ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
14 ապրիլի 2008 թվականի N 1
i
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, քննարկելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 04.04.2008 թ. N 3451/2-1 գրությունը և հաշվի առնելով «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարից ազատված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները:
Վերոգրյալ դրույթը նշանակում է, որ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (ներառյալ` ավտոմեքենաների) դիմաց բնապահպանական վճարները պետք է գանձվեն միայն «Ներմուծում ազատ շրջանառության համար», «Ոչնչացում», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» և «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով ներմուծվող ապրանքների համար: