների երիտասարդության համար առկա խնդիրներին` նշենք, որ հոգևոր-մշակութային ոլորտում դրանք ավելի շատ համապետական նշանակություն ունեն, քան ներազգային, որի պատճառով այդ խնդիրները պետության կողմից պետք է ներառվեն համընդհանուր երիտասարդական մշակութային քաղաքականության մեջ և լուծվեն` հաշվի առնելով նաև ազգային փոքրամասնությունների կրոնական, ազգային և մշակութային առանձնահատկությունները:
Հայաստանի հասարակական կյանքում ձևավորված արժեքային կողմնորոշումները երիտասարդության համար դարձել են հոգևոր-մշակութային կյանքի հիմնական շարժիչ ուժը, որի վերլուծությունը և արժևորումը պետք է դրդեն պետական քաղաքականության հիմքում, և պետությունը երիտասարդության նկատմամբ հոգևոր-մշակութային քաղաքականություն իրականացնելիս պետք է հաշվի նստի ձևավորված նոր արժեքային կողմնորոշումների հետ: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նոր արժեքային համակարգերը երբեմն բացասական հետևանքներ են ունենում, մասնավորապես` օտարածին տարատեսակ արժեքներով տարվելը մի շարք դեպքերում հանգեցնում է ազգային հոգևոր-մշակութային արժեքների մերժմանը, արտագաղթ, որի հետևանքով հանրապետությունից հեռանում են կրթություն ստացած և զարգացած երիտասարդներ: Հարկ է նշել, որ խորհրդային ժամանակաշրջանին հատուկ գաղափարախոսությանը փոխարինած ազգային և ժողովրդավարական արժեքային համակարգը ցանկալի ազդեցություն չունի: Երիտասարդական մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը` ուղղված այս խնդիրների լուծմանը, տվել է որոշակի ցանկալի արդյունք, որը, սակայն, բավարար համարել չի կարելի, քանի որ հանրապետության երիտասարդության մեծ մասն, այնուամենայնիվ, ընդգրկված չէ այդ կազմակերպություններում և հաղորդակից չէ այդ գործընթացներին: Հանրապետությունում սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններն ու բարեփոխումները իրենց ազդեցությունն են թողնում ընտանիքում և դպրոցում դաստիարակվող ու կայացող երիտասարդների հոգևոր և հայրենասիրական արժեհամակարգի վրա: Հոգևոր բարձրակարգ արժեքները ստորադասվում են առօրեական, նյութական ոչ մնայուն և մակերեսային արժեքներին, որի հետևանքով երիտասարդության մի ստվար զանգված դառնում է արժեքային ոչ լիարժեք համակարգի կրող` իր համար կարևորելով հասարակության համար բացասական համարվող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են` նյութապաշտությունը, պետության և հայրենիքի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը և քաղաքացիական պարտականությունների ոչ լիարժեք կատարումը:
«Երբ ... իշխանություններն օժանդակում և նպաստում են երիտասարդների մասնակցությանը, ազատ ժամանցի կազմակերպմանը, նրանք նպաստում են երիտասարդների սոցիալական ինտեգրմանը` երիտասարդներին օգնելով հակազդելու ոչ միայն երիտասարդությանն առնչվող խնդիրներին, այլև ժամանակակից հասարակության մարտահրավերներին», - ասված է «Տեղական և տարածքային կյանքում երիտասարդների մասնակցության վերանայված եվրոպական հրովարտակում» (ընդունվել է Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից` 2003 թվականի մարտի 21-ին):
Երիտասարդների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպման համար մշակվող ցանկացած քաղաքականություն կամ գործողություն «պետք է երաշխավորի երիտասարդների նկատմամբ հարգալից վերաբերմունք ապահովող մշակութային միջավայր, նաև հաշվի առնի երիտասարդներին հատուկ տարբեր կարիքները, հանգամանքները և ձգտումները»:
Ո՞վ և ինչպե՞ս է կազմակերպում հայաստանցի երիտասարդի ազատ ժամանցը, համընկնու՞մ են արդյոք երիտասարդի` այն կազմակերպելու հնարավորություններն ու ցանկությունները, վերջապես, ինչպե՞ս է անցկացնում շարքային երիտասարդն իր զատ ժամանակը և արդյո՞ք արդյունավետ:
Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները, հայաստանցի երիտասարդի ազատ ժամանցի կազմակերպման հիմնական ձևերը հեռուստատեսությունն է, երաժշտությունը և ընթերցանությունը` տոկոսային արտահայտությամբ` համապատասխանաբար 30,5, 28,2 և 18,1: Կարելի է ենթադրել, որ երիտասարդների գերակշիռ մեծամասնությունն իր ազատ ժամանցն ուղղակի անցկացնում է տանը և օգտվում միայն ժամանցի կազմակերպման «անվճար» միջոցներից: Հատկանշական է, որ երիտասարդների 5,9%-ի համար ազատ ժամանցի կազմակերպման նախընտրելի ձև է ինտերնետային ակումբ հաճախելը: Հարցման անցկացման ընթացքում նշվել են նաև ազատ ժամանցի կազմակերպման նախընտրելի այլ ձևեր, օրինակ` բար, սրճարան - 5,8%, ռադիո - 3,8% և միայն հարցված երիտասարդների 2,5%-ն է նախընտրում այցելել, օրինակ, մարզասրահ:
«ՈՒ՞մ հետ եք նախընտրում անցկացնել Ձեր ազատ ժամանակը» հարցին 16-30 տարեկան երիտասարդները պատասխանել են հետևյալ կերպ. (%-ով)
.________________________________________________________.
|1.|Միայնակ | 4.1|
|__|________________________________________________|____|
|2.|Ընկերների հետ |59.1|
|__|________________________________________________|____|
|3.|Ընտանիքում |31.7|
|__|________________________________________________|____|
|4.|Հարևան-բարեկամների հետ | 5.1|
.________________________________________________________.
Երիտասարդական քաղաքականության թիրախն, իհարկե, այն երիտասարդն է, որը գտնվում է ընկերների, այսինքն` հասակակիցների շրջապատում (59,1% հուսադրող թիվ է), ինչը երիտասարդական աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար բավականին լավ միջավայր է: Անհրաժեշտ է ուղղակի հաշվի առնել երիտասարդների ցանկություններն ու պահանջները և դրանք համադրել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների հետ:
Երիտասարդի ազատ ժամանցի կազմակերպումը նաև ձև է` նրան հաղորդակից դարձնելու մեր ընդհանուր ազգային ժառանգությանը, որն ստեղծվել է միմյանց հաջորդող սերունդների ջանքերով: Երիտասարդներն իրենց գործունեությամբ, սեփական նախաձեռնություններով ու նորարարական ունակություններով իրենց մասնակցությունն են բերում ընթացող զարգացումներին, ուստի կարևոր է, որ «արդյունավետ ազատ ժամանցն» իր բոլոր դրսևորումներով մատչելի լինի նրանց, ինչպես նաև խթանի երիտասարդների ստեղծագործական գործունեության հնարավորությունները, այդ թվում` նոր ոլորտներում:
Հիշենք, մարդն ամենաթանկ կապիտալն է, երիտասարդությունը ռեսուրս է և նրա ազատ ժամանակը` բավականին շատ:
3.4. Քաղաքացիական և քաղաքական մասնակցություն
Հայ իրականության մեջ երիտասարդության քաղաքացիական և քաղաքական մասնակցության վերաբերյալ տիրապետում են խիստ իրարամերժ ու հակասական դիրքորոշումներ ու մոտեցումներ, որոնք պայմանականորեն կարելի է դասակարգել երեք խմբերում: Երիտասարդների մի խումբն ընդգրկված է հասարակական ու քաղաքական գործընթացներում և ակտիվ մասնակցություն ունի տարաբնույթ պետական, տնտեսական, մշակութային ու սոցիալական ծրագրերին: Այդ երիտասարդները ներգրավված են պետական ծառայության համակարգում, քաղաքական ու հասարակական կառույցներում, որոնց միջոցով կազմակերպում են իրենց գործունեությունը և մասնակցություն ունենում որոշումների կայացման գործընթացին` տեղական ու համապետական մակարդակներում: Նրանք լիովին բավարարված են հասարակության մեջ երիտասարդության ունեցած դերով և ավելորդ են համարում այս առումով ցանկացած արմատական նախաձեռնություն: Առավելապես նման դիրքորոշում են արտահայտում հասարակության ապաքաղաքական զանգվածը և երիտասարդության այն հատվածը, որն ունի կայուն ու բարձր վարձատրվող աշխատանք:
Վերջին շրջանում այս խմբից տարանջատվելու որոշ միտումներ արտահայտվում են «կոնֆորմիստ» երիտասարդների շրջանում: Նրանք առհասարակ դեմ են, որ երիտասարդությունը որևէ առանձնահատուկ դեր կամ արտոնյալ կարգավիճակ ունենա հասարակության մեջ:
Երիտասարդների մեկ այլ խումբ համոզմունք է հայտնում, որ երիտասարդությունը հանդես չի բերում իր ներուժին համարժեք քաղաքացիական ու քաղաքական մասնակցություն: Երիտասարդությունը ազդեցիկ գործոնից վերածվել է ինչ-որ խմբակային շահերի սպասարկող գործիքի, իսկ նրանց ճնշող մեծամասնությունը չի կարևորում տարբեր ոլորտներում իր մասնակցությունը: Ըստ այս խմբի` երիտասարդները հիմնականում դուրս են մղված տարբեր մակարդակներում որոշումների ընդունման գործընթացից և չունեն բավարար լծակներ քաղաքականություն մշակող ու իրականացնող սուբյեկտների վրա ազդելու: Պետք է նկատել, որ այս խմբի տեսակարար կշիռը բավական մեծ է մեր հասարակության մեջ: Այս խմբի ներկայացուցիչներ կարելի է համարել մարզաբնակ (գյուղաբնակ) երիտասարդներին, գործազուրկ երիտասարդներին, մասամբ նաև կուսակցական և տարբեր ՀԿ-ներում ներգրավված երիտասարդներին:
Այս դասակարգումը խիստ պայմանական է և բնավ չի հավակնում դառնալու երիտասարդության քաղաքացիական ու քաղաքական մասնակցության մակարդակների ու դրսևորման առանձնահատկությունների վերաբերյալ նոր համակարգային մոտեցում: Սակայն միաժամանակ այն հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմելու հանրային կյանքում երիտասարդության դերի ու նշանակության վերաբերյալ:
Քաղաքացիական մասնակցություն
(հասարակական կազմակերպություններ, ուսանողական ինքնակառավարման
մարմիններ)
Հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ)
Հայաստանի անկախացումից հետո ՀԿ-ները քաղաքացիական հասարակության առավել դինամիկ զարգացող ինստիտուտներից են:
ՀԿ-ները բացառիկ կարևոր դեր ունեն.
1) հանրությանը իրազեկելու և այլընտրանքային տեղեկատվություն մատուցելու գործում,
2) հասարակության խոցելի և կարիքավոր խմբերի շահերի պաշտպանության ոլորտում,
3) մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության բնագավառում,
4) կոռուպցիայի դեմ պայքարի գործում,
5) մարդկանց կրթելու և ժողովրդավարական արժեքներ տարածելու գործում:
Պետք է փաստել, որ բազմաթիվ երիտասարդներ առաջնորդի և կառավարչի հաստատուն որակներ ձեռք են բերում ՀԿ-ներում ծավալած իրենց գործունեության շնորհիվ: Շատերի համար ՀԿ-ները դիտվում են որպես սոցիալիզացիայի կարևոր ինստիտուտներ, որոնց միջոցով նրանք հաղորդակից են դառնում համաշխարհային զարգացման գործընթացներին, ժողովրդավարության արժեքա-նորմատիվային համակարգին, նորարարություններին: ՀԿ-ների դերը խիստ ծանրակշիռ է ոչ ֆորմալ կրթության ոլորտում, այլընտրանքային տեղեկատվության մատուցման բնագավառում և մարդկանց կարողությունների ու հմտությունների զարգացման գործում:
Սրանով հանդերձ դեռևս վաղ է խոսել մեր երկրում քաղաքացիական հասարակության առանցքային օղակ համարվող` ՀԿ համայնքի կայացվածության մասին (նաև երիտասարդական ՀԿ դաշտ մասին):
Այդուհանդերձ` ՀԿ համայնքը նպատակաուղղված ու արդյունավետ քաղաքացիական մասնակցության համար ապահովում է անհրաժեշտ տեղեկատվական, խորհրդատվական հիմքեր, բայց շատ դեպքերում չի հանդիսանում մասնակցային գործընթացի կազմակերպիչ ու կառավարիչ: Նման պայմաններում որոշակիորեն փոքրանում է ՀԿ-ների դերը` հանրությանը մոբիլիզացնելու և առաջնորդելու գործում: Իսկ այս հանգամանքը իր հերթին պետական ու մասնավոր հատվածներին թույլ է տալիս հաճախ շրջանցել քաղաքացիական հասարակության ինստիտուտներին:
Երիտասարդության քաղաքացիական մասնակցության գործում խիստ նշանակալի պետք է լինի ՀԿ-ների դերը, որը նախ և առաջ պայմանավորված է այդ ինստիտուտների հիմնական առաքելություններով, նպատակներով ու խնդիրներով: Անշուշտ, տվյալ տիրույթում խնդիրները բազմաթիվ են, որոնք պահանջում են կոնկրետ լուծումներ: Այս առումով հատկապես կարևորվում են`
1) Երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված ծրագրերին ՀԿ-ների ներգրավվածության ապահովումը:
2) Կամավորականության գաղափարի ինստիտուցիոնալիզացիան, որը նախ և առաջ ենթադրում է կամավորականության շարժման համակարգում և համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծում (կամավորական գործունեության մասին օրենք): Այս խնդիրն օբյեկտիվորեն առնչվում է երիտասարդության քաղաքացիական մասնակցության հետ և առավելապես գտնվում է ՀԿ-ների գործունեության տիրույթում:
3) ՀԿ-ների շրջանում խիստ ակտուալ հիմնախնդիրների շուրջ կոալիցիաների ձևավորում: Առանձնապես արդյունավետ կարող են գործել բազմաճյուղ և բազմաոլորտ կոալիցիաները, որտեղ բացի ՀԿ-ներից կարող են ներգրավվել քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ (ԶԼՄ-ներ, արհմիութենական կազմակերպություններ, ուսանողական միություններ և այլն):
4) Հկ-ները առավել հաճախ պետք է նախաձեռնեն իրենց շահառուների շահերի պաշտպանությանն ուղղված նպատակային քարոզարշավներ:
ՈՒսանողական ինքնակառավարման մարմիններ
ԽՍՀՄ-ի փլուզումից շուրջ 3-4 տարի հետո` 1993-1995 թվականների ընթացքում, երկրի համար բավականին ծանր ժամանակաշրջանում, ուսանողների նախաձեռնությամբ բուհերում ձևավորվեցին ուսանողական խորհուրդները (այսուհետ` ՈՒԽ)` ուսանողների (սովորողների) ինքնակառավարման, ներկայացուցչական մարմինները: Հարկ է նշել, որ այդ ժամանակ ուսանողական շարժումն ուներ բավական մեծ ներուժ, դեռևս թարմ էին նախորդ տարիների համաժողովրդական շարժման հիշողությունները, բարձր էր ուսանողների քաղաքացիական մասնակցությունն ու պատասխանատվությունը:
Ոչ պետական բուհերում ուսանողական կազմակերպությունները, համեմատած պետական բուհերի հետ, ձևավորվեցին ավելի ուշ, իսկ բազմաթիվ ոչ պետական բուհերում նման կառույցներ մինչ օրս գոյություն չունեն, կամ նրանց գործունեությունը կրում է ձևական բնույթ, հատկապես երբ խնդիրը վերաբերում է ուսանողների մասնակցությանը բուհերի կառավարմանը:
Ձևավորման փուլից հետո` 1990-ական թվականների կեսերին, ելնելով սոցիալ-տնտեսական իրավիճակից` առավել առաջնային էին ՈՒԽ-ների սոցիալական ծրագրերը: Կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվում էր անվճար սնունդ, գործում էր ուսանողական դեղատուն, տրամադրվում էր հումանիտար օգնություն և այլն:
1998 թ. պետական աջակցությամբ հիմնադրվեց Համահայկական երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), որը էական աջակցություն է ցուցաբերում ուսանողական ինքնակառավարման մարմիններին: ՀԵՀ-ը էական նշանակություն ունեցավ ՈՒԽ-ների հնարավորությունների ընդլայնման, նրանց նախաձեռնություններին աջակցելու տեսանկյունից` մինչ այդ նախադեպը չունեցող ֆինանսական աջակցությամբ: ՀԵՀ-ի աջակցությամբ նոր որակ ստացան այն միջոցառումները, որոնք պահանջում են զգալի ֆինանսական միջոցներ: Բուհերում ուսանողական ծրագրերի իրականացմանը որոշակի աջակցություն է ցուցաբերում նաև երիտասարդական ծրագրերի համար նախատեսված պետական բյուջեի միջոցներով:
ՈՒԽ-ների ձևավորման շրջանից հետո պետական բուհերում վերաբացվեցին նաև ուսանողական գիտական ընկերությունները, որոնք որոշ բուհերում գործում էին դեռևս խորհրդային ժամանակաշրջանում և դադարեցին գործելուց 1988-1991 թվականներին: Այս կազմակերպությունների հիմնական նպատակն էր` նպաստել ուսանողների կրթական, գիտական և հոգևոր զարգացմանը:
ՈՒԽ-ների ձևավորման շրջանում միայն ուսանողական կառույցի ղեկավարն էր բուհի գիտական խորհրդի անդամ, իսկ որոշ բուհերում նա ընդգրկված չէր ռեկտորատի կազմում: Հետագայում (1998-2000 թվականներ) ՈՒԽ-ների դերը` որպես բուհի կառավարմանը ուսանողների մասնակցությունն ապահովող մարմին, առավել կարևորվեց, երբ ստեղծվեցին հստակ մեխանիզմներ, որոնք ամրագրվեցին «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով (հոդված 15, 17): Այն հետևեց «Կրթության մասին» ՀՀ օրենքին (հոդված 28, կետ 10), որը հստակ` առնվազն 25% շեմ սահմանեց բուհի կառավարման մարմիններում ուսանողների մասնակցության համար:
Անցած տարիները ցույց են տալիս, որ բուհերում ուսանողական կազմակերպությունների ձևավորման գործընթացի շուրջը դեռևս չեն կայացել ավանդույթներ: Կարևոր հարց է նաև ՈՒԽ-ներում կայուն սերնդափոխության և ժողովրդավարական ընտրությունների իրականացման հարցը, շոշափելի է նաև ադմինիստրացիայի ազդեցությունը: Հատկանշական է նաև, որ հաճախ ուսանողական կառույցների լիդերները, ակտիվ անդամները չունեն արդի պայմաններին համապատասխան աշխատանքներ կատարելու գիտելիքներ, հմտություններ և փորձ, որը ազդում է նրանց կողմից կատարվող աշխատանքների որակի վրա:
Այս իրավիճակը վկայում է նաև մեկ խնդրի մասին. ուսանողների լայն զանգվածները չունեն բավարար չափով մոտիվացիա` մասնակցելու ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, ի դեմս ՈՒԽ-ների` չեն տեսնում իրենց շահերի պաշտպանի: Միաժամանակ պետք է ընդգծել ուսանողական կազմակերպությունների կարևոր և անհերքելի նշանակությունը երկրում երիտասարդության քաղաքացիական մասնակցության զարգացման հարցում: ՈՒսանողական տարիների ընթացքում, մասնագիտության հետ միասին, այս կազմակերպությունների շնորհիվ ուսանողները կարող են ստանալ հասարակական աշխատանքի, ինքնակառավարման, տարբեր նախաձեռնություններով հանդես գալու որոշակի փորձ:
Ամփոփելով նշենք, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բուհերի ուսանողական կազմակերպությունների զարգացման ուղղությամբ: Պետք է առաջին հերթին ուժեղացնել ՈՒԽ անդամների լիդերային հատկությունները, նրանց տալ համապատասխան աշխատանք կատարելու հմտություններ և գիտելիքներ, մասնավորապես` ուսանողներին մոտիվացնելու, ժողովրդավարության արժեքներ տարածելու, կազմակերպության աշխատանքները ճիշտ կազմակերպելու և այլ հարցերի շուրջ: ՈՒսանողական կառույցների ղեկավարների և ակտիվ անդամների համար պետք է կազմակերպվեն ուսանողական դասընթացներ:
Անհրաժեշտ է հստակեցնել և բարձրացնել ՈՒԽ-ների կարգավիճակը (միգուցե տարբերակներ մշակել նրանց իրավաբանական անձի կարգավիճակ տալու ուղղությամբ) և ստեղծել նրանց համար լրացուցիչ այլընտրանքային ֆինանսավորման հնարավորություններ:
ՈՒսանողական կազմակերպությունները պետք է իրականացնեն բուհի ներսում թիրախային հետազոտություններ և պարզեն իրենց ուսանողների ակնկալիքները կազմակերպություններից և փորձեն արձագանքել այդ խնդիրներին:
ՈՒսանողական կազմակերպությունների զարգացման համար կարևորագույն գործոն են նաև միջբուհական աշխատանքները, ինչպես նաև միջազգային ինտեգրացիան և համագործակցությունը: Այս դեպքում կմեծանա աշխատանքի դաշտը, կստեղծեն լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հնարավորություններ, կբարձրանա կազմակերպության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը, կավելանա անկախության աստիճանը և այլն:
Քաղաքական մասնակցություն
Կազմակերպված քաղաքական մասնակցությունն ապահովող հիմնական ինստիտուտը քաղաքական կուսակցություններն են: Դրանց հիմնական գործառույթների և նպատակների շարքում են հասարակության քաղաքական սոցիալիզացիան, քաղաքական առաջնորդների առաջադրումը, քաղաքական արժեքների ու ավանդույթների տարածումը, իրենց անդամների քաղաքական պահանջմունքների բավարարումն ու շահերի պաշտպանությունը, իրենց քաղաքական ծրագրերի կենսագործման համար օրինական ճանապարհով իշխանության գրավումը և այլն:
Անդրադառնալով տարբեր կուսակցություններում երիտասարդության ներգրավվածության խնդրին` նախ և առաջ պետք է տիրապետել դրանցում երիտասարդական կազմակերպված թևերի վերաբերյալ տեղեկատվությանը: Այս իմաստով հատկանշական է, որ ՀՀ-ում գործող 80-ից ավել կուսակցություններից ընդամենը 30-ն ունեն երիտասարդական թևեր կամ մշտապես գործող երիտասարդական կառույցներ:
Երիտասարդներն իրենց քաղաքական «առաջխաղացումը», քաղաքական պահանջմունքների բավարարումը տեսնում են հիմնականում կուսակցություններից դուրս: Զեկույցի շրջանակներում անցկացված հարցումների տվյալները վկայում են, որ երիտասարդության միայն 3.6%-ն է որևէ կուսակցության անդամ, իսկ 5%-ը վստահում է որևէ կուսակցության:
Իրերի նման կարգը էապես արժեզրկում է կուսակցությունների դերն ու նշանակությունը քաղաքական սերնդափոխության գործում և երիտասարդությանը մղում այլընտրանքային, երբեմն նույնիսկ հասարակության մեջ իրենց կարգավիճակին ու կոչմանը ոչ հարիր ճանապարհների ընտրությանը: Թերևս նաև սրանով կարելի է բացատրել, այսպես կոչված, ապաքաղաքական, «նոմենկլատուրային» երիտասարդության ընդգծված հավակնությունները, որոնք քաղաքականացված, առավել ևս կուսակցականացված երիտասարդությանը իրական հակակշիռ չեն դիտում քաղաքական սերնդափոխության գործում:
Անցկացված հարցումների արդյունքներով` վերջին երեք տարվա ընթացքում որևէ քաղաքական ընտրության մասնակցել է երիտասարդների 37.5%-ը:
Ակնհայտ է, որ երիտասարդությունը քաղաքական մասնակցության առումով ունի ընդգծված խնդիրներ: Դրանք մի կողմից սահմանափակվում են նրանց հնարավորությունները որոշումների կայացման գործընթացում որոշակի ազդեցություն ունենալու առումով, իսկ մյուս կողմից արգելակում են մեր երկրում բնականոն սերնդափոխության գործընթացը:
Միանշանակ է, որ երիտասարդության ակտիվ ու ազդեցիկ քաղաքական մասնակացությունն առավելապես պայմանավորված է մեր երկրում կուսակցությունների` որպես քաղաքական սոցիալիզացիայի կարևորագույն օղակների դերի բարձրացումով: Սրան կարող են նպաստել ինչպես ընտրական օրենսգրքում նախատեսված համամասնական (կուսակցական ցուցակներով) տեղերի ավելացումը, այնպես էլ գաղափարաքաղաքական հստակ ուղղվածություն ունեցող կուսակցությունների գործունեությունը, որի պարագայում առաջին պլան կմղվի կենսունակ գաղափարների ու քաղաքական ծրագրերի միջև պայքարը:
Պակաս կարևոր չէ նաև երիտասարդության ակտիվ մասնակցությունը ընտրական գործընթացներին: Պետք է նշել, որ Հայաստանում երիտասարդությունը, որպես կանոն, ակտիվ մասնակցություն չի ունենում թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրական գործընթացներին: Երիտասարդների շրջանում խիստ մեծ է աբսենտիստների (ընտրությունների չմասնակցողներ) տեսակարար կշիռը: Ընդ որում, պետք է նկատի ունենալ ոչ միայն քաղաքական ընտրությունների քվեարկության փուլին երիտասարդության մասնակցությունը, այլ նաև ընտրական գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը նրանց ակտիվ ներգրավումը (համաժողովների անդամների կարգավիճակով, տարբեր դիտորդական առաքելություններին մասնակցությամբ, «Exit poll»-երի ներգրավմամբ և այլն):
Խիստ կարևոր է նաև մտավոր ու կազմակերպչական բարձր ներուժով օժտված, քաղաքական առաջնորդի որակներ դրսևորող երիտասարդների ընդգրկումը կուսակցությունների համամասնական ցուցակների անցողիկ տեղերում: Անշուշտ, նման մոտեցումը առավելապես պայմանավորված է թե՛ գործող իշխանությունների և թե՛ ընդդիմության քաղաքական կամքով: Մի բան ակնհայտ է, որ նման հասարակական պահանջ մեր երկրում առկա է:
Երիտասարդական տեղեկատվություն
Հետաքրքրական է քննարկել, թե որոնք են այսօրվա երիտասարդի տեղեկատվության ստացման աղբյուրները, և որքանով են դրանք մատչելի:
Զեկույցի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդների տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրներն են ԶԼՄ-ները: Հարցվածների 89%-ը որպես տեղեկատվության աղբյուր նշել է հեռուստատեսությունը և 49%-ը` ռադիոն, իսկ 35.5-ը և 25.5%-ը համապատասխանաբար` գրքերը և մամուլը:
Պետք է ասել, որ երիտասարդների տեղեկատվության ստացման աղբյուրների նման բաշխումը բավական լուրջ անհանգստություն է առաջացնում, երբ դիտարկվում է հեռուստատեսության և ռադիոյի տեղեկատվական արժեքի և նրանց կողմից տարածվող արժեքային կողմնորոշումների և տեղեկատվության հավաստիության ցածր աստիճանի կոնտեքստում: Հատկապես անհանգստացնող հանգամանք է հեռուստատեսությամբ տարածվող բռնության և սեռական սանձարձակության անընդհատ քարոզչությունը, ինչպես նաև կրթական ծրագրերի գրեթե համատարած բացակայությունը:
2006 թվականից ՀՀ մարզերում մարզային երիտասարդական կենտրոնների հիմնումը, հրատարակվող «Մենք, դուք, նրանք» երկշաբաթաթերթը, հայերենով, ռուսերենով, անգլերենով գործող և պարբերաբար թարմացվող ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության վեբ-կայքերը (www.youthpolicy.am, www.armyouthcenter.am), «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությամբ երկու շաբաթը մեկ անգամ հեռարձակվող «Անկախության սերունդ» երիտասարդական հեռուստահաղորդաշարը (հեռարձակվում է նաև ՀՀ մարզերում` տեղական հեռուստաընկերությունների միջոցով), որոնցում լուսաբանվում են` իրականացվող երիտասարդական պետական քաղաքականությունը, երիտասարդության հետ առնչվող իրադարձությունները, վեր են հանվում երիտասարդության կարիքները, խնդիրներն ու սպասումները, հնարավորություն է տրվում երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ներկայացնելու իրենց գործունեությունը, հրապարակավ արտահայտելու կարծիքներ, ուղղված են երիտասարդության իրազեկման ու տեղեկատվության տրամադրման խնդիրներին:
Սակայն, վերոնշյալ քայլերի հետ մեկտեղ, ակնհայտորեն անհրաժեշտ է պետական և հասարակական սեկտորների համատեղ ուժերով մշակել և իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր երիտասարդությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրող երիտասարդական տեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ:
Մյուս կողմից, երբ դիտարկվում է տեղեկատվական աղբյուրների մատչելիության խնդիրը, ապա պարզ է դառնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները պետական առաջնահերթություն հայտարարված երկրում առաջին և ամենաբարձր տոկոս հավաքած «անմատչելի» տեղեկատվական աղբյուրն է ինտերնետը: Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների մատչելիության ցածր աստիճանի մասին է խոսում նաև համակարգչային տեխնիկայից չօգտվողների հարաբերականորեն մեծ տոկոսը (60.6%):
Երբ դիտարկում ենք երիտասարդների տեղեկատվական պահանջները, ապա պարզ է դառնում, որ երիտասարդությունն ունի հստակ կերպով գիտակցված կարիքներ, իրավական (32.6%), մշակութային (28.2%), առողջապահական (19.4%), կրթական (18.6%) և գիտական (13.1%) ոլորտներում, որոնց տրամադրումը կարող է դառնալ մշակված երիտասարդական տեղեկատվական համակարգի խնդիրը:
Ընդհանրացնելով վերը նշվածը` կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները.
1) Հայաստանի երիտասարդությունը կարիք ունի հստակ կերպով մշակված և պետական աջակցություն ունեցող երիտասարդական տեղեկատվական համակարգի.
2) Երկրում կաղում է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները երիտասարդների համար հասանելի դարձնելու ոլորտը.
3) Հաշվի առնելով ԶԼՄ-ների հսկայական դերը, որը երևում է հարցման բոլոր բլոկներում, ցանկալի է մշակել այս լրատվամիջոցները առավել արդյունավետ օգտագործելուն, դրանց կրթական արժեքն ավելացնելուն և վնասակար ազդեցությունը նվազեցնելուն ուղղված միջոցառումներ.
4) Հաշվի առնելով մարզերի և Երևանի անհամաչափ զարգացումը` հատուկ ուշադրություն պետք է դարձվի մարզաբնակ երիտասարդների տեղեկատվական ապահովման վրա:
3.5. Տարածաշրջանային և միջազգային, սփյուռքի հետ համագործակցություն
Տարածաշրջանային և միջազգային համագործակցություն
Օրեցօր փոփոխվող աշխարհում, որտեղ գլոբալիզացիայի և ինտեգրման գործընթացների ազդեցությունն առանձին անհատների վրա երբեմն ավելի մեծ է, քան ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական տեղաշարժերը, հասարակական կյանքին մասնակցելու տարբեր ասպեկտների մեջ առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում երիտասարդների մասնակցությունը միջազգային համագործակցության և ինտեգրման գործընթացներին:
Այսօրվա երիտասարդը ապրում է այնպիսի աշխարհում, որը բնութագրվում է միջազգային շարժունության շատ ավելի մեծ հնարավորություններով: Հատկանշական է, որ Ազգային զեկույցի ուսումնասիրության շրջանակներում հարցման մասնակիցների 76.8%-ը ցանկություն է հայտնել մեկնել արտասահման, սակայն եթե մեկ տասնամյակ առաջ անչափ քիչ էր հավանականությունը, թե մեկնման պատճառների շարքում կնշվեն հանգիստը և շրջագայությունները, ապա այսօր 39.1% տնտեսական դրդապատճառների ֆոնի վրա իր կայուն տեղն է գրավում 32.6% տուրիզմի և հանգստի համար մեկնելու շարժառիթը:
Եթե սոցիալ-տնտեսական պատճառներով մեկնողների մեկնման ալգորիթմերը բավականին հստակ են, ապա միջազգային համագործակցության ծրագրերին մասնակցությունը դեռևս մնում է խիստ սահմանափակ խմբի մենաշնորհ: Տարօրինակ չէ, որ երիտասարդների ընդամենը 5.8%-ն համարում է երիտասարդության մասնակցությունը միջազգային ծրագրերին ակտիվ և արդյունավետ: Եվ դա խիստ օրինաչափ է, քանի որ միջազգային համագործակցության ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ, որոնք խիստ ցածր են հարցման մասնակից երիտասարդների զգալի տոկոսի մոտ: Միջազգային համագործակցության զարգացման ցածր աստիճանի պատճառներից մեկը` տեղեկացվածության պակասն է: Այսօր հանրապետությունում բացակայում են երիտասարդական տեղեկատվական այնպիսի միջոցները, որոնք երիտասարդ մարդկանց կտրամադրեին համակարգված և բազմաբնույթ տեղեկատվություն, այդ թվում` միջազգային համագործակցության ծրագրերի և հնարավորությունների մասին: Միջազգային համագործակցության աստիճանի վերաբերյալ «դժվարացել են պատասխանել» հարցվածների ընդհանուր թվի 25.4%-ը, ինչը խոսում է հենց միջազգային համագործակցության վերաբերյալ տեղեկացվածության խիստ ցածր աստիճանի մասին: Այսինքն` երիտասարդները այնքան տեղեկացված չեն այս ոլորտի մասին, որ դժվարանում են նույնիսկ ընդհանրապես գնահատել այն, մինչդեռ երիտասարդների միջազգային համագործակցության ծրագրերի խրախուսման համար միայն եվրոպական մակարդակում ստեղծված են բազմաթիվ լուրջ հնարավորություններ:
Ամեն տարի բազմաթիվ հայ երիտասարդներ մասնակցում են Եվրախորհրդի և Եվրոպական միության միջազգային ծրագրերի շրջանակներում կազմակերպված մի շարք ծրագրերի: Վերջին երկու տարում, ըստ փորձագիտական գնահատականների, իրականացվել են շուրջ 25-30 միջազգային երիտասարդական ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են Եվրախորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի և Եվրոպական հանձնախմբի «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ» ծրագրի կողմից: Սակայն ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ այս հնարավորություններից օգտվող երիտասարդները և երիտասարդական կազմակերպությունները կազմում են Հայաստանի երիտասարդության մի չնչին մասը:
Միջազգային համագործակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության պակասը կապված է նաև երիտասարդների լեզվական և համակարգչային գրագիտության խնդրի հետ: Քանի որ միջազգային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի համակարգվում և հայկականացվում (թարգմանվում) երիտասարդական տեղեկատվական համակարգերի կողմից (որոնք դեռ չեն ձևավորված), ուստի այս խնդրի լուծումը մնում է երիտասարդի վրա: Հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների ընդամենը 21%-ն է տիրապետում որևէ եվրոպական լեզվի, իսկ համակարգչային տեխնիկայից չի օգտվում նրանց 60,6%-ը:
Զեկույցի շրջանակներում իրականացված ուսումնասիրության հետազոտված խնդիրներից էին նաև երիտասարդների մոտեցումները տարածաշրջանում մեր հարևան երկրների հետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ, ինչպես նաև այն, թե որ երկրների երիտասարդության հետ է առավելապես ցանկանում շփվել հայ երիտասարդը:
Որպես միջազգային ոլորտում երիտասարդական ակտիվ շփումների ցանկալի թիրախ` հարցված երիտասարդները առաջին տեղում նշում են Եվրոպայի (41,8%) և Ռուսաստանի (29,7%) հետ համագործակցությունը, երկրորդ տեղը բաշխվում է Եվրոպայի (37,3%), Ռուսաստանի (34,6%) և ԱՄՆ-ի (19,8%) միջև և երրորդ տեղում հիմնական բաշխմանը ավելանում են նաև Իրանը և Ադրբեջանը, այսպես` ԱՄՆ (50,9%), Ռուսաստան (21,4%), Ադրբեջան (8,4%), Իրան (11%) և Եվրոպա (6,8%):
Ընդհանրացնելով վերը նշված տեղեկատվությունը` կարելի է եզրակացնել.
1) Հայաստանի երիտասարդությունը մի կողմից լուրջ պահանջ ունի միջազգային շարժունության և համագործակցության, մյուս կողմից հնարավորություններն այդ դաշտում խիստ սահմանափակ են.
2) Միջազգային համագործակցության ցածր զարգացվածության հիմնական պատճառներն են` ընդհանուր վատ սոցիալ-տնտեսական վիճակը, տեղեկացվածության պակասը և տեղեկատվություն ստանալու հետ կապված երկու ունակությունների` լեզվական և համակարգչային գրագիտության պակասը.
3) Որպես միջազգային համագործակցության և շփման առաջնային թիրախներ` հայ երիտասարդները համարում են եվրոպական երկրները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, իսկ տարածաշրջանում` Իրանը և Ադրբեջանը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում ծագած ռազմական հակամարտությունները բացասաբար ազդեցին համագործակցության վրա. խզվեցին ավանդական կապերը, հարյուր-հազարավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը: Այս ամենը էապես ազդեց նոր` երիտասարդ սերնդի գիտակցության վրա:
Տարածաշրջանի երկրները հետզհետե սկսեցին ընդգրկվել միջազգային կառույցներում և վերջիններիս կողմից նախաձեռնված տարածաշրջանային ծրագրերում, և միայն այսօր կարելի է խոսել որոշակի համագործակցության մասին:
Եվրամիության «Նոր հարևաններ» համաձայնագրի «YOUTH» շրջանակներում մեր ոլորտի փորձագետների կողմից պատրաստվել է հնգամյա գործողությունների ծրագիր, որն ընդգրկվել է ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի միջոցառումներում:
Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրով նախատեսված, ինչպես նաև 2007 թ. հուլիսի 19-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված «ԵՀՔ շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրով նախատեսված 2007 թ. ընթացքում իրականացվելիք առաջնությունների և միջոցառումների մասին» որոշման հավելվածի 28.11 կետով նախատեսված է` «Ընդլայնել հարավկովկասյան երեք երկրների միջև երիտասարդների փոխանակումը և համագործակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով»:
Տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ տարբեր երիտասարդական կազմակերպությունների կողմից բազմիցս եղել են նախաձեռնություններ, որոնք, սակայն, ոչ միշտ են հաջողվել: Եվ դա հիմնականում ադրբեջանցիների պատճառով, որոնք շատ դժվարությամբ, եթե չասենք` երբեք, հայերի հետ համագործակցության չեն գնում տապալելով բոլոր տարածաշրջանային նախաձեռնությունները:
Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային երիտասարդական համագործակցության ուղղությամբ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից կատարված քայլերին` նշենք, որ ակտիվ աշխատանք է իրականացվում տարբեր երկրների երիտասարդական հարցերի բնագավառում համագործակցության երկկողմ պայմանագրերի կնքման ուղղությամբ, ինչպես նաև միջկառավարական համագործակցության ծրագրերում երիտասարդական հարցերի բնագավառում համագործակցությանն ուղղված դրույթների ներառմամբ, Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 2006 թ. ստեղծված ԱՊՀ մասնակից-երկրների երիտասարդության հարցերով խորհրդին, ակտիվ համագործակցություն է ծավալվում Եվրախորհրդի շրջանակներում (Եվրախորհրդի երիտասարդության հարցերով միջկառավարական համագործակցության կոմիտեի (CDEJ) նիստերին պարբերաբար մասնակցում է Հայաստանի ներկայացուցիչը, այս հարցում 2004 թվականի կարևոր ձեռքբերումներից է Եվրախորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի բյուրոյի կազմում Հայաստանի Հանրապետության ընդգրկումը, կարևոր ձեռքբերում էր նաև 2004 թվականին Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի Եվրոպայի Երիտասարդական ֆորումի (Youth Forum) լիիրավ անդամ ընդունվելը):
Սփյուռքի հետ համագործակցություն
Հայրենիքի և սփյուռքի միջև կապը միշտ սերտ է եղել: Սփյուռքում գործել և այժմ էլ գործում են բազմաթիվ ու բազմապիսի կառույցներ, այդ թվում նաև երիտասարդական: Սփյուռքը մեծ ազդեցություն ունի Հայաստանի` տարբեր մակարդակներում համաշխարհային ինտեգրման գործընթացներում, տարբեր երկրների հետ կառուցվող հարաբերություններում: Անկախացումից հետո Հայաստանում կատարված ներդրումների զգալի մասն իրականացրել են արտասահմանցի հայազգի քաղաքացիները: Հարցվածների հենց 45.2%-ը սփյուռքի դերը տեսնում է ներդրումներ կատարելու մեջ, 28.5%-ը` մարդասիրական օգնության, իսկ 12.6%-ը` լոբբինգի:
Հայաստանում պետական և ոչ պետական մակարդակներում գործում են տարբեր կառույցներ, այդ թվում և երիտասարդական, որոնք համակարգում կամ աջակցում են սփյուռքին` տարբեր բնագավառներում: Նախաձեռնվում և իրականացվում են հայրենիք - սփյուռք բազմաբնույթ մշակութային, մարզական, տնտեսական, երիտասարդական և այլ տիպի միջոցառումներ ու ծրագրեր:
Հատկապես վերջին տարիներին տարվում է հատուկ պետական քաղաքականություն Հայաստան-սփյուռք կապերն ավելի ամրապնդելու, սփյուռքում հայապահպանության խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու առումներով: Դա չի վրիպել հարցման մասնակիցների ուշադրությունից: «Ինչպե՞ս կգնահատեիք պետական քաղաքականությունը ՀՀ-սփյուռք կապերի ամրապնդման գործում» հարցին «արդյունավետ» է պատասխանել 24,9%-ը, իսկ հարցման մասնակիցների գրեթե կեսը` 47,8%-ը, այն գնահատել է ավելի շատ արդյունավետ, քան ոչ արդյունավետ:
Հայաստան-սփյուռք կապերն ու համագործակցությունը կարևորվում են հատկապես երիտասարդ սերնդի մակարդակում: Այս ոլորտում արդեն ավանդույթ է դարձել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպվում է Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից` տարին 1-2 անգամ: Ամեն տարի Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվում է նաև Համահայկական երիտասարդական ֆորում, որի մասնակիցները ևս տարբեր համայնքների հայ կազմակերպված երիտասարդության ներկայացուցիչներ են:
Երիտասարդության ոլորտում կան հայրենիք-սփյուռք համագործակցության բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Երիտասարդությունն այդ համագործակցությունը բավականին արդյունավետ է համարում: Այսպես, հարցման մասնակիցների միայն 9,5%-ն է կարծում, թե «համագործակցություն չկա», մինչդեռ 48%-ը հայրենիք-սփյուռք համագործակցություն գնահատում է առավել ակտիվ ու արդյունավետ:
Կարելի է նշել նաև Հայաստանում ու սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների կարևոր դերը համագործակցության հարցում և վերջինիս շարունակական զարգացման անհրաժեշտությունը:
ԲԱԺԻՆ II
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 1.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը երիտասարդության հիմնահարցերի լուծումը համարում է իր քաղաքականության գերակայություններից մեկը: Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները բխում են երիտասարդների իրական կարիքներից, հիմնախնդիրներից և շահերից: Երիտասարդներին պետք է ընձեռել լիիրավ և աշխույժ դերակատարություն և կենսական խնդիրների վերաբերյալ ազատորեն կարծիքներ արտահայտելու հնարավորություն: Կառավարման մարմիններում նրանց ձայնը պետք է լսելի լինի ուղղակիորեն կամ ներկայացուցչական մարմնի միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջիկա տարիներին կիրականացնի երիտասարդական պետական քաղաքականությունը`
1) ամրապնդելով սոցիալական գործընկերությունը քաղաքական, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների հետ,
2) խորացնելով միջգերատեսչական համագործակցությունը երիտասարդության հարցերի գծով,
3) զարգացնելով եվրոպական և միջազգային համագործակցությունը երիտասարդական քաղաքականության և դրան առնչվող բնագավառներում,
4) կատարելագործելով բնագավառի օրենսդրական դաշտը,
5) երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը պահելով դինամիկ վիճակում և արձագանքելով փոփոխվող միջավայրին:
Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը և երիտասարդության հարցերի բնագավառում կառավարության գործողությունները պետք է հիմնվեն հետևյալ սկզբունքների վրա`
1) պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում պետության, հասարակության, քաղաքացիների ու երիտասարդների օրինական շահերի, իրավունքների և պարտականությունների համադրումը,
2) պետական երիտասարդական քաղաքականության շահառու հանդիսացող սուբյեկտների իրավահավասարությունը,
3) հրապարակայնությունը,
4) պետական աջակցության կազմակերպման մատչելիությունը,
5) պետական երիտասարդական քաղաքականության իրականացման նկատմամբ ծրագրային մոտեցումը,
6) պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներին` երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների մասնակցության հավասար հնարավորությունների ապահովումը:
ԳԼՈՒԽ 2.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռազմավարության հիմնական ուղղություններն են`
1) երիտասարդական պետական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացում և երիտասարդության հարցերի բնագավառի իրավական դաշտի ապահովում` բնագավառի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտեր ստեղծման միջոցով,
2) երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում և նրանց գործունեության պետական աջակցություն,
3) երիտասարդության մշակութային կյանքին մասնակցության ապահովում, կրթական և գիտական գործունեության աջակցում, ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպում,
4) սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրում և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում, պետական ծրագրերի մշակում և ներդրում,
5) երիտասարդության շրջանում` հայրենասիրական դաստիարակության, քաղաքացիական գիտակցության, հասարակական, քաղաքական մասնակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
6) մարզերում երիտասարդական պետական քաղաքականության զարգացում (մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության ապահովում և պետական ֆինանսական աջակցության ներքո համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում, գյուղական և սահմանամերձ շրջանների երիտասարդության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում),
7) երիտասարդների լիակատար ինքնադրսևորման համար պայմանների ստեղծում, շնորհալի և տաղանդավոր երիտասարդներին պետական աջակցություն,
8) երիտասարդությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում,
9) միջազգային և համահայկական երիտասարդական համագործակցության զարգացում:
Վերջիններիս կենսագործման համար պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով ակնկալվում է բնագավառի զարգացման ապահովումը:
ԳԼՈՒԽ 3.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռազմավարության իրագործման համար անհրաժեշտ են համակարգված գործողություններ: Այդ գործողությունները պետք է ներառվեն ՀՀ կառավարության ամենամյա ծրագրերում` լուծելու երիտասարդության խնդիրները` կրթության, առողջության, հոգևոր-մշակութային և ֆիզիկական զարգացման, իրավական և սոցիալական պաշտպանվածության, զբաղվածության ոլորտներում:
Գործողությունները կխթանեն երիտասարդների մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացին (համայնքային, մարզային, հանրապետական մակարդակներում), կզարգացնեն երիտասարդների մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները, կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում աղքատության հաղթահարմանը և երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը, կհանգեցնեն հոգեպես և ֆիզիկապես առողջ, կրթված և հայրենասեր երիտասարդության առկայությանը:
Ռազմավարությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական մյուս ծրագրերին («Ազգային անվտանգության ռազմավարություն», «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր», «Թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագիր» և այլն): Միևնույն ժամանակ այն սահմանում է 2008-2012 թվականների Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների գերակայությունները երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում, այն է`
1) երիտասարդների` իրենց ձգտումներին, ընդունակություններին ու կարողություններին համապատասխան որակյալ կրթություն ստանալու հնարավորության ապահովում,
2) զբաղվածության և աշխատատեղերի ստեղծում,
3) երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում,
4) երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակություն:
ԳԼՈՒԽ 4.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գերակայություն 1. Երիտասարդների` իրենց ձգտումներին, ընդունակություններին ու կարողություններին համապատասխան որակյալ կրթություն ստանալու հնարավորության ապահովում
Կրթությունը, որպես երիտասարդության ներուժի ձևավորման ու հասարակական կյանքի առաջընթացի կարևոր գործոն, հավասար մատչելի պետք է լինի սոցիալական բոլոր խավերի համար, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ իր ձգտումներին և ընդունակություններին համապատասխան հնարավորություն ունենա ստանալու որակյալ կրթություն: Այս ոլորտում պետական քաղաքականությունը կիրականացվի կրթության համակարգի բարեփոխումների համատեքստում, որի հիմնական նպատակն է կրթական բոլոր մակարդակներում որակի և մատչելիության ապահովումը:
Կրթության մատչելիության խնդիրը հատկապես արդիական է ավագ դպրոցի և մասնագիտական կրթության մակարդակներում: Ընդհանուր հիմնական կրթությունից հետո ավագ դպրոցում նկատվում է ընդգրկվածության կտրուկ անկում, իսկ մասնագիտական կրթական հաստատությունների ընդունելության ներկայիս գործող մրցութային կարգը չի ապահովում հավասար հնարավորություններ բոլոր երիտասարդների համար:
Պետական քաղաքականությունը պետք է նպաստի, որ բոլոր երիտասարդները պարտադիր կրթությունից հետո հնարավորություն ունեն շարունակել կրթությունը` ստանալով առնվազն նախնական մասնագիտական կրթություն, կամ ձգտեն ստանալ միջին և բարձրագույն կրթություն, իսկ կրթության համակարգը` ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված երիտասարդների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից: Ներկայումս ձևավորվող ավագ դպրոցների համակարգն իր ինստիտուցիոնալ և ծրագրային հիմքով առավել գրավիչ կլինի երիտասարդների համար թե՛ մասնագիտության ձեռքբերման, թե՛ հետագա կրթությանը նախապատրաստվելու առումով: Մասնագիտական կրթության բարեփոխումները, որոնք ընթանում են Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան, կապահովեն բարձր մտավոր և ստեղծագործական ունակություններով օժտված, տեղական և միջազգային մակարդակում մրցունակ կադրեր:
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում առանձնակի կարևորություն է տրվում սոցիալական ուղղվածությանը, որի նպատակն է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն խոցելի խմբերի մուտքը և մասնակցությունը մասնագիտական կրթական ծրագրերում:
Ակնկալվող արդյունքներ
1) Ներդրված կլինի եռամյա ավագ դպրոցի ծրագիրը և ստեղծված կլինի առանձին գործող ավագ դպրոցների ցանց, որը կապահովի տվյալ տարիքի երիտասարդության ընդգրկվածության մեծացումը կրթական համակարգում:
2) Կընդլայնվեն նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորությունները` դրանցում դասավանդվող մասնագիտությունները համապատասխանեցնելով տարածքային զարգացման առաջնայնություններին և աշխատաշուկայի պահանջներին:
3) Բարձրագույն կրթական համակարգում խորքային փոփոխությունները կհանգեցնեն ծրագրային վերափոխումների և կխթանեն ուսանողների ու դասախոսների անարգել ակադեմիական շարժունությանը:
4) Կբարձրանա բուհերում երիտասարդության մասնակցային դերը:
5) Ներդրված ուսանողական նպաստների և կրթաթոշակների, ուսման վարկավորման ճկուն համակարգը կապահովի բնակչության բոլոր խավերի ընդունակ երիտասարդների համար մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունը:
6) Բոլոնիայի գործընթացների շրջանակներում մշակված և ներդրված կլինի Սոցիալական ուղղվածության ազգային ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը:
7) Շնորհալի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսանելու արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում և կրթական կենտրոններում:
Գերակայություն 2. Զբաղվածություն և աշխատատեղերի ստեղծում
Ներկայումս Հայաստանի երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրը էապես կարևորվում է պետական և ոչ պետական ինստիտուտների կողմից և դիտվում որպես գերակա խնդիր:
Հայաստանի Հանրապետության երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը բավականին բարձր է: Կրթական համակարգը երիտասարդներին չի նախապատրաստում աշխատաշուկայի անընդհատ փոփոխվող պահանջներին («հմտությունների պակաս»): Պետությունը պետք է շտկի այս բացը` ապահովելով մասնագիտական ուսուցում, որն իսկապես կզարգացնի անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ: Պետք է նպաստավոր միջավայր ստեղծել գործարարության և զբաղվածության համար` երիտասարդներին մղելով ձեռնարկատիրական նախաձեռնությունների: Պետք է խորացնել արդյունավետ համագործակցությունը կրթական և ուսուցում կազմակերպող հաստատությունների, զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնների, «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և այլոց միջև, որոնք իրավասու են որոշումներ կայացնել հանրապետական և տեղական մակարդակներով: Երիտասարդներին հնարավորությունների ընձեռումը պետք է լինի մեր գործողությունների սկզբունքը` զբաղվածության ոլորտում:
Ակնկալվող արդյունքներ
1) Կբարձրացվի պետության կողմից տրամադրվող զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:
2) Երիտասարդներին մատչելի կլինեն փոքր և միջին ձեռներեցությանը վերաբերող տեղեկատվությունը, ուսուցումը և վարկային միջոցները:
3) Գյուղի երիտասարդությունը ձեռք բերած կլինի գյուղատնտեսական ոլորտի արդյունավետությունը բարձրացնող նորարարական գաղափարների կիրառման հմտություններ և կարողություններ:
4) Կշարունակվեն իրականացվել գործազրկությունից սոցիալական ապահովագրության և զբաղվածության աջակցության պետական ծրագրերը:
5) Մարզային և համայնքային երիտասարդական կենտրոններում կկազմակերպվեն և կգործեն երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, խորհրդատվական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն զբաղվածության ծառայությունների փորձագետներ, բուհական համակարգի, մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներ:
Գերակայություն 3. Երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում
Սույն գերակայությամբ պետությունը շարունակելու է իրականացնել երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին երաշխավորված առողջապահական, սոցիալական, գործազրկությունից սոցիալական ապահովագրության և զբաղվածության աջակցության պետական ծրագրերը:
Երիտասարդների և երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար հարկավոր է պետական համալիր «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի մշակում և իրականացում: Ծրագիրը իր մեջ պետք է ներառի ծրագրի շահառուների սահմանումը, պետական բնակարանաշինության խնդիրները, երիտասարդներին երկարաժամկետ և ցածր տոկոսներով հիպոտեկային վարկավորման հնարավոր մեխանիզմների սահմանումը` մասնավորապես, հիպոտեկային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը բնակարանաշինության մեջ ոչ պետական ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ծրագիրը պետք է նախատեսված լինի 2009-2012 թթ. համար և հաստատվի ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի մշակման համար պետք է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Ակնկալվող արդյունքներ
1) Երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին կշարունակվի տրամադրվել սահմանված առողջապահական անվճար ծառայություններ (ծննդօգնություն, անվճար առաջնային ամբուլատոր-պոլիկլինիկական` բուժօգնություն), երաշխավորված սոցիալական վճարներ (երկրորդ, երրորդ և ավելի երեխաների դեպքում տրամադրվող միանվագ վճարներ, անապահովության ընտանեկան նպաստներ):
2) Երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին մատչելի կլինեն բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունները` պետական նպատակային բնակարանաշինական ծրագրերի և մատչելի հիպոտեկային վարկավորման մեխանիզմների ներդրման միջոցով:
3) Պետության կողմից կստեղծվեն բարենպաստ պայմաններ` երիտասարդների համար բնակարանային շինարարության ծրագրեր իրականացնող մասնավոր ներդրումների ներգրավման համար:
----------------------------------------------------
որոշման մեջ կա երկու 3.4. համարով ենթավերնագիր
Գերակայություն 4. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակություն
Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակում ի հայտ եկան հասարակության ֆիզիկական և հոգևոր առողջությանն առնչվող մի շարք նոր ռիսկեր, որոնք բացասական ներգործություն են ունենում նաև երիտասարդների վրա:
Երիտասարդների ավելի մեծ մասն է վաղ տարիքում սկսում ծխել, օգտագործել ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ և առողջության համար վնասակար այլ նյութեր: Դպրոցում տրվող թերի գիտելիքները հանգեցնում են երիտասարդների ֆիզիկական և հոգևոր արատներին, առողջության համար վնասակար սովորույթների տարածմանը, սեռական կյանքին անպատրաստվածությանը, չպաշտպանված սեռական հարաբերություններին, սեռավարակների (մասնավորապես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի) տարածմանը, ինչպես նաև անցանկալի հղիություններին: Աղքատությունը երիտասարդների` վերոնշյալ ռիսկերին ենթարկվելու ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում: ՈՒստի հարկ է բարձրացնել առողջ ապրելակերպի վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության մակարդակը, նրանց ապահովել բավարար տեղեկատվությամբ և տրամադրել համապատասխան ծառայություններ:
«Երիտասարդության շրջանում ազգային հոգևոր-մշակութային ժառանգության, ավանդական բարոյական արժեքների քարոզչությունը կնպաստի ի հայտ եկած ռիսկերի հաղթահարմանը, կստեղծի պայմաններ հոգևոր և ֆիզիկական զարգացման համար:
Պետությունը երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացումն ու քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությունը դիտում է որպես ազգային զարգացման կարևոր նախապայման: Երիտասարդության ստեղծագործական գործունեության համար առավել մատչելի պայմանների ստեղծումը հասարակության ստեղծագործական և ինտելեկտուալ ներուժի պահպանման ու զարգացման հիմնական գործոնն է: Այս նպատակով անհրաժեշտ է ստեղծել տաղանդավոր և շնորհալի երիտասարդների գործունեությանն աջակցելու և խրախուսելու գործուն համակարգ: Պետությունը կարևորում է հանրապետական, մարզային, տեղային ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում երիտասարդության (այդ թվում` ազգային փոքրամասնությունների) հոգևոր և ֆիզիկական զարգացմանն ուղղված խնդիրների ներառումը: Այս ուղղությամբ պետությունը երիտասարդությանը կրթելու և դաստիարակելու, ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով պետք է աջակցություն ցուցաբերի հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին, անհատ ստեղծագործողներին և արվեստագետներին:
Ակնկալվող արդյունքները
1) Երիտասարդները իրազեկված կլինեն առողջ ապրելակերպի և առողջապահական համակարգի շրջանակներում պետության կողմից տրամադրվող ծառայությունների մասին:
2) Երիտասարդական կենտրոնների բազայի հիման վրա երիտասարդների համար ստեղծված կլինի մարմնակրթական, առողջապահական խորհրդատվություններ մատուցող ծառայությունների ցանց:
3) Հանրապետությունում մշակված և ներդրված կլինի երիտասարդության առողջական վիճակի պարբերաբար հետազոտման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի քարոզման, սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվության տարածման համալիր ծրագիր:
4) Երիտասարդության շրջանում ապահովված կլինի հոգևոր-մշակութային, ազգային հայրենասիրական և քաղաքացիական դաստիարակության մակարդակի բարձրացումը, կամրապնդվի բանակ-հասարակության կապը, կլուծվեն երիտասարդների (հատկապես մարզային և գյուղական) ազատ ժամանցի և բովանդակային հանգստի կազմակերպման խնդիրները:
5) Կամրապնդվեն կապերն ու համագործակցությունը Հայաստանի և Սփյուռքի երիտասարդության միջև, ինչը կնպաստի մշակութային, ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, հանրապետության տնտեսության մեջ, մշակույթի գիտության, կրթության և այլ բնագավառներում Սփյուռքի ներուժի առավել նպատակային և արդյունավետ ներգրավմանը:
6) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ապահովված կլինի երիտասարդների մասնակցությունը իրենց կյանքի վրա ազդող որոշումների կայացմանը:
7) Երիտասարդներին մատչելի կլինեն ինքնադրսևորման, ազատ ժամանցի կազմակերպման, տեղեկատվության, ոչ ֆորմալ կրթության մեթոդներով հմտությունների և կարողությունների ձեռքբերման, միջազգային համագործակցության ավելի մեծ հնարավորություններ:
8) Ընդունված կլինի «Երիտասարդական պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով կսահմանվի երիտասարդների մասնակցության իրավունքը երիտասարդական պետական քաղաքականության մշակմանը, իրականացմանը և գնահատմանը:
9) Երիտասարդությանն առնչվող խնդիրները և մասնակցության մեխանիզմները ընդգրկված կլինեն պետական ծրագրերում (կրթական, սոցիալական, առողջապահական և այլն):
ԳԼՈՒԽ 5.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ, ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ապահովի Ռազմավարության ամենօրյա իրագործումը` ունենալով գործողությունների ծրագիր, որը կներառի 2009-2012 թվականները (2008 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատված է «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով): Տարբեր նախարարություններ ու պետական կառավարման այլ մարմիններ, մասնավորապես` սպորտի և երիտասարդության հարցերի, ֆինանսների, էկոնոմիկայի, կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սփյուռքի հարցերի, արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև տարածքային կառավարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն` երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության իրականացմանը` տրամադրելով տեղեկատվություն, ինչպես նաև համակարգելով ու համապատասխանեցնելով իրենց քայլերը:
Համակարգումը և մոնիթորինգը պետք է ապահովվեն նախարարների տեղակալների մակարդակով` միջգերատեսչական կանոնավոր հանդիպումների և աշխատանքային հանդիպումների միջոցով: Պարբերական խորհրդակցություններ կանցկացվեն ռազմավարության իրականացման միջոցառումների մասին, որոնց ընթացքում կմշակվեն երիտասարդների և քաղաքացիական հասարակության աշխատանքները համատեղելու ծրագրերը:
Հնարավորության սահմաններում պետք է ռազմավարությունից բխող գործողությունները իրականացվեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վերահսկի երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության իրագործումը` Հայաստանի Հանրապետության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի և ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում:
Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մասն են կազմում:
ՀՀ պետական բյուջեից երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի համար 2008 թվականի ֆինանսավորման չափը հաստատվել է ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով և կազմում է 342 845.6 հազար դրամ:
Պետական երիտասարդական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության միջնաժամկետ գնահատումը կկատարվի հասարակական երիտասարդական կազմակերպությունների կողմից իրականացված` երիտասարդական քաղաքականության մոնիտորինգի արդյունքների հիման վրա, որը կիրականացվի յուրաքանչյուր տարվա վերջում: